Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

ՀՅԴ Բիւրոյի Ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանին Ելոյթը Երեւանի Մէջ ՀՅԴ 125-Ամեակի Հանդիսաւոր Ձեռնարկին

$
0
0

12.12.15-3964hrant-margaryan

Խօսելով Հայ յեղափոխական դաշնակցութեան ու դաշնակցականների մասին, ես պիտի խօսեմ հայրենիքի եւ հայ մարդու մասին:

Չէր լինի Դաշնակցութիւն, եթէ հայրենիք ունենալը հեշտ լինէր, չէին լինի դաշնակցականներ, եթէ հայ լինելը հեշտ լինէր:

Հարիւր քսանհինգ տարի առաջ` 1890 թուականին, երբ Արեւելքն` իբրեւ քաղաքակրթական բեւեռ, ժամանակաւորապէս կլանել էր Հայաստանը, երբ պետականութիւնից զրկուած մեր ժողովուրդը աստիճանաբար զրկւում էր նաեւ իր տուն ու տեղից, երբ հայոց հինաւուրց հողի վրայ մոլեգնում էր թշնամու վայրագութիւնը, երբ այլեւս Թուրքիայում հայը չէր կարող ապրել իբրեւ մարդ, իսկ Ռուսաստանում` իբրեւ հայ ազգութեան ներկայացուցիչ` Դաշնակցութեան ծնունդը կենսական անհրաժեշտութիւն էր:

Հայկական պետականութեան բացակայութիւնը վտանգել էր մեր ժողովրդի գոյութիւնը սեփական հողի վրայ: Թշնամու օրակարգում էր հայի ֆիզիքական վերացման հարցը: Փորձը ցոյց էր տուել, որ ժողովրդի ինքնապաշտպանութեան կազմակերպումը սոսկ ռազմական դիրքերից բաւարար չէր: Ազգի փրկութեան, գոյատեւման եւ պետականութեան կերտման համար անհրաժեշտ էր գաղափարական հենք:

Անհրաժեշտ էր մի կազմակերպութիւն, որը նորովի կը մարմնաւորէր հայ ժողովրդի առաքելութիւնը` հինաւուրց հայրենիքում սեփական ինքնութեան հաստատման համար:

Դաշնակցութիւնն էր այդ կազմակերպութիւնը, որը կարողացաւ համադրել ազատութեան գաղափարի վրայ հիմնուած ժամանակի արեւմտեան ռացինոլաիզմը եւ ուղղափառութիւնից յեղափոխական պայքարի ասպարէզ տեղափոխուած արդարութեան ընկալումները: Քանզի միայն սեփական ինքնութեան վերահաստատման միջոցով էր հնարաւոր յեղափոխական պայքարի քուրայում կերտել նոր հայութիւն եւ նոր Հայաստան:

Դաշնակցութիւնը դարձաւ հայ մշակոյթի ներդաշնակութեան դարաւոր աւանդութիւնները ժառանգած այն հայկական կազմակերպութիւնը, որի ծնունդը եկաւ վկայելու, որ չնայած բոլոր արհաւիրքներին` մեր ժողովուրդը պահպանել է իր քաղաքակրթական տիպը: Ուրեմն` Դաշնակցութիւնը ազատագրական պայքարի ընթացքում ծնունդ առած սովորական կուսակցութիւն չէր, քաղաքականութիւնը սոսկ հայի ու թուրքի կռիւ պատկերացնող հայրենասիրական պարզունակ դրսեւորում չէր, այլ մեր ինքնութեան աւանդական բաղադրիչների նորացուած բովանդակութեան վրայ հիմնուած ազգային կամքի այն կենտրոնը, որը 19-րդ դարում կրօնական համայնքից հայութեանն առաջնորդեց պետութիւն ու պատմութիւն կերտող ազգ դառնալու դժուարին ուղի:

Փառք ու պատիւ քրիստափորներին, զաւարեաններին, ռոստոմներին:

Օսմանական ցեղասպան քաղաքականութիւնը կարող էր յաջողութեան հասնել եւ ի սպառ վերջ դնել հայ ժողովրդի գոյութեանը, եթէ չբախուէր կազմակերպուած դիմադրութեան, եթէ չկազմուէին հայկական կամաւորական գնդերը, եթէ չպարտաւորեցնէինք թուրքական զօրքերին կանգ առնել Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում:

Այո՛, եթէ չլինէր մեր 30-ամեայ ազատագրական պայքարի փորձն ու կազմակերպուածութիւնը, եթէ ձեւաւորուած չլինէր ազգի կամքի կենտրոնը, վերջապէս աւերակների վրայ իբրեւ փիւնիկ չէր յառնի Հայաստանի անկախ պետականութիւնը:

Հայկական անկախ պետականութեան կերտումով վերջակէտ դրուեց ազգի կործանման ընթացքին եւ հիմք դրուեց հետագայ վերելքին:

Փառք ու պատիւ Արամ մանուկեաններին, Ռուբէն տէր մինասեաններին, նժդեհներին, դրոներին, անդրանիկներին:

Առջեւում պատմութեան մի վիթխարի շրջան էր, երբ ցեղասպանութիւնից փրկուած եւ աշխարհով մէկ սփռուած գաղթականութեանը հայկական ոգով եւ էութեամբ կազմակերպելու գործը անհնար էր իրականացնել խորհրդային կարգերով կաշկանդուած հայրենիքից, երբ զուգահեռաբար անհրաժեշտ էր առաջ տանել Հայ դատը եւ աշխարհին թոյլ չտալ մոռանալ Հայոց ցեղասպանութիւնը:

Դաշնակցութեան նուիրական պայքարի ու յամառութեան շնորհիւ էր, որ իրականացուեց այս ամէնը:

Փառք ու պատիւ աղբալեաններին, Լեւոն շանթերին, նաւասարդեաններին, մարուխեաններին, Լիզպոնի 5-ին, Աբօ աշճեաններին:

Անկախութեան ձեռքբերմանը եւ հայկական պետականութեան վերականգնմանը զուգահեռ, մենք եւս վերընձիւղուեցինք Հայրենիքում: Մենք վերսկսեցինք մեր գործը` հաւատարիմ մնալով մեր էութեանը, անմնացորդ նուիրուեցինք Արցախի ազատագրական պայքարին` կանգնելով հայկական երկրորդ հանրապետութեան, Արցախի անկախ պետականութեան կերտման ակունքներում:

Փառք ու պատիւ Արթուր մկրտչեաններին, Աշոտ ղուլեաններին, Շահէն մեղրեաններին, Արամ պօղոսեաններին, Վարդան դուշմաններին, պետոներին:

Մենք գործեցինք այլեւս մեր երկրում` ունենալով երեք նշանաբան` Արցախ, արդարութիւն, միասնականութիւն:

Ցաւօք, մեր այդ նշանաբանները խորթ էին ոմանց համար, ոմանց համար խորթ էր մեր էութիւնը: Եւ փոխանակ մեր դարաւոր փորձն ու հնարաւորութիւնները օգտագործուէին ի նպաստ հայրենիքի կայացման, փորձ արուեց կոտրել մեզ: Արդիւնքում, ի հարկէ, կոտրուեցին այդ փորձն անողները, բայց ափսոս էին այն ժամանակն ու միջոցները, որ մսխուեցին` կոտրելու համար մի բան որն անհնար է կոտրել: Անհնար է կոտրել իրական ազգայինը, իրապէս գաղափարականը:

Փառք ու պատիւ Հրայր մարուխեաններին, Խաժակ տէր գրիգորեաններին, Վահան յովհաննիսեաններին:

Մենք հնարաւորինս աջակցեցինք Հայաստանի Հանրապետութեան զարգացմանը` լինելով թէ՛ ընդդիմութիւն, թէ՛ իշխանութիւն: Մենք չխուսափեցինք պատասխանատուութիւնից, բայց եւ չդարձանք գործիք, ոչ թէ լծուեցինք ուրիշների կառքին, այլ փորձեցինք այդ կառքը հանել ցեխից եւ դնել հարթ ճամբի վրայ:

Զուգահեռաբար, մեր հրամայականը մնաց Հայ դատը, եւ երբ սպառնալիք զգացինք մեր պահանջատիրութեան գործին, մենք գերադասեցինք վերստին մեր ուժերը կենտրոնացնել այդ ճակատում: Բայց մենք դա արեցինք այնպէս, որ չվնասենք դժուարութեամբ ձեռք բերուած մեր պետութեան կայունութեանը, շարունակենք նպաստել ներքին յառաջընթացին:

Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ճիշդ եւ արդիւնաւէտ կազմակերպումը, ազգովի համախմբումը, մեր ազգային-քաղաքական ուղղութեանը ամբողջութեամբ համապատասխան, պատմական յոյժ կարեւորութիւն ունեցող, հռչակագրի ընդունումը եկան ապացուցելու, որ ճիշդ ուղուց չշեղուելու մեր ջանքերը յաջող էին, բայց լիարժէք յաջող կը լինեն, եթէ ազգային միասնականութեան մթնոլորտը, որ ձեւաւորուեց Ցեղասպանութեան 100-ամեակի տարում, նոր հանգրուանի` պահանջատիրութեան շրջանի սկիզբ դառնայ:

Հայրենիքում վերահաստատուելու առաջին օրուանից մինչ հիմա Դաշնակցութեան համար առաջնահերթութիւն է Արցախի հարցը: Մենք միշտ համոզուած ենք եղել, որ այն պահին, երբ դադարի բաբախել Արցախի զարկերակը, կանգ կ՛առնի նաեւ Հայաստանի սիրտը: Իրական պատերազմում յաղթած ժողովուրդը իրաւունք չունի պարտուելու քաղաքական, քարոզչական, դիւանագիտական ճակատներում:

Դաշնակցութիւնը Արցախի կողքին է եղել միշտ, Արցախի կողքին է նաեւ հիմա: Յատկապէս հիմա, երբ Ազրպէյճանը փորձում է սահմանային մաշող պատերազմով եւ նաւթի տոլարներով քարոզչական արշաւ տանել մեր դէմ, մենք փորձում ենք օգտագործելով մեր կազմակերպութեան ու հայ դատի ցանցի կարողութիւնները արծարծել Արցախի անկախ Հանրապետութեան ճանաչման հարցն ու համապատասխան քարոզչական հակահարուած տալ հակառակորդին: Այդուամենայնիւ, մենք հաւատացած ենք, որ այս ուղղութեամբ հայկական բանակի հերոսական ճիգերին զուգահեռ` պէտք է կազմակերպել ու ոտքի հանել պետական ու ազգային մեր ողջ ներուժը: Առողջ, ազգային բանակի թիկունքին, եթէ կայ կազմակերպուած պետական քաղաքականութիւն ու միասնական ժողովուրդ` մենք անպարտելի ենք լինելու:

Իր ողջ կենսագրութեան ընթացքում Դաշնակցութիւնը եղել է այնտեղ, ուր հային վտանգ է սպառնացել: Այսօր մենք սիրիահայութեան կողքին ենք եւ, մեր ջանքերը համադրած պետութեան եւ ողջ հայութեան ջանքերի հետ` կարողացել ենք Սիրիայում ստեղծել միասնական մթնոլորտ: Կարողացել ենք նաեւ մեր միասնական ու հետեւողական աշխատանքով նպաստել Սիրիայում բնակուող հայերին ներսիրիական հարցերում ճիշդ կողմնորոշուելու եւ իբրեւ համայնք` յարձակումների ուղղակի թիրախ չդառնալու: Սակայն ակնյայտ է վնասների, կորուստների, աւերածութիւնների, մարդկային դժբախտութիւնների մեծ ծաւալը, եւ մենք պէտք է շարունակենք հետեւողական կերպով մեր զօրակցութիւնը ցուցաբերել առաջին հերթին Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, ապա հայրենիքում հաստատուած սիրիահայերին եւ վերջապէս ամէնուր, որտեղ ճարահատ յայտնուել են նրանք:

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը 125 տարի տանում է քաղաքական պայքար: Վերջին 25 տարիներին քաղաքական այդ պայքարը մենք տարել ենք հայրենիքում: Արժէ նկատել, որ դա չափազանց բարդ է եղել եւ չափազանց բարդ է եղել հիմնականում այն պատճառով, որ մենք քաղաքական պայքար ենք մղել քաղաքական դաշտի գրեթէ բացակայութեան պայմաններում: Մեր գործունէութեամբ մենք փորձել ենք ամէն կերպ նպաստել քաղաքական դաշտի ձեւաւորմանը, որովհետեւ համոզուած ենք եղել, որ միայն առողջ քաղաքական դաշտի եւ մրցունակ քաղաքական ուժերի առկայութեան պարագայում է հնարաւոր հասնել ընկերային-տնտեսական խնդիրների լուծման, հետեւաբար` ժողովրդի բարեկեցութեան: Մենք եղել ենք խորհրդարանական համակարգի եւ հարիւր տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակիցն ու ջատագովը: Մեր կուսակցութեան 125-ամեակը նշանաւորուեց սահմանադրական հանրաքուէում «այո»-ի յաղթանակով, հետեւաբար եւ մեր երկարամեայ պայքարի յաղթանակով:

Միով բանիւ մեր պայքարը շարունակւում է: 125 տարի մենք արդարութեան ճանապարհին ենք եւ շարունակելու ենք մնալ այդ ճանապարհին այնքան, քանի դեռ արդարութիւնը չի յաղթանակել:

Իմ խօսքի սկզբում ես ասացի, որ չէր լինի Դաշնակցութիւն, եթէ հայրենիք ունենալը հեշտ լինէր: Չէին լինի դաշնակցականներ, եթէ հայ լինելը հեշտ լինէր:

Խօսելով Դաշնակցութեան եւ դաշնակցականների մասին, ես շարունակելու եմ խօսել հայրենիքի ու հայ մարդու մասին:

Այն հայրենիքի, որ երազել ենք ունենալ դարերէ ի վեր: Այն հայ մարդու, ով դարերէ ի վեր պայքարում է իր երազած հայրենիքն ունենալու համար:

Պէտք է հաւատալ միայն այս երկուսին` մեր երազած հայրենիքին ու դրա համար պայքարող հայ մարդուն:

Լեռնային մի կիսադատարկ գիւղում ապրող ծերունին շարունակում է մշակել իր հողը, որովհետեւ հաւատում է, որ արտերկիր մեկնած իր որդիները մի օր կը վերադառնան ու տէր կը կանգնեն այդ հողին: Նշանակում է` նա հաւատում է իր հայրենիքին ու պայքարում է դրա համար: Նշանակում է ես հաւատում եմ այդ ծերունուն:

Երեւանեան դպրոցներից մէկում դասաւանդող ուսուցչուհին, ում աշխատավարձը հազիւ է բաւականացնում ապրելու համար, անշահախնդրօրէն շարունակում է հայրենասէրներ դաստիարակել, որովհետեւ հաւատում է, որ նրանք են տէր կանգնելու հայրենիքին:

Ամիսներով աշխատավարձ չստացած շինարարը ինչ որ տեղ շարունակում է կառուցել մի շէնք կամ մի ճանապարհ` հաւատացած, որ կառուցում է իր հայրենիքը:

Սահմանային զօրամասերից մէկում ծառայող սպան շարունակում է աչալուրջ հետեւել իր զինուորներին, ովքեր նոյնքան աչալուրջ հսկում են հայրենիքի սահմանը:

Աշխարհի իր անկիւնում` սեփական հայրենիքում, ստեղծագործող անքուն արուեստագէտը շարունակում է անել իր գործը` նկարում է մի նկար, գրում է մի երգ կամ մի բանաստեղծութիւն, որովհետեւ հաւատում է, որ որքան մեծ է աշխարհը` նոյնքան մեծ է իր հայրենիքը:

Նշանակում է այս մարդիկ հաւատում են իրենց հայրենիքին ու պայքարում են դրա համար: Նշանակում է ես հաւատում եմ այս մարդկանց:

Ես հաւատում եմ հայ գիւղացուն, ուսուցչին, շինարարին, սպային ու զինուորին, նկարչին ու բանաստեղծին ու բոլոր նրանց, ում չթուարկեցի, բայց ովքեր իրենց տեղում անշահախնդրօրէն անում են իրենց գործը` նշանակում է պայքարում են հայրենիքի համար:

Ամենակարեւորը հայրենիքի ընկալումն է: Աւա՜ղ շատերը, շատ շատերը հայրենիքն ընկալում են սոսկ իբրեւ բառ, իբրեւ վերացական մի բան: Ո՛չ, հայրենիքն ամբողջովին առարկայական է, այն հող ու ջուր է, ինչպէս մարդը` միս ու արիւն:

Վերացական մի տեղում անկարելի է ապրել, վերացական մի բանը անկարելի է շէնացնել:

Շատ շատերն ասում են` հայրենիքը մեր սրտում է: Սա հայրենիքը սիրելու, չակերտաւոր սիրելու ամենահեշտ ձեւն է: Այստեղից մի քայլ է, երբ հայրենիքը դառնում է միջոց:

Ո՛չ, հայրենիքը նախեւառաջ մեր ոտքի տակ է: Գուցէ սա կոպիտ է հնչում, բայց միայն այս կերպ է այն դառնում գիտակցուած հայրենիք: Իսկ երբ դառնում է գիտակցուած, այլեւս չես կարող նրա հետ վարուել ինչպէս ուզում ես: Գիտակցուած հայրենիքը չի կարող դառնալ միջոց, միջոց` անձնական, խմբակային շահեր հետապնդելու համար:

Արդեօք մեր ողջ պատմութեան ընթացքում մեր հիմնական խնդիրը չի՞ եղել հայրենիքի չգիտակցումը: Արդեօք անձնական եւ խմբակային շահերի հետապնդման հետեւանք չի՞ եղել այն, որ մենք չենք կարողացել եւ յամառօրէն չենք կարողանում ունենալ մեր ուզած հայրենիքը:

Այն քիչը, որ ունեցել ենք, եւ այն, ինչ ունենք հիմա, շնորհքն է այն հայ մարդկանց, ովքեր գիտակցել են հայրենիքը:

Մենք ոչ մի բանի չէինք հասնի, եթէ չպահպանէինք հայ մարդուն: Հայ մարդուն հայրենիքից դուրս եւ ի հարկէ հայրենիքում: Քաղաքակրթութիւնը, մարդասիրութիւնը, ուժն ու հզօրութիւնը, միայն բառեր են, անշուշտ` չափազանց արժէքաւոր, բայց միայն բառեր, եթէ մարդը կտրւում է իր արմատներից: Մեր պարագայում` իւրաքանչիւր հայ, ուր էլ որ նա ապրի, կտրուելով իր արմատներից կարող է կտրել հայի արմատն ընդհանրապէս: Այս գիտակցումն է, որ մշտապէս առաջնային է դարձրել հայապահպանութեան խնդիրը:

Լիբանանում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Ուրուկուայում կամ Աւստրալիայում բնակուող հային հայ պահել, չթողնել, որ նա կտրուի իր արմատներից: Այս գիտակցումն է, որով անհրաժեշտ է եղել առաջնորդուել: Առաջնայինը եղել է հայապահպանութիւնը: Հային իր արմատներին կպած պահելը: Փառք Աստծոյ` կարողացել ենք: Դրա ապացոյցն են հայրենիքից դուրս ապրող այն միլիոնաւոր հայերը, ովքեր հայ են:

Բայց հային պէտք է հայ պահել նաեւ ներսում` հայրենիքում:

Մեր տեսակի եւ մեր ինքնութեան մասին է խօսքը:

Հայի տեսակն ու ինքնութիւնը ոչ մի կապ չունեն թուլութեան, վախկոտութեան ու յարմարուողականութեան հետ: Հայի տեսակն ու ինքնութիւնը ոչ մի կերպ չեն ենթադրում, շողոքորթութիւն, քծնանք ու բամբասանք:

Մենք չենք կարող ունենալ մեր ուզած հայրենիքը, եթէ մենք տուրք տանք մարդկային այս ճղճիմ յատկութիւններին: Այո՛ մեր տեսակի մէջ դրանք չկան, սակայն մեզ մշտապէս փորձել են այդպիսին դարձնել: Եւ, որ ամենավատն է, փորձել են ոչ միայն ուրիշները, այլեւ` մենք:

Երբ ժողովուրդը թուլանում է, երբ ժողովուրդը վախենում է, երբ ժողովուրդը յարմարւում է, երբ ընդունակ է շողոքորթել ու քծնել, ժողովուրդը դառնում է հեշտ կառավարելի: Հեշտ կառավարելի ժողովուրդը ձեռնտու է եղել մեր թշնամուն, ձեռնտու է եղել ոչ մեր սեփական երկրի իշխանութեանը: Երկար ու ձիգ տարիներ մեզ փորձել են դարձնել այդպիսին: Չեն կարողացել, որովհետեւ վճռորոշ պահին միշտ գլուխ է բարձրացրել մեր իրական տեսակը` ուժեղ խրոխտ ու հպարտ տեսակը:

Բայց ամենասարսափելին այն է, երբ ներսից է փորձ արւում ինքներս մեզ դարձնել վախկոտ, թոյլ, այսինքն` հեշտ կառավարելի:

Վա՜յ այն իշխանութեանը, որն իր ժողովրդի թուլութեան մէջ կը տեսնի իր ուժը: Վա՜յ այն իշխանութեանը, որն իր թուլութիւնը կը պարտադրի ժողովրդին:

Հայապահպանութիւնն, արդ, միայն դրսում հային ու հայի տեսակը պահպանելը չէ, այլեւ ներսում` հայրենիքում:

Բայց եւ այնպէս բաւարար չէ պայքարել հայի տեսակի համար եւ պահպանել այդ տեսակը: Բաւարար չէ պայքարել հայրենիք ունենալու համար եւ վերջապէս ունենալ պետականութիւն: Կիսատ է հայը, քանի դեռ չի վերականգնել իր արդարութիւնը, կիսատ է պետականութիւնը, քանի դեռ այն ամբողջական հայրենիքում չէ: Այս գիտակցումն է, որ պէտք է դարձնել բոլորինը:

Ես արդէն ասացի, որ հաւատում եմ այն գիւղացուն, այն ուսուցչին, այն սպային եւ միւսներին, ովքեր իրենց տեղում իրենց գործն են անում: Նրանք, անտարակոյս, ունեն կիսատ արդարութեան եւ կիսատ հայրենիքի գիտակցումը: Բայց կան այլոք, շատերը, բազմաթիւ հայեր, ովքեր, ոչ իրենց մեղքով, չունեն այդ գիտակցումը: Եւ քանի դեռ չունեն, մենք չենք կարող հասնել մեր ուզածին:

Մեծ հարստութեան, բարձր դիրքի, մտքի կատարելութեան հասած մարդը իրականում ոչնչի չի հասել, եթէ նրա մարմնի վրայ կան չապաքինուած ու ցաւացող վէրքեր, եւ այդ վէրքերն հասցնողը մեղայ չի եկել:

Նոյնն է ժողովրդի եւ պետութեան պարագան: Մենք կարող ենք հասնել տնտեսութեան զարգացման, ընկերային արդարութեան, ժողովրդավարութեան կայացման եւ անպայմանօրէն կը հասնենք: Սակայն զուգահեռաբար մենք պէտք է տանենք արդարութեան վերականգնման մեր պայքարը: Եւ այդ պայքարը պիտի լինի իւրաքանչիւրինը:

Շատ լաւ իմանալով օրուայ մեր հնարաւորութիւնները, մենք սակայն իրաւունք չունենք ոչ միայն ընկրկելու եւ յոյսը կորցնելու, այլեւ չգործելու: Մենք իրաւունք չունենք յաջորդ սերնդին չնախապատրաստելու մեր դժուար պայքարին եւ մի բան աւել չթողնելու, քան մեր նախորդ սերունդն է թողել մեզ:

Արդ, հայ մարդը, լինի մշակ, թէ` նախարար, բանուոր, թէ` պատգամաւոր, նա է, ով պահում է այս գիծը:

Իմ այսօրուայ խօսքում ես խօսեցի Դաշնակցութեան եւ դաշնակցականների, հայրենիքի եւ հայ մարդու մասին: Հարիւր քսանհինգ տարիների ընթացքում մենք դեռ չենք հասել նրան, որ հայ մարդն ապրի իր ուզած հայրենիքում: Բայց մենք անպայմանօրէն կը հասնենք դրան:

Կեցցէ՛ հայ մարդու ուզած հայրենիքը:

Կեցցէ՛ ազատ, անկախ միացեալ Հայաստանը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>