Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17144

Բանակի 25-Ամեակի Եւ Մայրենիի Տօնի Վերաբերեալ Նամակ Համայքներին

$
0
0

Hranoush_11817

Յարգելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի տօնացոյցում յունուարի 28-ը նշւում է որպէս Հայոց բանակի տօն: Այս տարին յոբելեանական է եւ մենք ազգովի նշելու ենք բանակի կազմաւորման 25-ամեակը: Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել հզօր, կուռ եւ մարտունակ բանակ, որն, անկասկած, համայն հայութեան հպարտութիւնն է, մեր յաղթանակների ու վերածննդի մարմնաւորումը, մեր անվտանգութեան եւ անկախութեան երաշխաւորը, մեր յաջողութիւնների անառարկելի գրաւականը:  Հայ զինուորն ու սպան, իրենց անմնացորդ նուիրումով, անձնուրաց գործողութիւններով ու սխրագործութիւններով, բարձր պատրաստուածութեամբ ու պատասխանատուութեամբ, անցած հերոսական ճանապարհով դարձել են մեր խաղաղ ու ապահով կեանքի առհաւատչեան, մեր ուժն ու յենարանը:

Այս հրաշալի յոբելեանի առիթով, Հայաստանում եւ Արցախում անցկացուելու են բազմաթիւ միջոցառումներ: Վստահ եմ, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, նոյնպէս, անմասն չեն մնայ այս իրադարձութիւնը մեծ շուքով նշելու պատրաստակամութիւնից:

Դիմելով ձեզ` խնդրում եւ յորդորում եմ կազմակերպել հայոց բանակին ու հայ զինուորին նուիրուած համայնքային միջոցառումներ եւ հաւաքներ`  ներգրաւելով յատկապէս երիտասարդական կազմակերպութիւններին եւ միութիւններին: Համոզուած եմ, որ նման քայլը մեծապէս կը գօտեպնդի եւ է՛լ աւելի կ՛ոգեշնչի հայոց սահմաններն անառիկ պահող մեր զինուորներին եւ սպաներին, կը նպաստի հայ ինքնութեան ամրապնդմանը սփիւռքում:

Տեղեկացնում եմ նաեւ, որ ինչպէս նախորդ տարիներին, այս տարի, նոյնպէս, փետրուարի 21-ին թէ՛ Հայաստանում եւ թէ՛ Սփիւռքում նշուելու է Մայրենիի օրը, որը եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի ե՛ւ հայոց պետութեան կողմից սահմանուած տօն է: Չեմ կասկածում, որ համայնքի կրթօճախներում այդ առիթով կը կազմակերպուեն «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրութիւնների մրցոյթ, իսկ ձեր կողմից ներկայացուած լաւագոյն աշխատանքները կը խրախուսուեն Հայաստանի սփիւռքի նախարարութեան կողմից (ելեկտրոնային հասցէ` allarmenian@mindiaspora.am): Հայոց լեզուին նուիրուած ձեռնարկները, միջոցառումները, ուսուցիչների մեծարման երեկոները կարող են մեծապէս օգնել հայապահպանութեան անչափ կարեւոր գործին:

Յարգանքով`

ՀՐԱՆՈՒՇ  ՅԱԿՈԲԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 17144

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>