Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Շնորհիւ նրա խորհրդաւոր գեղեցկութեան էր, որ Հայաստանը մոտելային պատմութեան մէջ առաջին անգամ մասնակից ունեցաւ «Միս երկրագունդ» գեղեցկութեան մրցոյթին: 2015-ին Վիեննայում հայկական դրօշը պարծանքով պարզած անզուգական մոտելը գիւմրեցի Լիլիթ Մարտիրոսեանն էր: Ի՞նչ յաջողութիւններ ունեցաւ այնտեղ եւ առհասարակ ինչպէ՞ս սկսուեց ներկայումս հարուստ մոտելային կենսագրութիւն ունեցող եւ Հայաստանի ամենապահանջուած մոտելներից մէկը համարուող աղջկայ մասնագիտական ուղին: Այսօր` գեղեցկութեան միջազգային օրը, «Ազդակ»-ը ներկայացնում է գեղեցիկ յաջողութեան մի պատմութիւն` գեղեցկութեան «գործի» վարպետ, մոտել Լիլիթ Մարտիրոսեանի հետ զրուցելով:
«ԱԶԴԱԿ».- Գիւմրիի նման պահպանողական քաղաքում մեծանալով` համեմատաբար համարձակ մասնագիտութիւն ընտրեցիք, ինչպէ՞ս եղաւ:
ԼԻԼԻԹ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Երբեք չեմ մտածել մոտել դառնալու մասին, ոչ էլ մանկութեանս երազանքն է եղել: Ամէն ինչ շատ անսպասելի ու գեղեցիկ է սկսուել: 2012 թուականին մայրիկիս խորհրդով մասնակցեցի «Միս Հայաստան» մրցոյթին` ներկայացնելով Շիրակի մարզը: Ընդգրկուեցի լաւագոյն տասնեակում: Չտխրեցի սակայն, քանի որ ես էլ ունեցայ իմ բաժին, կարելի է ասել, յաղթանակը. այդ դահլիճում ինձ նկատեց Հայաստանի լաւագոյն մոտելային գործակալութեան` «Ատեքսի» տնօրէն Օլգա Լաւրինենկոն, ով հրաւիրեց ինձ աշխատանքի` առաջարկելով պայմանագիր կնքել: «Ատեքսի» մոտելային դպրոցում սովորեցի վեց ամիս: Առաւել արհեստավարժ դառնալու ճանապարհին շատ կարեւոր ժամանակահատուած էր: Ունեցել եմ բազմաթիւ յաջողութիւններ, որոնց ինքս էլ չեմ հաւատացել, եւ որոնց համար շնորհակալ եմ նախ ընտանիքիս, որ միշտ աջակցում ու քաջալերում է ինձ:
«Ա.».- Յաճախ է, որ ձեզ կարելի է նկատել բարեգործական միջոցառումների ժամանակ: «Մեկնիր ձեռք». ի՞նչ նախաձեռնութիւն է սա:
Լ. Մ.- «Մեկնիր ձեռք»-ը արդէն չորս տարեկան է: Սա նախաձեռնութիւն է, որը ես եմ հիմնել: Ինքս այցելում եմ կարիքաւոր ընտանիքների` օգնում անօթեւան երեխաներին, յաճախ նաեւ` ծնողներին, բայց յատկապէս` ի ծնէ հաշմանդամութիւն ունեցող փոքրիկներին: Առաջիկայում աւելի լայնածաւալ աշխատանքներ են սպասւում գործունէութեանս այս ոլորտի շրջանակներում:
«Ա.».- Գեղեցիկ մարդիկ, ուզեն թէ չուզեն, արուեստ են յիշեցնում` հէնց իրենց իսկ գեղեցկութեամբ: Այսպիսով, բացի ֆիզիքապէս արուեստ ներկայացնելուց, արդեօք հոգեւոր իմաստով տիրապետո՞ւմ էք արուեստի որեւէ հմտութեան:
Լ. Մ.- Չորս տարեկանից սկսել եմ նկարել: Մի քանի տարի առաջ մասնակցել է Չեխիայում կազմակերպուած միջազգային նկարչական ցուցահանդէս-մրցոյթին եւ յաղթել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած իմ գեղանկարով: Չեխիայի արտաքին գործերի նախարարութեան կողմից արժանացել եմ առաջին մրցանակի: Նաեւ գրական փորձեր եմ անում եւ յուսամ` շուտով կը ներկայացնեմ հեղինակային գիրք` համեմուած իմ հեղինակած կտաւներով:
«Ա.».- Մինչ օրս աշխատանքային ասպարէզում ի՞նչ ձեռքբերումներ էք ունեցել:
Լ. Մ.- 2012-ին մասնակցել եմ «Միսս Հայաստան» մրցոյթին` ներկայացնելով Շիրակի մարզը եւ ընդգրկուել լաւագոյն տասնեակում: Մասնակցել եմ «Թոփ մոտել Հայաստան» 2015 մրցոյթին եւ յաղթել, որից յետոյ մեկնել եմ Եգիպտոս եւ մասնակցել «Թոփ մոտել աշխարհ» 2015 մրցոյթին: Սակայն ամենանշանակալին ինձ համար «Միս երկրագունդ» 2015 մրցոյթին մասնակցելն էր, առաւել` յայտնուելը լաւագոյն 8-ում, եւ լաւագոյն 5-ում` որպէս «տաղանդաւոր գեղեցկուհի»` 92 մասնակիցների մէջ: Մրցոյթների մասնակցել եմ նաեւ Չինաստանում: Սրանք ինձ համար իրօք մեծ նուաճումներ են, իսկ մոտելային գործունէութեան մէջ ամէն մի ցուցադրութիւն ինձ համար հաճելի ձեռքբերում է: Շնորհակալութիւն «Համաշխարհային գեղեցկութեան եւ նորաձեւութեան լիկա»-ի նախագահ պարոն Աշոտ Խաչատրեանին` վստահութեան եւ իմ ուժերին հաւատալու համար:
«Ա.».- Խոհանոցին ինչպէ՞ս էք վերաբերւում: Սիրո՞ւմ էք պատրաստել:
Լ. Մ.- Ուզում եմ զուգահեռներ անցկացնել նկարչութեան եւ խոհանոցի հետ: Զանազան կերակուրների պարագայում նոյնպէս գործ ունենք գոյների ու երանգների հետ, պատրաստելու համար եւս նոյն ջանքերն ու սէրն են անհրաժեշտ, ինչպէս նաեւ` ստեղծագործական մօտեցումը: Մայրիկից շատ բան եմ սովորել այս ասպարէզում: Պատրաստելը եւս արուեստ է, իսկ խոհանոցը երբեմն` իւրօրինակ արուեստանոց:
«Ա.».- Լիլիթ Մարտիրոսեանն ունի՞ մասնագիտական գործունէութեանը առնչուող սկզբունքներ, որոնք փոփոխութիւնների ենթակայ չեն լինելու երբեւէ:
Լ. Մ.- Բաւականի սկզբունքային մարդ եմ: Անբեկանելի սկզբունքներիցս մէկն էլ այն է, որ երբեք մերկ հանդէս չեմ գայ, որքան էլ վճարեն:
«Ա.».- Ընդունուած է համարել, որ մոտելները ուսումը առաջնային չեն համարում: Իսկ դո՞ւք:
Լ. Մ.- Անկեղծ ասած` ես կրթութիւնս մինչեւ մոտել դառնալս եմ ստացել: Բարձրագոյն ուսումնական հաստատութիւնում սովորել եմ օտար լեզուներ: Կրթութեանս ընթացքում տիրապետեցի ռուսերէնին, անգլերէնին, պարսկերէնին եւ սպաներէնին: Իմ հետաքրքրութիւններից մէկը լեզուներ սովորելն է եւ այլ ազգերի մշակոյթներին ծանօթանալը: Աւարտելուց յետոյ Ամերիկեան համալսարանում ռազմավարական մարքեթինկ ուսումնասիրեցի: Կրթութիւնը մեծ դեր ունի իմ կեանքում, ես այն շատ եմ կարեւորում: Շարունակ սովորելու ծարաւ ունեմ:
«Ա.».- Ինչո՞վ էք ուրախ եւ ինչի՞ց էք նեղանում:
Լ. Մ.- Կեանքն ինքնին ինձ ոգեւորում է, սիրում եմ ապրելը, ուրախ եմ, որ այսպիսի հիանալի ընտանիք եւ սիրելի աշխատանք ունեմ: Իսկ նեղանում եմ, երբ ինձ ստում են:
«Ա.».- Ի՞նչ էք կարծում, առաւել յաջողակ են լինում գեղեցի՞կ մարդիկ, թէ՞ խելացի:
Լ. Մ.- Խելացի մարդիկ միշտ ինձ մօտ գեղեցիկ տպաւորութիւն են թողնում: Կարծում եմ` գեղեցիկ կամ յաջողակ ասուածը յարաբերական է ու բացարձակ ոչինչ չկայ: Յաջողակ են երջանիկ մարդիկ, իսկ երջանկութիւնը գալիս է գիտակցութեան, մարմնի եւ հոգու ներդաշնակութեան միջոցով: Եւ նման ներդաշնակութեան կարող է հասնել միայն խելացի մարդը:
«Ա.».- Երբեւէ սփիւռքահայ համայնքում եղե՞լ էք, ի՞նչ տպաւորութիւններ եւ ի՞նչ զգացողութիւններ էք ունեցել:
Լ. Մ.- Այո՛, երբ Վիեննայում էի, այնտեղի հայերը լուրերով իմացել էին, որ Հայաստանն այս անգամ ներկայացուցիչ ունի, եւ շատերը եկել էին ինձ քաջալերելու: Յետոյ իրենց տներ հիւրընկալութեան հրաւէրներ ստացայ: Շատ ուրախ էի, որ մրցոյթը դիտելիս իմ հայրենակիցները ինձանով հպարտանում էին: Ես էլ սփիւռքաբնակ իմ հայրենակիցներով եմ հպարտ:
«Ա.».- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունէք` մրցոյթներ եւ այլն:
Լ. Մ.- Առաջիկայում շատ մեծ մի միջազգային մրցոյթ կայ, որին պատրաստւում եմ օրն ի բուն: Մօտ ապագայում կը հրապարակենք` ի՛նչ մրցոյթ է, որտեղ եւ երբ:
«Ա.».- Արդեօք գեղեցկութի՞ւնը կը փրկի աշխարհը:
Լ. Մ.- Աշխարհը կը փրկի բարութիւնը, որովհետեւ միակ ուժը, որ ուզում է խորտակել մեզ, չարութիւնն է: Վերջինիս միակ եւ անյաղթելի թշնամին էլ միայն ու միայն բարին է:
Եւ վերջում:
Լիլիթ Մարտիրոսեանին հիացնում է Գարեգին Նժդեհը` հոգեւոր պատրաստուածութեամբ, սեփական երկիրն ու Ես-ը պաշտպանելու հզօր կարողութեամբ:
Ամենասիրելի տօնը Սուրբ Ծնունդն է, եւ առհասարակ մեծ կարեւորութիւն է տալիս ընտանեկան բոլոր տօներին:
Վախենում է Աստուծուն եւ ծնողներին հիասթափեցնելուց:
Նկարների մէջ գնահատում է ոչ թէ իտէալականութիւնը, այլ` ասելիքը, բովանդակութիւնը:
Ամենավառ մանկական յիշողութիւնը թէեւ թախծոտ, սակայն թանկագին է. թէ ինչպէ՛ս վաղ մանկութեան մի Նոր տարուայ առիթով հայրը վաճառեց սիրելի ոսկեայ մատանին` ընտանիքին նուէրներով ապահովելու համար` յետերկրաշարժեան Գիւմրիում շատ դժուարին էր կեանքը:
Արմատներով Մուշից եւ Կարսից է:
Կարեւոր սկզբունքներից է` «Պէտք է միշտ ձգտել աւելիին, բայց եւ չթերագնահատել ունեցածը»:
Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկութեան միջազգային օր:
Գեղեցկութեան միջազգային օր սահմանելու նախաձեռնութեամբ, 1995թ.-ին հանդէս է եկել «Էսթեթիքայի եւ քոսմեթոլոկիայի միջազգային կոմիտէ»-ն` CIDESCO-ն: Այս նախաձեռնութիւնն ընդունուել է մեծ ոգեւորութեամբ: Այդ ժամանակուանից ի վեր, ամէն տարի սեպտեմբերի 9-ին նշւում է այս տօնը, որը սիրուած է աշխարհի բազմաթիւ երկրներում:
Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատւում է գեղեցկութիւնն իր բոլոր դրսեւորումներով, այն ամէնը, ինչ գեղեցկագիտական եւ բարոյական հաճոյք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրուայ կապակցութեամբ գեղեցկութեան մրցոյթներ են անցկացւում:
Ինչպէս նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, 20-րդ դարը քոսմեթոլոկիայի ոլորտի համար դարձաւ խոշոր ձեռքբերումների եւ առաջընթացի ժամանակաշրջան: Հէնց անցեալ դարում են ստեղծուել արտաքին խնամքի համար նախատեսուած ամենակարեւոր միջոցներն ու պարագաները: Սակայն առաջընթացը տեղում չի դոփում. մասնագէտները շարունակում են կատարելագործել այս արհեստագիտութիւնները:
Պէյրութ