Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Տարածք Ինչի՞ Դիմաց, Բնաջնջմա՞ն

$
0
0

ԼՈՒՍԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ

1462531027-4216

1994 թուականի զինադադարը, որը կնքուեց Ազրպէյճանի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ` Ռուսիոյ մասնակցութեամբ, իրական գնահատական չտուեց` խաղաղութիւնը պարտադրուե՞լ է, թէ՞ ոչ: Այս կարծիքին է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան փոխվարչապետ Արթուր Աղաբեկեանը:

Արցախում «Երկիր»-ի հետ զրոյցում նա անդրադարձաւ ապրիլի սկզբին եւ դրան յաջորդած ժամանակահատուածում հայ-ազրպէյճանական շփման գծում տիրող իրավիճակին, ԼՂ հակամարտութեան խնդրի կարգաւորման տարբերակներին, միջազգային հանրութեան որդեգրած քաղաքականութեանը եւ մի շարք այլ հարցերի:

Ըստ ԼՂՀ փոխվարչապետի, խաղաղութիւն պարտադրողը լինում է կողմերից մէկը, եւ դա արել է հայկական կողմը, մասնաւորապէս` ԼՂՀ Պաշտպանութեան բանակը` ամբողջ հայ ժողովրդի աջակցութեամբ:

«Ուժերի մէկտեղումով մենք Ազրպէյճանին կարողացել ենք պարտադրել խաղաղութիւն: Այսինքն երրորդ կողմը խաղաղութիւն չի ապահովել այս տարածաշրջանում: Ազրպէյճանցիների յստակ ձեւակերպումն է` Ղարաբաղն առանց ղարաբաղցիների, եւ նրանց պահուածքը, գործողութիւնների ընթացքը հէնց այդպիսին են: ՊԲ-ն մարտերը վարում էր` հիմքում ունենալով խաղաղ բնակչութեան անվտանգութեան ապահովումը եւ հակառակորդի ջախջախումը եւ պատրաստ էր մարտը վարել այնքան ժամանակ, մինչեւ հակառակորդը հասկանայ, որ ռազմական գործողութիւններով չի կարող լուծել իր խնդիրը, եւ ԼՂՀ-ն պատրաստ է ռազմական գործողութիւններով լուծել իր խնդիրը: Պէտք է փաստենք, եւ միջազգային հանրութիւնը պէտք է իմանայ, որ Ղարաբաղին պարտադրուած պատերազմում յաղթող է դուրս եկել ԼՂՀ-ն` բաւարարուելով միայն հակառակորդին խաղաղութիւն պարտադրելով: Եռանախագահների հետագայ միջնորդութեան հիմքում եղել է պարտադրուած խաղաղութիւնը պահել այնքան ժամանակ, մինչեւ որ գտնուեն լուծումներ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորման համար: Պէտք է անկեղծ ասեմ, որ եռանախագահների գործունէութեան հէնց առաջին փուլից միանգամից խօսք էր գնում փոխզիջումների մասին, եւ ցաւում եմ, որ փոխզիջում ասուածը դիտարկուել էր միայն «տարածք» հասկացութեան մէջ. այլ զիջելու բան չկայ, ընդամէնը խօսք էր գնում տարածքի մասին: Սա կարգաւորումը ինչ-որ տեղ մղել է փակուղի, եւ լուծումներ չեն գտնւում», ասաց Աղաբեկեանը եւ ընդգծեց, որ հայկական կողմը, դիւանագիտական գործառոյթներով անընդհատ համաձայնութիւն տալով կամ չտալով, մէկ նպատակ է ունեցել, որ այս փխրուն խաղաղութիւնը մնայ  այնքան ժամանակ, մինչեւ ձեռք բերուի փոխադարձ համաձայնութիւն:

Ըստ նրա, իրականում ցանկացած հակամարտութիւն, որն աւարտւում է ռազմական գործողութիւններով, միշտ դիտարկւում է մի տիրոյթում. ցանկացած հակամարտութեան լուծում պահանջում է փոխադարձ զիջում, իսկ փոխադարձ զիջումից առաջ պէտք է լինի փոխադարձ ընկալում: Եթէ առկայ է փոխադարձ ընկալումը, փոխադարձ զիջումների տարբերակները լինում են շատ:

«Ազրպէյճանը փորձ չի արել իր հասարակութեանը պատրաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորմանը: Ազրպէյճանի իշխանութիւններն ապրիլի 2-ին փորձ արեցին ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Ազրպէյճանի իշխանութիւնները նորից համոզուեցին կամ, եթէ դեռ չեն համոզուել, ապա շուտով կը համոզուեն, որ ռազմական ճանապարհով ԼՂ հակամարտութեան խնդրի լուծումն անհնար է, որովհետեւ հայ ժողովուրդն այս հողի վրայ, այս տարածքում, այս բարձրաւանդակում ապրել եւ ապրելու է: Բոլոր սերունդները պէտք է իմանան` ինչ չտրասֆորմացուող հարեւանի հետ գործ ունենք, եւ պէտք է այդ հարեւանի հետ գործ ունենալու համար պատրաստ լինել ցանկացած պահի դարձեալ պարտադրել զինադադար» յայտարարեց Աղաբեկեանը:

Նա համոզուած է` հակառակորդը պատրաստ չէ որեւէ երկխօսութեան, չի հանդուրժում մեր լինելիութիւնը, սակայն Ազրպէյճանը չի կարող անընդհատ ռազմական գործողութիւններ իրականացնել. ոչ մի երկիր անսպառ միջոցներ չունի, այդ թւում` Ազրպէյճանը:

«Բոլոր ռազմական գործողութիւններն ունենում են սկիզբ եւ աւարտ: Վերսկսուած ռազմական գործողութիւնների ծաւալը բաւականին մեծ էր եւ` յատուկ ծրագրաւորուած, այն պէտք է վերածուէր լայնածաւալ ռազմական գործողութիւնների, եթէ հայկական կողմի գործողութիւնները չլինէին համապատասխան: Հայկական կողմը պատրաստ է էլ աւելի մեծ մարտ վարել եւ հակառակորդին զսպել: Մէկ հիմք պէտք է ունենայ մեր ժողովուրդը` պատրաստ բանակ: Եթէ ուզում ենք խաղաղութիւն, պէտք է պատրաստ լինենք պատերազմի: Եթէ հայկական կողմը պատրաստ չլինէր, ալրպէյճանական կողմը վաղուց էր յայտարարութիւններ արել, ապակողմնորոշել միջազգային հանրութեանը: Անգամ եթէ մի պահ պատկերացնենք, որ Մատրիտեան, Քազանեան սկզբունքները կարող են կեանքի կոչուել, դրա շարունակութիւնը կը լինէր այն, որ մեր հակառակորդը չի հանդուրժելու, որ ԼՂՀ-ն լինի անկախ, ունենայ անկախ պաշտպանական համակարգ եւ կարողանայ դիմակայել: Այդ առումով` հիմա փոխզիջումների մասին խօսելը պարտուողական կեցուածք է», ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Խօսելով Արցախի անկախութիւնը ճանաչելու մասին ԱԺ երկու պատգամաւորների օրինագծի վերաբերեալ կառավարութեան եզրակացութեան մասին, համաձայն որի, Հայաստան ցանկացած պահի, երբ Ազրպէյճանը կրկին յարձակուի ԼՂՀ-ի վրայ, կը ճանաչի Արցախի անկախութիւնը, Աղաբեկեանը կարծիք յայտնեց, որ դա «ուշացած իրադարձութիւն է»:

«1994 թուականին ամբողջ Հայաստանը, չխնայելով իր պաշարները թէ՛ մարդկային, թէ՛ նիւթական, ունէր մէկ նպատակ` այնպէս անել, որ ԼՂՀ-ում ապրող բնակչութիւնը չյայտնուի միայնակի կարգավիճակում այդպիսի հակառակորդի առաջ: Հայաստանն ամէն նպաստ բերում էր` 1994 թուականից սկսած` արդէն ստորաբաժանումներով եւ զօրամիաւորումներով դէմ կանգնելով հակառակորդի ճնշմանը: Ցաւ եմ ապրում, որ հայկական կողմը փորձում էր դա անել քօղարկուած, երբ Արցախի ֆիզիքական բնաջնջման համար մարտահրաւէր նետած Ազրպէյճանի դէմ էր դուրս եկել: Եթէ այդ օրերին տեղի ունենար այդ մեծ իրադարձութիւնը, եթէ այդ օրերին Հայաստանը ճանաչէր ԼՂՀ-ն եւ հանդէս գար որպէս անվտանգութեան երաշխաւոր, հիմա կ՛ունենայինք այլ իրադրութիւն, այլ պայմաններ, արտաքին քաղաքական գործընթացները կ՛ընթանային այլ ուղիով, բայց, ցաւօք, դա տեղի չի ունեցել: Զինուորական գործչին հարցնում են` օգնութիւնը պէտք է ուղարկես ստորաբաժանմանը մարտը սկսելուց առա՞ջ, թէ՞ յետոյ: Հարցն ունի ընդամէնը մէկ ճիշդ պատասխան` ճիշդ ժամանակին: Մենք երբեք չենք խոստովանել, որ արդէն մեծ պատերազմի մէջ ենք, եւ այս զինադադարը երկու կողմին հնարաւորութիւն է տալիս պատրաստուելու յաջորդ պատերազմին: Ապրիլեան իրադարձութիւնների ընթացքում էլ կար մեծ համախմբում, կար մի նպատակ` պէտք է ճնշել հակառակորդին: Եթէ չլինէր համախմբումը, ՊԲ-ն չէր կարողանայ դիմակայել այդ ճնշմանը», նշեց Աղաբեկեանը:

Միջազգային հանրութեան կեցուածքը, Ռուսիոյ Եւրոպայի, բոլոր պետութիւնների կեցուածքը, որոնք առաջնորդւում են իրենց քաղաքական շահերով ԼՂՀ փոխվարչապետի համար անընդունելի է:

Անդրադառնալով տարածքների զիջման մասին խօսակցութիւններին` Աղաբեկեանը յստակ յայտարարեց, որ տարածք տուողը, պահողը, ընդլայնողը, մեծացնողը ԼՂՀ-ն է եւ իր սահմանադրութեամբ ամրագրել է այն տարածքը, որի վրայ ձեւաւորուել է Արցախի Հանրապետութիւնը:

«Զիջումներ կարող է անել միայն միջազգայնօրէն ճանաչուած Ղարաբաղը` իր իշխանութիւններով եւ իր ժողովրդով: Պէտք չէ ուշադրութիւն դարձնել  պատգամներին, որոնք ժամանակ առ ժամանակ հասնում են մեզ: Այսինքն` տարածք ինչի՞ դիմաց, բնաջնջմա՞ն: Բնաջնջման դիմաց մենք ունենք բաւարար ուժ եւ բնաջնջման փորձ անողին էլ կարող ենք իր տեղը դնել: Միջազգային հանրութիւնը, եւ եթէ Ազրպէյճանն էլ դրա մաս կազմի, երբ ճանաչի ԼՂՀ անկախութիւնը, դրանից յետոյ երկու պետութիւնները կը սկսեն խօսել սահմանների մասին, հիմա այդ պատգմաներն ու պայմանները ընդունելի չեն, որովհետեւ հարեւանիդ պահուածքն անընդունելի է: Տարածքները ոչ թէ զիջելու համար են, այլ կառուցելու: Եթէ անգամ Ազրպէյճանը ճանաչի ԼՂՀ-ի անկախութիւնը, տարածքների յանձնման հարցը կարող են որոշել ԼՂՀ-ն ու Ազրպէյճանը` միայն», յայտարարեց ԼՂՀ փոխվարչապետը:

Արթուր Աղաբեկեանը խօսեց նաեւ ԼՂՀ կառավարութեան կողմից իրականացուող հանգանակութեան մասին:

«Հակառակորդի ցուցադրած զէնքը, զինամթերքը, հակառակորդի` մարտ վարելու արհեստագիտութիւնը մեզ ցոյց տուեցին, որ բանակը կարիք ունի նոր սպառազինման, նոր հանդերձաւորման: ԼՂՀ կառավարութեան նախաձեռնութիւնը միտուած է ոչ ռազմավարական զէնքերի գնմանը` ոչ հեռահար ռմբահարող, հակառակորդին զսպող: Մենք այդ դրամահաւաքը սկսել ենք, որ բարձրացնենք մեր առաջնագծում կանգնած զինուորի` խոցելու կարողութիւնը, դրանով նուազեցնենք մեր խոցուելու հնարաւորութիւնը` նոր արհեստագիտութեան ներդրմամբ, նոր հանդերձաւորման, համակարգերի կամ նոր ճարտարապետական կառոյցների միջոցով: Այս գործընթացն արդէն սկսուած է եւ պահանջում է բաւական մեծ ծախս, որովհետեւ նոր տեխնոլոգիաների, նոր սարքաւորումների, նոր արհեստագիտթիւնների ներդրումն անհրաժեշտութիւն է: ԼՂՀ նախագահի յանձնարարականով այսօր Պաշտպանութեան բանակը մաս-մաս իրականացնում է այդ ծախսերը` կահաւորելով առաջնագիծը: Այսինքն խօսքը միայն առաջնագծին է վերաբերում, միայն պաշտպանական նշանակութեան ծախսեր են դրանք, որոնք իրականացնողը բանակն է: ԼՂՀ կառավարութիւնը շարունակելու է նոր միջոցներ յայտնաբերել, որովհետեւ այդ գումարները շատ փոքր են այդ ծրագրերը կեանքի կոչելու համար: Երեք միլիառ ութ հարիւր միլիոն դրամի կարգի գումար ունենք եւ ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները դեռ կը շարունակեն տրամադրել իրենց հնարաւորութիւնները, ով ինչպէս կարող է: Պէտք է գիտակցել, որ այն, ինչ մենք կորցրեցինք ապրիլի սկզբին, եւ այն զոհերը, որ ունեցանք, կարող էին աւելի քիչ լինել, եթէ մենք ունենայինք այդպիսի կահաւորում մեր առաջնագծում: Դասական պատերազմին պատրաստուելն այլ բան է ենթադրում, դա ՊԲ-ն իր պիւտճէի միջոցներով մշտապէս իրականացրել է, բայց նոր արհեստագիտութեան ի յայտ գալը բերում է նոր ներդրումների անհրաժեշտութիւն», ասաց ԼՂՀ փոխվարչապետը:

Նա նշեց նաեւ, որ օգնութեան մի մասը նաեւ պահեստաւորում է, մի մասն էլ ուղղում են հրետակոծութիւնից տուժած բնակավայրերի վերականգնմանը, վնասի փոխհատուցմանը: ԼՂՀ կառավարութիւնն աշխատում է տարհանուած բոլոր քաղաքացիների հետ կապ պահել. Արցախի ընկերային ապահովութեան նախարարութեան ներկայացուցիչները եղել են Երեւանում եւ հանդիպումներ ունեցել այնտեղ գտնուողների հետ: Ըստ Աղաբեկեանի, միասին որոշակի լուծումներ են գտնում:

Հիմա, ըստ փոխվարչապետի, վաղ է խօսել Թալիշի կամ որոշ այլ բնակավայրեր վերադառնալու մասին: «Այդտեղի բնակիչներին ուրիշ առաջարկ է արուել արդէն, եւ վերաբնակեցման շրջանակում մենք Կիլիկիա թաղամաս ենք պատրաստում, ունենք տարբեր համայնքներում կառուցուող բնակարաններ, որոնք փորձելու ենք տրամադրել մեր հայրենակիցներին: Շտապել պէտք չէ, ակնկալում ենք, որ հակառակորդի կեցուածքում փոփոխութիւն կը լինի», ասաց նա:

Մայիսի 8-10 Ազրպէյճանի կողմից կրկին գործողութիւն սանձազերծելու հաւանականութեան մասին Արթուր Աղաբեկեանը կանխատեսումներ անել չի ցանկանում: «Ռազմական փորձագէտներն անում են համապատասխան քայլերը: Պաշտպանութեան բանակը հնարաւոր բոլոր անցքերը փակում է: Մենք պէտք է պատրաստ լինենք ամէն բանի, քանի որ գործ ունենք ստոր թշնամու հետ: Այդ պատրաստ լինելը չի ենթադրում 100 տոկոսանոց գործողութիւններ հակառակորդի կողմից: Որպէս փորձ ունեցող մարդ, բաց տեղեկութիւններին տիրապետելով, ես լայնածաւալ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւն չեմ տեսնում, որովհետեւ մեր հակառակորդը ուշքի չի եկել, եւ մեր հակառակորդի կեցուածքի մէջ ես տեսնում եմ, որ հոգեբանական առումով լուրջ խնդիր կայ», վստահեցրեց նա:

Արցախ


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>