![]()
ԼՈՒՍԻՆԷ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
«Հայկ Երանոսեանի եւ Սիրարփի Լեռանէ Խոջաբաղեանի հարսանիքը «Թոնիր հարսանեկան գիւղում», մեր օրերի իրական հեքիաթ էր, դարի հարսանիք, քանի որ նմանը դեռ չի եղել: Ես հայկականը պաշտող մարդ եմ: Այս հարսանիքն իր մէջ ամփոփել էր հայկական ծէսերի, նիստուկացի այն բոլոր նուրբ ու գեղեցիկ տարրերը, որոնք երբեւէ մենք ունեցել ենք: Այդ հրաշք օրերի ընթացքում հիւրերը տեղափոխուել էին մէկ այլ աշխարհ: Ու հաւատացէք, մենք դեռ երկար ժամանակ կը շարունակենք հետաքրքիր լիցքեր ստանալ այդ ապրած օրերից: Ես կը ցանկանայի նշել նաեւ մի շատ կարեւոր հանգամանք. հարսանեկան արարողութիւնն ունէր նաեւ ուսուցողական շատ խոր իմաստ այն ամէնի մասին, որը շատերի կողմից մոռացուել է: Այդ պատճառով էլ այս հեքիաթը պէտք է հիմք հանդիսանայ, որ ստեղծուած նմանատիպ նոր հեքիաթներ, որ հայ ազգը իմանայ ու ճանաչի իր ծէսերն ու աւանդոյթները: Հաւատացէ՛ք, այդ ամէնի մէջ աւելի խոր իմաստութիւն կայ, քան մենք կարող ենք պատկերացնել»:
Անի Հայրապետեանի այս խօսքերը 2017 թուականի օգոստոսին Սիւնեաց աշխարհում` Որոտնավանքի հպարտ, բայց խոնարհուած հայեացքի ներքոյ կայացած հայկական աւանդական հարսանիքի մասին են: Հարսանիք, որը ներկաներին տեղափոխել էր մեր ազգային տեսակը բացայայտող մի աշխարհ, որից մենք այսօր կամաց-կամաց հեռանում ենք: Հարսանիք, որի իրականացումը նաեւ պատճառ դարձաւ մի հետաքրքիր, միաժամանակ շատ կարեւոր գաղափարի իրականացման, որի հիմքում մեր ազգային արժէքների պահպանումն ու տարածումն է: Գաղափար, որի իրագործողը կարող է դառնալ մեզանից իւրաքանչիւրը: Բայց ամէն ինչ սկզբից:
«Հայերն այսօր»-ի հետ զրոյցում պատմում է Սիրարփի Լեռանէ Խոջաբաղեանը.
«Թոնիր հարսանեկան գիւղ» (TonirWeddingVillage) նախագծի գաղափարը ծնուեց անհրաժեշտութիւնից: Երբ Հայկի հետ որոշեցինք ամուսնանալ, մտածում էինք, որ անպայման պէտք է աւանդական հարսանիք ունենանք: Սկսեցինք փնտռել տարբեր կառոյցներ, գործակալութիւններ, որոնք կ՛օգնէին մեր երազանքն ու որոշումը իրականութիւն դարձնել: Նաեւ մի ցանկութիւն ունէինք. բոլոր հիւրերը պէտք է տարազով լինէին եւ հարսանիքն անպայման պէտք էր տեղի ունենար Սիւնիքում:
Այդ ընթացքում էր, որ ձեռք բերեցի Գայիանէ Շագոյեանի «7 օր, 7 գիշեր» գիրքը: Վերջինս առիթ դարձաւ, որ Հայկի հետ սկսենք ազգագրագէտների գործեր ուսումնասիրել: Պարզեցինք, որ իրականում այնպիսի ենթակառուցուածք, գործակալութիւն չկայ, որն աւանդական հարսանիքի մասին համապարփակ խորհրդատուութիւն, ծառայութիւն կարող է առաջարկել: Որոշեցինք, սակայն, յետ չկանգնել, չնահանջել եւ մեր ուժերով իրականացնել: Քանի որ պէտք է որոշակի աշխատանք տանէինք այդ ուղղութեամբ, մտածեցինք այն դարձնել ծրագիր, որը կը ծառայի նաեւ հանրութեանը:
Ինչո՞ւ գիւղ… որովհետեւ աւանդական հարսանիքը շատ ամուր կապեր ունի գիւղի հետ: Հիմնականում գիւղական միջավայրում են պահպանուել մեր աւանդոյթները, որտեղ եւ հնարաւոր է այդ ամէնը վերականգնել:
Ինչու՞ թոնիր… Երկար էինք մտածում` ի՞նչ անուանել նախագիծը: Պատասխանը գտանք մեր ուսումնասիրութիւնների ու փնտռտուքների ժամանակ: Թոնիրը նոյն օճախն է` ընտանիքի, յաւերժութեան խորհրդանիշը: Հայկական օճախներում ընտանիքի անդամները միշտ թոնրի շուրջն են հաւաքուել: Իսկ երբ նոր ընտանիք է ստեղծւում, այսպէս ասած` նոր թոնիր է վառւում: Նաեւ` մի շատ մոռացուած սովորոյթ. ժամանակին պսակի խորհուրդը թոնրի շուրջ են կատարել, որը կոչուել է Թոնրի պսակ:
Եւ… մի հետաքրքիր հանգամանք, երբ լատինատառ գրում ես թոնիր` tonir, կարդացւում է տօնիր` ներառելով իր մէջ տօնել իմաստը: Եւ սա սոսկ զուգադիպութիւն չէ, չէ՞ որ հարսանիքը իւրատեսակ տօն է:
Այսպէս ծնուեց «Թոնիր հարսանեկան գիւղ» նախագիծը: Մեր ուսումնասիրութիւնները երկու տարի տեւեցին: Այդ ընթացքում խօսեցինք ազգագրագէտների, երաժշտագէտների հետ, փորձեցինք հասկանալ մեր աւանդոյթները:
![]()
Յաջորդ քայլը հարսանեկան գիւղի ընտրութիւնն էր: Մտածում էինք, որ այն պէտք է անպայման Սիւնիքում լինի: Ես արմատներով Գորիսից եմ, ամուսինս` Հայկը, Սիսիանից: Քանի որ եկեղեցին` Որոտնավանքը, արդէն ընտրել էինք, որոշեցինք եկեղեցուն մօտ գիւղ փնտռել: Որոտնավանքը 10-րդ դարի մի չքնաղ վանական համալիր է, որը, սակայն, այսօր խոնարհուած է, վաղուց չի գործում: Մենք ցանկանում ենք, որպէսզի նախագիծն օգնի Որոտնավանքին նորից «ոտքի կանգնել»:
Որոտնավանքից 1 քմ հեռաւորութեան վրայ գտնւում է վաղատին գիւղը, որտեղ ես եւ Հայկը հայրական կողմից արմատներ ունենք: Գնացինք գիւղ, որտեղ վերջին անգամ 4 տարեկանում էի եղել: Երբ տեսանք գիւղը, ծանօթացանք նրա հնարաւորութիւններին, որոշեցինք դարձնել այն վայրը, որտեղ կեանքի կը կոչենք մեր նախագիծը` այդպիսով նպաստելով գիւղի զարգացմանը:
Վաղատինը շատ գեղեցիկ գիւղ է, կլիման մի փոքր խոնաւ է, ամբողջութեամբ ծածկուած է ընկուզենիներով, իսկ կասկադային, բարձրացող լեռների գեղեցկութիւնը բառերով հնարաւոր չէ նկարագրել: Մօտ 500-700 բնակչութիւն ունեցող գիւղում, ցաւօք, շատ լքուած տներ կային: Անմխիթար վիճակում էր գտնւում դպրոցը: Որոշեցինք այդ գիւղում կեանքի կոչել մեր նախագիծը: Արդէն ընտրել ենք մի քանի տուն, որոնք թէեւ լքուած են, բայց ունեն բոլոր հնարաւորութիւնները մեր նախագծի մաս կազմելու եւ հարսանեկան ծէսերի իրագործման համար: Այդ ամէնը պէտք է նորոգուի, որպէսզի ծառայի իր բուն նպատակին:
Եւ ամենակարեւորը, ինչո՞ւ որեւէ վայրում կառուցել հարսանեկան գիւղ, երբ Հայաստանում այնքան շատ գիւղեր կան, որոնք շատ գեղեցիկ են եւ մեծ հնարաւորութիւններ ունեն:
Մի քիչ առաջ անցնելով` ասեմ, որ մեր հարսանիքի որոշ մասը այդ գիւղում կազմակերպեցինք:
![]()
Վաղատին գիւղում էր գտնւում մեր քաւորի տունը, որտեղ եւ կատարեցինք քաւորի, փեսայի տան բոլոր ծէսերը: Հարսի տան ծէսերը Գորիսում ենք արել, բայց երբ հարսանեկան գիւղը պատրաստ լինի, այդ ամէնը կ՛անցկացուի Վաղատին գիւղում, որտեղ եւ կ՛ապրեն հարսանիքի մասնակիցները` հարսանքաւորները:
Մեր հարսանիքի օրինակով ցոյց տուեցինք, որ երազանքը հնարաւոր է իրականութիւն դարձնել, յատկապէս երբ այդ երազանքը քո նախնիների մոռացուած աւանդոյթների վերհանումն է: Այսօր, եթէ ոեւէ մէկը ցանկանայ աւանդական հարսանիք կազմակերպել, մենք կարող ենք իրականացնել հարսանեկան խորհրդատուութիւն, տեղեկութիւններ հաղորդել ծէսերի, պարերի, երգերի մասին: Միայն ենթակառուցուածքային ծախսատար մասը դեռ չենք կառուցել, որովհետեւ համապատասխան ֆինանսաւորում չունենք: Սակայն դա չի խանգարում հարսանիք իրականացնել: Քանի դեռ հարսանեկան գիւղը վերջնական կառուցուած չէ, կարող ենք մէկ այլ գիւղում անել` պատուիրատուների նախընտրած վայրում: Այսօր արդէն մի քանի պատուէր ունենք:
Ո՞րը ընտրել` աւանդակա՞նը, թէ՞…
Նախ մի կարեւոր յստակեցում. աւանդական հարսանիքը չի կարող տեւել մէկ օր: Ծէսերն այնքան յագեցած են եւ այնքան կարեւոր, որ հնարաւոր չէ մէկ օրում իրականացնել: Մարդիկ նախեւառաջ այս մտքի հետ պէտք է համակերպուեն: Ի հարկէ, «7 օր 7 գիշեր» չի տեւի, ինչպէս մեր հեքիաթներում: Մեր հարսանիքը, օրինակ, 4 օր է տեւել, իսկ հիմնական հիւրերը 2 օր եւ 2 գիշեր են մնացել: Առնուազն այսքան ժամանակ պէտք է տրամադրել հարսանիքին:
Երբ ուսումնասիրում էինք մեր հարսանեկան աւանդոյթները, պարզեցինք, որ դրանք գաւառից գաւառ, տարածաշրջանի տարածաշրջան տարբեր են: Պէտք է կեդրոնանալ, թէ ամուսնացողներն արմատներով որտեղի՞ց են, ըստ դրա եւ կառուցել հարսանեկան ծիսակարգը, ինչը նոյնպէս իւրատեսակ համ ու հոտ, ինքնատիպութիւն կարող է հաղորդել հարսանիքին: Այսինքն իւրաքանչիւր հարսանիք կարող է լինել իւրօրինակ, չկրկնուող:
Մենք այնքան գեղեցիկ, հետաքրքիր հարսանեկան ծեսեր ունենք, որոնք այսօր միայն յիշողութիւններ են: Օրինակ` փեսայի տանը կատարուող Գինեթափեքի ծեսը, երբ փեսան խաչեղբայր է ընտրում: Հիմա խաչեղբայր ընտրում են ցանկութեամբ, բայց ըստ աւանդութեան, իսկական փորձութիւն է եղել, որի ընթացքում մակարներն իրենց ուժերն են չափել, գինի են խմել, որից յետոյ քաւորն ընտրել է ամենաարժանաւորներին, որոնք կարող են մասնակցել հարսնառի ծէսին: Այդ օրը նաեւ Թագուորի ծառն են կապել եւ աճուրդի հանել, որի ընթացքում ամենալաւ սեղան խոստացող մակարին ընտրել են խաչեղբայր: Յետոյ խաչեղբօր հետ փեսային լողացրել են, հագցրել, որից յետոյ հարսի հագուստներն ուղարկել են վերջինիս տուն ու գնացել նրա հետեւից:
Այս ամէնը մի ամբողջ օր փեսայի տանն անցկացուող ծեսեր են` մինչեւ հարսանեկան բուն ծէսը:
![]()
Միեւնոյն ժամանակ հարսի տանը նորահարսը ծաղկոցաւոր աղջիկների հետ իր ծեսերն է կատարել. Հինադրէք, Գաթաթուխ, Ալիւրմաղէք եւ այլն:
Այնուհետեւ սկսւում է բուն հարսանեկան ծեսը` Հարսնառը, որը շատ ուրախ է անցնում եւ բառերով հնարաւոր չէ նկարագրել: Մի աննկարագրելի պահ է, երբ բոլոր հիւրերը տարազներով են, ողջ ընթացքում ազգային երգ ու երաժշտութիւն է հնչում:
Մեր հարսանիքի ընթացքում անգամ Որոտնավանքն էր կերպարանափոխուել: Վանական համալիրը կարծես իր երբեմնի վառ ու պայծառ օրերն էր ապրում: Գունաւոր ազգային տարազներով ու պարերով հարսանքաւորները վանքի ամայի տարածքում մի չքնաղ տեսարան էին ստեղծել, ինչը հնարաւոր չէ ստանալ քաղաքի պայմաններում:
Այս ամէնը մենք անտեսում ենք եւ ընկնում մեր աւանդոյթներին ոչ բնորոշ հարսանիքի յետեւից, որը հիմնականում վազք է յիշեցնում: Մեծ ջանք ու եռանդ, գումար ենք ծախսում, սակայն առանձնապէս ոչինչ չի մնում: Իսկ երբ աւանդական հարսանիք ես անում, մնում է ծեսի ոգեղէնութիւնը, խորհուրդը, լրիւ ուրիշ ապրումներ են:
Եւս մի կարեւոր հարսանեկան ծէսի` Հալաւօրհնէքի մասին եմ ուզում խօսել, որն այսօր գրեթէ մոռացուել է: Շատ կարեւոր է, որ հարսի եւ փեսայի հագուստները կարուած լինեն հէնց նրանց համար: Հիմա յաճախ վարձոյթով են վերցնում, ինչը հայկական աւանդոյթներում անթոյլատրելի է: Կարելուց յետոյ հագուստները Հալաւօրհնէքի ծէսին քաւորը տարել է եկեղեցի, եւ քահանան օրհնել է, որպէսզի ամուսնական կեանք մտնելուց` հարսն ու փեսան նոր հագուստներով լինեն: Շատ մեծ խորհուրդ կայ այս ամէնում, որին մենք այսօր ուշադրութիւն չենք դարձնում:
Այնուհետեւ պսակի խորհուրդն է եղել, որի ժամանակ հարսն ու փեսան թագադրուել են: Ժամանակին նարօտներ են կապել նրանց գլխին, հիմա թագեր են դնում: Հարսն ու փեսան ամբողջ օրը մնում են թագադրուած` թագաւոր եւ թագուհի: Խնճոյքի ողջ ընթացքում նրանց մեծարում ու պատւում են` իբրեւ թագաւորի ու թագուհու:
Յաջորդ օրը տեղի է ունենում եւս մի ծէս` Թագվերացի ծեսը, որի ընթացքում թագերը հանում են, գինի խմցնում, որից յետոյ իրաւունք է տրւում առագաստ մտնել եւ ճաշակել այն ամէնը, ինչը թոյլատրւում է երկրային զոյգին: Վերջինս կարծես եղել է Աստծոյ կողմից տրուող իւրատեսակ թոյլտուութիւնը, որ այլեւս կարող են մտնել ամուսնական առագաստ:
Մենք մեր քահանայի հետ խօսեցինք ու ասացինք, որ այս ծիսակարգով ենք ցանկանում ամուսնանալ: Եւ պատկերացնում էք, 16-րդ դարի ծէսով ենք ամուսնացել: Կարիք եղաւ մինչեւ 16-րդ դար յետ գնալ, որպէսզի ամբողջական տարբերակով հնարաւոր լինի ծէսը անցկացնել:
Աւանդական հարսանիքի կարեւոր առաւելութիւններից է նաեւ այն, որ այդ բոլոր օրերի, ծէսերի ընթացքում հարսանքաւորներն իսկապէս իրար հետ կարողանում են հանգիստ ժամանակ անցկացնել, առանց վազվզելու զուարճանալ, հիւրասիրուել, երգել, պարել: Եւ ինչո՞ւ ոչ, տարազներով շատ յարմար է, ոչ յոգնեցուցիչ, կարողանում ես ազատ շարժուել, պարել:
Մեր հարսանիքի բոլոր 250 հիւրերը տարազով էին: Աշխատել ենք «Տէրեան» մշակութային կեդրոնի հետ, տարազներ ենք փոխառել պարախմբերից, շատերն իրենք են կարել: Դիմատետրեան էջ էինք կազմել, որի միջոցով շփւում էինք եւ խորհուրդներ տալիս միմեանց: Հարսանիքից երկու ամիս առաջ Նարեկացի արուեստի կեդրոնում սկսել էինք երգի, պարի դասեր կազմակերպել: Մենք էլ էինք զարմացած, որ մարդիկ այդքան լուրջ էին մօտեցել այդ ամէնին:
Հարսանեկան խնճոյքը իրականացրել էինք բաց դաշտում` Սիսիանում, ուտեստները աւանդական էին ու տնական, որոշել էինք աշխատել բացառապէս տեղի արտադրողների հետ: Հրաւիրել էինք Սիսիանի ժողգործիքների խմբին, «Կարին» աւանդական երգի-պարի խմբի երաժիշտներին` Սեւադա Իրիցեան, Գրիգոր Դաւթեան: Շատ կարեւոր են նաեւ ծեսերին ուղեկցող հարսանեկան երգերը, որոնք եւս մոգական մթնոլորտ են ստեղծում:
«Թոնիր հարսանեկան գիւղ» նախագիծը դիտարկում ենք նաեւ զբօսաշրջային տեսանկիւնից: Երբ նախագիծն ամբողջապէս պատրաստ լինի, որոշ հարսանիքների համար տոմսեր են վաճառուելու: Զբօսաշրջիկները կարող են տարազ կրել ու մասնակիցը դառնալ հայկական աւանդական հարսանիքին: Այդ օրերի ընթացքում նրանք կարող են այցելել նաեւ տեսարժան վայրեր, նրանց համար կը կազմակերպուի թէյախմութիւն, ընթրիք:
Իսկ հարսանեկան գիւղը ոչ հարսանեկան օրերին կ՛ընդունի զբօսաշրջիկների: Նրանց համար ազգային ծէսերից հատուածներ կը բեմադրուեն: Յոյսով ենք, որ այս ձեւաչափով եւս նախագիծը կը կայանայ ու մեծ հետաքրքրութիւն կ՛առաջացնի:
Մեր աւանդոյթների մեծ մասը մոռացութեան են մատնուել, «Թոնիր հարսանեկան գիւղ» նախագիծը հնարաւորութիւն կը տայ վեր հանել ու մոռացութիւնից փրկել դրանք: Իւրաքանչիւր աղջիկ, որը պատրաստւում է ամուսնանալ, իրեն պէտք է մի հարց տայ. ինչու՞ է ուզում սպիտակ շոր հագնել կամ Արեւմուտքին բնորոշ հարսանիք ունենալ: Ի՞նչ է դա, երազա՞նք, թէ՞ մեզ պարտադրուած իրականութիւն:
Ինչո՞ւ չանել գունեղ, քո սեփական աւանդոյթներով շաղախուած հարսանիք ու դառնալ քո եսի, ինքնութեան կրողն ու շարունակողը եւ մօտ լինել քո սեփական արմատին…
Որպէս վերջաբան
Սիրարփիի խօսքերն ամփոփենք նրա ընկերներից մի քանիսի կարծիքներով: Մարդիկ, որոնք ներկայ են եղել նրանց հարսանիքին ու ամիսներ անց դեռ տպաւորուած են այն կախարդական մթնոլորտով, որն այդ օրերի ընթացքում թեւածել է Սիւնեաց աշխարհում:
Վարդգէս Մովսէսեան-Հայկի եւ Սիրարփի աւանդական հարսանիքը եւ «Թոնիր հարսանեկան գիւղէ նախագիծը հնարաւորութիւն էր բացայայտելու հայոց աւանդական հարսանիքի բնոյթն ու գեղեցկութիւնը: Այս նախաձեռնութիւնը այլեւս պատմութիւն է, պատմութիւն, որը օրինակ է` նմանատիպ հարսանիքների կազմակերպման եւ հայոց դարաւոր մշակոյթը հաւուր պատշաճի ներկայացնելու համար: Գաղափարը թէեւ շատ հաճելի էր, բայց սկզբնական շրջանում անիրականանալի էր թուում, ինչը, սակայն, պատուով յաղթահարեցին Հայկ Երանոսեանը եւ Սիրարփի Խօջաբաղեանը: Սրանք ոչ այնքան գովեստի, որքան շնորհակալական խօսքեր են: Շնորհակալութիւ՛ն, հայոց մշակոյթի գանձերը վերծանելու համար:
Վալեա Գոքոյեան.- Ինձ բախտ վիճակուեց մասնակցել Հայկի եւ Սիրարփիի հայկական աւանդական հարսանիքին: Տպաւորութիւններս շա՜տ շա՛տ են, կարելի է անվերջ գրել, հիանալ, պատմել… Ասեմ, որ դեռ այդ տպաւորութիւնների տակ եմ: Առաջին վայրկեանից գլխումս մի միտք յղացաւ, ինչո՞ւ չներկայացնել մեր հայկական աւանդական հարսանիքը ԵՈՒՆԵՍՔՕ-ին` իբրեւ մշակութային արժէք: «Թոնիր հարսանեկան գիւղ» նախագիծը կատարեալ է, այնտեղ ներկայացուած են մեր աւանդոյթներն ու սովորոյթները, տարազներն ու պարերը, երաժշտութիւնն ու խաղիկները… Մի խօսքով, այն ամէնը, ինչը կարծես կամաց-կամաց մոռացւում է:
Կարինէ Մխոյեան.– Ամենատպաւորիչ ու իւրայատուկ հարսանիքը, որին մասնակցել եմ իմ կեանքում, եղել է «Թոնիր հարսանեկան գիւղ» նախաձեռնութեան կազմակերպած հարսանիքը: Հայկական ծէսերով, գեղեցիկ տարազներով, ազգային երգ ու պարով, հարսանեկան աւանդոյթներով, անսահման սիրով ու ոգեւորութեամբ լի անմոռանալի օրեր ապրեցի: Այս հարսանիքը կարծես մօտեցրեց ինձ իմ արմատներին եւ զգացի նախնիներիս ոգին:
Ընտրութիւնը մերն է` իւրաքանչիւրինս: Ինչպէ՞ս ենք ուզում ապրել` ձուլուելով ու նմանուելով աշխարհի՞ն, թէ՞ մեր տեսակը պահելով, ինչն օգնում է ամրացնել մեր հազարամեայ արմատն ու ապրել` ժամանակի հայելու մէջ տեսնելով մեր նախնիների հարազատ արտացոլանքը…