ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋԵԱՆ
Բանաստեղծուհի
Վրաստանի գրողների միութեան
հայկական մասնաճիւղի նախագահ
Մտքերս այնքան էին վարար, որ որոշեցի դրանցով կիսուել հետդ, սիրելի՛ Արա… Ընդունիր դրանք որպէս անկեղծ, անպաճոյճ գրախօսական…
Ասեմ, որ գիրքը մի շնչով կարդացի… Գրական-գեղարուեստական կամ վաւերագրական ոչ բոլոր գրքերին է վիճակւում, սակայն, արժանանալ մի շնչով ընթերցումի… Գիւմրեցի հայորդի, գրող, ազգային գործիչ, մանկավարժ, պլոկեր Արա Նախշքարեանի այս գիրքը, որ բաւականին յաջողուած գեղարուեստա-վաւերագրական էսսէ է ըստ էութեան, այն սակաւ գրքերից է, որոնք միանգամից գրաւում են քեզ, յուզում, առնում քեզ իրենց գիրկն, ու կապելով իրադարձութիւնների ու հերոսների հետ` տանում իրենց ճանապարհով ու քեզ ակամայ, թէկուզեւ հեռակայ կարգով, բայց ականատեսը դարձնում գրքում նկարագրուող իրադարձութիւնների…
Կարդացի մէկ շաբաթ առաջ… Մի քանի անգամ վերընթերցեցի… Ու այդ մի քանի անգամն էլ ապրեցի այս զգացողութիւնը… Ու մի շաբաթ է` ահա ապրում եմ այդ գրքի աշխարհում… Իսկ դա առաջին հերթին հայրենասիրութեան, ազգասիրութեան, հաւատարմութեան, երախտագիտութեան, նուիրումի, նախնեաց փառքին ու հերոսապատումին խոնարհումի, ցաւի ու հպարտութեան անխառն զգացողութիւնների աշխարհ է… Բնականաբար, վեհի, գեղեցիկի, լուսաւորի աշխարհ… Սովորելու ու սովորեցնելու աշխարհ… Ինչպէս լինել ազգի արժանաւոր զաւակ, ինչպէս կարողանալ սեփականը նուիրաբերել ընդհանուրին, նեղ-անձնականը` լայն-ընդհանուրին, ես-ը` մենք-ին, ինչն իրագործել հնարաւոր է ներքնապէս հասնելով միայն այն բարձր գիտակցութեանը, որ յանուն հայրենեաց հնարաւոր է յաղթահարել սեփական ես-ը, կարելի է զոհաբերել ամենաթանկ բանը` կեանքը…
…Ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ այս գրքի ընթերցումն ասես հրամայական լինէր… Գիտէի, որ Արան շտապել է Արցախ… իր մասնակցութիւնը բերելու մեր սուրբ հողերի պաշտպանութեան մաքառումներով լի սրբազան պայքարին… Այնքան ժամանակահունչ թուաց ինձ… Ինձ միանգամից գերեցին եւ Արա Նախշքարեանի պատումի ձեւը, հարուստ լեզուն, համեմատութիւնների ու պատկերների գեղեցկութիւնը… Հեղինակի գրին ծանօթ էի ֆէյսպուք ընկերային ցանցի էջերից, սակայն ֆէյսպուքն այլ է, գիրքը` այլ, մանաւանդ իմ` տարիների գրողիս, գրահրատարակչիս համար: Այս գրքով ես նորովի յայտնաբերեցի Արային` տաղանդաւոր, շնորհալի, ազգասէր, ազգամեծար, սեփական շահերից այնքան հեռու կանգնած ու հայրենիքի համար իրենց արիւնը թափած մեր հերոսների յիշատակն իր հոգում անմար ջահի պէս պահող հայորդի, ով հրաշալի գիտի գինը ազնուութեան ու մարդկայնութեան, գինը արժանապատիւ կեանքի ու հայրենապաշտպան մղումների, հայրենապաշտութեան ու ամէն պահ պատրաստ է ի մարտ մղուել յանուն հայրենեաց: Ես Արա Նախշքարեանի մէջ յայտնաբերեցի այն մեծատառով Մարդուն ու թիկունքի Զինուորին, որի համար առաջնայինը հայրենիքն է, հայրենիքի մատաղացու պաշտպանը, աշխարհի ո՛ր մասում էլ նա ծնուած ու ապրելիս, պայքարելիս լինի… Ու այս գրքի ընթերցումից յետոյ աւելի հաւատացի Արային, հաւատացի նրա անկեղծութեանը, նրա յիշողութեան, խօսքի ու գրի, գործի միասնական համընկնողութեանն ու նոյնքան էլ ճշմարտացիութեանը… Հաւատացի ու հպարտացայ, որ այսպիսի երիտասարդներ ունենք, այսպիսի հայորդի ունենք, այսպիսի մանկավարժ, այսպիսի պատմաբան, այսպիսի գրող ու զինուոր ունենք… Ու համոզուեցի նորից, որ Արա Նախշքարեանի տեսակն է, որ մեզ անպարտելի է պահում… Ու կը պահի դարեդար…
Հէնց սկզբից, գրքի վերնագրից ու տիտղոսաթերթից իսկ Արա Նախշքարեան -երախտագէտն է երեւում ընթերցողին. եթէ օրը համարժէք է հարիւր տարուան, ուրեմն այդ օրը գնահատուած է, արժեւորուած, յարգանքի տուրք է` մատուցուած այդ օրը գեղեցկացնողներին. ապա հովանաւորների անուններն են ու գրողի խոնարհումը նրանց: Նրանց ես էլ եմ, ընթերցողս, յայտնում իմ խորին շնորհակալութիւնը:
Այս գրքում եւ «ի՞նչ»-ն է հետաքրքիր, եւ «ինչպէ՞ս»-ը, եւ «ինչո՞ւ»-ն… Վերեւում ասացի այդ մասին… Բայցեւայնպէս գրքի ատաղձը «ինչո՞ւ»-ն է… Դրա պատասխանը գրքի աննոտացիան տալիս է` «Գիրքը նուիրւում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990) օրերին հայկական թաղամասերի պաշտպանութեան կռիւներին ընկած նահատակներին ու նուիրեալներին»:
Հէնց սկզբից իմ միտքը կանգ առաւ մի իրողութեան վրայ… Ես լաւ եմ յիշում այդ օրերը: Այդ տարիներին Թիֆլիս այցելեց պէյրութցի գրագէտ Շուշիկ Տասնապետեանը` իր նոյնպէս գրագէտ քրոջ հետ: Մենք երկար զրուցեցինք օրհասական այդ օրերի, պէյրութահայոց վիճակի, նրանց մասնակցութեան մասին, հարցազրոյց էլ տպագրեցի մեր թերթում, Կամուրջում… Հէնց պատերազմի ժամանակաշրջանում է փաստօրէն ծնուել Արա Նախշքարեանը. ու պատերազմի մասին գիտի միայն գրաւոր աղբիւրներից, տեսաֆիլմերից… Բայց ահա, տեսէք, թէ պատերազմը որքան ցաւագին է զգում իր հոգում, որպիսի նուիրուածութեամբ ու հաւատացեալի ջերմեռանդութեամբ է Լիզպոնի տղաներին իրեն ընկերներ համարում, ու նրանց սխրանքով հիացած` տարիներ շարունակ մտովի զրուցում, խօսում նրանց հետ, երազում այն օրը, երբ պիտի այցելի Պէյրութ, խոնարհուի նրանց շիրիմներին, նրանց հարազատներին գտնի, նրանց փառքը գովերգի ու ծնրադրի նրանց առջեւ…
Եւ բարի մարդկանց, լիբանանեան իր մի շարք ընկերների աջակցութեամբ Նախշքարեանը հասնում է իր երազանքի վայրեր… Հայր Անտոնի բարի ու հրաւիրող հեռախօսականչը ցնծութեամբ է համակում Նախշքարեանի հոգին: Անչափելի է նրա երջանկութիւնը, անափ է նրա հոգու խռովքը… Նա պիտի գնայ Այնճար, պիտի այցելի «Լիզպոնի տղերքի» պանթէոն, նաեւ պիտի հանդիպի իր ընկերներին, պիտի հանդիպի Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին… Սրբազան ուխտ է այս ամէնը հեղինակի համար, եւ պատահական չէ, որ նա հէնց ուխտագնացութիւն է կոչում իր եօթնօրեայ (15-22 մարտ 2014) այցելութիւնը Պէյրութ, որ արեան պարտադրանքով սկսում ու աւարտում է Ազգային գերեզմանոցում… Ու կարծում եմ` կը պատշաճի ուխտագնացութիւն-էսսէ էլ կոչել այս ուշագրաւ գիրքը, որ նաեւ գեղեցիկ յուշ-ալպոմ է` հարազատ ու սիրելի մարդկանց, հայրենանուէր ու ազգամեծար պէյրութահայերի հետ բազմաթիւ լուսանկարներով փաստագրուած:
…Ահա եւ Պէյրութում է Արա Նախշքարեանը… Եւ ամէն օրը հարուստ, ամէն օրը բարի, ամէն օրը` պատմութեան վերյառնում… Եւ ամէն օրը մի ծանօթութիւն, ամէն օրը մի ներշնչանք, ամէն օրը` մի նահատակին խոնարհում… Ամէն օրը` մի աշխարհ, ամէն օրը մի կեանք, մի տպաւորութիւն… Եւ այս ամէնը ասես ոչ թէ օր, այլ դար… Այնքան որ շատ է բովանդակութիւնը, պարունակութիւնը, տարողունակութիւնը: Այն իսկապէս մի օրուայ մէջ տեղաւորելիք չէ: Այդ ամէնը զգալու համար դար է պէտք, այո՛: Եւ ամենեւին էլ փոյթ չէ, որ այթմատովեան հանրաճանաչ վէպի վերնագիրն ես ակամայ յիշում` «Եւ դարից երկար ձգւում է օրը»: Վերջին հաշուով մենք էլ մեր օր-դարերն ունենք, որոնցով կերտւում է մեր պատմութիւնը: Կարեւորն այն է, որ գիրքը կարդալիս դու զգում ես այդ օրերի դարին համարժէք լինելը: Նախշքարեանը վարպետօրէն է քեզ համոզում դրանում…
Ես Պէյրութում եղել եմ: Ես էլ Գրողների համահայկական համաժողովի օրերին էլ եղել այնտեղ, տարի առաջ, որ կազմակերպուեց լուսահոգի Լեւոն Անանեանի ջանքերով` Արամ կաթողիկոսի փառաւոր աջակցութեամբ: Ես էլ եմ եղել Այնճարում, ես էլ եմ վայելել պէյրութցիների հիւրընկալ սէրը, հրաշալի վերաբերմունքը, զոհուած ազատամարտիկների պանթէոն ես էլ եմ այցելել, ցաւել ու հպարտացել… Ու հիմա ահա կարդում եմ Արա Նախշքարեանին. ու չգիտեմ` ինչպէ՞ս ասեմ նրան` շնորհակալութիւն: Գերզբաղուածութիւնս թոյլ չի տուել, որ երկար անդրադառնամ այդ այցելութեանս, բայց այսպէս հանգամանալի ու համապարփակ, այսպէս ուսումնասիրողական ու մանրակրկիտ չգիտեմ էլ` կը գրէի՞, թէ՞ ոչ: Ամբողջ ընթերցանութեան ընթացքում ինձ թւում էր, թէ ես Պէյրութում եմ: Ես էլ եմ մասնակիցը բոլոր գեղեցիկ հանդիպումների, ես էլ եմ ոգեշնչուած այդ մարդկանցով ու նրանց գործերով… Ահա «Կարմիր լեռ» կոմիտէն, ահա Այնճարի «Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան» վարժարանի գրադարանը, ահա «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրը, ՀՅԴ «Շուշի» կոմիտէն, որի պատի պաստառը յատկապէս է գրաւում հեղինակին` «Թրքերէն խօսիլը արգիլուած է ակումբէն ներս»… Կարծում եմ մեկնաբանութեան համար բառերն աւելորդ են:
Ահա եւ Պուրճ Համուտը… Պէյրութի հայոց չքնաղ ու անկրկնելի, կոլորիտային այցելութեան երկրորդ օրը… Ամէն ինչ, ամէն նկարագրութիւն յուզում է ինձ էլ` թիֆլիսահայիս… Կարօտը խեղդում է ինձ… Յիշում եմ իմ գրչընկերներին, գրողներ Համբիկ Մարտիրոսեանին, Ժիրայր Դանիէլեանին, աւաղ արդէն լուսահոգի Սարգիս Կիրակոսեանին, որոնց երկու տարի առաջ հիւրընկալեցինք Թիֆլիսում հայ վրաց բարեկամութեան նոր կամուրջ ձգելով: Հրաշալի, կենդանի պատկերներ են` գեղարուեստի ուժով վաւերացուած: Ահա Արայի ընկերները` Կիրակոս (Կիրօ) Գարակէօզեանը… Սերոբ Եագուպեանը, Յակոբը, Գոհար Ալեքսանեանը, Մարալը, Գօգոն, Յակոբ Աբրահամեանը, ում օճախում էլ հիւրընկալուել է հեղինակը: Ահա եւ երգիչ Մհեր Սարգիսեանը, ում ճանաչել է հեղինակը ընդամէնը ֆէյսպուքից… Բայց արիւնը ճանաչել գիտէ անմիջապէս, ու այստեղ պատահական հանդիպումը նրանց միանգամից մօտեցնում է իրար:
Այս մարդիկ ոգեւորութեան աղբիւր են Նախշքարեան-հայորդու համար: Այս մարդիկ դաս ու դպրոց են Նախշքարեանի համար: Մարդիկ, որոնք ազգային նկարագիր ունեն, արարման ոգեղէն խոյանքի կրողներ են ու ազգի պատմութիւն են կերտում իրենց ուժերի ներածին չափով` արաբական աշխարհում պահպանելով հայի տեսակը, հայի ծինը, հայի քրիստոնէական հաւատքը…
…Ահա եւ Սրբոց Վարդանանց եկեղեցին, ահա եւ նուիրատուութիւնների պահը` յանուն համայնքի աշխատանքների: Ամէն, ամէն կարեւոր «ինչ» որսացել է հեղինակի դիտողականութիւնը ու իր յուշերը գրքի տեսքով յանձնել մեզ ու սերունդներին` ի պահ:
Այնճա՜րը… Այնճար բերդաքաղաքը, Այնճարի ազգային գերեզմանոցը… Մուսա Լե՜ռը… Կարդում ու իմ յիշողութիւնն էլ է ալիքւում: Ես էլ այստեղ «Ժողովրդային տան» յանձնախմբից մի կապոց գրքեր ստացել նուէր, ինչպէս հեղինակը: Այստեղ վեհութեան զգացողութիւն եմ ապրել: Եթէ հայ ես, եթէ եղել ես այստեղ գէթ մի անգամ, եթէ կարդում ես ճշմարիտ, գեղեցիկ ու այնքան հոգեհարազատ տողեր, չես կարող այլ զգացողութիւն ունենալ, քան հպարտութիւնը, որ հայ ես, որ հայ ես ծնուել, ծիլ ես տուել հայի արիւնով, արարող, պայքարող, հայրենիք պահպանող ազգի արիւն ես կրում քո մէջ: Ի՜նչ փոյթ, թէ որտե՛ղ ես ապրում` Գիւմրիո՞ւմ, Թիֆլիսո՞ւմ, թէ՞ Պէյրութում… Դու անպարտելի ազգի մասնիկ ես, նրա անցեալ փառքը յիշողն ու նրա նահատակների յիշատակի առաջ խնկարկողն ու նրա վաղուայ համար արարողը: Եւ Արան ինձ աւելի է համոզում դրանում: Արայի այս հրաշալի գիրքը, Արայի անմահ ընկերները` Լիզպոն-83 ողջակէզները, նրանց հարազատները, քոյրերն ու մայրերը, Արայի նոր բարեկամները` Յովհաննէս Խօշեանը, Ժաք Տաղլեանը, ով պատմում է Լիզպոնի Վաչէի մասին, Պետիկ Ինճէեանի…
Յուզումնալի պահերը շա՜տ շա՛տ են, ու զարմանալի չէ, որ գրողը գրում է, թէ` «տառս բառ չէր դառնում»… Թէեւ հակառակուեմ ու ասեմ, որ ոչ միայն տառը բառ չի դառել, այլեւ ուշագրաւ գիրք է դարձել ու յուզում է ընթերցողին էլ…
Ահա եւ գալիս – հասնում ենք հինգերորդ օր: Աջ ու ահեակից բարեւներ են հնչում… Ճիշդ մէջբերում է արել հեղինակը Վարդգէս Պետրոսեանի «Հաւասարում բազմաթիւ անյայտներով» ստեղծագործութիւնից` «Ծանօթութեան նուազագոյն չափը կոչւում է բարեւ…»: Այս օրն էլ հարուստ է շատ` մի փոքրիկ Հայաստան է ներկայանում Նախշքարեանին Պէյրութը` «Շաղզոյեան» կենտրոն, «Ազդակ» թերթի խմբագրատուն, սրտառուչ ու բովանդակալից, հետաքրքրաշարժ հանդիպում ու զրոյց մեծանուն խմբապետ ու ազգային գործիչ, հրաշալի մտաւորական Շահան Գանտահարեանի հետ, ում ես էլ լաւ ճանաչում եմ, Համազգային գրադարան, Համազգային ցուցասրահ, «Վանայ ձայն» ռատիոխմբագրութիւն, այստեղ էլ հրաշալի հարցազրոյց… Հայի կատարեալ տեսակներ, իրա՛ւ, ազգային մշակոյթի անխոնջ սերմնացաններ` հայրենիքից դուրս, օտար ափերում… Ես որ հրաշալի գիտեմ, թէ դա ի՛նչ է, ինչպիսի՛ սխրանք…
…Եւ եօթնօրեայի ամենալուսաւոր հանդիպումներից մէկը` Անթիլիասում, կաթողիկոսարանի դիւանապետ, իմ տաղանդաւոր ու հրաշալի գրչընկեր Խաչիկ Տէտէեանի ջանքերով կազմակերպուած հանդիպումը Արամ Ա.-ի հետ… Գեղեցկատես ու վեհօրէն անկրկնելի Անթիլիա՜սը… Նախշքարեանի տարիներ շարունակ փայփայած երազանքներից մէկը` տեսնել ու զրուցել մեծ հոգեւորականի, մեծ առաջնորդի ու իմաստունի հետ… Անջնջելի եւ ուսուցանող… Յիրաւի մեծ երջանկութիւն, որը ապրել եմ նաեւ ես ու հանդիպման արդիւնքում բանաստեղծութիւն ձօնել մեր ժամանակների պայծառափայլ ազգային գործչին, անգերազանցելի հռետորին ու գրագէտին… Եւ Արա Նախշքարեանը յաւուր պատշաճի է արժեւորում կաթողիկոսին ու նրա հետ այս հանդիպումը, շնորհակալութիւն յայտնում նրա ընծայած արժէքաւոր գրքերի համար: Ի դէպ, իմ գրադարանն էլ են զարդարում վեհափառի գրքերը:
Իսկ յետոյ այց` Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալեանի, Վարդան Շահպազի, խմբապետ Մուշեղի, Սարգիս Տխրունու եւ այլոց թանկ շիրիմներին…
Լիզպոնի նահատակների պանթէոն այցով էլ աւարտւում է Նախշքարեանի այցը Պէյրութ… Այնտեղ նորից գնալու, իր նահատակ ու ողջ ընկերների գործի առաջ նորից խոնարհուելու յոյսով:
Փակում եմ գիրքը, ու մի լուսաւարար յորձանք է նորից ալիքւում մէջս: Աչքիս առաջ Լիզպոնի նահատակ տղաներն են` Արան, Վաչէն… Արայի շնորհիւ ես տեսնում եմ նրանց… Նրանց սխրանքի մեծութիւնն եմ զգում ու խոնարհւում, խոնարհւում… Նորից ու նորից… Արայի շնորհիւ ես այս տղաների գործը արթուն պահող նրա ընկերներին եմ տեսնում, ու մի նոր ու գեղեցիկ աշխարհ յայտնաբերում իմ մէջ, իմ շուրջ… Տեսնում եմ, զգում, համոզւում ու կրկին շնորհակալութիւն ասում այս հրաշալի գրքի համար` Արա Նախշքարեանին: Եւ ոչ միայն գրքի… Իր ամբողջ գործունէութեան համար… Հայի իր տեսակի համար, գիւմրեցու (ես էլ եմ արեամբ գիւմրեցի` ե՛ւ հայրս, ե՛ւ մայրս) իր տեսակի համար:
…Կեցցե՛ս, Արա՛ ջան… Զօրանա՛ս… Մենք անպարտելի ենք հէնց քո եւ քո նմաններով… «նմանը զնմանին գտանի…» …Դու ճիշդ ընկերներ ես գտել, եւ քո այս գիրքը, որ հայասիրութեան ուրոյն դասագիրք է, հրաշալի յուշարձան է քո ընկերներին` քո կողմից…