Ստորեւ` Պելճիքայի ֆլամանական թերթերէն` «Տը Սթանտարտ»-ին մէջ լոյս տեսած Ստէյն Քոլսիցի հոլանտերէն գրութեան` Պելճիքայի եւ Հոլանտայի Հայ դատի յանձնախումբերու հայերէնի թարգմանութիւնը, ուր կ՛արծարծուին պելճիքացի նախկին պատգամաւոր եւ նախարար Մարք Վերուիլխենի Ազրպէյճանի համար տարած «գեղագիտական» աշխատանքները.
Ինչո՞ւ Է Մի Քննադատուած Իշխանութիւն Ուոթերլոյում Արուեստի Մի Գործ Հովանաւորում
Մարք Վերուիլխենը փորձում է փրկել Ազրպէյճանի հեղինակութիւնը: Արդարադատութեան նախկին նախարար եւ սպիտակ ասպետ` Մարք Վերուիլխենը պելճիքական եւ եւրոպական կառոյցներում քարոզչութիւն է կատարում յօգուտ Ազրպէյճանի: Երկիր, որի իշխանութիւնը լուրջ քննադատութեան է ենթարկւում:
«Տը Սթանտարտ»-ի Խմբագիր Ստէյն Քոոլսից (19 Հոկտեմբեր 2016)
Փետրուարի կէսերից սկսած Վաթերլոյի գրադարանի կողքին ցուցադրւում է ազրպէյճանցի գրող Խորշիտպանու Նաթաւանի արձանը: Նրա աշխատանքների եւ այս Վալոնեան Պրապանթի քաղաքի մէջ, սակայն որեւէ կապ գոյութիւն չունի: «Այնուամենայնիւ Ուոթերլոն Եւրոպայում կարեւոր խորհրդանշական վայր է: Հէնց այդ պատճառով էլ տրուել է այս նուէրը», հիմնաւորում է Մարք Վերուիլխենը, որն այս ամսուայ սկզբից իրաւասու է իրեն անուանելու «ԹԻԱՍ – Պենէլիւքս»-ի (Եւրոպայի ազրպէյճանական կազմակերպութեան) տնօրէն: Մինչ այդ նա տնօրէնն էր Պելճիքայի ԹԻԱՍ-ի: Այս անուանափոխութիւնը տեղի ունեցաւ վերջերս, երբ կազմակերպութիւնն իր գրասենեակը տեղափոխեց Եւրոպական թաղամասի կենտրոն, որը վկայում է կազմակերպութեան առաւել մեծ յաւակնութիւնների մասին:
Մեր երկրում Վերուիլխենը աւելի ճանաչուած է որպէս արդարադատութեան, ապա նաեւ տնտեսութեան եւ ուժանիւթի նախկին նախարար: Բայց այս պահին նախկին պահպանողականը կենտրոնացել է իր փաստաբանական գրասենեակի աշխատանքների վրայ, ինչպէս նաեւ զբաղուած է ազրպէյճանական շահերի պաշտպանութեամբ: Սրա հետ է կապուած նաեւ Ուոթերլոյի արձանի հովանաւորման եւ բացման նախաձեռնութիւնը:
«Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:
Այս երկիրը, որը գտնւում է արեւելեան Եւրոպայի եւ արեւմտեան Ասիայի սահմանագծին, տարիներ շարունակ զբաղուած է իր հեղինակութեան քարոզչութեամբ: Միջազգային տարբեր ցանկերում փտածութեան եւ ժողովրդավարութեան վիճակի առումով Ազրպէյճանը գտնւում է միջինից ցածր եւ վատ ցուցանիշ ունեցող երկրների շարքում: «Էմնըսթի ինթըրնեշընըլ» կազմակերպութիւնը խստօրէն քննադատել է հասարակութեան միջնախաւի նկատմամբ բռնարարքները եւ քաղաքական ընդդիմախօսների հետապնդումները: Այս գնահատականներից երկիրն ուզում է ազատուել: Վերուիլխենն ասում է. «Ես չեմ խուսափում մարդու իրաւունքներին վերաբերող դժուարին հարցերից: Այդ ուղղութեամբ դեռ քայլեր պէտք է ձեռնարկուեն, իսկ դա ժամանակ է պահանջում»:
Նախկին նախարարը չի փորձում հանդէս գալ որպէս քննադատուող երկրի դէմքը ներկայացնող գործիչ. «Այդ դերը վերապահուած է դեսպանին», ասում է նա: Նա ներկայանում է որպէս արհեստավարժ մասնագէտ` յստակ պարտականութիւններով, որոնք են` կազմակերպութիւնների միջեւ կապի հաստատում, տեղական մշակոյթի ծանուցում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ ուշադրութեան գրաւում:
Այս խնդիրներն ամբողջութեամբ համապատասխանում են նրա կերպարին: 2013-ին ազրպէյճանցիները հէնց նրան մօտեցան, քանի որ նա նախկին քաղաքական գործիչ է եւ անհրաժեշտ կապեր ունի: Միեւնոյն ժամանակ նա գիտի տեղական եւ եւրոպական քաղաքականութեան բոլոր նրբութիւնները, մարդու իրաւունքների գիտակ է եւ լաւ գաղափար ունի ուժանիւթի շուկայից. նա իրեն այսպէս է բնութագրում: Երկիրն ունի նաւթի եւ կազի մեծ պաշարներ: Իր` պաշտօն զբաղեցրած տարիներին նա ուժանիւթի հարցերով բազմաթիւ հանդիպումներ է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի, տարբեր նախարարների եւ խորհրդարանի անդամների հետ: Այս մասին ԹԻԱՍ կազմակերպութեան հրապարակումների մէջ նա ասել է. «Ես ամբողջութեամբ ներգրաւուել էի Պաքուի կեանքի մէջ»:
Խաւիարային Դիւանագիտութիւն
«Քորփորըթ Եուրոփ օպզըրվեթըրի» ոչ կառավարական կազմակերպութիւնը իր` անցած տարի հրապարակած զեկոյցի մէջ գրում է, որ աւտորիտար համարուող այս պետութիւնը լուրջ գումարներ է ներդնում միջազգային միջոցառումներ կազմակերպելու ուղղութեամբ, որոնցից էին Ֆորմիւլա 1-ի «Կրան փրի»-ն եւ համաեւրոպական խաղերը, որոնք կազմակերպուեցին անցած ամառ: Ի հարկէ, այս միջոցառումների հետ մէկտեղ մեծ աշխատանք է կատարւում քուլիսների յետեւում, որը կոչւում է` խաւիարային քաղաքականութիւն: Այս որակումն առաջին անգամ օգտագործուել է Իւրոփիըն Սթապիլիթի Ինիշիաթիւ հետազօտական կազմակերպութեան կողմից` բնորոշելու համար որոշ եւրոպական քաղաքական գործիչների վարքը, երբ նրանց նկատմամբ Ազրպէյճան կատարած այցի ժամանակ յատուկ վերաբերմունք էր ցուցաբերուել:
Մեր երկրում ԹԻԱՍ-ը կազմակերպում է գործարարութեան խոշոր միջոցառումներ` հրաւիրելով երկրի ամենաազդեցիկ ձեռնարկատէրերին եւ հիմնարկութիւնների ղեկավարներին, նրանց ցուցադրելու, թէ Ազրպէյճանը ի՜նչ գրաւիչ երկիր է գործարարութեան համար: Ի հարկէ միայն դա չէ: Սրա կողքին, Պելճիքայի հաւաքականը հովանաւորուեց Պաքուի համաեւրոպական խաղերին մասնակցելու համար, խորհրդարանում լուսանկարների ցուցահանդէս, «ՊՈԶԱՐ»-ում (Brussels Centre for Fine Arts) ժապաւէնի ցուցադրութիւն եւ համերգ կազմակերպուեց, արձանի տեղադրում հովանաւորրուեց եւ այլն: ԹԻԱՍ-ը «Կապալա» ֆութպոլային ակումբի սեփականատէր, 31-ամեայ Թալէ Հայտարովի գաղափարն է: «Կապալա»-ն Եւրոպայի Լիկայում «Անտրլեխթի» հակառակորդն է: Իսկ Թալէի հայրը յօրինող, զօրավար գնդապետ Քամալէտտին Հայտարովն է, որն այս պահին զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտօնը: Նա երկրի ամենահզօր անձանցից է համարւում:
Անցած ամսուայ վերջին նախագահ Ալիեւը հրաւիրեց միջազգային մամուլի ասուլիս եւ հրապարակեց հանրաքուէի արդիւնքները, ըստ որի, նախագահութեան ժամկէտը հինգից վերածւում է եօթ տարուայ: Նախկինում նմանօրինակ մի հանրաքուէ նրան թոյլ էր տուել անսահմանափակ թուով նախագահութեան թեկնածու առաջադրուել:
Մարք Վերուիլխենի Կենսագրութիւնը
Իրաւապաշտպան Մարք Վերուիլխենը (ծն. 1952թ.) իր ասպարէզը սկսել է որպէս Տենտերմոնտէ քաղաքի աւագանու անդամ` PVV պահպանողական կուսակցութիւնից: 1991-ին նա դարձաւ խորհրդարանի անդամ: «Տութրոյի» հարցից յետոյ Վերուիլխենը սպիտակ ասպետ կոչուեց, ով խաչակրաց արշաւանք սկսեց ոստիկանութեան եւ դատական համակարգի ձախողումների դէմ: 1999-ին նա ինքը դարձաւ արդարադատութեան նախարար, որից յետոյ ղեկավարեց զարգացման համագործակցութեան նախարարութիւնը: Իսկ 2004-2007 ժամանակահատուածում տնտեսութեան, արտաքին առեւտրի եւ ուժանիւթի նախարարն էր:
2005-ին Վերհոֆսթատի կառավարութիւնը նրան ներկայացրեց Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատարի պաշտօնին, սակայն Պելճիքայի քաղաքականութեան մէջ տիրող իրավիճակի պատճառով նա այդպէս էլ չընտրուեց: Ազգային քաղաքականութեան մակարդակի վրայ նա իր ասպարէզը աւարտեց 2010-ի` որպէս խորհրդարանի անդամ: Այդ ժամանակից նա իր ուշադրութիւնը կենտրոնացրեց իր` Քնոքէ-Հէյսթի փաստաբանական գրասենեակի հարցերին: