Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Լրագրողներու Համահայկական 8-րդ Համաժողով

$
0
0

ananyan_111716

«Լրագրութիւնն Այն Եզակի Մասնագիտութիւնն Է, Որը Գտնւում Է Ներկայի, Անցեալի Եւ Ապագայի Կիզակէտում». Արամ Անանեան

«Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագիրով կայացած Լրագրողների համահայկական համաժողովին ծիրին մէջ կայացած է հետեւեալ զրոյցը, «Արմենփրես» լրատուական գործակալութեան տնօրէն Արամ Անանեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Ձեր զեկուցման թեման է «Լրատուութեան ապագան. ժամանակակից լրատուական միտումները` համահայկական տեղեկատուական միասնական ցանցի ձեւաւորման պարունակում». անշու՛շտ, կարեւոր թեմա է լրագրութեան ապագան, սակայն պակաս կարեւոր չէ լրագրութեան ներկան. ո՞րն է ձեզ մտահոգող ամենակարեւոր խնդիրն այդ ոլորտում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Լրագրութիւնն այն եզակի մասնագիտութիւնն է, որը գտնւում է ներկայի, անցեալի ու ապագայի կիզակէտում: Որքան մեզ շրջապատող աշխարհում աւելանում ու արագանում  են փոփոխութիւններն, այնքան լրագրութիւնը տեղափոխւում է դէպի ապագայ. դա, ի հարկէ, չի նշանակում, որ մենք ճշմարտութիւնն ու իրականութիւնն արձանագրելու փոխարէն` պէտք է գլխակորոյս նետուենք կանխատեսումների դաշտ, այլ այն, որ  խնդիրները, որոնք մեր մասնագիտութեան առջեւ ծառանալու են 5-10-15 տարի յետոյ, շատ աւելի արագ են դառնում առօրէական: Այս առումով 5 կարեւոր միտումներ կան, որոնցից մէկը արհեստագիտութիւնների զարգացումն է, երկրորդը, որն այսօր խիստ ակնյայտ է, բովանդակութեան համար կատաղի պայքարն է, երրորդը, արհեստագիտութիւնների զարգացմանը զուգահեռ, լրատուամիջոցների թուի աճն է, չորրորդը` պետութիւն-լրատուամիջոցներ-պիզնես ձեւաչափերի փոփոխութիւնը, եւ հինգերորդը` մասնագիտական առումով ամենակարեւորներից մէկը` բարոյագիտական  լրատուութեան խնդիրները, որոնք նոյնպէս ձեւափոխումների են ենթարկւում: Սա՛ է հարցերի  այն մօտաւոր շրջանակը, որոնց ես անդրադառնում եմ, որովհետեւ այդ համաշխարհային միտումներն այս կամ այն չափով ազդում են նաեւ համահայկական լրատուական իրականութեան վրայ:

Հ.- Ծնուելով ու մեծանալով  ճանաչուած մտաւորականի`  հայերենասէր ու հայրենասէր Լեւոն Անանեանի ընտանիքում, կարծում  եմ` ձեզ էլ  ժառանգաբար փոխանցուել են  այդ արժէքները,  եւ դուք որպէս հայ  ու լրատուամիջոցի ղեկավար` անշուշտ պէտք է մտահոգուած լինէք  հայոց լեզուի  վիճակով մեր լրատուամիջոցներում:

Պ.- Ի հարկէ՛, այդ մտահոգութիւնը կայ. մեծացել է լրատուամիջոցների թիւը, եւ դա չի կարող բացասաբար չազդել թէ՛ լեզուի, թէ՛ մատուցուող լրատուութեան որակի վրայ, որովհետեւ առաջարկի եւ պահանջարկի  հաւասարակշռութեան բացակայութիւնը մեզ կանգնեցրել է մի իրողութեան առջեւ, երբ խմբագիրները, լրատուամիջոցների ղեկավարները շատ սահմանափակ ընտրութիւն են ունենում` զտելու լաւ մարդուժ: Ասեմ նաեւ, որ մեր բազմաթիւ լրատուամիջոցների տնտեսական վիճակն էլ նախանձելի չէ, եւ դա էլ  լրացուցիչ սահմանափակումներ է ստեղծում, սակայն  դրանք արդարացում չեն կարող լինել, եւ հայոց լեզուն, լրատուամիջոցների հայերէնն այդ ամէնից պէտք չէ տուժի. իւրաքանչիւրն, ով իրեն տեսնում է այդ ոլորտում, պէտք է մեծագոյն պատասխանատուութեամբ վերաբերուի հայոց լեզուին:

Հ.- Համամի՞տ էք արդեօք ստեղծուած այն կարծիքին, թէ համացանցը, կայքերը  մեր կեանքից դուրս են մղել տպագիր մամուլը:

Պ.- Ես կարծում եմ, որ պատմութիւնը փաստել է, եւ կապի որեւէ միջոց, տպագիր մամուլ չի անհետացել. եթէ այն ասելիք ու անելիք ունի, երբեք չի անհետանայ, պարզապէս կարող են փոխուել կրիչները, կարող է փոխուել արհեստագիտութիւնը, սակայն չի անհետանալու այն լրատուամիջոցը, որն առաջարկելու է ինքնատիպ, հետաքրքիր, բովանդակալից նիւթեր` անկախ կրիչից. խնդիրը կրիչը չէ, այլ` բովանդակութիւնը:

Հ.- Որքանո՞վ էք կարեւորում  նման համաժողովները, եւ արդեօք  զգալի, շօշափելի՞ է դրանց արդիւնաւէտութիւնը:

Պ.- Սա արդէն 8-րդ համաժողովն է, որը համընկել է  Հայաստանի անկախութեան 25-ամեակին, դրանում էլ մեծ խորհուրդ կայ: Փաստը վկայում է, որ համաժողովների նման ձեւաչափերը խիստ պահանջուած են. միայն մենք չենք, որ այս ձեւաչափով համաժողովներ ենք անում: «Արմէնփրես»-ը Հայաստանի ամենամեծ միջազգային ներգրաւուածութիւն ունեցող լրատուամիջոցներից է. մենք շուրջ 20 գործակալութիւնների հետ երկկողմ յարաբերութիւններ ունենք, մի քանի միջազգային լրատուական կազմակերպութիւնների անդամ ենք եւ տեսնում ենք, թէ մեր գործընկերներն իրենց երկրներում ինչպէ՛ս են կազմակերպում նման համաժողովները: Այսինքն այսպիսի համաժողովները պահանջուած են, եւ ակնկալում եմ, որ քննարկումները կը լինեն նոյնքան արդիական, որովհետեւ խորագիրը հայոց պետականութեան շուրջ համախմբուելն է:

Զրուցեց ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>