Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

«Այլ Ելք Չկայ, Ի՞նչ Պէտք Է Անենք, Սպասենք, Մինչեւ Գան` Երեւանի Վրա՞յ Պտտուեն». «Առաջին Լրատուական»-ի Զրուցակիցն Է ՀՅԴ Խմբակցութեան Ղեկավար Արմէն Ռուստամեանը

$
0
0

Armen-Rustamyan_121515f

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- Պարո՛ն Ռուստամեան, ունէ՞ք մտահոգութիւններ, որ ռուս-թուրքական լարուածութեան պատճառով Հայաստանը նորից շահարկման առարկայ կը դառնայ:

ԱՐՄԷՆ ՌՈՒՍՏԱՄԵԱՆ.- Ի հարկէ, մտահոգութիւնները մեծ են, որ լարուածութիւնը կարող է աւելի խորանալ: Ընդհանուր առմամբ պատերազմական գործողութիւնների թէժացումն էլ մեր երկրի շահերից չի բխում, քանի որ այն առնչուելու է տարածաշրջանում մօտ գտնուող երկրներին: Բայց ես կարծում եմ, որ ստեղծուած իրավիճակում մենք պէտք է ճիշդ մարտավարութիւն վարենք, որից կարելի է անգամ օգտուել:

«Ա. Լ.».- Ինչպէ՞ս կարելի է օգտուել:

Ա. Ռ.- Նախ ակնյայտ է, որ եկել է Թուրքիայի կողմից երկակի խաղ խաղալու վերջը: Թուրքիան մի կողմից հանդէս էր գալիս որպէս մարդասիրական հարցերով, փախստականների խնդիրներով զբաղուող երկիր, ու դրա համար աջակցութիւն էր ստանում Եւրոպայից, հիմա արդէն պարզ է դառնում, որ դա այն երկիրն է, որը իսլամական խմբաւորումներին է հովանաւորել, ամէն ինչ արել է, որ նրանք կարողանան իրենց պայքարը շարունակել: Ու ակնյայտ փաստերն այնքան խօսուն են, որ Թուրքիան չի կարող հերքել, որ առաջինն ինքն է նաւթատոլարներով սնել Իսլամական պետութեանը: Միշտ հարց է առաջացել, թէ որտեղի՞ց են գալիս նրանց ֆինանսները, նրանց զէնքը: Եթէ հետեւում ենք յայտարարութիւններին, տեսնում ենք, որ բոլորը դէմ են այդ իսլամականներին ու նրանց դէմ պայքարի քոալիսիոն են ձեւաւորում: Այդ դէպքում ո՞վ է նրանց կողմը եղել: Ու հիմա ակնյայտ է դառնում, որ որոշ երկրներ երկակի խաղ են խաղացել, ու այդ երկրների թւում առաջին հերթին Թուրքիան է: Սա պէտք է մի օր բացայայտուէր, ու առիթը եղաւ նրանց կողմից ռուսական օդանաւի կործանումը: Ուրեմն մենք ահաբեկչական խմբաւորումներին պաշտպանող երկրից պաշտպանուելու խնդիր ունենք: Սա միւս հնարաւորութիւնն է, որը պէտք է Հայաստանն օգտագործի, որ ամրապնդի մեր անվտանգութիւնը: Եւ նոյն այդ Թուրքիան, որն այդքան զգայուն է, որ ռուսական ինքնաթիռն իբր իր տարածքն է խախտել, ինքն էլ Յունաստանի տարածքն է խախտել, Հայաստանի տարածքն է խախտել:

«Ա. Լ.».- Կարծիք կար, որ Թուրքիայի ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանի խախտումը նոյնպէս Ռուսաստանի դէմ ուղղուած քայլ էր:

Ա. Ռ.- Կարծիքներ հիմա էլ կան, որ իբր թէ Թուրքիան ճիշդ է, որ Թուրքիան բազմիցս յայտարարել է, թէ իմ սահմանը չխախտէք, եթէ խախտէք, ես կը խոցեմ ձեր օդանաւերը: Բայց իրականութիւնը բոլորովին այլ է: Հիմա ունենք շօշափելի փաստ, ինչը ցոյց է տալիս, որ միջազգային որեւէ պայմաններում այսպիսի բան չէր կարող տեղի ունենալ, յատկապէս որ խօսքը գնում է ընդամէնը մի քանի վայրկեանով խախտելու մասին: Եւ եթէ ռուսական ինքնաթիռը երկրից կրակած հրթիռով ջախջախուած լինէր, դա ինչ որ տեղ կարելի էր հասկանալ, բայց երբ օդ-օդ հրթիռով է խոցւում, դա արդէն նշանակում է, որ նրանք այնտեղ հերթապահել են: Իսկ փորձագիտական նուազագոյն գիտելիքները ցոյց են տալիս, որ Թուրքիան պարզապէս թշնամական գործողութիւն է կատարում:

«Ա. Լ.».- Իսկ Հայաստանն ինչպէ՞ս պէտք է ուժեղացնի իր անվտանգութիւնը:

Ա. Ռ.- Պէտք է պաշտպանել օդային տարածքները` աւելի ամրապնդելով հակաօդային կայանները եւ մեր բոլոր հնարաւորութիւններն աւելի մեծացնելով:

«Ա. Լ.».- Եւ դա պէտք է Ռուսաստանի՞ միջոցով լինի, քանի որ Հայաստանը Ռուսաստանից է զէնք ստանում,  յատկապէս երբ վերջին օրերին աշխուժացել են Ռուսաստանի պաշտօնեաների այցելութիւնների մասին լուրերը:

Ա. Ռ.- Այո՛, եթէ այսօր Ռուսաստանի միջոցով է մեր անվտանգութիւնը մեծ մասամբ երաշխաւորւում, բա ո՞ւմ միջոցով պէտք է արուի: Ուրիշները նախ պէտք է օգնեն: Այլ ելք չկայ: Ի՞նչ պէտք է անենք, սպասենք,  մինչեւ գան` Երեւանի վրա՞յ պտտուեն: Ի՞նչ տարբերութիւն, թէ ի՛նչ միջոցով եմ իմ անվտանգութիւնը պաշտպանում: Հայաստանն այլ ելք չունի, քան` իր անվտանգութեան ամրապնդումը: Կան նաեւ տեսակէտներ, որ, չէ, չզինուենք, պաշտպանական զէնք չունենանք, որովհետեւ դա մեզ թիրախ է դարձնում Թուրքիայի համար: Բայց պէտք է լաւ հասկանալ, որ մենք Թուրքիայի համար միշտ ենք թիրախ: Այդ երկիրը համաթուրանականութիւնից չի հրաժարուել, եւ դա գնալով աւելի ակնյայտ է դառնում: Դու ուզում ես` զէնք ունեցիր, ուզում ես` մի ունեցիր, նրա նպատակը քեզ ոչնչացնելն է: Յայտարարութիւններ էին արւում, թէ մենք ինչքան անպաշտպան լինենք, այնքան պաշտպանուած ենք: Նման թեզ կար մեր անկախութեան առաջին օրերին, առաջնորդներն ասում էին, թէ ընդհանրապէս բանակ էլ պէտք չէ ունենալ: Եթէ դրան հետեւէինք, այսօր թուրքերը նստած կը լինէին Երեւանում:

«Ա. Լ.».- Պարո՛ն Ռուստամեան, բայց անկախութեան առաջին տարիների առաջնորդները յաղթեցին ղարաբաղեան պատերազմում եւ ազատագրեցին շրջանները:

Ա. Ռ.- Բայց կարծիքներ եղել են, եւ դրանք եղել են 90-ականների բարձրաստիճան պաշտօնեաների կողմից: Հիմա նման թեզեր են հրապարակ գալիս, ու մենք պէտք է նապաստակի նման նստենք անկիւնում, ոեւէ մէկի հետ չհամագործակցե՞նք: Այդպէս չի լինում, դու պիտի կարողանաս պաշտպանել քո անվտանգութիւնը:

«Ա. Լ.».- Ռուսաստանում Պետտումա է ներկայացուել Հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծ: Ձեր կարծիքով, Ռուսաստանն ի վերջոյ կ՛ընդունի՞ այդ նախագիծը, թէ՞ պարզապէս այս պահին շահարկում է այդ հարցը:

Ա. Ռ.- Այս լարուածութիւնն առիթ է, որպէսզի նախաձեռնութիւնները հրապարակ գան: Այն երկիրը, որը թաղուած է մեղքերի մէջ, որը պարտաւորութիւններ ունի իր պատմութեամբ ու ներկայով, այդ երկրի նկատմամբ պէտք է շատ աւելի լուրջ վերաբերմունք լինի, ոչ թէ թողնեն, որ անընդհատ երկակի չափանիշներ կիրառի:

«Ա. Լ.».- Ռուսաստանի Պետտուման կ՛ընդունի՞ նախագիծը, թէ՞ Թուրքիան ու Ռուսաստանը նորից կը վերականգնեն իրենց յարաբերութիւնները, արդիւնքում Հայկական հարցն ընդամէնը կը շահարկուի:

Ա. Ռ.- Նախ շատ ուրախ ենք, որ այդ նախաձեռնութիւնը մեր գործընկերներն են արել: Գիտէք, որ «Արդար Ռուսաստան» կուսակցութեան հետ մենք շատ լաւ յարաբերութիւններ ունենք: Մենք ողջունում ենք նրանց այդ քայլը, նրանք դա կատարել են համոզումով: Մենք այդ թեմաների շուրջ վաղուց էինք քննարկում անում: Եւ հիմա առիթ է, որ այս բոլոր հարցերը հրապարակ գան ու մտնեն օրակարգ:


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>