ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Դաշնակցութեան զինանշանով բաճկոն հագած մարդու նկարին շատերը հանդիպած կը լինեն ընկերային ցանցերում: Ղարաբաղի Այգեստան համայնք մտնողներն էլ հաւանաբար նկատած կը լինեն գիւղի գլխին ծածանուող Դաշնակցութեան կարմիր դրօշը: Սական քչերը գիտեն զինանշանով բաճկոն կրող եւ դրօշի «տէր»` այգեստանցի Էդուարդ Աւագիմեանի, նոյն` «Փարթիզան» մականունը վաստակած մարդու պատմութիւնը:

Այգեստանի, Ուքրանիայի եւ Թունտրայի խաչմերուկում…
1951 թ. ծնուած Էդուարդ Միրզոյեանը Խըրխըզստանում ծառայութիւնն աւարտելուն պէս վերադառնում է հայրենի գիւղ` Այգեստան: Սակայն, կարճ ժամանակ անց ստիպուած է լինում արտագնայ աշխատանքի մեկնել Միջին Ասիայ, այնտեղից էլ` Ուքրանիա: Պատրաստւում էր ուղեւորուել Թունտրա, երբ թերթերից մէկում կարդաց ղարաբաղեան պատերազմի սկսուելու լուրը: Մտածելու կարիք չկար: Մի քանի օր անց Ղարաբաղում էր:
«Դա իմ պատերազմն էր: Թունտրան` հե՛չ: Մեր երկիրն էլ միւս երկրների նման ազատ պիտի լինի: Այս հողի վրայ միշտ մայրենի լեզուով պէտք է խօսեն», շեշտում է Էդուարդ Աւագիմեանը:
Պատերազմն ու «Փարթիզան»-ը
1988-ից Ղարաբաղում էր, 1990-ականերից` Դաշնակցութիւն կուսակցութեան շարքերում: Զբաղուել է հետախուզութեամբ եւ զէնք մատակարարելով: Ասում է` չեմ կռուել, սակայն ինչ յանձնարարում էին, անում էի: Կուսակցութեան զէնքերի պատասխանատուութիւնը նոյնպէս իր «ուսերին էր»:
«Զէնքերի պահեստն իմ տան նկուղն էր: Երկու ամիս շարունակ հսկել եմ: Յիշում եմ` մարտ ամիսն էր, ձիւնը չէր հասցրել հալել, սակայն յոգնածութիւնը կախուել էր կոպերիս: Գիշերները շորերս հանում ու սառը ինքնաձիգը դնում էի ոտքերիս, որ աչքս չկպնէր, պատմում է Էդուարդ Աւագիմեանը եւ ձեռքերը տաքացնում շնչով: Իրականում, սակայն, փոքրիկ սենեակի ջերմութիւնն անտանելի էր անգամ բաց դրան պարագայում: Ազրպէյճանցիներն անգամ չունին այդ զէնքերից: Ամէն տեսակի զէնք կար. 98 հոգու կարելի էր զինել: Ո՞նց կարող էի քնել»:
Զէնքերից զատ` հսկում էր նաեւ տան շեմից ծայր առնող անտառը: Ապրիլեան պատերազմի ժամանակ նոյնպէս իր ներդրումն է ունեցել: Մինչ օրս անտառներից փայտ է ուղարկում առաջնագծի զինուորների համար, որ չմրսեն:
Ծածանուող դրօշը, 3,5-4 մեթրանոց սենեակն
ու տան մեծ ու փոքր «բնակիչները»
Այգեստանի քարքարոտ ճանապարհը տանում է գիւղի ամենավերեւի տունը: «Փարթիզան»-ի տունը գտնելը դժուար չէ: Անգամ հարցնելու կարիք չկայ: Հեռւում ծածանուող կարմիր դրօշն ուղենիշ է: Կուսակցական ընկերներն ասում են, որ նա միակ դաշնակցականն է, ում տան գլխին Դաշնակցութեան դրօշ է ծածանւում: Էդուարդ պապիկը ափսոսանքով է նշում, որ համապատասխան մարմինները չեն թոյլատրում Արցախի պետական դրօշը բարձրացնել տան գլխին: Ուզում է երկու դրօշներն իրար կողքի տեսնել:
Տան բակ հասնելուն պէս ճամբորդին դիմաւորում են Էդուարդ պապիկի 5 շները: Տունն առջեւից երկյարկանի է, յետեւից` միյարկանի: «Տանիքը» դրսից ռուսատառ «M»-ի նման է, սակայն առանց տանիքի: Չնչին աշխատավարձով 5 տարի առաջ կարողացել է քիչ թէ շատ թիթեղով ծածկել տան միայն մէկ սենեակի առաստաղը:
Տուն մտնելուց հիւրընկալութեան պարտականութիւն են անում նոյն թուաքանակով կատուներն ու նրանց ձագերը: Առաստաղից կախուած ելեկտրական լամբը գրեթէ չի լուսաւորում 3,5-4 մեթրանոց սենեակը: Օգնութեան է հասնում փայտէ վառարանի մաշուած պատերից թափանցող տաքուկ լոյսը: Տարիների ընթացքում վառարանի ծուխը սեւ գոյնով ներկել է տան պատերը: Տեղ-տեղ պատերին կանաչաւուն երանգ են տուել պատերին աճած խոտերը:
1990-ականներին տունը վերանորոգելու հնարաւորութիւն ունէր, սակայն առաջնայինը դա չէր համարում. «Ինձ հարց էի տալիս` տուն կառուցե՞լն է կարեւոր գործ, թէ՞ բանակ ստեղծելը: Եթէ բանակ ստեղծենք, պետութիւն ստեղծենք, մի՞թէ պետութիւնն ինձ համար տուն չի կառուցի», մտածում էր Էդուարդ պապիկը, ու այդպէս էլ մինչ օրս մնացել է առանց տանիքի…
Սակայն տան առաւելութիւններն, ըստ նրա, գերակշռում են. «Սա ամենագեղեցիկ տունն է: Բոլոր յարմարութիւնները կան: Այստեղով անցնում է ջրագիծը: Տունը վերանորոգելուց` կոյուղու խնդիր չի լինի: Ձորը մօտ է, ասում է Էդուարդ Աւագիմեանը եւ շարունակում թուարկել տան աշխարհագրական դիրքի առաւելութիւնները,- ամէն առաւօտեան մարզանք անելով իջնում եմ գետը` լուացուելու: Մաքուր օդ եմ շնչում եւ հաճոյք ստանում` նայելով այս անտառներին»:
«Այս պայմաններում ապրեմ, բայց լինի ազատ, անկախ, միացեալ Հայաստան», աւելացնում է Էդուարդ Աւագիմեանը:
Առաջին սէրն ու 8-րդ կինը
Տան փոքրիկ հիւրասենեակ մտնելուն պէս աչքի է ընկնում պատերից մէկին ռուսերէն գրուած «Cycahha» է անունը:
– Ո՞վ է գրել այս անունը,- հարցնում եմ Էդուարդ պապիկին:
– Ես եմ գրել,- ասում է եւ իջեցնում պատից կախուած հայելին: Նոյն ձեռագրով «Մայա տորոկայա» բառակապակցութիւնն է գրուած: Ժպտում է,- տառասխալով եմ գրել, o-ի փոխարէն a-եմ գրել:
– Ո՞վ է Սուսաննան:
– Առաջին սէրս ու 8-րդ կինս,- հպարտութեամբ ասում է նա:
Սուսաննա Պետրոսեանը Գիւմրիում էր ապրում: Ամրանն այցելում էր Այգեստանում ապրող տատիկին ու պապիկին: Առաջին անգամ պատանի տարիքում է հանդիպել Էդուարդին: Սակայն, ինչպէս ինքն է ասում, առաջին հայեացքից սիրահարուելն ուրիշ է: Տարբերուող է նաեւ նրանց սիրոյ պատմութիւնը:
Մօր մահից յետոյ Սուսաննան ընդունւում է Գորիսի համալսարան, սակայն, ուսումը դեռ չաւարտած, նրան փախցնում են: Հետագայում ամուսինը թողնում եւ մեկնում է Ռուսաստան, իսկ ինքը երեխաներին մեծացնելուց, ամուսնացնելուց յետոյ վերադառնում է Այգեստան:
Ինչ վերաբերում է «Փարթիզան»-ն, ապա նա, երկար տարիներ թափառելով Ռուսաստաններում, հասցնում է եօթ անգամ ամուսնանալ: Բոլոր ամուսնութիւններն էլ անյաջող էին: Միայնակ կեանքին յարմարուելու պատրաստակամութիւնն էր ստանձնել, երբ մի օր անտառում Սուսաննայի հօրեղբայրը բարեւի փոխարէն` նրան դիմաւորեց «սիրածդ եկալա» նախադասութեամբ…
13 տարի է` ինչ Էդուարդն ու Սուսաննան միասին են ապրում:
Կոչումը` անտառապահ
Էդուարդ Միրզոյեանի տունն աշխատատեղից բաժանում է ձգուող ձորը: Ձորն անցնում է եւ արդէն աշխատանքի է: Հեկտարներով ձգուող անտառները արցախեան պատերազմի ժամանակ հսկում էր ազրպէյճանցիներից: Այսօր էլ ասում է` «Ես գիդումում հուր անայում պաշտպանում էս վեղերը: Ափսոս չի՞ էս վեղերը եանի…»:
Չնայած` թոշակի է անցել, սակայն արժանի փոխարինող չունեցաւ:
«Իմ կեանքն աւելի շատ անց եմ կացրել անտառներում, քան տանը: Թէ՛ կռուի տարիներին, թէ՛ խաղաղութեան` ես անտառում էի, այդ պատճառով ինձ «Փարթիզան» են ասում: Դէ ես էլ աշխատում եմ իմ մականունին արժանի լինեմ եւ ամէն օր հաստատում եմ դա», ասում է նա եւ հագնում 1991-ին լիբանանահայերի նուիրած` Դաշնակցութեան զինանշանով յայտնի բաճկոնը:
«Ա, մեհենգուա զամոկնեն էսքան գործ կանի՞ն, տես հինչ զամոկնեյա է», ասում է նա, այնուհետեւ հագնում սենեակի անկիւնում դրուած կոկիկ զնուորական կօշիկները, որոնք սկսել է կրել բաճկոնն ստանալու տարուց: «Քաղաք քինալուց, վեր վննամանում կենում, կարում չում շոռ կեամ. գիդումում թա վերում ընգըլան»,- ասում է նա եւ ճանապարհւում: Գործից ուշանալ չի կարելի: Անտառը սպասում է իր «Փարթիզան»-ին…
Յ. Գ.- ՀՅԴ Արցախի ԿԿ-ն պատրաստւում է մէկ տարուայ ընթացքում վերանորոգել կուսակցական ընկերոջ տունը: Իսկ Էդուարդ Միրզոյեանն էլ խոստանում է տունը վերանորոգելուն պէս իր բակում հիւրասիրութիւն կազմակերպել: Ինչպէս ինքն է ասում` մեր մամուլէն ժողովուրդին էլա ըսլան…