Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Հաւատալ Եւ Գործել

$
0
0

Aghvan_121115

Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանի խօսքը` Երեւանի մէջ տեղի ունեցած ՀՅ Դաշնակցութեան 125-ամեակի տօնակատարութեան:

Դաշնակցութեան` երեք դարերի վրայ երկարող դիւցազներգական ներկայութիւնը մէկ բացատրութիւն ունի: Այն մեր ինքնութեան, մեր տեսակի, մեր հայկականութեան հարազատ արտացոլումն է: Իբրեւ գաղափար եւ իբրեւ կառոյց: Այլ գաղտնիք գոյութիւն չունի:

Մեր մշակոյթի, մեր հոգեւոր կեանքի, մեր ռազմիկի ու գիւղացու ազնուականութեան արդիւնք ինքնութիւնից, հայկականութիւնից ցանկացած օտարում Դաշնակցութեան վախճանը կը լինի: Մեր աշխարհիկ կեանքի Աստուածաշունչը սա է` մեր հայկականութիւնը:

Ցաւօք, Դաշնակցութեան ընկալումը յաճախ միակողմանի է: Այդ ընկալման մէջ ուժը, մարտունակութիւնը երբեմն գերակշռում են հոգեւոր-մշակութային խորքին: Մինչդեռ Դաշնակցութեան, նրա էութեան, ճանաչողութեան համար նոյն դերակատարութիւնն ունեն մի կողմից Արամ Մանուկեանը, Դրաստամատ Կանայեանը, Սողոմոն Թեհլիրեանը, միւս կողմից` Դանիէլ Վարուժանը, Սիամանթոն, Յովհաննէս Թումանեանը: Որքան դաշնակցական է «Մենք անկեղծ զինուոր ենք» երգը, նոյնքան դաշնակցական է «Ամպի տակից ջուր է գալիս»-ը:

Եւ մեր ժողովրդի, հայկականութեան հարազատ այս ցոլացման պատճառով է, որ Դաշնակցութիւնը մշտապէս թիրախ է եղել ո՛չ միայն հայութեան կազմակերպուած, ինքնուրոյն ուժ դառնալը բացառող օտարների, այլ յաճախ նաեւ` մեր ներսի յարմարուող-պատեհապաշտների համար:

Քննադատութիւնը չի սպաննում: Ուժեղացնում է, եթէ դու վստահ ես քո ճանապարհին, եթէ հաւատարիմ ես քո էութեանն ու սկզբունքներին:

Եւ միշտ դժուար է Դաշնակցութեան գործը: Դժուար էր երէկ, դժուար է այսօր, դժուար է լինելու վաղը:

Դժուար, անասելի դժուար էր մեր նախնիների գործը, երբ երկու հսկայ կայսրութիւնների միջեւ հայկական ինքնուրոյն կազմակերպուած ուժի ստեղծումը յղացան եւ, սարսափների միջով անցնելով, անկախ պետականութիւն կերտեցին: Դժուար, անասելի դժուար էր նրանց գործը, երբ հարկադիր տարագրութեան մէջ կազմակերպեցին սփիւռքը, ողնաշար պահեցին, Հայ դատը աշխարհի քաղաքական օրակարգ բերեցին:

Նրանք այդ արեցին, որովհետեւ հաւատում ու աշխատում էին: Հաւատում էին Հայաստանին: Գործում էին պատասխանատուութեամբ:

Այդ նրանք են արել` մեր նախնիները:

Դաշնակցութեան պատմութեան դափնիները մեր սերնդինը չեն: Ու մենք ամենավերջին անարժանը կը լինենք, եթէ մսխենք նրանց թողածը, եթէ չկարողանանք մեր բաժին բեռը պատուով տանել:

Եթէ ժամանակին համաքայլ չլինենք, եթէ էութիւնը, խորքը պահելով` անընդհատ չարդիականանանք: Եթէ մեզանից յետոյ եկողներին չփոխանցենք ազատ, ուժեղ, բարեկեցիկ Հայաստան ունենալու հաստատակամութիւնը:

Արդէն 25 տարի Դաշնակցութիւնը սեփական հայրենիքում, սեփական անկախ պետականութեան մէջ լիարժէք գործող քաղաքական կուսակցութիւն է:

Այո՛, մենք հետեւողական ենք եղել, ամբոխավարութեամբ չենք զբաղուել, այսօր չենք ասել մի բան, երկու օր յետոյ` հակառակը: Շարունակել ենք հաւատարիմ մնալ ազգային եւ համամարդկային արժէքներին: Վճռական ենք եղել ազատ, ժողովրդավարական, արդար պետութիւն կառուցելու ջանքում:

Այո՛, քաղաքական առումով մեծ սխալներ, կարծես, չենք գործել: Ե՛ւ իշխանութեան, ե՛ւ ընդդիմութեան մէջ պահել ու չենք զիջել մեր կուսակցութեան անկախութիւնն ու ինքնուրոյնութիւնը:

Բայց որքան քիչ բան ենք արել:

Անկախ պետականութեան պայմաններում չենք կարողացել հայ հանրութեանը կազմակերպել, գիտակից, իր իրաւունքները պաշտպանող քաղաքացի, համերաշխ հասարակութիւն, վստահութեան միջավայր ձեւաւորել:

Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելութիւնը, չարութիւնը նուազեցնել:

Չենք կարողացել քիչ, թէ շատ արդար համակարգ ստեղծել, սեփական իշխանութեան ու սեփական ժողովրդի միջեւ անջրպետը վերացնել, քիչ, թէ շատ առողջ, հոգեւոր, բարոյական, մշակութային մթնոլորտ ստեղծել:

Չենք կարողացել ազգային միեւնոյն արժեչափերով առաջնորդուող քաղաքական, տնտեսական, ռազմական, հոգեւոր-մշակութային ընտրանի ստեղծել:

Չենք կարողացել սփիւռքը կազմակերպուած, հնարաւորինս միասնական ուժի վերածել, որ ոչ միայն ինքն իրեն, այլեւ Հայաստանին ու Արցախին, մեր բանակին յենարան կը դառնար:

Չենք կարողացել Դաշնակցութեան ներսում ազատ մտքի, բանավէճի, նորացնող ինքնաքննադատութեան մշակոյթ ձեւաւորել:

Չենք կարողացել, ի վերջոյ, Դաշնակցութեան էութիւնը, ժողովրդավարական բնոյթը, նպատակները, գործելակերպը պարզ, մատչելի մեր ժողովրդի լայն հատուածներին, նոր` անկախութեան սերնդին ներկայացնել ու իբրեւ կառոյց` ուժեղանալ նրանցով:

Ահա թէ ինչքան բան չենք արել:

Ահա թէ ինչ վիթխարի անելիք ունենք:

Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ,

Տօնական օրուայ իմ այս խօսքը այլ կերպ չէի կարող կառուցել: Չարածի գիտակցումը, դաշնակցականի պատիւը մեզ պարտադրում են նայել առաջ եւ աշխատել ու աշխատել:

Դաշնակցութիւնը արժանապատիւ կեանքի վճռական կուսակցութիւն է: Մենք շատ գործ ունենք: Եւ միասին անելու ենք այդ:

Անելու ենք` հաւատալով Հայաստանին, գործելով պատասխանատուութեամբ: Անելու ենք յանուն մեր բարձրագոյն արժէքների:

Յանուն հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացու:

Յանուն Հայաստանի անկախ պետականութեան, յանուն Արցախի:

Յանուն հայկականութեան:


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>