Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Սիրելի Սաթենիկ Քեչեճեանի Յիշատակին. 1928 – 2016

$
0
0

ԱՐՄԻՆԷ ՄԻՆԱՍԵԱՆ

Սաթենիկ-Քէչեճեան-1928-2016Սաթենիկի ծնողները` Անուշ եւ Աւետիս Խաչիկեան, փրկուելով 1915 թուի Ցեղասպանութիւնից, միմեանց գտան Լիբանան` Պէյրութի որբանոցում:

Սաթենիկը ծնուել է 18 յուլիս, 1928-ին, երկրորդը` ծնողների հինգ զաւակներից:

Սաթենիկը շրջանաւարտ եղաւ աղջիկների Ս. Գրիգոր քոլեճից, որը ղեկավարում էր Պէյրութի Ժեզուիթական միաբանութեանը:

Տասներեք տարեկանում նա կորցնում է հօրը. 1947-ին մայրը որոշում է ներգաղթել մայր հայրենիք` հաւատալով, որ իր 5 որբ զաւակները առաւել բախտ  պիտի ունենան բարձրագոյն կրթութիւն ստանալու:

Չնայած որ կեանքը այնքան էլ դիւրին չեղաւ Խորհրդային Հայաստանում, սակայն 1952թ. Սաթենիկը յաջողեց Հայ լեզուի եւ գրականութեան պսակաւոր համալսարանի վկայականի արժանանալ Գիւմրի նահանգի մանկավարժական հիմնարկից: Ուսման տարիներին եւս նա աշխատեց որպէս գրադարանապետուհի Գիւմրի «Շիրվանզադէ» դպրոցում, ուր մնաց մինչեւ աւարտելը եւ ուսուցանեց երկու տարի: Աւելի՛ն. Երեւանի ուսուցիչների համար նա սովորեց ֆրանսերէն լեզուն ու Բարձր կրթական կազմակերպութիւնից ձեռք բերեց Ֆրանսերէն լեզուի մագիստրոսի վկայական:

Դրանից յետոյ էր, որ Սաթենիկը հանդիպեց իր ապագայ ամուսնուն` Քաջազին, որը հետագային համարուեց ամերիկահայ յայտնի գեղանկարիչներից մէկը:

Սաթենիկի եւ Քաջազի միասնական գեղեցիկ եւ օրհնուած կեանքը սկսուեց 1953 թուականից, որ երեւան է գալիս նրանց սիրալիր նամակների, եւ որը եղաւ հիմքը նրանց ամուսնութեան եւ ընտանիքի հիմնաքարը: Իր մի նամակում Քաջազը գրում է. «Այսօր իմ սիրտը սիրոյ յաղթանակի տօնն է տօնում, այսօր իմ Սաթենիկից նամակ ստացայ` մէջը լեցուն համբոյր ու սէր… այլեւս ես մայրամուտներում թափառող, ա՛յդ երեկուայ դժբախտ որբը չեմ,.. տեսէ՛ք` ինչքան ուրախութիւն կայ իմ աչքերում, ինչքա՜ն կեանք իմ բազուկներում եւ ինչքա՜ն կրակ կայ ի՛մ սրտի մէջ»:

Սիրահարուած զոյգերը ամուսնանում են 1954թ., Երեւանում եւ բախտաւորւում երկու զաւակով` Յակոբ եւ Եւա, իսկ հետագային` երեք շնորհալի թոռներով` Էլիզապէթ, Վահագ եւ Լուսինէ:

Սաթենիկը սկսեց աշխատել «Սովետական Արուեստ» ամսաթերթի խմբագրատանը, վարեց թղթակցութիւն եւ հարցազրոյց ունեցաւ ժամանակի յայտնի արուեստագէտների, գրագէտների, դերասանների եւ աչքառու անձանց հետ: Սաթենիկն ու Քաջազը յաճախ շրջապատուած էին Հայաստանի յայտնի արուեստագէտներով, ինչպէս` Երուանդ Քոչար, Մարտիրոս Սարեան, Պարոյր Սեւակ, Լեւոն Հախվերդեան, Սիլվա Կապուտիկեան, Մարօ Մարգարեան, Մինաս Աւետիսեան եւ շատ ուրիշներ: Ցաւօք սրտի, այդ օրերի Խորհրդային Միութեան դժուար եւ անասելի պայմանների ճնշման բերումով, պարտադրուած, 1973թ. լքում են խորհրդային կարգերը եւ ընտանիքով վերադառնում ծննդավայր, սակայն, դարձեալ խորհրդային յարատեւ սպառնալիքներից մտահոգ պարտադրուած, թողնում են Պէյրութը եւ 1974թ. մշտական հաստատւում Միացեալ Նահանգներ, Նիւ Եորք:

Սաթենիկի երկրորդ մեծ նպաստը հայ գրականութեան այն եղաւ, երբ նա սկսեց աշխատել աշխարհի ամենայայտնի գրադարաններից մէկում` Արեւելեան եւ Միջին Արեւելքի ճիւղի բաժանմունքի Նիւ Եորք նահանգի, Նիւ Եորք քաղաքի Հանրային գրադարանում, ուր 25 տարի վարեց հայկական բաժանմունքը  եւ մեծապէս աշխատանք տարաւ ի մի բերելու եւ գրադարանի մէջ տեղադրելու բաւականին հին եւ նոր հայկական տպագիր գրքեր, ամսագրեր, թերթեր եւ այլն: Յանձինս Սաթենիկի ազգասիրութեան ու տքնաջան աշխատանքի` այսօր գրադարանը հարուստ է հայկական իր բաժանմունքով: Սաթենիկը արուեստի լաւագոյն գիտակն էր, բանասէր եւ գրաքննադատ, խառնուածքով` վերին աստիճանի ազնիւ ու համեստ իր ձեռքբերումներին ու մասնագիտութեան մէջ: Միշտ գործունեայ էր իր թղթակցութեամբ եւ թարգմանութեամբ:  Լիովին տիրապետում էր հայերէն, ֆրանսերէն, անգլերէն, ռուսերէն լեզուներին, իսկ խօսակցական` արաբերէնին եւ թուրքերէնին: Անդամ էր Ամերիկեան հայ գրողների միութեան: Աշխատանք տարաւ ու տպագրեց իր ամուսնու` վարպետ Քաջազի գեղարուեստի մասին երկու գիրք:

2004թ. Սաթենիկը կորցրեց իր սիրելի ամուսնուն, եւ որից յետոյ էլ յաճախ էր ճամբորդում դէպի մայր հայրենիք, աշխատանք էր տանում օգտակար լինել իրենց սիրելի արուեստի հաստատութեան Երուանդ Քոչարի թանգարանին եւ այլ կազմակերպութիւններին եւ երբեմն էլ յանձն առնելով ընկերների գրքերի տպագրութեան ծախսերը հոգալ:

Մարտ 5-ին, 2016թ. 87 տարեկան հասակում վերջին անգամ Սաթենիկը փակեց իր աչքերը ուղեղի կաթուածի պատճառով:

Գիտէի, որ սպասում էր…

Ծրագրել էի, որ գնամ, բայց ո՞վ ասաց, որ կեանքը ծրագրուած է…

Հեռաձայնեցի` օրը հաստատելու, բայց աւա՜ղ, Սաթիկը իր կեանքի մայրամուտի վերջալոյսի շողերում էր թեւածում:

Քաջազի  եւ Սաթիկի (զանց առնելով պաշտօնականութիւնը` բոլոր մտերիմները այդպէս էին կանչում Սաթենիկին իրենց աւելի մօտիկ զգալու համար)  հետ  ծանօթացել եմ, երբ դեռեւս նրանք ապրում էին Ռիկօ Փարքում, ոչ հեռու` քան մի քանի փողոց ինձանից այն կողմ, ուր կային բազմաթիւ մեծ ու փոքր ուտեստեղէնի եւ այլ խանութներ: Ամերիկա հաստատուելուց, սկզբնական օրերում, դրսում քայլելիս յաճախ հայի դէմք էի փնտռում, երբեմն էլ հայի նմանեցնում ու հարցումներ անում: Կարծում եմ Սաթիկին եւ Քաջազին եւս մեր մօտի խանութներից մէկում եմ ծանօթացել: Շատ չանցաւ ու մի քանի տարի յետոյ նրանք ընտանիքով փոխադրուեցին իրենց նոր բնակարանը` Քընիքթիքեթ նահանգի Կրինուիչ քաղաք, ու մեր բարեկամութիւնը շարունակուեց աւելի ջերմութեամբ ու մտերմութեամբ:

Ես յաճախ ու սիրով էի այդ մէկ ժամուայ ճանապարհը քշում ու գնում իրենց  տեսութեան,  բառի բուն իմաստով վայելում էի Քաջազի եւ Սաթիկի սիրալիր ընդունելութիւնը, այնպէս էր թւում ինձ, որ  մեր կեանքի օրերի ոլորտներում ոչ մի անջրպետ գոյութիւն չի ունեցել, մեք ճանաչել  ենք միմեանց առանց ճանաչելու…

Վարպետ Քաջազի օրով երբ գնայի, անպայման սուրճը ինքը պիտի պատրաստէր ու շարունակ այնպէս շուրջդ կը դառնար, որպէսզի քեզ աւելին հրամցնէր: Բացայայտ եւ զգալի էր նրաց սէրն ու յարգանքը միմեանց հանդէպ, յատկապէս զաւակների` Յակոբի, Եւայի, հարսի` Ալենուշի, թոռների` Էլիզապէթի, Վահագնի եւ Լուսինէի, հիւրերի եւ ընկերների հանդէպ:

Ուրախ եմ, որ Քաջազի նուիրած գեղանկարներից մէկը եւս զարդարում է իմ տան պատը:  Միջազգային համբաւ ունեցող եւ բազմաթիւ գնահատականների ու մետալների արժանացած վարպետ Քաջազը մահացաւ 2004թ. (տես «Հայրենիք» 17 սեպտ.  Հոկտ. 1, եւ 8, 2004թ.)

Հետագային եւս 25 եւ աւելի տարիների ըմթացքում շատ յաճախ էի այցելում սիրելի Սաթիկին, մասնաւորապէս երբ յօդուածներ էի ունենում թերթերին յանձնելու, իրեն էի տանում վերանայելու եւ որոշ ուղղումներ կատարելու համար, մեծ սիրով ընդառաջում, ուրախանում  ու քաջալերում էր ինձ:

Գիշերում էի Քաջազի արհեստանոցում եւ երբեմն էլ հիւրասենեակում պատէ պատ զարդարուած վարպետի գեղանկարներով, ես ոչ թէ՛ ինձ գտնում էի մի սովորական բնակարանում, ա՛յլ մի հրաշալի թանգարանում: Այ՛ո, ես գիշերում էի այն զգացողական հովանու տակ, ուր շարուած էին հայ մշակոյթի եւ հայ ժողովրդի պատմութեան հոգեւոր գանձերի լուռ վկաները` դրսեւորելով հայկական շունչն ու ազգային հոգին: Զգում էի կտաւներին յանձնուած մարդու ստեղծագործութեան մտքի ու հոգու զօրութեան զարկերակը, հայ ժողովրդի դարաւոր պատմութեան արահետները… Իրապէս այդ պահերի իմ հոգեկան ապրումները անբացատրելի են մնում: Մի խօսքով, ես ապրում էի իմ կեանքի ամէնաերջանիկ օրերը: Կորցնելով Սաթիկին` մի անբացատրելի իրողութիւն է պակասում իմ կեանքից, մի՛ դատարկութիւն, որի լուսաւոր շողերն է այժմ եւ յաւերժօրէն բուն գտել իմ հոգու խորքում: Շատ բան եմ կորցրել, բայց եւ ունեմ անփոխարինելի քաղցր օրերի յիշատակներ Սաթիկից: Բախտաւոր եմ զգում ինձ: Սաթիկը քանի-քանի անգամ եղել է Նիւ Եորք, ինձ մօտ ու գիշերել: Նաեւ միասին եղել ենք մի բնակարանի մէջ, Երեւանում: Այս վերջին տարիներին, երբ այլեւս դժուարանում էր անձնապէս ներկայ լինել Հայաստան, ինձ հետ էր ուղարկում իր նուէրներն իր ընկերներին ու որոշ կարիքաւորների:

Այս վերջին օրերին սպասում էր ինձ, բայց օդի աննպաստութեան եւ որոշ խնդիրների պատճառով չյաջողուեց ինձ, որ գնամ, ու վերջին երկու յօդուածներս ինչպէս որ կային, ուղարկեցի տպագրութեան: Սաթիկը հեռաձայնեց, թէ ինչո՞ւ այլեւս յօդուած չեմ գրում: Զգացի, թէ ինչքան ուրախ էր ինձ, ուրախացնելով: Մեղաւոր եմ զգում ինձ որ չկարողացայ տեսութեան գնամ:

Սիրելի՛ Սաթենիկ, թող հողը թեթեւ գայ վրադ եւ հոգիդ` յաւերժ վարդահեղեղ լոյսերի մէջ ապրի:

Սաթի՛կ ջա՛ն,
Գէ՛թ իմանայի, թէ ե՛րբ էր
Անդարձ գնալուդ օրը,
Գէ՛թ իմանայի, թէ, երբ էր
Վերջին ժամերիդ, վերջին ժամը,
Որ այցի գայի…
Ու դէմքիդ ժպիտով,
Հոգուդ ազնիւ ու բարի շողերով,
Նորէն ու նորէն,սիրտս ջերմանար
Ու կեանքս լցուէր հոգուդ քաղցրութեամբ:
Գէ՛թ իմանայի…

 

Նիւ Եորք, ապրիլ 2016          


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>