Պատրաստեց՝ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Մութ Ամպերը»
Հայկական բայց ոչ հայաստանեան առաջին եւ ամենատպաւորիչ Ժապաւէնը որ մի քանի տարի առաջ դիտեցի, «Երջանկութեան արցունքները»-ն էր: Անշուշտ ներկայացուած էր գեղեցիկ յուզական պատմութիւն, սակայն ինձ հիացնողը աւելի ժապաւէնի դասական, մաս-մաքուր հնչողութեան արեւմտահայերէն լեզուն էր եւ այդ լեզուով կատարուած երգերը: Ինձ համար անզուգական եւ նոր էր նաեւ Մանուէլ Մենենկիչեան երգիչը: երբ արտասահմանում այս ժապաւէնը ստեղծուեց, 1970-ականների սկիզբն էր` Հայաստանում Խորհրդային կարգերի ամենածաղկուն ժամանակաշրջանը: Ահա եւ գլխաւոր պատճառը, թէ ինչու ոչ թէ մանկութիւնց, այլ միայն վերջին տարիներին ականջս «սովորեց» արեւմտահայերէնին:
Ծնողներս ու հասակակիցները տուժեցին առաւել. եւ առհասարակ, այդ տարիների սերունդները շատ փոքր հնարաւորութիւններ ունեցան հաղորդակից լինելու արտաքին աշխարհի անցուդարձին: Խորհրդային բոլոր պետութիւններում, ըստ երեւոյթին, մեծապէս վնասներ կրեց մշակութային զարգացումը, սակայն հայերիս պարագայում «կորուստը», ափսոս, կրկնապատիկ էր: Տուժեցին ե՛ւ երկրի ներսի հայերը, ե՛ւ դրսի: Հայաստանցիները զրկուեցին սփիւռքահայութեան մշակութային ձեռքբերումներին հետեւելուց եւ մասնակցելուց, աշխարհասփիւռ հայերն էլ իրենց հերթին զգալի ժամանակահատուած անհաղորդ մնացին հայաստանեան կեանքին:
Ուշացումով, բայց բարեբախտաբար «մութ ամպերը» ցրուեցին եւ եկան բացթողումները վերականգնելու ժամանակները: Յետխորհրդային Հայաստանն իր առաւել-պակաս կողմերով հանդերձ, ժապաւէնի արտադրութեան տեսանկիւնից ունէր բաւականին արժէքաւոր ժառանգութիւն: Սկսելով ստեղծման ակունքներից` փորձենք հնարաւորինս պրպտել հայրենական հին «ֆիլմադարանը»:
«Գեղեցկատես Բեկը»
«Երջանկութիւնը մարդու մօտ գալիս է տարբեր ուղիներով: Իմ առջեւ այն կանգնեց մօտ երեսունհինգ տարեկան նիհար, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպար եւ առաջարկեց նկարահանուել ֆիլմում: Ես շփոթուած հարցրեցի. «Իսկ ի՞նչ պէտք է անեմ»: «Ձեզ ամէն ինչ կ՛ասեն»: Անծանօթն ինձ տուեց հասցէն ու անհետացաւ»:
Տողերը հայկական առաջին ժապաւէնի ստեղծող Համօ Բեկնազարեանի յուշերից է, որտեղ նա պատմում է, թէ ինչպէս սկսուեց իր ուղին դէպի ժապաւէնների աշխարհ: Սկզբում շիկահեր այդ տղամարդու` մի յայտնի ռուս ժապաւէն արտադրողի մօտ, նա դերասանի փոխարինող էր աշխատում: Եւ այդ ժամանակ գուցէ մտքով էլ չէր անցնում, որ ապագայում պիտի դառնար հանրայայտ բեմադրիչ, բեմագիր, դերասան, եւ ամենակարեւորը` հայկական ժապաւէնի արտադրութեան հիմնադիրը: Մինչ այս ամէնին հասնելը, այն օրերի ռուսական մամուլում նրան արդէն անուանում էին «գեղեցկատես Բէկ», իսկ հանդիսականները փողոցում տեսնելիս ծափահարում էին լաւ մարզուած, առնական, հմայիչ այդ հերոսին: Ժապաւէններում կատարած նրա բարդ հնարքներով հիանում էին անգամ կրկէսի դերասանները:
«Նամուս»
1925-1926 թուականներն էին, երբ Բեկնազարեանի բեմագրութեամբ ստեղծուեց հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնը` «Նամուսը»: Այն կարելի է ասել «կեանք է առել» մի քանի օրում: Իր յուշերում նա պատմում է, որ դեռ բեմագիրը չսկսած` ժապաւէնը տեսնում էր այնպէս, ինչպէս որ յետոյ նկարահանեց. «Կարդալով Շիրվանզադէի վէպը` ես տեսնում էի իմ ապագայ ժապաւէնը… Ես տեսայ ժապաւէնն աւելի շուտ, քան դերասանները կը կանգնէին տեսախցիկի առջեւ»:
«Նամուսը» նկարահանուել է ըստ Ալեքսանդր Շիրվանզադէի համանուն ստեղծագործութեան: Դա պատմում է երիտասարդ զոյգի` Սեյրանի եւ Սուսանի ողբերգական սիրոյ մասին:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=0tH6HfC3sfI
«Պէպօ»
Իսկ Համօ Բեկնազարեանի ստեղծած հայկական առաջին ձայնային ժապաւէնը` «Պեպօ»-ն էր (1935թ), որը դարձաւ ո՛չ միայն նրա գլուխգործոցը, այլեւ տեղ գտաւ ժողովրդական ֆիլմադարանի ոսկէ պահոցում: Այն պատմում է աղքատ ձկնորս Պեպոյի եւ խարդախ առեւտրական Զիմզիմովի դիմակայութեան մասին: 19-րդ դարի երկրորդ կէսն է հին Թիֆլիսում: Պեպոն փորձում է դատարանի միջոցով վերադարձնել այն գումարները, որոնք ժամանակին պարտքով տուել է իր հայրը Զիմզիմովին: Սակայն դատաւորի հետ դաւադրութիւն կազմակերպելով` Զինզիմովը ոչնչացնում է իսկական վկայականը` փոխարինելով այն կեղծով: Սա թոյլ է տալիս մեղադրել Պեպոյին խարդախութեան մէջ…
Յատկապէս ձայնային ժապաւէնների ստեղծման այս հանգրուանից Հայաստանում սկսւում է սեփական արտադրութեան, մէկը միւսից հետաքրքրական ու արժէքաւոր ժապաւէնների «տեղատարափ»: Թէեւ տաղանդաշատ Բեկնազարեանը 1965-ին կնքում է իր մահկանացուն, այդուհանդերձ, դեռ երկար ժամանակ իր հիմնադրած «Հայֆիլմ»-ը` գեղարուեստական ժապաւէններիի «արուեստանոցը», շարունակում է զարդարել հայրենական ժապաւէնի արտադրութեան պատմութիւնը:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=-8oZewe5rwo
Տեղեկատուական Բացը
Հայաստանեան արտադրութեան ժապաւէններ անշուշտ նկարահանւում են մինչ օրս, սակայն իմաստային ուղղուածութիւնը, գաղափարային տեսակը եւ առաքելութիւնը արմատապէս եւ ակնյայտօրէն տարբերւում է այն օրերի ժապաւէններից: Եթէ հիմա մեր դիտածը մեծաւ մասամբ հոլիվուտեան «պատմութիւններից» համարեա արտատպուած, ժամանցային, միանգամեայ օգտագործման ժապաւէններ են, ապա 20-րդ դարում ստեղծուած գործերը պատմական, մշակութային վաւերագրեր են` իւրօրինակ պատմիչներ տուեալ ժամանակի իրականութեան մասին: Բացի գեղագիտական հաճոյք ու հիացում պատճառելուց` հին ժապաւէնները նաեւ նպատակաուղղուած մեծ ժառանգութիւն ունեն իրենց մէջ, որն արդէն նախատեսուած է 21-րդ դարի հայ քաղաքացու համար: Հայաստանաբնակ նոր սերունդից առաւել այդ ժառանգութիւնը մեծարժէք եւ հետաքրքրական է յատկապէս սփիւռքահայութեան համար: Ինչպէս նշուեց, Խորհրդային կարգերի բռնապետական քաղաքականութիւնը երկաթեայ վարագոյրով բաժանել էր Հայաստանը աշխարհասփիւռ հայութիւնից` ցաւօք անհնար դարձնելով ցանկացած տեսակի փոխյարաբերութիւն: Մինչդեռ հին հայկական ժապաւէնները իւրօրինակ հնարաւորութիւն են ընձեռում գոնէ մասամբ լրացնել ժամանակի` այսպէս ասած տեղեկատուական բացը:
«Մենք Ենք, Մեր Սարերը»
Հայկական գեղարուեստական ժապաւէնների գոհարներից է օրինակ «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ), որը նկարահանուել է Հրանտ Մաթեւոսեանի համանուն ստեղծագործութեան հիման վրայ: Այն առաւել քան գեղեցիկ, բնականօրէն` առանց առաւել-պակասի, ներկայացնում է հայկական հին գիւղի շունչն ու առանձնայատկութիւնը: Ներկայացնում է գիւղացու միամտութիւնն ու սրամտութիւնը, ազնուութիւնն ու աշխատասիրութիւնը.
Իշխանի հոտում յայտնւում են անծանօթ ոչխարներ, եւ նա երեկոյեան աշխատանքից յոգնած հովիւներին ու հնձուորներին առաջարկում է մորթել դրանց: Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ու խորոված պատրաստում: Ուտելու պահին յայտնւում է Ռեւազն ու միանում նրանց կերուխումին: Այնուհետեւ յիշում է, որ ոչխար է կորցրել ու հարցնում է, թէ անծանօթ ոչխարներ չե՞ն տեսել արդեօք: Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռեւազի ոչխարներն էին: Վերջինիս կինն էլ դիմում է ոստիկանութիւն: Սակայն գիւղ գործուղղուած քննիչը շուտով հասկանում է, որ արուածը դիտաւորեալ գողութիւն չէ, ու փորձում է քանդել պատմութեան կծիկը:
Ժապաւէնում դերերը մարմնաւորել են այնպիսի հանճարեղ դերասաններ, ինչպիսիք են Սօս Սարգսեանը, Մհեր Մկրտչեանը, Խորէն Աբրահամեանը: Իսկ երաժշտութեան հեղինակը մեծատաղանդ Տիգրան Մանսուրեանն է:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=TFwPGKQ5x6Y
«Եռանկիւնի»
Հայաստանեան դարբինների կեանքն ու արհեստը ներկայացնող մէկ այլ իւրօրինակ գործ է 1967 թուականին Գիւմրիում նկարահանած «Եռանկիւնի» ժապաւէնը: Այն պատերազմի օրերին 5 դարբինների միջեւ ընկերութեան պատմութիւնն է` պատմուած նրանցից մէկի որդու շուրթերով: Ի դէպ, ժապաւէնում նկարահանուած տներից մէկը ճիշտ նոյնութեամբ Գիւրիում պահպանուած է մինչեւ օրս, եւ իւրաքանչիւր անցորդի աչքերի առաջ, նոյնիսկ մէկ հայեացք ձգելիս, մարմնաւորւում են ժապաւէնի դրուագները, յատկապէս` առանձնայատուկ պատշգամի հետ կապուած հատուածը: Այս ժապաւէնում եւս նկարահնուել են յայտի եւ սիրուած դերասաններ:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=0HdPvAQMGuI
«Սայաթ-Նովա»
Գեղարուեստական մեծ հաճոյք պատճառող պատմական ժապաւէն է «Սայաթ Նովա»-ն: Թէեւ այն 1960-ին նկարահանուած սեւ-սպիտակ ժապաւէն է, այդուհանդերձ, այնքան վառվռուն ու պայծառ դրուագներով է լեցուն, որ առաւել գունազարդ է ընկալւում, քան գունաւոր նկարահանուած որեւէ ժապաւէն: Վերջինս պատկերում է հայ աշուղ Սայաթ Նովայի (1712-1795) կեանքը, որն իր տաղանդի շնորհիւ մեծ ճանաչում է ձեռք բերում եւ դառնում Վրաց Հերակլ Բ. թագաւորի պալատական երգիչը:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=ep1t6BQ1w40
«Սարոյեան Եղբայրներ»
Հայաստանի քաղաքական իրադարձութիւնները ներկայացնող մշակութային արժէք է «Սարոյեան եղբայրներ» ժապաւէնը: Իրադարձութիւնները տեղի են ունենում 1920-ին` Հայաստանի գաւառական մի քաղաքում: Ժապաւէնը երկու եղբայրների` Հայկի եւ Գէորգի ողբերգական պատմութեան մասին է: Նրանք յայտնուել են Առաջին աշխարհամարտից յետոյ Հայաստանում ծաւալուած քաղաքական պայքարի տարբեր կողմերում: Ժապաւէնը թէեւ յուզիչ, բայց միեւնոյն ժամանակ իրապաշտական է` ճիշդ ինչպիսին որ օրերն ու բարքերն էին:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=m4PNtQKBw8M
«Առաջին Սիրոյ Երգը»
Աւելի քան կէս դար առաջուայ Հայաստանի երաժշտական հովերի շունչը զգացւում է «Առաջին սիրոյ երգը» ժապաւէնում: 1958 թուականին նկարահանուած գեղարուեստական «ստեղծագործութեան» գլխաւոր դերում խաղում է Խորէն Աբրահամեանը: Այն երաժշտական, զգացական պատմութիւն է տաղանդաւոր, բայց յաջողութիւններից շփացած երգչի մասին, որն անցնելով փորձութիւնների միջով` կարողանում է ուղղել սխալներն ու արժանանալ սիրած կնոջ վստահութեանը: Այս գեղեցիկ գործին ծանօթանալիս կարծես դժուար է տարբերել` երաժշտական ժապաւէ՞ն է, թէ՞ ֆիլմախառը իւրատեսակ երաժշտութիւն:
Դիտելու համար այցելել
https://www.youtube.com/watch?v=29KPb7Gi5iY
Ի՞նչ Ժառանգութիւն
Սրանք ընդամէնը մի քանիսն են բազմաթիւ այն գլուխգործոցներից, որոնք եղել են այն օրերի վկաներն ու հայելիները: Ինչպէս ասել է իտալացի յայտնի շարժապատկերի բեմադրիչ Միքելանճելօ Անթոնիոնին, «Նկարահանել նշանակում է ապրեցնել»: Իսկ ի՞նչ են նկարահանում եւ ի՞նչ են փորձում ապրեցնել ժամանակակից հայ ժապաւէնի արտադրողները… Անշուշտ կան բացառութիւններ` յաջողուած գործեր, բայց ցաւօք, սրանք բաւարար չեն գալիք սերունդին ժառանգութիւն դառնալու համար:
Իսկ մինչ այդ, մեր պարտքն է մեզ հասած արժէքաւորը մի լաւ իւրացնել:
Համօ Բեկնազարեան
(1892-1965 թթ.)Համօ Բեկնազարեանը 1914 թ սկսել է նկարահանուել ռուսական ժապաւէններում: Դասուել է ռուսական համր ժապաւէնի աստղերի շարքին: Նկարահանուել է աւելի քան 70 ժապաւէններուն:
1918 թ աւարտել է Մոսկուայի առեւտրի հիմնարկի (մինչ այդ վարպետ մարմնամարզիկ է եղել): 1921 թ դարձել է Վրաստանի «Պետական ժապաւէն»-ի բեմադրիչ: 1923 թ հաստատուել է Հայաստանում եւ հիմնադրել «Հայֆիլմ»-ը: 1926-ին նկարահանել է հայկական առաջին գեղարուեստական ժապաւէնը` «Նամուս»-ը: Ականաւոր բեմադրիչի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգութիւնից կարելի է դատել, որ նա անսահման հնարաւորութիւններ ունէր դրսեւորելու իր տաղանդի ահռելի ուժը: Դրա վառ ապացոյցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարութեան հրաւէրը, քաջ տեղեակ լինելով, որ այնտեղ ժապաւէնի արտադրութեան եւ ստեղծագործական գործունէութեան համար նոյնիսկ նուազագոյն հիմքեր չկան: Այդ տարիներին նա փոքր գումարներով նկարահանել է այնպիսի ժապաւէններ, ինչպիսիք են «Զարէ», «Շոր եւ Շորշոր»: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ժապաւէնը` «Պեպօ»-ն է: Աւելի ուշ նկարահանել է հայ ժապաւէնի 2 այլ հրաշալի նմուշներ` «Դաւիթ Բեկ» (1943 թ) եւ «Զանգեզուր» (1938 թ): Վերջինի համար Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: «Երրորդ կարաւան» ժապաւէնը, որն ամենայն հաւանականութեամբ դառնալու էր նրա մասնագիտական գործունէութեան ամենայաջողուածը, մնում է անաւարտ, քանի որ նկարահանումները կէսից արգելւում են, իսկ նախագիծը` փակւում: Բեկնազարեանը խոր ցաւով եւ կսկիծով լքում է «Հայֆիլմ»-ն ու Հայաստանը եւ սկսում է ժապաւէններ նկարահանել միջինասիական հանրապետութիւններում: Թաղուած է Մոսկուայի հայկական գերեզմանատանը կնոջ` Սոֆիա Վոլխովսկայա-Բեկ-նազարովայի շիրիմի մօտ:
Համօ Բեկնազարեանը սովորել է Երեւանում, ապա` Տաշքենդում, 1918 թ-ին աւարտել է Մոսկուայի առեւտրի հիմնարկը: Երիտասարդ տարիներին եղել է վարպետ ըմբիշ: «Մարոնի» կեղծանունով ելոյթներ է ունեցել կրկէսում, մասնակցել միջազգային մրցումների:
1915 թ-ից «Համօ Բեկ» կեղծանունով նկարահանուել է Մոսկուայում: Խաղացել է շուրջ 100 դեր: 1921-ից եղել է Վրաստանի ժապաւէն արտադրող հիմնարկութեան տնօրէն եւ գեղարուեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Անարգանքի սեան մօտ» (1923 թ.), «Կորսուած գանձեր» (1924 թ.), «Նաթելլա» (1925 թ.) ժապաւէնները, որոնք աչքի են ընկնում արեւելեան իւրատեսակ երանգաւորումով:
1925 թ-ին հրաւիրուել է Երեւան եւ ձեռնամուխ եղել հայկական ժապաւէնի ստեղծմանը: Նոյն թուականին Բեկնազարեանը նկարահանել է «Նամուս» գեղարուեստական ժապաւէնը, 1926 թ-ին` հայկական առաջին կատակերգութիւնը` «Շոր եւ Շորշորը»: Ժապաւէնի համր շրջանի լաւագոյն գործերից են նաեւ նրա «Զարէ» (1926 թ.), «Խասփուշ» (1927 թ.), «Տունը հրաբխի վրայ» (1928 թ.) եւ այլք, որոնք խոշոր ներդրում են ֆիլմարուեստի պատմութեան մէջ:
Բեկնազարեանը, համադրելով հայ դերասանական դպրոցի եւ գրականութեան բնորոշ առանձնայատկութիւնները, սկզբնաւորել է ֆիլմարտադրութեան ազգային ոճը: Այդ սկզբունքը բեմադրիչը զարգացրել է իր հնչուն ժապաւէններում. դրանցից առաջինը «Պեպօ»-ն (1935 թ.) էր, որը թեմայի խորութեամբ, վառ արտայայտչականութեամբ եւ պատմութեան հզօր ոճով երեւոյթ էր նաեւ համաշխարհային ֆիլմարուեստում: Նրա «Զանգեզուր» (1938 թ.), «Դաւիթ Բեկ» (1944 թ.) ժապաւէնները նուիրուած են հայ ժողովրդի պատմութեանը:
Բեկնազարեանը նկարահանել է նաեւ փաստավաւերագրական ժապաւէններ` «Երկրաշարժ Լենինականում» (1926 թ.), «Երկիր Նայիրի» (1930 թ.) եւ այլն: Նա իր ազգային ինքնատիպ արուեստով մեծապէս նպաստել է հայ ժապաւէնի զարգացմանը:
Բեկնազարեանի կեանքին եւ ստեղծագործութեանն անդրադարձել են հայ եւ օտարազգի բազմաթիւ ժապաւէնագէտներ: Նա հեղինակ է «Յուշեր դերասանի եւ կինոռեժիսորի» (1965 թ.` ռուսերէն, 1968 թ.` հայերէն) գրքի: Բեկնազարեանի անունով է կոչուել «Հայֆիլմ»-ը