Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Տէրսիմի Հայերը

$
0
0

ԿԷՕՔՉԵՆ Պ. ՏԻՆՉ

Պատմական ցնցումներով լի շրջանի` անցեալի վշտերով մարդիկ` Տէրսիմի հայերը: Նրանք յիշում են ցնցումներով լի իրենց կեանքը: «Աքթիւել»-ը Տէրսիմում զրուցել է հայերի հետ:

Պատմական ցնցումներով լի շրջանի` անցեալի վշտերով մարդիկ` Տէրսիմի հայերը: Նրանք յիշում են ցնցումներով լի իրենց կեանքը: «Աքթիւել»-ը Տէրսիմում զրուցել է հայերի հետ:

Առաջին անգամ քննելով իրենց ինքնութիւնը` պատմում են իրենց գլխով անցածի մասին «Եթէ երկնքում խըզըրն էլ լինեմ, դարձեալ ասում են` հայ է», «մայրս քիւրտ է, սակայն հօրս ընտանիքը հայ է: Սեպտեմբերի 12-ին ենք իմացել, որ հայ ենք, մինչ այդ մեզ քիւրտ էինք համարում: Պետութիւնը գիտէր, որ մենք հայ ենք, մինչդեռ մենք չգիտէինք: Այդ ժամանակ Անգարայում էի աշխատում, չէի կարողանում գնալ կնոջս, ընտանիքիս մօտ, իմ գիւղ: Եթէ գնում էլ էի, ապա առանց ապտակ ստանալու չէի վերադառնում: Այնուհետեւ ընտանիքիս ինձ մօտ բերեցի: Միայն ծնողներս մնացին այնտեղ: Ըստ էութեան, գիւղերում միայն ծերերն են մնացել, սակայն նրանք էլ վախից չեն ասում, որ հայ են: Այստեղից գաղթած երիտասարդներն ազատ խօսում են իրենց հայութեան մասին»:

Պաշտօնական անուամբ Թունճելիի (Տէրսիմ – «Ակունք»-ի խմբ.) Ալանեազը, ժողովրդական անուամբ` Խոզուն գիւղում ենք: Երբեմնի եկեղեցուց մնացած միակ քարի վրայ նստած` Հասան Փոլաթը պատմում է իր պատմութիւնը: Փոլաթը ծնուել է Ալանեազը գիւղում, թոշակի անցել Անգարայում գիւղական գործերի վարչութիւնում աշխատելուց յետոյ, մայրաքաղաքում որեւէ խնդրի չի հանդիպել, որովհետեւ անձնագրի կրօնի բաժնում «իսլամ» է գրուած եղել: Փոլաթն ասում է, որ իրենց 5 երեխաները դեռեւս տեղեակ չեն իրենց ինքնութեան մասին: Իրականում Փոլաթը Թուրքիայում առաջին անգամ լռութիւնը խախտած համայնքի` Տէրսիմի հայերի անդամ է: Տէրսիմի հայերը, որ 1915 թ. տեղահանութիւնից (Հայոց ցեղասպանութիւնից, «Ակունք»-ի խմբ.)  ցայսօր ապաստանել են Տէրսիմի շրջանում, ցաւակից են եղել 1937-38 թթ. շրջանում կատարուած ողբերգութիւններին, մեծ ցնցումներ են ապրել նաեւ սեպտեմբերի 12-ի եւ 90-ականների ահաբեկչական մթնոլորտում:

«Տէրսիմը Նման Չէ Որեւէ Ուրիշ Վայրի»

Իմանալով, որ տէրսիմցի հայ Միհրան Փրկիչ Կիւլթեքինը պատրաստւում է կազմակերպութիւն հիմնել, հանդիպեցինք նրա հետ: Բռնեցինք Տէրսիմի ճանապարհը, որպէսզի իմանանք, թէ նրա այս որոշման մասին ի՛նչ են մտածում այս շրջանում բնակուողները, ինչպէս նաեւ լսենք բնակիչների պատմութիւնները:

Պատմական ցնցումներով լի այս շրջանում, որտեղ հայ լինելը դեռեւս «հայհոյանք» է, այն դէպքում, երբ մամուլում հեշտութեամբ օգտագործում են այնպիսի նախադասութիւններ, ինչպիսիք են` Թուրքիայում ապրող «ծպտեալ հայերը անջատողականութեան մէջ մեծ դեր են խաղում», ըստ էութեան, կռահում էք, թէ ինչո՛ւ հանդիպեցինք: Տէրսիմում, որը 1926 թ. փետրուարին քաղաքացիական տեսուչ Համտի Պէյի` կառավարութեանը ներկայացրած զեկոյցում ներկայացւում է որպէս «Հանրապետութեան կառավարութեան համար թարախապալար»,  բարձունքից Մնձուր գետին նայող մի սրճարանում երկար խօսեցինք հայերի հետ, որոնք պատմեցին կոտորածների եւ իրենց գլխով անցածի մասին: Ասացին, որ տարիներէ ի վեր հայկական ծագում ունենալու համար դուրս են մղւում, սակայն չցանկացան ձայնագրուել կամ լուսանկարուել: Ոմանք զգուշանում էին` ասելով. «Ես երիտասարդ եմ, եթէ մեր մեծերը իրենց արմատների մասին ոչինչ չեն ասել, ապա ես էլ ի՞նչ ասեմ», «Մեր ինքնութեանը տէր կանգնենք, բայց չշտապենք, Տէրսիմը Թուրքիայի միւս շրջաններից տարբերւում է»:

Բնականաբար նրանց հետ համակարծիք չէ Միհրան Փրկիչ Կիւլթեքինը, ով պատրաստւում է հիմնել Տէրսիմի հայերի միութիւնը եւ այդ շրջանակներում յուլիսի 29-ից օգոստոսի 1-ը տեւած Մնձուրի մշակոյթի եւ բնութեան փառատօնի ժամանակ առանձին տաղաւար է բացել: Միհրանն ասում է` «Այսօր հայկական ինքնութիւնն ընկալւում է որպէս հայհոյանք, որի պատճառն անորոշութիւնն ու վախն է: Միութիւն հիմնելու որոշումից յետոյ ե՛ւ փառատօնի ժամանակ, եւ՛ փառատօնից յետոյ ինձ հետ բազմաթիւ տէրսիմցիներ կապ հաստատեցին եւ յայտնեցին իրենց դրական վերաբերմունքը»: Միհրան Փրկիչը, ով վերջերս է Պաքըրքէօյում փոխել իր անունը, ասում է, որ Տէրսիմում հայերի վերաբերեալ ոչինչ չի մնացել: Ըստ Միհրանի, նրանք որպէս միութիւն` տէր են կանգնելու շրջանի հայկական մշակոյթին: Միհրանը նշում է. «Ուզում ենք, որ այս երկրի միւս ժողովուրդները հաւասար պայմաններում ապրեն: Իմ ամենատարրական իրաւունքն է հայկական անուն կրել, քանի որ հայ եմ: Ամենավատն այն է, որ սեփական մշակոյթը համարում ես ուրիշի մշակոյթը: Օրինակ` հալայը հայկական պար է, մենք գիտէինք, թէ քրտական է: Տէրսիմում քրտերը, ալեւիներն ու թուրքերը սեփական մշակոյթով են ապրում, սակայն մենք չենք կարողանում մեր մշակոյթին հետեւել: Եթէ այս երկիրը ժողովրդավար է դառնալու, առերեսուելու է սեփական պատմութեան հետ, ապա պէտք է ընդունի մարդկային արժէքները»:

«Մեր Հետեւից Կանչում Էին` Հայ, Խառնածին»

Երբ ասում են` պատմութեան հետ առերեսուել, Թուրքիայում առաջին թապուն, որը մարդու միտքն է գալիս, «հայկական տեղահանութիւնների» ժամանակ կատարուածն է, ինչն էլ յատուկ կարեւորութիւն է հաղորդում շրջանին: Փաստաբան Հիւսէյն Այկիւնի խօսքերը ասածիս վկան են. «Երբ հայերին հաւաքում եւ տանում են կոտորելու, տէրսիմցիները չափազանց պատուաբեր կեցուածք են որդեգրում: Շրջանի այս «հնագոյն ժողովրդին» Խըզըրի պէս ապաստանում, թաքցնում են, մինչեւ Երզնկայ ապահովելով նրանց անվտանգութիւնը` յանձնում են ռուսներին»: Համաձայն շշուկների, շրջանում ապաստանած 20 հազար հայը Երզնկայով «գետնի տակով անցկացուած երկաթուղու» շնորհիւ կարողացել է փախչել Ռուսաստան եւ փրկուել:

Թէեւ այս պնդումը համապատասխանում է իրականութեանը, ապա ծննդեան պահից սկսած` Տէրսիմի Ալանեազը գիւղում բնակուող 84-ամեայ Խըտըր Պոզթաշի պատմութիւնը բազմապատկում է առաջացած հարցերը: Պոզթաշն ասում է. «Միրաքեան աշիրեթից ենք: Շատ դժուարութիւններ ենք կրել, դեռ շարունակում ենք կրել: Մեր պապի անէծքն է, ինչ է` չգիտեմ: Այստեղ մշտապէս անվերջանալի խտրականութիւն կայ: Հայրս 1915 թ. այստեղ է եղել, պապիկիս ոսկիներով նրանց համար հող են գնել, որ մեզ պաշտպանեն: ասել են` մեր փիրն էք, մեզանից էք: Աղջիկ ենք առել, աղջիկ` տուել: Կինս հըրան աշիրեթից է, մեր փիրը նաեւ նրանցն է, բայց միեւնոյն է. մեր յետեւից հայ, խառնածին են ասում»:

Հըտըր պէյի որդին` իմամ Պոզթաշը, 2004 թ. զոհուել է չբացայայտուած յանցագործութեան պատճառով, իսկ միւս զաւակները հեռացել են շրջանից: Նա էլ է մտածել կնոջ հետ հեռանալու մասին, սակայն չեն գնացել, որովհետեւ` «այստեղ միասին մեծացել են, այս վայրին վարժուել են, ըստ էութեան` ուր էլ գնան, նոյնն է լինելու»: Պոզթաշն ասում է, որ ոչ միայն 1915 թ. տեղահանութիւնների ժամանակ, այլեւ 1937-38 թթ. հող տալով ` փրկուել է:

Իրականում որոշ ժամանակ է, ինչ Թուրքիայում խօսւում է 1937-38 թթ. Տէրսիմի դէպքերի մասին: Օսմանեան շրջանում` սուլթան Սէլիմ Ահեղի ժամանակաշրջանից սկսած, «խնդրայարոյց» շրջանի վրայ 1937 թ. երեք ինքնաթիռ լիքը ռումբ է տեղացել: 1938 թ. Սէյիտ Ռըզային, իր որդու եւ բազմաթիւ աշիրեթների առաջնորդների հետ միասին կախաղան են բարձրացրել: Կախաղանից յետոյ 1938 թ. օգոստոսի 15-ի գործողութիւնների ժամանակ հազարաւոր մարդիկ մահացել եւ աքսորուել են: Միհրան Փրկիչը պնդում է, որ 1938 թ. ջարդերը աւելի դաժան բնոյթ են ստացել այն պատճառաբանութեամբ, թէ` «հայեր էք թաքցրել»:

«Հայերն Էլ Մեզ Չեն Ընդունում»

Ալանեազը գիւղի 87 տարեկան Մեհմեթ Ալի Պոզթաշը այդ տարիներին եղել է 15 տարեկան:  Պոզթաշն պատմում է. «Տեսել եմ 1938 թուականը, մայրս ասաց. «Որդի՛ս, մեզ կոտորելու են»:  Մի գումարտակ զինուոր անցաւ, յետոյ գնդացիրով բոլորին սպաննեցին»:  Մեհմեթ Ալի  Պէյն  ասում է, որ թէեւ այս շրջանի ժողովուրդները տարիներ շարունակ համատեղ են ապրել,  սակայն խտրականութիւնը չի փոխուել։ «Եթէ երկնքում խըզըրն էլ լինեմ, դարձեալ հայ են  ասում, եթէ անգամ նրանց համար ամենասուրբ անձը համարուող խըզըրի որդին էլ լինեմ,  նորից հայ են ասելու ինձ: Մայրս հայ չէ: Մենք ինքներս մեզ ալեւի ենք անուանում:  Երանի  թե  հայ լինէի,  բայց չէ որ հայը մեզ չի ընդունու՞մ, ասում է` դուք ալեւի էք, ինձ էլ, երեխաներիս  էլ  ասում է` հայերէն չգիտէք, հըրան աշիրեթից էք»: Սակայն ես իմ արիւնից չեմ հրաժարւում»:

Մեհմեթ Ալի Պէյի հօրեղբօրորդի իպրահիմ Պոզթաշն էլ իր ծագումից չի հրաժարւում: 1938 թ. ծնուած Իպրահիմ պէյի ընտանիքը 1915 թ. Պիւուքիւրթ գիւղից եկել է Տէրսիմ, նրա պապն  ապաստան է գտել Թեմիր աղայի մօտ: Իսկ այն ամէնը, ինչ պատմել են նրան` 1938 թ. Հետ կապուած, երբ նա դեռ չորս տարեկան էր, շատ լաւ է յիշում. «Տէրսիմցիների մի խումբ թաքնւում է մի քարանձաւում, նրանցից մէկը գնդապետին տեղեկացնում է, թէ որտեղ են մնացածը թաքնուած: Հրամանատարը ասում է` նախ մատնողին սպաննէք, քանի որ նա, ով սեփական ազգին օգուտ չի տալիս, ինձ էլ ոչ մի օգուտ չի տայ: Նրան սպաննում են, ապա` կոտորում քարանձաւում ապաստանածներին»: Իպրահիմ պէյը պատմում է նաեւ, որ թեւ 1980 թ. սեպտեմբերի 12-ից առաջ հանգիստ են ապրել, սակայն այնուամենայնիւ «վատ ժամանակաշրջան էր», իսկ սեպտեմբեր 12-ից յետոյ շատ դժուարութիւններ են քաշել: Բեռնարգելք դրեցին: Տասը երեխայ ունեմ, 12 հոգուն հասնում էր շաբաթական մէկ քիլոկրամ շաքարաւազ, կէս պարկ ալիւր, դա ո՞ր մէկին կը բաւականացնէր: Բեռնարգելքը Էլեազիղում (Խարբերդ, «Ակունք»-ի խմբ.), Երզնկայում չկար. միայն մեզ մօտ էր սահմանուած: Ճեմեւիին ենք ենթարկւում, մեծ հայրս ալեւիութիւն էր ընդունել. ստիպուած` այս ճանապարհով ենք գնում, բայց մեր սերունդը հայ լինելու պատճառով շատ է ճնշումների ենթարկուել»:  Երբ  ահաբեկչութեան տարիներին սկսուել է գաղթը, կինը` Կիւզել Պոզթաշը, առաջարկել է  հեռանալ, սակայն եթէ անգամ նրանց երեխաներն էլ հեռանան այս վայրերից, նրանք երբեք չեն լքի իրենց գիւղը:

Տիկին Կիւզելն, ով Տէրսիմի ժողովրդի մշակոյթի ու հայկական մշակոյթի պէս`  արդէն 70  տարի ապրում է այս գիւղում, հայ չէ, ասում է. «Շատ դժուարութիւններ են կրել  ահաբեկչութեան ժամանակ եւ սեպտեմբերի 12 ից յետոյ: Շատ էինք  վախենում,  մեր  երեխաներին տանում էին, կտտանքների ենթարկում: Ասում էին` երեկոները պատուհանները  փակէք, լոյս մի՛ վառէք: Բռնի ուժով տուն էին մտնում: Միայն փոլաթներին ու պոզթաշներին էին տանում, այն էլ` հայ լինելու համար»:

Այսպիսի շրջանում հայկական ինքնութիւնը թաքցնելու պատճառը, բնականաբար, դժուար է պայմանաւորել լոկ վախի գործօնով: միւս պատճառն էլ այն է, որ Տէրսիմում բնակուող հայերի  մեծամասնութիւնն արդէն  իւրացրել է ալեւիների մշակոյթը: Միհրան փրկիչն ասում է, որ թէեւ  քիչ թուով,  սակայն խարբերդում, սասունում եւ մալաթիայում իրենց ինքնութիւնը  չթաքցնող  հայեր կան, սակայն Տէրսիմում բոլորն էլ «շուռ տուած» են, որովհետեւ  «Տէրսիմի  ժողովրդի  մշակոյթն ու հայ ժողովրդի մշակոյթը իրար նման են»:

Տէրսիմում խօսուող լեզւում հայկական բառեր են հանդիպում: Նմանութիւնները չեն սահմանափակւում միայն լեզուով. օրինակ` ղըզըլպաշ քրտերի կողմից աւանդաբար նշուող Կական տօնը կարծես տօնւում է Նոր տարուայ պէս եւ համընկնում յունուարի երկրորդ շաբաթուայ հետ: Նման աւանդոյթ գոյութիւն ունի նաեւ Հայ առաքելական մշակոյթում: Առաքելական եկեղեցու հետեւորդ հայերը Կաղանդ անուան տակ նշում են Ամանորը եւ Նոր տարուն հետեւող Սուրբ Ծնունդը (յունուարի 6-ին):

Թունճելիի Արհեստաւոր Զեքի Սարըճա

«Հայերէն չգիտեմ, սակայն ուզում եմ իմանալ արմատներիս մասին»

«Ծնուել եմ 1980 թ. Մազկիրթում: Արդէն 30 տարի է` այստեղ եմ ապրում: Հիւսէյն պապս այստեղ է ծնուել, մեծացել: Հայոց ցեղասպանութեան ժամանակ Պուրմակեչիթ գիւղի մեծ մասը պատկանել է պապիկիս: Պապիս հօրն ու եղբայրներին սպաննել են, սակայն պապիս յաջողուել է փախչել եւ ապաստանել Մազկիրթի Տազքայայ գիւղում` Մուսթաֆայ աղայի մօտ: Միայն նա է փրկուել: Եղբայրների մեծ մասը սպաննուել է, իսկ ողջ մնացածներին` կորցրել: Հօրս մայրն էլ է հայ: Կարծում եմ` Կիւլթեքինի նախաձեռնութեանը շատ աւելի շուտ պէտք էր սկիզբ դրուէր: Այստեղ շատ հայեր կան, սակայն թաքցնում են իրենց ինքնութիւնը: Ձուլուել են. վախենում են: Ես ասում եմ, որ հայ եմ, սակայն հայրս` ոչ: Շրջապատում բոլորը, այդ թւում եւ զինուորականներն ու ոստիկանները գիտեն, որ հայ է, սակայն բոլորին ասում է, որ «մենք Սէյիյիտհան աշիրեթից ենք»: Վախենում են, բայց ես այլեւս չեմ վախենում: Մինչեւ վերջերս Տէրսիմում հայ լինելը շատ դժուար բան էր, սակայն Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ հայերը աւելի խիզախ դարձան: Թուրքիայում շատ բան է փոխւում, գոնէ մարդիկ կարողանում են իրենց անուններն օգտագործել: Սրանից 20 տարի առաջ, եթէ դպրոցում զազայերէն էինք խօսում, ուսուցիչը ծեծում էր մեզ: Հայերէն չգիտեմ, սակայն ուզում եմ իմանալ իմ ինքնութեան մասին: Ցեղասպանութեան մասին ամբողջովին չգիտեմ` իրականում ի՞նչ է եղել: Ուզում եմ իմանալ, թէ 1938 թ. ի՛նչ է պատահել: Հիմա սա հնարաւոր եմ համարում, սակայն Թուրքիայում ամէն ինչ կարող է ամէն պահի փոխուել: ես մարդասէր եմ. ոչ քրտերի՛, ո՛չ էլ թուրքերի հետ խնդիր ունեմ, թող խտրականութիւն չդնեն, դա էլ բաւարար է»:

Լուսանկարիչ`
ԷՐԿԻՒՆ ՃԱՆՏԵՄԻՐ

http://www.sabah.com.tr/galeri/yasam/dersimin_ermenileri

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>