Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

«Մեզ Ճանաչում Են Նրանք, Ովքեր Մեր Կարիքն Ունեն. «Արցախփրես»-ի Հարցազրոյցը Հայ Օգնութեան Միութեան Հայաստանի Շրջանային Վարչութեան Ատենապետ Նարինէ Գալստեանի Հետ

$
0
0

0223narinears«ԱՐՑԱԽՓՐԵՍ».- ՀՕՄ-ը գրեթէ հարիւր տարուայ պատմութիւն ունի, բայց կառոյցի գործունէութիւնը կարծես թէ առանձնապէս լուսաբանուած չէ: Խնդրում եմ ներկայացնել` որտե՞ղ է այն հիմնուել, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ գործունէութիւն է ծաւալում:

ՆԱՐԻՆԷ ԳԱԼՍՏԵԱՆ.- ՀՕՄ-ը գործում է 1910 թուականից, հիմնադիրը եղել է Ակնունին` Խաչատուր Մալումեանը: Այսօր կառոյցը գործում է աշխարհի մօտ 27 երկրում, այդ թւում` Արցախում եւ Ջաւախքում: Իսկ Հայաստանում հիմնադրուել է 1991 թուականին` արցախեան պատերազմի տարիներին: Կառոյցը բարեգործական է, ինչպէս գիտէք, բարեսիրական: Այստեղ են հաւաքուել կանայք, որոնք հասարակական կեանքում բարի գործ անելու, կարիքաւորներին աջակցելու նպատակով են միաւորուել: Մենք բոլորս կամաւորներ ենք, որ առաջնորդւում ենք հետեւեալ սկզբունքով` հնարաւորինս այնպէս անել, որ սեփական երեխաներից բացի, նաեւ ուրիշ երեխաներ լաւ ապրեն, խիստ կարիքի մէջ չլինեն, օգտուեն այն հնարաւորութիւններից, որ կարողանում ենք մեր երեխաների համար ստեղծել: Այս մտածելակերպը թոյլ է տալիս բոլորի մէջ արթնացնել դիմացինին կարեկցելու եւ օգնելու ձգտումը, ինչն աշխարհն աւելի լաւն է դարձնում:

Ի դէպ, մեր նմանները քիչ չեն, նրանք համախմբուել են Հայաստանի բոլոր մարզերում, ինչպէս նաեւ Երեւանի բոլոր վարչական շրջաններում գործող մեր մասնաճիւղերում` հնարաւորութիւն ստեղծելով, որ Հայաստանի ցանկացած վայրում մարդիկ կարողանան դիմել մեզ` անհրաժեշտութեան դէպքում: Մարդիկ լաւ գիտեն ՀՕՄ-ի տեղը թէ՛ Երեւանում, թէ՛ մարզերում, պարզապէս չենք ուզում ինքնագովեստով եւ ցուցադրութեամբ զբաղուել, թերեւս դա է պատճառը, որ մեր մասին այնքան էլ շատ չի բարձրաձայնւում:

1991 թուականից կառոյցն իրականացնում է ազատամարտիկներին եւ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին սատարելու ծրագիրը, որին մասնակցում է 7874 երեխայ` 1700-ը երկկողմանի ծնողազուրկ: Այդ երեխաները գտնւում են իրենց հարազատների մօտ, մնացածը զոհուած ազատամարտիկների երեխաներ են, որոնց տարեկան մէկ անգամ մենք ֆինանսապէս օգնում ենք:

Ունենք «Լաւագոյն ուսանող» ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի 55 բուհերի բարձր առաջադիմութիւն ունեցող, ընկերային անապահով ուսանողներին տարեկան մէկ անգամ տրամադրում ենք որոշակի գումար:

Վերջերս կեանքի ենք կոչել նաեւ սահմանամերձ գիւղերի աջակցման «Ամուր սահման, հզօր հայրենիք» ծրագիրը: Անցած տարուայ հոկտեմբերին, երբ սկսուեց սիրիահայերի ներգաղթը, ՀՕՄ-ն առաջին կառոյցն էր, որ օգնութիւն տրամադրեց նրանց: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Սիրիահայ օգնութեան խաչի, այսինքն` Սիրիայի ՀՕՄ-ի ընկերուհիներին, որոնք գտնուելով Հայաստանում` ձեռքները ծալած չնստեցին: Նրանք հիմա անդամակցում են կառոյցի հայաստանեան մասնաճիւղերին` նոր շունչ ու մշակոյթ բերելով այնտեղ: Նրանց հետ համատեղ սկսեցինք օգնութիւն տրամադրել սիրիահայերին, եւ արդիւնքում ստեղծուեց «Օգնիր եղբօրդ» նախաձեռնութիւնը, որի շրջանակներում Հայաստանում ապրող սիրիահայերին, ինչպէս նաեւ Քաշաթաղում ապրող 25 ընտանիքների սննդամթերք բաժանեցինք, նաեւ` հագուստ, մարզական կօշիկներ, մեր ձեռքով կարած ծածկոցներ:

«ԱՐՑԱԽՓՐԵՍ».- Ի՞նչ ուղղուածութիւն ունի «Ամուր սահման, hզօր հայրենիք» ծրագիրը:

ՆԱՐԻՆԷ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ծրագրի հիմքում մեր սահմանամերձ գիւղերի համար տարբեր միջոցառումներ իրականացնելն է, որպէսզի այդ գիւղերում ապրելու համար աւելի լաւ պայմաններ ստեղծուեն: Ծրագրով մենք աջակցում ենք Տաւուշի եւ Վայոց ձորի մարզերին: Արդէն Բաղանիս գիւղում ոռոգման հարցն ենք լուծել, սեպտեմբերի մէկին առաջին դասարանցիներին տրամադրել ենք գրենական պիտոյքներ, Խաչիկ գիւղի նախակրթարանի միջանցքն ու բուժկէտն ենք վերանորոգել, ինչպէս նաեւ գիւղի եկեղեցու գմբէթի ու պատուհանների վերանորոգման համար ենք ներդրումներ արել: Խաչիկ, Խնձորուտ, Բարձրունի գիւղերում նոյնպէս գրենական պիտոյքներ, հագուստ ենք տրամադրել:

«ԱՐՑԱԽՓՐԵՍ».- Ի՞նչ սկզբունքով է որոշւում ձեր ծրագրերի ուղղուածութիւնը:

ՆԱՐԻՆԷ ԳԱԼՍՏԵԱՆ.- Մեր յանձնախումբը շրջայց է կատարում մարզերում եւ գիւղերում, հանդիպում է գիւղապետներին, ծանօթանում առկայ խնդիրներին: Յետոյ վարչութիւնը որոշում է կայացնում, թէ այդ խնդիրներից որոնց լուծմանը կարող է աջակցել, եւ ըստ այդմ էլ իրականացւում են մեր նախաձեռնութիւնները:

«ԱՐՑԱԽՓՐԵՍ».- Բարեգործութեան համար որոշակի սահմանափակումներ կա՞ն, թէ՞ ցանկացած ոլորտում էլ պատրաստ էք ձեռք մեկնել, աջակցել: Օրինակ, մշակութային բարեգործական ծրագրեր իրականացնո՞ւմ էք:

ՆԱՐԻՆԷ ԳԱԼՍՏԵԱՆ.- Մեր մասնաճիւղերը լաւ տեղեակ են տուեալ համայնքի բոլոր խնդիրներին, եւ որեւէ սահմանափակում չկայ, թէ մեր օգնութիւնը ի՛նչ նպատակի կը ծառայի` մշակութայի՞ն, թէ՞ ընկերային: Կարեւորը դա անհրաժեշտ լինի տուեալ համայնքին, դրա բնակիչներին եւ որեւէ կերպ թեթեւացնի նրանց կեանքը: Ամիսներ առաջ մենք աջակցեցինք մի ներկայացման, որի ամբողջ հասոյթը Բարեկամաւան գիւղին է տրամադրուելու` այնտեղի դպրոցի ցանկապատի կառուցման համար:

«ԱՐՑԱԽՓՐԵՍ».- Ասացիք, որ ձեր կառոյցում կանայք են: Ինչո՞ւ: Տղամարդիկ տեղ չունե՞ն այստեղ:

ՆԱՐԻՆԷ ԳԱԼՍՏԵԱՆ.- Կինն է, որ կարողանում է համախմբել, բոլորի մասին հոգ տանել, ամուսնուն թիկունք լինել, զինուորին աջակցել, ամէն տեղ կինն է` իր բարութեամբ, կամեցողութեամբ, գեղեցկութեամբ, նրբութեամբ: Բայց մեր կառոյցում կան նաեւ տղամարդիկ, որոնք կանգնած են մեր կողքին եւ միշտ մեզ աջակցում են, ինչի համար շնորհակալ ենք նրանց:


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>