ՏԱՐՕՆ ՎԼԱԴԻԿԻ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախի Պետական Համալսարանի
պատմութեան ամպիոնի աւագ դասախօս,
պատմական գիտութիւնների թեկնածու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) հռչակումից յետոյ սկսուեց նոր իշխանական կառոյցների, առաջին հերթին` օրէնսդիր մարմնի` Գերագոյն խորհուրդի (ԳԽ) ձեւաւորման գործընթացը: Պետական եւ ռազմական շինարարութեան խնդիրները լուծւում էին զուգահեռաբար չընդհատուող ռազմական գործողութիւնների պայմաններում: ԼՂՀ առաջին գումարման ԳԽ-ում, որը հետագայում անուանուեց ԼՂՀ խորհրդարան (այժմ` ԼՂՀ Ազգային ժողով), պէտք է ընտրուէր 81 պատգամաւոր: Ընտրութիւնների օր նշանակուեց 1991 թուականի դեկտեմբերի 28-ը: Ընտրութիւնների անցկացման կարգը քննարկուեց ԼՂՀ գործադիր կոմիտէի դեկտեմբերի 19-ի նիստում (1): Կազմաւորուեց 81 ընտրատարածք (2), այդ թւում նաեւ բոլոր ազրպէյճանաբնակ վայրերում: Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ հաստատուեց Է. Պետրոսեանը:
Դեկտեմբերի 28-ին կայացան ԼՂՀ ԳԽ ընտրութիւնները, որոնք անցկացուեցին մեծամասնական ընտրակարգով` ընդհանուր, հաւասար եւ ուղղակի ընտրական իրաւունքի հիման վրայ, գաղտնի քուէարկութեամբ:
Հանրապետութեան ԳԽ ընտրութիւնների մասին տեղեակ էին պահուել Շուշիի եւ ազրպէյճանական միւս բնակավայրերի բնակիչները: Ազրպէյճանցիները կատարեցին Մութալիպովի հրամանը եւ չմասնակցեցին ընտրութիւններին, ինչպէս որ չէին մասնակցել հանրաքուէին:
ԼՂՀ ԳԽ ընտրութիւններից յետոյ` 1992 թուականի յունուարի 6-ին, Ստեփանակերտում` նախկին մարզային խորհրդի նիստերի դահլիճում, ընտրուած 51 պատգամաւորներից 48-ի մասնակցութեամբ (ճանապարհները փակ լինելու պատճառով 3 պատգամաւորներ չէին կարողացել հասնել Ստեփանակերտ) եւ 80 դիտորդների ու լրագրողների ներկայութեամբ, «Հայր մեր» Տէրունական աղօթքով աշխատանքն սկսեց ԼՂՀ առաջին գումարման ԳԽ առաջին նստաշրջանը: Նոյն օրը ընդունուեց «ԼՂՀ պետական անկախութեան հռչակագիրը», ըստ որի` ԼՂՀ-ն յայտարարուեց անկախ պետութիւն, որի տարածքում պիտի գործէին ԼՂՀ սահմանադրութիւնն ու օրէնքները: Հռչակագրում այնուհետեւ ասուած է, որ ԼՂՀ-ում ամբողջ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, նրա տարածքում ապրող բոլոր բնակիչները հանդիսանում են հանրապետութեան քաղաքացիներ, հանրապետութեան տարածքում թոյլատրւում է երկքաղաքացիութիւնը, բոլոր քաղաքացիները գտնւում են ԼՂՀ-ի պաշտպանութեան տակ, երաշխաւորւում են նրանց իրաւունքներն ու ազատութիւնը` անկախ ազգային պատկանելութիւնից: Հանրապետութեան ամբողջ տարածքի նիւթական եւ հոգեւոր հարստութիւնները պատկանում են հանրապետութեանը եւ նրա ժողովրդին: Հայրենիքը պաշտպանելու համար ստեղծւում են սեփական զինուած ուժեր, եւ հանրապետութեան քաղաքացիները զինուորական ծառայութիւն են անցնում ԼՂՀ տարածքում: ԼՂՀ պետական լեզուն հայերէնն է (3):
Հանրապետութեան սահմանները պաշտպանելու եւ բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու համար հէնց առաջին նիստում որոշուեց ստեղծել հանրապետութեան իշխանութեան բարձրագոյն մարմիններին ենթակայ սեփական ռազմական ուժեր, հասարակական կարգի պահպանութեան ու պետական անվտանգութեան մարմիններ եւ բոլոր ռազմական ուժերը միաւորել մէկ հրամանատարութեան ներքոյ:
Յունուարի 7-ի նիստում պատգամաւորները ձեռնամուխ եղան ԳԽ նախագահի ընտրութեան հարցի լուծմանը: Առաջադրուեցին 7 թեկնածուներ` Լ. Պետրոսեան, Օ. Եսայեան, Ռ. Քոչարեան, Ա. Մկրտչեան, Լ. Մելիք-Շահնազարեան, Ա. Մանուչարով եւ Շ. Մեղրեան: Թեկնածուներից հինգը ինքնաբացարկ յայտարարեցին, եւ մնացին Ա. Մկրտչեանն ու Լ. Պետրոսեանը: Մի քանի անգամ քուէարկութիւն կատարուելուց յետոյ 42 ձայնով ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրուեց ՀՅԴ անդամ, պատմական գիտութիւնների թեկնածու, 33-ամեայ Ա. Մկրտչեանը (4): Ստեղծուեց նաեւ Նախարարների խորհուրդ (ՆԽ), որի նախագահ հաստատուեց Օ. Եսայեանը, իսկ տեղակալ` Բ. Առուշանեանը (5): Ընտրուած պատգամաւորների մեծամասնութիւնը ՀՅԴ-ի անդամներ էին, եւ, ԳԽ նախագահի ընտրութիւններում յաղթանակ տանելով, ՀՅԴ-ն որոշում ընդունեց երկրում ներքաղաքական կայունութիւնը պահպանելու նպատակով մի շարք կարեւոր ղեկավար պաշտօններ, այդ թւում ՆԽ նախագահինը, յանձնել միւս քաղաքական ուժերին: ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչեանի առաջարկով ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալի պաշտօնի համար առաջադրուեց Ռ. Քոչարեանի թեկնածութիւնը, սակայն փակ գաղտնի քուէարկութեան ժամանակ թեկնածուն անհրաժեշտ քուէներ չստացաւ: Նախագահի առաջին տեղակալի պաշտօնը մնաց թափուր:
ԼՂՀ ԳԽ առաջին նստաշրջանը կոչով դիմեց ՄԱԿ-ին, աշխարհի բոլոր պետութիւններին, ԱՊՀ երկրներին` խնդրելով ճանաչել ԼՂՀ-ն, նրան օգնութիւն ցոյց տալ եւ կանխել արցախահայութեան ցեղասպանութիւնը:
Նստաշրջանի աշխատանքում յայտարարուեց ընդմիջում, եւ աշխատանքները շարունակուեցին յունուարի 17-20-ը:
Յունուարի 11-ին տեղի ունեցան ԼՂՀ ԳԽ պատգամաւորների լրացուցիչ ընտրութիւններ. 11 թափուր տեղի համար ընտրուեց 9 պատգամաւոր, որոնց իրաւունքները հաստատուեցին ԳԽ նստաշրջանի յունուարի 17-ի նիստում: Նոյն օրը ԼՂՀ ԳԽ նախագահի տեղակալ ընտրուեց ՀՅԴ անդամ Գ. Պետրոսեանը, քարտուղար` պատմական գիտութիւնների թեկնածու, անկուսակցական Վ. Յակոբեանը (6):
ԳԽ նստաշրջանն ընդունեց «Արտակարգ դրութեան մասին» օրէնքը: Ապա կազմաւորուեցին ԳԽ մշտական յանձնաժողովները: Մանտաթային, պարկեշտութեան, մարդու իրաւունքների եւ ազգութիւնների յանձնաժողովի նախագահ ընտրուեց Հ. Խաչատրեանը, ագրարային հարցերի եւ գիւղական կեանքի մշտական յանձնաժողովի նախագահ` Վ. Ալեքսանեանը, գիտութեան, կրթութեան, լեզուի, մշակոյթի եւ լրատուական յանձնաժողովի նախագահ` Հ. Գրիգորեանը, առողջապահութեան, մարմնակրթութեան, ընկերային հարցերի, բնապահպանութեան յանձնաժողովի նախագահ` Ս. Աղաբալեանը, ֆինանսավարկային եւ պիւտճէական յանձնաժողովի նախագահ` Վ. Ղազարեանը, արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ` Լ. Մելիք-Շահնազարեանը, պաշտպանութեան եւ անվտանգութեան յանձնաժողովի նախագահ` Վ. Բալայեանը, պետական շինարարութեան, իրաւական հարցերի եւ օրինականութեան ամրապնդման յանձնաժողովի նախագահ` Կ. Բաբուրեանը: ԳԽ մշտական յանձնաժողովները մինչեւ ՆԽ-ի լրիւ կազմաւորումը իրենց վրայ վերցրին նաեւ ՆԽ-ի մի շարք լիազօրութիւններ:
Այսպիսով` արցախահայութեան ազատագրական պայքարը թեւակոխեց նոր շրջան` անկախ հանրապետութեան գոյութեան շրջանը: Ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը, արցախեան շարժումը սկզբնաւորուեց համաժողովրդական զարթօնքի յորձանուտում: Հետագայում շարժման մէջ ձեւաւորուեց երկու հակառակ ուղղութիւն: Մի ուղղութիւնը Ազրպէյճանի յարձակողապաշտութեան պատասխանում էր խաղաղարար երկխօսութեան քաղաքականութեամբ, ինչը հետագայում չարդարացուեց, իսկ դրան զուգահեռաբար գնում էր այլ գործընթաց` ինքնապաշտպանութեան ջոկատների կազմաւորումը, պարտիզանական շարժումը բռնազաւթուած գիւղերում: Եւ այդ խնդրում վճռական դեր խաղաց Արցախում ՀՅԴ-ն: ՀՅԴ-ի աշխուժութիւնը, ըստ երեւոյթին, գործի մղեց նաեւ ՀՀՇ-ին, որի խողովակով նոյնպէս սկսուեց զէնք մատակարարուել: Սա չէր կարող ղարաբաղեան շարժման առաջնորդների խմբաւորում չառաջացնել. յայտնուեցին Լ. Տէր Պետրոսեանի կողմնակիցներ, բայց հիմնական մասը ընդգրկուեց ՀՅԴ-ի մէջ:
Այս քաղաքական կուսակցութեան յաղթանակը ակնյայտօրէն դուր չեկաւ պաշտօնական Երեւանին, որի գլուխ էր կանգնած ՀՀՇ-ն: Եւ դա քաղաքական ցնցում հանդիսացաւ Հայաստանի նոր իշխանութեան համար, որը տակաւին չէր հասցրել հասկանալ, թէ ի՛նչ է կատարւում Արցախում: Որոշ առումով նուրբ իրավիճակ ստեղծուեց: Այսպէս, ԼՂՀ ԳԽ նստաշրջանն սկսելուց մի քանի օր առաջ` յունուարի 3-ին, Ստեփանակերտ էր ուղարկուել Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) ԳԽ-ի դիմումը: Այդ փաստաթղթում նշուած էր, որ արցախահայութեան ազգային-ազատագրական պայքարը թեւակոխել է նոր` պետականութեան հաստատման շրջան: ՀՀ ԳԽ-ն համոզուած էր, որ այն կ՛ընթանայ միջազգային իրաւունքի հանրաճանաչ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` դրանով օրինական հիմքի վրայ դնելով ԼՂՀ քաղաքացիների իրաւունքների պաշտպանութիւնը: Այնուհետեւ ասուած է, թէ ՀՀ ԳԽ-ն ողջ հայ ժողովրդի անունից հաւաստիացնում է ԼՂՀ ԳԽ-ին, որ բոլոր միջոցներով զօրավիգ կը լինի Արցախի պետականութեան հաստատմանն ու ամրապնդմանը: Սակայն մի քանի օր անց պարզուեց, որ վերոյիշեալ դիմումը պարզապէս քաղաքական-դիւանագիտական գործողութիւն էր. ՀՀ-ի ՀՀՇ-ական իշխանութիւնները չէին սպասում դէպքերի նման ընթացքի, եւ յունուարի 12-ին, երբ ՀՀ ԳԽ նախագահութեան նիստի ժամանակ առաջարկուեց շնորհաւորանքի խօսք յղել ԼՂՀ նորընտիր իշխանութիւններին, նախագահութեան 12 անդամներից Է. Եգորեանը եւ Ա. Ոսկանեանը դէմ քուէարկեցին` շատ լաւ իմանալով, որ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է 11 ձայն: Այսպիսով, ՀՀ ԳԽ-ն չշնորհաւորեց ԼՂՀ նորընտիր իշխանութիւններին (7): Պատճառը պարզ է. Արցախում իշխանութեան էին եկել ՀՀ-ի ՀՀՇ-ական ղեկավարութեան համար ոչ ցանկալի ուժեր: Փաստօրէն, պաշտօնական Երեւանը ԼՂՀ-ի համար այդ դժուարին պայմաններում բացայայտ քաղաքական առճակատման գնաց Ստեփանակերտի հետ: Դրա արտայայտութիւնը դարձան ԼՂՀ իշխանութիւնների նկատմամբ ՀՀ ղեկավարութեան հետագայ վերաբերմունքն ու ձեռնարկած քայլերը:
ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչեանը յունուարի 26-ից փետրուարի 2-ը կատարեց առաջին պաշտօնական այցը Երեւան: Պաշտօնական տեղեկագրերում մանրամասնութիւններ չեն պահպանուել նաեւ այդ այցի վերաբերեալ: Սակայն գոյութիւն ունեն տեսակէտներ այն մասին, թէ ՀՀ նախագահ Լ. Տէր Պետրոսեանը Ա. Մկրտչեանին ընդունել է խիստ սառը եւ պահանջել հրաժարական տալ (8):
Իսկ ռազմական իրադրութիւնը ԼՂՀ-ում շարունակում էր շիկանալ: Օրէցօր սաստկացող մարտական գործողութիւնները հրամայաբար պահանջում էին կատարելագործել ոչ միայն ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) կառուցուածքային ու մարտական բնութագրերը, այլ նաեւ կառավարման համակարգը: Մարտի 4-ի ԳԽ նախագահութեան նիստում Արցախի ԻՊՈՒ հրամանատար նշանակուեց գնդապետ Ա. Տէր Թադեւոսեանը: Նոյն օրը նախագահութիւնը որոշեց ԼՂՀ ԳԽ 1992 թուականի յունուարի 9-ի որոշմանը համապատասխան` հաստատել ԼՂՀ պաշտպանութեան խորհրդի (ՊԽ) կազմը, որը ներկայացրել էր ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչեանը: ՊԽ-ում ընդգրկուեցին Ա. Մկրտչեանը (նախագահ), Օ. Եսայեանը, Վ. Բալայեանը, Ս. Սարգսեանը, Ա. Տէր Թադեւոսեանը, Ռ. Քոչարեանը եւ Ա. Կարապետեանը: Այնուհետեւ նախագահութիւնը յանձնարարեց ՊԽ-ին` ԼՂՀ ԳԽ պաշտպանութեան եւ անվտանգութեան, պետական շինարարութեան, իրաւական հարցերի եւ օրինականութեան ամրապնդման յանձնաժողովների հետ համատեղ նախապատրաստել եւ ԼՂՀ ԳԽ նախագահութեան քննարկմանը ներկայացնել «Պաշտպանութեան խորհրդի մասին», «Ինքնապաշտպանութեան ուժերի մասին» կանոնադրութիւնների նախագծերը (9):
Այնուհետեւ ԳԽ նախագահութիւնը ձեռնամուխ եղաւ նաեւ կառավարութեան մի շարք պաշտօնների նշանակման, ԼՂՀ ՆԽ կազմը հաստատելու մասին, ԼՂՀ կառավարութեան անհատական կազմի մասին որոշումների նախագծերի քննարկմանը (10): «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրէնքի 31-րդ յօդուածի առաջին կէտին համապատասխան, հաստատուեց ԼՂՀ կառավարութիւնը` հետեւեալ կազմով. Օ. Եսայեան` ԼՂՀ ՆԽ նախագահ, Բ. Առուշանեան` ԼՂՀ ՆԽ նախագահի առաջին տեղակալ, Ա. Ծատրեան` ԼՂՀ ՆԽ նախագահի տեղակալի եւ ԼՂՀ գիւղատնտեսութեան եւ պարէնամթերքների նախարարի պաշտօնակատար, Ա. Իսագուլով` ՆԳ նախարարի պաշտօնակատար, Ս. Թեւոսեան` ԼՂՀ ելեւմուտքի նախարարի պաշտօնակատար, Եու. Դաւթեան` ԼՂՀ վիճակագրութեան պետական վարչութեան պետի պաշտօնակատար, Է. Շահրամանեան` շինարարութեան պետական կոմիտէի նախագահի պաշտօնակատար, Եու. Ներսիսեան` տպագրութեան, տպագրական արտադրութեան, հրատարակչութեան եւ գրքի առեւտրի պետական կոմիտէի նախագահի պաշտօնակատար, Վ. Թովմասեան` ԼՂՀ ՆԽ գործերի կառավարիչ: Յանձնարարուեց հանրապետութեան կառավարութեանը` առաջնորդուելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրէնքով, անցնել իր լիազօրութիւնների կատարմանը:
Այսպիսով, ոչ վերջնականապէս, բայց ձեւաւորուեց ԼՂՀ գործադիր իշխանութիւնը, որը պէտք է լուծէր երկրին վերաբերող ընկերային-տնտեսական եւ մի շարք այլ հարցեր: Սակայն պէտք է նշել, որ, կազմաւորելով ԼՂՀ կառավարութիւնը, ԼՂՀ ԳԽ նախագահութիւնը գործադիր իշխանութեան կարեւորագոյն լիազօրութիւնները իրեն վերապահեց մինչեւ 1992թ. օգոստոս (Պաշտպանութեան պետական կոմիտէի ստեղծումը): Դա մեծապէս պայմանաւորուած էր նրանով, որ իրադրութիւնը ռազմաճակատում դեռեւս անչափ լարուած էր եւ հնարաւորութիւն չէր տալիս ԳԽ նախագահութեանը` աւարտել իշխանական լիազօրութիւնների արդիւնաւէտ բաշխումը, կառավարման համակարգի կենտրոնացումն ու կատարելագործումը:
Ելնելով ստեղծուած ռազմաքաղաքական բարդ իրադրութիւնից եւ ղեկավարուելով «ԼՂՀ ՆԽ-ի մասին» ԼՂՀ օրէնքի 24-րդ յօդուածով` հանրապետութեան անվտանգութեան եւ պաշտպանութեան ապահովման անյետաձգելի միջոցառումների մշակման ու իրագործման շրջանակներում, մինչեւ ԼՂՀ պաշտպանութեան նախարարութեան կազմաւորումը, 1992 թուականի մարտի 26-ին ԼՂՀ Նխ-ին առընթեր ստեղծուեց ԼՂՀ պաշտպանութեան կոմիտէ (11) (ՊԿ):
Հանրապետութիւնում ներքին կայունութիւն պահպանելու նպատակով` ԼՂՀ ԳԽ-ի նախագահութիւնը, ներքին պայմանաւորուածութեան համաձայն, որոշեց ՊԿ նախագահ նշանակել Ս. Սարգսեանին, որին յանձնարարուեց 10-օրեայ ժամկէտում առաջարկութիւններ ներկայացնել ՊԿ-ի կառուցուածքի, կանոնադրութեան եւ անուանակազմի մասին: Կոմիտէն իր ողջ գործունէութիւնը պէտք է կազմակերպէր ԼՂՀ ԳԽ եւ ՆԽ որոշումների ու կարգադրութիւնների հիման վրայ: Այդ որոշումից յետոյ ԳԽ նախագահութիւնը նպատակայարմար գտաւ, որ ԼՂՀ ԳԽ նախագահը մի անգամ եւս հանդիպում ունենայ ՀՀ նախագահ Լ. Տէր Պետրոսեանի հետ` երկկողմ յարաբերութիւնների բարելաւման նպատակով: Ա. Մկրտչեանը Երեւան մեկնեց մարտի 30-ին եւ յաջորդ օրը հանդիպեց ՀՀ նախագահի հետ: Զրոյցի ընթացքում ՀՀ նախագահը Ա. Մկրտչեանին նորից հասկանալ տուեց, որ նա իր տեղը պէտք է զիջի ՀՀՇ-ական ոեւէ մէկին, հակառակ դէպքում Հայաստանը կարող է դադարեցնել ռազմական օգնութեան ցուցաբերումը Արցախին (12):
ԼՂՀ ԳԽ նախագահութեան եւ ԻՊՈՒ հրամանատարութեան ազդեցիկ ղեկավարների մեծամասնութիւնը դէմ էր նախագահի պաշտօնից Ա. Մկրտչեանի հնարաւոր հրաժարուելուն: Մինչդեռ, առանց ՀՀ-ի ամենաբարձր մակարդակով օգնութեան, հնարաւոր չէր պաշտպանել Արցախը: Փաստօրէն, ԼՂՀ ԳԽ նախագահը կանգնած էր երկընտրանքի առաջ: Եւ այդ ժամանակ էլ Արցախում արդէն նշմարւում էր երկիշխանութեան ուրուականը: Հակուած ենք կարծելու, որ Ա. Մկրտչեանի եւ ԼՂՀ-ում ՀՅԴ-ի գործունէութեան սխալը պատերազմական իրադրութիւնում ժողովրդավարական պետութիւն կառուցելու ուղղութիւն ընտրելն էր, ինչի արդիւնքում հարկ եղաւ իշխանութեան մի շարք կարեւոր պաշտօններ յանձնել ընդդիմադիր կուսակցական գործիչներին: Նման ռազմավարութիւնը իրեն կ՛արդարացնէր, թերեւս, արտաքին միջամտութեան բացակայութեան դէպքում: Հետագայում կը նկատենք, որ Ա. Մկրտչեանի մահից յետոյ պետութեան ներսում ստեղծուեց ներքաղաքական քաոսային իրավիճակ:
Այսպիսի ծայրաստիճան լարուած ռազմաքաղաքական իրադրութիւն էր տիրում հակամարտութեան գօտում, երբ տեղի ունեցաւ ԼՂՀ-ի ներքաղաքական կեանքի ամենաողբերգական իրադարձութիւնը, որը շրջադարձային կէտ հանդիսացաւ ԼՂՀ պետական շինարարութեան գործընթացում. ապրիլի 14-ի երեկոյեան զոհուեց ԼՂՀ ԳԽ նախագահ Ա. Մկրտչեանը:
Մինչ օրս դժուար է պատասխան տալ այն հարցին, թէ արդեօք մտատանջութիւններն ու յուսահատութեան ապրումները դարձան կատարուած ողբերգութեան պատճառը: Պատմական փաստն այն է, որ Ա. Մկրտչեանը իրենից յետոյ թէեւ ոչ մեծ, բայց թողեց քաղաքական ու բարոյական ժառանգութիւն. նա աւանդոյթներ ստեղծեց, որոնք պահպանուեցին մինչեւ Գ. Պետրոսեանի հրաժարականը, որը տեղի ունեցաւ արդէն պաշտօնական Երեւանի հետ ծանր պայքարի պայմաններում: Այսինքն` Ղարաբաղը չէր միջամտում ՀՀ ներքաղաքական կեանքին եւ պահպանում էր իր չէզոքութիւնը:
Այսպիսով` իրադարձութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ Արցախում իշխանութեան գլուխ հաստատուած նոր ուժերը, փաստօրէն, գտնուելով կրկնակի ճնշման տակ, կարողացան իրենց ուժերով, միջազգային իրաւունքի բոլոր չափանիշներին համաձայն, ստեղծել իրաւական եւ ժողովրդավարական մի պետութեան հիմքերը, որին վիճակուած էր դիմակայելու Ազրպէյճանի նախայարձակումին եւ պահպանելու իր անկախութիւնը:
——————————————
(1) Աբրահամեան Հ., Ճակատագրին ընդառաջ, Երեւան, 2001, էջ 147:
(2) Օհանջանեան Մ., Անկախութեան քայլերը. ԼՂՀ-ում անցկացուած հանրաքուէն եւ ընտրութիւնները (1991-1998թթ.), Ստեփանակերտ, 1998, էջ 12:
(3) Յարութիւնեան Վ. «Իրադարձութիւններ Լեռնային Ղարաբաղի մէջ», 4րդ մաս, 1993 յուլիս, Երեւան, 1997 (ռուսերէն)
(4) Աբրահամեան Հ., նշվ. աշխ., էջ 151-152:
(5) Յարութիւնեան Վ., նշվ. աշխ., էջ 107:
(6) Աբրահամեան Հ., նշվ. աշխ., էջ 152:
(7) Նոյն տեղում, էջ 153-154:
(8) «Այժմ», 22-28.05.2006:
(9) ԼՂՀ պետարխիւ, ֆ. 254, ց.1, պ. մ. 2, կ.1, թ. 5-6:
(10) Նոյն տեղում, թ. 11-14:
(11) ԼՂՀ կառավարութեան ընթացիկ արխիւ, ՆԽ 1992թ. մարտի 26-ի նիստի արձանագրութիւն, N 3:
(12) Աբրահամեան Հ., նշվ. աշխ., էջ 160: