ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
«Երեք թանկ ենք խփել մա՛մ, մէկը ես եմ խփել: Յանկարծ չլացես, մա՛մ, գալու եմ, յաղթած եմ գալու: Մա՛մ, պապային յանկարծ չթողնես գայ: Մա՞մ, պապային ինչի՞ թողեցիր գայ, մա՛մ… Պապան հետս ա, մա՛մ, մի՛ նեղուի, լաւ կը պահեմ: Էս ինչքան բան ես ուղարկել, մա՛մ: Պապան ասում ա` լացում ես, խնդրում եմ, մա՛մ, մի լացի, երկուսով ենք, էլ մեզ յաղթող չի լինի: Առաջ ենք գնում, մա՛մ…
Պապային ասա, թող յետ գայ, մենակ չես լինի էլ, համ էլ չի թողնում ես առաջ գնամ, ինքն ինձանից առաջ անցած` գնում է: Բայց դու մի նեղուի, մա՛մ, ես կողքն եմ, հանգիստ եղի, բայց ասա, թող յետ գայ: Ինքը որ կռւում էր, ես իր կողքը չէի, հիմա իմ հերթն է, մա՛մ: Չի լսում ինձ, քեզ կը լսի, երեւի: Մի քիչ նիհարել ա աչքիս, էլ չի խմում, ստեղ ոչ մէկը չի խմում, ստեղ խմել չի կարելի, ստեղ բացի առաջ գնալուց` ոչ մի բան չի կարելի, խոցուել էլ չի կարելի, դրա համար մի նեղուի, մա՛մ, գալու ենք, երկուսով ենք գալու, երկուսս էլ գալու ենք, իրար հետ, մեզ յաղթել չի լինի, իրար հետ ենք:
Գէորգ ձեաձան էլ եկաւ, մա՛մ, մեր թաղը սաղ ստեղ ա` տղերքով ու հերերով: Մի կողմից էլ լաւ ա, էլ րոպէն մէկ չեն զանգի, տենան` ո՞նց ենք, ո՞ւր ենք… Մեր կողքն են ու իրանք տեսնում են, որ լաւ ենք ու որտեղ ենք: Միշտ նոյն տեղը չենք մնում, մա՛մ, առաջ ենք գնում: Կարող է մտածես, որ առաջ գնալով քեզնից ենք հեռանում, մա՛մ, չէ` որքան առաջ ենք գնում, էնքան մօտենում ենք քեզ, որովհետեւ, որքան առաջ ենք գնում, էնքան մօտենում ենք յաղթանակին: Արդէն մօտ ենք, մա՛մ: Յիշո՞ւմ ես, որ մինչեւ բանակ գալս տղերքով ֆութպոլ էինք խաղում, որ պարտւում էինք, մէկ էլ պապաները մտան դաշտ` մեր կողմից, ու յաղթեցինք: Նոյնն ա, մա՛մ, ֆութպոլ ա, մա՛մ, ֆութպոլի նման անվտանգ ա, մա՛մ ու ֆութպոլի պէս յաղթելու ենք, մա՛մ: Հնարաւոր չի պարտուենք, իրաւունք չունենք պարտուենք: Հէր ու տղեն միասին չեն պարտւում, միասին չեն պարտւում, անհնար ա:
Մի բան եմ ուզում ասել, մա՛մ: Սուսան տոտայի աղջիկ Աննան, ո՞նց ա: Տեսնո՞ւմ ես, աւելի ա՞ սիրունացել: Չէ, ուրիշ բան մի մտածի, ուղղակի յիշեցի, ստեղ շատ եմ յիշում, ստեղ յիշելու տեղ ա: Պապան, օրինակ, երէկ գիշերը յիշել էր ձեր առաջին հանդիպումը, ինձ էլ ասեց` մտքիդ աղջիկ չկա՞յ: Սուսան տոտայի Աննային կանչի մեր տուն, մա՛մ, գալու եմ, մա՛մ, եթէ ինձանից հարցնի, ասա, որ շատ լաւ ա: Մա՛մ, ասա, որ հեսա պրծնելու ա ու գա, բանակը չէ, մա՛մ, կռիւը…
Էսօր ամսի 5-ն ա, մա՛մ, ո՞նց ես վարկը փակել: Պապան էլ ստեղ ա, ո՞նց ես կարողացել: Դրա համար եմ ասում` ասա պապային, թող յետ գայ: Ինքն էդտեղ աւելի պէտք ա: Չի ասում, բայց քեզ կարօտել է, մա՛մ, երէկ գրպանում քո նկարը տեսայ, յետեւն էլ գրել էր` ես քեզ սիրում եմ: Ես էլ եմ քեզ սիրում, մա՛մ, բան չմնաց, յաղթում ենք:
Մա՛մ ջան, էսօր թուրքի գիւղ ենք մտել, բայց դու հանգիստ եղիր, ո՛չ ես, ո՛չ պապան մարդ չենք սպաննել: Բոլորը փախել էին, մարդ չկար: Եթէ լինէր էլ, չէինք սպաննի, մա՛մ, մեր կռիւը մարդկանց հետ չի: Պապան ասում ա` մօրդ ասա տոլմէն դնի վրեն, հեսա գալիս ենք: Տոլմէն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք… Շատ հեռու ենք գնացել, բայց հեսա գալիս ենք, յաղթում ենք, արդէն յաղթել ենք ու սոված ենք, շատ սոված: Միսը մենք կ՛առնենք, մա՛մ, դու յանկարծ չառնես:
Մա՛մ, Սուսան տոտայի Աննային ասա, թող գայ քեզ օգնի… Ես ձեր ցաւը տանեմ, մա՛մ:
Քո զինուոր որդի»:
«Երկիր»