Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Ակնկալիքով Կը Շնորհաւորենք Բոլորիս

$
0
0

ՀՅԴ Բիւրոյի Անդամ Կիրօ Մանոյեանի
Արտասանած Խօսքը` Երեւանում Գարեգին Նժդեհի
Բացման Արարողութեան Առիթով

17713_b

Այսօր տօն է. տօն է, որովհետեւ մայիսի 28-ն է, 1918 թուականին, Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճակատամարտերում յաղթանակներից յետոյ` Հայաստանի Հանրապետութեան հռչակման տօնը. եւ այդ տօնի առիթով այստեղ հաւաքուել ենք մեր յարգանքը մատուցելու մի մարդու, ով կարեւոր դերակատարութիւն է ունեցել այդ պետականութեան հաստատման ու պահպանման գործում:

Արազի ափին, Նախիջեւանի Կզնութ գիւղի ծնունդ` Տէր Յարութիւնեան քահանայի կրտսեր որդի Գարեգինը հայոց պատմութեան նորագոյն շրջանի ոսկեմատեանում արձանագրուած դէմքերից է, ով հայոց աշխարհով մէկ հռչակուեց Նժդեհ անունով:

17 տարեկանին հայ ազգային-ազատագրական շարժման ահագնացող ալիքը գրաւել էր ըմբոստ Գարեգինի միտքն ու սիրտը, եւ նա իր յեղափոխական մկրտութեան հարազատ աւազանը գտաւ Դաշնակցութեան մէջ: Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադիրներից Ռոստոմի յորդորով նա յաճախեց Պուլկարիայում Դաշնակցութեան հաստատած զինուորական վարժարանը, փայլուն աւարտեց զայն եւ վերադարձաւ Թիֆլիս:

Ձերբակալուեց եւ բանտարկուեց Դաշնակցութեան դէմ ցարական իշխանութիւնների ծաւալած հալածանքի պատճառով: Երբ 1913 թ.ին բռնկուեց Պալքանեան պատերազմը, Նժդեհի վստահուեց հրամանատարութիւնը Դաշնակցութեան կազմած հայկական զօրագունդին, որ պուլկար յեղափոխականների կողքին պատերազմի դաշտ նետուեց: Պալքանեան պատերազմը արեան մկրտութիւնն եղաւ ռազմագէտ Նժդեհի, ով իբրեւ դաշնակցական զօրավար` հռչակուեց իր քաջութեամբ ու ռազմավարական-կազմակերպական տաղանդով:

Պալքանեան պատերազմից սկսած, անցնելով հայ կամաւորական Բ. գնդի հրամանատարութիւնից ու 1918-ի մայիսեան հերոսամարտերից, Ղարաքիլիսէում իր առանձին ջոկատով գործած սխրանքներից, յանգելով 1919-1921 Լեռնահայաստանի գոյապայքարի փառապանծ ղեկավարմանը, Գարեգին Նժդեհը արժանաւորապէս մարմնաւորեց դաշնակցական զօրավարի հերոսական կերպարը:

Գարեգին Նժդեհը արդէն Նժդեհ էր` մինչեւ 1919-ի աշունը, երբ օրուան կառավարութեան որոշումով Զանգեզուր ուղարկուեց` իբրեւ ընդհանուր հրամանատարը հայկական բանակի այն զօրամասերին, ովքեր կենաց֊մահու կռիւ էին մղում Հայաստանի Սիւնեաց աշխարհի սահմանների վրայ, թուրք-թաթարական կանոնաւոր բանակի եւ զինեալ խուժանի դէմ:

Իր զինուորական հմտութեամբ, կազմակերպչական տաղանդով եւ ոգեշունչ հռետորութեամբ, Նժդեհ յղացաւ եւ իրագործեց Դաւիթբէկեան ուխտեր ստեղծելու եւ նրանց միջոցով համաժողովրդական կռիւը առաջ մղելու ծրագիրը: Համաժողովրդական այդ ուժն էր, որ ոչ միայն հերոսաբար դիմադրեց քեմալական եւ պոլշեւիկեան միացեալ գրոհներին, այլեւ կրցաւ հիմնովին հայացնել ամբողջ Լեռնահայաստանը:

Հայաստանի վերջնական խորհրդայնացումից յետոյ Նժդեհ հաստատուեց ու գործեց Պալքաններում: Նժդեհը ոչ միայն ղեկավար դերակատարութիւն է ունեցել Պալքանների տարածքին Դաշնակցութեան կազմակերպական հզօրացման գործում, այլեւ ՀՅԴ Ընդհանուր ժողովի որոշումով, պատմական նշանակութեամբ հայապահպանման գործ է կազմակերպել եւ ղեկավարել Ամերիկայի Միացեալ Նահանգներով մէկ սփռուած հայութեան բեկորների մէջ` Դաշնակցութեան դրօշի տակ իր յառաջացուցած ցեղակրօն շարժումով, որը հետագային դարձաւ Հայ երիտասարդաց դաշնակցութիւն կազմակերպութիւնը, որն այսօր շարունակում է գործել Միացեալ Նահանգներում եւ Քանատայում:

Պալքաններ վերադառնալուց յետոյ Նժդեհի ուժեղ անհատականութեամբ դաշնակցական ղեկավար գործիչը կազմակերպական բախումներ ունեցաւ օրուան ՀՅԴ Բիւրոյի հետ: «Ցեղակրօնութիւնը» դարձաւ գաղափարական պառակտումի բաժանարար գիծ:

Բ. Աշխարհամարտի ամբողջ տեւողութեան, Դաշնակցութիւնից դուրս գտնուելով հանդերձ, Նժդեհ փաստացի կերպով ղեկավարեց Պալքանների դաշնակցական ընտանիքը: Մինչեւ 1944 թուականին խորհրդային Կարմիր բանակի կողմից ձերբակալուելը, պաշտպանեց Պալքանների հայութիւնը թէ՛ խորհրդային եւ թէ՛ թուրքական վտանգների դէմ:

1955 թուականի դեկտեմբերի 21-ին Նժդեհը իր մահկանացուն կնքեց ծայր աստիճան վտանգաւոր նկատուած բանտարկեալների Վլատիմիր բանտում: Եւ երբ Նժդեհի բանտակից ընկերը` դաշնակցական ծանօթ գործիչ Յովհաննէս Տեւեճեանը եւ տարիների գործակից Կարօ Գէորգեանը հրապարակեցին Նժդեհի մահուան գուժը, Դաշնակցութիւնը վերականգնեց իր մեծ գործիչին արժէքն ու տեղը ՀՅԴ պատմութեան եւ սերունդների յիշողութեան մէջ:

Որքան էլ ժամանակն անցնի եւ որքան էլ փորձ արուի Դաշնակցութիւնից դուրս եւ Դաշնակցութեան հակադրելով գովքը հիւսել Նժդեհի գործին ու պատգամին, ոչինչ է փոխուելու պատմական այն իրողութիւնից, որ Նժդեհը որպէս Նժդեհ ծնուել է Դաշնակցութեան քուրայում, ծլել եւ պտուղ տուել յեղափոխական ու ռազմաքաղաքական պայքարի այն դպրոցում, որն ստեղծուել էր Հայ յեղափոխական դաշնակցութեան կողմից: Հետեւաբար կարելի չէ Նժդեհը անջատել, մեկուսացնել զինք ծնած կուսակցութեան գաղափարական-քաղաքական աշխարհից, առնուազն` մինչեւ 1930-ական թուականների սկիզբը:

Ահա` Նժդեհի խորհրդածութիւններից մէկը Դաշնակցութեան մասին, նրա հիմնադրութեան քառասնամեակի առիթով.

«Դարեր շարունակ փառքի ճանապարհից դուրս մղուած մի ժողովրդի վերածնութեան ճիգերի խտացումն է ՀՅ Դաշնակցութիւնը: […] Դաշնակցութիւնը հսկայ մի փորձ էր` կանգնեցնելու հայութեան անկման անիւը. մի փորձ` ի մի ձուլելու հայ էութեան միմեանց լրացնող բեւեռները` Մամիկոնեան ռազմունակութիւնը եւ Բագրատունեաց կուլտուրական ոգին: Նա մի վճռական ճիգ էր` համադրելու մեր ժողովրդի կամքն ու ստեղծագործ հանճարը: Մի ճիգ` կրօնական համայնքը, որին բնութեան քմահաճոյքով վերածուած էր հայութիւնը, վերստին դարձնելու պետութիւն եւ պատմութիւն կերտող մի ազգ»:

Հայկական պետականութիւնն վերականգնող այդ սերնդի խորհրդանիշը Արամ Մանուկեանն է, որի վաստակին արժանի յարգանքը մատուցելու, նաեւ քաղաքամայր Երեւանի կենտրոնում արձանը կանգնեցնելու ակնկալիքն ունի հայութիւնը 1918 թուականի մայիսի 28-ի հարիւրամեակին սեմին: Ինչպէս իրականութեան խեղաթիւրում է դաշնակցական Նժդեհը Դաշնակցութիւնից անջատելու միտումը, նոյնպէս, հայկական հողի վրայ պետականութեան կորուստից հազար տարի յետոյ պետականութեան վերականգնողների նկատմամբ յարգանքի բոլոր փորձերը կը դառնան կեղծ, եթէ նրանցում իր արժանի տեղը չունի Արամ Մանուկեանը:

Այս ակնկալիքով կը շնորհաւորենք բոլորիս` Նժդեհի արձանի կանգնեցման ու բացման առիթով եւ Նժդեհի մտորումներից այսօրուայ համար շատ ուսանելի երկու պատգամով կ՛եզրափակենք մեր խօսքը.

«Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ, յաղթական հայրենիք չի ունենայ»:

«Կրօնների պէս հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր»:

28/05/2016

 


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>