Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all 17231 articles
Browse latest View live

Մեզ Մտահոգում Է, Որ Կողմերին Զէնք Վաճառելու Քաղաքականութիւնից Կը Շահի Ազրպէյճանը

$
0
0

ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ

Միացեալ Նահանգներում նոյեմբերի 6-ին տեղի են ունեցել Քոնկրեսի միջանկեալ ընտրութիւնները, որոնք սովորաբար անցկացւում են նախագահի ընտրութիւնից երկու տարի անց: Այս ընտրութիւններին պիտի վերընտրուէին ամերիկեան խորհրդարանի Վերին պալատի` ծերակոյտի 100 անդամներից 35-ը ստորին` Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, 39 նահանգապետներ, ինչպէս նաեւ` նահանգների օրէնսդրական ժողովների 6073 անդամներ, դատաւորներ ու դպրոցական շրջանային խորհուրդների անդամներ: Գլխաւոր հարցը, ի հարկէ, կապուած էր ծերակուտականների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների ընտրութեան հետ, քանի որ դա կարեւոր քաղաքական նշանակութիւն ունի` հաշուի առնելով այն փաստը, որ 2016 թ. նոյեմբերին նախագահ ընտրուած հանրապետական Թրամփը մինչ այս ընտրութիւնները վայելում էր թէ՛ ծերակոյտում եւ թէ՛ պալատում մեծամասնութիւն կազմող հանրապետականների աջակցութիւնը: Սակայն այս ընտրութիւններից յետոյ ամերիկեան եւ միջազգային մամուլն արձանագրեց` Թրամփի եւ հանրապետականների միասնական իշխանութեան դարաշրջանն աւարտուած է: Դեմոկրատները յաղթեցին Ներկայացուցիչների պալատում` ստանալով 218 մանտաթ` հանրապետականների 192 տեղի դիմաց: Իսկ ծերակոյտում հանրապետականները պահպանել են իրենց դիրքերը եւ կը շարունակեն մեծամասնութիւն կազմել: Պալատում դեմոկրատների խմբակցութեան ղեկավար Նենսի Փելոսին ընտրութիւններից յետոյ յայտարարել է, որ Միացեալ Նահանգներում վերականգնուել է զսպումների եւ հակակշիռների մեքանիզմը, եւ իրենք կը կարողանան պաշտպանել Օպամայի առողջապահական համակարգը Թրամփի վարչակազմի յարձակումներից:

«Դեմոկրատները յետ են վերցրել պալատը` յանուն ամերիկեան ժողովրդի»,- յայտարարել է Փելոսին:

Քոնկրեսի ընտրութիւնները կարեւոր էին նաեւ Ամերիկայի հայ համայնքի եւ Միացեալ Նահանգներում հայերի քաղաքական ազդեցութեան տեսանկիւնից: Ամերիկայի Հայ դատի գրասենեակի հաղորդմամբ` քոնկրես են անցել մի շարք հայազգի եւ հայամէտ գործիչներ:

Նրանցից մէկը Աննա Աստուածատուրեան-Թիւրքոթը, որը Պաքուի ջարդերից է մազապուրծ եղել եւ մեկնել Միացեալ Նահանգներ: Հիմա նա Արցախի անկախութեան զօրակցողներից է: Հայազգի միւս երեք օրէնսդիրներն են Էնթընի Պրինտիսին, Աննա Էշուն եւ Ճեքի Սփիըրը: Ընտրութիւններում յաղթել են նաեւ մի շարք հայամէտ գործիչներ, այդ թուում` Պոպ Մենենտեսը, որը Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւի համահեղինակ է եւ Արցախի անկախութեան եւ անվտանգութեան յայտնի պաշտպան:

Թեմայի շուրջ «առաջին լրատուական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Համբարեան, Քոնկրեսի այս արդիւնքներն ի՞նչ կարեւորութիւն ունեն Ամերիկայի հայ համայնքի համար: Կարո՞ղ ենք ասել, որ մեր դիրքերը Քոնկրեսում այժմ աւելի ուժեղ են:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ պիտի նշեմ, որ հայկական համայնքը առաջընթացի է հասնում այն դէպքում, երբ մենք աշխուժ ենք քաղաքական դաշտում: Սա աւելի կարեւոր է, քան` այն հարցը, թէ ո՛վ է յաղթել, եւ ո՛վ է պարտուել: Արդեօք մենք աշխո՞ւժ ենք որպէս ընտրողներ, կամաւորներ, նուիրատուներ եւ կազմակերպիչներ: Երբ մենք անում ենք սա, մենք առաջընթաց ենք գրանցում: Երկրորդը, այն փաստը, որ Ներկայացուցիչների պալատն անցել է դեմոկրատների վերահսկողութեան տակ, նշանակում է, որ մեր մի շարք լաւ բարեկամներ պատասխանատու կը լինեն կարեւոր յանձնաժողովների համար: Կարող եմ նշել անուններ: Օրինակ` Էլիոթ Էնկելը պատասխանատու կը լինի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի, Նիթա Լոուին` յատկացումների, Ֆրենք Փալոնը` ուժանիւթի եւ առեւտրի, Ճերըլդ Նէյտլըրը` դատական հարցերի, Ատամ Շիֆը` հետախուզութեան յանձնաժողովի համար: Կարծում եմ` Ռիչըրտ Նիլն էլ պատասխանատու կը լինի ճանապարհների եւ միջոցների յանձնաժողովի համար:

Սրանք Քոնկրեսի հիմնական յանձնաժողովներն են, եւ սա էապէս տարբերւում է Քոնկրեսի նախորդ գումարումից: Քոնկրեսի նախորդ գումարման մէջ մեր լաւ բարեկամը` Էտ Ռոյսը, արտաքին յարաբերութիւնների հարցերով յանձնաժողովի նախագահն էր, բայց նա հրաժարական է տուել: Այսպիսով, կարեւոր, մեծ փոփոխութիւններից մէկն այն է, որ առանցքային յանձնաժողովներում ունենք հայ համայնքի մի շարք բարեկամներ: Սա առաջին կարեւոր նուաճումն է: Երկրորդը, ընտրութիւններում կարեւոր յաղթանակ են տարել մի շարք հայամէտ գործիչներ, մասնաւորապէս` ծերակուտական Պոպ Մենենտեսը, որը շատ կարեւոր յաղթանակ է տարել Նիւ Ճըրզիում: Նա ամենաազդեցիկ դեմոկրատն է արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում: Նաեւ ընտրութիւններում յաղթել են մի քանի ամերիկահայեր: Քոնկրեսի անդամներ էին Աննա Էշուն եւ Ճեքի Սփիըրը, եւ հիմա նաեւ Էնթընի Պրինտիսին է ընտրուել Նիւ Եորքից: Այսպիսով, երկուսը Քալիֆորնիայից են, մէկը` Նիւ Եորքից: Մեր միւս կարեւոր յաղթանակն այն էր, որ այս ընտրութիւններում պարտուեց Քոնկրեսում մեր ամենակատաղի թշնամիներից մէկը` Փիթ Սեշընսը, Թեքսասից, որը ժամանակին փորձում էր արգելափակել Միացեալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւը:

Եւ մենք, ի հարկէ, շատ ուրախ ենք դրա համար: Մենք աշխուժ ենք եղել մօտ 180 ընտրատարածքներում, ինչը մեծ թիւ է մեզ համար: Եւ խօսքը ոչ թէ միայն Քալիֆորնիայի, Նիւ Եորքի, Միջիկընի մասին է, այլ 36 նահանգների:

Հ.- Այսինքն` ծերակոյտում միակ ազդեցիկ հայամէտ գործիչը Պոպ Մենենտե՞սն է:

Պ.- Ո՛չ, ո՛չ: Մենք այնտեղ ունենք բազմաթիւ ընկերներ: Այս ընտրութիւններին, կարծեմ, պիտի ընտրուէին 32 կամ 33 ծերակուտականներ, եւ մենք աջակցել ենք նրանց մօտ մէկ երրորդին:

Հ.- Իսկ ընտրութիւնների այս արդիւնքներն ինչպէ՞ս կ՛ազդեն Միացեալ Նահանգների ներքաղաքական իրադրութեան վրայ: Յաղթանակը Ներկայացուցիչների պալատում թոյլ կը տա՞յ դեմոկրատներին հակակշռել նախագահ Թրամփի իշխանութեանը, զսպել նրա գործողութիւնները, եւ այս փոփոխութիւններն ինչպէ՞ս կ՛ազդեն Թրամփի արտաքին քաղաքականութեան վրայ:

Պ.- Զսպումների եւ հակակշիռների համակարգը հաստատութենական հայեցակէտ ունի: Դա նշանակում է, որ իշխանութեան տարբեր ճիւղերը հաւասար են եւ փոխզսպում, հակակշռում են միմեանց: Բայց այս համակարգում իր դերն ունեն նաեւ կուսակցութիւնները, եւ դա սկսում է գործել, երբ օրէնսդիր մարմինի երկու պալատները վերահսկւում են տարբեր կուսակցութիւնների կողմից: Ուստի, կարծում եմ, զսպումների եւ հակակշիռների համակարգն այժմ շատ լաւ է գործում: Քոնկրեսը շատ լծակներ ունի, եւ դրանցից մէկը յատկացումների յանձնաժողովն է, որն իր դերն է խաղում պիւտճէական ծախսերի որոշման գործընթացում: Միւս կարեւոր լծակը վերահսկողութիւնն է: Քոնկրեսը իր ուշադրութեան տակ է պահում երկրի արտաքին քաղաքականութիւնը: Սա եւս շատ լաւ է, որովհետեւ հանրապետականներն ու դեմոկրատները տարբեր կերպ են վերաբերւում նախագահին` ելնելով իրենց կուսակցական պատկանելիութիւն: Նաեւ շատ կարեւոր են նշանակումները: Նշանակումները հաստատւում են ծերակոյտի կողմից: Այս հայեցակէտը եւս շատ կարեւոր է, թէեւ տուեալ պարագայում պաշտօնեաների նշանակումները հաստատուելու են ծերակոյտի այն հատուածի կողմից, որը վերահսկւում է նախագահի կուսակցութեան` հանրապետականների կողմից:

Այս առումով, էական փոփոխութիւն չի եղել, բայց կան օրինակներ: Նախագահն առաջադրել է Հայաստանի դեսպանի թեկնածու, եւ մենք աշխատելու ենք թէ՛ դեմոկրատների, թէ՛ հանրապետականների հետ` մանրամասնօրէն զննելու այս թեկնածուին այնքան, որքան հնարաւոր է: Այս դէպքում գործ ունենք զսպումների եւ հակակշիռների համակարգի` աւելի շատ հաստատութենական, քան թէ կուսակցական կողմի հետ: Մենք չենք դիմում դեմոկրատներին` զննելու հանրապետականներին, մենք պահանջում ենք նրանցից որպէս ծերակուտականների, կատարել իրենց սահմանադրական դերը եւ համոզուել, որ առաջադրուած թեկնածուները համապատասխանում են այն պաշտօններին, որոնք զբաղեցնելու են: Մի խօսքով, սա բաւական բարդ համակարգ է: Այն ունի բազմաթիւ շերտեր, դրանում ներգրաւուած են բազմաթիւ անձինք: Այն ներառում է` պետական հաստատութիւնները, կուսակցութիւնները, յատկացումները, թեկնածուների առաջադրումն ու վերահսկողութիւնը: Մենք աշխատում ենք բոլոր այս ոլորտներում:

Հ.- Ի դէպ, ի՞նչ կարող էք ասել Հհ-ում ԱՄՆ դեսպանի պաշտօնին առաջադրուած թեկնածուի մասին: Դուք աջակցելո՞ւ էք նրան, թէ՞ ոչ:

Պ.- Մենք առայժմ չգիտենք նրան եւ չենք լսել նրա պատասխանները մեզ հետաքրքրող հարցերի մասին, ուստի չենք կարող ասել: Նա պիտի մասնակցի լսումների ծերակոյտում, եւ մենք կը լսենք նրա պատասխաններն ու մեկնաբանութիւնները: Այդ լսումները հնարաւորութիւն են տալիս ուսումնասիրելու թեկնածուին եւ պատկերացում կազմելու այն քաղաքականութեան մասին, որը վարելու է Ուաշինկթընը, եւ որին հետամուտ է լինելու դեսպանը:

Հ.- Քոնկրեսի այս ընտրութիւններից յետոյ հայ համայնքը բաւարար ազդեցութիւն ունենալո՞ւ է Սպիտակ տան հնարաւոր փորձերը` շրջանցելու Քոնկրեսի 907-րդ բանաձեւը եւ օգնութիւն յատկացնելու կամ զէնք վաճառելու Ազրպէյճանին:

Պ.- Սա չափազանց բարդ հարց է: 907-րդ բանաձեւն օրէնք է, որն արգելում է Միացեալ Նահանգների կառավարութեանը օգնութիւն յատկացնել Ազրպէյճանին, քանի դեռ վերջինս չի վերացրել Հայաստանի շրջափակումը: Սակայն 2002 թ. սկսած` Միացեալ Նահանգների նախագահը հնարաւորութիւն է ստացել շրջանցելու այս բանաձեւը: Դա արել են Պուշն ու Օպաման, եւ հիմա նոյնը փորձում է անել Թրամփը: Ամէն պիւտճէական տարի նրանք շրջանցում են այս բանաձեւը եւ օգնութիւն յատկացնում Ազրպէյճանին, բայց գլխաւոր սկզբունքն այստեղ այն է, որ պահպանեն նշաձողը արցախեան հակամարտութեան երկու կողմերի` Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ: Ես կարծում եմ, որ Քոնկրեսը կը պահպանի 907-րդ բանաձեւը, եւ մենք կ՛ընդդիմանանք այս բանաձեւի վերացման ցանկացած փորձի:

Միեւնոյն ժամանակ թուում է, որ Թրամփի խմբակիցները շարունակելու են սառեցնել բանաձեւը:

Սրա հետ կապուած երկրորդ հարցը Միացեալ Նահանգների կողմից զէնքի վաճառքն է: Միացեալ Նահանգները գործնականում զէնք չեն վաճառել կողմերից որեւէ մէկին: Իսկ եթէ որոշեն զէնք վաճառել կողմերից մէկին, ապա կը վաճառեն նաեւ միւս կողմին, որովհետեւ եթէ զէնք վաճառեն միայն մէկին, դա կը խախտի 907-րդ բանաձեւի սկզբունքը` պահպանել ռազմական հաւասարակշռութիւնը: Հետեւաբար այս իրավիճակից կարելի է նաեւ օգուտներ քաղել, եւ դա Միացեալ Նահանգների կողմից երկու կողմերին զէնք վաճառելն է:

Այնպէս չէ, որ ամէն ինչ վատ է: Այնուամենայնիւ, մենք ունենք մտահոգութիւններ, որովհետեւ կողմերին զինելը չի նպաստի կողմերի միջեւ խաղաղութեան հաստատմանը, եւ դա մեզ չի մօտեցնի խաղաղութեանը: Երկրորդ մտահոգութիւնն այն է, որ երկու կողմերին էլ զէնք վաճառելու դէպքում աւելի շատ կը շահի այն կողմը, որն աւելի շատ զէնք գնելու հնարաւորութիւն ունի: Ուստի մեզ մտահոգում է այն, որ Ազրպէյճանն աւելի շատ կը շահի երկու կողմերին զէնք վաճառելու քաղաքականութիւնից:

 

 


Սաստելով Չի Կարելի Մարդկանց Մղել Աշխատելու

$
0
0

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆԵԱՆ

«Հայոց Աշխարհ»-ը հետեւեալ հարցազրոյցը կատարած է ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի ծրագրերի համակարգող, տնտեսագէտ Թադեւոս Աւետիսեանի հետ

ՀԱՐՑՈՒՄ.- Օրերս վարչապետի պաշտօնակատարը մեր երկրում գործազրկութեան խնդրով պատասխանատու յայտարարութիւն արեց Աստանայում` երկրի 800 հազար բնակչութեանը մեղադրելով անգործութեան, ծուլութեան, իբր զբաղուածութիւն ունեցող 350 հազար բնակչութեան վճարած հարկերի հաշուին ապրելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկութեան մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ որում` գործազուրկների 23-24 տոկոսը երիտասարդներն են: Ազգային վիճակագրական կոմիտէի այս տարուայ ցուցանիշներով, երկրում երկրորդ եռամսեակի ընթացքում 202,5 հազար մարդ է գործազուրկ:

Մօտ 105 հազար ընտանիք էլ անապահովութեան նպաստ է ստանում: Եթէ հաշուենք, որ իւրաքանչիւր ընտանիքում 3-4 անձ է բնակւում, ստացւում է, որ մօտ 315-420 հազար հոգի է այդ նպաստի հաշուին ապրում: Ընդհանուր առմամբ, գործազուրկների ու նպաստառուների թիւը տատանւում է այս ցուցանիշների սահմաններում` այլ ոչ թէ 800 հազարի:

Ինչ վերաբերում է զբաղուածութիւն ունեցողներին եւ ինքնազբաղուածներին, ապա այդ թիւն աւելին է, քան ներկայացուել է, մօտ` 500 հազար: Բայց հարկաւոր է հաշուի առնել, որ սա գրանցուած աշխատողների թիւն է, այն ինչ մեր աշխատաշուկայում մօտ 30-40 տոկոս ստուեր գոյութիւն ունի: Մարդիկ աշխատում են առանց աշխատանքային պայմանագրերի ու գրանցումների` հաշուառուելով որպէս գործազուրկներ կամ նպաստառուներ: Դա եւս բարձր ցուցանիշ է, եւ զբաղուածութեան պաշտօնական թիւը ըստ այդմ անգամ մօտաւոր իրական պատկերը չի արտացոլում:

Հ.- Նոր իշխանութիւններն աղքատութեան յաղթահարման նպատակով ծրագրեր նախատեսե՞լ են:

Պ.- 2019թ. պետական պիւտճէում զբաղուածութեան պետական ծրագրերին յատկացուող միջոցները նոյնն են մնացել, մօտ` 1,7 միլիառ դրամ, այն դէպքում, երբ անապահովութեան նպաստների տրամադրման համար 35 միլիառ դրամ է յատկացուել թէ՛ նախորդ, թէ՛ այս տարի: Փաստօրէն այդ փաստաթղթով պետութիւնը ինքն է խրախուսում այն վիճակը, որի համար բողոքում է վարչապետի պաշտօնակատարը:

Անապահովութիւնից զբաղուածութիւն եւ կայուն եկամտով աղքատութեան յաղթահարման մասին վարչապետի բերած դրոյթը արտացոլուած չէ պետական պիւտճէում, եւ գործազուրկներին յատկացուող պետական աջակցութիւնը տարբեր ծրագրերի իրականացման համար չի աւելացել, չնայած` գործազրկութիւնը պահպանւում է բարձր մակարդակում:

Սա` այն դէպքում, երբ մենք հռչակում ենք, թէ ընկերային քաղաքականութիւնը պէտք է լինի հանրութեանն անապահովութիւնից դէպի աշխատանք, նպաստից դէպի աշխատանք ուղղորդելու մօտեցումը: Բայց միայն յայտարարութիւններով, սաստելով չի կարելի այդ քաղաքականութիւնն իրականացնել, աներկբայ գործուն ծրագրեր են հարկաւոր, որոնց միջոցով հէնց պետութիւնը պէտք է օգնի, աջակցի առանձին անհատներին մտնել աշխատաշուկայ, խթան գտնել աշխատելու համար, նաեւ` համապատասխանել այդ շուկայի պահանջներին:

Ի վերջոյ այն մարդիկ, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատում, տարբեր խնդիրներ ունեն, եւ այնպէս չէ, որ նրանք նպատակադրուած չեն ուզում աշխատել եւ իրենց ստացած մօտ 30 հազար դրամ նպաստը լիովին բաւարարում է իրենց եւ ընտանիքի կարիքները հոգալու համար: Դա ամենեւին այդպէս չէ:

Նախ` նշենք, որ այդ նպաստառուների մի մասը նաեւ այլ կողմնակի եկամուտներ է ստանում` արտասահմանեան փոխանցումների կամ աշխատելու, գիւղատնտեսութեամբ, անասնապահութեամբ զբաղուելու միջոցով: Պարզապէս նրանք չեն գրանցւում, իրենց ունեցուածքը թաքցնում են, ստուերային աշխատանք են իրականացնում, որպէսզի իրենց ստացած նպաստից չզրկուեն: Ի հարկէ, դա բացասական երեւոյթ է, քանի որ ստացւում է, որ նպաստի կարիք ունեցող այլ ընտանիքների հաշուին է նա այդ գումարը ստանում:

Մի շարք կազմակերպութիւնների, այդ թուում` Համաշխարհային դրամատան գնահատումներով, նպաստառու ընտանիքներում նպաստի հասցէականութիւնը մօտ 70 տոկոս է, այսինքն ընտանիքների 30 տոկոսը պէտք չէ նպաստառու լինի: Բայց դա եւս լաւ օրից չէ, որ մարդիկ նման խորամանկութիւնների են դիմում: Տարիներով անկայուն ու ցածր աշխատավարձով աշխատանքը, գիւղատնտեսութեան ոլորտում պետական աջակցութեան բացակայութիւնը մարդկանց մէջ վախ է առաջացրել, որ եթէ չլինի այդ կողմնակի պետական օգնութիւնը, ապա իրենք կարող են մի օր ընդհանրապէս զրկուել շահոյթից, ապրուստի միջոցից: Միւս կողմից էլ զգալի ցածր աշխատավարձը նրանց հնարաւորութիւն չի տալիս, առանց այդ չնչին եկամտի, քիչ թէ շատ հոգալ ընտանիքի կարիքները:

Հ.- Ի՞նչ էք առաջարկում դուք գործազրկութեան խնդիրը լուծելու համար, որո՞նք են գործուն ծրագրերը:

Պ.- Դրամական կրաւորական մօտեցումներով, այն էլ` ոչ բաւարար չափով, բացառուած է, որ կարողանանք յաղթահարել գործազրկութիւնն ու աղքատութիւնը: Այսօր էլ իրականացւում են նախկինում գործադրուած ծրագրերն այդ ուղղութեամբ, որոնք ընկերային բարեկեցութիւն այդպէս էլ չապահովեցին, ինչպէս որ ի սկզբանէ ակնկալւում էր, մարդիկ նորից մնացին աղքատութեան նոյն մակարդակին:

Պատճառն այն է, որ մօտեցումները աղքատութեան յաղթահարմանը պէտք է աւելի խորքային, հեռահար եւ համալիր լինեն: Ամենակարեւորը` պետութիւնն այդ հարցում պէտք է աշխուժ մասնակցութիւն ունենայ, այլ ոչ թէ կրաւորական, ինչպէս որ հիմա է:

Պիւտճէով աւելի շատ գումար պէտք է յատկացուի գործազրկութեան յաղթահարմանը, քանի որ նախատեսուած 1,7 միլիառ դրամը չի կարող արդիւնաւէտ լինել: Գուցէ աւելի լաւ է նպաստների համար նախատեսուած պիւտճէն ամբողջութեամբ ուղղել գործազրկութեան վերացմանը, իսկ նպաստները տրամադրել որպէս հաշմանդամութեան նպաստ:

Եթէ գործազրկութեան ցուցանիշները բաւական մեծ են, հարկաւոր է ագարակների տնտեսութիւններ ստեղծելու պայմաններ ապահովել: Վերջին տարիներին նման շատ տնտեսութիւններ փակուել են, վերացել, քանի որ այդ ոլորտը ռիսքային է` կախուած լինելով եղանակային եւ այլ արտաքին պայմաններից:

Պետութիւնը պէտք է երաշխաւորի ագարակապանների եկամուտների կայունութիւնը` այդ ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմամբ, որպէսզի մարդիկ ամէն տարի չկանգնեն իրենց ողջ ներդրածը կորցնելու վտանգի առաջ:

Նաեւ ծրագրեր իրականացնի մարդկանց արտադրանքը հետագայում իրացնելու համար, պայմանաւորուածութիւն ձեռք բերի արտերկրի համապատասխան ընկերութիւնների հետ` նրանց արտադրանքն արտահանելու համար, նաեւ այստեղ երաշխաւորի, որ համապատասխան քանակութեան գիւղամթերք արտադրելուց յետոյ տնտեսավարողները կը գնեն այդ մթերքը նախապէս պայմանաւորուած գնով ու ծաւալով, որպէսզի յետոյ գիւղացիները բերքն իրացնելու փաստի առաջ չկանգնեն:

Գործազուրկներին կայուն եկամտով ապահովելու միջոցներից մէկն էլ պետութեան ստեղծած ընկերային ձեռնարկութիւններն են, որի տարածուած փորձը եւս կայ աշխարհում: Այսինքն  նպաստների գումարն օգտագործելով` պետութիւնը կարող է փոքր հիմնարկներ ստեղծել եւ դրանցում աշխատանքի վերցնել նպաստառուներին, որոնք գործունակ են:

Այդպէս նպաստների ծախսն աւելի արդիւնաւէտ ու նպատակային կը լինի` ընկերային իմաստով խոցելի խմբերը, յատկապէս` աղքատ ընտանիքի անդամները, այդ ձեռնարկութիւններում կ՛աշխատեն, արդիւնք կը տան, սպառողից կը վերածուեն նաեւ ստեղծողի, որոշակի շահութաբերութիւն կ՛ապահովեն եւ կը նպաստեն նաեւ տնտեսութեան զարգացմանը` բազմապատկական ազդեցութեամբ:

Երբ պետութիւնը նպաստ է տալիս, դրա տնտեսական ազդեցութիւնը մի քանի անգամ ցածր է, քան` դրա միջոցով աշխատատեղեր ստեղծելը, օրինական եկամուտներ աւելացնելը եւ մարդկանց համար աւելի բարձր աշխատավարձ ապահովելը:

Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետութիւնը սահմանադրութեամբ ընկերային արդարութեան պետութիւն է, հետեւաբար ընկերային պարտաւորութիւններ ունի իր բնակչութեան հանդէպ:

Ի վերջոյ այսօրուայ իշխանութիւնից մարդիկ դրական սպասումներ ունեն, դրանք պէտք է կեանքի կոչուեն, այլապէս յանդիմանող յայտարարութիւնները, պետութեան չէզոքութիւնը քաղաքացու կեանքում կարող են հիասթափութեան, յուսահատութեան նոր ալիք բարձրացնել:

 

 

 

Խմբագրական. Հայաստանի Հանրապետութիւն-Արցախի Հանրապետութիւն Ռազմաքաղաքական Փոխօգնութեան Դաշինք

$
0
0

Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդի նախագահի յայտարարութիւնը, թէ հրատապ նշանակութիւն կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքը, վերլուծական ենթադրութիւններու դուռ կը բանայ, թէ ինչո՛ւ այս փուլին է, որ Ստեփանակերտը հրատապ կը նկատէ այս համաձայնագիրի կնքումը:

Նախ պէտք է արձանագրել, որ այս համաձայնագիրին ուղղութեամբ ամէն ակնարկ կը յիշեցնէր, որ իրաւապայմանագրային տեսքի կը բերուէր այս ձեւով այն առաջադրանքը, որ կը բանաձեւէր, թէ Հայաստանի Հանրապետութիւնը Արցախի ժողովուրդի անվտանգութեան երաշխիքն է: Իրողապէս այդպէս ըլլալով հանդերձ նման համաձայնագիրի ստորագրութիւն Երեւանի կողմէ Արցախի Հանրապետութեան իրողական ճանաչումէն անդին իրողական-իրաւական ճանաչումի համազօր քայլ կը նկատուի:

Քաղաքականօրէն հասկնալի պատճառներով Երեւանը խորհրդարանի որոշումով չի ճանչնար Արցախի Հանրապետութիւնը, պարզապէս բանակցային կողմ ըլլալով եւ շարունակելով միջազգային ընտանիքի ճշդած ձեւաչափին ընդառաջ հակամարտութեան խաղաղ լուծում բերելու իր առաջադրանքը իրականացնելու համար: Ճանաչումը, դարձեալ քաղաքական ընկալելիութեամբ, կ՛օգտագործուէր իբրեւ դիւանագիտական զէնք` Պաքուի կողմէ յարձակողապաշտ պահուածքի շարունակութեան պարագային գործի դրուելու: Այլ խօսքով, եթէ Պաքուն շարունակէր անտեսել միջազգային ընտանիքի երաշխաւորութեամբ կայացած զինադուլի յարգումի սկզբունքը, Երեւանը կը դիմէր այդ քայլին:

Ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը առաջին անգամ հրապարակ եկաւ Դաշնակցութեան կողմէ, որ ըստ էութեան Երեւանին կ՛ընձեռէր դիւանագիտական կարելիութիւն` իրաւականօրէն առանց ճանչնալու որոշում կայացնելու իրողական-իրաւական աքթի համազօր աքթ նկատուելով: Խորքին մէջ նաեւ ո՛չ միայն Պաքուին, այլեւ ամբողջ միջազգային ընտանիքին ու հանրութեան ուղերձ փոխանցելով, որ Պաքուն, եթէ ինքնազսպումի չդիմէ, կամ միջազգային ընտանիքը չյաջողի զսպիչ գործողութիւններ իրականացնել, այդ պարագային կը կատարուի Երեւանի յայտարարածը: Դէպի ճանաչում իրաւաքաղաքական կարեւորագոյն եւ անհրաժեշտ քայլ էր, որ կ՛առաջարկէր Դաշնակցութիւնը:

Ապրիլեան պատերազմի բռնկման օրերուն, այլ խօսքով` Պաքուի կողմէ հրադադարի ոտնահարման եւ պատերազմի սանձազերծման առիթով հրաւիրուած Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդի նիստին հանրապետութեան նախագահը հասունցած նկատելով դաշինքի կնքումը, յանձնարարեց արտաքին գործոց նախարարութեան պատրաստելու համաձայնագիրի նախագիծը: Դէպի ճանաչում տանող ճանապարհը իրաւապայմանագրային հարթեցումի կ՛ենթարկուէր այս ձեւով: Այդ նախագիծին համար կայացան նաեւ փորձագիտական քննարկումներ, այդուհանդերձ նախագիծը չհրապարակուեցաւ եւ գործընթացը մնաց առկախ:

Արցախի Հանրապետութեան անվտանգութեան խորհուրդի նախագահին այն նախատեսումը, թէ` համաձայնագիրը կը ստորագրուի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններու կայացումէն ոչ շատ ուշ, ենթադրել կու տայ, որ երկու հանրապետութիւններուն միջեւ այս ուղղութեամբ կայ արդէն նախնական պայմանաւորուածութիւն:

Կը մնայ վերլուծել, թէ դաշինքի կնքումի հրատապութեան հանգամանքները երկկողմանիօրէն կամ աւելի ճիշդը հայկական կողմին համար ընդհանրապէս, աշխարհաքաղաքական իրադրութիւններու զարգացման ի՛նչ տեսակ կարելիութիւններու հետ կ՛առնչուին:

Աւելցնենք մէկ դիտարկում եւս: Համաձայնագիրը երկու հանրապետութիւններու միջեւ փոխօգնութեան բնութագիրը ունի, ինչ որ մտածել կու տայ, որ բացի Հայաստանի Հանրապետութեան կողմէ Արցախի ժողովուրդի անվտանգութեան երաշխիքը իրաւականօրէն ամրագրելու գլխաւոր բաղադրիչէն հասկնալի է, որ Արցախը իր փաստացի-իրողական սահմաններով ի՛նքը անվտանգութեան  անշրջանցելի երաշխիք է Հայաստանի Հանրապետութեան:

Գաղութէ Գաղութ

$
0
0

Պատրաստեց՝ ՄԱՐԱԼ ՄԽՍԵԱՆ

Սուրիա

«Լեռնային Ղարաբաղի Հարցը. Արիւնահոսող Վէրքը» Գիրքին Շնորհահանդէսը

Վերջերս Դամասկոսի «Ասատ» ազգային գրադարանին մէջ տեղի ունեցաւ Սուրիոյ մէջ Հայաստանի դեսպան Արշակ Փոլատեանին հրատարակուած «Լեռնային Ղարաբաղի հարցը. արիւնահոսող վէրքը» արաբերէն գիրքին շնորհահանդէսը:

Շնորհահանդէսին ընթացքին ցուցադրուեցաւ Արցախի տարածաշրջանի պատմական փուլերուն, հակամարտութեան հանգրուաններուն, ինչպէս նաեւ ազատագրման ի խնդիր հայ ժողովուրդին մղած պայքարին մասին վաւերագրական տեսերիզը:

Դեսպան Փոլատեանը իր խօսքին մէջ յայտնեց, որ Ղարաբաղի հարցը արդարադատութեան հարց է եւ ունի մարդկային իրաւանց բնոյթ, որովհետեւ անիկա հարցն է ժողովուրդի մը, որուն իրաւունքները խլուած են այլ իշխանութիւններու կողմէ` թրքական կառավարութեան աջակցութեամբ, որ կը միտի տարածաշրջանի պատմութիւնը աղաւաղել եւ հերքել Արցախի պատկանելիութիւնը Հայաստանի:

«Տար Ալ Շարք» հրատարակչատան տնօրէն Նապիլ Թաամէ խօսք առնելով` ընդգծեց պայքարի հանգիտութիւնը սուրիացի եւ հայ երկու ժողովուրդներուն` թրքական բռնատիրութենէն ձերբազատելու ի խնդիր:

Սուրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամութեան խմբակցութեան նախագահ, Սուրիոյ խորհրդարանի անդամ դոկտ. Նորա Արիսեանը ներկայացուց գիրքը եւ անոր բաժինները, որոնց մէջ հեղինակը կ՛անդրադառնայ տարածաշրջանի պատմականին, շրջանի ժողովրդագրութիւնը փոխելու թուրքերու ջանքերուն եւ հայերուն հանդէպ անոնց խտրականութեան քաղաքականութեան, օսմանեան կառավարութեան իրագործած Ցեղասպանութեան, Արցախի կարգավիճակին մասին` Խորհրդային Միութեան շրջանին եւ զայն Ազրպէյճանին կցելու ջանքերուն, ինչպէս նաեւ` անկախութեան ձեռքբերման ի խնդիր տարուած բանակցութիւններուն:

Արաբական Միացեալ Էմիրութիւններ

 Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ 20-ամեակի Հանդիսութիւն

Նախագահութեամբ Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ եպս. Սարգիսեանի եւ կազմակերպութեամբ Տուպայի եւ հիւսիսային Էմիրութեանց Ազգային վարչութեան, 9 նոյեմբերին Շարժայի «Փիէռ Քէօսէեան» սրահին մէջ նշուեցաւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ եւ համալիրին 20-ամեակը:

Ազգային վարչութեան անունով Թամար Գաւլաքեանը բարի գալուստ մաղթեց ներկաներուն, ապա խօսք առաւ Ազգային վարչութեան ատենապետ Մուշեղ Պետիրեանը, որ անդրադարձաւ համալիրի քսանամեակի դերակատարութեան` գաղութի կեանքին մէջ: Ազգային Երեսփոխանական ժողովի ատենապետ Հրայր Սողոմոնեանը, անդրադարձաւ շինարարական աշխատանքներու ընթացքին եւ այդ ժամանակահատուածին կարեւոր աշխատանք նկատուած սեփական եկեղեցի ու համալիր ունենալու գործին: Ելոյթ ունեցաւ նաեւ Տուպայի եւ հիւսիսային էմիրութեանց մէջ Հայաստանի գլխաւոր հիւպատոս Սէյրան Կարապետեանը:

Այնուհետեւ ցուցադրուեցաւ եկեղեցւոյ 20-ամեակին առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետին պատգամը:

Աւարտին խօսք առաւ Մեսրոպ եպս. Սարգիսեանը, որ մատնանշեց քսան տարիներու մեծ արժէք ներկայացնող եկեղեցւոյ եւ համալիրի գործունէութեան, յատկապէս` հաւատքի ամրապնդման, հայապահպանութեան ու հայեցի դաստիարակութեան, հայ մշակոյթի պահպանման ու տարածման աշխատանքներուն: Ան համայնքին անունով իր խորին երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեց Արաբական Միացեալ Էմիրութեանց իշխանութիւններուն, գահաժառանգին ու Շարժայի կառավարիչին, ինչպէս նաեւ` անցնող 20 տարիներու ընթացքին ներկայիս եկեղեցւոյ ու համալիրի կեանքէն ներս գործող բոլոր ազգայիններուն, որոնք տարբեր-տարբեր մարզերէ ներս իրենց ծառայութիւնը մատուցած են համալիրին եւ եկեղեցւոյ: Եզրափակելով իր խօսքը` սրբազան հայրը  հաստատեց, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ու համալիրը նոյն թափով ու ոգիով պիտի շարունակեն իրենց գործունէութիւնը` ի պահպանութիւն մեր հաւատքին, մեր հայրենիքին ու ժողովուրդին:

Հանդիսութեան ընթացքին գործադրուեցաւ գեղարուեստական յայտագիր:

Կիպրոս

Կրօնական Առաջնորդներու Հաւաքը

12 նոյեմբերին թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեանը ընդառաջելով  «Ռիլիճըս թրեք աֆ տը Սայփրըս փիս փրոսես անտըր տը օսփիսըս աֆ տը էմպըսի աֆ Սուիտըն» գրասենեակի պաշտօնական հրաւէրին, Ս. Խրիսոսթոմոսի տօնին եւ Կիպրոսի Ուղղափառ եկեղեցւոյ պետ Խրիսոսթոմոս արքեպիսկոպոսի անուանակոչութեան առիթով ներկայ գտնուեցաւ երեկոյեան ժամերգութեան` Ս. Յովհաննէս եկեղեցւոյ մէջ եւ ապա ընդունելութեան` արքեպիսկոպոսարանի դահլիճին մէջ: Կրօնական առաջնորդներու այս մէկտեղումն ու հաւաքը արքեպիսկոպոսարանէն ներս` նաեւ համախմբման, համագործակցութեան եւ փոխադարձ յարգանքի ոգիի արտայայտման նպատակ ունէր:

Աւարտին, սրբազան հայրը կիպրահայութեան եւ  կրօնական դասուն անունով անգամ մը եւս պաշտօնապէս իր շնորհաւորական ու բարի ապաքինման բարեմաղթութիւնները յայտնեց արքեպիսկոպոսին: Յայտնենք, որ ան քանի մը օրեր առաջ վերադարձած էր Կիպրոս` Լոնտոնի մէջ լուրջ բժշկական  հետազօտութեանց ու քննութեանց ենթարկուելէ ետք:

Կիպրահայ Նախաձեռնութիւններ

* 11 նոյեմբերին Համազգայինի «Օշական» մասնաճիւղին հրաւէրով, դոկտ. Հրանդ Մարգարեան, Նիւ Եորքէն ժամանած էր Կիպրոս` Խրիմեան Հայրիկի մասին իր պատրաստած մենակատարութիւնը ներկայացնելու համար կիպրահայութեան:

* 13 նոյեմբերին Նիկոսիոյ «Փալլաս» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ, Խրիստինա Ալեքսանեանի մեկնաբանութեամբ, «Անժել Քուրթեանի տետրակները» թատերական ներկայացումը: Ներկայացումէն առաջ խորհրդարանի նախագահ Տիմիթրիս Սիլլուրիսը եւ պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանը իրենց ուղերձները յղեցին փոխանցեցին ներկաներուն:

Մենակատարները յաջորդող օրերուն այցելեցին Ազգային առաջնորդարան եւ «Նարեկ» վարժարան, ուր հանդիպումներ ունեցան Խորէն արք. Տողրամաճեանին հետ:

* Նախաձեռնութեամբ Կիպրոսի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Խորէն արք. Տողրամաճեանի, կազմակերպութեամբ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքին, 15 նոյեմբերին Նիկոսիոյ Ս. Աստուածածին մայր եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ 9-րդ հոգեւոր լսարանը:

Սրբազան հայրը ողջունելէ ետք ներկաները, կրօնական դասուն անունով շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն յայտնեց նաեւ Մեծն Բրիտանիայէն եկած հիւրերուն:

Օրուան նիւթը յատկացուած էր Ս. Աստուածածնի` տաճար ընծայման տօնին, եկեղեցւոյ աւանդութեան, յիսնակի պահքին եւ մատաղին: Սրբազան հայրը ամփոփ կէտերու մէջ անդրադարձաւ յիշեալ աւանդութիւններուն, ապա մանրամասնօրէն ներկայացուց Ս. Աստուածածնի կերպարը, հրեշտակներէն ու սուրբերէն վեր դասուելուն հանգամանքը եւ անոր հետ առնչուած անշարժ եւ շարժական եօթը տօները` ընդհանուր գիտելիքներ տալով իւրաքանչիւր տօնին մասին: Անդրադառնալով Նիկոսիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ` սրբազան հայրը շեշտեց 21 նոյեմբերի նշման աւանդութեան մասին, յիսնակի պահքին եւ մատաղի հասկացողութեան, որոնց իւրաքանչիւրին համար բացատրութիւններ եւ օրինակներ տուաւ: Սրբազանը անգամ մը եւս շեշտեց պատարագի մասնակցութեան կարեւորութիւնը եւ հիմնուելով աստուածաշնչական եւ սուրբ հայրերու ուսուցումներուն վրայ, շատ պարզ ու մատչելի կերպով ներկայացուց օրուան նիւթը:

Միացեալ Նահանգներ

Հայաստանի Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեանի Այցը Ազգային Առաջնորդարան

30  հոկտեմբերին Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը Ազգային առաջնորդարանին մէջ ընդունեց Լոս Անճելըսի մէջ Հայաստանի նոր նշանակեալ գլխաւոր հիւպատոս Արմէն Բայբուրդեանը: Ներկայ էր Ազգային վարչութեան ատենապետ Կարօ Էշկիեանը:

Հանդիպումին ընթացքին խորհրդակցութիւնները կեդրոնացան Հայաստանի այժմու զարգացումներուն ու մասնաւորաբար Հայաստան-սփիւռք գործակցական յարաբերութեանց աւելի՛ եւս զարգացման միջոցներուն վրայ:

Առաջնորդը վերահաստատեց Ազգային առաջնորդարանին ու ընդհանրապէս թեմի ժողովուրդին զօրակցական եւ յանձնառու կեցուածքը` Հայաստանի ու Արցախի մարտահրաւէրներու դիմագրաւումին մէջ, յոյս յայտնելով, որ Հայաստանի մէջ վերջին շրջանի բարեշրջական ընթացքը լիարժէքօրէն անդրադառնայ թէ՛ հայրենիքի ամրակայման եւ թէ՛ սփիւռքի հետ յարաբերութեանց զարգացման վրայ: Ան յաջողութիւն մաղթեց հայրենի դիւանագէտին` իր նոր առաքելութեան մէջ:

Բայբուրդեանը շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ սրբազանին եւ Ազգային վարչութեան ատենապետին` ջերմ ընդունելութեան ու բարի մաղթանքներուն համար, վստահեցնելով, որ հիւպատոսութիւնը պիտի շարունակէ Ազգային առաջնորդարանին հետ սերտ գործակցութիւնը:

Աւարտին տեղի ունեցաւ յուշանուէրներու փոխանակում:

Գրագէտ Վեհանուշ Թեքեան Կը Պարգեւատրուի «Ս. Մեսրոպ Մաշտոց» Շքանշանով

Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը 8 նոյեմբերին Ազգային Առաջնորդարանի «Սիւլահեան» սրահին մէջ ընդունեց այցելութիւնը վաստակաշատ գրող եւ մտաւորական Վեհանուշ Թեքեանի եւ յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. վեհափառ հայրապետին` զայն պատուեց «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իբրեւ գնահատանք եւ վարձատրութիւն` մեր գրաւոր մշակոյթի անդաստաններուն հարստացման անոր մասնակցութեան:

Առաջնորդ սրբազանը ողջունեց Թեքեանին ներկայութիւնը եւ յայտնեց, որ առանձնաշնորհումը ունի յանուն վեհափառ հայրապետին պատուելու վաստակաւոր գրողն ու մտաւորականը:

Յայտնենք, որ Համազգայինի Շրջանային վարչութիւնը յոբելենական հանդիսութեան կազմակերպման օրերուն փափաք յայտնած էր, որ առաջնորդ սրբազանը խնդրամատոյց ըլլայ վեհափառ հայրապետին, որպէսզի օրհնութեան գիր մը շնորհէ մշակոյթի գործիչին:

Արդարեւ, առաջնորդ սրբազանը ներկաները հրաւիրեց յոտնկայս ունկնդրելու վեհափառ հայրապետին կոնդակը, զոր կարդաց Տ. Ղեւոնդ քհնյ. Քիրազեանը: Աւարտին, սրբազանը Թէքեանին յանձնեց շքանշանը, շնորհաւորեց զայն այս պատիւին արժանանալուն առիթով, ինչպէս նաեւ Ազգային առաջնորդարանին կողմէ անոր յանձնեց յուշանուէր մը:

Թէքեան շնորհակալութեան ու երախտագիտութեան խօսք ուղղեց վեհափառ հայրապետին, առաջնորդ սրբազանին եւ Համազգայինին, որոնք զինք արժանի նկատած են այս պատուին: Ան յուզումով յիշեց իր գրիչի ընկերները, որոնցմէ ոմանք արդէն մեզի հետ չեն ու կանուխէն մեկնած են այս աշխարհէն, ապա վեր առաւ մեր եկեղեցւոյ ու առաջնորդարաններուն դերը` մեր մշակոյթին ու անոր գանձերուն պահպանման մէջ եւ այս շքանշանը նկատեց այդ գանձարանէն իրեն հասնող մասնիկ մը:

Շնորհաւորանքի խօսքեր արտասանեցին եւ գրողին վաստակին ու արժանիքներուն մասին խօսեցան` «Ասպարէզ» օրաթերթի ներկայացուցիչ Աբօ Պօղիկեանը, Համազգայինի Արեւմտեան Միացեալ Նահանգներու Շրջանային վարչութեան ատենապետ Սեդա Սիմոնեանը, Ազգային վարչութեան անդամ Էլօ Պոյաճեանը, Բարսեղ Գարթալեանը եւ դոկտ. Յակոբ Կիւլլիւճեանը, միաժամանակ մաղթելով, որ անոր գրիչը նոր ծաղկում ապրի` ի սպաս մեր գրաւոր մշակոյթին:

Ֆրանսա

Հայաստանի Անկախութեան 100-ամեակին Նուիրուած Գիտաժողով

Նախաձեռնութեամբ սփիւռքահայ ազգային-հասարակական գործիչ Հիլտա Չոպոյեանի, 9-10 նոյեմբերին Լիոնի մէջ տեղի ունեցաւ «Արեւելեան ռազմաճակատը 100 տարի անց` Հայաստանի եւ Լեւանտի միջեւ. պատերազմ եւ խաղաղութիւն» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին իրենց մասնակցութիւնը բերին զանազան երկրներէ ժամանած  գիտնականներ, ինչպէս` Ռիչըրտ Յովհաննէսեան, Ռէյմոն Գէորգեան, Քլոտ Մութաֆեան, Իվ Թեռնոն, Ֆապրիս Պալանս,  Ստեփան Աստուրեան, Ժոզեֆ  Յակոբ, Ժերար Տէտէեան: Հայաստանը կը ներկայացնէին Աշոտ Մելքոնեանը, Խաչատուր Ստեփանեանը, Արմէն Ասրեանը, վերլուծաբան Արա Պապեանը, նկարիչ  Արտաշէս Թառումեանը, որոնք ներկայացուցին 100-ամեայ  պետականութեան վերականգնման ու կայացման գործընթացը:                                                                                                      9 նոյեմբերի նիստին Աշոտ Մելքոնեանը ներկայացուց «Հայաստանի Հանրապետութեան արտաքին դրութիւնը, 1918-1920 թուականներուն», իսկ 10 նոյեմբերին` «Հայկական պատուիրակութիւններու գործունէութիւնը Փարիզի մէջ  1919-1920 թուականներուն»  զեկուցումները:

Հանդիպումներ եղան նաեւ Լիոնի քաղաքապետարանի եւ լիոնահայ կառոյցներու հետ:

«Դաշնակցութեան Գործած Սխալները»

$
0
0

ՄԵԼԻՔ ԳԱՐԱԳԱՒՈՐԵԱՆ

Իրօք Դաշնակցութեան աններելի սխալներէն հիմնականը այն է, որ ան բնաւ ամբոխավար, շշմեցուցիչ եւ շուկայական կուսակցութիւն մը չհանդիսացաւ իր 128 տարուան մաքառումի ամբողջ կենսափորձին ընթացքին:

Կ՛երեւի ռազմավարական աններելի սխալներ էին Դաշնակցութեան կողմէ` առաջնահերթութեան վերածելը Արցախի ազատագրումը, վիրահայութեան անկաշկանդ գոյատեւումը, Հայ դատը, հայ-թրքական արձանագրութիւններու տապալումը, Հայաստանի պետական հիմքերու ամրապնդումը, հայոց բանակի մարտունակութիւնը, ոչ մէկ թիզ հող զիջիլը, զոյգ պետութեանց սահմաններու անվտանգութիւնը եւ ժողովրդավարութեան ամրապնդումը Հայաստանի մէջ:

Այլեւ, կ՛երեւի, որ Դաշնակցութեան ժողովրդականութեան, հեղինակութեան եւ վարկի աճի ապահովման համար պէտք էր առաջին հերթին հրաժարիլ Արցախի, Ջաւախքի, Արեւմտահայաստանի, Հայ դատի, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հատուցման պահանջատիրական քաղաքականութենէն, իսկ ներքին առումով, ընկերային արդարութեան, ներքին հարստութեան եւ արտադրութեանց հաւասար եւ արդար բաշխման քաղաքականութենէն: Ու ապա հրատապ օրակարգի վերածուէր Դաշնակցութեան կողմէ սեռային ազատականութեան, փոքրամասնութեանց իրաւունքներու պաշտպանութեան, զանազան աղանդներու ազատ գործելու եւ շարժելու իրաւունքը, որոնք հաւանաբար նուազ կարեւոր արժէքներ չեն, անկասկած, մանաւանդ ազատ եւ ժողովրդավար նոր Հայաստանի մէջ: Ի դէպ, չես գիտեր` ինչո՞ւ, իւրաքանչիւր անգամ, որ տուեալ փոքրամասնութեանց իրաւունքներու պաշտպանութեան նիւթերու արծարծումը կը կատարուի, անվարան կը վերյիշենք վաստակաւոր ընկեր Սարգիս Զէյթլեանի հետեւեալ սրբազան խօսքը. «Լաւ ազգի կորիզը, լաւ ընտանիքն է»:

Դաշնակցութիւնը հաւանաբար սխալ գործեց ապազգայնացման, ապաքաղաքականացման, ճակատագրապաշտութեան եւ պարտուողականութեան դէմ պայքարելով, արդեօք փոխարէնը պէտք էր կո՞ւլ տար այդ բոլորը:

Դաշնակցութեան սխալներուն շարքին էր նաեւ այն հանգամանքը, որ ան բնաւ ներհայաստանեան, ներկուսակցական եւ ներքաղաքական գայթակղութիւններով սնանող եւ ուռճացող կուսակցութիւն մը չեղաւ, ան բնաւ չառաջնորդուեցաւ քաղաքական նախապաշարումով, վրէժխնդրութեամբ եւ քաղաքական հաշուեյարդարի տրամաբանութեամբ, ոչ ալ նեղ կուսակցական հաշիւներու համար քաղաքական աժան շահարկումներու դիմեց տեսակ մը խաբուսիկ, ժամանակաւոր ժողովրդականութիւն եւ ընտրազանգուած մը ապահովելու համար: Ըսուածին իբրեւ ապացոյց` վերյիշենք, որ երբ Դաշնակցութեան գրասենեակները փակող, հալածող, վտարող, հարուածող, ՀՀ առաջին նախագահին ներեց Դաշնակցութիւնը եւ զայն ընդունեց իր վերաբացուած գրասենեակներուն մէջ եւ 2008-ի մարտ 2-ին «Երկիր Մետիա»-ն ուղիղ եթեր տրամադրեց իբրեւ դէպքերը լուսաբանող ասուլիս յանուն խօսքի ազատութեան եւ ներազգային հանդուրժողականութեան, նոյն տրամաբանութեամբ ալ պէտք է դիտարկել, ՀՀ երկրորդ նախագահի «Երկիր Մետիա»-էն ընձեռուած առիթը. ո՛չ պակաս, ո՛չ աւելի:

Դաշնակցութիւնը հաւանաբար սխալ գործեց 90-ականներու օրհասական օրերուն, երբ անդրկովկասեան շրջանային եւ տարածաշրջանային ուժերու վերադասաւորման փուլին եւ այդ թոհուբոհին մէջ, երբ վերջին երեսուն տարին, հակառակ բազմաթիւ դժուարութիւններուն եւ զինք առաջնորդող քաղաքական դիրքորոշումներուն հանրութեան կողմէ թիւրըմբռնման, ան ներհայաստանեան քաղաքական կեանքին մէջ տեւաբար առաջնորդուեցաւ հիմնարար հետեւեալ սկզբունքներով. ազգային անվտանգութիւն, ներքաղաքական կայունութիւն, հանդուրժողականութիւն  եւ անդորրութիւն, ազգային միասնականութիւն, ազգային արժէքային համակարգի ամրապնդում եւ հայ ժողովուրդի անժամանցելի իրաւա-պատմաքաղաքական իրաւունքներու ձեռքբերման մարտավարութեան որդեգրում:

Նոյնպէս սխալ է, կ՛երեւի, Դաշնակցութեան կողմէ ազգ եւ հայրենիք հասկացողութիւնները ամէն ինչէ վեր դասելը եւ զանոնք գերագոյն արժէքի վերածելը:

Դաշնակցութիւնը անկասկած շարք մը այլ սխալներ ալ գործեց ներհայաստանեան քաղաքական առումով` տարուելով իր ընկերվարական համոզումներէն, երբ ընկերային անմխիթար խաւի իրաւունքներու պաշտպանութեամբ հանդէս կու գար համապատասխան սերտողութիւններով, առաջարկներով եւ ընկերատնտեսական առարկայական առաջադրանքներով կանոնակարգելու մրցակցային անխնայ ազատ շուկան եւ բոլորովին երկիրը չյանձնելու դրամագլուխի շրջանակներու տրամադրութիւններուն եւ որոշ լուծումներ որոնելու անհատի, փոքր եւ միջին ձեռներէցութիւններու իրաւունքներու պաշտպանութեան առումով:

Սխալ գործեց, երբ ան առնուազն համահեղինակ հանդիսացաւ երկքաղաքացիութեան օրինագիծի որդեգրման, սփիւռքի նախարարութեան եւ սփիւռք-Հայաստան առաւել արդիւնաւէտ գործունէութեան ծաւալման, երկրի ամենակարեւոր իրադարձութեան` սահմանադրութեան փոփոխութեան, ընտրական օրինագիծի համեմատաբար աւելի արդար, ժողովրդավար, արդիական տարբերակի մը ընդունման` հակառակ տակաւին յամեցող անհրաժեշտ որոշ փոփոխութիւններու հրատապութեան:

Սխալ գործեց, երբ ան առնուազն նպաստեց հայ-թրքական եւ ֆութպոլային պարտուողական դիւանագիտութեան քաղաքականութեան տապալման, ներհայաստանեան քաղաքական մշակոյթի զարգացման, բայց, ափսո՜ս, արմատախիլ չեղան սեւ ու սպիտակի հասկացողութիւնները, Արցախեան բանակցութիւններու ընթացքին անզիջող կեցուածքներով հանդէս գալու մարտավարութեան ամրապնդման, Ցեղասպանութեան 100-ամեակի համապետական յուշագրի մշակման:

Սխալ էր նաեւ Դաշնակցութեան կողմէ վերապահութիւն արձանագրելը նոր Հայաստանի կառավարութեան ներկայացուցած պարտադիր կուտակայինի տարբերակի առումով եւ ի զուր մտահոգուիլը, որ տարեկան  շուրջ 2 միլիառ տոլարի հասնող գումարներ պիտի յանձանձուին միջազգային ընկերութիւններու կողմէ, որոնց երկարաժամկէտ ապահովութիւնը ոչ ոք ունի` բացի անխնայ եւ անողոք միջազգային շուկաներէն:

Տակաւին սխալ է նաեւ Դաշնակցութեան հանք-արդիւնաբերութեան ոլորտի նկատմամբ մօտեցումները եւ մտահոգութիւնները, յատկապէս, Ամուլսարի նման, բնութիւնը ապականելու առընթեր, զայն եւ այլ նմանօրինակ գործառոյթներ յանձնելը միջազգային ընկերութիւններու տնօրինման, որոնք ուղղակի կը հովանաւորուին որոշ դեսպանատուներու կողմէ:

Այլեւ, կ՛երեւի, որ պէտք էր կառուցողական մօտենալ, թէ Միացեալ Նահանգներու ազգային անվտանգութեան պետի Ճոն Պոլթընի կողմէ կատարուած ռազմաքաղաքական քողարկուած թելադրանքներուն, թէ ալ գրկաբաց ընդունիլ երկրի տնտեսութեան վրայ օրէ օր աւելի աճող արտաքին հակակշիռները:

Արդարեւ, ինչ կը վերաբերի Դաշնակցութեան հասցէին ուղղուած անհիմն, շինծու մեղադրանքներուն եւ անհաշիւ ցեխարձակումներուն, թէ իբր Դաշնակցութիւնը լծակից եղած է քրէաօլիկարխիկ իշխանութիւններու, հոս պարզապէս պատմութեան համար վերյիշենք, որ հաւանաբար սխալ մը եւս գործեց ՀՅ Դաշնակցութիւնը, երբ ան թէ՛ 2008-ի եւ թ՛ 2013-ի նախագահական ընտրութիւններուն ան սատար չհանդիսացաւ Սերժ Սարգիսեանի թեկնածութեան, այլ ներկայացաւ ինքնուրոյն առաջադրանքներով եւ սեփական թեկնածուով` յանձինս ընկեր Վահան Յովհաննիսեանի:

Փաստօրէն, իրականութեան մէջ, հակառակ Դաշնակցութեան հասցէին ուղղուած անհիմն մեղադրանքներուն եւ կատարուած ապատեղեկատուական հսկայական ճիգին, պէտք է ըսել, որ ՀՅ Դաշնակցութիւնը տեւաբար հանդէս եկաւ ինքնուրոյն քաղաքական դէմքերով ու առաջադրանքներով եւ բնաւ չնոյնացաւ որեւէ փուլի որեւէ իշխանութեան հետ:

Այլեւ իր գործունէութեան եւ էութեան իմաստը եւ յաջողութեան առանցքը նկատեց` անկախ օրուան նախագահէն, վարչապետէն, կառավարութեան ձեւաչափէն, հիմնականը երկիրը պահել անդորր, կայուն, անվտանգ, անզիջող, կարելի եղածին չափ ընկերային արդար, եւ ամէնէն էականը, որ հայրենիքը մնայ ազգային քաղաքական ուղղուածութեան ոլորտին մէջ:

Դաշնակցութիւնը, կ՛երեւի, սխալ գործած է սկզբունքի վերածելով եւ պատրաստակամութիւն յայտնելով յանուն ազգային ու պետական գերագոյն շահերու պաշտպանութեան համար յանձնառու կերպով համագործակցիլ ցանկացած իշխանութիւններու հետ, ինչպէս որ վերջին փուլին Դաշնակցութեան մասնակցութեան պարագան էր նոր Հայաստանի իշխանութիւններուն հետ, որովհետեւ խօսքը եւ գործը այս պարագային կը վերաբերի հայրենիք կերտելու եւ ոչ թէ սովորական ժամանակներու եւ փուլերու սովորական քաղաքականութեամբ զբաղուելու: Որովհետեւ Դաշնակցութիւնը համազգային կուսակցութիւն է եւ իր գլխաւոր առաքելութիւնը բոլոր պայմաններու եւ ժամանակներու մէջ Հայաստանի եւ սփիւռքի ազգային անվտանգութեան, արժանապատուութեան եւ ինքնութեան առկայ բոլոր խնդիրները փորձել լուծել է:

Կուսակցութիւնը հաւանաբար աւելի մեծ սխալ մը գործեց, երբ որոշեց 2009-ին դուրս գալ կառավարութեան կազմէն եւ շարունակել քաղաքական գործունէութիւն ծաւալել ամբողջ 9 տարուան ընթացքին, ընդդիմութեան շարքերէն ներս, ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական դաշտը հաւաքելով, ժողովրդային լայն զանգուածներու պահանջները, ակնկալութիւնները եւ խնդիրները կազմակերպելով եւ բանաձեւելով օրին քառեակի շրջանակներէն ներս, ի խնդիր առկայ բոլոր խնդիրներու լուծումներ ապահովելու, ընկերատնտեսական, ռազմաքաղաքական, ժողովրդավարական, ընտրական օրինագիծին եւ ամէնէն էականը` սահմանադրութեան փոփոխութեան, որ ամէնէն ապահով կռուանն է հայկական պետականութեան:

Դաշնակցութիւնը միայն 2017-ին վերադարձաւ համաձայնական կառավարութեան կազմին մէջ, երբ օրուան իշխանութիւնները ընդունեցին կեանքի կոչել Հայաստանի Գերագոյն մարմինին կազմած 7 կէտերէ բաղկացած քաղաքական պահանջ առաջադրանքները:

Իսկ նոյն տարուան ապրիլին տեղի ունեցաւ ԼՂՀ քառօրեայ կայծակնային պատերազմը երկիրը եւ համայն հայութիւնը հազիւ իրենք զիրենք վերագտնելու ընթացքին, տակաւին քառօրեայ պատերազմի վէրքերը չսպիացած, երկրի կայունութիւնը դարձեալ խաթարման ենթարկուեցաւ, երբ տեղի ունեցաւ «Սասնայ ծռեր»-ու ՊՊԾ գունդի գրաւման դէպքը, որ խնդրոյ առարկայ պիտի դարձնէր հայրենիքի անդորրութիւնը եւ հարուած տար երկրի միջազգային հեղինակութեան, բան մը, որ օրուան իշխանութիւններուն առնուազն ամլութիւնը բնաւ չնպաստեց արմատախիլ ընելու հասարակական կեանքէն ներս զինեալ  դրսեւորումներու երեւոյթը` իբրեւ վերջին տարբերակ գոյութիւն ունեցող արդար ժողովրդային ընդվզումները եւ քաղաքական պահանջները իրականացնելու առումով:

Ի դէպ, այս պարագային ալ Հայաստանի Գերագոյն մարմինը սխալ գործեց, երբ անմիջապէս յորդորեց երկխօսութիւն` կողմերու միջեւ, քաղաքական խաղաղ պայմաններու ընդմէջէն գոյութիւն ունեցող բոլոր հարցերը լուծելու, որպէսզի կացութիւնը աւելի չսրի եւ երկրին անդորրութիւնը չվտանգուի` մէկ կողմէ դատապարտելով յատկապէս հայրենիքի եւ ընդհանրապէս ժողովրդավար երկիրներու մէջ զինեալ դրսեւորումներու առկայութիւնը, իսկ միւս կողմէ` դատապարտելով իշխանութեան վերջին տարիներուն քաղաքական եւ ընկերատնտեսական ընդհանուր անփառունակ քաղաքականութիւնը, երբ ուրիշներ փողոցը հրահրելու, մթնոլորտը շիկացնելու, իրենց անձնական նեղ հաշիւները ամէն ինչէ վեր դասելով եւ ցուցարարները մոլորեցնելով` արկածախնդրութեամբ կը զբաղէին:

Այնպէս որ, Դաշնակցութիւնը իր քաղաքական ինքնատպութեամբ, իւրայատկութիւններով, հարուստ, քաղաքական եւ յեղափոխական  կենսափորձով, արժանապատիւ գործունէութեամբ, հակառակ ներքին եւ արտաքին ճնշումներուն, ցեխարձակումներուն եւ իր դէմ յայտարարուած արդիական քարոզչական աննախընթաց պատերազմին,  անսակարկ նուիրումով պիտի շարունակէ գործել հզօր, բարգաւաճ եւ ժողովրդավար նոր Հայաստանի կերտման ի խնդիր:

21 նոյեմբեր 2018

Անկախութենէն Անդին. Լիբանանը` 75 Տարի Ետք

$
0
0

ԵՂԻԱ ԹԱՇՃԵԱՆ

75 տարիներ անցան Լիբանանի անկախութենէն, երկիր մը,որ տակաւին կը միտի անկախանալու եւ կերտելու պետականութիւն: Շատերուն համար Լիբանանի հզօր պետականութեան չկայանալուն պատճառը միասնական` արտաքին քաղաքականութեան չգոյութիւնն է եւ ոչ թէ` համայնքային քաղաքականութիւնը:

1946-ին, երբ ֆրանսական ուժերը լքեցին երկիրը, իշխող մարոնի համայնքի ղեկավարները սկսան քննարկել երկրի եւ իշխանութեան անվտանգութեան հարցը: Հոս կարեւոր է իմանալ, որ երկրի անվտանգութիւնը ուղղակի կապուած էր մարոնիական իշխանութեան անվտանգութեան եւ գերիշխանութեան հետ:

1958-ին, երբ արաբ ազգայնականները եւ ձախակողմեան շարժումները Եգիպտոսի նախագահ Կամալ Ապտել Նասերի հրահրումով փորձեցին յեղափոխութիւն կատարել, եւ իշխանութիւնը սկսաւ կորսնցնել իր հակակշիռը գետնի վրայ, Միացեալ Նահանգներու նախագահ Այզընհաուըր ամերիկեան ծովուժը ուղարկեց Պէյրութ`կարգ ու կանոն հաստատելու նպատակով: Սակայն զինեալ բախումները շարունակուեցան, մինչեւ որ նախագահ Քամիլ Շամունը փոխարինուեցաւ բանակի հրամանատար զօր. Ֆուատ Շեհապով: Շեհապ ընդունելի էր Միացեալ Նահանգներու եւ Եգիպտոսի կողմէ… Ասիկա առաջին անգամն էր, որ Լիբանանի իշխանութիւնը կը ցնցուէր:

Շեհապ Լիբանանի պետականութեան հայրն էր, եւ շնորհիւ իր հաւասարակշռուած արտաքին քաղաքականութեան` ան կրցաւ` պաշտպանել երկրին կայունութիւնը, սակայն՝ մարոնիական իշխանութեան հաշուոյն: Այն ժամանակ բազմաթիւ ձախակողմեան շարժումներ, ստանալով Խորհրդային Միութեան աջակցութիւնը, սկսան կազմակերպուիլ:

Շեհապին յաջորդող նախագահները անոր խորամանկութիւնը չունէին եւ, ամէնէն կարեւորը,անոր նման չէին վայելեր արտաքին նեցուկ: 1968-էն ետք երկրին իշխանութիւնը տագնապի մէջ էր, եւ զինեալ խնբաւորումներ արդէն իսկ կարգ մը շրջաններ իրենց գերիշխանութեան տակ առած էին: Իսկ 1975-ի պատերազմի բռնկումով արդէն իսկ բանակը պառակտուած էր, իշխանութիւնը գրեթէ սահմանափակուած էր քրիստոնէական շրջաններով, եւ սուրիական ու իսրայէլեան բանակները բաժնած էին երկիրը: Լիբանանցիք կը խնդրէին արտաքին քաղաքական միջամտութիւն, որպէսզի հաստատէին ներքին կայունութիւն: Այդ խնդրանքին ընդառաջումը ուշացաւ 15 տարի, եւ բոլորը սուղ գին վճարեցին: Վերջապէս, շնորհիւ արտաքին միջամտութեան, լիբանանցիներուն հրամցուեցաւ Թաէֆի համաձայնագիրը, սակայն այդ օրէն ի վեր ոչինչ փոխուեցաւ պետական մակարդակի վրայ:

Այսօր, 75 տարի ետք, տակաւին լիբանանեան տարբեր հոսանքներ կը փորձեն երկիրը մխրճել արտաքին ուժերու շահերուն մէջ: Լիբանանեան պետութիւնը տակաւին կարիքը կը զգայ ունենալու յստակ արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւն մը: Հարց կու տանք, թէ ի՞նչ է Լիբանանի արտաքին քաղաքականութիւնը, յստակ ռազմավարութիւն մը գոյութիւն ունի՞: Այս բոլոր հարցումներուն անպատասխան մնալը մտահոգիչ է մեզի համար, եւ ժամանակն է, որ անկախութենէն 75 տարի ետք քաղաքական ուժերը վերատեսութեան ենթարկեն պետութեան շահերը եւ որդեգրեն յստակ արտաքին քաղաքականութիւն: Արտաքին քաղաքականութիւն մը, որ միայն կը հետապնդէ Լիբանանի անվտանգութեան շահերը:

Yeghia.tash@gmail.com

 

Մապրուք Եա Լուպնան

$
0
0

ՄԵԹՐ ՎԱՐԴԳԷՍ ՇԱՄԼԵԱՆ

Այո՛, շնորհաւորութի՛ւն, ո՜վ Լիբանան, 1943-ին Լիբանանի անկախացման եւ պետութեան ստեղծման 75-ամեակի ոգեկոչման առթիւ:

Հոս, անտեղի է հանրածանօթ պատմական եղելութիւնները կրկնելը, բացի յիշելէ, որ Ֆրանսայի հոգատարութեան տակ գտնուող Լիբանանը, Պըշարա Խուրի նախագահին եւ վարչապետ Սամի Սոլհի օրով, համաշխարհային Բ. պատերազմին ընթացքին իսկ, զօրավար Տը Կոլի հրահանգով, 22 նոյեմբեր 1943-ին անկախ հռչակուեցաւ:

Նպատակս է երկու խօսքով փորձել արտայայտել Լիբանանի հանդէպ լիբանանահայութեան ունեցած սիրոյ, մեծարանքի եւ երախտագիտութեան զգացումները (զգացումներ, որոնք անջատ են Հայաստանի հանդէպ մեր ունեցած անպարագիծ սէրէն):

Արդարեւ, Մեծ եղեռնէն ետք ու մինչեւ այսօր հայութիւնը կը վայելէ ո՛չ միայն գեղեցիկ Լիբանանի հիւրընկալութիւնը, այլ նաեւ, շնորհիւ համայնքային համակարգի գոյութեան, այլազան կրօնքի եւ դաւանանքի պատկանող համայնքներու նման, համահաւասար եւ լիիրաւ քաղաքացիի իրաւունքներ ունինք, պետութեան կառավարման կը մասնակցինք հայ նախարարներով եւ երեսփոխաններով եւ այլն:

Ու թէեւ մասամբ նօսրացած, սակայն համատարած սփիւռքեան հայ համայնքներու մէջ ազգային, եկեղեցական (Կիլիկիոյ կաթողիկոսութեան), կուսակցական կառոյցներու կիզակէտերը տակաւին Լիբանանի մէջ են (կառոյցներ, որոնք պէտք չէ քանդուին): Լիբանանի պետութեան մէջ, որոշ մարզերու մէջ փոքր պետութիւն մըն ալ մեր համայնքն է, որ կը գործէ Ազգային սահմանադրութեան սկզբունքներով (ունինք հայկական երեսփոխանական ժողով, դատաստանական խորհուրդ, ուսումնական խորհուրդ եւ այլազան մարմիններ):

Լիբանանի հանդէպ մեր եւ այլ համայնքներու ալ ունեցած սիրոյ եւ մեծարանքի օրինակ մը յիշեմ:

Մոնրէալի մէջ Լիբանանի հիւպատոսարանը ամէն տարի, անկախութեան ոգեկոչման տօնակատարութիւն մը կը կազմակերպէ` հրաւիրելով  լիբանանեան կազմակերպութիւնները, որոնց կարգին հայ համայնքի ներկայացուցիչը, Առաջնորդ սրբազանը` իր հետեւորդներով, եւ զիս` իբրեւ նախկին երեսփոխան:

Եւ արժէ տեսնել, որ Լիբանանի հանդէպ իրենց սէրը, մեծարանքը եւ կապուածութիւնը արտայայտելու իբրեւ ապացոյց, հակառակ Քանատայի ցուրտին ու ձիւնին եւ ապահովական միջոցառումներու, հրաւիրեալները (կրօնաւորներ, աշխարհականներ, իսլամներ` իրենց շէյխերով) ինչպէ՛ս իրար խառնուած, հրմշտուքով կը խուժեն հանդիսասրահ` իրենց շնորհակալութիւնները փոխանցելու Լիբանանի պետութիւնը ներկայացնող օրուան հիւպատոսին:

Նոյն տեսարանը պարզուեցաւ երեսփոխանական վերջին ընտրութիւններուն առթիւ, եւ շատեր, ցուրտին ու անձրեւին շարքի սպասելէ ետք չկրցան նոյնիսկ քուէարկել` ճշդուած ժամկէտը հասած ըլլալով:

Նշեմ նաեւ զուտ անձնական ապացոյց մը, նկատի ունենալով, որ ընտանիքիս մէջ եւս, ես ու տիկինս ամէն առթիւ Լիբանան, Լիբանան «կը հոլովենք», զաւակներէս մէկը օր մը ըսաւ. «Դուք ֆիզիքապէս Քանատա կ՛ապրիք, սակայն մտքով, հոգիով տակաւին Լիբանան կ՛ապրիք…»:

Վերջացնեմ` այս առթիւ մաղթելով, որ հակառակ Միջին Արեւելքի (ինչպէս նաեւ ներքին) քաղաքական ապակայունացման իրավիճակին, Լիբանանը մնայ ազատ, անկախ եւ անբաժան:

 

 

Փոքր Հողատարածք, Մե՜ծ Երազներ (75-ամեակ)

$
0
0

ՀԱՄԲԻԿ ՊԻԼԱԼԵԱՆ

Համայնքականութիւնը եւ յարանուանականութիւնը մեր մահն են,
իսկ լուծումը աշխարհիկ կարգերու հաստատման մէջ կը կայանայ:

Դոկտ. Հասան Համատէ
(Վաստակաւոր գրող եւ քաղաքական վերլուծաբան) 
«ԱԶԴԱԿ», 24-11- 2017

Այս պարագային, ստուգապէս, մահուան պատճառները գիտենք: Գիտակից ենք նաեւ լուծման հնարաւոր ճանապարհին: Ուրեմն, ի՛նչ եզրակացնել: Առածը կ՛ըսէ. «Ո՞ւր թաղուած է շան գլուխը»: Իսկ ժողովուրդը` իր կարգին կ՛աւելցնէ, թէ Լիբանան անունով երկրին համար անհրաժեշտ են հետեւեալները` քաղաքացիական խոր ըմբռնում, պատասխանատուութեան զգացում եւ պետական մտածողութիւն:

Արդ, տարօրինակը այն է, որ աւելի քան եօթը տասնամեակէ, տակաւին լիբանանցին ու իրմէ ծնունդ առած պատասխանատու փաղանգներ չեն կրցած կամ չեն ուզեր հասկնալ վերեւ յիշուած արժեչափերը, որոնցմով կարելի պիտի ըլլայ կերտել բոլորիս երազած երկիր-պետութիւնը:

Մինչ այդ օրը, հաստատենք, որ այնքան ատեն որ Լիբանան չունի լիիրաւ անկախութիւն եւ ինքնիշխան պետական կարգավիճակ, մեր արդար իրաւունքն է, իբրեւ քաղաքացիներ, ըսել ճշմարիտը, յայտնել մեր զգացումները եւ լոյսին բերել իւրաքանչիւրիս ներսիդին «պահուըտած» հարցադրումներու տարափը:

Պահուըտած, ոչ թէ անոր համար, որ չունինք յախուռն կեցուածք զանոնք արտաբերելու, այլ որովհետեւ վստահ ենք, որ իրերայաջորդ սերունդներ, 75 տարի է, նոյն դառնութեամբ յիշած ու ապրած են դժուարին պահերը այս երկրին, ընդգծած, այսպէս ըսած, բարիքներն անգամ, այդուամենայնիւ հարցադրումները մնացած են անպատասխան ու ենթակայ` այս կամ այն կողմի քմահաճոյքին եւ քաղաքական շահարկումներուն:

Իսկ որո՞նք են այս կամ այն կողմերը, եթէ ոչ անոնք, որոնք բաղկացուցիչ տարրերն (համայնքները) են այս երկրին, քաղաքացիները, բնակիչները, նոյնիսկ ազգակիցներ, որոնք աւելի քան եօթանասուն տարի է կը փորձեն զիրար հասկնալ, ըմբռնել ու հասարակաց նպատակ թէ գերագոյն արժէքներ ձեւաւորել, սակայն չեն յաջողիր ու միշտ կը տուայտին` փորձելով տառապանքներու մէջ  գտնել փրկութեան լաստը, յոյսի նշոյլը:

Տառապանք, որ, ըստ էութեան, չ՛առնչուիր մարդկային ցաւերու թէ մորմոքներու, այլ անիկա, հոս, այս երկրին մէջ կ՛արտացոլայ անսովոր ու անտրամաբանական արարքներու ընդմէջէն, այսինքն` եղբայրասպան ու քաղաքացիական պատերազմ, քանդում, աւեր, փտածութիւն, պետական կառավարման կեղծ ու ստապատիր համակարգ, քաղաքական կարելիութիւններու չարաշահում, Սահմանադրութեան ըստ կամի բացատրութիւն, կողոպուտի բարձր համեմատութիւն, ապազգային կողմնորոշում, քաղաքական շահամոլ կեցուածքներ եւ մասամբ նորին:

Միւս կողմէ, այս հողատարածքին վրայ ապրած տարբեր սերունդներ շարունակած են երազե~լ յանուն վաղուան, արարել գալիքի հաշուոյն եւ արիւն թափել վասն մայրիներու պաշտպանութեան: Մայրիներ հազարամեայ, որոնք խորհրդանիշ են եղած տոկունութեան եւ քաղաքակրթական նուաճումներու:

1943: Պատմական եւ անկիւնադարձային թուական:

Երբեմնի գաղութարար Ֆրանսա, յետ ներլիբանանեան ցնցումներու, ուժեղ ընդդիմութեան եւ աշխարհաքաղաքական դասաւորումներու, կը բարեհաճի Լիբանանի ու անոր ժողովուրդին շնորհել անկախութիւն, որուն կենսագործման ցարդ կը սպասենք բոլորս` առանց խտրութեան:

Եւ ահա հարցադրումներուն ամէնէն դիպուկ օրինակը, որ կ՛ընդգրկէ հակասութիւններու ամբողջ շարան մը, խառնափնթոր վիճակ ու քաղաքական կեանքի անորոշութիւն:

Արդեօք Լիբանան երկիրը իրապէս անկա՞խ է, ունենալով հանդերձ պետական կարգ ու սարք, դրօշակ, ազգային քայլերգ ու բանակ: Միւս կողմէ, ինչպէ՞ս հարկ է հասկնալ նման արժէքներու գոյութիւնը, երբ տակաւին այս հողին վրայ ապրող ժողովուրդը, ըստ երեւոյթին, վարժ  չէ լիարժէքօրէն պետական կեանք վարելու եւ քաղաքական միտք ու մշակոյթ զարգացնելու:

Ահա բարացուցական հաստատում մը:

Կ՛ըսուի, եւ բարձրաձայն, յարգելով հանդերձ տուեալ պետական մարդու կամ ղեկավարի ժողովրդանուէր մօտեցումը, անշահախնդիր գործելաձեւն ու քաղաքական մտքի հասունութիւնը, աւելի՛ն. Լիբանան պետութիւն կերտելու անոր մտադրութիւնը, փաստօրէն, դժուար թէ ան կարենայ հասնիլ իր նպատակին, որովհետեւ գոյութիւն ունեցող լիբանանեան քաղաքական պահուածքով կարելի չէ պետութիւն կերտել:

Արդ, ինչո՛ւ խուսափիլ ճշմարտութիւնը յայտնելէ, երբ անդին առկայ է այն փրկարար ճանապարհը, որով կարելի պիտի ըլլայ կերտել նոր Լիբանան:

Կը պատմուի, թէ կար ժամանակ, նախապատերազմեան շրջանին, երբ Լիբանանի վերապահուած էր որոշակի քաղաքական դերակատարութիւն, միջինարեւելեան քաղաքական թատերաբեմին վրայ, պարզապէս կեդրոն եւ ապաստան հանդիսանալով` միջազգային բազմաբնոյթ սպասարկութիւններու եւ որոշումի կեդրոններու, որոնք, այսպէս ըսած, ջատագովն էին կայուն եւ բարգաւաճ Լիբանանի կերտումին: Նման բարենպաստ իրավիճակէ օգտուած են օրուան պետական առաջնորդները եւ հետամուտ են եղած` պետութեան կերտումի աշխատանքին:

Այս առումով, ատենի նորակախ երկիրի իշխանութիւններ առիթը պատեհ գտնելով լծուեր են ինքնակայացման աշխատանքի, պետական կառոյցներու հաստատման եւ տակաւ զարգացման: Հետաքրքրական է, որ տուեալ ժամանակի տարբեր փուլերուն Լիբանան ունեցեր է յարաբերաբար ուժեղ պետական-զինուորական (գաղտնի սպասարկութիւն) համակարգ, որուն իբրեւ հետեւանք կրցած է լաւապէս պաշտպանուիլ եւ որոշակի ապահովութիւն ձեռք բերել:

Այս բոլորի մատնանշումը կը կատարենք, պարզապէս յստակացնելու, թէ երբեմնի նորանկախ Լիբանանի երկնակամարին տակ ապրեր են պետական մարդիկ, որոնք, հակառակ տիրող համայնքականութեան թէ այլ լպիրշ երեւոյթներու, ստեղծած են համապատասխան մթնոլորտ եւ միջավայր` յանուն երկրի կայացման:

Ուրեմն, 1975 թուականը (քաղաքացիական պատերազմի սկիզբ) կարելի է սեպել այն միջնարարը, որմէ ետք հարկ է խօսիլ «ուրիշ» Լիբանանի մասին, որուն դիմագիծն ու դերակատարութիւնը ենթարկուած է այլասերումի եւ ձեւախեղման:

Փաստօրէն ինչպէ՛ս կարելի է մտահան ընել առկայ հարցերը, որոնք տասնամեակներէ ի վեր կը շարունակեն իրենց ազդեցութիւնը ունենալ եւ խոչընդոտ հանդիսանալ այս երկրի կայացման: Հարցեր, որոնց դէմ յանդիման հարկ է ցուցաբերել ազգային ըմբռնում, բայց մանաւանդ` պատասխանատուութեան գիտակցութիւն:

Իրերայաջորդ սերունդներ հարց տուած են ու տակաւին կու տան, թէ արդեօք ճշմարտութեան ընդգծումը, հաշուետուութեան կանչելու իրաւունքը, ներքին ահաւոր չարաշահումները չէզոքացնելու եւ համապատասխան արդարադատական համակարգ  ստեղծելու պահանջները լոկ բարբաջանքնե՞ր են այս երկրին մէջ, որոնցմէ կ՛օգտուին բացառաբար այն ղեկավար մարդիկ, որոնք գիտեն նաւարկել ներքին թէ արտաքին ճահճահուտներու մէջ, խաբել ու պատրանքներ սնուցել եւ, աւարտին, իւրացնել հարստութեան գանձարկղը:

Ո՞ւր է այն պետական մտածողութիւնը, որ պիտի կարենայ նուազագոյն վնասով դուրս գալ աշխարհաքաղաքական ցնցումներէ, Միջին Արեւելքի նորովի քարտէսագրումէ, գերպետութիւններու ուժեղ ազդեցութիւններէ, տնտեսական թէ քաղաքական ահաւոր ճնշումներէ, միջհամայնքային թէ յարանուանական յարուցուած հարցերէ, իսլամ-քրիստոնեայ քաղաքական շահարկումներէ, պետական թէ իշխանութիւններու մակարդակի արմատ նետած փտածութենէ, արեւելումի թէ կողմնորոշումի պարտադրանքէ, արտագաղթէ եւ այլն, եւ այլն:

Լիբանանցի ժողովուրդին ընդվզումն ու պոռթկումը այնքան խոր է, եւ արդարօրէն, որ անոր մօտեցումներն ու ընդգծումները երկրին ու տիրող կացութեան մասին կարելի չէ սեւով ճերմակին յանձնել, պարզապէս որովհետեւ պարուրուած են հայհոյալից, վարկաբեկիչ ու ամենաստոր խօսքերով:

Իրօք, գեհենային վիճակի համազօր է լիբանանցիի առօրեան, երբ մարդկային ու տարրական իրաւունքներ դադրած են գոյութիւն ունենալէ, երբ հրէշային ու բարբարոս քաղաքական որոշումներ աւելիով կը գերեզմանեն քաղաքացիին կեանքը, երբ ողջմտութիւնը, մարդկայնութիւնը, կրօնքն ու ազգային պատկանելիութիւնը դարձած են հնաբոյր խօսքեր ու վարքագիծ:

Յամեցող լուծման տարբերա՞կը, յստակ է ու մէկին: Ո՛չ ժողովուրդի ըմբոստութիւնը, ո՛՛չ ալ քաղաքական համակարգի տապալումը կրնան այս երկիրը փրկել. ասոնք անիրականանալի քայլեր են, թէեւ փորձուած եւ համտեսուած:

Այո՛, աշխարհիկ կարգերն են լուծման տարբերակը, բայց անոնց իրականացումը` երազներ: Որովհետեւ քաղաքական վերնախաւեր կը ձեւաւորուին լիբանանեան պահուածքով, որ ժառանգն է եղած եղբայրական Ֆրանսայի:

Ու այդ վերնախաւը, այսպէս ըսած, խորունկ պետութիւնը, պիտի շարունակէ վերարտադրել ինքզինք, այլապէս կեղեքել ու յօշոտել ժողովուրդը` յանուն ապագայ Լիբանանի կերտումին:

Արդ, մեծագոյն բացական քաղաքացիական կրթութիւնն է ու անոր յաջորդող պատասխանատուութեան գիտակցութիւնը, ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ:

Լեռներու գագաթին թառած հազարամեայ մայրիներու գեղեցկութիւնը պիտի շարունակեն հրապուրել մեզ այնքան ատեն որ մենք` քաղաքացիներս անդրադառնանք եւ զգաստանանք, որ ամեակները սոսկ թուանշաններ են, երբ անոնց կը պակսին բովանդակութիւն, որակ, նուիրաբերում, երկիր կերտելու իրաւ աշխատանք ու ծրագրաւորում, ապագան տեսնելու կարողութիւն, սեփական շահերու ուրացում եւ ազգային պահուածքի դրսեւորում, տզրուկ եւ վատահամբաւ  անհատներու հրապարակէ չէզոքացում եւ այլն, եւ այլն:

Լաւատեսօրէն, բարի 75-ամեակ, «Լուպան էլ ախտար»:

19-11-2018


Ներլիբանանեան Մարտահրաւէրները Շրջանցելու Միակ Միջոցը (Լիբանանի Անկախութեան 75-ամեակին Առիթով)

$
0
0

ԺԱԳ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի անկախութեան 75-ամեակը այս տարի կը նշենք ներլիբանանեան ճգնաժամի նոր փուլի մը մէջ: Իրականութեան մէջ ներքին քաղաքական տագնապները օր մըն ալ չեն պակսած այս փոքր երկրին մէջ, բայց ներկայ փուլը ամէնէն վտանգաւորն է, իմ անձնական կարծիքովս, Թաէֆի համաձայնագիրի ստորագրութենէն եւ քաղաքացիական պատերազմի աւարտէն ի վեր: Նոյնիսկ աւելի վտանգաւոր է, քան նախորդ ժամանակաշրջանին շուրջ երկու տարի հանրապետութեան նախագահ չունենալը, աւելի վտանգաւոր է նաեւ նախորդ ժամանակաշրջանին շուրջ հինգ տարի խորհրդարանի պաշտօնավարման ժամանակաշրջանի երկարաձգումներէն: Այն ժամանակ գոնէ կար կառավարութիւն մը, որ ստանձնած էր բացակայող նախագահի իրաւասութիւնները եւ լաւ թէ վատ կ՛իշխէր երկրին, եւ կար խորհրդարան, որ թէեւ իր օրինական ժամկէտը աւարտած էր, սակայն հակառակ իր գործունէութեան անդամալուծութեան, տակաւին կը ներկայանար իբրեւ լիբանանցի ժողովուրդին կամքը մարմնաւորող օրէնսդիր իշխանութիւն:

Իսկ հիմա ի՞նչ ունինք գետնին վրայ: Հակառակ ժողովրդավարական հոլովոյթի երկարատեւ կասեցումին, այս տարուան մայիսի 6-ին տեղի ունեցան լիբանանեան խորհրդարանական ընտրութիւնները` Լիբանանի պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով համամասնական դրութեան հիման վրայ: Սակայն, հակառակ նոր խորհրդարանի ձեւաւորման եւ խորհրդարանական պարտադիր խորհրդակցութիւններու հիման վրայ վարչապետ Սաատ Հարիրիի` նոր կառավարութեան կազմութեան յանձնարարութեան ստանձնման, տակաւին 7 ամիսէ ի վեր կառավարութիւնը չէ կազմուած:

Սա կը նշանակէ, որ երկիրը գործադիր իշխանութիւն չունի փաստօրէն, եւ երկրին կառավարման ընթացիկ, նուազագոյն աշխատանքները կը կատարուին նախարարներու պաշտօնակատարներու միջոցով` առանց գործադիրի մակարդակին վրայ մեծ որոշումներ տալ կարենալու: Հետեւաբար  նաեւ, եթէ լիիրաւ գործադիր իշխանութիւն չկայ երկրին մէջ, ուրեմն պիտի կաղայ նաեւ օրէնսդիր իշխանութեան աշխատանքը, որովհետեւ ընդհանրապէս կարեւոր նշանակութիւն ունեցող մեծ օրինագիծերը կամ համաձայնագիրները կառավարութենէն պիտի անցնին խորհրդարան, իսկ խորհրդարանական ընտրութիւններէն մինչեւ հիմա օրէնսդիր իշխանութիւնը զբաղած է միայն անհրաժեշտութեան օրէնսդրութեամբ` արգիլելու համար, որ երկիրը ուղղուի դէպի յաւելեալ անկում, մասնաւորաբար ելեւմտական եւ տնտեսական մակարդակի վրայ:

Մինչ այդ սակայն, Լիբանանը ստանձնած է միջազգային յանձնառութիւններ` իր տնտեսական վիճակը բարելաւելու համար Փարիզի մէջ գումարուած «Սետր» խորհրդաժողովին ընդմէջէն: Այս խորհրդաժողովի որոշումներուն գործադրութեան համար նախապայման է, որ լիբանանեան պետութիւնը ամէնէն արագ ժամանակամիջոցին որդեգրէ ելեւմտական-տնտեսական բարեկարգումներու շարք մը, իսկ այս բարեկարգումները կեանքի պէտք է կոչէ լիիրաւօրէն կազմուած նոր կառավարութիւնը: Այլապէս, եթէ նոր կառավարութիւն շուտով չկազմուի, «Սետր» խորհրդաժողովի ամբողջ իրագործումը առ ոչինչ կրնայ նկատուիլ: Այո՛, «Սետր» խորհրդաժողովին որոշումներուն համաձայն, Լիբանանը վարկային յաւելեալ պարտականութիւններ պիտի ստանձնէ, ինչ որ աւելի պիտի բարձրացնէ երկրին արտաքին պարտքը, բայց միւս կողմէ, ըստ լիբանանցի պետական այրերուն, այս խորհրդաժողովի որոշումները երկրին մէջ դուռ պիտի բանան գործադրելու տնտեսական մեծ ծրագիրներ, որոնք իրենց կարգին պիտի ստեղծեն մօտ 900 հազար աշխատատեղի, ինչ որ մեծ չափով կը շարժէ արդէն իսկ սառած տնտեսական կեանքը:

«Սետր» խորհրդաժողովի որոշումներուն վտանգուած ըլլալէն բացի, 7 ամիսէ ի վեր նոր կառավարութեան կազմուած չըլլալը կը ստեղծէ նաեւ այլ մարտահրաւէրներ, որոնք մեծապէս կ՛ազդեն լիբանանցի քաղաքացիին առօրեային եւ կենցաղին վրայ: Այդ մարտահրաւէրներուն շարքին են աղքատութեան եւ գործազրկութեան համեմատութիւններուն աճը, օրէ-օր ահագնացող ընկերային-տնտեսական հարցերը, նուազագոյն աշխատավարձի անբաւարար ըլլալը` արժանապատիւ կեանք մը ապահովելու համար եւ այլն:

Այս բոլոր հիմնահարցերը, Լիբանանի անկախութեան 75-ամեակի սեմին, պարզ քաղաքացիին մօտ իրաւամբ ստեղծած են այն տպաւորութիւնը, որ երկիրը այդքան ալ անկախ չէ, այլ մեծապէս կախեալ կը մնայ ներքին եւ յաճախ ալ արտաքին ազդակներէ, որոնք կ՛արգելակեն երկրին սահմանադրական հաստատութիւններուն բնականոն գործունէութիւնը: Պարզ քաղաքացիին մօտ նաեւ կայ այն տպաւորութիւնը, եւ իրաւացիօրէն, որ ժողովուրդը շահագործումի կ՛ենթարկուի, եւ երկրին քաղաքական վերնախաւին հոգը նոյնիսկ չէ երկրին ու ժողովուրդին ճակատագիրը:

Վաղը Լիբանանի անկախութեան 75-ամեակն է, եւ տակաւին, 7 ամիսէ ի վեր կառավարութիւն գոյութիւն չունի: Ասիկա առիթ է, որ ժողովուրդը իր ցասումի եւ բողոքի ձայնը բարձրացնէ երկրին մէջ տիրող այս անբնական վիճակին դէմ: Նաեւ ասիկա առիթ է երկրին պետական այրերուն համար, որ լսեն ժողովուրդին արդար պոռթկումի ձայնը, վեր կենան անձնական ու խմբակային շահերէն, թեթեւցնեն համայնքային լարումի հռետորաբանութիւնը եւ երկրին ու ժողովուրդին ազգային շահերը վեր դասեն ամէն նկատառումէ:

Այսօր, Լիբանանի անկախութեան 75-ամեակին, առաջնահերթութիւններու առաջնահերթութիւնը կը մնայ զուտ լիբանանեան արտադրութիւն եղող կառավարութեան մը կազմութիւնը, իսկ ներլիբանանեան մարտահրաւէրները շրջանցելու միակ միջոցն է ազգային միասնականութեան ամրապնդումը, առանց որուն Լիբանանը պարզապէս կը դառնայ պարտադրաբար իրարու հետ ապրող համայնքներու համադաշնակցութիւն: Եւ Աստուած մի՛ արասցէ, որ այդպէս ըլլայ:

 

 

Ազգային Ինքնորոշման Իրաւունքը Տուն Պէտք Է Բերել (Լիբանանի Անկախութեան 75-ամեակին Առիթով)

$
0
0

ԱՐՇՕ ՊԱԼԵԱՆ

Անկախութիւն. անկախ պետութիւն: Զոյգ եզրեր, որոնք հպարտութիւն կը ներշնչեն, քաղաքացիին ճակատը կը բարձրացնեն անզգալաբար, աչքերուն յաւելեալ փայլք կը բերեն եւ ուրախութեան զգացումներով կը համակեն անոր էութիւնը:

Հաւանաբար, սակայն, այս բոլորը կը վերաբերին բնականոն պայմաններու մէջ ապրող երկիրներու, ուր եթէ ամէն ինչ կատարեալ ալ չէ, նուազագոյնը քաղաքացիին տարրական իրաւունքները յարգուած են:

Նիւթին շուրջ դառնալու պէտք չկայ. ընթերցողը վերոնշեալ երկու տողերէն արդէն իսկ կը հասկնայ, որ նիւթը կը վերաբերի Լիբանանին, ուր բնականոն պայմաններ չեն տիրեր, քաղաքացիներուն նուազագոյն իրաւունքները չեն յարգուիր, ինչպէս նաեւ կը վերաբերի Լիբանանի անկախութեան, որուն թուականը կը զուգադիպի այսօրուան:

Ամէնէն ցաւալին այն է սակայն, որ եօթուկէս տասնամեակը այս երկրին համար բաւարար չէ եղած սորվելու քանի մը յստակ իրականութիւն, որոնցմէ են` ազգային համերաշխութիւնը, քաղաքական համախոհութիւնն ու համագործակցութիւնը, ինչպէս նաեւ` ազգային ինքնորոշման տէր ըլլալու կարեւորութիւնը:

Այս բոլորը բանալիներն են Լիբանանի իսկական անկախութեան, ինչպէս նաեւ չափանիշները` պետութիւն դառնալու եւ ոչ թէ մնալու պետութեան նման կառոյց մը, որ ո՛չ ինքզինք կը յարգէ, ո՛չ ալ իր քաղաքացիները:

Լիբանանի անկախութեան 75-ամեակին առիթով նման ժխտական մտորումներ ոչ ոք կը փափաքի կատարել, բայց եւ այնպէս իրապաշտութիւնը իր հակակշիռին տակ կ՛առնէ մտքիդ թելերը եւ չ՛արտօներ, որ դրական մտածումներ ունենաս, բացի եթէ յամառօրէն կառչած մնաս լաւատեսութեան գաղափարին եւ փորձես անպայման գտնել յոյսի նշոյլ մը եւ անոր վրայ կերտես ապագայի տեսլական մը:

Այդ յոյսը գտնելու փորձին մէջ անկարելի է դէպի պատմութիւն չվերադառնալ:

75 տարիներ առաջ այսօր յայտարարուեցաւ Լիբանանի անկախութիւնը, հակառակ անոր որ անկախութիւնը ամբողջացաւ 31 դեկտեմբեր 1946-ին, երբ ֆրանսական ուժերը ամբողջովին հեռացան Լիբանանէն:

22 նոյեմբեր 1943-ը կը խորհրդանշէ նաեւ Լիբանանի ազգային անկախութեան կառավարութեան յիշատակը: Կառավարութիւն մը, որ պայքարեցաւ, մինչեւ որ հանրապետութեան նախագահ Պշարա Խուրի եւ վարչապետ Ռիատ Սոլհ ազատ արձակուեցան 22 նոյեմբեր 1943-ի առաւօտեան, եւ Ֆրանսա ստիպուեցաւ Լիբանանին շնորհել իր անկախութիւնը:

Ինչպէ՞ս ընթացաւ անկախութեան տիրանալու պայքարը: Ա. Աշխարհամարտի աւարտէն ետք Հիւսէյն պըն Ալի յայտարարեց արաբական պետութեան ստեղծումը, որ կ՛ընդգրկէր արաբական բոլոր երկիրները: Այսինքն` օսմանեան կայսրութեան տիրապետութենէն փրկուած արաբական բոլոր երկիրները, ինչպէս նաեւ` Հիւսէյն Մաքմահոնի համաձայնագիրի արաբական այն շրջանը, որ կ՛ընդգրկէր ներկայ Լիբանանի տարածքը: Այս բոլորը կ՛իյնային արաբական նոր պետութեան սահմաններուն մէջ:

Միւս կողմէ, սակայն, Լիբանան ենթակայ էր նաեւ ֆրանսական հոգատարութեան` ըստ Սայքս-Փիքոյի համաձայնագիրին:

Երբ շրջանի ժողովուրդներէն պահանջուեցաւ իրենց ճակատագիրը ճշդել, Լիբանանի քրիստոնեայ համայնքը պահանջեց անկախ պետութիւն մը հիմնել` ֆրանսական պաշտպանութեան ներքեւ:

Այս պահանջին ընդդիմացան Լիբանանի իսլամները, որոնք մերժեցին նաեւ անկախ Լիբանանի գոյութիւնը, որովհետեւ անոնց փափաքն էր, օսմանեան կայսրութեան լուծէն դուրս գալէ ետք, մաս կազմել արաբական նոր պետութեան եւ Ֆայսալ իշխանին գլխաւորած Մեծն Սուրիոյ, որուն մէջ ներառուած էին ներկայ Սուրիան, Լիբանանը, Պաղեստինը, Յորդանանը եւ Իրաքը:

Կար նաեւ այլ պատճառ մը. իսլամները կը մերժէին օտար երկրի մը իշխանութեան կամ հոգատարութեան տակ ըլլալ:

Երեսունական թուականներուն Սուրիական ազգային շարժումը եւ Լիբանանի մէջ անոր իսլամ քաղաքական անձնաւորութիւնները Լիբանանի գոյացութիւնը չճանչցան: Իսկ Ֆրանսայի կառավարութեան եւ Սուրիական ազգային շարժումին միջեւ բանակցութիւններուն ընթացքին Ֆրանսա նախապայման դրաւ Սուրիական ազգային շարժումին` ճանչնալ լիբանանեան գոյացութիւնը, որուն փոխարէն` ինք եւս համաձայնագիրով մը պիտի ճանչնար Սուրիոյ եւ Լիբանանի անկախութիւնը: Ֆրանսական այս նախապայմանը ընդունուեցաւ եւ պատճառ դարձաւ, որ Լիբանանի մէջ կարգ մը իսլամ քաղաքական անձնաւորութիւններու լիբանանականացումին: Անոնցմէ էր, օրինակ, Խէյրէտտին Ահտապը, իսկ ուրիշներ, ինչպէս` Ռիատ Սոլհ եւ Պշարա Խուրի ուղղուեցան համախոհութիւն գոյացնելու իրենց արաբական ինքնութեան պատկանելիութեան եւ լիբանանեան գոյացութիւնը ճանչնալուն միջեւ

Ռիատ Սոլհ կ՛ողջունէ ժողովուրդը

1930-1943 Ռիատ Սոլհի եւ Պշարա Խուրիի, ինչպէս նաեւ անկախութեան կերտման մէջ իրենց ներդրումը ունեցած քաղաքական անձնաւորութիւններ վերոնշեալ թեզը պաշտպանեցին, մինչեւ որ այդ թեզը կոչուեցաւ Լիբանանեան ազգային ուխտ:

Ազգային ուխտին պարտադրած հիմնական տարազը եղաւ այն, որ քրիստոնեաները պէտք էր հրաժարէին Ֆրանսայի պաշտպանութիւնը խնդրելէ, իսկ իսլամները պիտի զիջէին սուրիական – արաբական երկիրներուն մաս կազմելու իրենց փափաքէն:

Այս բոլորը, սակայն, անբաւարար էին Լիբանանի անկախութիւնը իսկապէս յայտարարելու:

Բ. Աշխարհամարտի սկիզբը, Ֆրանսայի կողմէ զգայուն դիրքերու վրայ հակակշիռ պարտադրուելէ ետք, Լիբանանի կառավարութիւնը 1943-ին ֆրանսական հոգատարութեան ներկայացուցչութենէն պահանջեց սահմանադրութիւնը փոխել եւ զայն պատշաճեցնել օրուան տիրող պայմաններուն:

Պշարա Խուրի

Նոյն տարուան 21 սեպտեմբերին Պշարա Խուրի ընտրութիւններէն յաղթական դուրս գալով` դարձաւ հանրապետութեան նախագահ եւ երկրին կառավարութիւնը կազմեց` ընկերակցութեամբ վարչապետ Ռիատ Սոլհի: Զոյգ անձնաւորութիւնները ամբողջական անկախութիւն յայտարարեցին եւ սահմանադրութեան բարեփոխման առաջարկը յղեցին խորհրդարան: Այս որոշումը խստիւ քննադատուեցաւ Ֆրանսական հոգատարութեան բարձրագոյն ներկայացուցիչին կողմէ եւ նկատուեցաւ Ֆրանսան ծաղրելու մարտահրաւէր մը: ֆրանսական հոգատարութեան բարձրագոյն ներկայացուցիչը հրահանգեց սառեցնել երկրին սահմանադրութեան բարեփոխումը եւ ձերբակալեց նախագահն ու վարչապետը, ինչպէս նաեւ` շարք մը նախարարներ ու ազգային ղեկավարներ, որոնց շարքին՝ Ատել Օսէյրան, Քամիլ Շամուն, Ապտել Համիտ Քարամէ եւ Սելիմ Թաքլա, ու զանոնք բանտարկեց Ռաշայայի բերդին մէջ:

Օրին իշխան Մաժիտ Արսլան եւ խորհրդարանի նախագահ Սապրի Համատէ, ինչպէս նաեւ նախարար Հապիպ Ապի Շահլա Լեռնալիբանանի Պշամուն գիւղաքաղաքին մէջ գումարեցին ժողով մը եւ կազմեցին ժամանակաւոր կառավարութիւն, որ կոչուեցաւ Պշամունի կառավարութիւն:

Բնակարանը, ուր յայտարարուեցաւ անկախութիւնը, եւ ուրկէ առաջին անգամ բարձրացաւ Լիբանանի դրօշը, Պշամուն

Պշամունի կառավարութիւնը հաստատեց Լիբանանի անկախութիւնը եւ բարձրացուց Լիբանանի դրօշը` երեք հորիզոնական երիզներով` երկու կարմիր, իսկ մէջտեղը սպիտակ, որուն վրայ պատկերուեցաւ լիբանանեան մայրին:

Այսպիսով, 22 նոյեմբեր 1943-ին յայտարարուեցաւ Լիբանանի անկախութիւնը:

Վերադառնալով Ազգային ուխտին` անիկա անգիր համաձայնութիւն մըն էր, որ 1943-ին կազմակերպեց երկրին իշխանութիւնը: Այդ ուխտը եղած է երկրին շիի, սիւննի եւ մարոնի հեղինակութիւններուն միջեւ: Ազգային ուխտին հիման վրայ է, որ Լիբանան կրցաւ անկախանալ ֆրանսական հոգատարութենէն:

Ազգային ուխտին հիման վրայ ճշդուեցաւ, որ Լիբանանի հանրապետութեան նախագահը մարոնի պէտք է ըլլայ, վարչապետը` սիւննի, խորհրդարանի նախագահը` շիի, խորհրդարանի փոխնախագահը` յոյն ուղղափառ, խորհրդարանին մէջ  քրիստոնեայ ներկայացուցչութեան համեմատութիւնը պիտի ըլլայ 6 առ հարիւր, իսկ իսլամական ներկայացուցչութիւնը` 5 առ հարիւր: Մարոնիները պիտի ընդունին արաբական ազգային ինքնութիւնը` հրաժարելով արեւմտեան ինքնութենէն, իսկ իսլամները պիտի հրաժարին Սուրիոյ միանալու իրենց նպատակէն:

Ազգային ուխտին հիման վրայ մարոնի համայնքը Լիբանանի մէջ մեծ իրաւասութիւններ կը վայելէր, սակայն ժողովրդագրական քարտէսին փոփոխութեան բերումով եւ իբրեւ հետեւանք Լիբանանի մէջ բռնկած քաղաքացիական պատերազմին` մարոնիները կորսնցուցին իրենց իրաւասութիւնները, երբ պատերազմը աւարտեցաւ 1989-ին` Թաէֆի համաձայնագիրի ստորագրութեամբ: Թաէֆի համաձայնագիրն էր, որ ճշդեց, թէ խորհրդարանին մէջ իսլամ եւ քրիստոնեայ երեսփոխաններուն թիւը հաւասար պիտի ըլլայ, ինչպէս նաեւ կրճատեց հանրապետութեան նախագահին իրաւասութիւնները:

Պատմական փաստերու այս մէջբերումին հիման վրայ եթէ փորձենք այսօրուան հետ զուգահեռներ գծել, պիտի տեսնենք, որ 75 տարուան մէջ շատ բան չէ փոխուած երկրին իրականութենէն: Սակայն նուազագոյնը պիտի մաղթենք, որ ազգային միասնականութեան ոգին դարձեալ յաղթէ եւ ինչպէս Ռաշիտ Սոլհի Անկախութեան ազգային կառավարութեան յայտարարութիւնը` յայտարարուի նաեւ Սաատ Հարիրիի Ազգային միասնականութեան կառավարութիւնը, անկախ մէկ կողմէ Սէուտական Արաբիոյ, իսկ միւս կողմէ` Իրանի պարտադրած պայմաններէն:

Օրին քրիստոնեայ եւ իսլամ ընդդիմութիւնը այսօր կը խորհրդանշուի միջսիւննիական հանգոյցով մը, որուն լուծումը երկվայրկեանի հարց է, եթէ կանաչ լոյսերը տրուին:

Իմաստութիւնը, սակայն, կը կայանայ այդ լոյսին կոճակը տուն բերելուն մէջ:

Լիբանանի անկախութեան տօնը միշտ ալ կախարդութեամբ օժտուած է: Անցեալ տարուան կախարդութիւնը այն էր, որ Ռիատի մէջ արգելափակուած վարչապետը հանրապետութեան նախագահին ջանքերով ազատ արձակուի եւ վերադառնայ Պէյրութ ու անկախութեան շքերթի ընթացքին, հայր ու որդիի նման ողջագուրուի նախագահ Աունի հետ:

Սաատ Հարիրի կ՛ողջունէ ժողովուրդը

Կը մնայ սպասել այս տարուան կախարդութեան, որուն հիման վրայ կարելի կ՛ըլլայ հանգուցալուծել սիւննի համայնքի ներկայացուցչութեան թնճուկը եւ ապահովելէ ետք քանի մը նախարարի անունները` կ՛ամբողջանայ կառավարութեան կազմը յայտարարելու գաղտնաբառը:

Կ՛արժէ նաեւ մաղթել, որ հակառակ շրջանային ապակայունութեան եւ երկիրը շրջապատող հրդեհներուն, իր ապահովական կայունութիւնը հաստատած ու անխախտ պահած եւ թշնամի Իսրայէլը իր սատիք ախորժակներուն մէջ խեղդող Լիբանանը ամրապնդէ նաեւ իր տնտեսութիւնը:

Ահաբեկչութեան դէմ մղած թէժ պայքարին համազօր պայքար մը մղէ նաեւ փտածութեան դէմ` ամրագրելով իր ելեւմտական համակարգը, որուն իբրեւ արդիւնք` տարրական կարիքներու լիակատար ծառայութիւն մատուցուի քաղաքացիներուն:

Լիբանանի անկախութեան ադամանդեայ տարեդարձին առիթով` ահա յոյսի նշոյլ մը, որուն հիման վրայ կարելի է բարձրացնել տրամադրութիւնը եւ քաղաքացիին վերադարձնել իր երկրին անկախութեամբ հպարտանալու զգացումը, որովհետեւ անկախութիւնը բոլոր լիբանանցիներուն տօնն է` ի՛նչ համայնքի, քաղաքական կուսակցութեան կամ խմբաւորումի ալ պատկանին անոնք:

Անկախութեան տօնը իր հայրենիքին հաւատացող իւրաքանչիւր լիբանանցիին տօնն է, որ իրաւունք ունի տարին գէթ մէկ անգամ իբրեւ գոհ քաղաքացի ապրելու ազատ ու անկախ ըլլալու հրճուանքը եւ վերանորոգէ իր հողին կառչած մնալու խոստումը` առանց մտածելու արտագաղթի մասին:

 

 

Առաջնորդական Պատգամ` Լիբանանի Անկախութեան 75-ամեակին Առիթով

$
0
0

ՆԱՐԵԿ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
Առաջնորդ Լիբանանի Հայոց

Սիրելի՛ լիբանանցիներ,

Անկախութիւնը հաւաքականութիւններու գոյութիւնը երաշխաւորող եւ ընկերութեան զարգացման նպաստող էական արժէք է, որուն պահպանումը կ՛ենթադրէ հաւաքական պատասխանատուութիւն եւ ազգային գիտակցութիւն:

Լիբանանի ժողովուրդը անկախութեան տէր կանգնելու համար նահատակներ տուած է` դէմ յանդիման կանգնելով Օսմանեան կայսրութեան եւ այլ հաւաքականութիւններու անմարդկային ոճիրներուն եւ ճնշումներուն: Անկախութիւն մը, որուն գինը լիբանանցիները շատ սուղ վճարած են, եւ որուն պատմական արժէքը լաւապէս պէտք է մատուցուի նորահաս սերունդին, որպէսզի երիտասարդները դաստիարակուին անկախութեան հիմնադիրներու ազգանուէր կամքով:

75-ամեայ պետականութիւնը ներքին եւ արտաքին ցնցումներու ենթարկուելով, քաղաքացիական պատերազմի սոսկալի օրերը ապրելով եւ արտաքին թշնամիներու յարձակումներուն ենթարկուելով հանդերձ, կանգուն մնացած է, որովհետեւ խարսխուած է միջհամայնքային համերաշխութեան եւ ներդաշնակ ապրելու սկզբունքին վրայ:

Այսօր ալ Լիբանանը դժբախտաբար դժուարին օրերու մէջ կը գտնուի, եւ ներկայիս աւելի քան երբեք կարիքն ունի երկրի բոլոր համայնքներու համագործակցութեան: Միայն սիրով, փոխադարձ զիջումներով, հաւաքական հասկացողութեամբ եւ ընդհանրական տեսլականով կարելի է անկախութիւնը պահպանել, այլապէս` հատուածականութիւնը, համայնքային նեղ շահերն ու տեղական մտածողութիւնները կրնան գործել այնպիսի աւերներ, որոնց փորձառութիւնը անցեալին ապրած ենք, եւ այսօր մեզմէ ոչ մէկը կ՛ուզէ, որ այդ օրերը վերադառնան:

Այս ծիրին մէջ, Լիբանանահայութիւնը Լիբանանի անկախութեան առաջին իսկ օրերէն ի վեր ե՛ւ գաղափարապէս, ե՛ւ գործնապէս զօրավիգ կանգնած է Լիբանանի անկախութեան պահպանման գրաւականին: Տասնեակ տարիներու ընթացքին լիբանանահայեր տարբեր բնագաւառներու մէջ եւ իրենց կարելիութիւններու շրջագիծին մէջ նպաստած են երկրի տնտեսութեան, արուեստի, մշակոյթի եւ այլ մարզերու զարգացման ճիգերուն: Ինչպէս երէկ, այսօր եւս վստահաբար լիբանանահայութիւնը իր բոլոր կարելիութիւնները ի սպաս պիտի դնէ Լիբանան հայրենիքի ծաղկման եւ պետականաշինութեան ճիգերուն:

Լիբանանի անկախութեան 75-ամեակին առիթով, կը մաղթենք, որ հայրենիքին մէջ գերիշխանութիւնն ու պետականութիւնը պահպանուին, ընկերային-տնտեսական դժուարութիւնները յաղթահարուին, եւ ժողովրդավարութիւնը առաւել եւս ամրագրուի: Հասարակութիւնը կը դիմագրաւէ բազմատեսակ մարտահրաւէրներ, որոնց յաղթահարման համար պետական այրերը անշահախնդիր կերպով պէտք է խօսքի սահմաններէն անցնին հետեւողական, բծախնդիր եւ արդիւնաւէտ աշխատանքի:

Լիբանանի խորհրդանիշ մայրիները մշտադալար են եւ բոլոր արգելքներուն դիմաց մնացած են կանգուն: Թող այդ ամուր ոգին դրոշմուի մեզմէ իւրաքանչիւրի սրտին մէջ, եւ այդ շունչով հաւաքաբար լծուինք անկախութիւնը պահպանելու սրբազան առաքելութեան:

 

22 նոյեմբեր 2018
Պէյրութ-Լիբանան

Ժողովուրդն Է Աղբիւրը Անկախութեան Եւ Ազատութեան

$
0
0

Յ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ

Համաժողովրդային ցնծութեամբ չէ, որ Լիբանան այսօր կը դիմաւորէ անկախութեան 75-ամեակը:

Ընդհանուր դժգոհութեան, յուսաբեկութեան, անտարբերութեան թէ կեղծիքի մթնոլորտ կը տիրէ ամէնուրեք:

Լիբանանցի ժողովուրդին համար այսօր փտածութիւնը, ջուրի եւ ելեկտրականութեան տագնապը, տնտեսական անհեռանկար իրավիճակը, կենսոլորտային խնդիրը, խճողումը, եւ դեռ ազատութիւններու որոշակի կաշկանդումները գերակշիռ դարձած են, քան երկրի անկախութեան տօնը եւ պաշտօնական մակարդակի վրայ կազմակերպուած տօնախմբութիւնները, զինուորական տողանցքը, յուշարձանի կանգնեցումը, ծաղկեպսակներու զետեղումը եւ հրապարակներու դրօշազարդումը:

Համատարած դժգոհութիւն է ամէնուրեք եւ ցասում:

Լիբանանցի քաղաքացին դժգոհ է ամէն ինչէ: Դժգոհ է իր առօրեայէն, գործէն, ընտանիքէն, շրջապատէն, տակաւին երէկ իր քուէով (երբեմն ալ ընտրակաշառքով…) խորհրդարան հասցուցած երեսփոխանէն, քաղաքապետէն, թաղապետէն, պետական պաշտօնեայէն:

Դժգոհ է նոյնիսկ զինեալ ուժերէն: Մէկ օրուան խճողումը միայն բաւարար էր, որ մարդիկ անիծեն ամէն ինչ, ամէն արժէք, ամէն զոհողութիւն:

Ճիշդ կամ սխալ, արդար թէ անարդար, տեղի թէ անտեղի, այս է իրականութիւնը եւ ընդհանուր մթնոլորտը Լիբանանի մէջ, անկախութեան 75-ամեակի այսօրը:

Բուն խնդիրը այլ տեղ է սակայն:

Փաստօրէն 1943-էն ասդին կարելի չէ եղած ստեղծել Լիբանան հայրենիք: Ստեղծուած են հայրենիքանման կղզիներ, հայրենիքներու համադաշնակցութիւն, աւատապետներու գոյակցութիւն:

Կարելի չէ եղած ստեղծել մէկ ու միակ պետութիւն: Իւրաքանչիւր համայնք ստեղծած է պետութեան իր տեսակը` տարբեր անուններու եւ նպատակներու տակ:

Կարելի չէ եղած ստեղծել լիբանանցի քաղաքացիի տիպարը, որուն համար լիբանանեան պատկանելիութիւնը ըլլայ գերադաս ու առաջնահերթ` իր կուսակցական, շրջանի թէ համայնքի պատկանելիութենէն:

Քաղաքացի ու քաղաքական ուժ, որ կարենայ առաջնահերթ նկատել ներլիբանանեան դաշնակցութիւնները, շրջանային թէ անդրովկիանոսեան դաշինքներէ:

Այո՛, 75 տարուան մէջ մենք չկրցանք կերտել միաձոյլ Լիբանան մը` իբրեւ հայրենիք, պետութիւն, քաղաքացի ու հաւատարմութիւն:

Շահագործուեցան կրօնական տարբերութիւնները, համայնքային պատկանելիութիւնները, տարբեր ճակատներու վրայ ինկած նահատակները, տնտեսական դժուարութիւնները, յաճախակի այլեւայլ տագնապները, կրթութեան եւ առողջապահութեան մարզերը, բարգաւաճման ծրագիրները, հաւասարակշռուած զարգացումի սկզբունքը հայրենիքի, պետականութեան եւ քաղաքացիի կերտման անունով, սեփական, նեղ կուսակցական շահեր ապահովելու ու յաճախ նաեւ արտաքին պատուիրատուներու գոհացում տալու համար:

Այս բոլորին գիտակցելով հանդերձ, այսօր պարտաւոր ենք հաւաքաբար նշել Լիբանանի անկախութեան 75-ամեակը:

Տեւաբար կրկնած ենք` անկախութեան տիրանալը դժուար է, սակայն զայն պահելն է հիմնականը:

Դժուար է ազատութեան հասնիլ: Ազատ մնալն ու ազատութիւնը կիրարկելն է հիմնականը: Ազատ ապրիլն է հիմնականը:

Անկախութիւն եւ Ազատութիւն պատասխանատուութիւն կը պահանջէ: Անպատասխանատուութիւնը կ՛առաջնորդէ անկախութեան քանդումին եւ ազատութեան ոտնակոխումին:

Անկախութիւնը երկրի մը նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետն ու քաղաքական աւագանին չեն: Անոնք պետութեան անկախ ու ազատ ապրելու եւ նաւարկելու անհրաժեշտ տարրերն են:

Անկախութիւնը երկրի մը ազատ մտածող ժողովուրդն է` իր բոլոր խաւերով: Ժողովուրդ մը, որ գիտէ իր իրաւունքը եւ կը կատարէ իր պարտաւորութիւնը, ժողովուրդ մը, որ գիտէ ազատութիւնը չշահագործել, այլ զայն դնել ի սպաս իր հայրենիքի զարգացման ու ամրապնդման: Ժողովուրդ մը, որուն քաղաքացիները երբ պայքարին փտածութեան դէմ, կը մերժեն անձնական գործի անօրէնութիւնները, կը մերժեն հակաօրինական աշխատանքները եւ լիբանանեան հասկացողութեամբ «ճարպիկութիւնը»:

Անկախութեան ու ազատութեան պահպանումը լիբանանցի ժողովուրդին հաւաքական պատասխանատուութիւնն է:

Ժողովուրդն է աղբիւրը ե՛ւ անկախութեան, ե՛ւ ազատութեան:

Լիբանանի անկախութեան 75-ամեակին կրնա՞նք այս նոր գիտակցութեամբ դիմաւորել գալիք համալիբանանեան տօները:

Կը յուսանք:

Այլապէս իրա՛ւ անկախութիւնը պիտի չգայ:

 

 

Խմբագրական. Անկախութեան Գաղափարի Գերադասման Համար Կազմել Կառավարութիւնը

$
0
0

Այս օրերուն դժուար է առանց բացասական երանգներ հաղորդելու խօսիլ Լիբանանի անկախութեան մասին: Քաղաքացիական համատարած դժգոհութիւնը` ելեկտրականութեան անլոյծ մնացած հարցերէն, մինչեւ ջուրի տագնապ, մինչեւ արտակարգ խճողում, սղաճ եւ կենսամակարդակի կտրուկ նուազում, անցնելով տարբեր ոլորտներու ենթակառուցուածքային խնդիրներու ձգձգում ու առկախում, կը շարունակեն մութին մէջ պահել լիբանանեան հորիզոնը, հեռանկարը:

Հարցերը հիմնովին փոխկապակցուած են: Կառավարութեան կազմութեան ոդիսականը, մէկ հանգոյցի լուծումին յաջորդող նոր հանգուցաւորումը արդէն համոզած են բոլորը, որ կառավարութիւն չկազմելու պատրուակներու շարքին է, որ ականատես կ՛ըլլայ քաղաքացին: Տուրքեր վճարող, ելեկտրականութեան պետական եւ մասնաւոր հայթայթիչներու բարձր հաշուեցոյցերը վճարող, կենսոլորտային հարցեր դիմագրաւող, ջուրի մայր ընկերութեան տարեկան վճարումներ կատարող, միաժամանակ ըմպելի ջուրի ընկերութեան գումար հայթայթողն ու բեռնատար կառքերով ջուր մատակարարողներուն մնայուն յաճախորդ քաղաքացին է, որ Կոտոյին սպասող կարգավիճակի մէջ լուռ, երբեմն պարագայական պոռթկումներ ունենալով անորոշութեան մէջ կը նշէ անկախութեան տօնը:

Բարձր գիտակցական մօտեցում կը պահանջէ, որ երկրէն մեկնելու պատրաստ կամ առնուազն նման ծրագիրի ուղղութեամբ նախապատրաստուող իր զաւկին հոգեբանութեան եւ դժգոհութիւններուն ծանօթ մարդը կարենայ զանազանել այսօրուան իրադրութիւնները երկրի անկախութենէն, գործող իշխանութիւնները պետականութենէն եւ անկախ երկիր պահպանելու սկզբունքային մօտեցումը` դժուարութիւններու առթած դժգոհ իրավիճակէն:

Պէտք չէ նաեւ ունենալ հարցերու մօտալուտ լուծման խաբկանքը: Երկրի համակարգը սահմանադրականօրէն միջհամայնքային ըլլալով իրողապէս նաեւ կը շարունակէ կրել աւատապետական համակարգի որոշակի շարունակութիւնն ու ազդեցութիւնները: Միջաւատապետական բախումներէն միջհամայնքային առեւտուրներ  խաթարած են երկրի ժողովրդավար կարգերը եւ ստուերած` միջհամայնքային համագոյակցութիւնը:

Նախագահական աթոռի երկարատեւ թափուր մնալէն ետք, թեկնածուի շուրջ համախոհութիւնը, ապա խորհրդարանի քուէարկութեամբ նախագահի ընտրութիւնը, նոր մեկնարկ կ՛ապահովէին այս երկրին: Ընթացակարգը նոր զսպանակումով կը շարունակուէր, անցնելու համար վարչապետի թեկնածուի շուրջ սահմանադրական խորհրդակցութիւններուն եւ յանգելու` վարչապետի նշանակումին: Կը յաջորդէր կառավարութեան նշանակումը: Կը թուէր, որ իրադրութիւններու հեզասահ ընթացք մը ապահովուած է` յոյսին որ հորիզոններ բանալով քաղաքացիներուն առջեւ:

Վարչապետի հրաժարականով ստեղծուած տագնապին դիմաց լիբանանեան քաղաքական դաշտն ու հասարակութիւնը կը վերաբերէին ամենայն զգաստութեամբ, սթափութեամբ եւ խոհեմութեամբ: Վարչապետի պատուիրուած հրաժարականի մերժումով  ամբողջ Լիբանանը տէր կը կանգնէր պատանդուած վիճակի մէջ գտնուող պետութեան երրորդ դէմքին եւ կը պահանջէր անոր վերադարձը:

Համալիբանանեան այս իրերայաջորդ դրսեւորումները կը վերադառնային ի շրջանս իւր, երբ խորհրդարանական ընտրութիւններուն յաջորդած վարչապետի նշանակումէն ետք վերստին կը սկսէր կառավարութեան կազմութեան պարանաձգութիւնը:

Մինչ, ֆինանսատնտեսական վիճակի վատթարացման կանխատեսումները կը սկսէին գրաւել տպագիր, եթերային եւ ելեկտրոնային լրատուադաշտերու բոլոր տիրոյթները:

Անկախութեան գաղափարին նկատմամբ, հակառակ այս բոլոր դժուարութիւններուն եւ տիրող բացասական մթնոլորտին, բոլոր ժամանակներէն աւելի հրամայական է նոր իրավիճակի ստեղծման համար շարունակել սկսած, սակայն ընդհատուած համալիբանանեան քաղաքական կամքի դրսեւորումի շարքը: Աւանդութիւն դարձած խոչընդոտող փուլերը որքան ալ պարտադրուին արտալիբանանեան կեդրոններէ, դժուար կը կայանան, եթէ գոյացած է համալիբանանեան միանշանակ կեցուածքը` շարունակելու սահմանադրական ընթացակարգը եւ չհատելու օրէնսդիր, գործադիր եւ պետական տարբեր բաժանմունքներու ձեւաւորման գործընթացի արգելակող սահմանները:

Այո՛. հարցերը փոխկապակցուած են. վերացնելու համար ահագնացող քաղաքացիական դժգոհութիւնները, անհրաժեշտ է գիտակցիլ անկախութեան գաղափարի գերադասումին, որուն համար ալ անհրաժեշտ է ձեւաւորել, կազմել եւ անյապաղ գործի լծել կառավարութիւնը: Լուծելու համար քաղաքացիներուն կողմէ արդարօրէն բարձրացող խնդիրներու ստուար եւ հետզհետէ աւելի ստուարացող թղթածրարները:

Մոծակի Առօրեայ Առասպել

$
0
0

ՀՐԱՉ ՊԱՐՍՈՒՄԵԱՆ

«Collectif de l’ACT» թատերախումբը «Մոնօ» թատերասրահին մէջ  արաբերէն լեզուով եւ Յակոբ Տէր Ղուկասեանի բեմադրութեամբ ներկայացուց  Արա Արծրունիին «Մժեղը»: Թատրերգութիւնը Թորոնթոյի մէջ բեմադրուած է Զոհրապ Եագուպեանի (2004),  իսկ Երեւանի մէջ Արա Երնջակեանի եւ Արմէն Մեհրաբեանի կողմէ (2005): Այս ելոյթներուն շուրջ անձնապէս որեւէ ակնարկի չեմ հանդիպած:

Թատերագիրը.- Արծրունիի թատրերգութեան  մօտիկ անցեալին անդրադարձած եմ(1): Կու տամ ամփոփում մը: Հեղինակը կազմաւորուած է 60-ական թուականներու ըմբոստ մթնոլորտին մէջ: «Կեղծ աստուածներու» կուռքերը ջարդելու իր հակումը կարելի է վերագրել այդ մթնոլորտին: Իր թատրերգութիւները չունին կուռ գաղափարական համակարգ: Իր որդեգրած անհեթեթի ուղղութիւնը, ցաւօք, կը նշանակէ ժխտական դիրքորոշում` գիտութեան եւ առհասարակ համակարգուած մտքին հանդէպ:

Թատրերգութիւնը.- «Մժեղ»-ին հիմնական բներգը իշխանափոխութիւնն է: Բայց, Արծրունիի պատկերացումով, ատիկա տեղի կ’ունենայ որպէս արդիւնք ոչ թէ ընկերային-քաղաքական ուժերու պայքարին, այլ հիմնուած` «մարդկային բնութեան» թուլութիւններուն վրայ: Դրոյթը, ուրեմն, բնազանցական եւ յոռետեսական է:

Բեմադրիչը, որուն մեկնաբանութիւնը աւելի քան համահունչ է թատերագրի թեզին, քանի մը առիթներով  արտայայտուած է(2): Կու տամ այդ թեզի իմ ընկալումս: Տիտղոսները, իմա` ընկերային դիրքը, կամայական կերպով անհատին կը «հագցուին» շրջապատին կողմէ: «Անուն» ստացող անհատը կը վերածուի իրեն տրուած կարծրատիպ նախակերպարին (prototype) : Այս ելոյթի պարագային անանուն, կորսուած ոչ ոք մը կը վերածուի Նափոլէոնի մը, ընթացիկ իմաստով` փառասէր բռնակալի մը:

Հետաքրքրական զուգադիպութեամբ մը հայրենի Մալեան թատրոնը այս օրերուն (նոյ. 16), Նարինէ Մալեանի բեմադրութեամբ, անգամ մը եւս կը ներկայացնէ Մ. Տըլափորթի «Անունը» ( Matthieu Delaporte , “Le Prénom”,  կամ` «Տրուած կոչումը»), ուր հայր մը իր որդին կ’ուզէ անուանել Ատոլֆ: Նորածինին ընտանիքը ի հարկէ կը սարսափի: Կողքի որմազդին մէջ նկատել աչքերու կապոյտ շպարը եւ իգական վարսայարդարումը:

Ընկերային պայքարներու ընդմէջէն ծնած այրեր պատահաբար չեն հասած ղեկավար դիրքերու: Պէտք է ենթադրել, որ Արծրունի կը ձաղկէ մանր շեֆերու քաշքշուքը` փոքր աթոռներու շուրջ:

Հապճեպ նշանակուած շեֆը կը հրապարակէ իր հապճեպ հնարուած «հիմնադրական առասպելը», որ կը պատմէ թուրի… ներողութիւն, հովանոցի մէկ հարուածով… մժեղ մը սատկեցնելու մասին: Կը թուի, որ Արծրունի կը ձաղկէ հիմնադրական առասպելները առհասարակ, ինչպէս աժդահա Բելի սպանութիւնը` նետի մէկ հարուածով… (3)

Արծրունի քաղաքական-ընկերային միտք չունի: Կը հաւատայ, որ փոփոխութիւնը կը սկսի անհատէն: Անհատն է, որ կ’ընտրէ  ուղղուիլ դէպի աջ կամ ձախ, վեր կամ վար: Այս կրօնաբնազանցական մօտեցում է: Համահունչ է քրիստոնէութեան հիմնադիր տեսաբան սուրբ Աւգուստինոսի (St. Augustine 354-430)  դրոյթին: Այդտեղ ևս անհատը ազատ կամք ունի ընտրելու  չարը կամ բարին: Արծրունիի «Կոնտոլեզիա, իմ սէր» թատրերգութեան մէջ եւս փրկարար «Բան»-ը ակնյայտօրէն կրօնական էր: Ինչպէս Աւգուստինոսի, այնպէս եւ Արծրունիի համար անհատը հակուած է ընտրելու չարը: Բոլորս մեղաւորներ ենք: Ինչպէս Աւգուստինոս, այնպէս եւ Արծրունի յոռետես եղերերգակ մըն է: Ինչպէս սուրբգրային մարգարէները, այնպէս եւ Արծրունին կ’ողբան անկեալ Երուսաղէմը:  Արծրունի անծրագիր բարոյախօս մըն է, ոչ յեղափոխական մը:

Բեմայարդարում, տարազներ եւ այլն.- Ելոյթը տեղի ունեցաւ «Մոնօ»-ի փոքր սրահին մէջ, որ ունի նուազ քան 5մ  լայնք եւ շուրջ 60 աթոռ: Բեմը պարզապէս շարունակութիւնն է սրահին, ակնյայտօրէն նախատեսուած է փորձառական թատրոնի համար:

Բնագրի բեմը բոլորովին դատարկ է: Ատիկա յատկանշական է անհեթեթի թատրոնին: Բեմին վրայ մնայուն կային սեւ խորանարդ մը եւ անուաւոր «hoverboard » մը: Առաջինը կը ծառայէր որպէս ամպիոն, աթոռ եւ այլն: Երկրորդը խորքին մէջ գահ մըն էր, որ իր տէրը փոխեց: Շարժուն գահը կարելի էր հասկնալ որպէս ակնարկութիւն` անկայուն իրավիճակի, եթէ  բեմադրիչը չբացատրէր, թէ  անիւները տրուած էին դերասանին որովհետև ան խառնուածքով ծայրայեղ շարժուն է: Բեմադրիչը տեսակցութեան մը ընթացքին յայտնած էր, որ ներկայացուածը «դերասանի՛ թատրոն» է(3):

Խորքի վարագոյրէն դուրս կու գային արձանագրութեան թափանցիկ գրատախտակ մը եւ տանջանքի աթոռ մը, որ կը յիշեցնէ վատահամբաւ «Garotte»-ը  (Տե՛ս կողքի նկարը):

Բնագրին մէջ չորս կերպարները արական են: Բեմադրիչը որոշած է ուղղահայեաց կերպով ( ոչ գերադաս-ստորադաս) դերերը բաժնել երկու սեռերուն միջեւ: «Երկու սպասուհիներ» եւ «Կոնտոլեզիա» թատրերգութիւններու մէջ իգական կերպարներ տրուած էին տղամարդոց: Անձնապէս չեմ յաջողած բացատրութիւն գտնել: Հանդերձանքը միանման էր: Տղամարդիկ եւս հագած էին բարձրակրունկ կօշիկներ: Բայց եթէ բեմը մանրանկարն էր ընկերութեան, ինչո՞ւ կերպարները պիտի նմանեցուէին այլամոլորկային որձեւէգ միջատներու: Կերպարներու ընկերային դիրքը կ’արտայայտուէր իրենց աչքերու կապտաւուն շպարով: «Ոչ ոք»,  ուրեմն` ոչ մէկ շպար: Շեֆ` ուրեմն առաւելագոյն շպար: Վերը տեսնուած «Անունը» թատրերգութեան որմազդին մէջ Հիթլեր եւս ունի որձեւէգ կերպարանք եւ աչքերու կապտաւուն շպար:  Զուգադիպութի՞ւն:

Որմազդին մէջ կենսաբանութեան թեթև խախտումները (աչքերէն բուսած շօշափուկներ եւ խոշոր արիւնոտ խոց) մժեղին տուած են վախազդու հրէշի տեսք: Ատիկա յարիր է թատրերգութեան բներգին, ուր աննշան միջատի մը կը տրուի անհամեմատ մեծ կարեւորութիւն: Բարի՛:

Յիշեցնեմ, որ փոքր սրահին մէջ դերակատարները կը գտնուէին առաջին շարքերու հանդիսատեսի աչքի մակարդակին վրայ: Լուսաւորումը կը ցցէր կերպարներու դէմքերը: Ինչպէս կողքի ընտրովի լուսանկարը ցոյց կու տայ, եթէ բեմի կարմրաւուն տախտակամածի կեդրոնական մասը վերէն յարատև լուսաւորուած չըլլար, պիտի թուէր, որ դէմքերը կը լողային (խորհրդանշական) մթութեան մէջ: Ափսո՜ս:

Երաժշտութիւնը եւ արտատեսարանային (diagetic) ձայնը սահմանափակ, օժանդակ դեր ունէին: Այսպէս, օրինակ, լսեցինք «suspense» (առկախային, բեմադրիչի բառերով` ակաթաքրիստիական) երաժշտութիւն, երբ կը փնտռէին արիւնոտ թաշկինակին տէրը` յանցագործը. լսեցինք տօնական երաժշտութիւն, երբ տեղի կ’ունենար անանուն մարդու զգեստաւորման ծէսը.  լսեցինք մժեղի գոռ բզզոց, որպէսզի հասկնանք, թէ այդ «չգիտեմ-ինչը» (je ne sais quoi) տակաւին չէ՛ վերացուած, եւ այլն: Բաւարար:

Լեզուական.- Արծրունի յայտնած է, որ կերպարներու անունները կը ցոլացնեն առկայ նուիրապետական կարգը.- Jacobson > Wilson > Essen  (>  = գերադաս): Այդ շարքը հաւանաբար կը բխի հեղինակի հնչիւնային «քիմք»-էն, որովհետեւ չէ հիմնուած պատմական, լեզուաբանական կամ իմաստաբանական տուեալներու վրայ: Ինչ որ է:

Իմ տրամադրութեանս տակ ունիմ բնագրի արեւելահայերէն տարբերակը: Թատերախումբը զայն բաւական յաջող թարգմանած է առօրեայ «լիբանաներէն»-ի, որպէսզի իրականանման ըլլայ: Գաղափարը հաւանաբար այն է, որ անհեթեթը չի խօսիր այլ լեզուով, առօրեան ինքնի՛ն անհեթեթ է:  Այս մասին` մեկնաբանութեան հատուածին մէջ:

Կային շարգ մը թերի թարգմանուած բառեր: Մժեղի դիակին անհետացումը կ’որակուի որպէս «դաւաճանութիւն»: Հարկ էր որ ըլլար` «դաւադրութիւն»: Շեֆը անծանօթը կ’ամբաստանէ «վէճեր» ստեղծելով: Հարկ էր որ ըլլար` «տարակարծութիւն» կամ «անմիաբանութիւն»: Կ’ակնկալուէր, որ վկայեալ ջոկատ մը կարենար ջոկել իմաստի նման երանգներ: Բարեբախտաբար շեղումները սահմանափակ էին եւ էական հետևանք չունեցան ելոյթին վրայ:

Յուրախութիւն բոլորիս` «Մժեղ»-ին մէջ տեղ չեն գտած Արծրունին յատկանշող երկարաշունչ մենախօսութիւնները:

Բնագրէն զեղչուած էին մժեղը սպաննելու համար գործածուած «զէնքերը»` հովանոց մը եւ երեք լրագիրներ: Ասիկա ոչ թէ լեզուական, այլ մեկնաբանական հարց է:  Իրենց գրպաններուն մէջ լրագիր եւ ձեռքերուն մէջ հովանոց կամ ձեռնափայտ կրող տիպարներ պիտի յիշեցնէին 19-րդ դարու «քաֆէ թրոթուար»-ներու կիսամտաւորականները:

Կատարողական.- Խաղարկութիւնը հարկ էր որ ըլլար նուազապաշտ, որովհետեւ հանդիսատեսը մօտ էր բեմին, կրնար նկատել ձայնի, դիմախաղի կամ մարմնի լեզուի փոքր երանգներ: Բեմադրիչը դերակատարներուն թելադրած է հաւատալ, որ իրենց մարմնաւորած կերպարը կու գայ իրական կեանքէ, որ նման մարդոց կարելի է հանդիպիլ փողոցին մէջ: Այլ խօսքով, խաղարկութիւնը կը միտէր ըլլալ «իրականանման», հակառակ անոր որ ներկայացուած կացութիւնները ակնյայտօրէն անհեթեթ են: Այս նիւթին հանգամանօրէն անդրադարձած եմ(4):

Ելոյթը ունէր անկիւնադարձային պահ, որ անանուն մարդու «Նափոլէօն» անուանումն էր: Այդ պահէն ետք տեղի ունեցան երեք կերպարանափոխումներ (Metamorphosis): Առաջինը, ի հարկէ, անանուն մարդունն էր, երկրորդը` երկչոտ ենթակայ Էսսենին, որ վերածուեցաւ խրոխտ դահիճի: Գահընկէց Ճէյքըպսըն ի հարկէ խեղճացաւ: Ինչպէս ենթադրելի է, պատեհապաշտ Ուիլսընը մնաց անփոփոխ, սկսաւ ծառայել նոր շեֆին: Խորքին մէջ ի՛նքն էր «թագաւորներ շինողը»:

Դերակատարները թատերական կրթութիւն ստացած երիտասարդներ են, պարզ է, որ պիտի ըմբռնէին պարզամիտ գործ մը: Սառա Ապտօ աչքի ինկաւ իր 100 տոկոս նուիրուածութեամբ եւ եռանդով: Իրենց բեմական ներկայութեամբ տպաւորիչ էին Անժելա Խալիլը (Անանուն Մարդ) եւ Թոնի Ֆարահը: Անժելան ունի նաեւ գրաւիչ արտաքին եւ հումորի զգացում, իսկ Թոնի Ֆարահը ունի ֆիզիքական մեծ կարողութիւն, որ անհրաժեշտ է արհեստավարժ դերասանին:

Կը թուի, որ Ժոզեֆ Խուրին (Էսսեն) հակամէտ է զաւեշտական դերերու: Տանջամահ եղող շեֆի կողքին կանգնած է ինքնագոհ տրամադրութեամբ` յիշեցնելով նացի կամ օսմանցի սպաներու լուսանկարները դիակներու կողքին: Բեմի յատակին ցանուած էին մեծ թիւով սպիտակ երիզներ, որոնք կը յիշեցնէին ծխիկի մնացորդներ: Ժոզեֆ ջղային, ձախաւեր շարժումներով առ նուազն երեք իսկական ծխիկ վառեց: կը թուի նաեւ, որ արտօնուած է բեմին վրայ ծխել, որովհետեւ իսկապէ՛ս ծխամոլ է, ինչպէս որ Թոնի Ֆարահը մեքենական անիւներ ստացած է, որովհետեւ իսկապէ՛ս «շարժամոլ» է: Բեմադրիչին նշանաբանն է` «Ամէն ինչ ի սպաս դերասանին»:

Յամենայն դէպս խաղարկութիւնը գրեթէ արհեստավարժ մակարդակի էր: Բարի՛:

Մեկնաբանական.- Բեմադրիչը կատարած էր կարգ մը «սրբագրութիւններ»: Վերցուած էին, օրինակ, Արծրունիին նշած «բազմաթիւ անխօս մարդիկը»: Յիշենք, որ «Կոնտոլեզիա»-ի մէջ եւս անխօս դերակատարները վերցուած էին: Այդ աւելի համահունչ է անհեթեթ թատրոնի աւանդներուն: Այլապէս ելոյթը կարելի պիտի չըլլար ներկայացնել փոքր բեմի վրայ:

Թաշկինակի խորհրդանիշը հետաքրքրական է: Առաջին հերթին կը կատարէ անձնագիրի դեր: Անանուն անձը անուան հետ ստացաւ այդ անուան առաջին տառը կրող թաշկինակ: Թաշկինակը պատրուակ մըն էր նաեւ վարկաբեկելու համար մակածութեան  (déduction) դերը եւ այդ ճամբով տրամաբանութիւնը` առ հասարակ:  Թաշկինակները նիւթական իրեր են, իմա` փաստացի տուեալներ: Թատրերգութեան մէջ կարելի չեղաւ այդ տուեալներէն մեկնած` որեւէ հաւաստի եզրակացութեան հասնիլ: Յիշենք, որ նման տեսարան մը կար նաեւ Իոնեսքոյի «Ճաղատ սոփրանօ»-ին մէջ, ուր հանդիսաւոր նիստ մը կը գումարուի քննելու համար դրան խորհրդաւոր զանգի հարցը: Ի հարկէ` ապարդիւն(5): Բեմադրիչը այս մասը ուռճացուցած էր` աւելցնելով գրատախտակ մը, ուր հարցաքննութեան ատենագրութիւնը կ’արձանագրուի: Մենք կը տեսնենք անհասկնալի խծբծումներ եւ անհեթեթ «գիտական» տարազներ(6): Գրատախտակի յաւելումը կը զարգացնէ հեղինակին ասքը: Բարի՛: Թերևս բեմադրիչը այս տեսարանը նկատի ունէր, երբ հարցազրոյցի մը ընթացքին կ’ըսէր, որ «Մժեղ»-ին մէջ «ակաթաքրիստիական բան մը» տեսած է: Բայց Ակաթա Քրիստի ոչ թէ կը վարկաբեկէ ինքնին տրամաբանութիւնը, այլ դիտաւորեալ կերպով կը շեղէ զայն: Այս նիւթին առանձին անդրադարձած եմ(7):

Կար նաեւ ա՛յլ ուռճացում: Բնագրին մէջ անծանօթը մարդը անուն կը ստանայ` առանց ծիսակատարութեան: Արծրունի իր բոլոր թատրերգութիւններուն մէջ մանրամասն ցուցմունքներ կու տայ: «Մժեղ»-ի պարագային, հագուկապի վերաբերեալ նշում չկայ: Բեմադրիչը տեղադրած է 5,5 վարկեան տեւող երաժշտական միջնարար մը, երբ սպիտակ շրջազգեստով (այո՛, անգոյն, անմեղ, անաղարտ) անշպար, անանուն մարդը կը վերածուի սեւազգեստ, շպարուած «իրենցմէ մէկուն»: Ասիկա բաւական երկար հատուած է` նկատի առած, որ ելոյթը միայն 55 վայրկեան կը տեւէ: Աւելցուած էին նաեւ Ճէյքըպսընի վեց թաշկինակներու պաստառի կազմութիւնը եւ այլ տեսարաններ, որոնք ելոյթին մէջ պարզապէս խօսուն մասերու անխօս շարունակութիւններն էին: Մինչդեռ մնջախաղը ունի ի՛ր ձեւաչափերն ու մարմնի լեզուն: Հարկ էր անդրադառնալ այդ նրբութեան:

Մնջախաղի ընթացքին կային հումորային պատկերներ: Օրինակ` կօշիկներ հագցնելէ առաջ անանուն մարդուն ոտքերը «հականեխուեցան», հաւանաբար որպէսզի վերանան «անմեղութեան մանրէները»: Բարի՛:

Կար նաեւ ա՛յլ «սրբագրութիւն» մը: Բնագրին մէջ երեք դերակատարները գահընկէց շեֆը կը սպաննեն կոխկռտելով: Ելոյթին մէջ Էսսեն Կարրոթին (խեղդամահ մահապատժի գործիք) կապուած շեֆը իր ձեռքերով կը խեղդէ: Այդ աւելի յարիր է, որովհետեւ շեֆեր նման «աղտոտ գործերը «կը յանձնեն ստորին դասի գործակատարներու: Էսսեն հաճոյքով կատարեց այդ, ինչպէս վերը տեղադրուած լուսանկարը կը թելադրէ: Բարի՛:

Ելոյթի մէջ կար հիմնական հարցական մը: Լեզուն առօրեայ էր, սովորական, մինչդեռ պատկերները արտասովոր էին, յոյժ պայմանական: Այս ակնյայտ հակասութեան կարելի է տալ ժխտական կամ դրական մեկնաբանութիւն: Այդ կախեալ է մեկնաբանողի մեկնակէտէն:

Բեմադրիչը աւելի պապական է քան` պապը, իմա`աւելի  «անհեթեթապաշտ», քան` Արծրունին: Հետևաբար ելոյթը աւելի զտարիւն անհեթեթ էր, քան` բնագիրը: Թատերական, արհեստագիտական առումով, ատիկա դրական է: Կը մնայ հարցի ընկերային-քաղաքական երեսը:

Հուսկ բանք.-  Արծրունիի թատրոնին հարկ է մօտենալ մեծ վերապահութեամբ, առնուազն` երկու պատճառներով:

Նախ այն, որ անհեթեթ ուղղութեան տուն տուող պատճառները շատոնց վերացած են: Անհեթեթը կը ձաղկէ, օրինակ, գիտական գոռոզ տրամաբանութիւնը: Ատիկա հակազդեցութիւն էր լուսաւորութեան դարուն սկսած եւ մինչեւ 20 դարու առաջին տասնամեակները շարունակուած մեքենապաշտ, պարզապաշտ (Reductionist) մտայնութեան: Ատիկա այլեւս հիմնովին վարկաբեկուած է թէ՛ գիտական և թէ՛ իմաստասիրական առումով: Ասիկա առանձին նիւթ է: Հիմնովին վերատեսուած են նաեւ լեզուական տեսութիւնները: Արծրունիի անհեթեթը, ինչպէս անգլիական առածը կ’ըսէ «աքացի կու տայ սատկած ձիուն» (Kick a Dead Horse) (8):

Աւելի լուրջ է քաղաքական երեսը: Արծրունիի ընկերաբանական տեսութիւնները, մեղմ ասած, պարզամիտ են, որեւէ կերպով չեն հիմնաւորուած: Առաջին հերթին նախնական ընկերութիւնները երբեք հաւասարապաշտ (egalitarian) չեն եղած, ընդհակառա՛կն, նուիրապետական դասակարգումը եղած է շատ աւելի անողոք(9): Միաստուածեան կրօններն իսկ (որոնք ունին նուազ քան 4 հազար տարուան պատմութիւն), կ’օրինականացնեն տէրերու եւ ծառաներու գոյութիւնը: Չկա՛յ իտէալական անաղարտ անցեալ, որ ապականած է ներկայիս: Հաւասարապաշտ գաղափարները սկսած են յօրինուիլ վերածնունդի դարուն որպէս գաղափարական զէնք` աւատապետութեան դէմ: Գործադրութիւնը դեռ կը յամենայ… :

«Մժեղ»-ին եւ «Կոնտոլեզիա»-ի մէջ մենք կը տեսնենք, որ տեղի կ’ունենայ «իշխանափոխութիւն», բայց էապէս ոչինչ կը փոխուի ընկերային կարգավիճակին մէջ: Պարզապէս «շեֆ» մը կը փոխարինուի այլ «շեֆ»-ով մը:  Արծրունի չունի քաղաքական միտք: Իսկական իշխանաւորները ոչ թէ «շեֆ»-երն են, այլ` այն ուժերը, որոնք կը տիրեն երկրի տնտեսութեան: Շեֆերու փոխարինումը ոչինչ կը փոխէ գետնի վրայ, ժողովրդավար ընտրութիւնները վկայ:

Արծրունիի հիմնական բացթողումը այն է, որ հարցերը կը տեսնէ անհատական, հոգեբանական գետնի վրայ: Կը հաւատայ նաեւ «մարդկային բնութեան», որ ի հարկէ անփոփոխ մնացած է` Ադամ եւ Եւայէն սկսած: Այս բոլորի համադրումը կը տանի յոռետեսութեան, այն եզրակացութեան, որ էապէս ոչինչ կարելի է փոխել: Այս մօտեցումը, ընկերային առումով, վնասակար է, որովհետեւ կը բացառէ յեղափոխութիւնը:

Այս նկատողութիւնները անգամ մը եւս կը յանձնեմ Համազգայինի «Գասպար Իփէկեան» թատերախումբի վարչութեան ուշադրութեան:

Ցնոր… ներողութիւն, ցյաջորդ տեսութիւն:

————————-

1.- «Հաւատք անյոյս եւ սէր»  Ա. եւ Բ. – «Ազդակ», 7 եւ 8  յուլիս 2018:

2.- Հարցազրոյց, Արա Արծրունիի «Մժեղը» լիբանանեան բեմին վրայ, «Ազդակ», 2 նոյ 2018:

3.- Տեսակցութիւն «Վանայ ձայն»-ի հետ:

4.- «Կատարողական քառուղիներ», Ա., Բ., եւ Գ.,  «Ազդակ» 30 յուլիս, 31 յուլիս 1 օգ. 2018:

5.- «Ճաղատ սոփրանոն», «Ազդակ», 14 յունիս 2013:

6.- Ի բաց առեալ մէկէն, որ բեմադրիչը որպէս հանաք փոխ առած էր ինձմէ:

7.- «Առկախի թատրոնը», «Ազդակ», 30 յունուար 2018:

8.- Ի դէպ, Sam Shepard 2007-ին այդ վերնագրով թատրերգութիւն մը հրատարակած է:

9.- Կենդանական աշխարհին եւ ցեղախումբերու մէջ կայ խիստ նուիրապետութիւն: Կայ նաեւ կատաղի պայքար Ալֆա (Այբ) դիրքին շուրջ, որովհետեւ Ալֆան արուն ունի սերնդագործելու մենաշնորհ եւ սննդառութեան առաջնահերթութիւն: Ֆեմինիստներուն կը թելադրեմ ուսումնասիրել բորենիներու «հասարակութիւնը»:

 

Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութեան 100-Ամեակ Արամ Մանուկեանի Մահուան Առիթով «Աշխատանք» Թերթին Բացառիկ Թիւը Եւ Արամի Յուղարկաւորութիւնը

$
0
0

ՅԱՐՈՒԹ ՉԷՔԻՃԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի պաշտօնաթերթ «Աշխատանք»-ը Երեւանի մէջ լոյս կը տեսնէ (որոշ ժամանակ միա՛յն արեւմտահայերէնով, ապա աւելի ուշ` երբեմն նաեւ արեւելահայերէն յօդուածներ հրատարակելով) 4 մայիս 1916-էն սկսեալ, մինչեւ13 սեպտեմբեր 1919, նախ չորեքշաբթի եւ շաբաթ օրերը, ապա 1919-ին երկօրեայ` իբրեւ շարունակութիւն Վանի մէջ 1909-1915 լոյս տեսնող նոյնանուն ՀՅԴ պաշտօնաթերթին` «Օրգան ՀՅԴաշնակցութեան Երկրի Կեդրոնական կոմիտէի»: Խմբագիրներն էին յաջորդաբար Մատթէոս Աւետիսեան, Արամ Մանուկեան, Օննիկ Մխիթարեան եւ Հմայեակ Մանուկեան: «Աշխատանք»-ին եւ «Զանգ»-ին (ՀՅԴ պաշտօնաթերթ, 9 նոյեմբեր 1917-էն 27 փետրուար 1919) կը յաջորդէ «Յառաջ» օրաթերթը, որուն առաջին թիւը լոյս կը տեսնէ 20 սեպտեմբեր 1919-ին:

«Աշխատանք»-ի առաջին թիւը

«Իբրեւ (ներքին գործոց) նախարար Արամ ժողովուրդին սիրելին էր: Ան զուսպ ու համեստ կեանք կ՛ապրէր: Անոր նորակազմ ընտանիքը ոչինչով կը տարբերէր հասարակ ժողովուրդէն: Անմռունչ կը կրէր ժողովուրդին ցաւերն ու դժուարութիւնները: Հրաժարած էր բոլոր առանձնաշնորհումներէն, որոնցմէ կառավարութեան անդամները կրնային օգտուիլ: Հրաժարած էր նաեւ ծառայողական ինքնաշարժէն: Վանի մէջ, երբ իրեն կ՛այցելէ ընկերը` ականաւոր գործիչ Ռուբէն Տէր-Մինասեանը, կը զարմանայ անոր կենցաղավարութեան վրայ: Հետագային Ռուբէնը իր յուշերուն մէջ գրած է. «… Չորս պատ, չորս աթոռ, ո՛չ սեղան, ո՛չ էլ մահճակալ… »: Նոյնքան անշուք էր Երեւանի բնակարանը: Երբ ընկերները այդ մասին դիտողութիւն կ՛ընէին, ան կը պատասխանէր` «Դատարկ բաներով մի՛ մտահոգուէք» (1):

Եւ այսպէս, հզօր, բայց համեստ հսկան «անմռունչ կը կրէ ժողովուրդին ցաւերն ու դժուարութիւնները» եւ կը մահանայ, վարակուելով իր ժողովուրդէն շատերուն նման, բծաւոր տիֆ համաճարակէն, որ վարակած էր Հայաստանը: Մահուան գոյժը սուգի կը մատնէ համայն հայ ժողովուրդը:

Իր խմբագրած «Աշխատանք» թերթը մահուան առիթով 12 փետրուար 1919-ին կը հրատարակէ 52 էջ ծաւալուն բացառիկը (2), ուր գրութիւններ ունին օրուան պետական, կուսակցական գործիչներ, ընկերներ եւ սգակիցներ: Օննիկ Մխիթարեանը այսպէս կը սկսի բացառիկին առաջին յօդուածը.

«Մահը խլեց մեզմէ նաեւ Արամը…

«Ռոստոմի մահէն ետք Արամի կորուստը կատարեալ աղէտ մըն է: Անփոխարինելի կորուստ մը հայ ժողովուրդին, Հայ յեղափոխական դաշնակցութեան եւ մանաւանդ Վասպուրականի հայութեան համար:

«Աշխատանք»-ի բացառիկ թիւը եւ բովանդակութիւնը

«Արամը մեր կեանքի սիւնն էր, հոյակապ ու հաստատ, որ ամուր կը պահէր մեր դիմադրական շէնքը, մեր կազմակերպութիւնը, մեր ժողովուրդին հասարակական պաշտպանութեան եւ յարատեւ աշխատանքի գործը:

«Իր կեանքի ամբողջ կենսունակ երիտասարդութիւնը, իր բովանդակ կեանքը ան նուիրեց Հայ դատին, հայ ժողովուրդի մեծ տառապանքին` հանդիսանալով հայ վիշտի, հայ ազատամարտի եւ հայ ստեղծագործ աշխատանքի մարմնացումը, անոր ոգին… »:

Ստորեւ ամբողջութեամբ կը ներկայացուի 44-րդ էջի «Արամի մահն ու թաղումը» հաղորդագրութիւնը` կարգ մը տեղեր ամբողջացնելով զայն «Զանգ» թերթի Մ. Աւետիսեանի «Արամի թաղումը» թղթակցութեամբ, պարբերութիւնները` «Զանգ»  գրութեամբ մատնանշուած եւ արեւմտահայերէնի վերածուած (3):

«Դաշնակցութեան նախահայր Ռոստոմի մահէն ետք, միաժամանակ, յունուար 29-ի կէսօրին, ժամը 2:30-ին Դաշնակցութեան միջին սերունդի լաւագոյն ներկայացուցիչ Արամի մահը պատահեցաւ, որ շանթահարեց Երեւանի ընկերներն ու հասարակութիւնը:

«Անմիջապէս Դաշնակցութեան բարձրագոյն, տեղական եւ Արեւմտահայ մարմինները յայտարարեցին յատուկ մահագոյժեր:

«Նոյն օրը ժամը 6-ին (18:00), այդ յայտարարութիւններուն համաձայն, տեղի ունեցաւ ամբիծք* հանգուցեալին բնակարանը, ուր ներկայ էին կուսակցական բոլոր մարմինները` ամբողջական կազմով, նախարարներն ու կառավարութեան անդամները:

«Նոյն երեկոյեան ժամը 7-ին «Աշխատանք»-ի խմբագրատան մէջ տեղի ունեցաւ արեւմտահայ դաշնակցական մարմիններու ներկայացուցչական ժողովը, որ որոշեց.

Ա. Պսակներ զետեղել Վասպուրականի Դաշնակցութեան, «Աշխատանք» թերթի, ինչպէս նաեւ «Վասպուրականի Հայ կանանց միութեան» կողմէ:
Բ. «Վասպուրականի Հայ կանանց միութեան» յանձնարարել, որ թաղման օրուան համար պատրաստէ սուգի յատուկ նշաններ` Վասպուրականի դաշնակցականներուն համար:
Գ. Արամի յիշատակին իբրեւ սգապսակ` հրատարակել «Աշխատանք»-ի բացառիկ թիւ:
Դ. Թաղման օրը արեւմտահայ Դաշնակցութեան կողմէ ունենալ երկու պատգամաբեր` Գրիգոր Պուլկարացի եւ Օննիկ Մխիթարեան:
Ե. Թաղման օրը դագաղին առջեւէն տանիլ Վասպուրականի Դաշնակցութեան դրօշակը:

«Հինգշաբթի, յունուար 30-ի երեկոյեան ժամը 7:30-ին խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի սենեակին մէջ ընկ. Սիմոն Վրացեանի նախագահութեամբ հրաւիրուեցաւ դաշնակցական բոլոր մարմիններու ժողովը, ուր որոշուեցաւ.

Ա. Արամի թաղումը կատարել շաբաթ օր (1 փետրուար 1919, ըստ օրացոյցին), առաւօտեան ժամը 11:00-ին, նոր գերեզմանատան Դաշնակցութեան պանթէոնին մէջ:
Բ. Պսակներ զետեղել դաշնակցական մարմիններուն կողմէ:
Գ. Դաշնակցութեան դրօշակը մէկ շաբաթ (կէս) բարձրացած պահել Դաշնակցութեան տան վրայ:
Դ. Հրատարակել «Զանգ»-ի բացառիկ համար:
Ե. Հիմնել Արամի անուան ֆոնտ:

«Այս առթիւ ժողովը տեղեկացաւ կարգադրիչ կոմիտէի կազմի մասին, որ ընտրուած էր նախարար (Ալեքսանդր) Խատիսեանի կողմէ:

Սուրբ Պօղոս-Պետրոս եկեղեցին` 5-6-րդ դար, Երեւան, 1931-ին խորհրդային իշխանութեան կողմէ քանդուած:

«Փետրուար 2-ին (վրիպում է` փետրուար 1-ին, ըստ որոշումին, օրացոյցին եւ «Զանգ» թերթին) տեղի ունեցաւ յուղարկաւորութիւնը եւ թաղումը»:

«Զանգ». «Փետրուար 1-ին Երեւանի բոլոր պետական հիմնարկութիւններն ու հաստատութիւնները փակ էին, որովհետեւ այդ օրը հողին պիտի յանձնուէր հայ ժողովուրդի մեծ զաւակներէն մէկը` ներքին գործոց նախարար Արամ Մանուկեանը: Յուղարկաւորութենէն առաջ Պօղոս-Պետրոս եկեղեցւոյ (5-6-րդ դար, Երեւան, այժմու «Մոսկուա» շարժապատկերի սրահին վայրը, Աստաֆեան, այժմ Աբովեան փողոց, 1931-ին խորհրդային իշխանութեան կողմէ քանդուած) դիմաց, Աստաֆեան փողոցի երկայնքին շարուած ու շղթայ կազմած էր ոստիկանական խումբը, բազմութեան առջեւ կանգնած էր ձիաւոր զօրքը մէջտեղը` ծաղիկի պսակներով զարդարուած թաղման ինքնաշարժը, որուն վրայ կը ծածանէր Դաշնակցութեան սեւ երիզով դրօշը, իսկ ինքնաշարժին շուրջը հետիոտն զօրքը եւ վերջաւորութեան թնդանօթաձիգներու խումբը` իրենց թնդանօթներով»:

«Զանգ». Խուռն բազմութիւնը կանգնած էր Աստաֆեան փողոցի երկարութեամբ եւ լեցուցած էր եկեղեցին ու գաւիթը: Թաղման սգերթին մասնակցելու եկած էին պետական հիմնարկութիւններու, ուսուցչական խումբերու, բարեգործական, կրթական այլ հիմնարկութիւններու, պարբերական հրատարակութիւններու, արհեստակցական միութիւններու, զինուորական գունդերու, զանազան գաւառական համայնքներու ու խումբերու, աշակերտական միութեան, քաղաքական կուսակցութիւններու, կանանց միութիւններու եւ տաճկահայ զանազան ընկերութիւններու, կազմակերպութիւններու ու միութիւններու ներկայացուցիչները: Բազմահազար ժողովուրդին ներկայութիւնը իսկական վկայութիւն էր Արամի մեծ ժողովրդականութեան»:

«Ամբողջ եկեղեցական դասը, առաջնորդ Խորէն եպիսկոպոսի նախագահութեամբ, կը կատարէր պատարագի խորհուրդը Ս. Պօղոս-Պետրոս եկեղեցիին մէջ:

«Արամի դագաղը շրջապատուած էր ցինկով,   դրուած էր եկեղեցւոյ կեդրոնը, ծածկուած բազմաթիւ պսակներով. հազարաւոր ժողովուրդը եկած էր վերջին յարգանքը մատուցելու Արամին:

«Պատարագի խորհուրդէն ետք սրտառուչ դամբանական մը արտասանեց պատարագիչ Խորէն (Մուրատբէկեան, Երեւանի առաջնորդ, ապա` կաթողիկոս) եպիսկոպոսը` վեր առնելով Արամի ժողովրդական մեծութիւնը եւ դերը, զոր ան ունեցաւ մեր ազատագրութեան գործին մէջ»:

«Զանգ». Զանգակներու տխուր ղօղանջը սգաւոր բազմութեան յայտնեց արարողութեան աւարտը եւ զինուորական նուագախումբի մահերգը բազմութիւնը դէպի առաջ շարժեց»:

«Այնուհետեւ դագաղը իր սիրելի վանեցիներուն ուսերուն վրայ դուրս բերուեցաւ եկեղեցիէն հետեւեալ կարգով. թափօրի առջեւէն կ՛երթար ձիաւոր միլիցիական (ոստիկանական) գունդը, որմէ ետք ձեռամբարձ կը տարուէր դագաղին կափարիչը, ապա Դաշնակցութեան դրօշակներ, Վասպուրականի Հայ կանանց ասեղնագործ դրօշակը եւ Միութեան վահանակը նուիրուած միութեան հիմնադիր Արամին, որմէ ետք` շղթայ կազմած միութեան անդամուհիներ եւ Արեւմտահայ օրիորդաց եւ աշակերտներու (ու որբերու) խումբերը իրենց ուսուցիչներով, ապա եկեղեցական դասը Խորէն եպիսկոպոսի գլխաւորութեամբ, որմէ ետք Արամի դագաղը պսակներով շրջապատուած եւ մինչեւ գերեզմանատուն բացառապէս վանեցիներու ուսերուն վրայ, ապա պաշտօնակիցները, ապա` հետիոտն զօրքը, իսկ ամէնէն վերջը կառավարական ինքնաշարժ մը` ամբողջովին ծածկուած սեւերով եւ բազմաթիւ պսակներով: Եւ այնուհետեւ` հազարաւոր ժողովուրդ եւ վերջաւորութեան թնդանօթաձիգ խումբը:

«Աշխատանք» 12-2-1919                                    «Զանգ» 9-2-1919

«Զանգ». Խուռն բազմութիւն մը կուտակուած էր դագաղը իր ուսերուն վրայ կրելու համար, կարգապահները հազիւ հնարաւորութիւն ունէին սգերթի կարգը պահելու եւ, իրապէս, չէ՞ որ Արամը իր ամբողջ կեանքի ընթացքին իր կարող ուսերուն վրայ հայ ժողովուրդին ճակատագրական դառնութիւններուն ամբողջ ծանրութիւնը կրած էր»:

«Թափօրը այդ կարգով հասաւ Դաշնակցութեան տան առջեւ (Աբովեան փողոց), որուն պատշգամէն Արեւելեան Բիւրոյի կողմէ ընկ. Նիկոլ Աղբալեանը արտասանեց հոյակապ ճառ մը` բնորոշելով Արամի ամբողջ էութիւնն ու մեծ դերը` Վանի եւ Երեւանի մեր պատմութեան մէջ:

«Զանգ». Ամփոփ կերպով ան ներկայացուց Արամը` ՀՅ Դաշնակցութեան մէջ, որուն առաջին շարքերուն գործած էր, նաեւ Դաշնակցութիւնը` իբրեւ հայ ժողովուրդի գեղեցիկ իտէալներուն եւ ձգտումներուն հարազատ մարմնացումն ու ամբողջութիւնը»:

«Զանգ». «Արեւմտահայ եւ Վանի դաշնակցական մարմիններուն կողմէ խօսք առաւ «Աշխատանք»-ի խմբագիր ընկ. Օննիկ Մխիթարեանը` ցաւ յայտնելով Վանի մէջ յեղափոխութիւնը դարբնող մեծ ուսուցիչին մահուան առթիւ. «Արամը չկայ, այլեւս ինչպէ՞ս պիտի վերադառնանք ցաւի ու աւերի հայրենիքը, ինչպէ՞ս պիտի վերստեղծենք այն բոլորը, որ այժմ սեւ ձեռքերով կործանած են, մենք որբեր ենք հիմա, չունինք մեր առաջնորդ Մովսէսը, որ Կարմիր ծովը պատռելով` դարձեալ պիտի առաջնորդէր մեզի աւետեաց երկիրը: Այլեւս ինչպէ՞ս հայ գեղջուկը իր աւերուած հայրենիքը պիտի վերադառնայ, երբ Արամը չկայ, այն կարող ու զօրեղ ձեռքը, որ ցոյց պիտի տար` ի՛նչ կերպով պիտի վերաշինէր քանդուած օճախը եւ մարած կրակը վերստին վառէր»:

«Վէսպէրը (բանաստեղծ) Վարուժանէն (Դանիէլ) արտասանեց` միաժամանակ ցոյց տալով Արամին դերը երկրին մէջ: Այնուհետեւ նոր սերունդին կողմէ խօսք առաւ ընկ. Դաւիթ Մելիք Դադայեանը` երախտագիտութեամբ խոնարհելով Արամին եւ անոր նման բոլոր նահատակներուն առջեւ:

«Զանգ». «Թափօրը յառաջացաւ ու կանգ առաւ խորհրդարանին առջեւ, որուն պատշգամէն կառավարութեան կողմէ խօսք առաւ խնամատարութեան եւ ներքին գործոց նախարարի պաշտօնակատար` նախարար (Ալեքսանդր) Խատիսեանը, որ շեշտեց, թէ Արամի մահը ի՛նչ մեծ կորուստ է կառավարութեան համար, թէ` որքան ծանր եղած է գործել այնպիսի նորակազմ կառավարութեան մէջ, որ իր գոյութեան սկիզբէն շրջապատուած էր հազար ու մէկ խոչընդոտներով, եւ որուն գործունէութեան ծրագիրը անորոշ դարձած էր տիրող քաղաքական յեղ յեղուկ պայմաններուն պատճառով: Սակայն Արամը եղած է այն խոհուն, գործունեայ անդամներէն մէկը, որ երբեք չէ կորսնցուցած իր հոգեկան հաւասարակշռութիւնը եւ ամենածանր փորձութիւններէն դուրս եկած է պարզերես ու պահուն իմաստը իսկութեամբ ըմբռնող»:

«Զանգ». ՀՅԴ Երեւանի կեդրոնական կոմիտէին եւ խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան կողմէ Հայկ Սարգսեանը վեր առաւ Արամի գործօն ու կենդանի մասնակցութիւնը կոմիտէին մէջ` երբեմն անոր տուն տուողը հանդիսանալով: Նոյն պատշգամէն Վանի, արեւմտահայերու նոր սերունդին եւ  որբերուն կողմէ երախտագիտութեան ջերմ խօսքեր արտասանեց ընկ. Ոստանիկը: Ապա թափօրը Բագարնայա (այժմ` Խորենացի), Արխիտեկտորսկայա փողոցներով հասաւ Մոլոկանսկայա (Քրիստափոր) փողոց` ուղղուելով դէպի Միլեր գերեզմանատան ճամբան (այժմ` Արշակունեաց փողոց, իսկ գերեզմանատունը խորհրդային տարիներուն վերացուած` այժմու Կոմիտաս այգիին վայրն էր (4)): Բազմահազար ժողովուրդը, հակառակ ցուրտին, կը շարունակէր ուղեկցիլ հանգուցեալի դագաղին. ցաւը մեծ էր եւ ընդհանրական»:

«Գերեզմանատան մէջ թաղումէն առաջ խօսք առաւ վարչապետ (Յովհաննէս) Քաջազնունին` վերլուծելով կեանքի ու մահուան եւ մարդու մահէն ետք հոգիի անմահութեան գաղտնիքը:

«Զանգ». Ընկ. Քաջազնունին շեշտեց, թէ որքա՜ն ցանկութիւններ անկատար ձգած` Արամը անժամանակ կը հեռանայ մեզմէ դէպի յաւիտենականութիւն, խոր կսկիծի մէջ ձգելով բոլորս: «Գնա՛, ընկ. Արամ, գնա՛, սիրելի՛ եղբայր: Դուն ժողովուրդին հանդէպ քաղաքացիական պարտքդ կատարեցիր, եւ երբ ես ալ կու գամ քովդ, քեզ կը գտնեմ, սիրելի ընկեր, յաւիտենականութեան մէջ, յոյս ունիմ, որ ուրախ լուրեր կու տամ քեզի քու թշուառ հայրենիքէդ, որուն բարօրութեան գործին նուիրեցիր քու ամբողջ գոյութիւնդ»:

«Թնդանօթներու եւ հրացաններու համազարկերու որոտին տակ հողին յանձնեցին Արամը Դաշնակցութեան պանթէոնին մէջ, (նախարար Խաչատուր) Կարճիկեանին քով, ու հայ ժողովուրդը հրաժեշտ տուաւ Արամի թարմ գերեզմանին»:

Այնուհետեւ, խորհրդային տարիներուն գերեզմանատան վերացման պատճառով, իր այրին` Կատարինէն, գաղտնօրէն, գիշերով, անոր աճիւնը կը տեղափոխէ «Կոզեռնի» գերեզմանատուն, որ 1930-ին քաղաքապետարանի որոշումով նաեւ կը վերցուի եւ կը վերածուի ներկայի «Սիրահարներու» այգիին: Կատարինէն անոր աճիւնը կրկին գաղտնօրէն կը տեղափոխէ այս անգամ Երեւանի «Թոխմախ» կոչուող կեդրոնական գերեզմանատունը, ուր ան կը «հանգչի» ներկայիս:

Արամ Մանուկեանի աճիւնը արժանաւորապէս եւ վերջնականապէս պէտք է հանգչի Եռաբլուրի մէջ:

4 Նոյեմբեր 2018

—————————————

* Ամբիծք = հոգեհանգստեան կարգ հանգուցեալի բնակարանին մէջ:

(1)  https://hy.wikipedia.org/wiki/Արամ_Մանուկեան

(2)  «Աշխատանք» Դ. տարի, թիւ 4, 12 փետրուար 1919, Արամ Մանուկեանի նուիրուած բացառիկ հրատարակութիւն, «Էլէքտրաշարժ» տպարան մայր աթոռոյ Ս. Էջմիածնի, 52 էջ:

(3)  «Զանգ» Գ. տարի, թիւ 16, 9 Փետրուար 1919, Երեւան, էջ 3:

(4)  http://www.aztagdaily.com/archives/280448

 


Ծանուցողական Հաղորդագրութիւն. Մխիթարեան Վարժարանը Խօսքը Կը Վերածէ Գործի

$
0
0
Համագործակցութիւն Ֆինլանտայի Ուսումնական Համակարգին Հետ

Ռաուտայի Մխիթարեան վարժարանը իր առաքելութեան սկզբնաւորութեան եւ իր անդրանիկ ուսումնական տարեշրջանի նախօրեակին խոստացաւ իր աշակերտներուն տրամադրել կրթական գերազանցութիւն: Ի կատարումն եւ գործադրութիւն իր այս յանձնառութեան եւ վարժարանի ուսումնական հիմք ընդունելով ֆինլանտական կրթական սկզբունքները` Մխիթարեան վարժարանէն պատուիրակութիւն մը գործուղուեցաւ Ֆինլանտա, որ կը համարուի կրթական աշխարհին մէջ առաջին հորիզոնականը գրաւող երկիրը: Մխիթարեանը եղաւ Լիբանանի մէջ առաջին վարժարանը, որ որոշեց օգտուիլ ֆինլանտական կրթական սկզբունքներէն` աւելի մօտէն ծանօթանալով անոնց կիրարկած մեթոտներուն:

Պատուիրակութիւնը կ՛ընդգրկէր Մխիթարեանի տնօրէն Ռիթա Պոյաճեանը, վարժարանի կրթական համակարգող Մէյրի Ղազարեան- Կիւրիւնլեանը եւ Մխիթարեան միաբանութեան Լիբանանի եւ Միջին Արեւելքի մեծաւոր Մեսրոպ ծ. վրդ. Սիւլահեանի օգնական Նարեկ Ճենանեանը:  13-17 նոյեմբեր երկարող այցելութեան ընթացքին պատուիրակութեան անդամները դիտարկումներ կատարեցին Ֆինլանտայի դպրոցներուն մէջ, հետեւեցան հոն գործադրուող կրթական մեթոտներուն եւ արհեստագիտութիւններուն` անոնցմէ հնարաւոր եղած չափով կարենալ պատշաճեցնելու լիբանանեան կրթական կեանքին:

Պատուիրակութիւնը այցելեց զանազան մանկապարտէզներ (6-7 տարեկան աշակերտներ), նախակրթարաններ (7-16 տարեկան աշակերտներ, առաջինէն իններորդ դասարաններ), ինչպէս նաեւ` երկրորդական եւ արհեստից վարժարաններ (10-12-րդ դասարաններ, 16-19 տարեկան աշակերտներ): Նաեւ հանդիպումներ տեղի ունեցան կրթական մարզի մասնագէտներու հետ, որոնք վարժողական դասընթացքներ ներկայացուցին թուայնացման աշխարհին եւ ուսումնական յատուկ կարիքներ ունեցող աշակերտներու ուսման վերաբերեալ:

Ֆինլանտական կրթութեան մեթոտներն ու գաղտնիքները, ինչպէս նաեւ ուսուցման անհրաժեշտ միջոցները Մխիթարեան վարժարանի ուսուցչակազմի անդամներուն պիտի տրուին մասնագիտական զարգացման զանազան համաժողովներով:

Այցելութիւնը պսակուեցաւ համաձայնագիրի մը ստորագրութեամբ` Մխիթարեանի տնօրէն Ռիթա Պոյաճեանի եւ RIVERIA միջազգային կազմակերպութեան տնօրէն Էսա Թարվինենի միջեւ: Սոյն կազմակերպութիւնը Ֆինլանտայի եւ համայն աշխարհի ուսուցիչներ կը մարզէ եւ զանոնք լաւապէս կը պատրաստէ` անոնց ծանօթացնելով ֆինլանտական կրթական յաջողագոյն մշակոյթը:

Մխիթարեան վարժարանի եւ RIVERIA կազմակերպութեան միջեւ սկիզբ առած համագործակցութիւնը, գործակցութեան համաձայնագիրի ստորագրութեամբ, հետագային պիտի շարունակուի յաւելեալ դասընթացքներով, աշակերտներու փոխանակման ծրագիրով, այցելութիւններով եւ համաժողովներով:

Մխիթարեան վարժարանը կը ձգտի ուսումնական գերազանցութիւն ապահովել իր աշակերտներուն եւ ըլլալ ինքնատիպ` իր այս իւրայատուկ նախաձեռնութեամբ, որ կը գործէ աշակերտակեդրոն ձեւով` պատրաստելու համար յաջողակ աշակերտներ, որոնք երջանիկ են, լաւատես, ունին քննադատական միտք եւ կ՛աշխատին կերտել աւելի լաւ աշխարհ մը:

ԼՐԱՏՈՒ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Նիկոլենց «իզմ»-ի Հետքերով

$
0
0

ՀՐԱԿ ՓԱՓԱԶԵԱՆ

«Իզմ»- երու ժամանակաշրջանը անցած է` յայտարարած էր Փաշինեան եւ խուսափած` ինքզինք ու իր ղեկավարած ուժը գաղափարական առումով դասակարգելէ: Անցումային շրջանի շեմին գուցէ կարելի էր ժամանակաւորապէս անտեսել այդ անհեթեթ խուսանաւումը. քաղաքական կեանքի բնականոնացման եւ մօտալուտ ամբողջական իշխանափոխութեան լոյսին տակ, սակայն, էապէս կարեւոր է պարզել առաջատար ուժի գաղափարական ու արժեհամակարգային ընկալումները:

Արդէն քիչ-քիչ կ՛ուրուագծուի կառավարող նոր խումբի իզմ-ը, առնուազն` ընկերային-տնտեսական ոլորտին մէջ: Անցումային (եւ` հաւանական հետագայ) կառավարութեան առանցքային ներկայացուցիչներու հնչեցուցած միտքերն ու դաւանած արժէքները յաճախ կատարելապէս կը տեղաւորուին նոր-ազատական տրամաբանութեան եւ արժեհամակարգին մէջ:

Այլ առիթով պէտք է երկար գրել նոր-ազատականութեան մասին: Առայժմ, սակայն, ամփոփ կերպով համրենք որոշ հիմնական սկզբունքները միայն. եւ այսպէս, գործնական նախապատուութիւն` պիզնեսին, շուկայի ազատականացում ու ազատագրում հանրային վերահսկողութենէ, պետութեան ընկերային պարտաւորութիւններու կրճատում եւ արդար բաշխում ապահովելու պատասխանատուութեան թօթափում. «ամէն ինչ շուկան թող ընէ»… հոգ չէ թէ փոքրամասնութեան իշխանութեան է անիկա ենթակայ եւ ուրեմն ապաժողովրդավարական է հիմնովին:

Լուսարձակներէ հեռու մնացած հետեւեալ երեք յայտարարութիւնները բաւարար են, կը կարծեմ, արձանագրելու համար, որ նորայայտ քաղաքական վերնախաւը այսպիսի արժէքներու կրողն է:

Առաջինին հեղինակը Փաշինեանն է: Դեռ օգոստոսին, սփիւռքահայ պատանիներու հետ հանդիպման ընթացքին, ան փորձած էր սահմանել «ընկերային արդարութիւն» եզրոյթը, երբ Հայաստանի մէջ արդարութեան հաստատման մասին հարց ուղղուած էր իրեն:

Փաշինեան ըսած էր. «Տեսէ՛ք, պէտք է մենք հասկանանք, թէ ի՛նչ է նշանակում ընկերային արդարութիւն. մենք չենք կարող ակնկալել, որ բոլորը, բոլոր քաղաքացիները բարեկեցութեան նոյն մակարդակը ունենան: Ընդհանրապէս ընդունուած է մոտել, որ պէտք է մարդկանց ընկերային օգնութիւններ տրամադրել, որպէսզի փորձ արուի նրանց բոլորին ընկերային հաւասարութեան նոյն մակարդակի վրայ դնել. անկեղծ ասած` ես կարծում եմ, որ սա անիրականանալի է եւ ճիշդ չէ» (տես https://www.youtube.com/watch?v=qybsIIiaR6s-31:41-էն):

Բայց սա «ընկերային արդարութեան» ոչ թէ սահմանում, այլ ապասահմանում, նոյնիսկ հակասահմանում է: «Չենք կարող ակնկալել»-ով` Փաշինեան կարծես կը թելադրէ չպահանջել ընկերային արդարութիւն, որովհետեւ «անիրականանալի» է անիկա… չ՛արժէր ձգտիլը նոյնիսկ: Աւելի՛ն. Փաշինեան անկեղծօրէն կը կարծէ, որ ճիշդ չէ պետութեան կողմէ տրամադրելի ընկերային օգնութիւններով գոնէ փորձել մեղմել գոյացած ու աճող անհաւասարութիւնը: Ի՞նչ է սա, եթէ ոչ ընկերային անարդարութեան վաւերականացում (լեգիտիմացում) եւ բնականոնացում:

Գիտակցելով անշուշտ, որ պէտք է ինչ-որ լուծումանման բան առաջարկել, Փաշինեան կը դիմէ նոր-ազատականութեան դասական ու մաշած հեքիաթներուն. «Մենք պէտք է մարդկանց համար հնարաւորութիւն ստեղծենք, որ իւրաքանչիւրը ինքը իր աշխատասիրութեամբ, իր եռանդի համաձայն գտնի իր ընկերային նիշան եւ հնարաւորութիւն ունենայ, ինքը իմանայ, որ այդ իր նիշան իր համար դատավճիռ չէ: Եթէ էսօր ինքը այս նիշայում է, ուզում է աւելի բարձր աւելի լաւ ընկերային վիճակում լինել, ինքը կարող է դրան հասնել աշխատանքով: Մեզ համար ամենակարեւոր խնդիրը աշխատանքի համար, աշխատանքով զարգանալու, աշխատանքով առաջընթաց ունենալու, աշխատանքով բարեկեցութեան հասնելու պայմաններ ստեղծելն է…» (տե՛ս դարձեալ https://www.youtube.com/watch?v=qybsIIiaR6s-32:19):

Ասոնք նոյն այդ «հնարաւորութիւն»-ներն են, երեւի, որոնց շնորհիւ նոյնիսկ զարգացած համարուող երկիրներու մէջ մարդիկ զանգուածաբար հասեր են այնքա՜ն բարձր ընկերային վիճակի, որքան ուզեր են. եւ կանգ առեր են միայն այն ատեն, երբ այլեւս չեն ուզած, կամ երբ ծուլացեր են: Միլիոնաւոր անտունիները, ծայրայեղ աղքատները, աշխատանքային գաղթականները կամ օրը օրին պարտքերու տակ հազիւ գոյատեւողները չցանկացող-ծուլացողները պէտք է ըլլան անպայման: Սա անարգանք է, թէկուզ` անգիտակից, նոյն այդ «հաւասար հնարաւորութիւններ» խոստացող հասարակարգերու մէջ գործազրկութենէ մաշող կամ աշխատանքային ծանր պայմաններու մէջ մաշեցուող ու աղքատ բազմահազարներու հանդէպ:

Պետութենէն ակնկալիքները նուազեցնելու եւ փոխարէնը աշխատելու Փաշինեանի այս հռետորաբանութիւնը վերջերս արդէն հասեր է աղքատները ուղղակի կշտամբելու, դատապարտելու եւ ձրիակերութեան ու ծուլութեան մէջ մեղադրելու աստիճանի (օրինակ` 17 հոկտեմբերին, որուն արձագանգ եղաւ «Սեւ բիբար»-ի նախորդ յօդուածով եւ 8 նոյեմբերին, որ ընկերային ցանցերու վրայ բուռն հակազդեցութիւններու տեղիք տուաւ): Բայց անցնինք առաջ:

Յաջորդը Աւտօվարկային ընկերութեան ընդհանուր տնօրէն, «Արդշինբանկ» դրամատան նախկին բարձրաստիճան պաշտօնեայ ու ներկայիս վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելեանի համոզումներն են` հնչեցուած նախատեսուող նոր-ազատական եւ հակա-ընկերային համահարթ հարկային համակարգի (flat tax) շուրջ քննարկման ատեն (ուր, ի դէպ, վրացի մասնագէտը կը ներկայացնէ յետյեղափոխական Վրաստանի նոր-ազատական դառն փորձը` աճող աղքատութեամբ ու արտագաղթով յատկանշուած (https://www.youtube.com/watch?v=2x9fAcvbNVQ&t=1367s):

Ահա՛ առաջարկուող հարկային տարբերակի արդարացումը` ըստ վարչապետի խորհրդականին. «… Ընդհանրապէս եկամտային հարկի դրոյքաչափը չի կարելի համարել պետութեան կողմից քաղաքացուն օժանդակութիւն եկամտի տեսքով: Այսինքն այնպէս չէ, որ մենք եկամտահարկը իջեցնենք, որ մարդը հազար դրամ աւել ստանայ, երբ որ ինքը աշխատում է մասնաւոր ոլորտում. դա բացառապէս քաղաքացու եւ գործատուի յարաբերութիւնն է, ե՛ւ քաղաքացին ե՛ւ գործատուն են որոշում, թէ իրենք ինչքան եկամուտ են ստանում, եւ ոչ թէ պետութիւնը պէտք է եկամտային հարկի 2 տոկոս դրոյքաչափը նուազեցնելով` փորձի ընկերային աջակցութիւն (ցուցաբերել)» (տե՛ս https://www.youtube.com/watch?v=4IeERoC- -7c&t=3958s` 50:49-էն):

Դարձեալ` նոր-ազատականութեան դասագրքային ներկայացում, ուր կ՛երեւին հետեւեալ միտումները. պետութեան ընկերային պարտաւորութիւններու աստիճանական յանձնում եւ տնտեսական բեւեռացումը մեղմելու գործիքակազմէ ձերբազատում, պետութեան նահանջ` գործատու-աշխատաւոր խիստ անհաւասար յարաբերութիւններէն, այսինքն աշխատաւորի փաստացի լքում` իր շահագործման աստիճանի որոշման գործընթացին մէջ:

Այս մօտեցման համահունչ են, թէեւ` աւելի անկաշկանդ ու կոպիտ, փոխվարչապետի պաշտօնակատար եւ Փաշինեանի խմբակի տնտեսական հարցերու առաջատար դերակատարներէն (գործարար) Աւինեանի վերջերս հնչեցուցած միտքերը: Հանրային պատկերասփիւռին տրուած հարցազրոյցէն հատուած մըն է մէջբերուածը.

Հաղորդավար.-… Ամէն դէպքում յաջորդ տարուայ պիւտճէում, կարծէք թէ, աշխատավարձերի փոփոխութիւն նախատեսուած չէ:

Աւինեան.- Ինձ միշտ հետաքրքրել է, երբ խօսում են աշխատավարձերի բարձրացումից, որոշակիօրէն  ինչ ի նկատի ունեն, որովհետեւ…

Հաղորդավար.– Առնուազն նուազագոյն աշխատավարձի նուազագոյն շեմի բարձրացում…

Աւինեան.- Ը՜մ… լա՛ւ… էդ պարագայում մենք… ը՜հ… ո՞ւմ ենք օգուտ տալիս:

Աւինեանը աշխատավարձերու նուազագոյն շեմի բարձրացման մէջ ոչ ոքի ոչ մէկ օգուտ չի տեսներ. աշխատավարձը վճարող գործարարներու հասնելիք վնասն է, հաւանաբար, իր տեսածը:

Շարունակենք.

Աւինեան.- Ը՜մ… լա՛ւ… էդ պարագայում մենք… ը՜հ… ո՞ւմ ենք օգուտ տալիս:

Հաղորդավար.- Դուք պէտք է ասէք:

Աւինեան.- Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք պէտք է այնպիսի պայմաններ ստեղծենք ՀՀ-ում տնտեսական զարգացման համար, որպէսզի շուկան ինքը աստիճանաբար բարձրացնի աշխատավարձերը… պետութիւնը ինքը ընդհանուր առմամբ նման կարգաւորիչ դեր չունի շուկայում, պետութիւնը երբեւէ չի կարող մասնաւոր ոլորտում աշխատավարձ բարձրացնի (տե՛ս https://www.youtube.com/watch?v=82uFklo1WvA` 16:28-էն):

Կարճ ըսած` Աւինեան բացայայտօրէն կ՛անտեսէ աննշան աշխատավարձով գոյատեւել փորձող մեծամասնութեան շահը, սեփական մարզի աշխատաւորները կը ձգէ իրենց բախտին ու շուկայի քմահաճոյքին: Նուազագոյն աշխատավարձի շեմը ինչո՞ւ բարձրացնել. ինչո՞ւ նոյնիսկ մտածել այդ մասին կամ ծրագիր մշակել այդ ուղղութեամբ: Ազատ շուկան թող ընէ, եթէ, որքան, երբ եւ մինչեւ այն ատեն որ շահագրգռուած ըլլայ…

Նոր վերնախաւի իզմ-ը նոր-ազատականութիւնն է:

Անիկա ինքզինք կը մատնէ ոչ միայն յայտարարութիւններու մակարդակով, այլ նաեւ` արդէն գործնապէս: Համահարթ հարկային համակարգի անկոտրում առաջարկը եւ վերջերս Ծառուկեան խմբակցութեան կողմէ առաջարկուած եւ Փաշինեանի կառավարութեան կողմէ հաւանութիւն ստացած արհեստակցական միութիւններու համակարգը ականապատող օրէնքի փոփոխութիւնը առաջին նախանշանները կարելի է համարել:

Կը մնայ տալ հետեւեալ հարցը.

Որքա՞ն աղերս ունի այս «աներեւոյթ»-իզմը յեղափոխութեան յոյսով փողոցները հեղեղած բազմահազարներու պահանջներուն ու շահերուն հետ:

Medium.com կայքի «Սեւ Բիբար» հարթակ

Խմբագրական. Նոր Հայաստանին Անհրաժեշտ Է Բազմակուսակցական Խորհրդարան

$
0
0

Նախընտրական քարոզարշաւի շէմին` կատարուած համակողմանի յայտարարութիւններուն եւ հարցազրոյցներուն հետեւելով որոշ դիտարկումներ կարելի է արձանագրել յատկապէս նոր իրավիճակի հետ առնչուած ընտրական նոր մշակոյթի կայացման առաջադրանքի լոյսին տակ:

Կը թուի, որ ընդհանուր ընկալում գոյացած է, որ գործադիր իշխանութիւնը նաեւ պիտի ունենայ կայուն մեծամասնութիւն օրէնսդիր ժողովին մէջ: Քաղաքագիտական հասկացողութեամբ շրջուած գործընթացն է, որ կ՛աշխատի: Ընտրութիւններուն իբրեւ արդիւնք ձեւաւորուած խորհրդարանը եւ այնտեղ մեծամասնութիւն ներկայացնող ուժն է, որ կառավարութիւն կը կազմէ եւ յատկապէս խորհրդարանական համակարգով կառավարուող հանրապետութիւններուն մէջ գործադիրը կ՛ունենայ խորհրդարանական մեծամասնութիւն` իր ծրագիրները վաւերացնելու հարթութիւնը ստեղծելով: Շրջուած իրավիճակը բնականաբար արդիւնքն է ժողովրդային յեղափոխութեամբ սկսած համակարգային փոփոխութեան գործընթացին:

Եթէ մէկ կողմէ կայ որոշակի միտում իշխանութիւնը քաղաքական մէկ ուժի վրայ բեւեռացնելու, միւս կողմէ նաեւ կայ ընդդիմութիւնը միաբեւեռ կուսակցութեամբ մենաշնորհացնելու:

Եթէ մէկ կողմէ օգտագործուած հռետորաբանութիւնը հինը մերժելու առանցքին վրայ կեդրոնացած է, միւս կողմէ հին համակարգը ներկայացնող գլխաւոր ուժը հանրութեան կ՛ուզէ ներկայանալ իբրեւ ազգային արժէքներն ու աւանդութիւնները պահպանող միակ կուսակցութիւնը: Այս հասկացողութեան մէջ կը ներառուի եկեղեցւոյ պաշտպանութիւնը, սեռային փոքրամասնութիւններու քարոզչութեան մերժումը, ընդհանրապէս արեւմտեան բարքերու երկիր թափանցումին դէմ արգելակիչ տարր հանդիսանալու մօտեցումը:

Քաղաքական-հասարակական մակարդակներու վրայ կարծրատիպային այս թէ՛ մօտեցումները եւ թէ՛ ընկալումները չեն օգներ, որ նախընտրական քարոզարշաւի առանցքները կեդրոնանան գաղափարական ծրագիրներու, ազգային խնդիրներու եւ ընկերային հարցերու վրայ: Չեն նպաստեր նաեւ երկրի զարգացման համար ազատական եւ ընկերվարական ուղիներու ներկայացումին եւ ժողովուրդին կողմէ այս ուղիներէն մէկը ընտրելու կարելիութեան ընծայումին: Եւ այս առումով յաւելեալ ժողովրդավարացման համար օգտակար չեն ընտրութիւններու արդիւնքներու կանխատեսումներու հրապարակումները այս փուլին, երբ չեն ներկայացուած նախընտրական ծրագիրները: Կանխորոշման ազդակը յարիր չէ ժողովրդավար ժամանակակից պետութիւններուն:

Սահմանադրութեան էութիւնը խորհրդարանի պարագային կը քաջալերէ բազմակուսակցականութիւնը, հակակշիռ մեքենականութիւններ ստեղծելով`  համակարգի յաւելեալ ժողովրդավարացումով:

Բազմակուսակցականութիւնը իր հերթին ծրագիրներու այլազանութիւն, գաղափարներու տարբերութիւն, տարբեր գաղափարաբանական ուղիներ որդեգրելու երեւոյթ կ՛ենթադրէ, ինչ որ մինչ այս պահը կը պակսի երկրի ընտրական մշակոյթին մէջ:

Նախընտրական քարոզարշաւի բովանդակութիւնը անհրաժեշտ է, որ հիմնուած ըլլայ գաղափարի, գաղափարաբանութեան եւ ծրագիրներու վրայ: Համապարփակ` ազգայինէն ընկերային, կրթականէն մշակութային, ֆինանսականէն տնտեսական` երկրի զարգացման համար բոլոր ուղղութիւններով ծրագրային առաջադրանքներով յագենայ: Ասիկա կը սատարէ ո՛չ միայն երկրի ընտրական մշակոյթի, այլ նաեւ քաղաքացիական հասարակութեան կայացման, որուն կ՛ընձեռուի կարելիութիւնը բազմաթիւ գաղափարներու եւ ծրագիրներու միջեւ ընտրութիւն կատարելու:

Հինի եւ նորի պարանաձգութենէն դուրս բերելու համար երկիրը, բազմածրագրային քարոզարշաւը պէտք է յանգի բազմակուսակցական խորհրդարանի ձեւաւորման: Անշուշտ կը գոյանայ մեծամասնութիւն, գուցէ նաեւ կայուն մեծամասնութիւն, այսուհանդերձ մնացեալ քաղաքական ուժերը կ՛ունենան ընդդիմութեան նորացուած լիազօրութիւններ, կը նպաստեն բազմակարծիք խորհրդարանի քննարկումներուն եւ սահմանադրականօրէն կ՛ունենան ընդլայնուած իրաւունքներ` հակակշիռ գործառոյթներ իրականացնելու համար:

Նման խորհրդարան մը անպայման մեր երկրին համար կ՛ապահովէ վարկի եւ հեղինակութեան միջազգային նոր նշաձող:

«Եկայ, Տեսայ, Սիրահարուեցի…». Կարպիս Թիթիզեան

$
0
0

Հարցազրոյցը` ՍԵՒԱԴԱ ՍԱՖԱՐԵԱՆԻ

Պէյրութում ծնուած, Ամերիկայի Միացեալ Նահանգներում կայացած, բայց  Հայաստանո՛վ ապրող Կարպիս Թիթիզեանը տարիներ ի վեր դարձել է հայութեան խնդիրներով մտահոգ եւ այդ խնդիրներից շատերի լուծմանն իր բարերարութեամբ նպաստող գործիչ: Մեր հայրենակիցը «Լեւոն թրավել» ընկերութեան հիմնադիր-տնօրէնն է: Իր գործունէութիւնը Հայաստանում, որպէս գործարար, նա սկսել է դեռեւս անկախութիւնից առաջ` դառնալով սփիւռքահայ առաջին գործարարը Հայաստանում:

Ստորեւ ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը Կարպիս Թիթիզեանի հետ:

ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Թիթիզեան, կը խնդրէի պատմել  ձեր արմատներից:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Իմ նախնիների ճակատագիրը շատ նման է հարիւր հազարաւոր այլ հայերի ճակատագրին: Ցեղասպանութիւնից մազապուրծ` մեծ մայրիկս մի կերպ հասնում է Սիրիայի Քեսապ քաղաք, հանդիպում մեծ հայրիկիս եւ ընտանիք կազմում: Ծնողներս ծնուել են Քեսապում, իսկ ես` Պէյրութում: 1968 թ. մեկնել եմ Միացեալ Նահանգներ եւ մշտական բնակութիւն հաստատել Լոս Անճելըս քաղաքում: Թէեւ բնակւում եմ հիմնականում Լոս Անճելըսում, սակայն շատ եմ ճամբորդում: Տարուայ մէջ առնուազն 2-3 ամիս լինում եմ Հայաստանում:

Հ.- Ի՞նչը  խթան  հանդիսացաւ,  որ 1991 թուականին կատարէք ձեր առաջին քայլը` հիմնադրելով «Լեւոն  թրավել»  զբօսաշրջային գործակալութիւնը:

Պ.- Դեռեւս 1981 թ. Լոս Անճելըսում արդէն հիմնել էի «Լեւոն թրաւել» գործակալութիւնը` օգտագործելով 1958 թ. Պէյրութում հիմնուած, բայց, աւաղ, քաղաքացիական պատերազմի տարիներին կործանուած նոյնանուն ընկերութեան ապրանքանիշը: Յամառ եւ տքնաջան աշխատանքի շնորհիւ հնարաւոր եղաւ շուկայում կարեւոր տեղ զբաղեցնել: 1989 թ. մի գեղեցիկ օր, այն ժամանակ Հոլիվուտ Պուլվարում գտնուող իմ գրասենեակ մտաւ շատ համակրելի մի մարդ եւ ասաց, որ տնօրէնին է փնտռում: Այդ մարդը Հրանդ Թոխատեանն էր: Նրանց թատերախումբը ճամբորդական որոշ դժուարութիւններ ունէր, որը սիրով հարթեցի: Այդ օրուանից ես եւ Հրանդը դարձանք ընկերներ: Այնուհետեւ նա ինձ հրաւիրեց Հայաստան, եւ հէնց նոյն թուականին եկայ հայրենիք: Նախկինում, ի հարկէ, քաջածանօթ էի Հայաստանի պատմութեանը, պատմական տեսարժան վայրերին, սակայն լրիւ այլ տպաւորութիւն է, երբ առաջին անգամ սեփական աչքով ես տեսնում այդ ամէնը: Մի խօսքով` եկայ, տեսայ ու սիրահարուեցի: 1989 թուականին  Հայաստանը դեռեւս անկախ երկիր չէր, թէեւ ամէնուր զգացւում էր կործանուող Խորհրդային Միութեան դառը շունչը: Սկսուել էր ղարաբաղեան շարժումը, մէկ տարի առաջ տեղի էր ունեցել Սպիտակի աւերիչ երկրաշարժը: Այնուամենայնիւ, ես մնացի Հայաստանում, ինչի համար պարտական եմ իմ լաւագոյն ընկերներին եւ ամէն առաւօտ ինձ ժպտացող Արարատին:

Հ.- Պարո՛ն Թիթիզեան, դուք այն առաջին սփիւռքահայերից էք, որոնք ներդրումկատարեցին Հայաստանում. ռիսքային չէ՞ր «մութ ու ցուրտ» տարիներին այդպիսի քայլ անելը:

Պ.- Երեւանում որոշեցի հիմնել զբօսաշրջային գործակալութիւն` որպէս «Լեւոն թրաւել»-ի մասնաճիւղ` դառնալով սփիւռքահայ առաջին ներդրողներից եւ մասնաւոր պիզնես-ընկերութիւններից մէկը, նաեւ, կարծում եմ, առաջին համատեղ ձեռնարկութիւն հիմնողը: Սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ սկզբնական շրջանում աշխատում էինք օրական 24 ժամ, քանի որ հսկայական գործ կար անելու: Արդիւնքում, ստեղծուեց մի արդիական գրասենեակ` արհեստավարժ աշխատողներով, որը պէտք էր օգնէր ճամբորդական ցանկացած խնդիր ունեցող մեր յաճախորդներին: Յիշում եմ` գրեթէ ամէն շաբաթ մեր գրասենեակում նկարահանումներ էին անցկացւում: Վստահ եմ, որ «Լեւոն թրավել»-ը դարձել էր եւ այսօր էլ մնում է որակի ու արհեստավարժութեան չափանիշ:

Թէեւ դժուարին ժամանակներ էին, արցախեան ազատամարտն էր ընթանում, սակայն մեր գրասենեակը մէկ օր անգամ չի դադարեցրել իր գործունէութիւնը: Երբ հոսանք չկար, գործի էին դրւում տիզելային ելեկտրածինները: Այս ամէնը թէ՛ հետաքրքիր էր, թէ՛ շատ դժուար, բայց նաեւ պիզնեսն ընդլայնելու բացառիկ հնարաւորութիւն էր: Սակայն, անկեղծ ասած, ես այդ ամէնն անում էի իբրեւ հոգուս պարտք, քան` պիզնես: Որեւէ երաշխիք չկար, որ այն կ՛աւարտուէր յաջողութեամբ, սակայն դա առաջնային չէր: Առաջնայինը հայրենիքիս եւ ազգիս հետ լինելն էր:

Ի հարկէ, ընդունուած է այդ տարիներն անուանել «ցուրտ ու մութ», սակայն դրանք առաջին հերթին հերոսական մաքառման տարիներ էին: Միանշանակ կարելի է ասել, որ դրանք, նախեւառաջ, վերածննդի տարիներ էին` ի հեճուկս երկրաշարժի, պատերազմի, տնտեսութեան եւ տնտեսական կապերի կործանման: Կար յոյս, կար հաւատ, խանդավառութիւն, ուստի եւ կայացաւ մեր բոլորի յաղթանակը:

Իմ անձնական կապերի շնորհիւ` շուտով հնարաւոր դարձաւ նորաստեղծ «Հայկական աւիաուղիներ»-ը դարձնել հոլանտական KLM օդանաւային ընկերութեան գործընկեր` դրանով իսկ ապահովելով Երեւանի կապն ամբողջ աշխարհի հետ: Միաժամանակ «Լեւոն թրավել»-ը ակամայից նպաստեց, որ անկախութիւնից յետոյ Հայաստանում հաստատուեն օտարերկրեայ դեսպանատներ եւ ներկայացուցչութիւններ` օգնելով նրանց թռիչքների եւ անգամ նամակագրութեան առաքման հարցում: Արդիւնքում, ինչպէս ասում են, Հայաստանը, որպէս երկիր, տեղ գտաւ աշխարհի քարտէսի վրայ:

Այդ տարիներին ես միաժամանակ օդանաւորդութեան գծով  կառավարութեան խորհրդականն էի: Խորհրդային նախկին հանրապետութիւններից Հայաստանը քչերից մէկն էր, որ կարողացաւ ո՛չ միայն պահպանել օդանաւորութիւնը, այլեւ` զարգացնել այն: Ստորագրուեցին մի շարք միջպետական պայմանագրեր, որոնց շնորհիւ, մասնաւորապէս, Հայաստանի օդային շուկայ մտաւ օտարերկրեայ օդանաւային կերութիւններից մէկը` British Airways-ը:  Մի քանի տարի անց բացուեցին Թիֆլիսի եւ Ստեփանակերտի մասնաճիւղերը:

Այսօր էլ «Լեւոն թրավել»-ը մնում է ոլորտի առաջատարներից մէկը` որպէս ճամբորդական ամբողջական ծառայութիւններ մատուցող ընկերութիւն: Ժամանակի ընթացքում զարգացրեցինք զբօսաշրջային պիզնեսը` թէ՛ արտագնայ, եւ թէ՛ յատկապէս` ներգնայ, որպէսզի մարդիկ ամբողջ աշխարհից կարողանան գալ եւ տեսնել մեր հրաշալի երկիրը:

Հ.- Հաստատուելով Միացեալ Նահանգներում` հիմնադրեցիք «Հորիզոն»-ը` հայկական առաջին հեռուստաալիքը, որի միջոցով Միացեալ Նահանգների հայկական համայնքը հնարաւորութիւն ունեցաւ դիտելու գիտակրթական, Հայաստանում տեղի ունեցող անցուդարձի եւ երկրի պատմամշակութային վայրերի մասին պատմող հաղորդումներ: Արդիւնքում, դարձաք Հայաստանն ու սփիւռքը կամրջող կարեւորագոյն օղակ: Ինչպիսի՞ն էր Միացեալ Նահանգներում ապրող հայերի արձագանգը այդ շրջանում:

Պ.- Միանշանակ` դրական: Պէտք է ասել, որ «Հորիզոն»-ը կրկնակի կամրջի դեր խաղաց մի կողմից Հայաստանը միացնելով Արեւմտեան Ամերիկայի համայնքին, միւս կողմից առաջին կարեւոր ձեռնարկը դարձաւ` համայնքի ներսում հայաստանեան հատուածը կամրջելու աւելի վաղ Ամերիկա եկած սփիւռքահայ (Լիբանանից, Սիրիայից, Իրաքից, Յունաստանից, Իրանից եւ այլ երկրներից) հատուածի հետ: Թէ՛ լուրերի թարմութեամբ, թէ՛ Հայաստանում տեղի ունեցող աննախադէպ, պատմական զարգացումներին ճիշդ ու յստակ գնահատականներ տալով, թէ՛ քննարկումների, վերլուծումների, ազատ կարծիք արտայայտելու մտաւորական հարթակ ստեղծելով` «Հորիզոն»-ը անփոխարինելի դեր խաղաց Քալիֆորնիայի հայութեանը հայաստանեան իրադարձութիւններին աշխուժ մասնակցութեան մղելու գործում: Մշակութային հարթակի վրայ եւս մեծ եղաւ «Հորիզոն»-ի դերը Քալիֆորնիայի հայութեանը ծանօթացնելով Հայաստանի երաժշտական, թատերական, գրական ոլորտներին, նոր ուղղութիւններին ու տաղանդներին:

Հ.- Պարո՛ն Թիթիզեան, յայտնի էք նաեւ ձեր բազմաթիւ բարեգործութիւններով` թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում.  գիտեմ,  որ չէք սիրում խօսել այդ մասին, սակայն պէտք է խնդրեմ, որ այս անգամ  բացառութիւն անէք եւ նշէք, թէ Հայաստանում  եւ սփիւռքում  կեանքի ո՞ր ոլորտներում էք կատարել բարեգործութիւններ:

Պ.- Բարեգործութիւն անելիս` ես մի սկզբունք ունեմ, այն է` Սուրբ Գրքում  ասուածը` «Աջ ձեռքդ թող չիմանայ, թէ ի՛նչ է անում ձախը»: Ամէն մարդ իր կեանքում ունի հոգու պարտականութիւններ, որոնք պիտի անի ու առաջ գնայ: Այդպէս է նաեւ բարեգործութիւնը: Հնարաւորութեանս սահմաններում միշտ սիրով օգնել եմ թէ՛ սփիւռքահայ բազմաթիւ կառոյցների, թէ՛ ամենատարբեր հիմնադրամների: Ամէն տարի մասնակցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակութիւններին:

Կարեւորելով յատկապէս Հայաստանի մարզերում կրթութեան համար անհրաժեշտ պայմանների ապահովումը` Թիթիզեան ընտանիքը ներգրաւուել է նաեւ դպրոցաշինութեան գործում: 2001 թ. եղբօրս` Ժանի հետ միասին ֆինանսական օգնութիւն տրամադրեցինք Վանաձորի Ծովակալ Իսակովի անուան թիւ 23 հիմնական դպրոցին` Հայ կրթական միութեան միջոցով: Բայց բարեգործութեան հիմնական ուղղութիւնը, թերեւս, եղել եւ մնում է արուեստի բնագաւառը: Տարիներ շարունակ օգնել եմ Երեւանի սենեկային թատրոնին, Երգի պետական թատրոնին, երգարուեստի ասպարէզի տարբեր անհատ կատարողների: Իմ ցանկութիւնն ու նպատակը մէկն է եղել` օժանդակել երիտասարդ արուեստագէտներին, որպէսզի  կարողանան ինքնարտայայտուել ու ստեղծագործել հէնց Հայաստանում եւ ոչ թէ բախտ որոնեն օտար ափերում: Լրիւ այլ բան է, երբ արդէն կայացած արուեստագէտ ես եւ հիւրախաղերի ես մեկնում Հայաստանից դուրս` տուն վերադառնալու միտումով: Հէնց այս սկզբունքով եմ օգնել Նունէ Եսայեանին, Ռազմիկ Ամեանին, Գաբի Գալոյեանին եւ այլոց:

Հ.- Դուք ««Կլոպալ արց» ընկերութեան տնօրէնն էք, մի շարք համերգներ էք  կազմակերպել սփիւռքում եւ Հայաստանում, ձեր շնորհիւ Երեւանում համերգներով հանդէս են եկել Եանին եւ Խուլիօ Իկլեզիասը: Կարո՞ղ էք մանրամասնել «Կլոպալ արց»-ի գործունէութեան եւ ձեռքբերումների մասին:

Պ.- Ինձ համար մշտապէս կարեւոր է եղել Երեւանը դարձնել մշակութային կեդրոն, որպէսզի Հայաստանում համերգներով հանդէս գան ո՛չ միայն ռուսական շոու-պիզնեսի արուեստագէտները, այլեւ` այդ ասպարէզի համաշխարհային մեծութիւնները:  Դա եւս մէկ հնարաւորութիւն է ցոյց տալու աշխարհին, որ մենք սիրում եւ գնահատում ենք բարձրակարգ երաժշտութիւնը: Հաւանաբար այդ ամէնը հեշտ է թւում, բայց իրականում ահռելի աշխատանք է` հետաքրքրել արտիստին առաջարկով, ապահովել նրա երբեմն անիրականանալի թուացող պահանջներն ու մատուցել բարձրակարգ համերգ: Ինչպէս փորձը ցոյց տուեց, անհնարին ոչինչ չկայ, պարզապէս պէտք է արհեստավարժ մօտեցում ցուցաբերել ու ճիշդ մարտավարութիւն ընտրել: Ե՛ւ Խուլիօ Իկլեզիասի, եւ՛ Եանիի դէպքում մենք կազմակերպեցինք միջազգային մակարդակի մենահամերգներ: Ես յոյս ունեմ, որ մօտ ապագայում առաւել շատ կը լինեն նման միջոցառումներ:

Հ.- «Կլոպալ արց»-ի  կողմից իրականացուող կարեւոր միջոցառումներից է ամէնամեայ «World  Armenian  Entertainment  Awards»-ը: Որո՞նք են այս մրցանակաբաշխութեան դատակազմի անդամները, ինչպէ՞ս են կազմւում անուանակարգերը եւ ի՞նչ սկզբունքով են ընտրւում յաղթողները:

Պ.- Ինչպէս «World  Armenian  Entertainment  Awards»-ը, այնպէս էլ «Կլոպալ արց»-ի կողմից կազմակերպուած այլ մրցանակաբաշխութիւնները, փորձել ենք համադրել ե՛ւ արհեստավարժ դատակազմի, ե՛ւ ժողովրդի կարծիքն ու համակրանքը: Մենք արհեստավարժ երաժիշտների, անուանի արուեստագէտների ու մետիա դէմքերի մեծ խումբ ստեղծեցինք, որոնք սկզբում ուսումնասիրեցին տարուայ ընթացքում արուած աշխատանքները, որից յետոյ առաջադրեցին անուանակարգերը: Եղան անգամ անուանակարգեր, որոնք անդրադառնում էին եութուպեան դիտումներին կամ հեռուստատեսութեամբ ամենաշատը ցուցադրուող տեսահոլովակներին, երաժշտական կատարումներին: Ըստ իս, սա ճիշդ համադրութիւն է` պարզելու, թէ որո՛նք են տարուայ լաւագոյնները:

Հ.- Պարո՛ն Թիթիզեան, մի անգամ նշել էք, որ հասարակութիւնը յոգնել է ռաբիս երաժշտութիւն լսելուց: Որպէս  բարերար եւ ոլորտով մտահոգուած մարդ` ի՞նչ մեքանիզմներ կ՛առաջարկէք` նուազագոյնի հասցնելու ռաբիս երաժշտութեան տարածումը:  Այս ամէնը պատճառ է դարձել նաեւ, որ շատ արհեստավարժներ պարզապէս հեռացել են երկրից, արուեստի դաշտից` տեղը զիջելով անորակ երգեր մատուցողներին:  Արդեօ՞ք այսօր պատրաստ էք աջակցել այդ արհեստավարժներին:

Պ.- Ես հակուած եմ այն մտքին, որ ռաբիսն էլ, որպէս երաժշտութեան տեսակ, ապրելու իրաւունք ունի: Ճաշակի հարց է: Բայց մենք ռաբիս ասելով` աւելի յաճախ հասկանում ենք անճաշակ կամ ցածրաճաշակ երաժշտութիւնը: Իրականում ռաբիսն այլ է եւ, արդարացիօրէն, շատ սիրուած է հասարակութեան լայն շերտերի կողմից: Երբ առաջին անգամ Հայաստան եկայ, տպաւորութիւններիցս մէկն այն էր, որ հայ հասարակութիւնը ռաբիսից բացի` այլ բան չի լսում: Շուտով հասկացայ, որ մարդիկ ռաբիս են լսում, քանի որ լսելու այլ բան գրեթէ չունեն: Խօսքս, իհարկէ, դասական երաժշտութեան մասին չէ: Շատ չեմ ցանկանում խորանալ արմատների մէջ, սակայն կարող եմ ասել, որ մարդիկ լսում են այն, ինչ հրամցնում են իրենց: Այդ դէպքում ինչո՞ւ չեն մատուցում ժողովրդական եւ ազգագրական երգեր, այսինքն` այն, ինչը մեզ հայ է պահում: Միգուցէ ռաբիս երաժշտութիւնն իր դերն ունի, սակայն դա բնաւ պէտք չէ զբաղեցնի երգարուեստի այլ տեսակների կարեւոր տեղը:

Բարեբախտաբար այսօր միանգամայն այլ պատկեր ունենք` ժողովրդական, ազգային եւ ազգագրական երաժշտութիւնն ոչ միայն վերածնուեց, այլեւ մեծ ընդունելութիւն գտաւ ու սիրոյ արժանացաւ հայ հասարակութեան ամենալայն շերտերի, տարիքային տարբեր խմբերի կողմից:  Շատ ուրախ եմ, որ իմ, թէկուզ փոքրիկ, լուման ունեմ այս կարեւոր գործում: Կը ցանկանայի որպէս օրինակ բերել Քեսապի ազգային երգերը, որոնք կորստեան եզրին էին, բայց այսօր կատարւում են տարբեր բեմահարթակներում:

Ինչ վերաբերում է արտասահմանում բախտ որոնողներին, ապա չեմ կարծում, թէ դրա պատճառներն այնքան միանշանակ են: Ի վերջոյ, ամէն մարդ ունի ազատ տեղաշարժի իրաւունք: Եթէ ինչ-որ մէկը ցանկանում է կատարելագործուել որեւէ բնագաւառում աւելին, քան թոյլ են տալիս Հայաստանի հնարաւորութիւնները, ապա կարելի է միայն ողջունել: Կարեւորը հայ մնալն է եւ հայրենիքի հետ կապը չկորցնելը: Այսօր մենք ունենք բազմաթիւ տաղանդաւոր երգիչ-երգչուհիներ եւ երաժիշտներ, որոնք օտար երկրներում շատ բարձր են պահում հայի պատիւը:

Հ.- Ի՞նչ է ձեզ համար ընտանիքը, ինչքանո՞վ են տարբեր Հայաստանում ու սփիւռքում ապրող հայ ընտանիքները:

Պ.- Ընտանիքն այն կէտն է, որից սկսում ես եւ, ի վերջոյ, որին վերադառնում ես: Երեւի չկայ աւելի քաղցր բան, քան` ընտանիքը, հարազատները եւ ընկերները: Հէնց այդպէս եմ ես ընկալում ընտանիքը` ոչ միայն ազգակցական եւ արիւնակցական կապերով, այլ նաեւ` սրտի եւ հոգու:

Հ.- Պարո՛ն Թիթիզեան, կը նշէ՞ք, թէ ձեզ համար ինչպիսին պէտք է լինի կատարեալ Հայաստանը: Ներկայիս Հայաստանը շա՞տ է հեռու ձեր պատկերացրածից:

– Ընդհանրապէս, երկու հայրենիք գոյութիւն ունի` մեր իտէալների Հայաստանը, որը մենք պատկերացնում ու երազում ենք` մեծ, հզօր, քաղաքական կշիռ ունեցող, որի հետ հաշուի են նստում բոլորը: Իսկ միւսն իրական հայրենիքն է, այն, ինչ ունենք, եւ որը պէտք է պաշտպանել, կառուցել, շէնացնել: Շատ բան արդէն արուել է, բայց դեռեւս շատ բան կայ անելու, որպէսզի Հայաստանը դառնայ համայն հայութեան երազած հայրենիքը: Այս առումով, կարող եմ ասել, թէ որքա՛ն մեծ է երազանքը, այնքան աւելի շատ բան ունենք անելու: Կարեւոր է հասկանալ եւ ըմբռնել մի պարզ բան` սա՛ է միակ հայրենիքը` իր լաւ ու վատ կողմերով: Մեր խօսքն ու երազանքը պէտք է գործ դառնան, եթէ ուզում ենք մի օր ունենալ այն հայրենիքը, որի մասին բոլորս երազում ենք:

Հ.- Առաջիկայում ի՞նչ  ծրագրեր ունէք: Արդեօք  նոր նախաձեռնութիւններ ունէ՞ք հայ հանդիսատեսի համար:

Պ.- Հայաստան կատարած վերջին այցելութիւններից մէկի ընթացքում ինձ անչափ յուզեց «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Այն դիտելուց յետոյ որոշեցի ամէն ինչ անել, որպէսզի Միացեալ Նահանգներում բնակուող հայերը եւս կարողանան ստանալ այն հաղորդագրութիւնն ու յոյզերը, որոնք փոխանցում է այս թատերական ներկայացումը: Յունուարին այդ հնարաւորութիւնը մենք կ՛ընձեռենք ամերիկահայութեանը:

Այլ համերգային կամ մշակութային նախագծեր իրականացնելու ծրագրեր եւս կան: Ես մշտապէս փորձում եմ որեւէ բան նախաձեռնել: Հաւատացէք, միշտ չէ, որ կարեւոր է մտածել դրա առեւտրական կողմի մասին: Մեր գերխնդիրներից մէկն` ի ցոյց դնել բարձրակարգը, ոչ թէ` դիւրամարսը:

Հ.- Եւ վերջին հարցս` ո՞վ է ձեզ համար սփիւռքահայը:

Պ.- Ինձ համար, ընդհանրապէս, հայը` հայ է, եւ բնաւ կապ չունի, թէ նա որտեղ է ապրում կամ ինչ բարբառով է խօսում: Իսկ սփիւռքահայն այն հայն է, որը մարդկային մեծագոյն դժբախտութեան` Ցեղասպանութեան արդիւնքում կտրուել է իր պատմական հայրենիքից եւ յայտնուել օտար ափերում,կրկին փորձել տուն ու օճախ ստեղծել` շարունակելով իր եւ սերունդների կեանքն իբրեւ հայ մարդ: Պէտք է հասկանալ, թէ որքան դժուար է պահպանել քո եւ սերունդներիդ հայութիւնը այդ պայմաններում:

Բարեբախտաբար, 1991 թուականին Հայաստանն անկախացաւ եւ թէկուզ հեռուից` տէր կանգնեց արդէն իսկ միաւորուող հայորդիներին: Այսօր աշխարհասփիւռ ամէն մի հայ Հայաստանը համարում է իր հայրենիքը, իսկ Երեւանը` մայրաքաղաքը: Հայաստանը քարտէսի վրայ նրանց համար այն երկիրն է, ուր ապրում են հայերը, եւ որոնց պաշտպանում է հայկական բանակը: Այն վայրը, ուր գործում են հայկական դպրոցներն ու համալսարանները եւ համատարած հնչում եւ մշտարթուն է հայոց լեզուն: Հարիւր տարուց աւելի պատմական հայրենիք կորցրած հայերի շառաւիղներն այսօր գալիս են Հայաստան, վերագտնում իրենց արմատները, լիաթոք շնչում օդն ու զգում, որ ունեն պաշտպան ու ապագայ:

 

 

Հաղորդագրութիւն

$
0
0

Ֆոնէթոն 2018-ին առիթով Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի Փարիզ այցելութեան ընթացքին ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի եւ Ֆրանսայի Հայ դատի յանձնախումբի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԱՀ նախագահին հետ:

Ջերմ մթնոլորտի մէջ տեղի ունեցած հանդիպման ընթացքին, որ յատկանշուեցաւ փոխվստահութեան եւ տեսակէտներու նոյնանմանութեան առկայութեամբ, նախագահը մտահոգութիւն յայտնեց ֆրանսական իշխանութիւններու կողմէ գործադրուող ճնշումներուն կապակցութեամբ, որոնք առաւել ուժգնացած են այս վերջին ամիսներուն, եւ որոնց նպատակն է չեղեալ համարել քաղաքապետութեանց կողմէ Արցախի քաղաքներուն հետ կնքուած բարեկամութեան համաձայնագիրները:

Դաշնակցութիւնը հաստատեց, որ ինք վճռականօէն կը հովանաւորէ բարեկամութեան նշեալ համաձայնագիրներու պահպանումը, որոնց շնորհիւ կը հաստատուին մարդկային, բարեկամական եւ մշակութեային յարաբերութիւններ այն շրջաններուն հետ, որոնք կը մնան մեկուսացուած, այնքան ատեն որ չէ իրագործուած Արցախի միջազգային ճանաչումը: ՀՅԴ-ն յանձնառու եղած է նահանգային իշխանութիւններու կողմէ ճնշումի ենթարկուած քաղաքապետութեանց հետ միասնաբար կատարելու հանրային եւ քաղաքական նախաձեռնութիւններ: Ան Ֆրանսայի այս քաղաքականութիւնը կը դիտէ իբրեւ անհանդուրժելի մեղսակցութիւն ազրպէյճանական իշխանութիւններուն, մեղսակցութիւն, որուն պատճառով պիտի խախտուի ֆրանսահայ համայնքի եւ Ֆրանսայի կառավարութեան միջեւ գոյութիւն ունեցող վստահութիւնը:

Միւս կողմէ` Բակօ Սահակեան գոհունակութիւն յայտնեց այն առումով, որ վերջերս շատ աւելի մեծ թիւով ֆրանսացի խորհրդարանականներ, ծերակուտականներ եւ եւրոխորհրդարանականներ այցելած են Արցախ: ՀՅ Դաշնակցութիւնը, որ Ֆրանսայի մէջ նախաձեռնողը եղած է նմանօրինակ բազմաթիւ այցելութիւններու կազմակերպման, պիտի շարունակէ իր աշխատանքը այդ գծով:

Նախագահ Սահակեան միաժամանակ մտահոգութիւն յայտնեց Ֆրանսայի խորհրդարանի Ֆրանսա-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահ Ժաք Մարիլոսեանի ընթացքին համար, որ ապացուցած է, թէ ամբողջովին անտեղեակ է Հայկական հարցէն: Ազրպէյճանական կառավարութեան կողմէ նախաձեռնուած եւ եւրոխորհրդարանականներու առնչուող` «Caviar Gate» լայնածաւալ կաշառակերութեան գործողութեան բացայայտումէն ամիսներ ետք Ժաք Մարիլոսեանի բարեկամական կապերը Խորհրդարանի Ֆրանսա-Ազրպէյճան բարեկամութեան խումբի նախագահին հետ (որուն կապերը Ազրպէյճանի դեսպանութեան առնչուող կաշառակերութեան խնդիրներուն հետ բացայայտուած էին) կը յարուցեն նոր մտահոգութիւններ: ՀՅ Դաշնակցութիւնը հաստատեց, որ կազմակերպած է Ֆրանսա-Հայաստան բարեկամութեան խումբի նախագահութենէն Ժաք Մարիլոսեանի հրաժարումը պահանջող արշաւ:

Հանդիպման վերջաւորութեան ընդգծուեցաւ Ֆրանսայի մէջ Արցախի ներկայացուցչութեան հետ առկայ սերտ կապերը պահպանելու եւ նոր համագործակցութեանց առիթները բազմացնելու կարեւորութիւնը:

ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

Փարիզ, 16 նոյեմբեր 2018

Viewing all 17231 articles
Browse latest View live


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>