Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Վերափոխւում Է Առաջնագիծը

$
0
0

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆԵԱՆ

4-1-3-2

Նորից ուղեւորուեցինք ԼՂՀ ՊԲ հարաւարեւելեան հատուած: Քառօրեայ պատերազմից հինգ ամիս անց ի՞նչ է արուել զինուորի անվտանգ եւ ապահով ծառայութեան համար: Տեսանք իրականացուած շինարարական մեծածաւալ աշխատանքներ, վերակառուցուած դիրքեր, ներդրուած տեխնիկական միջոցներ…

Դիրքերի արիւնատար անօթները

Տեղաշարժւում ենք բարեկարգուած ճանապարհներով, իսկ որոշ հատուածներում էլ վարորդը թեքում է ղեկն ու ամբողջովին նոր փորուած երթեւեկութեան գիծ մտնում:  Հակառակորդի կողմից «Լիալիա Իլիակի» բլրի գրաւումն առաջնային էր դարձրել զօրքի անվտանգ տեղաշարժի հարցը: Այդ նպատակով էլ մասնաւոր եւ պետական կազմածները, կամաւորականներն ու զինծառայողները ամիսներ շարունակ լծուել էին կենսական նշանակութեան ճանապարհային նոր ցանցի կառուցման, ինչպէս նաեւ` հնի բարեկարգման գործին: Եւ չնայած տեղ-տեղ էքսկաւատորները դեռ շարունակում են փորել հողը, հիմնական աշխատանքն արդէն կատարուած է: Զօրքի, զինսարքերի տեղաշարժը մանրակրկիտ քողարկուել է քիլոմեթրերով ձգուող մի քանի մեթր բարձրութեամբ հողաթմբերով:

Թիկունքն ու դիրքերն իրար միացնող ուղիներն ասես արիւնատար անօթներ լինեն. որքան ապահով` այնքան աւելի անվնաս կ՛իրականացուի շարժն ու մատակարարումը:

Առաջնագծի դարպասը

Ապրիլեան կռիւներից յետոյ հարաւարեւելեան ուղղութեան մի հատուածում նոր դիրքերի հիմնումը դարձաւ անխուսափելի անհրաժեշտութիւն: Վաշտի նորակառոյց յենակէտը ռազմավարական նշանակութիւն ունի: Կարելի է ասել` առաջնագծի դարպասն է: Վաշտի հրամանատարի պաշտօնակատար, աւագ հարիւրապետ Անդրանիկ Սողոմոնեանը պարզաբանում է. «Մեր դիրքը «Լիալիա Իլիակի» բլրի դէմ դիմաց է եւ զսպում է թշնամու «ախորժակը», փակում նրա ճանապարհը: Պաշտպանական շրջանի ամենավտանգաւոր կէտն է, ուստի այստեղ հերթապահող անձնակազմն էլ ընդունուածից մեծաթիւ է»:

Հրամանատարը փորձում է ոչինչ բաց չթողնել, ամէն ինչ ցոյց տալ` ծաւալուած գիշերային ջերմադիտարկման կէտը, անխոցելի կրակակէտերն ու խրամաբջիջները, ջոկի թաքստոցը: Ինչ խօսք` կատարուած աշխատանքը, իրօք, տպաւորիչ է:

Հարեւան նորակառոյց դիրքից էլ զինծառայողները վերահսկում են հակառակորդի թիկունք տանող ճանապարհը: Յենակէտի աւագ, տասնապետ Վաչիկ Խաչատրեանը ասում է, որ յաճախ են նկատում մեքենաների շարժ. «Չեմ կարող ասել, թէ ի՛նչ են տանում-բերում` զինամթե՞րք, մա՞րդ, թէ՞ շինանիւթ: Արձանագրում ենք, զեկուցում` ըստ վերադասութեան»:

Նոր դիրքերում արագ թափով կառուցւում են կացարաններ: Աշխատանքներն իրականացնում են ոչ թէ զինծառայողները, այլ` փորձառու կառուցապատողները: Նրանք վստահեցնում են. «Շուտով կացարանները կը յանձնուեն շահագործման: Տնից չեն տարբերուելու»:

Նոր միջոցներ` մեծ հնարաւորութիւններ

Մեր այցելած բոլոր դիրքերում էլ ամենատպաւորիչը ներդրուած արդի թեքնիք միջոցներն են, որոնք  ոչ միայն մի քանի անգամ բարձրացնում են դիրքապահների անվտանգութեան մակարդակը, բանակի մարտունակութեան աստիճանը, այլ նաեւ  յստակեցնում են ղեկավարման համակարգը:

Շարքային Սամուէլ Քալանթարեանը արդէն չորս ամիս է, ինչ ցերեկային դիտարկումը կատարում է նոր` հետախոյզի խողովակ կոչուող սարքով: Զինուորն ասես ջրասուզակ լինի: Նա առանց դիտարկուելու հաւանականութեան խրամատի ցանկացած կէտից տեսնում է` ինչ է կատարւում հակադիր կողմում. «Այսօր նկատել եմ կառուցապատման աշխատանքներ. հակառակորդը խորացնում է իր խրամատը»:

Ինքս էլ տուեալ սարքով զննում եմ թշնամու դիրքը, որը գրեթէ ութ անգամ խոշորացուած է: Իսկ որքան խոշոր է ծաւալը, այնքան աւելի շատ տուեալներ կարելի է հաւաքագրել:

Առաջնագծի ողջ երկայնքով գործարկուել է նաեւ ժամանակակից ցերեկային հետախուզման համակարգ, որը տալիս է աւելի մեծ հնարաւորութիւններ: Հրամանատարական կէտում հերթապահում են կապի դասակի զինծառայողները: Կրտսեր տասնապետ Դաւիթ Գէորգեանը արձանագրում է հակառակորդի մէկ զինծառայողի շարժ, նշում է նախատեսուած մատեանում, ապա արագ զեկուցում հրամանատարին: Ի դէպ, համակարգը հնարաւորութիւն է ընձեռում հետեւելու նաեւ մեր դիրքերում տիրող իրավիճակին: Ամբողջ տեղեկատուութիւնը տեսագրւում եւ պահպանւում է:

Դիրքերում 360 աստիճանի եւ մի քանի քիլոմեթր խորութեամբ դիտարկում են ապահովում տեղադրուած գիշերային սարքերը: Դասակի հրամանատարը կամ դիրքի աւագը կարող է ցանկացած պահի պատկերը փոխանցել վերադաս հրամանատարութեանը. «Որպէսզի պատկերացնէք, թէ ի՛նչ հզօր սարք է, ասեմ, որ  1000 մեթրի վրայ սաւառնող թռչուն էլ ենք նկատում: Կարող ենք խոշորացնել մեզ հետաքրքրող պատկերը, ինչպէս նաեւ` ներմուծել քոորտինաթներն ու դիտարկել պահանջուող կէտը», ասում է դիրքապահ Էդգար Սարգսեանը: Զինուորները ցոյց են տալիս նաեւ զէնքերի նոր նշանոցները: Դրանք անփոխարինելի են գիշերային հերթապահութեան ժամանակ:

Բացի դիտարկման համակարգերից` առաջնագծում գործարկուել է նաեւ կապի նոր համակարգ: Պաշտպանութեան բանակի կապի պատասխանատուն` գնդապետ Արա Բախշեանը նշում է. «Մեծածաւալ աշխատանք ենք կատարել անխափան կապ ապահովելու համար: Ստեղծել ենք պահուստային կապուղիներ, ձեռք ենք բերել ռատիոկապի արդիական միջոցներ: Շուտով վերադաս հրամանատարութիւնը հնարաւորութիւն կ՛ունենայ առանց գաղտնալսուելու վտանգի կապ հաստատել իւրաքանչիւր դիրքի հետ»:

Թէ՛ դիտարկման, թէ՛ կապի միջոցները շահագործւում են մարտկոցներով: Ելեկտրական հոսանքի բացակայութեան պայմաններում լիցքաւորումն իրականացւում է այլ միջոցներով: Սակայն այսօր արդէն մեկնարկել են հրամանատարական կէտերը մշտական ելեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքները:

Ջուրը կեանք է

Մարտական հերթապահութիւն իրականացնող վաշտի սանհրահանգիչ Լեւոն Սահակեանն ուղեկցում է դէպի ջրի մետաղական  տակառները: Դրանց մէջ է պահւում խմելու ջուրը, որն ամէն առաւօտ թարմացւում է: Լեւոնը ջրի բաժակը ինձ է մեկնում, բայց եւ զգուշացնում է` «Սառը չէ»: Դրսում +42- +45 աստիճան շոգ է: Սակայն մեր այցելութիւնից օրեր անց գործարկուեց բարերար Մնացական Առաքելեանի միջոցներով անցկացուած ջրագիծը: Այսուհետ տասնեակ դիրքերում զինուորը կարող է բացել  ծորակն ու սառը ջուր ըմպել: Որոշ կէտերում տեղադրուել են ջրատաքացուցիչներ. մարտական հերթապահութիւնից յետոյ դիրքապահը կարող է լոգանք ընդունել, լուանալ համազգեստը:

Հրամանատարները վստահ են` խմելու ջուրը մեծապէս կը նպաստի ինչպէս զինուորի տրամադրութեան, այնպէս էլ նրա մարտունակութեան բարձրացմանը:

Յ. Գ. Առաջնագծից հեռանալիս մտածում էի, որ հակառակորդի լռութեանն այստեղ չեն վստահում. նախապատրաստւում են, անընդհատ ամրանում:

«Հայ զինուոր»


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>