![Թանգարանի տնօրէն Նունէ Աւետիսեան կը կատարէ բացման խօսքը](http://i1.wp.com/www.aztagdaily.com/wp-content/uploads/2016/10/Noune-Avedissian_103116.jpg?resize=640%2C426)
Թանգարանի տնօրէն Նունէ Աւետիսեան կը կատարէ բացման խօսքը
Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանը հիմնադրուած է խորհրդային դժուարին պայմաններու տակ` գլխաւորութեամբ արուեստաբան Հենրիկ Իգիթեանի եւ խումբ մը արուեստագէտներու աջակցութեամբ: Իր գործունէութեան 44 տարիներու ընթացքին թանգարանը մեծ եւ կենսական դեր կատարած է հայրենի ժամանակակից արուեստի կազմաւորման, զարգացման եւ տարածման մէջ: Ցարդ թանգարանի տարածքն ու պայմանները միշտ անբաւարար եղած են, հայ կերպարուեստի որակին եւ քանակին համեմատ: Այսօր յոյս կայ, որ աւելի ընդարձակ տարածք եւ յարմարաւէտ պայմաններ պիտի տրամադրուին թանգարանին:
Անցնող սեպտեմբերին Հայաստանի Բ. հանրապետութեան 25-ամեակի առիթով, գործակցաբար հայրենի «Բարձր արուեստ» ցուցասրահի տնօրէնութեան, թանգարանին մէջ կազմակերպուած էր յատկանշական ցուցահանդէս մը, որուն ընթացքին մեր աշխատակիցը հանդիպում մը ունեցաւ տնօրէնուհի Նունէ Աւետիսեանին հետ ու դիմեց անոր միայն մէկ հարցումով:
ՀԱՐՑՈՒՄ.- Այժմ ի՞նչ վիճակի մէջ կը գտնուի Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանը եւ ի՞նչ գործունէութիւն կը վարէք:
ՆՈՒՆԷ ԱՒԵՏԻՍԵԱՆ.- Արդէն վեց տարի է, ինչ Ժամանակակից արուեստի թանգարանի տնօրէնն եմ: Թանգարան որը հիմնադրուել է 1972թ.-ին ` արուեստաբան Հենրիկ Իգիթեանի եւ այն ժամանակուայ քաղաքապետ Գրիգոր Հասրաթեանի շնորհիւ: Թանգարանը` հիմնադրման պահին եւ հետագայ 20 տարիների ընթացքում, ժամանակակից արուեստի միակ կեդրոնն էր Խորհրդային Միութեան ողջ տարածքում:
Մեծ պատասխանատուութիւն է շարունակել մի մարդու գործ, ով 37 տարի եղել է այդ հիմնարկի միակ ղեկավարը: Սակայն, շնորհիւ թանգարանի անձնակազմի եւ, յատկապէս, արուեստաբան Զառա Այրումեանի, ով 26 տարի աշխատել է Հ. Իգիթեանի հետ, ես կարողացայ բաւականին արագ մտնել թանգարանի առօրեայի մէջ:
Այդպիսի նուիրեալ աշխատանքի համար ուզում եմ շնորհակալութիւն յայտնել թանգարանի ողջ անձնակազմին:
Թանգարանն այս տարիների ընթացքում համալրուել է մօտ 300 նոր աշխատանքներով: Կազմակերպուել եւ շարունակւում են կազմակերպուել թէ՛ անհատական, թէ՛ խմբակային բազմաթիւ ցուցահանդէսներ, որոնց մի մասը ներկայացնում են օտարերկրեայ ստեղծագործողները` Գերմանիայից, Նորվեկիայից, Քանատայից, Զուիցերիայից, Ֆրանսայից, Աւստրալիայից եւ այլ երկրներից: Հետաքրքիրն այն է, որ վերջիններս այնքան գոհ են մնում մեզ մօտ ունեցած ցուցահանդէսներից, որ հետագայում ցանկանում են վերադառնալ նոր ծրագրերով:
Նշեմ նաեւ, որ մինչ ցուցահանդէսի կայանալը` մենք ի հարկէ քննարկում ենք ներկայացուող աշխատանքների համապատասխանութիւնը թանգարանի ընդհանուր չափանիշներին: Այն չափանիշներին, որոնցով ուղղորդւում էր Հենրիկ Իգիթեանը թանգարանը ստեղծելիս:
Ցուցահանդէսային գործունէութիւնից բացի, թանգարանը իրականացնում է նաեւ ուսուցողական դասընթացներ, սեմինարներ, փառատօններ, որոնք միաւորում են կերպարուեստը եւ ժամանակակից երաժշտութիւնը: Թանգարանը իրականացնում է նաեւ տպագրական գործունէութիւն` գրքերի, ալպոմների, նկարիչների անհատական քաթալոկների, օրացոյցների, բացիկների տեսքով:
Մենք գիտենք, որ մեր թանգարանը սիրում են: Այդ փաստը, ինչպէս հպարտանալու առիթ է տալիս, այնպէս էլ առաջ է բերում մեծ պատասխանատուութիւն` համապատասխանել այսօրուայ միջազգային չափանիշներին, այն ամէնին, ինչ կատարւում է այսօր ժամանակակից արուեստի դաշտում, աշխարհի խոշոր թանգարանային կեդրոններում: Սակայն ժամանակակից նախագծեր ներկայացնելու համար, հետագայ հեռանկարային քաղաքականութիւն ձեւաւորելու համար թանգարանին, ի հարկէ, հարկաւոր են ժամանակակից պատշաճ պայմաններ, որ ցաւօք այսօր թանգարանը չունի: Մենք ուզում ենք լաւատես լինել, եւ յոյս ունենք, որ մօտ ապագայում կը ստանանք հնարաւոր օգնութիւն` թէ՛ պետական մարմինների, թէ՛, ո՞վ գիտի, որեւիցէ անհատի կողմից: