Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Տաք հագուստներ, կօշիկներ, սափրուելու պարագաներ եւ այն ամէնն ինչ տղերքին պէտք է գալու, ամէնը դասաւորէք, վաղը նորից «աւտոն» գնում է Ղարաբաղ»:
Զարմանալի է, թէ ինչպէս կարող է մանկահասակ երեխան մտապահել դէպքեր, զրոյցներ եւ այդ ժամանակ նոյնիսկ առանց հասկանալու ճիշդ ի՛նչ եւ ինչո՛ւ էր կատարւում: 1993-ին ես 5 տարեկան էի, իսկ Ղարաբաղ մեկնող ինքնաշարժի մասին խօսողը մեծ հայրս էր:
90-ականների Հայաստանը յատկապէս աւագ սերնդի մօտ մթութեան հետ է նոյնացւում, եւ ոչ միայն այն պատճառով, որ իրապէս մութ էր` ելեկտրականութիւն չկար, այլ որովհետեւ այն բացառիկ պատահող լուսաւոր օրերի մէջ եւս ոչ մի պայծառ բան չկար: Ընկերային-տնտեսական ծանր կացութեան մէջ յայտնուած Հայաստանին եւս մի փորձանք էր «յարձակուել». օգտուելով խորհրդային ղեկավարութեան բացարձակ աջակցութիւնից` ազրպէյճանական իշխանութիւնները սկսել էին վայրենաբար զաւթել հայկական գիւղերը եւ բնակիչներին արտաքսել իրենց բուն հայրենիքից: 1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին ազրպէյճանական ոստիկանութեան յատուկ նշանակութեան ջոկատները խորհրդային բանակի աջակցութեամբ բացայայտ պատերազմ էր սկսել Շահումեանի շրջանի եւ Գետաշէնի ենթաշրջանի հայ բնակչութեան դէմ: Այսպիսով էլ 1991 թ. մայիսին Ազրպէյճանի կողմից հրահրուել էր ղարաբաղա-ազրպէյճանական պատերազմը:
Թէ ինչ էր «պատերազմ»-ը, ես 5 տարեկանում բնականաբար չգիտէի, փոխարէնը շատ վառ երեւակայութիւն ունէի դրա մասին: Մտածում էի, որ պատերազմը երկրաշարժի տեսակներից մէկն է: Մենք Գիւմրիում էինք ապրում եւ երկրաշարժի մասին այնքան էին խօսել ու պատմել, որ իմ մանկական յիշողութեանը թւում էր, թէ ականատես եմ եղել դրան. աւելի՛ն, երկրաշարժն իմ մտքում կերպար ունէր. այդ օրերին մի հին ժապաւէնի մէջ տեսել էի, թէ ինչպէս է հսկայական անիւներով բեռնատար մեքենան տներ քանդում: Եւ քանի որ 90-ականներին դեռ չէր հեռացած աղէտի սարսափը, յաճախ էին ականջիս հասնում, թէ ինչպէս է երկրաշարժը հողին հաւասարեցրել ամէն ինչ: Վստահ էի, որ այդ «քանդիչը» այն մեծ անիւներով «բեռնատարն» է եղել: Նոյն այդ ժամանակ ոչ պակաս սարսափով էին խօսում նաեւ Ղարաբաղի պատերազմի մասին: Ղարաբաղը ինձ համար Գիւմրիի պէս մի տեղ էր, իսկ պատերազմը` առաւել մեծ անիւներով մէկ այլ «մեքենայ», որն աւերում էր ամէն բան եւ ահ ու վախ տարածում իմ ընտանիքի ու հարեւանների շրջանում: Այդ 2 «մեքենաներն» ես ատում էի:
Տնտեսական ծանր կացութեան մէջ յայտնուած Հայաստանի Հանրապետութիւնն իր ունեցած բոլոր հնարաւոր միջոցներով օգնում էր Արցախին` Ազրպէյճանի դէմ մղուող ազատագրական պայքարում: Արցախին օգնում էր նաեւ 88-ի երկրաշարժից դեռ ուշքի չեկած այդ օրերի խեղճուկրակ Գիւմրին: Օրինակ, Շուշիի ազատագրմանը լայն մասնակցութիւն են ունեցել նաեւ գիւմրեցի ազատամարտիկները` «Կումայրի» եւ այլ ջոկատների կազմում: Սակայն յատկապէս վճռորոշ ու բեկումնային է եղել «Կումայրի» ջոկատի դերակատարութիւնը, որը մարտերին մասնակցել է ամենավտանգաւոր դիրքերում: Սակայն Շուշիի ազատագրմանը մասնակցած գիւմրեցի շատ ազատամարտիկներ մինչեւ օրս հերոսամարտի մանրամասներից չեն խօսում` հին վէրքերը չցաւեցնելու պատճառով:
Այդ տարիներին մեծ հայրս սեփական մեքենան ծառայեցնում էր որպէս հագուստի, սնունդի փոխադրամիջոց դէպի Արցախ ու ինքն էլ վարորդութիւնն անում, իսկ հայրս հաւաքագրում էր ռազմաճակատին անհրաժեշտ ամէն տեսակի իրեր ու կազմակերպում դրանց փոխադրութիւնը` նաեւ այլ մեքենաների եւ այլ վարորդների միջոցով:
Այս մանրամասներն առաւելապէս հետագայ տարիների մերոնց պատմութիւններից եմ իմացել եւ հիմա ոչ թէ հէնց այդ իրադարձութիւնները, այլ դրանց մասին զրոյցներն եմ յիշում: Սակայն իմ աչքերը երբեք չեն մոռանայ բուրդի բազմագոյն այն կծիկները, որոնք օր ու գիշեր մեծ մայրս եւ մայրիկս ծնկներից վար չէին դնում, իրենց միանում էին նաեւ մի քանի դրացիներ` ազատամարտիկների համար բուրդէ պլուզներ էին գործում. ռազմաճակատում սառնաշունչ ձմեռը եւս թշնամի էր: 90-ականներին անշուշտ դժուար էր տասնեակ պլուզներ շուկայից գնել` ազատամարտիկներին ուղարկելու համար, այն դէպքում երբ մարդիկ ամէն օր օրուան հացի խնդիրը լուծելու առաջ էին կանգնած: Միակ ճանապարհը համատեղ ուժերով մի բան ստեղծելն էր. օրինակ` հագուստեղէն գործելը: Այդ գործընթացը մանկահասակ երեխայի համար ամէնաիրական հրաշքի էր նման, շատ հաւանաբար այդ պատճառով է, որ երբեք մտքիցս չի հեռացել. արդեօք ինչպէ՞ս էր ստացւում, որ այն գոյնզգոյն կծիկները մէկ-երկու շաբաթուան ընթացքում տարատեսակ բուրդէ հագուստների էին վերածւում: Այս «հրաշքը» անբացատրելի առեղծուածների իմ մանկական «ցուցակում» էր:
Անցան այդ օրերը, ինչպէս որ անցնում է ցանկացած վատ ու լաւ բան եւ մնում միայն յիշողութիւնը` երբեմն խաւար, երբեմն պայծառ, երբեմն էլ թուացեալ` հիմնուած միայն պատմութիւնների եւ ոչ թէ բուն իրադարձութեան վրայ:
Ղարաբաղեան պատերազմը հետեւանքն էր ազգային ազատագրական «զարթօնքի», որը սկիզբ էր առել մեծապէս 1991 թուականին` Հայաստանի եւ Արցախի անկախութիւններից յետոյ: Թշնամին հրահրել էր, իսկ մերոնք ուղղակի պայթեցրել էին այդ պայքարը թշնամու ճակատին` պահանջատիրութիւնն ու արդարութիւնը այդպէս էր պահանջել: Իսկ ամէն ինչ այստեղից էր սկսուել.
1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի պատգամաւորների մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունուել էր «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» որոշում: Նախկին ԼՂՀՄ-ի եւ Շահումեանի շրջանի տարածքում հռչակուել էր անկախ հայկական պետութիւն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը (ԼՂՀ):
Նոյն թուականի դեկտեմբերի 10-ին էլ տեղի էր ունեցել անկախութեան հանրաքուէ, որին մասնակցել էր բնակչութեան ձայնի իրաւունք ունեցողների 80%-ը, իսկ քուէարկողների 99%-ից աւելին ձայն տուել անկախութեան օգտին: Թշնամին այս ամէնից աւելի էր կատաղել: Հետագայ պատմութիւնն էլ յայտնի է:
1991 թուականը հայերիս համար ամենատօնական տարեթուերից, իսկ իմ ընտանիքի համար առաւելապէս տօնական, քան` ողջ հայութեան. 1991-ին ծնուեց քոյրիկս` 91-ը մերոնց համար վերածելով եռատօնի: Ոչ միայն նա, այլեւ այդ թուականին ծնուած բոլոր հայ երեխաները մի տեսակ վերածնունդի ու յարատեւութեան խորհրդանիշ եղան:
Իսկ վերջերս մի տարօրինակ միտք ունեցայ. նրանք` ներկայիս 25-ամեայ երիտասարդները, յաղթանակի քայլող օրացոյցներ են` նրանց հետ է մեծանում յաղթանակը 25-25, 26-26 եւ այսպէս` շարունակ: Սա կարծում եմ անչափ գեղեցիկ մի երեւոյթ է, յատկապէս հաշուի առնելով, որ նմանատիպ «օրացոյց» լինելու հարցում ոմանց բախտը բնաւ չի բերել. մինչ քոյրիկիս հետ մեծանում է անկախութիւնը, իմ տարեդարձին յաւերժօրէն փակած առաջ է գլորւում 1988 երկրաշարժի տարեթիւը` «մենք» եւս հասակակիցներ ենք` 28-28:
Վերջ ի վերջոյ
Ես վստահ եմ, որ անկախութեան սերունդը տօնական մեր տարեթուերը առաւել համալրելու է, ուրախ եմ, որ 90-ականներից յետոյ ծնուած մանկահասակ երեխաների յիշողութիւնները զերծ են մնացել պատերազմի հետեւանքներ պարունակող դրուագներից, եւ յուսով եմ, որ գալիք սերունդը ժառանգելու է այնպիսի լիակատար խաղաղութիւն, որ հայոց ոչ մի սերունդ դեռ չի տեսել:
Կեցցէ՛ 1991, կեցցէ՛ Ղարաբաղի անկախութիւն:
Պատմական ակնարկ. Արցախ
Ժամանակագրական առումով նրա երեք հազարամեայ ընթացքն ընդունուած է բաժանել չորս դարաշրջանի`
Հին շրջան – Երուանդունիների թագաւորութեան կազմաւորումից մինչեւ քրիստոնէութեան հռչակումը պետական կրօն:
Միջնադար – քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելուց մինչեւ հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած եւ ուշ միջնադար):
Նոր շրջան – սկսւում է հայ ազատագրական շարժումներով եւ հասնում մինչեւ Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակումը:
Նորագոյն շրջան – ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետութիւնների, ինչպէս նաեւ ԼՂՀ պատմութիւնը:
Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացոյց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արեւելեան մասում): Զբաղեցրել է 15,500 քառ. քմ. տարածք, որը բաժանուել է 12 գաւառի` Միւս Հաբանդ, Վայկունիք (Վակունիք), Բերձոր (Բերդաձոր), Մեծիրանք (Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կը Կվենք), Հարճլանք (Հարջլանք), Մուխանք, Պիանք, Պարզկանք (Պարծկանք), Քուստի, Փառնես, Կողթ: Մինչեւ 4-րդ դարը ներառել է նաեւ Սեւանայ լճի աւազանի արեւելեան հատուածը (Ծաւդէք կամ Սոդք): Հիւսիսում եւ արեւելքում սահմանակից էր Ուտիք նահանգին, հարաւում` Փայտակարանին, արեւմուտքում` Սիւնիքին: Սկզբնաղբիւրներում երկրամասը կոչուել է նաեւ Արձախ, Ծաւդէից աշխարհ, Փոքր Սիւնիք, Վանի թագաւորութեան (Ուրարտու, մ. թ. այ. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրութիւններում` «արդախ», «ուրդեխէ», «ատախունի» անուններով:
Արցախը յաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմաւորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան: 1991 թուականի սեպտեմբերի 2-ին հռչակուել է Արցախի Հանրապետութեան անկախութիւնը: Դրանով Արցախի պատմութիւնը թեւակոխել է զարգացման նոր փուլ:
Անուանումը
Երկրամասը տարբեր ժամանակներում հանդէս է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անուանումն է: Դրա յստակ ստուգաբանութիւնը յայտնի չէ: Տեղանունը ուրարտական սեպագիր արձանագրութիւններում հանդէս է գալիս «ուրտեխէ» եւ «ուրտեխինի» ձեւերով: Մ.թ. 1-ին դարի յոյն հեղինակ Ստրաբոնի «աշխարհագրութիւն» աշխատութիւնում երկրամասը յիշատակւում է «օրխիստենա» անունով` որպէս Մեծ Հայքի նահանգներից մէկը, յայտնի` իր մեծաքանակ այրուձիով:
Արցախը (Artsak) 1788 թուականին հրատարակուած Մեծ Հայքի քարտէզի վրայ:
Միջնադարում Արցախը յայտնի է եղել նաեւ «ծաւդէք» (Ծաւդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճիւղն էր կազմում), «փոքր Սիւնիք»: 10-րդ դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագէտի հովիտ, «Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինուել է «Խաչենով»: 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անուանումը: Միեւնոյն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչուել է «Աղուանք», «արեւելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»:
Պատմական սկզբնաղբիւրներում «Ղարաբաղ» անուանումը յիշատակւում է 14-րդ դարից: «Ղարաբաղ» տեղանունը յստակ ստուգաբանութիւն չունի: Ըստ մէկ ստուգաբանութեան, այն ձեւաւորուել է պարսկական աշխարհագրական անուանակարգի հիման վրայ. ի տարբերութիւն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատուածը անուանուեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մօտ վերափոխուեց «Ղարաբաղի» (Սեւ Այգի): Ըստ երկորրդ ստուգաբանութեան, «բաղ» արմատով բազմաթիւ տեղանուններ գոյութիւն ունէին Սիւնիքում, Արցախում, Գանձակում եւ այլուր: Եւ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանուան պարզ ու սովորական թարգմանութիւնն է: «Ղարաբաղի» առաջին` «ղարա» մասը հայերէն «բերդ» բառի թարգմանութիւնն է` լ-ր հնչիւնափոխութեամբ: Ինչպէս օրինակ, Կալա-կարայ` Կալայ, Կալաքենդ (Բերդաշէն), իսկ պաշտօնական փաստաթղթերում` Կարաքենդ: Տեղանուան երկրորդ` «բաղէ մասը օտար նուաճողների կողմից չի թարգմանուել: Այսպիսով, Ղարաբաղը Բաղաբերդ տեղանուան քմահաճ թարգմանութիւնն է:
Անցնելով Ռուսական կայսրութեան տիրապետութեան տակ` «Ղարաբաղ» անուանը կցւում է նաեւ «նակոռնի» (լեռնային) ռուսերէն ածականը` բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը: Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անուան երկու բաղադրիչներից մէկն ունի ռուսական ծագում, իսկ միւսը` պարսկական:
«Արցախ» տեղանունը կրկին շրջանառւում է 1988 թուականից:
Պէյրութ