Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

«Վարդապետի՞», Թէ՞ Մեր Լռութիւնը…

$
0
0

0000Vartabed-Fresno

ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԵՖԵԱՆ

Կոմիտաս…

Այս անունը ոչ միայն թանկ, այլեւ հարազատ մասնիկ է իւրաքանչիւր հայի համար, յատկապէս` իմ եւ նախորդ սերունդի: Այն շրջանառում է մեր մէջ` առանց ընդմիջման, առանց հնանալու, առանց ձանձրոյթի: Յատկապէս իմ սերունդը հասակ առաւ ու հասունացաւ հանճարեղ այս հայի ստեղծագործութիւնների ընդլայնմամբ, տարբեր գործիքաւորման դասական նոր բարձր կատարումներով, նրա կենսագրութեան ծալքերի, նրա ապրումների ու նրա անցած դժուարին ճանապարհի բացայայտումներով: Ոչ միայն իր, այլ իրեն նուիրուած ստեղծագործութիւնները դարձան պաշտամունք եւ դարձան իրեն կենդանացնող մասունքներ: Կոմիտասը մեր էութեան մէջ մեզ սնող երակ ու մշտական ներկայութիւն դարձաւ իր «Անտունի»-ով, «Քելե՛ր ցոլեր»-ով, «Սոնա եար»-ով, «Ամպել ա, ձուն չի գալի», Ասլամազեանի, Ալթունեանի մշակումներով: Եւ այսպէս, մինչեւ այսօր, իւրաքանչիւր հայ իր ուրոյն պաշտամունքով ապրեցնում է այս հանճարեղ հային իր մէջ եւ փոխանցում սերունդներին:

Իմ գրասեղանիս վրայ իր մշտական տեղն ունի Կոմիտասի շատ հին, մի քիչ էլ խունացած մի լուսանկար, ծնողներիս ալպոմների միջից գտնուած, որը իմ երիտասարդութեան տարիներից ապրում է ինձ հետ, յաճախ երկխօսութեան մէջ մտնում ինձ հետ, հանդարտեցնում ինձ փոթորկումներիս պահին: Անբաժան է իմ կեանքից, եւ իր հետ կապուած իւրաքանչիւր տեղեկութիւն կամ նոր բացայայտում հետաքրքրում է ինձ: Յատկապէս «Անլռելի զանգակատուն»-ի իմ բեմականացման տարիներին շնչել, ապրել եմ միայն իրմով եւ ամբողջովին իրեն ներառել իմ մէջ: Կոմիտասը իմ անբաժանելի մասնիկն է եղել եւ մնում է:

0617vartabed1

Եւ ահա երկու տարի առաջ, գիշերով, հեռաձայն եմ ստանում Երեւանից, իմ մտերիմ տաղանդաշատ ընկերոջից` Վիգէն Չալդրանեանից, որը յայտնում է, թէ նոր ժապաւէն է սկսել նկարահանել Կոմիտասի մասին: Վիգէնի տաղանդին ծանօթ եմ դեռ իր դերասանական տարիներից, եւ նաեւ յետոյ, երբ մուտք գործեց շարժապատկերի արուեստի մէջ: Հայ ժամանակակից շարժապատկերում մօտ 40 տարի իրեն հաստատած, ազգային եւ միջազգային բազմաթիւ բարձրագոյն մրցանակների արժանացած, իր ինքնատիպութեամբ 20-ից աւել արժէքաւոր ժապաւէններ ստեղծած Վիգէնը շարժապատկերի արուեստում իր ուրոյն ոճն ու լեզուն է ստեղծել, որը միայն իրենն է` չալդրանեանականը, հարուստ երեւակայութեամբ, խորութեամբ եւ ասելիքով յագեցուած: Նրա ստեղծած ժապաւէնները միշտ զարմացնում են դիտողին` դէպքերը բացայայտելու, իրավիճակները դիպուկ ասելիքի վերածելու կարողութեամբ:

Վիգէնն այսօր իր ստեղծագործական հարուստ բեռով, հմտութեամբ ու իր բացառիկ տաղանդով պատիւ բերող անուն է մեր հայ արուեստում, եւ բնականաբար իր լուրը իմ պաշտամունք Կոմիտասի մասին ամենեւին անակնկալի չբերեց ինձ: Գիտէի` ինքն էլ պաշտամունք ունի Կոմիտասի հանդէպ եւ երկար տարիներ մտածում էր, իր խօսքերով` «իր մէջ եղած Կոմիտասին ցոյց տալ»: Ես միայն խնդրեցի, որ յանկարծ Կոմիտասին չներկայացնի որպէս վարդապետի: Մեր երկար խօսակցութիւնից յետոյ սկսուեց նոյնքան երկար անհամբեր սպասումը` երկու տարի: Եւ վերջապէս, այս օրերին, շատերի հետ միասին երջանկութիւնն ունեցայ դիտելու այն, այն էլ` Սան Ֆրանսիսքոյում: Դիտեցի եւ անկարող եմ չխօսել այդ մասին:

Ժապաւէնը կրում է «Վարդապետի լռութիւնը» անունը: Անմիջապէս կռահում եմ, Կոմիտասի վերջին, փարիզեան տարիների լռութեան վրայ է Վիգէնը հիմնել իր ժապաւէնը, որը է՛լ աւելի է հետաքրքրում ինձ: Սա Վիգէնի արդէն չորրորդ շարժապատկերն է լռութեան մասին, եթէ հաշուենք նաեւ «Ձայն բարբարոյ»-ն, «Լռութեան սիմֆոնիա»,  «Ձայն լռութեան» եւ այս վերջինը` «Վարդապետի լռութիւնը»:

Նա հասել է այն իմաստութեան, որ գտել է լռութեան լեզուն եւ հեշտօրէն իմաստաւորում, խօսեցնում, շարժման մէջ է դնում լռութիւնը, պատկերի ու ասելիքի վերածում, որի փայլուն վկայութիւնն են, ինչպէս նշեցի, իր նախկին ժապաւէնները:

Իր նախորդ ժապաւէնների պէս, այս անգամ էլ Վիգէնը ե՛ւ հեղինակ է, ե՛ւ բեմադրիչ, ե՛ւ դերակատար: Բեմագրութեան համահեղինակը Ռուբէն Յովսէփեանն է, որի հետ համատեղ կարծես մէկ ձեռագիր են ստեղծել:

Վստահ եմ` հանդիսատեսը սպասում էր Կոմիտասի դասական կենսագրութիւնը դիտել: Բայց սա Վիգէն Չալդրանեանի ժապաւէնն է, մի բեմադրիչի, որը համարձակօրէն դիմում է մեծ ընդհանրացումների, այդ ընդհանրացումները դարձնում խորը ասելիք, պատգամ, ճիչ եւ ամենակարեւորը` ասում ճշմարտութիւններ, որոնք վախենում ենք բարձրաձայնելու եւ լռում ենք, լռում եւ այդպիսով որդեգրում ենք անտարբեր, անխզելի վտանգաւոր մի լռութիւն` բազմապատկելով մեզ կործանող արատները:

Վիգէնը անհատի կենսագրութեան ու ժողովրդի ճակատագրում տեղ գտած բացթողումները հմտութեամբ միահիւսելով իրար` բացայայտում է աւերիչ լռութեան պատճառները:

Ժապաւէնը ըստ էութեան ոչ թէ Կոմիտասի կենսագրութիւնն է, այլ` նրա ապրած կենսագրութեան վերլուծումն ու մեկնաբանութիւնը:

Ժապաւէնում խօսակցութիւնը կամ երկխօսութիւնը շատ ժլատ է, սակայն այդ ժլատը այնքան իմաստալից է, նոյնիսկ բազմիմաստ, որ կարիք չես զգում աւելիին: Հակառակը, որքան խորանում է ժապաւէնը, այնքան բացայայտում ես նախկինում ասուածը:

Ամէն ինչ դրուած է բաց, տարածուն հարթութեան ու բաց գոյների վրայ: Եռուն, շունչ կտրող կշռոյթը առաջին իսկ վայրկեանից քեզ կապում է պաստառին, դէպքերը այնպիսի հոսքով են յաջորդում, որ անկարող ես այլեւս կտրուել:

Ճաքճքած, ճերմակ անապատի կոշտացած, կարծր հողի վրայ շրխկոցով թափուող ջրի հետ աստիճանաբար պաստառը լեցւում է հեռուից դէպի մեզ գլխիկոր քայլող տղամարդկանց լուռ թափօրով: Խօսքի եւ բացատրութեան կարիք չկայ: 1915 թիւն է, եղեռն եւ դէպի մահ գնացող հայ մտաւորականութեան եւ ազգային գործիչների թափօրն է: Այս փոքր հատուածը առանց արեան, առանց մեռած-յօշոտուած դիակների, սարսուռ ազդող եղեռնի չարագուշակ ներկայութիւնն է ու դրա պատմութիւնը:

Հիանում ես Վիգէնի` ժապաւէնի արուեստի անսահմանափակ հնարաւորութիւնը այդքան իմաստուն տիրապետելու կարողութեամբ: Այդ ճերմակ, չարագուշակ, կոշտացած, արեան գոյն յիշեցնող ճաքճքումները շուտով կուլ են տալու անապատին մօտեցող մարդկային գլխիկոր թափօրը: Բարձր, փարթամ ձիերի վրայ նստած զինուած թուրք զինուորների մարդակեր, բութ հայեացքների հսկողութեամբ շարժուող պատկերը դիտողին անմիջապէս փոխադրում է Տէր Զօր, Մեսքենէ: Ո՛չ մէկ վայրագութիւն, ո՛չ մէկ կրակոց, ճիչ ու քաշքշոց, միայն` տարբեր բարձրութեամբ մեզ մօտեցող թափօր, ուր նրանց առաջնորդող հսկիչ թուրք զինուորները բարձր ձիերի վրայ, ազատ վարգում եւ մտրակում են թափօրի շուրջ: Յաղթանդամ, զինուած թուրք հսկիչները պետութիւն, օրէնք, հրաման եւ մահ են խորհրդանշում, որոնցից չես կարող խոյս տալ: Թափօրից չեն առանձնանում դէմքեր, դա յետոյ է լինելու, բայց գիտենք ու մենք առանձնացնում ենք մի հոգեհարազատ անուն` Կոմիտաս, իր կենսագրութեան ամենածանր պահով` փարիզեան «Վիլ Ժուիֆ» հոգեբուժարանի` 20 տարի տեւող իր անխախտ լռութեան առեղծուածով:

Սա դեռ սկիզբն է, եւ դիտողը միայն իր դիտածի, իր մէջ սկիզբ առնող ապրումների հետ է, դեռ զուգահեռ չի անցնում ժապաւէնի միջոցով իրեն փոխանցուող մեծ ասելիքի հետ: Այն ստեղծւում է աստիճանաբար:

Վիգէնը հրաշալի է տիրապետում ժապաւէնի արուեստի լեզուի իւրաքանչիւր ելեւէջին եւ գիտէ,  երբ դիտողին կենտրոնացնի իր տուած պատգամների վրայ: Նրա հմտութիւնը է՛լ աւելի է հիացնում, երբ այսօրուայ մեր երկրի, նաեւ աշխարհի իրական կեանքը, միահիւսելով իրար, չլուծուած բազում հարցադրումներ է հրամցնում մեզ` սթափեցնելով, տեղաշարժելով մեր միտքն ու երեւակայութիւնը: Անապատից միանգամից մեզ փոխադրում է այսօրուայ մեր հայրենի երկիր. գերեզմանոց է, շիրմաքարի առջեւ կանգնած է մի երիտասարդ աղջիկ: Կարծես թէ պատմութիւն է սկսելու, բայց ոչ, նա աւելի մեծ նպատակ ունի: Պարզ պատմութիւնները սկսնակների համար են, Վիգէնը վաղուց է անցել այդ շրջանը եւ հասել մի բարձրութեան, ուր խօսում է բարդ, իրար կապակցուած հարցերի մի ամբողջ շղթայի բացայայտման լեզուով: Միայն մեծ ստեղծագործողը դա կարող է անել, եւ Վիգէնը հասել է դրան:

0617vartabed2

Փոշոտ, քարքարոտ ճանապարհներից, որը խորհրդանշում է մեր երկրի անցած ճանապարհը, մահ-աւերից յետոյ, մի նոր կերպարի` գրողի, մտաւորականի հետ (դերակատար` Վարդան Մկրտչեան), մտնում ենք Երեւանի եռուզեռի մէջ: Գրողը` Նովենցը, որը ժապաւէնում հարցադրումներ ստեղծող ու լուծումներ փնտռողն է, երիտասարդ է, այսինքն այսօրուայ հայն է, քաղաքացին, մտաւորականը, դասախօսը, որը իրենց իրաւունքները պաշտպանելու գիտակցումով ուսանողներ է կրթում: Հարց, որն այսօր արհամարհւում է մեր երկրում: Միաժամանակ նա փորձում է բացայայտել Կոմիտասի լռութեան առեղծուածը, որը հարիւր տարի անուշադրութեան ենք մատնել: Դա միայն հարց չէ, այլեւս հրամայական է` կապուած 100 տարի մեր չլուծուած իրաւունքների հետ:

Վիգէնը առանց մտածումի շարժում չի անում ժապաւէնում եւ մեզ է հրամցնում ժապաւէնի միակ հերոսուհուն, կարող ենք այդպէս անուանել, քանի որ իր միջոցով էլ բացայայտւում են կարեւոր իրադարձութիւններ: Կերպարի անունը Սոնա է (դերակատար` Անի Ղազարեան), անպայման մտածումով դրուած, միաժամանակ ոչ մէկ կապ ունի ժապաւէնում զարգացող Կոմիտասի իրադարձութեան հետ: Պարզապէս խորհրդանշային է, սէր, եար, երգ ու անպայման Կոմիտասի անմահութիւնը իր մէջ ամփոփող վկայագրութեան յիշեցումն է:

Քաղաքի եռուզեռում կանգնած, ջերմաչափը ձեռքին նա անցորդների ջերմութիւնն է չափում չնչին դրամով: Ոչ ոք չի հետաքրքրւում ու նաեւ չի զարմանում, մարդիկ դարձել են անտարբեր նոյնիսկ ամենատարօրինակ առաջարկներին: Արտաքինից տարօրինակ, սափրուած գլուխ, միապաղաղ հայեացք, միայն կեանքի դառնութիւն ու փորձութիւն ապրած սեւ, տխուր արտայայտիչ աչքերն են կենսագրութիւն թելադրում նրան: Իր դերը օրինակ է, սահմանափակ, առանց մեծ փոթորկումների: Երեւում է, որ արդէն անցեալ են իր համար փոթորկումները, եւ հարցեր չի տալիս, քանզի գիտէ այսօրուայ հարցերի պատասխանը: Նա կրում է անծանօթ սփիւռքահայ զոյգի սերմը, որոնք բնականօրէն երեխայ չեն ունենում, ծնունդ տալու նրանց երեխային, անշուշտ` դրամի խոստումով: Դրանով Վիգէնը բացայայտում է մի մեծ ճշմարտութիւն այսօրուայ մեր իրականութեան մէջ, որ սփիւռքահայը իր երկրի տէրը չի նկատւում, նա միշտ միջնորդով եւ դրամով է հաղորդակցւում իր երկրի հետ: Դիտողը սպասում է, որ ծնուի այդ երեխան, սփիւռքահայութեան այդ ապագայ իր երկրի տէրը զգալու կապը, որի ծնունդի միայն ցաւագին ճիչն ենք լսում վերջում: Այսպէս, հատուած առ հատուած, Վիգէնի ժապաւէնը դառնում է երկիմաստ ու խոր, դառնում մեր երկրի ներքաղաքական իրավիճակները բացայայտող մի մեծ համայնապատկեր:

Ժապաւէնում Կոմիտասի տարիքային երեք շրջաններն են` առանց շեշտուելու, բայց եւ` կազմաւորելով նրա կերպարը, որոնք բնականաբար երեք տարբեր դերակատարներ են ներկայացնում (Արտօ Խաչատրեան, Վաչէ Շարաֆեան եւ Գռաֆսեր):

Ինչպէս գիտէք, Կոմիտասի կենսագրութիւնը միաժամանակ ողջ արեւմտահայութեան դառը կենսագրութիւնն է` լի թշուառութեամբ, ստեղծումով, փառքով, կորուստներով, օտարութեան մէջ թափառումով մաշուող: Հայրենի Քէօթահեայից` Էջմիածին, Թիֆլիս, Պերլին, կրկին Էջմիածին, Պոլիս, տարագրութիւն, Չանղըրը, կրկին Պոլիս, Վիեննա, Փարիզ: Իրապէս խելագարեցնող ճամբայ… Մենք չենք տեսնում այդ ամէնը, կարիքը չունենք, գիտենք արդէն, բայց խօսւում է եւ ժապաւէնում գրող Նովենցը ի վերջոյ ուզում է պարզաբանել վաղուց անվերջ խօսուող, բայց երբեք չբարձրաձայնուող այն հարցը, որ եթէ Կոմիտասին վատ չվերաբերուէին Էջմիածնում, նա ետ չէր վերադառնայ Պոլիս եւ այդ եղերական վախճանը չէր ունենայ: Վարդապետութեան համար չէր, որ նա յայտնուեց Էջմիածնում, նրա որբ ու անտուն վիճակը նրան տարաւ այնտեղ: Նա շատ արագ հասկանալով ի վերուստ իրեն տրուած կոչումը, արհամարհելով իր առջեւ դրուած բոլոր արգելքները, հետեւեց իր կոչումին` ազգային երգին ու երաժշտութեանը: Եկեղեցին չներելով նրա յանդգնութիւնը` մեծ հալածանք ծաւալեց նրա դէմ, այնքան, որ նա ստիպուած` վերադարձաւ Պոլիս այդ չարագուշակ տարում: Սա է ճշմարտութիւնը, որը Վիգէնը համարձակօրէն յայտնում է իր ժապաւէնում` աւելորդ անգամ յիշեցնելով, որ ժամանակն է արդէն անդրադառնալ մեր սխալներին եւ ընդունել դրանք, եւ ոչ թէ լռութեան մատնելով` շարունակենք աղաւաղել մեր պատմութիւնը: Վիգէնի պատգամը  այսօրուայ համար է, այսօրուայ մեր պատմութեան ճշգրիտ ու անկեղծ կերտման, կոծկուած, ազգակործան սխալները բացայայտելու, մեր պատմութիւնը ճշդելու:

Ահա թէ ինչո՛ւ ժապաւէնի գրողը դէմ է մահից յետոյ միայն արժանաւորելու արժանեալներին, միայն մահից յետոյ հերոսացնելու կեանքի հերոսներին, ինչպէս միշտ եղել է մեր ազգային կեանքում եւ դեռ մինչեւ օրս շարունակւում է:

Հոգեբուժարանի վանդակապատ դռնով սկսուող ճերմակ, ձգուող, երկարաւուն միջանցքը այն 20 տարիներն են, որը բանտել է այդ հանճարեղ հային իր մէջ, եւ որով պաստառի վրայ քայլում է Արմենակ Շահմուրադեանը` հոգեբոյժի հետ իր ուսուցչին տեսնելու, նրա հետ հաղորդակցուելու: Բոլորս գիտենք այդ հանդիպման մասին, բայց Վիգէնն այնպիսի արուեստով է հրամցնում, որ ազդւում ես, ինքդ էլ մեղսակից ես զգում քեզ նրա այդ վիճակի համար: Կոմիտասի վայրագութեամբ պարտադրուած անապատային լռութիւնը,  միախառնուած դաշնամուրի հնչիւններով եւ միջանցքում յայտնուող ճերմակազգեստ հիւանդների լայն բացուած, անկենդան աչքերով, անորոշ սպասումով, մեզ կանգնեցնում է նոյն անողոք մեղադրանքի առջեւ, որ կարող էինք խնայել նրան, եթէ չհալածէինք: Դեռ աւելի՛ն. այդ պարտադրանք-հալածանքի շարունակութիւնն է ժապաւէնում ցոյցի ելած այսօրուայ հայ երիտասարդութեան բողոքի ճնշումը, ինչպէս նաեւ` դասախօսի, նոյն ինքն գրող Նովենցի հեռացումը իր պաշտօնից` որպէս այդ ցոյցի կազմակերպչի:

Կոմիտասի դէմքը չենք տեսնում, նա անվերջ մէջքով է կանգնած դէպի մեզ, համար «0» սենեակի վանդկապատ պատուհանի առջեւ: Պատուհանից դուրս Փարիզն է` իր եռացող, խայտաբղէտ, աղմկոտ կեանքով: Կոմիտասի լռութիւնը դրսի հակադրուող ժխորին մի նոր համեմատութեան էջ է բացում մեր առջեւ: Աշխարհի այդ առաջընթաց իրարանցումում դեռ մենք բանտուած ու լուռ ենք: Մեր դէմ սրընթաց աշխարհն է իր խուռներամ, բարդ ու շնական հարցադրումներով, իսկ մենք լռելեայն սպասում ենք, դիտում ու դաս չենք առնում պատմութիւնից, չենք փորձում այն վերանայել, չենք կարողանում փշրել մեր դէմ կանգնեցուած վանդակապատնէշները:

Վիգէնը այդ ամէնը աւելի շեշտելու համար մէկ այլ կերպար է իրականացրել ժապաւէնում` հակադրելով գրողի կերպարին: Դա գործարարի կերպարն է, որն ինքը` Վիգէնն է խաղում: Գրողը չի համաձայնւում միայն դրամի համար իր սկզբունքները զիջելով` գործակցել այս անձի հետ, որի հարստութիւնը արդէն երեւում է իր սենեակից, ուր տեղի է ունենում խօսակցութիւնը: Այստեղ շատ հետաքրքիր երկիմաստ երկխօսութիւն է տեղի ունենում երկուսի միջեւ: Գործարարի համար պատին շարուած տիկնիկները իրական մարդկանց տիպերն են, որոնց նա օգտագործում է տիկնիկների պէս, ցանկացած պահին խաղում կամ խաղացնում ու նետում է մի կողմ: Մեր երկրի ղեկավարների համար էլ ժողովուրդը դարձել է տիկնիկ` առանց պահանջի ու դիմագծի: Նրանք վարւում են այնպէս, ինչպէս այդ պահին իրենց կողոպուտին է մեծ շահ բերուելու: Ի սպառ վերացել է հողի եւ հայրենիքի հոգածութիւնը, վաղուայ հայի ճակատագրի հարցը:

Ժապաւէնում երկու իրարյաջորդ հոգեբուժարաններ են ներկայացւում, մէկը` ենթադրեալ «Վիլ Ժուիֆ»-ի, որը հետագայում այնտեղ կատարուած իրական նկարահանումով է վաւերացւում, իսկ միւսը, ուր մտնում է գրող Նովենցը` պարզելու Կոմիտասի լռութեան իսկութիւնը: Հիւանդներն ամէնուր են, ինչպէս ամէնուր է բռնութիւնը, անարդարութիւնը, օրէնքի չգոյութիւնը: Հիանալի է նկարահանուած հիւանդների ոչ միայն յարաբերութիւնը, այլ յատկապէս ընթրիքի պահը, իւրաքանչիւրը իր աշխարհի մէջ տարուած է իր ուտելիքով:

Չեմ կարող չշեշտել, թէ ինչ նրբութեամբ ու մտածումով է բացայայտել Վիգէնն այս տեսարանը: Առանց չափազանցման, առանց աւելորդ հիւանդագին ծռմռումների, առանց սուտ  շարժումների, որով սովորաբար ներկայացնում են այդ հիւանդներին, միայն անհատականութեան միջոցով է հաղորդում նրանց մտային եւ հոգեկան խանգարումները: Այսօր աշխարհը  դարձել է մի մեծ խենթանոց, ուր իրենց ուժը ցուցադրող աշխարհի «հսկիչները» երկիրներ են աւերում, ժողովուրդներ տեղահանում, իրենց ենթակայեցնում ցանկացած ազգին: Այդ ցուլի ուժով, բութ հսկիչներն ամէնուր են, մեր երկրում էլ, որոնց շատերս ենք ճանաչում եւ նրանցից մէկն էլ Նովենցին հրամայում է խենթերի հետ ուտել, դառնալ նրանցից մէկը: Այո՛, աշխարհը եւ յատկապէս մենք` ազգովին, չենք ընդունում անհատ մտածողներին, նրանց մեկուսացնելով` փորձում ենք հասարակութեանը դարձնել անգոյն, անուղեղ, ենթարկուող մարդկային մի հոտ: Այդպէս վարուեց թուրքը մեզ հետ, այդպէս վարուեց Ստալինը մեզ հետ, եւ մենք այսօր որդեգրել ենք նրանց քաղաքականութիւնը:

Վիգէնը մեծ հմտութեամբ եւ յատկապէս արուեստի լեզուով պաստառի վրայ միշտ երկու պատկերով է գործում: Առաջինը` իրական գործողութեան պատկերն է, որն անմիջականօրէն դիտում ենք, եւ որի վրայ կառուցում է ժապաւէնը: Երկրորդը` այդ պատկերում տեղադրուած ասելիք-պատգամն է, որն ամենակարեւորն է արուեստում եւ որ առանց դրա ժապաւէնն արդէն ոչ թէ արուեստի գործ է դառնում, այլ` սովորական շարժապատկեր: Այս ժապաւէնում պատկերի տակից իշխող խորհրդանիշ են դառնում մտաւորականութեան լուռ քայլը եւ ձիերի վրայ բազմած բութ հայեացքներով զինուած նրանց հսկողները: Մտածող հանդիսատեսը անմիջապէս համեմատութիւն է անցկացնում այսօրուայ իշխող իրավիճակի հետ: Կռահում ես, որ դա մեր մտաւորականութեան, մեր ազգային իրական ներկայացուցիչների լռեցուած վիճակն է, որոնց հսկում եւ ուժը իրենց ձեռքում են պահում երկրի այսօրուայ ինքնահռչակ «տիրակալները»: Սա նոր երեւոյթ չէ, բայց եւ այլեւս անընդունելի է իր անկախութիւնը ունեցող մեր երկրի համար, որի մասին էլ բարձրաձայնում է ժապաւէնը:

Այս պարզ պատկերը նաեւ տասնեակ խորհրդածութիւնների դուռ է բացում, որոնցից մէկն էլ նաեւ մեր մտաւորականութեան անկարող, լուռ հեռացումն է երկրից, հորիզոնում աստիճանաբար խամրող նրանց ստուերի հետ:

Մեզ պարտադրուած լռութիւնն այլեւս հեղձուձիչ է դարձել այնքան, որ Վիգէնն իր ժապաւէնում փորձում է պատռել այդ վտանգաւոր լռութիւնը:

Յիշենք այն պատկերը, երբ Սոնան միայնակ, բլուրի վրայ կանգնած` ամբողջ կոկորդով բղաւում է: Շուրջը քար լռութիւն է, նոյնիսկ արձագանգ չկայ: Բայց չէ՞ որ այդպիսի տեղանքում միշտ ձայնն արձագանգւում է: Եթէ Սոնային ժապաւէնում ընդունում ենք որպէս սփիւռքի կապի, ուրեմն հետեւութիւնն այն է, որ սփիւռքի ձայնը մնում է անարձագանգ: Ի վերջոյ Սոնային է միանում գրողը` հայրենի մտաւորականը, եւ սկսում են միասին բղաւել, խախտել մեր մէջ տեղ գտած այս վտանգաւոր լռութիւնը: Նրանց այդ արարքը մեզ թելադրում է թօթափել մեր լռութիւնը, մեր անտարբեր թմբիրը, մեր օրէ օր հալչող, դատարկուող երկրի ու ժողովրդի այսօրուայ վիճակի հանդէպ:

Մեր անտարբերութեամբ թոյլ տուինք, որ մեր հանճարեղ հայը միայնակ տառապի օտար, անշուք հիւանդանոցում, առանց իր ժողովրդի ուշադրութեան ու գուրգուրանքի: Այդ անտարբերութիւնը ցուցաբերեցինք մի անհատականութեան հանդէպ, որը ինչ սիրով ու գուրգուրանքով է հաւաքագրել ու ազգայնացրել իր ժողովրդի հոգու ձայնը, նրա էութեան խորքից բխած երգերը:

Այսքանից յետոյ էլ դեռ մենք շարունակում ենք ոտնատակ տալ, արհամարհել մեր ազգի շնորհալիներին, նրանց առջեւ փակել աճելու, անվերջ ստեղծագործելու ճանապարհները: Գուցէ այս ժապաւէնը սթափեցնի մեզ…

Կրկին յայտնւում է տարագրուող մտաւորականութեան թափօրը, կանգ են առնում ինչ որ տեղ, եւ Վիգէնը մեզ է մատուցում Կոմիտասի կենսագրութեան իրական դէպքից մի հատուած, երբ ջուրի դոյլը իւրայինները բոլորից առաջ յարգանքով փոխանցում են Կոմիտասին, եւ երբ Կոմիտասը ուզում է խմել, այդ պահին թուրք հսկիչը ոտքով շրջում է դոյլը: Դա միակ կոպտութիւնն է, որ տեսնում ենք` որպէս նուաստացման, ստորադասման, դիմացինին ուժով ոչնչացնող տիրական փաստ, որով եւ ոչնչացրին մեր ժողովրդին: Բայց դա բաւական է աւելին տեսնելու, հասկանալու, յիշելու: Չէ՞ որ արդէն անգիր գիտենք մեր տարագիրների վախճանը: Դեռ չի մշուշուել, եւ յուսանք` երբեք չմշուշուի մեր ազգի յիշողութիւնը:

Եւ յանկարծ թափօրից մեզ հետ խօսում են Վարուժանը, Ռուբէն Սեւակը, Սիամանթօն, որոնք դեռ կոկիկ հագնուած են, նրանց մէջ ոչինչ է փոխուած, կարծես այդ դժոխային ճանապարհը չեն անցել:

Այս հատուածում էլ հիանում ենք Վիգէն արուեստագէտի հեռատեսութեամբ: Նա գիտէ, որ մեր այդ զարմանահրաշ ստեղծագործողները սերունդների մէջ ապրելու են յաւէտ եւ այդ յաւերժութեան մէջ նրանք պէտք է որ մնան իրենց վեհ կենդանի պատկերով, քանի որ նրանք այդպէս են իրենց անկրկնելի ստեղծագործութիւններում:  Այդ պահը կենդանացնում է Վարուժանի եւ Սեւակի վերջին ցանկութիւնը, որն է` «Չենք ուզեր յիշուիլ որպէս նահատակ գրող: Չենք ուզեր մեռնիլ: Մենք կ՛ուզենք ապրիլ»: Եւ Վիգէնը այնքան զգուշօրէն, կարծես յատուկ փայփայանքով ապրեցնում, նոր կեանք է պարգեւում նրանց:

Այսպէս մանրակրկիտ աշխատելու համար,  տաղանդից զատ, ապագան զգալու ներքին ջիղ պիտի ունենալ, ներքին տեսողութիւն` ապագան տեսնելու: Վիգէնն ունի մեծ արուեստագէտի ե՛ւ այդ ջիղը, ե՛ւ այդ տեսողութիւնը, որն առանց շահագործելու օգտագործում է ճիշդ տեղին եւ ժամանակին: Ահա թէ ինչո՛ւ տեսարանները այդքան յստակ ու ճշգրիտ են, ո՛չ մէկ յաւելեալ շարժում, ո՛չ մէկ յաւելեալ պատկեր, որ անիմաստ ու ձանձրալի լինի: Նա քամերան օգտագործում է բնական աչքի պէս` առանց ցուցամոլութեան, առանց աւելորդ լուսային խաղերի: Ամէն ինչ այնպէս է, ինչպէս կեանքում ենք տեսնում, եւ այդ բնականութիւնը իր ժապաւէնների բարդութիւնը դարձնում է հանգիստ ու ընդունելի:

Ժապաւէնում նրբօրէն օգտագործուած բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիպրեթօ անապատի համար» գրքի քառեակները, աւելի են հաստատում ժապաւէնի բարձրագոյն արուեստը: Սոնան այսօրուայ մեր ամենատաղանդաւոր բանաստեղծուհին է, որը խօսում է մեր թաղուած պատմութեան լռութեան մասին, փորձում է արթնացնել թմրած աշխարհին: Բանաստեղծուհու խորը տողերը մեր անվերադարձ կորուստների ճիչն է, ուշացած սփոփանք, իր երկարատեւ լռութեան մէջ տառապած մեր հանճարեղ Կոմիտասին: Վիգէնն այսպիսով յաւելեալ անգամ մեր ուշադրութիւնը կենտրոնացնում է մեր ազգի արժէքներ ստեղծող բոլոր նրանց վրայ, ովքեր այսօր մեր ուշադրութիւնից դուրս են, ինչպէս 20 երկարատեւ տարիներ ազգի գուրգուրանքից զուրկ, լռութեան ու անուշադրութեան մատնուեց մեր այս հանճարեղ հսկան` Կոմիտասը:

Ժապաւէնում օգտագործուած երաժշտութիւնն անգամ պատահական յարմարեցուած ընտրութիւն չէ, այլ առանձնայատուկ մտածումով է արուած: Կոմիտասից եւ Աւետ Տէրտէրեանից զատ, օգտագործուած է Քլոտ Տեպիւսի, քանի որ նա եղել է Կոմիտասի առաջին բարձր գնահատողներից մէկը եւ ազգայինը համաշխարհայինի հետ զուգակցելով` Վիգէնը  նոր պատուանդանի վրայ է բարձրացնում Կոմիտասին, որի տեղը իրականում այդտեղ է:

Ժապաւէնն աւարտւում է մեծ իմաստով` Սոնայի ծննդաբերութեան ցաւագին ճիչով եւ Կոմիտասի լռութեան խզումով, նրա յիշողութեան վերադարձով ու իր երգով, իր երգով, որը մեր ազգայինի յաւէտ կենդանութեան առհաւատչեան է:

«Վարդապետի լռութիւնը» ժապաւէնը որքան էլ Վիգէն արուեստագէտի մօտեցումն ու արտայայտութիւնն է տառապած Կոմիտաս հանճարին, նոյնքան ընդգրկումն է մեր անցեալի եւ ներկայի գիտակից ու անգիտակից բացթողումների, մեր այսօրուայ կուտակուած, արդէն պայթումի պատրաստ հրատապ հարցերի լուծման անհրաժեշտութեան: Դա հողի ու հայրենիքի նուիրումի կոչն է, ինքներս մեզ վերանայելու հրամայականը:

Վիգէն Չալդրանեանը «Վարդապետի լռութիւնը» ժապաւէնով ոչ միայն հարստացրեց իր առանց այդ էլ հարուստ խաղացանկը, այլ նաեւ հայ ժապաւէնի արուեստը, նրա հարուստ անցեալի վրայ կրկին անգամ աւելացնելով նաեւ իր անունը:

«Վարդապետի լռութիւնը» ժապաւէնի պատրաստմանն հովանաւորել է նաեւ Հայաստանի Համազգային միութիւնը, եւ զարմանալին այն է, որ ամենեւին մտահոգ չէ իր օժանդակած ժապաւէնը այստեղ` արտերկրի տարբեր համայնքներում ցուցադրելու: Յատկապէս երբ Վիգէնը գտնւում է Լոս Անճելըսում եւ աւելի մատչելի է իր ժապաւէնը ցուցադրելու համար նրան հրաւիրելը: Չէ՞ որ ժապաւէնը մեր այս անտարբերութեան մասին է, ազգային արժէքների տարածման եւ գնահատման թերացման մասին է: Ստեղծագործողների ներկայութիւնը արհամարհելու մասին է: Յատկապէս արտերկրի հայութիւնը անհաղորդ է իր ազգային ժամանակակից հարստութիւններին, նրանց մտածումներին ու ապրումներին եւ մանաւանդ` երիտասարդութիւնը: Ե՞րբ ենք արժեւորելու նրանց, երբ հեռանա՞ն կամ` երբ օտա՞րը գնահատի: Այս ժապաւէնը պէտք է որ որոշ բան փոխի մեր գործելակերպում, սա իմ յոյսն է, քանի որ այդ յոյսով է Վիգէնն ստեղծել իր ժապաւէնը:

Բարի՛ երթ` ե՛ւ Վիգէն ստեղծագործողին, ե՛ւ իր ստեղծած ժապաւէնին:

 

Սիրելի՛ ընթերցող,

IMG_1309

Գրութիւնս արդէն աւարտել էի, երբ ստացայ այս լուրը եւ, բնականաբար, չէի կարող անտեսել այսպիսի մեծագոյն գնահատանք:

Ուրախութեամբ պիտի յայտնեմ, որ յունիս 11-ին քոնկրեսական Էտըմ Շիֆը յատուկ պատուոյ գիրով մեծարած է հայ ժապաւէնի արուեստի եւ թատրոնի բեմադրիչ, դերասան, ձեւաւորող նկարիչ, բեմագիր Վիգէն Չալդրանեանին, իբրեւ շարժապատկերի դեսպանի`  աշխարհում հայ ազգային մշակութային արժէքները տարածելու համար  / «ADAM  B. SCHIFF,  Recognition, Vigen Chaldranyan, Film Envoy of  Armenian National Cultural Values»:

Սրտանց կը շնորհաւորենք Վիգէնին այս մեծ գնահատանքին առիթով մաղթելով իրեն ստեղծագործական նորանոր նուաճումներ` ի շահ հայ արուեստի:

 

Սան Ֆրանսիսքօ
7 յունիս 2016թ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles