Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

101 Հազար Խոնարհում

$
0
0

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ով Արարատ ունի սրտում` իր հայ լեզուն չի մոռանայ,
Ում բերանում է հայ լեզուն` Մասիսն անտուն չի մոռանայ,
Մասիսն հայոց աստուածն է վեհ, Սիսը` Հայոց աստուածուհին,
Հայն անաստուած այս դարում էլ իր աստծուն չի մոռանայ: 

Հ. Շիրազ

 

Ընդդէմ «Սովետի»

Hovhannes-shiraz_42316Իր աստուածացրած Մասիսը չմոռանալով էր, որ ամէն տարուայ ապրիլի 24-ին, մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազը տաքարիւն երիտասարդների մի փոքրիկ խումբ կազմած, ձեռքի տակ եղած սուր գործիքներով զինուած` փորձում էր սահմանն հատել` դէպի ցեղասպան Թուրքիա: Եւ ամէն ապրիլ 24-ի «Խորհրդային Հայաստանում» արդէն «աւանդութիւն» էր դարձել նուազագոյնը մէկ ամսով բանտարկել Շիրազին:

Նա խորհրդային կարգերի կողմից մերժուած հայ նշանաւոր դէմքերից էր: Եւ այդուհանդերձ, արհամարհելով խորհրդային գրաքննութիւնը` բազմաթիւ անգին գոհարների շարքում յաջողեցրեց ստեղծել «Հայոց դանթէական» մեծածաւալ պոէմը, որը, ինչպէս գիտենք, Հայոց ցեղասպանութեան մասին լաւագոյն գործերից է: Շիրազը Մեծ եղեռնի յիշատակը վառ պահելու իր ջանքերի ընթացքում ռուսական մի հզօր համակարգի մարտահրաւէր նետեց ու դեռ կենդանութեան օրօք յաջողեցրեց աշխատանքից որոշ հատուածներ հրատարակել հէնց Խորհրդային Միութիւնում: Այնուհետեւ մի քանի գլուխներ Պէյրութում եւ Թեհրանում լոյս տեսան: Միայն 1990 թուականին, երբ այլեւս զգալի էր Խորհրդային կարգերի մայրամուտը, «Հայոց դանթէականը» ամբողջութեամբ Երեւանում հրատարակուեց:

Թուրքական «Ձեռագիր»

komitas1_42316Եթէ Շիրազի համար հայոց Եղեռնի մասին խօսելը դիւրին չի եղել, քանի որ իրեն լռեցնողների դժուարին ժամանակաշրջանում է ապրել, ապա առաւել տխուր է եղել հայ մտքի հսկաներից մէկ այլ անձի կենսագրութիւնը: Մի հանճար, ով թէեւ ստեղծագործական իր ոլորտին մէջ փայլեց, սակայն չկարողացաւ Թուրքիայի անամօթ «սուրաթին» հասցնել այն ապտակը, որը վստահ պիտի փափաքէր: Խօսքը ցեղասպանութեան վկայ եղած ու հրաշքով փրկուած յայտնի երգահան Մեծն Կոմիտասի մասին է: Նրա միայն գոյութիւնը խօսուն ապացոյցն էր թուրքական եղեռնագործութեան, եւ հետագայում անշուշտ իր անուղղակի մասնակցութիւնն ունեցաւ Թուրքիային պարսաւանքի ենթարկելու գործում: Բայց երեւակայենք` ինչպիսի մեծ ներդրում կարող էր ունենալ Հայոց ցեղասպանութեան հարցը միջազգայնացնելու եւ ճանաչում պահանջելու գործում, եթէ Կոմիտասին իբր խելագար «չբանտարկէին»:

11037221_828332893917732_4772829740537576274_n

Ինչպէս գիտենք, նա շուրջ 20 տարի ապրել է փարիզեան հոգեբուժարանում: Սակայն 1991 թուականին Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագէտ, բժշկագիտութեան դոկտոր Լուիզ Ֆով-Յովհաննիսեանը Կոմիտասի հիւանդութեան եւ մահուան թեմայով թեզ պաշտպանեց` յստակօրէն ապացուցելով, որ երգահանը հոգեկան հիւանդ չի եղել եւ չի տառապել մտագարութեամբ (շիզոֆրենիա): Թէ՛ Կոստանդնուպոլսում, թէ՛ Փարիզում Կոմիտասին խաբէութեամբ են տեղափոխել հոգեբուժարան, որտեղ բուժուել է թուրք բժշկի մօտ: Արդէն իսկ այդ փաստը բաւական էր, որպէսզի նրա վիճակը վատթարանար: Ինչպէ՞ս կարող էր Կոմիտասը Եղեռնի մասին խօսել թուրքի հետ: Ըստ վկայութիւնների, այո՛, նա ինքնամփոփ էր, լռակեաց, երբեմն քթի տակ իր շարականներից էր երգում, սակայն խելագարութեան որեւէ նշան կարելի չէր նկատել վերջինիս վարքագծի մէջ: Միայն ամենավերջում, երբ պատշաճ բժշկական օգնութիւն չցուցաբերուեց եղեռնագործութեան ցնցումը վերապրած մարդու նկատմամբ, նրա մօտ սկսեց նկատուել գիտակցութեան մթագնում: Համաձայն ամենատարածուած վարկածի, մեծ երգահանը մահացել է ոսկորների ծանր հիւանդութիւնից: Թէ ո՛ւմ համար էր շահեկան հանճարին այդ միջոցով մեկուսացնելը, թերեւս դժուար չէ գուշակել, սակայն քանի որ Լուիզ Ֆով-Յովհաննիսեանի աշխատութիւնը, ցաւօք, լուրջ քննութեան չարժանացաւ, կոմիտասեան առեղծուածի հանգամանքները այդպէս էլ թաքնուած մնացին ժամանակի մշուշի մէջ:

 

komitas_42316

Այսպիսին էին Շիրազի եւ Կոմիտասի ժամանակները. առաջինի պարագայում` խաւարամիտ խորհրդային կարգերի կողմից գրաքննութիւն, ճնշումներ, բանտարկութիւններ, երկրորդի պարագայում, ըստ երեւոյթին, թուրքական գաղտնի սպասարկութիւնների միջամտութիւն` ծանրակշիռ հասարակական դիրք ունեցող վկային «վնասազերծելու» ստոր ծրագրով:

Ամօթ

Turkish-Products_42316

Ժամանակները փոխուեցին, փա՛ռք Տիրոջ, ազատուեցինք խորհրդային կարգերի երկաթեայ ձեռնաշղթաներից: Այլեւս ունեցանք սեփական  գաղտնի սպասարկութիւններ, որոնք միանգամայն ունակ են կասեցնել թշնամի երկրի «գործընկերների» միջամտութիւնները մեզ վերաբերող կացութիւններում: Այսուհանդերձ, ինչպէ՞ս ենք մենք օգտագործում մեր ժամանակի առաւելութիւնը` ազատութիւն, անկախութիւն, պետականութիւն, դիւանագիտութիւն…

Օգտւում ենք այսպէս. հայերը առանց խղճի խայթ զգալու սպառում են թուրքական արտադրութեան ապրանքներ, հպարտանում մատչելի գնով Անթալիայում անցկացրած փառահեղ արձակուրդներով, դիտում թուրքական ժապաւէններ, ջանում վերավաճառել թշնամի երկրից բերուած իբր ոչ սուղ, ասենք,  հագուստեղէնը:

Վերջերս էլ, կապուած ղարաբաղեան պատերազմական իրադրութեան հետ, մի տեսակ առաւել վճռական կոչեր են հնչում զերծ մնալ թուրքական ապրանքներից կամ ծառայութիւններից: Պայմա՞ն էր նաեւ մե՛ր դրամներով ազերիական բանակը հարստացրած ռումբերով ռմբակոծուէինք, որպէսզի լրջօրէն վերաքննէինք այս հարցը… Մի՞թէ 1,5 միլիոն անմեղ զոհերի յիշատակը բաւական չէ ամէն մի թրքանպաստ քայլ առնելուց առաջ մտածել երկու անգամ…

101 Հարուածով

armenia-genocide-memorial_42316

Մօտենում է մեր անմեղ զոհերի ոգեկոչման օրը` ահռելի ողբերգութիւնից սկսեալ արդէն 101-րդ ապրիլի 24-ը: Ինչ կ՛ասէին, օրինակ, Կոմիտասն ու Շիրազը, եթէ յայտնուէին մեր ժամանակի մէջ եւ տեսնէին` ինչպէս ենք մենք օգտւում մեր հնարաւորութիւններից, որոնք իրենք չեն ունեցել իրենց օրերին, սակայն Հայոց ցեղասպանութեան հարցը բարձրացրել են աւելիով, քան` մեր այսօրուայ ողջ դիւանագիտական համակարգը: Օրինակ, «խենթ» Շիրազը` մարդը, ում սիրտը իր իսկ պատուէրով թաղուած է Արարատի ստորոտին, յայտնուելով Եղեռնից յետոյ 101-րդ տարում, մի՞թէ բացառւում է, որ իր ձեռնափայտի 101 հարուածով մի լաւ ծեծ չէր տայ, ասենք, մշտական բնակութեան համար Թուրքիա տեղափոխուած հային: Եւ մի՞թէ սխալած կը լինէր:

Այսպիսով, հերթական եւ 101-րդ անգամ ոգոկոչում ենք գազան թուրքի սպանդի զոհ դարձած անմեղներին` ամենայն զօրութեամբ փափաքելով, որ մեր ազգը գոնէ 2-րդ հարիւրամեակի ընթացքին համախմբուած կը լինի առաւել քան երբեւէ: Եթէ թշնամու ուժը իր երկաթեայ հրանօթների մէջ է, մեր ուժը մեր համախմբուածութեան եւ ինքնազարգացման մէջ է, մեր ուժը մեր շիրազների ու կոմիտասների մէջ է:

Եւ…

20_42316

Ի յիշատակ Ցեղասպանութեան զոհերի` փորձենք վերապրել Կոմիտասի զգացումներից անսահման փոքրիկ մի հատուած, որը նրա թողած վերջին գրութեան մէջ է արտայայտւում, երբ բորբոքուած ուղեղում դեռ չէին մարել գիտակցութեան վերջին կայծերը.

«Հօտն անհովիւ` մոլոր ու շփոթ, աներեւոյթ եւ անզուսպ ալիքներ յախուռն կը յուզին ի խորս մեր հալածական եւ ողբեգալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած: Մթնոլորտը թոյն կը տեղայ, բուժիչ ուժ չկայ: Աւերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մէկ կողմէն, անտարբերութիւն, օտարամոլութիւն ու ցեխոտ սրտեր միւս կողմէն… Ու՞ր է մեր խոհական Խորենացին. թող ելլէ՛ արիւնաքամ հողու տակէն եւ ողբայ մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը… Սիրտս փլած է…»

Պէյրութ

Լուիզ Ֆով-Յովհաննիսեան

(Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից)
Լուիզ Ֆով-Յովհաննիսեան (18 սեպտեմբերի, 1930, Փարիզ), հայ հոգեբուժ, բժշկական գիտութիւնների դոկտոր (1991):

Կենսագրութիւն

1954 թուականին աւարտել է Փարիզի համալսարանի բժշկական ճիւղը: 1958-1978 թուականներին եղել է նոյն բաժանմունքի անեսթեզիոլոգիայի եւ ռէանիմատոլոգիայի բաժանմունքի վարիչ, 1982 թուականից` Փարիզի Սուրբ Աննա հոգեբուժական հիւանդանոցի հոգեբուժ:

1985-1991 թուականներին Վազգէն Ա. կաթողիկոսի միջնորդագրով զբաղուել է Փարիզի Վիլժեուֆի հոգեբուժական հիւանդանոցի տնօրինութեան տակ գտնուող` Կոմիտասի հոգեկան հիւանդութեանը վերաբերող արխիւային նիւթերի ուսումնասիրութեամբ եւ նրա հոգեկան հիւանդութեան ախտորոշման ճշդման խնդիրներով, որոնց մասին գիտական զեկուցումներով հանդէս է եկել Սորպոնում, Փարիզում, Թորոնթոյում (2001), Երեւանում (2001):

1989-1990 թուականներին Սպիտակում, Գիւմրիում, Երեւանում, Ստեփանակերտում մասնագիտական օգնութիւն է ցոյց տուել երկրաշարժից ու պատերազմից տուժած բնակչութեանը, նուիրաբերել մեծ քանակութեամբ դեղորայք:

 


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles