ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Հոկտեմբերի 20-ի խափանարարական յարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրայ եւ, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թեւակոխող լարուածութիւնը դեռ այս տարուայ յունիսին թոյլ տուած դիւանագիտական սայթաքման հետեւանքն է: Պաշտօնական Երեւանը սխալուեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննայում երեք յայտնի պայմանաւորուածութիւնները ձեռք բերելուց յետոյ, առանց դրանց կատարման, Ս. Փեթերսպուրկի գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանաւորուածութիւններից բացի, քննարկել նաեւ բուն կարգաւորման գործընթացը, այսինքն` երբ հրաժարուեց ապրիլից մինչ այդ պահը կիրառուող իր նախապայմանային մարտավարութիւնից: Հէնց այդ ժամանակ Երեւանը ներշնչեց պաքուին, որ կարող է Ռուսաստանի օգնութեամբ ստիպել Հայաստանին եւ միւս համանախագահներին` մոռանալ հրադադարը սահմանագծին ամրապնդելու` իր ստանձնած յստակ պարտաւորութիւնների կատարման մասին:
Քանի դեռ Ազրպէյճանը բաւարարւում էր շփման գծում հրադադարը միայն հրազէնային միջոցներով խախտելով եւ ինչ-որ չափով պահպանում էր յարաբերական կայունութիւնը, հայկական կողմը, քաղաքական, դիւանագիտական առումով, կաշկանդուած էր Ս. Փեթերսպուրկում թոյլ տուած սայթաքումը սրբագրելու հարցում: Սակայն թէ՛ ԼՂ-ին նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակը շնորհելու մասին Ալիեւի յայտարարութեամբ, եւ թէ՛ յատկապէս, խափանարարական յարձակումները կատարելով` Պաքուն Երեւանին, կամայ, թէ ակամայ, ընձեռում է այդ սխալն ուղղելու հնարաւորութիւն: Լեռնային Ղարաբաղի կարգաւորման հարցով որեւէ բանակցութիւն` առանց Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի պայմանաւորուածութիւնները կատարելու, այլեւս նշանակելու են վերջնականապէս ընկնել ալիեւեան թակարդը: Ըստ էութեան, Սարգսեան-Ալիեւ որեւէ նոր հանդիպում ընդունելի կարող է լինել միայն այն դէպքում, եթէ հանդիպման օրակարգում այդ պայմանաւորուածութիւնների կատարման մեքանիզմների, ժամկէտների յստակեցման հարցերն են եւ ոչ աւելին: Եթէ Ալիեւը կարող է իրեն թոյլ տալ միջազգային հանրութեան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Հայաստանի հետ խօսել վերջնագրերի լեզուով, ապա Հայաստանն ու Արցախն առաւել քան ունեն այդ իրաւունքը: Ի վերջոյ, հրադադարի համաձայնագրերը ոչ թէ իրենք են խախտել, այլ Ազրպէյճանը, եւ ոչ թէ իրենք են հրաժարւում հրադադարի ամրապնդման ստանձնած պարտաւորութիւնների կատարումից, այլ` Ազրպէյճանը:
Հոկտեմբերի 22-ին Երեւանում կայացել է Հայաստանի եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարներ Էտուարդ Նալբանդեանի եւ Կարէն Միրզոյեանի հանդիպումը: ՀՀ արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական հաղորդագրութեան մէջ շեշտւում է, որ ԼՂ հիմնահարցը նրանք քննարկել են Վիեննայում եւ Ս. Պեթերսպուրկում կայացած գագաթաժողովներում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների պարունակում: Ուշագրաւ է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` Պաքուից Երեւան եւ Ստեփանակերտ ժամանելու նախօրէին: Պէտք է ենթադրել, որ այն առաջնահերթօրէն հետապնդում է համանախագահների հետ բանակցութիւններում Երեւանի եւ Ստեփանակերտի միասնական դիրքորոշումը ձեւակերպելու նպատակ:
Փաստը, որ հանդիպումն ընթացել է Վիեննայի եւ Ս. Փեթերսպուրկի պայմանաւորուածութիւնների պարունակում, թոյլ է տալիս ենթադրել, որ դիրքորոշումների նոյնացումը վերաբերում է առաջին հերթին այդ պայմանաւորուածութիւնների կատարումը որպէս որեւէ նոր բանակցութեան նախապայման ներկայացնելուն: Եթէ Պաքուն չի ցանկանում դրանք կատարել, ուրեմն ցանկացած դէպքում իմաստ չկայ մտնելու բանակցութիւնների մէջ, որովհետեւ մնացած բոլոր տարբերակներում Պաքուն գործում է պատերազմի տրամաբանութեամբ: Իսկ պատերազմին նախապատրաստւում են, ոչ թէ ապաւինում անիմաստ բանակցութիւններին:
Այս իմաստով պէտք է յատկանշական համարել հոկտեմբերի 21-ին Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի` ԼՂՀ կատարած այցը: Բացի նրանից, որ դա տեղի ունեցաւ համանախագահների այցի նախօրէին, թերեւս` ոչ պատահականօրէն, պաշտօնապէս տեղեկացուեց, որ այցը կայանում է «ռազմական փոխհամագործակցութեան, փորձի փոխանակման եւ գործողութիւնների համադրման ծրագրի շրջանակներում»: ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանի հետ նախարար Սարգսեանը քննարկել է հայկական երկու հանրապետութիւնների ռազմական համագործակցութեանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշուել են պաշտպանական ոլորտում իրականացուելիք հետագայ աշխատանքների կարեւորագոյն ուղղութիւնները: Սա կարեւոր ուղերձ պարունակող այց է:
Դեռ ապրիլեան պատերազմի օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը արտաքին գործերի եւ պաշտպանութեան նախարարութիւններին յանձնարարեց մշակել Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմական փոխօգնութեան համաձայնագիրը: Բայց այն կասեցուեց` փաստացի Վիեննայի գագաթաժողովում հայկական կողմի ձեռք բերած դիւանագիտական դիրքային լուրջ առաւելութեան պատճառով: Հիմա, երբ Պաքուն ամէն ինչ անում է այդ առաւելութիւնը չէզոքացնելու համար եւ հետեւողականօրէն վերադառնում պատերազմի հռետորաբանութեանն ու քաղաքականութեանը, Երեւանը միջնորդներին փաստացի հասկացնում է, որ կրկին օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմական փոխօգնութեան համաձայնագիր ստորագրելու հարցը, որը ոչ այլ ինչ է, եթէ ոչ` ԼՂՀ-ի տէ ժիւրէ ճանաչում եւ ուղղակիօրէն Ազրպէյճանի հետ պատերազմի մէջ մտնելու իրաւական հիմքերի ստեղծում:
Որ հայկական կողմն իսկապէս աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումը` աւելի ու աւելի հակուելով զիջումների չգնալու մօտեցմանը, հաստատեց նաեւ հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում Հայաստանի պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանի յայտարարութիւնը, ըստ որի` «…մենք միշտ պէտք է պատրաստ լինենք արձագանգելու, արձագանգելու` ինչպէս հակահարուած հասցնելով, այնպէս էլ պատժիչ միջոցառումներով` այդպիսի փորձերի (խափանարարական ներթափանցումների, հեղ.) ցանկութիւնը կանխելու համարէ: Փաստօրէն Հայաստանի պաշտպանութեան նախարարը խօսում է հակառակորդի դէմ պատժիչ գործողութիւններ իրականացնելու հնարաւորութեան մասին: Սա նշանակում է, որ թերեւս անակնկալի բերելու հերթը հայկական բանակինն է, մանաւանդ որ ապրիլին խախտուած բնագծերը վերականգնելու խնդիր կայ: Ալիեւն ինքն է իր անպատասխանատու եւ չյարմարուող վարքագծով տալիս այդ քարտ պլանշը հայկական կողմին, եւ դրանից չօգտուել չի կարելի:
«Երկիր»