ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ
Հոկտեմբերի 20-24-ը կայանալիք «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին ընդառաջ` «Հայերն այսօր»-ը զրուցել է լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան նախագահ, «Նոյեան Տապան» լրատուական-վերլուծական կենտրոնի տնօրէն Տիգրան Յարութիւնեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Լրագրողների համահայկական համաժողովի կազմակերպումը, առհասարակ, ի՞նչ նպատակ ունի:
ՏԻԳՐԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ.- Հայ լրագրողների եւ հայկական լրատուամիջոցների ղեկավարների համախմբումը մեր կազմակերպութեան` Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան հիմնական նպատակներից մէկն է: Այդ նպատակի իրագործմանն է ուղղուած, մասնաւորապէս, լրագրողների համահայկական համաժողովների կազմակերպումը` սկսած 2002 թուականից: Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութեամբ անցկացուող այդ համաժողովներն ի թիւս այլ հարցերի, նպատակ ունեն նպաստելու աշխարհի հայկական լրատուամիջոցների միջեւ լրատուական համերաշխութեան եւ համատեղ աշխատանքի մթնոլորտի ձեւաւորմանը, եւ արդիւնքում` հայկական մամուլի ուժերի համակարգման, փոխհամաձայնեցուած աշխատանքի միջոցով հասնել համահայկական, ազգային նշանակութեան խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները բոլորիս համար ակնյայտ են. աշխարհում Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը, ղարաբաղեան հարցի արդարացի լուծումը եւ աշխարհում խնդրի ճշգրիտ ներկայացումը, Հայաստան-արցախ-սփիւռք, սփիւռք-սփիւռք տնտեսական, մշակութային եւ այլ կապերի ստեղծումն ու ամրապնդումը, Հայաստանի տնտեսական հզօրացումը եւ միջազգային ներգրաւուածութեան մեծացումը, Հայաստանում ժողովրդավարութեան կայացումը եւ Հայաստանի Հանրապետութեան պետականութեան ամրապնդումը:
Վստահ եմ, որ աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական լրատուամիջոցների միասնական աշխատանքը միայն կարող է նպաստել ազատ, ժողովրդավարական Հայաստանի` համայն հայութեան գաղափարախօսական եւ մշակութային կեդրոն դառնալուն, հայկական մշակութային արժէքների պահպանմանը եւ տարածմանը, ընդհանուր համահայկական տեղեկատուական դաշտի ստեղծմանը, լրատուութեան փոխանակման հնարաւորութեանը:
Հ.- Լրագրողների համահայկական համաժողովները մինչ այժմ շօշափելի ի՞նչ արդիւնքների են հասել, ձեռքբերումները որո՞նք են:
Տ. Յ.- Լրատուամիջոցների առաջին համահայկական համաժողովը տեղի է ունեցել 2002 թուականին` Եւրոպայում, եւ կրում էր` «Եւրոպահայ մամուլի առաջին ֆորում» անուանումը:
Դրան յաջորդել են 2003 եւ 2006 թուականների «լրատուամիջոցների համահայկական համաժողովները»` Հայաստանում: Հէնց երկրորդ համաժողովի ընթացքում (2003 թ., Ծաղկաձոր) առաջացաւ գաղափար, իսկ երրորդ համաժողովի ընթացքում (2006 թ., Ծաղկաձոր) իրականացուեց մեր կազմակերպութեան` «Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան» ստեղծումը: Ստեղծուեց նաեւ «Հայերն այսօր» ելեկտրոնային տեղեկագիրը, որը հետագայում, Հայաստանի սփիւռքի նախարարութեան ստեղծուելուց յետոյ, դարձաւ նախարարութեան պաշտօնական պարբերականը: Հետագայ 10 տարիների ընթացքում ընկերակցութեան եւ յաջորդ համաժողովների ընթացքում էլ աւելի ամրապնդուեցին կապերը աշխարհի տարբեր երկրներում գործող լրատուամիջոցների միջեւ, եւ դրա շնորհիւ` ընդլայնուեց համագործակցութիւնը, լրատուութեան փոխանակումը եւ այլն:
Եթէ առաջին համաժողովները իրականացել էին կազմակերպիչների (հիմնականում «Նոյեան Տապան» լրատուական կեդրոնի) խանդավառութեան, տարբեր հովանաւորների ֆինանսական աջակցութեան շնորհիւ, ապա չորրորդ համաժողովից սկսած, Հայաստանի Հանրապետութիւնը, սկզբում մշակոյթի, եւ ապա սփիւռքի նախարարութեան միջոցով, սկսեց օժանդակել լրատուամիջոցների համահայկական համաժողովների իրականացմանը:
Համաժողովները սկսեցին ունենալ նաեւ որոշակի թեմայով ուղղուածութիւններ: Այսպէս, հինգերորդ համաժողովի թեման էր` «21-րդ դարի մարտահրաւէրները. տեղեկատուական անվտանգութիւնը եւ հայ լրագրութիւնը», վեցերորդինը` «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ», եօթներորդը նուիրուած էր քարոզչութեան, հակաքարոզչութեան, տեղեկատուական անվտանգութեան հիմնախնդիրներին:
Հ.- Ակնկալիքները որո՞նք են լրագրողների համահայկական 8-րդ համաժողովից: Ձեր կարծիքով, ի՞նչ նոր հանգրուանի կը հասնի Հայաստանի եւ սփիւռքի լրատուադաշտի փոխգործակցութիւնը:
Տ. Յ.- Հոկտեմբերի 20-24 Երեւանում սկսուելու է եւ Ստեփանակերտում աւարտուելու է «Հայոց պետականութիւնը` միասնութեան առանցք» խորագիրը կրող Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը: Կարծում եմ` Երեւան-ստեփանակերտ առանցքի ընտրութիւնը խորհրդանշական է, եւ որոշակի, շատ հասկանալի ուղերձ է պարունակում իր մէջ: Միայն արտերկրից համաժողովին մասնակցելու յայտ են ներկայացրել արդէն հարիւրից աւելի լրատուամիջոցներ: Համաժողովը ուղիղ հեռարձակուելու է համացանցով եւ լինելու է նաեւ ինթերաքթիւ. աշխարհի տարբեր երկրներից հայ լրագրողները կարողանալու են մասնակցել համաժողովի աշխատանքներին համացանցի միջոցով, հարցեր տալ, առաջարկութիւններ անել, ելոյթներ ունենալ եւ այլն: Ի դէպ, այս առցանց հեռարձակման հնարաւորութիւնը եւս արդիւնք է նախկին համաժողովների ընթացքում ձեռք բերուած գործարար կապերի եւ ստեղծուած համատեղ ծրագրերի:
Նշեմ նաեւ, որ ինչպէս նախորդ համաժողովների ընթացքում, այնպէս էլ այս անգամ համաժողովի բոլոր նիւթերը` ընդունուած յայտարարութիւնները, ելոյթները, տեսագրութիւնները, կ՛ամփոփուեն «Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան» www.mediaforum.am կայքում:
Կարծում եմ` այս համաժողովը կը լինի հերթական հզօր քայլն աշխարհի բազմաթիւ երկրներում գործող հայկական լրատուամիջոցների միջեւ կապը եւ արդիւնաւէտ համագործակցութիւնը զարգացնելու գործում: Յուսով եմ, որ համաժողովի ընթացքում կ՛ընդլայնուի նաեւ «Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան» անդամների թիւը (ինչպէս որ եղել է նախորդ համաժողովների ընթացքում), կը հաստատուեն կազմակերպութեան նոր ծրագրերը եւ գործունէութեան ուղղութիւնները: