Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17136

Վրաստանի Նոր Օրէնքն Ու Ջաւախքը (Բ. Մաս)

$
0
0

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄՍԸՐԼԵԱՆ

chavakh-logo-1_112015Հիմնական պատճառը, թէ ինչո՛ւ մենք հրաժարուեցինք օրէնքի բնագրում ներառել տուգանքների մասին կէտերը, այն է, որ մենք չէինք ցանկանում, որ ինչ-որ մէկը մտածէր որ այդ օրէնքն ընդունւում է լեզուական փոքրամասնութիւնների իրաւունքների խախտման նպատակով: Օրէնքն ընդունելով` մենք առել ենք ամէն ինչ, որպէսզի չստեղծենք մեր քաղաքացիների համար լրացուցիչ անյարմարութիւններ:

Այո՛, լեզուն մեր պատմամշակութային ձեռքբերումն է: Բայց միաժամանակ մեր յարաբերութիւնները Վրաստանում ապրող ժողովրդների հետ եւս մեր պատմամշակութային ժառանգութիւնն են: Մենք ամենայն զգուշութեամբ ենք մօտենում այդ հարցին: Այդ իսկ պատճառով դուք «Պետական լեզուի մասին» օրէնքում չէք տեսնի որեւէ զսպողական կէտ:

Հ.- Յայտնի է, որ օրէնքի շուրջ աշխատանքներ են տարուել երկար ամիսների ընթացքում: Արդիւնքում «Պետական լեզուի մասին» օրէնքում յայտնուեց «ազգային փոքրամասնութիւնների լեզու» եզրոյթը: Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ օրէնքում, որը որոշակիացնում է պետական լեզուի կարգավիճակը, յայտնուեց ազգային փոքրամասնութիւնների մասին եզրոյթը:

Պ.- Մինչ օրէնքն ընդունուելը մենք շատ ենք շփուել ժողովրդի հետ: Բայց շփուել ենք, ոչ թէ աննպատակ, այլ որպէսզի հասկանանք, թէ ի՛նչն է կարեւոր մեր երկրի քաղաքացիների համար, ի՞նչն է նրանց անհանգստացնում եւ այլն: Ընդունելով օրէնքը` մենք հաշուի ենք առել մեր պետութեան իրականութիւնը: Ողջ օրէնքը կառուցուած է մեր երկրի բոլոր քաղաքացիների հանդէպ մեծագոյն յարգանքի սկզբունքով: Հէնց այդ պատճառով էլ օրէնքում կայ այն բնորոշումը, ինչն է` ազգային փոքրամասնութիւնների լեզուն…

Հ.- «Պետական լեզուի մասին» օրէնքի Բացատրական տեղեկագրում ասուած է, որ պետութիւնը ձեւաւորում է նոր լեզուական քաղաքականութիւն: Ի՞նչն է Վրաստանի` նախկին եւ ներկայիս լեզուական քաղաքականութեան հիմնական տարբերութիւնը:

Պ.- Քաղաքականութիւնը մնում է առաջուանը: Ոչինչ չի փոխւում, մենք ուղղակի ամէն ինչին տուել ենք իրաւաբանական հիմնաւորում:

Երբ ինչ-որ մէկը չի տիրապետում վրաց լեզուին, ես չեմ զայրանում այդ մարդու վրայ: Ես մտահոգւում եմ, որ նա չգիտի լեզուն: Պետութիւնը պէտք է ամէն ինչ անի, որպէսզի քաղաքացիները կարողանան սովորել լեզուն: Միաժամանակ, եթէ ինչ-որ մէկը վիրաւորում կամ ստորացնում է ազգային փոքրամասնութիւնների լեզուները, ես դա որպէս անձնական վիրաւորանք եմ ընկալում:

Հայերը, վրացիները, ռուսները, հրեաները… Մենք բոլորս ապրում ենք մի երկրում: Մենք պէտք է սիրենք միմեանց: Մենք պէտք է գնահատենք եւ փայփայենք մեր յարաբերութիւնները: Դա շատ նուրբ հարց է, եւ պետութիւնը չի ուզում իր քաղաքացիների համար անյարմարութիւններ ստեղծել:

Օրինակ, «Պետական  լեզուի մասին» օրէնքում չկայ այնպիսի կէտ, ինչպիսին է` «Երկրի բոլոր քաղաքացիները պարտաւոր են տիրապետել վրաց լեզուին»: Օրէնքում նման գրուածքի բացակայութիւնը շատ բանի մասին է խօսում…

Հաւատացէ՛ք` դա պատահականութիւն չէ, որ մենք մեր քաղաքացիներից պետական լեզուի պարտադիր իմացութիւն չենք պահանջում: Անձամբ ես դէմ եմ եղել, որպէսզի արուէր նման գրուածք… Ի՞նչ է նշանակում` պարտաւոր են: Այսինքն, եթէ չես տիրապետում լեզուին, քեզ պէտք է զրկե՞ն քաղաքացիութիւնից:

Այն քաղաքացիները, որոնք չգիտեն վրացերէն, նոյնպիսի քաղաքացիներ են, ինչպէս եւ ես: Նրանք եւս սիրում են այս երկիրը, ինչպէս` մնացած բոլորը:

Վրաստանի անկախութեան հռչակումից յետոյ մենք բոլորս` հայերը, վրացիները, ինչ-որ բան բաց ենք թողել, ինչ-որ բան չենք հասցրել: Մենք չենք կարողացել ապահովել մեր քաղաքացիներին վրաց լեզուի համապատասխան ուսուցում դպրոցներում: Շրջաններում փաստացիօրէն գոյութիւն չունեն ենթակառոյցներ: Աշխատատեղերի հարցը ծայրայեղ պայմաններում է: Շատ մը գործօններ մեր իսկ դէմ են… Պետական լեզուի ուսուցումը բարդ գործ է:

Մեզ կատարելու մեծ աշխատանք է սպասում: Մենք պէտք է պայմաններ ստեղծենք, որպէսզի դպրոցներում ուսումը տարուի բարձր մակարդակով: Եւ դա ոչ միայն պետական լեզուի ուսուցմանն է վերաբերում: Բոլոր առարկաները պէտք է դասաւանդուեն բարձրագոյն մակարդակով:

Մենք պետական լեզուի ուսուցման համար պայմաններ պէտք է ստեղծենք: Ուժ գործադրելը, պատժելը սխալ ուղի է: Առաջին հերթին պետութիւնը պէտք է իր գործն անի, եւ դուք կը տեսնէք, թէ ինչպէ՛ս ամէն ինչ կը սկսի փոխուել:

Շրջաններում, հասարակ բան, գոյութիւն չունեն ձեռնարկութիւններ, չկայ աշխատանք: Եթէ հայերը եւ վրացիները աշխատէին մէկ ձեռնարկութիւնում, ապա հայերն էլ կը սովորէին վրացերէն, վրացիներն էլ` հայերէն: Ահա դա է կոչւում պետական կառուցում:

«Պետական լեզուի մասին» օրէնքում ասուած է, որ պետական մարմինների համար աշխատանքային լեզուն վրացերէնն է: Չկայ այնպիսի պետութիւն, որտեղ պետական մարմիններն աշխատէին տարբեր լեզուներով: Պէտք է գոյութիւն ունենայ մէկ, ընդհանուր լեզու բոլորի համար: Չէ՞ որ մենք չենք ցանկանում յայտնուել բաբելոնեան աշտարակում:

Միաժամանակ մենք շատ լաւ գիտենք, որ շրջաններում շատ բարձրաստիճան պաշտօնեաներ չեն տիրապետում վրացերէնին: Մենք դրա վրայ աչք ենք փակում: Փաստացիօրէն մենք խախտում ենք մեր իսկ օրէնքը: Մենք առաջարկում ենք այդ գործարարներին` գնացէ՛ք, սովորէ՛ք պետական լեզուն: Գոյութիւն ունեն յատուկ դպրոցներ` պետական ծառայողների համար: Պետութիւնը ծայրայեղ հանդուրժողական քաղաքականութիւն է վարում:

Պետութիւնը պէտք է այնքան պահանջի իր քաղաքացիներից, ինչքան տալիս է: Ինչպէ՞ս կարելի է պահանջել քաղաքացուց մի բան, ինչը չես տուել: Եթէ դու չես ապահովել լեզուի ուսուցման կանոնաւոր  հնարաւորութիւն, ապա ի՞նչ իրաւունքով ես դու ակնկալում, որ քաղաքացին կը սովորի լեզուն:

Հ.- Լեզուական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից ինչպիսի՞ իրաւաբանական երաշխիքներ ունեն Վրաստանի քաղաքացիները:

Պ.- Լեզուական փոքրամասնութիւնների լեզուները պաշտպանուած են երկրի սահմանադրութեան կողմից: Նրանց պաշտպանում են նաեւ երկրում գործող այլ օրէնքներ: Այդ նոյն «Պետական լեզուի մասին» օրէնքը, «Կրթութեան մասին» օրէնքը եւ շատ այլ օրէնքներ…

«Պետական լեզուի մասին» օրէնքը բացառում է լեզուական փոքրամասնութիւնների խտրականութեան հնարաւորութիւնը: Քաղաքացիները լիովին իրաւունք ունեն որոշելու, թէ որ լեզուով են ցանկանում կրթութիւն ստանալ: Կրկնում եմ` «Պետական լեզուի մասին» օրէնքում չկան ստիպողական կէտեր: Այնտեղ գրուած չէ, որ` «Բոլորը պարտաւոր են տիրապետել պետական լեզուին»:

Ես բացարձակապէս համաձայն եմ այն քաղաքացիների հետ, որոնք յայտարարում են` «Մինչ ես կը սովորեմ պետական լեզուն, սովորեցրէ՛ք ինձ իմ մայրենի լեզուն»: Ես լրիւ համաձայն եմ այդ մարդկանց հետ:

Հնարաւոր է, որ այսօր գոյութիւն ունեն ազգային փոքրամասնութիւնների լեզուների հետ կապուած որոշակի խնդիրներ, բայց ուզում եմ հաւաստիացնել ձեզ, որ դա կապուած չէ նպատակաուղղուած քաղաքականութեան հետ:

Օրինակ` մենք գիտենք, որ որոշակի խնդիրներ գոյութիւն ունեն ոչ վրացական դասագրքերի հետ կապուած… Փոքրամասնութիւնների լեզուներով դասագրքերի խնդիր պէտք չէ գոյութիւն ունենայ: Այդ հարցի լուծումը երկրի կրթութեան նախարարութեան պարտականութիւնն է: Նրանք պէտք է լուծեն այդ խնդիրը: Եթէ մինչ օրս որոշակիօրէն այդ հարցը չի լուծուել, ուրեմն նախարարութիւնում արատ է թաքնուած: Բայց դա պետութեան քաղաքականութեան արդիւնք չէ: Մեր օրէնսդրութիւնը պաշտպանում է ինչպէս լեզուական մեծամասնութեանը, այնպէս էլ` փոքրամասնութեանը:

Հ.- 1999թ. Վրաստանը Եւրոպական խորհրդի առջեւ «Տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնութիւնների լեզուների Եւրոպական հռչակագիրի» վաւերացման մասին պարտականութիւն է ստանձնել: Մինչ օրս այդ փաստաթուղթն այդպէս էլ չի վաւերացրել: Մինչդեռ, կարելի է ասել, որ փաստացիօրէն, այդ հռչակագիրից որոշ կէտեր գոյութիւն ունեցող օրէնսդրութեանն «ի խախտում» արդէն իսկ իրականացւում են շրջաններում: Ինչպիսի՞ն է ձեր վերաբերմունքը «Տարածաշրջանային լեզուների եւ փոքրամասնութիւնների լեզուների Եւրոպական հռչակագիրի» նկատմամբ:

Պ.- Իմ կարծիքով, երբ կը ստեղծուի «լեզուի վարչութիւնը», այն շատ հանգամանալից պէտք է ուսումնասիրի հռչակագիրը: Հէնց Եւրոպայի լեզուների մասին հռչակագիրի հանդէպ վերաբերմունքը միանշանակ չէ…

Մինչ մենք կը սկսէինք ուսումնասիրել հռչակագիրի վաւերացման մասին հարցը, պէտք էր որոշակիացնել փոքրամասնութիւնների պետական լեզուի կարգավիճակը եւ իրաւունքը: Մի՞թէ կարելի է փոքրամասնութիւնների լեզուների մասին հռչակագիր ընդունել եւ միաժամանակ պետական լեզուի մասին փաստաթուղթ չունենալ: Դա սխալ կը լինէր:

Պետական լեզուի հանդէպ պէտք է ունենալ վսեմ վերաբերմունք: Իսկ յետոյ արդէն թող «լեզուի վարչութիւնը» նստի եւ մտածի, թէ ինչպիսի՛ կէտեր Եւրոպական հռչակագիրից մենք կարող ենք ընդունել, իսկ ինչպիսիք գերադասելի է չընդունել:

Մենք վրացական պետութիւն ենք կառուցում: Մենք պէտք է այնպիսի քայլեր առնենք, որոնք մեզ` երկրի քաղաքացիներիս, կը մերձեցնի միմեանց, ոչ թէ ընդհակառակը…

(Վերջ)


Viewing all articles
Browse latest Browse all 17136

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>