Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Կատակների Արքան. Պոլոզ Մուկուչ

$
0
0

Պատրաստեց` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

«Հայաստանի աղն ես, Գիւմրի,
Դու խօսքաշէն, սրամիտ,
Ճշմարտութեան մաղն ես, Գիւմրի,
Դու իմաստուն, միամիտ»:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ

Թէ՛ պարզ քաղաքացիները, թէ՛ մեծանուն ստեղծագործողներ Գիւմրին Հայաստանի աղն են համարել: Պատճառը քաղաքային կենցաղին, բնակչութեան բնաւորութեանը բնորոշ մի շարք իւրայատկութիւններն են: Օրինակ` հումորի սուր զգացողութիւնն ու կատակելու առանձնայատուկ ընդունակութիւնը Հայաստանում սովորաբար գիւմրեցիներին են վերագրում: Գիւմրիում դեռ հին ժամանակներից կարեւոր տեղ են գրաւել զուարճախօսութիւնները, որոնք հնչել են անպատրաստից` որպէս այս կամ այն երեւոյթի նկատմամբ վերաբերմունք, որպէս տարբեր մարդկանց բնաւորութեան թոյլ կամ ուժեղ կողմերի գնահատական:

Գիւմրին հումորի «մայրաքաղաք» անուանելը կապուած է նաեւ ժամանակին քաղաքի համայնապատկեր կերտած մի շարք անհատների հետ, ովքեր պատմութեան մէջ անմահացել են որպէս քաղաքային հումորի նախահայրեր: Գիւմրու բանարուեստը տուել է տեղական եւ համահայկական նշանակութեան մի շարք զուարճախօսներ, որոնց մասին գրառուած նիւթերը բազմաթիւ են եւ կան գրեթէ բոլոր բանահաւաքների հաւաքածուներում: Ամենանշանաւոր գիւմրեցին եւ զուարճախօսութիւնների համահայկական հերոսը` Պոլոզ Մուկուչը, ժողովրդի սիրելիներից մէկն է:

13315643_1018393121547479_2342207575281882327_n

Ահա մի դրուագ նրա դիտարկումներից.

1899թ-ին աւարտւում է Ջաջուռի երկաթուղային փապուղիի շինարարութիւնը եւ առաջին շոգեքարշը մտնում է Գիւմրի: Ընկերոջ հետ Մուկուչն էլ է գնում երկաթուղու կայարան: Երկար նայելուց յետոյ դիմում է ընկերոջը.

– էս պարաւոզը (շոգեքրշը) ինչո՞վ կ՛երթայ,-հարցնում է Մուկուչը:

– Բղով (շոգիով) կ՛երթայ,- պատասխանում է ընկերը:

Պատանի Մկրտիչը չի ուզում հաւատալ: Ընկերը որքան էլ բացատրում է, ապարդիւն է լինում, եւ հէնց կայարանում Մուկուչը յայտնում է իր կասկածը.

– Ծօ՛, եթէ պարաւոզը բղով էրթար, Գիւմրուա բաղնիքը հմի շուտոնց Լոնտոն էր հասել:

13327612_1018393468214111_2826396681592979237_n

Պոլոզ Մուկուչը (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնեան) ծնուել է 1881 թուականի յունուարի 7-ին,  Ալեքսանդրոպոլում (Գիւմրիում), երկաթագործ-արծաթագործ Ղազարի ընտանիքում: Եղել է Աւետիք Իսահակեանի դասընկերը: «Պոլոզ» է կոչուել բարձրահասակ լինելու պատճառով: Պոլոզ Մուկուչի անուան հետ են կապուել հայկական միջավայրում ստեղծուած շատ առակներ եւ սրախօսութիւններ, որոնք մինչ այդ վերագրւում էին օտար առակախօսների: Այս առումով Պոլոզ Մուկուչը նպաստել է հայ բանաւոր երգիծանքի ազգայնացմանը:

Ըստ տեղեկութիւնների, դեռ երիտասարդ հասակից զբաղուել է առեւտրով, եղել է մեծածախ մրգավաճառ: Ապրանքը բերել է Երեւանից, Վրաստանից, վաճառել փոքր խանութներին: Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զուարթ բնաւորութիւն ունէր, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով ճանապարհելը: Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դէմքով եւ ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափւում էին:

Սիրում էր իր վաստակը շռայլօրէն ծախսել ընկերների հետ աղմկոտ գինարբուքներում: Նրա մասին ասում էին, որ մէկ օրուայ միլիոնատէր էր ու յաջորդ օրուայ մուրացիկը: Յաճախ էր պատահում, երբ մինչ ուշ գիշեր երկարած խնճոյքներն աւարտւում էին ոստիկանութեան հետ ծեծկռտուքներով: Սակայն հէնց այդ ժամանակ էլ ծնւում էին այն պատմութիւններն ու սրախօսութիւնները, որոնք հետագայում բերնեբերան էին անցնում` Մուկուչի համբաւը տարածելով Գիւմրիից շատ ու շատ հեռու:

13346967_1018393111547480_5521068818084649893_n

Լինելով բնիկ գիւմրեցի` Մկրտիչը հագնում էր ժամանակի տարազին յատուկ շալուար, փափուկ կաշիից կօշիկներ, կրում էր համապատասխան գլխարկ, որին գիւմրեցիները շափխա էին ասում: Թէեւ հայրը քաղաքի յայտնի եւ հմուտ արհեստաւորներից էր, սակայն Մկրտիչն այդպէս էլ ոչ մի արհեստ չի սովորել: Մի անգամ բարեկամներից մէկը խրատական տօնով դիմել է նրան.

– Մուկուչ ջան, իմ ցաւը կու գայ, հերիք չէ՞ դու պատուէրներ կատարելով զբաղուիս: Նայէ՛ օղո՛ւլ, արհեստ սորվի, կնիկ-երեխայ ունեցիր, ընոնց պահէ:

Առանց վիրաւորուելու Մուկուչը պատասխանում է.

– Ուստա՛ Կարապետ, դու իմ մեծ ախպերն ես: Եթէ մարդ նայելով արհեստ սորվէր, ղասաբնոցի շներն հիմի վաղուց ղասաբ էին դառել:

Իսկ ընդհանրապէս, երբ իր չամուսնանալու մասին են հարցրել, պատճառաբանել է այսպէս. «Մեծ ախպերս կնկանից բաժնուաւ, ես էլ կարգուիմ ու բախտս չբերէ, բաժնուիմ, էս անգամ գիւմրեցիք պտի ըսեն, թէ Պոլոզենց շեմը շեմ չէ, հարս չի դիմանայ, ըդուր համար էլ չեմ պսակուի, թող մեր գերդաստանի անունը չկոտրուի»:

Պոլոզ Մուկուչը չտիրապետելով որեւէ արհեստի, այդուհանդերձ անգործ չի եղել: Գրեթէ ամէն օր նրա ֆայտօնը (կառքը) յայտնւում էր քաղաքի տարբեր ծայրերում գործող խանութներում ու շուկայում: Իր յաճախորդներին հիւթալի պտուղ-բանջարեղէնի հետ հրամցնում էր ոչ պակաս համով-հոտով կատակներ:

Նրան վերագրուող շատ պատմութիւններ իրական հիմքեր ունէին: Իւրայատուկ կատակելու ընդունակութիւնը Պոլոզ Մուկուչի մօտ նկատուել էր դեռ մանկութիւնից: Մի օր մայրը պատանի Մուկուչին ուղարկում է խանութ:

«Գնա՛, ստուգի՛ր` արդեօք ապրանքի գներն էժանացե՞լ են, եթէ այո, գնում ընենք», յանձնարարում է մայրը: Մուկուչը գնում է, տեսնում է գների մէջ փոփոխութիւն չկայ: Կանգնում է դռան մօտ ամրացուած հայելու դիմաց, մազերը յարդարում, դուրս է գալիս: Այսպէս կրկնւում է մի քանի օր: Հնգերորդ անգամ, երբ Մուկուչը դուրս գալուց առաջ նորից սկսում է սանրել մազերը, խանութպանը զայրացած հարցնում է. «Ծօ՛, խանո՞ւթ ես եկել, թէ՞ վարսավիրանոց»: «Ապրանքների գներուն օր կ՛աշեմ, մազերս բիզ-բիզ կը կայնին, կը սանրեմ, նոր դուրս կու գամ», պատասխանում է Մուկուչը:

Պոլոզի ժամանակակից եւ սրամիտ բարեկամներից էր Ծիտրօ Ալեքը` Տիգրանը: Հակառակ Մուկուչի կատակասէր ու համեստ բնաւորութեան, ասում են Ծիտրոն կռուարար էր եւ սիրում էր խօսքը համեմել հայհոյանքներով: Ծնուել է 1896-ին: Հայրը ունեցել է սրճարան, որը մահից յետոյ Ծիտրոն է ժառանգել: Թէ ինչո՛ւ է Տիգրանը դարձել Ծիտրօ, մեզ է հասել հետեւեալ պատմութիւնը:

Ծիտրօ Ալեք եւ Պոլոզ Մուկուչ

Ծիտրօ Ալեք եւ Պոլոզ Մուկուչ

Գիւմրիում շատ էին աղաւնու սիրահարները: Աղաւնի պահողներին կոչում էին ղուշբազներ: Աղաւնասէր էր նաեւ Տիգրանը: Եւ ահա, մի կիրակի նա տօնական հագուստներով մտնում է աղաւնիների մօտ` նրանց կեր ու ջուր տալու: Դուրս գալիս հայրը նկատում է, որ Տիգրանի նոր կարած հագուստի վրայ աղաւնու ծերտ կայ: Հայրը խիստ զայրացած ապտակում է նրան եւ ասում. «Ա՛յ օղուլ, քեզի ով ստիպեց թազա շորով մտնիս հաւնոց, որ դոխի ծերտ էղնի»: Իսկ թէ ինչո՛ւ Ծիտրոյից բացի տղան ստանում է նաեւ Ալեք անունը, կայ այսպիսի մի պատմութիւն: Ինչ-որ քրէական գործի պատճառով Տիգրանի հօրը տանում են ոստիկանատուն: Լուրը հասնում է Պոլոզ Մուկուչի աւագ եղբօրը` Ալեքին, ով շատ մօտ է եղել Ծիտրոյի հօր հետ: Երբ Ալեքը գնում է ոստիկանատուն, Թորոսը` Տիգրանի հայրը, նրան տեսնելով, ասում է. «Ալեք ջան, կարող է ընձի դատեն, գուզեմ քեզի մէ օսեաթ (յանձնարարութիւն) տամ: Ծիտրոյիս կը յանձնեմ քեզ, քեզի էլ` Աստծուն: Եթէ ընձի բան էղնի, իրան զաւակիդ պէս կը նայես: Թող ըսեն Ծիտրօ Ալեքի»: Ահա այդ օրուանից էլ Տիգրանին կոչում են Ծիտրօ Ալեք: Նա մահացել է 1936-ին:

Իսկ երբ Մուկուչը հեռացաւ կեանքից, 1931 թուականն էր: Մահացել է Թիֆլիսում, վիրահատութեան ժամանակ: Նրան տեղափոխել եւ թաղել են հայրենի քաղաքում: Նա ամուրի էր եւ այդպէս էլ անզաւակ ու անընտանիք ապրեց իր կեանքի 50 տարիները: Ասում են` ինչպէս Ծիտրոյի, այնպէս էլ եւ աւելիով, Պոլոզի յուղարկաւորութեանը մասնակցել է գրեթէ ողջ Լենինականը (Գիւմրին): Նրանք որպէս գունագեղ անձնաւորութիւններ` գրաւել են մտաւորական մի շարք գործիչների ուշադրութիւնը: Աւետիք Իսահակեանը Պոլոզ Մուկուչի գերեզմանին մահարձան է կանգնեցրել, իսկ Խաչիկ Դաշտենցը իր յայտնի ստեղծագործութիւններից մէկում յիշատակել է.

«Վախճանուեց նաեւ Պոլոզ Մուկուչը,
Եւ Բոշի թաղը սգաց մեծ ցաւով,
Այդ հին գիւմրեցու շիրիմի վրայ
Եկաւ քար քաշեց բանաստեղծ Աւոն»:

Թէ իր կենդանութեան օրօք ինչպիսի մեծ համբաւ է ունեցել, վկայութիւններից մէկն էլ այն է, որ նրա մահազդը տպագրուեց «Խորհրդային Հայաստան» թերթում: Իսկ աննախադէպ մարդաշատ ու շքեղ յուղարկաւորութեան մասին շրջանառւում են հակասական պատմութիւններ: Որոշ աղբիւրներ պնդում են, թէ դրանք հաւաստի են: Կան նաեւ այնպիսիները, ըստ որոնց, թաղման շուրջ պտտուող լուրերը ընդամէնը գեղեցիկ յօրինուածք են` ծնուած նրա հանդէպ մարդկանց մեծ սիրուց: Ամէն դէպքում, համաձայն ականատեսների վկայութեան, Պոլոզ Մուկուչին վերջին հրաժեշտը տալու համար այդ ցրտաշունչ օրը փողոց են դուրս եկել ոչ միայն ծանօթ ու անծանօթ գիւմրեցիները, քաղաքի բոլոր կառապաններն ու զուռնաչիները, այլեւ յատուկ պատուիրակութիւններ են ժամանել Պաքուից ու Թիֆլիսից:

Պոլոզ Մուկուչի թաղումը 1931 թուականին

Պոլոզ Մուկուչի թաղումը 1931 թուականին

«Մուկուչը հեչ չհասկցանք ինչըղ հիւնդցաւ, ինչըղ մեռաւ», տխուր ու մտախոհ ասել է յայտնի կատակասէրի ընկերներից մէկը` Վարդանը, եւ հետագայում տպագրուած իր յուշերից մէկում պատմել հետեւեալը: «Գնացինք, հասանք Թիֆլիս, գտանք հիւանդանոցը, ներս մտանք: Մուկուչը թիկնել էր բարձին, քիթը սրուած, դէմքը դեղնած, աչքերը փոս ընկած: Հիւանդութիւնը քամել էր ընոր, միսը ոսկրէն չէր ջոկուի: Մեզի ճանչցաւ: Մէ քանիմ խօսք ըսաւ ու դառաւ Յարութին. «Ձեզի օսեաթ կ՛ընեմ, ի՛մ ազիզ ախպրտիք, մահը մարդու ականջի ետեւն է, մէկ էլ տեսար` մեռայ… Ընձի որ տարաք թաղելու, թողէք աջ ձեռս դագաղից ցած կախուի: «Իյա՜, էդ ընչի՞, Մուկուչ ջան», զարմացաւ Յարութը: «Հա՛մ ընկերտանցս, հա՛մ իմ հարազատ Գիւմրուն մնաս բարով կ՛ենեմ, հա՛մ էլ վատ մարդկանց կը հասկցնեմ, որ աշխարքս ունայն բան է, անցաւոր, մնացէք բարով»:

Պոլոզ Մուկուչի գերեզմանը 20 տարի անշիրմաքար մնալուց յետոյ վերանորոգւում է Աւետիք Իսահակեանի ջանքերով: 1952 թ-ին մօր գերեզմանաքարը կառուցելու նպատակով Գիւմրի այցելած Իսահակեանը վատ է զգում` տեսնելով Մուկուչի գերեզմանն անշիրմաքար: Որոշում է իր կողմից մի մահարձան էլ Մուկուչի համար պատուիրել, հետագայում ասելով, թէ այդքան պատուական մարդու գերեզմանը չէր կարող մնալ առանց տապանաքարի: Ամիսներ են անցնում այդ օրուանից, եւ երբ գերեզմանաքարը տեղադրւում է, Իսահակեանը հանդիպում է կառուցող վարպետին, գրպանից դրամ է հանում, որպէսզի վճարի շիրմաքարի դիմաց: Վարպետն ասում է. «Չեղա՛ւ, Պոլոզը մենակ քուկդ չէ, ամէնքինս է», ու փողի կէսը ետ է վերադարձնում:

Պոլոզ Մուկուչի գերեզմանը

Պոլոզ Մուկուչի գերեզմանը

Շիրմաքարի վրայ փորագրուած էր Պոլոզի անուն-ազգանունը, ծննդեան ու մահուան թուականները, հակառակ կողմում` հետեւեալ մակագրութիւնը. «Յիշատակ` բանաստեղծ Աւետիք Իսահակեանից»: Այժմ էլ այդ մահարձանը կանգուն է Գիւմրիի քաղաքային գերեզմանատանը: Ասում են, որ մինչ օրս էլ մարդիկ խմբերով այցելում են այնտեղ, անպայման բաժակ են բարձրացնում ու բարի խօսքով յիշում այդ ուրախ, սրախօս մրգավաճառին: Իսկ աւելի ուշ` 2012-ի հոկտեմբերի 7-ին, Գիւմրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում բացուեց Պոլոզ Մուկուչի արձանը, որի հեղինակը Նարեկ Սամուէլեանն է:

Պոլոզ Մուկուչի արձանը Գիւմրիում

Պոլոզ Մուկուչի արձանը Գիւմրիում

Աւետիք Իսահակեանը Պոլոզ Մուկուչի մասին գրել է. «Աշխարհի ազգերը իրենց սրախօսութիւնները, անեկդոտները, ասացուածքները վերագրում են մէկ մարդու եւ անմահացնում նրան: Էդպէս է եղել Մուկուչը մեր ժողովրդի համար: Տարբերութիւնն այն է, որ ուրիշներինը առասպել է, իրական մարդ չի եղել, գերեզմանի տեղն էլ յայտնի չէ, իսկ Պոլոզ Մուկուչը իրական մարդ է եղել եւ գերեզմանը կայ»:

***

Ծիտրօ Ալեքը հարցնում է Պոլոզ Մուկուչին.

– Ծօ՛ Մուկուչ, էդ դո՞ւ ես տարածել, օր ես ախմախ եմ:

– Չէ՛, Ծիտրօ՛ ջան, ի՞նչ կը խօսիս, ես իմ ու քո գաղտնիքը ուրիշի չեմ ըսէ:

***

– Պոլո՛զ, խաշ սիրո՞ւմ ես:

– Ո՞ր գիւմրեցին չի սիրէ:

– Խաշի յատկապէս ի՞նչն ես սիրում, ջո՞ւրը, թէ՞ միսը:

– Խաշի արաղը:

***

Մի օր գործարանում ժողով է հրաւիրւում: Նախագահողը յայտնում է օրակարգը.

– Էսօր պիտի խօսենք գործարանի մէջ հայհոյանքն արգելելու, դրան վերջ տալու մասին:

Այդ պահին Մուկուչը տեղից վեր է թռչում եւ բարձրաձայն ասում.

– Իշտէ, ըսէք` գործարանը փակենք, էլի՛…

***

– Ախպե՛ր Մուկուչ, հօ կաղամբդ մրսած չէ՞,-հարցնում է գնորդներից մէկը:

– Հըբը ի՞նչ է, սաղ գիշեր կը հազար,- նեղսրտած պատասխանում ու ցոյց է տալիս պատռուած կաղամբները,

– Չես տեսնի՞, թոքերը բերանից ցած են թափուել:

***

Պոլոզ Մուկուչը ձմերուկ էր վաճառում: Մի կին վերցնում է փոքրիկ ձմերուկը եւ սկսում երկու ձեռքով սեղմել ու պահել ականջի մօտ: Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողութիւնը, Մուկուչը զայրանում է.

– Քո՛ւր ջան, երկու կիլանոց ձմերուկըմ էս վերուցէ, գուզես մէջէն տօնական նուագախմբի ձե՞ն ելնի:

***

– Մուկո՛ւչ ջան, ի՞նչ արժէ լոլիկը:

– Կիլոն տասը աբասի:

– Կանաչ է, ախպե՛ր Մուկուչ, ութ աբասով տուր առնիմ:

– Ութով որ տամ, կը կարմրի՞:

***

Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբոյժի մօտ:

– Բժի՛շկ ջան, ատամս կը ցաւի:

Բժիշկը փորձում է կատակել.

– Բա էդ հասարակ բանի համար բժշկի մօտ գուկա՞ն: Իմ ատամը որ ցաւում է, կնոջս համբուրում եմ, անմիջապէս անցնում է:

– Կնիգդ տունը կ՛եղնի՞,- հարցնում է Մուկուչն ու ոտքի ելնում:

***

Հարց Պոլոզին. ո՞րն է աշխարհի կենտրոնը: Պատասխան:

– Աշխրհքի իսկական կենտրոնը Գիւմրին է, բայց շատ պետութիւններ չտեսնելու կու տան:

***

Պոլոզ Մուկուչի կեանքի եւ զուարչախօսութիւնների մասին առաւել մանրամասն կարելի է ծանօթանալ տարբեր գրքերում: Օրինակ` Հրաչեայ Իկիլիկեան, «Գիւմրին, Պոլոզ Մուկուչը եւ երգիծական մանրապատումներ»: Վազգէն Յարութիւնեան, «Գիւմրին, նրա մարդիկ, սովորոյթները»: Հենրիկ Գէորգեան, «Սրամիտների քաղաքը»:

Պէյրութ

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>