«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը 25 տարեկան է:
Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունուեց ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը: Մեզ համար պատմական նշանակութեան այդ փաստաթուղթը, ապա եւ նոյն տարուայ դեկտեմբերի 10-ի հանրաքուէին հայկական երկրորդ անկախ պետութեան ստեղծման մասին որոշման ամրապնդումը նոր էջ բացեցին Արցախի բազմադարեայ պատմութեան մէջ: Այսօր, այդ յիշարժան տարեթուից քառորդ դար անց, մենք լիիրաւ կարող ենք խօսել մեր պետական ինքնիշխանութեան մասին` օժտուած սահմանադրական ամուր հիմքերով եւ արդիւնաւէտօրէն գործող պետական ու ժողովրդավարական հարստութիւններով, որոնք ապահովում են ԼՂՀ առաջընթաց զարգացումը: Եւ, ինչը չափազանց կարեւոր է, արցախցիներն այդ մասին խօսում են օրինական հպարտութեան զգացումով` որպէս իրենց անկախ պետականութեան կրողներ:
Անցած 25 տարիները նշանաւորուել են ոչ միայն ձեռքբերումներով պետականաշինութեան, ընկերային-տնտեսական եւ մշակութային զարգացման ոլորտներում: Նրանցում անթեղուած են նաեւ ծանրագոյն փորձութիւններ` կապուած Ազրպէյճանի կողմից ցեղասպանութեան արարքների իրագործման, նրա կողմից աւերիչ պատերազմի սանձազերծման ու մինչ օրս շարունակուող շրջափակման եւ արմատական հայատեացութեան քաղաքականութեան հետ: Շրջասութեան ենթարկելով Լենինի «Ցանկացած յեղափոխութիւն միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ այն ընդունակ է պաշտպանուել» դասագրքային ասոյթը, նրան հետեւելով կրկնենք, որ իւրաքանչիւր պետութիւն էլ միայն այն ժամանակ ինչ-որ բան արժէ, եթէ ունակ է պաշտպանուելու:
Գործունակ ղարաբաղեան պետականութեան ստեղծման ու զարգացման գործընթացն անցնում էր, նաեւ այսօր էլ անցնում է Ազրպէյճանի հետ դիմակայութեան չափազանց դժուարին պայմաններում, որը գործնականում դիմում է ցանկացած` ներառեալ բացայայտ յանցաւոր միջոցների, մեր հանրապետութեան բնականոն զարգացմանը խոչընդոտելու համար: Պաշտօնական Պաքուի կողմից նախաձեռնուած 1992-94թթ. եւ 2016թ. ապրիլեան պատերազմներն ամենայն համոզչութեամբ ապացուցեցին, որ արցախցիները յանուն իրենց անկախ պետականութեան պատրաստ են զոհաբերել անգամ կեանքը: Ինչպէս եւ հաստատեցին մէկ այլ բան` ԼՂՀ հռչակման պատմական անհրաժեշտութիւնը, ցեղասպան պետութեան կազմում մնալու անհնարինութիւնը, որի իշխանութիւններն այսօր էլ չեն հրաժարուել Լեռնային Ղարաբաղի տարածքի բռնակցման ու նրա հայկական բնակչութեան ոչնչացման գաղափարից: Հայկական երկրորդ պետութեան կենսունակութիւնն անցել է դաժան պատերազմի փորձութեան միջով, եւ հասունութեան այդ ծանրագոյն քննութիւնը պատուով է յանձնել: Յաջողուեց ոչ միայն հակադարձել ռազմական յարձակման, այլեւ չափազանց ծանր, ծայրայեղ պայմաններում շարունակել պետականաշինութեան գործընթացը:
Ընդունելով ԼՂՀ հռչակման մասին հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը 1988-ին Հայաստանի հետ ինքնավար մարզի վերամիաւորման հարցն է բարձրացրել, գործնականում արմատապէս փոխեց իր ինքնորոշման իրաւունքի իրացման ռազմավարութիւնը: Դա պայմանաւորուած էր այն ժամանակ ստեղծուած բարդ եւ հակասական իրավիճակով` կապուած ԽՍՀ Միութեան սպասուող փլուզման հետ, ինչը, բնականաբար, որպէս հրամայական պահանջում էր քաղաքական նոր իրավիճակի առարկայական գնահատում ու դրան համարժէք որոշման ընդունում: Եւ նման համարժէք որոշում դարձաւ ԼՂՀ հռչակումն ու անկախ պետականութեան ստեղծումը:
Մենք միշտ յատուկ նշում ենք, որ հանրապետութեան հռչակման ընթացակարգը կատարուել էր իրաւաբանօրէն անթերի, բացառապէս իրաւունքի հիման վրայ` ինչպէս խորհրդային, այնպէս էլ միջազգային, եւ դա էլ ղարաբաղեան կողմի ծանրակշիռ փաստարկներից մէկն է: Գործնականում ԽՍՀՄ փլուզման գործընթացում Լեռնային Ղարաբաղն իր նախկին ինքնավար կազմաւորման կարգավիճակը բարձրացրեց անկախ պետութեան մակարդակի` անցնելով պետականաշինութեան բոլոր փուլերը: Ընդ որում` դարձեալ կարեւոր է նշել, որ Լեռնային Ղարաբաղը, որպէս խորհրդային ֆեդերատիւ դաշնակցային պետութեան ենթակայութիւն, դուրս է եկել փլուզուած ԽՍՀՄ-ի, այլ ոչ թէ Ադզրպէյճանի կազմից, որի մասը նա երբեք չի եղել: Ի դէպ, Ադրբեջանն այդպէս էլ չկարողացաւ իրաւաբանական որեւէ ծանրակշիռ փաստարկ բերել, ինչը կասկածի տակ կը դնէր ԼՂՀ ստեղծման օրինաչափ եւ օրինական լինելը: Չկարողացաւ մէկ պարզ պատճառով` նման փաստարկներ բնութեան մէջ պարզապէս գոյութիւն չունեն: Նրա բոլոր այսպէս կոչուած փաստարկներն իրենցից ներկայացնում են մերկապարանոց, պատմական որեւէ փաստերով չամրագրուած պնդումներ առ այն, որ Արցախը պատկանում է իրեն: Ազրպէյճանական ԽՍՀ-ն անցեալի գիրկն է անցել, եւ պոլշեւիկների կողմից արհեստականօրէն ստեղծուած ու այժմ գոյութիւն չունեցող պետական կազմաւորման տարածքային ամբողջականութեան վերականգնման հարցը յամառօրէն առաջ քաշելն անհեթեթութիւն է:
Այսօր ԼՂՀ-ն, չնայած միջազգային հանրութեան կողմից չճանաչուած լինելուն, շարունակում է պետական անկախութեան զարգացման գործընթացը, որը վաղուց արդէն անշրջելի բնոյթ է ձեռք բերել: Ներկայումս հանրապետութիւնը կանգնած է սահմանադրական բարեփոխումների շեմին, ինչը եւս մէկ լուրջ քայլ կը հանդիսանայ նրա ինքնիշխանութեան ամրապնդման, հասարակական-քաղաքական կեանքի ժողովրդավարացման ճանապարհին: ԼՂՀ անկախութեան ու պետականութեան համար բարձր գին է վճարուել` մեր հազարաւոր հայրենակիցների արեան ու կեանքի գինը, ուստի նրա ներկայ քաղաքացիների, արցախցիների ապագայ սերունդների սրբազան պարտքն է պահպանել 1991թ. սեպտեմբերին ձեռք բերուած Արցախի ինքնիշխանութիւնը: