ԴԻԱՆԱ ԳԱԼՍՏԵԱՆ
Ազրպէյճանական քարոզչութեան վերջին տարիների մեր հետազօտութիւնները, ինչպէս նաեւ 2015թ. փետրուար-մայիսին իրականացուած ազրպէյճանական ելեկտրոնային 10 զանգուածային լրատուամիջոցներու որակական դիտարկման արդիւնքները թոյլ են տալիս առանձնացնել ազրպէյճանական քարոզչութեան հիմնական թեմաներու ուղղութիւնները.
Հայ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի եւ արժեհամակարգի խեղաթիւրում,
Հայերի եկուորութեան եւ ազրպէյճանցիների բնիկութեան մասին պատմութեան կառուցակցում,
Հայկական զինուած ուժերի խնդիրների շահարկում, ազրպէյճանական ռազմական գերազանցութեան ցուցադրում,
Հայաստանի ներքին ընկերային-տնտեսական, քաղաքական խնդիրների շահարկում,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հակամարտութեան հետեւանքների բացասական կողմի ընդգծում,
Հայոց ցեղասպանութեան հերքում եւ յանցանքի արտաձգում:
Յօդուածի շրջանակներում առաւել մանրամասն կը դիտարկենք Ցեղասպանութեան թեման ազրպէյճանական զանգուածային լրատուամիջոցներում: Հայոց ցեղասպանութեան թեման մշտապէս եղել է ազրպէյճանական քարոզչութեան ուշադրութեան կենտրոնում, այն յատկապէս աշխուժացաւ 2015թ.` կապուած Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի հետ: Այս թեման արծարծւում է երեք հիմնական բաղադրիչներով` Ցեղասպանութեան հերքում,
Հայոց ցեղասպանութեան հասկացութեան, երեւոյթի եւ դրա միջազգային ճանաչման գործընթացի արժեզրկում,
Յանցանքի արտաձգում` Ի. դարի ընթացքում ազրպէյճանցիների նկատմամբ «ցեղասպանութիւն եւ տեղահանութիւն» իրականացնելու մեղադրանք:
Ազրպէյճանցիների կողմից այս թեմայի շրջանառումը հետապնդում է թուրքական մերժողական քարոզչութեան աջակցութեան եւ հայկական կողմից տրամադրուող տեղեկութիւնների արժանահաւատութեան նկատմամբ կասկածների տարածման նպատակներ:
Հայոց ցեղասպանութեան հերքում: Ցեղասպանութեան հերքումը լրատուամիջոցներում եւ գրութիւններում դրսեւորւում է չակերտների, հեգնական ձեւակերպումների տեսքով` «երեւակայական ցեղասպանութիւն», «յօրինուած ցեղասպանութիւն», «այսպէս կոչուած ցեղասպանութիւն», «գրեթէ ցեղասպանութիւն» եւ այլն: Իսկ որոշ դէպքերում Հայոց ցեղասպանութիւն եզրն ազրպէյճանական գրութիւններում փոխարինուած է «տեղահանութիւն» եզրով, ինչն արտացոլում է թուրքական գիծը: «Ա. Համաշխարհային պատերազմի սկզբին հայերը հանդէս եկան որպէս Օսմանեան կայսրութեան ներքին թշնամի, ապստամբութիւն բարձրացրին կայսրութեան տարբեր հատուածներում, յատուկ պատրաստութիւն անցելով` համալրեցին ռուսական բանակի շարքերը: …Ի պատասխան հայերի բարձրացրած ապստամբութեան` Օսմանեան կայսրութիւնը դիմել է ապստամբ շրջանների խաղաղեցման դասական քայլին` տեղահանութեանը»: Այս դէպքում տեղահանութիւնը ներկայացւում է որպէս ստեղծուած իրավիճակում արդարացուած քայլ: Ազրպէյճանական լրատուամիջոցները տարածում են այն տեսակէտը, որ տեղահանութեան ժամանակ թէեւ զոհեր են եղել, սակայն դա նպատակաուղղուած կոտորած չի եղել: Որպէս վերը նշուածի ապացոյց` բերւում է Օսմանեան կայսրութիւնում տեղահանուող հայերի պաշտպանութիւնն իրականացնելու մասին օրէնքը:
Հայոց ցեղասպանութեան հասկացութեան, երեւոյթի եւ դրա միջազգային ճանաչման գործընթացի արժեզրկում: Տեղի է ունենում երեւոյթների եւ հասկացութիւնների արժեզրկում: Ասուածը վերաբերում է ինչպէս Հայոց ցեղասպանութեան երեւոյթին (այն ներկայացւում է որպէս «Հայերի երեւակայութեան արդիւնք, հայերի կողմից յօրինուած առասպել»), այնպէս էլ դրա միջազգային ճանաչման ուղղութեամբ տարուող քայլերին. այս դէպքում արդէն շրջանառւում է այն միտքը, որ «Հայաստանը 1915թ. իրադարձութիւնների քարոզչութիւնը փորձում է շահոյթի աղբիւր դարձնել»` շեշտելով փոխհատուցման միայն նիւթական կողմը:
2015թ. ապրիլը յատկապէս յագեցած էր Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի շուրջ տարուող քարոզչութեան տեսանկիւնից: Նշենք, որ դեռեւս ապրիլի սկզբից ազրպէյճանական լրատուական դաշտն մեծ չափերով լցւում էր Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նիւթերով: Նախ` դրանք կանխատեսումներ էին, թէ ինչպէս կ՛անցնի հէնց ապրիլի 24-ը, եւ ինչ կը հետեւի այդ միջոցառումներին, ապա` տարբեր նշանաւոր մարդկանց Հայոց ցեղասպանութեան մասին հնչեցրած տեսակէտների շուրջ քննարկումներ: Այս առումով յատկապէս կարեւոր էր եւ բուռն քննարկումների առարկայ դարձաւ Հռոմի պապ Ֆրանչիսկոսի յայտարարութիւնը: Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած Սուրբ պատարագի ժամանակ Հռոմի քահանայապետը օգտագործել է «ցեղասպանութիւն» բառը: «Անցած դարում մարդկային մեր ընտանիքը վերապրել է զանգուածային եւ աննախադէպ երեք ողբերգութիւն: Դրանցից առաջինը, որը մեծապէս համարւում է Ի. դարի առաջին ցեղասպանութիւնը, հարուածել է ձեր հայ ժողովրդին», դիմելով հայ ներկայացուցիչներին` պատարագի ժամանակ ասել է նա:
Այս յայտարարութեանը հետեւեց ազրպէյճանական լրատուամիջոցների բուռն արձագանգը, թէ Հռոմի պապն «իր վրայ պատասխանատուութիւն է վերցրել քննարկել եկեղեցու եւ կաթոլիկութեան հետ կապ չունեցող պատմութեան եւ միջազգային իրաւունքի մի վիճելի հարց, միջազգային հանրութիւնն իրաւունք ունի այսպիսի բարձրաստիճան եկեղեցական դէմքից ակնկալելու բարձր դիւանագիտականութիւն, առարկայութիւն եւ նիւթի բազմակողմանի իմացութիւն»:
Հռոմի պապի յայտարարութեանից յետոյ ազրպէյճանական կայքերը տարածեցին լուրեր, թէ այդ յայտարարութեան դիմաց ծանր դրութեան մէջ գտնուող Istituto per le Opere di Religione-ն (IOR), որն առաւել յայտնի է Վատիկանի դրամատան անունով, հայ միլիառատէր Քըրք Գըրգորեանից եւ այլ գործարարներից ստացել է 25 միլիառ ամ. տոլար: Այսինքն, ըստ ազրպէյճանական տեսակէտի, հայերը «գնել» են այդ յայտարարութիւնը: Սա եւս մտնում է հայկական կողմի իւրաքանչիւր արարք նիւթական չափման մէջ դնելու ազրպէյճանական տրամաբանութեան մէջ:
Ազրպէյճանական մամուլն աշխուժ արձագանգեց նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ապրիլքսանչորսեան միջոցառումներին: Ազրպէյճանական կողմն իրեն յատուկ գործելաոճով փորձեց արժեզրկել նաեւ տարելիցի միջոցառումների գաղափարը` դրանց տալով ամենատարբեր բնորոշումներ` «ցեղասպանութեան ջղագարութիւն, Երեւանը ցնծութեամբ պատրաստւում է համազգային տօնի, յոբելեանի, «նախատօնական իրարանցում», «միջոցառումները յիշեցնում են բժշկական միջամտութիւն պահանջող զանգուածային հոգեկան խանգարում», «շոու», «առնէտների մրցավազք» եւ այլն:
Ապրիլի 24-ին նախորդող օրերին ազրպէյճանական լրատուամիջոցները փորձեցին դաշտը լցնել Թուրքիայում նոյն օրը ոչ պատահական զուգադիպութեամբ անցկացուող Կալիփոլիի ճակատամարտում յաղթանակի 100-ամեակի միջոցառումը լուսաբանող նիւթերով: Ապա անդրադարձ կատարեցին միջոցառմանը ներկայ նախագահներին, պատուիրակութիւններին` հակադրելով դա Հայոց ցեղասպանութեան տարելիցի միջոցառումներին ներկայ գտնուող հիւրերի թուաքանակին:
Այնուհետեւ ազրպէյճանական լրատուական տիրոյթում յայտնուեցին Հայոց ցեղասպանութեան միջոցառումների արդիւնքներն ամփոփող վերլուծութիւններ, որոնք հիմնականում փորձեցին լսարանին հասցնել այն միտքը, որ հայերի սպասելիքներն այդպէս էլ չարդարացան, եւ որ` «…արդիւնքը միայն առանձին պաշտօնեաների հնչեցրած յայտարարութիւններն էին, որոնք ոչ մի իրաւական արդիւնք չտուեցին, եւ որ հայերի համար վերջնանպատակ հանդիսացող Հայոց ցեղասպանութեան ճանաչումը Թուրքիայի կողմից եւ տարածքային փոխհատուցումը այդպէս էլ չեն իրականանայ»: Անմոռուկների ապրանքայնացման դրսեւորումները, որոնք քննադատուեցին Հայաստանում, ազրպէյճանական լրատուամիջոցներում ներկայացւում են որպէս վշտի կեղծաւորութեան ցուցիչ` մէջբերելով հայկական աղբիւրի քննադատութիւնը. «Եւ միայն բազմաթիւ հայկական կայքերից մէկում «Մոտուս վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանն այդ երեւոյթը բացասական է գնահատել. «Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած անմոռուկների նախաձեռնութիւնը նմանւում է տօնական իրարանցման, ինչպէս դպրոցներում են պատրաստւում Նոր տարուան կամ Զատիկի տօնին, այնպէս այժմ պատրաստւում են «հարիւրամեայ տարելիցին…»:
Յանցանքի արտաձգում: Հայոց ցեղասպանութեան հերքման քարոզարշաւի շարունակութիւն է հանդիսանում յանցանքի արտաձգումը փոխադարձ մեղադրանքների ներկայացումը հայերին. հայերը մեղադրւում են Օսմանեան կայսրութեան տարածքում մուսուլման բնակչութեանը կոտորելու մէջ:
Ազրպէյճանական կողմը, բաց չթողնելով յարմար պահը, հայերի հասցէին մեղադրանք է ներկայացնում ազրպէյճանցիների «ցեղասպանութիւն եւ տեղահանութիւն» իրականացնելու մէջ` «Հայերը ստեղծեցին «խեղճ եւ թշուառ հայ ժողովրդի» կերպարը, դարասկզբին տեղի ունեցած իրադարձութիւնները նպատակաուղղուած խեղաթիւրեցին: Այդպիսով, նրանք, ովքեր ազրպէյճանցիների նկատմամբ ցեղասպանութիւն էին իրականացրել, ներկայացան որպէս ցեղասպանութեան զոհեր»: «Ցեղասպանութեան» մեղադրանքների շարքում զետեղուել են Ի. դարի տարբեր ռազմական իրադարձութիւններ, անգամ` արցախեան պատերազմը:
Ցեղասպանութիւն հասկացութիւնը կիրառւում է առանց իրաւական հիմնաւորման` ցանկացած բախման պատճառով զոհերին պիտակաւորելով որպէս ցեղասպանուածներ:
Վերջին տարիներին ազրպէյճանական քարոզչամեքենան յամառօրէն առաջ է տանում այն միտքը, որ «200 տարիների ընթացքում ցեղասպանութիւն եւ տեղահանութիւն են իրականացուել հայերի կողմից», ընդ որում, այս տեսակէտի համաձայն, «միայն Ի. դարի ընթացքում 4 փուլով` 1905-1907թթ., 1918-1920թթ., 1948-1953թթ. եւ 1988-1993թթ.»:
Ազրպէյճանական քարոզչամեքենայի այս ձեւակերպման մէջ շօշափւում են հետեւեալ մի քանի կարեւորագոյն շերտերը.
Առաջինը «ազրպէյճանցի» ազգի հին լինելու հանգամանքի ապացուցումն է,
Ազրպէյճանցիների բնիկութեան ապացուցման խնդիրը,
Ազրպէյճանցիների նկատմամբ «ցեղասպանութիւն» իրականացնելու` հայերին ուղղուած մեղադրանքը:
Համառօտ անդրադառնանք այս փուլերից իւրաքանչիւրին եւ այդ օրերի շուրջ կառուցուող քարոզչութեան առանձնայատկութիւններին:
1905-1907թթ. հայ-թաթարական բախումները ներկայացւում են որպէս «հայերի կողմից նպատակաուղղուած ջարդեր»: «Հայ զաւթիչները, «հզօր Հայաստան» ստեղծելու գաղափարով տոգորուած, 1905-1907թթ. ազրպէյճանցիների դէմ բացայայտ արիւնալի լայնածաւալ գործողութիւններ սկսեցին: Պաքւում սկսուած վայրագութիւնները տարածուեցին Ազրպէյճանում եւ ներկայիս Հայաստանի ազրպէյճանական բնակավայրերում: Հարիւրաւոր բնակավայրեր ոչնչացուեցին, հազարաւոր ազրպէյճանցիներ գազանաբար սպաննուեցին»:
1918թ. Պաքուի համայնավար կոմիտէի եւ մահմետականների միջեւ տեղի ունեցած բախումները ներկայացւում են իբրեւ հայերի կողմից «ազրպէյճանցիների ցեղասպանութեան» իրագործում:
1918թ. Պաքուի համայնավար կոմիտէի եւ մահմետականների միջեւ տեղի ունեցած բախումները ներկայացւում են որպէս ազրպէյճանցիների նկատմամբ հայերի կողմից իրականացուած «ցեղասպանութիւն». 1918թ. մարտի 31-ին եւ ապրիլի 1-2-ին, ըստ ազրպէյճանական տեսակէտի, «միայն Պաքւում այդ օրերին սպաննուեցին 12 հազար ազրպէյճանցիներ»: Ազրպէյճանական կողմը հայերին եւ ռուսներին` դաշնակներին եւ պոլշեւիկներին, մեղադրանք է ներկայացնում 1918թ. մարտ-ապրիլ ամիսներին Պաքւում, Շամախիում, Ղուբայում «ազրպէյճանցիների նկատմամբ ցեղասպանութիւն իրականացնելու մէջ», «մարտեան ահաբեկչութեան» արդիւնքում, ըստ ազրպէյճանական տեսակէտի, «սպաննուել են աւելի քան 50 հազար ազրպէյճանցիներ»: Այս գործողութիւններն ազրպէյճանական կողմը ներկայացնում է որպէս «ազրպէյճանական ազգային-ժողովրդավարական շարժման ընկերային խարիսխի եւ կազմակերպչական կառոյցների քայքայում եւ Պաքւում պոլշեւիկեան իշխանութեան ամրապնդում»: Որպէս այս թեմայի շարունակութիւն` պէտք է նշել, որ «ապրիլ-մայիս ամիսներին Պաքւում եւ շրջակայ գիւղերում 30 հազար ազրպէյճանցիների սպանութիւնը» վերագրւում է հայերին: «Այդ նոյն ժամանակահատուածում Զանգեզուրի գաւառում սպաննուել են 10 հազար, Շամախիում` 8 հազար, Ղուբայում` 16 հազար, Իրեւանի նահանգում` 132 հազար ազրպէյճանցի»:
1998թ. մարտի 26-ին Հայտար Ալիեւի հրամանով մարտի 31-ն Ազրպէյճանում որպէս «Ազրպէյճանցիների ցեղասպանութեան օր» յայտարարելուց յետոյ նպաստաւոր հիմք է ստեղծուել պետական մակարդակով իրականացուող հակահայկական քարոզչութեան համար:
Մարտի 31-ն ազրպէյճանցիների ցեղասպանութեան օր հռչակելը ծառայեցւում է նաեւ Հայոց ցեղասպանութեան հակակշիռ ստեղծելու նպատակին:
1948-1953թթ. ազրպէյճանական կողմը ներկայացւում է իբրեւ Խորհրդային Հայաստանից ազրպէյճանցիների տեղահանութեան քաղաքականութեան տարիներ:
Այս պարունակում նշւում է. «Հայերին յաջողուեց պետական մակարդակով հասնել Խորհրդային Միութեան նախարարների խորհրդի 1947թ. դեկտեմբերի 23-ի` «Խորհրդային Հայաստանից կոլտնտեսականների եւ այլ ազրպէյճանական բնակչութեան տեղահանութեան մասին» յատուկ որոշման ընդունմանը:
1988-1993թթ. փուլի մէջ ներառուած է 1990թ. յունուարի 20-ին Պաքւում խորհրդային բանակի գործողութիւնների արդիւնքում սպաննուած ազրպէյճանցիներին իբրեւ հայկական սադրանքների զոհեր ներկայացնելը:
Իրադարձութիւնները յաճախ ներկայացւում են պարունակից կտրուած` դէպքերի մասին յիշատակումը սկսելով միայն յունուարի 20-ից, շրջանցելով հայերի նկատմամբ յունուարի 13-ից սկսուած ջարդերը եւ արտաքսումը, որի պատճառով էլ խորհրդային բանակը, թէեւ` ուշացած, յայտնուել էր Պաքւում: Յունուարի 20-ի իրադարձութիւնները ներկայացւում են իբրեւ հայկական անջատողական շարժման դէմ բողոքի ձայն բարձրացրած ազրպէյճանցիների ճնշում խորհրդային իշխանութիւնների կողմից` այդպիսով դրանցում հայերին մեղքի բաժին վերագրելով: Իսկ բոլոր այն դէպքերում, երբ յիշատակւում են հայկական ջարդերի որոշ իրողութիւններ, դրանք մեկնաբանւում են իբրեւ հայերի կողմից կազմակերպուած սադրանք, որոնց միամտաբար կուլ գնացին ազրպէյճանցիները: Վերջին հիմնաւորումը վերաբերում է յատկապէս 1988թ. Սումկայիթի եւ Կիրովապատի (Գանձակ) ջարդերին:
Որպէս վերջին փուլի ամենակարեւոր իրադարձութիւն յիշատակւում են 1992թ. փետրուարի 26-ին Խոջալուի մատոյցներում տեղի ունեցած դէպքերը, որոնք որակւում են որպէս «խաղաղ բնակչութեան նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանութիւն»:
1992թ. Խոջալու բնակավայրի մերձակայքում տեղի ունեցած իրադարձութիւններն Ազրպէյճանում համարւում են «ցեղասպանութիւն», որը վերագրւում է հայ զինուորականներին, ովքեր գործել են ռուսական 366-րդ մոթոհրաձգային ջոկատի աջակցութեամբ: Ազրպէյճանական քարոզչութիւնը յատուկ ուշադրութեան է արժանացնում Խոջալուի դէպքերի լուսաբանմանը եւ քարոզչութեանը: Սա կարող է կապուած լինել այն հանգամանքի հետ, որ, ըստ ազրպէյճանական տեսակէտի, Խոջալու բնակավայրում խաղաղ բնակչութիւն է ոչնչացուել, եւ բացի այդ, Խոջալուի դէպքերը աւելի «թարմ» են:
Եթէ նախկինում Խոջալուի մատոյցներում տեղի ունեցած իրադարձութիւններին ազրպէյճանցիները տալիս էին տարբեր ձեւակերպումներ (դէպքեր, իրադարձութիւններ, յանցանք, ոճրագործութիւն, ոճիր) եւ քարոզչութեան նպատակն էր այն «ցեղասպանութիւն» որակման հասցնելը, ապա այժմ տրւում է «ցեղասպանութիւն» ձեւակերպումը` որպէս բացարձակ ճշմարտութիւն: Այդ նպատակով Խոջալուի դէպքը ներկայացւում է աշխարհում արդէն իսկ ճանաչուած ցեղասպանութիւնների հետ նոյն շարքում (Ողջակիզում, Ռուանտայի ցեղասպանութիւն եւ այլն): Այժմ գերազանցապէս քննարկւում են «ցեղասպանութեան մեղաւորներին» պատժի ենթարկելու, ֆինանսական փոխհատուցման (ազրպէյճանական կողմի հաշուարկներով` 140 միլիոն մանաթ կամ 170 միլիոն ամ. տոլար) հարցերը: Այս հարցում կարեւոր դերակատարութիւն ունի Լէյլա Ալիեւայի գլխաւորած «Արդարութիւն Խոջալուին» միջազգային քարոզարշաւը, որը 2009թ. նոր ձեւաւորուած շարժում էր, իսկ այժմ կարող ենք խօսել 7 տարիների ընթացքում գրանցուած արդիւնքների մասին` փաստագրական շարժապատկերի ստեղծման եւ ցուցադրութեան նախաձեռնութիւն, գրքերի հրատարակում եւ տարածում, յիշատակի եւ այլ միջոցառումների կազմակերպում, ինչպէս նաեւ` իրաւաքաղաքական այնպիսի լուրջ արդիւնք, ինչպիսին է 8 երկրների օրէնսդիր մարմինների եւ Միացեալ Նահանգների 16 նահանգների կողմից Խոջալուի դէպքերը որպէս «ցեղասպանութիւն» ճանաչելը:
Խոջալու բնակավայրի կարեւորութեան ընդգծում: Մեր դիտարկած նիւթերում որպէս նոր միտում հանդիպել են Խոջալուի` որպէս բնակավայրի, կարեւորութեան մասին քննարկումներ: Դա վերաբերում է ոչ միայն բնակավայրի դիրքի ռազմավարական նշանակութեանը պատերազմական պարունակում, այլ նաեւ` պատմական եւ մշակութային կարեւորութեանը: Խոջալուն ազրպէյճանցիների կողմից բնորոշւում է որպէս «…ուրոյն մշակոյթ ունեցող, ազրպէյճանական ժողովրդի պատմական մշակութային աւանդոյթները ներկայացնող քաղաք, որը դարձաւ հայկական վայրագութեան զոհը»: Խոջալուի` որպէս բնակավայրի, քաղաքակրթական նշանակութեան բարձրացումով ազրպէյճանցի քարոզիչները ձգտում են կարեւորութիւն հաղորդել դրա հետ կապուած ցանկացած տեղեկատուութեան:
* * *
Ամփոփելով` նշենք, որ Ազրպէյճանի որդեգրած ցեղասպանութեան ընդօրինակման մեթոտը, դրա ճանաչման ուղղութեամբ տարուող հետեւողական քարոզչութիւնը հետապնդում են հետեւեալ նպատակները.
Ղարաբաղեան հիմնահարցում ազրպէյճանամէտ դիրքորոշումների ամրապնդում,
Նպաստում միջազգային հանրութեան շրջանում հակահայկական տրամադրութիւնների տարածմանը` հակակշիռ ստեղծելով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին:
«Նորավանք»