Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Ինչպէս Տեսայ Լեւոն Ներսիսեանին

$
0
0

ԹԱԴԵՒՈՍ ԽԱՉԱՏՐԵԱՆ

Լեւոն Ներսիսեան իր տարերքին մէջ` դոկտ. Մովսէս Հերկելեանի երեւանեան թիւ 2 ուսանողական հանրակացարանին մէջ

Իմ ճանաչած Լեւոն Ներսիսեանը Աստծուն չհաւատալու տարիքից վաղուց դուրս էր եկել, սակայն նրան վստահելու անհրաժեշտութիւն ամենեւին չունէր: Իր բաժին Աստծոյ հետ առանձնապէս հաշտ չէր, բայց այլեւս, թւում է, խնդիրներ չէր ստեղծում: Ներսիսեանի մասին պատմող նիւթը կարող էի խորագրել «Շղթայուած Պրոմեթեւսը», բայց նա եթէ անգամ Պրոմեթեւս էր, ապա շղթայուած չէր, թէպէտ եւ իմ տպաւորութեամբ` բոլոր շղթայուածների մէջ նա ամենաազատն էր եւ բոլոր ազատների մէջ` ամենաշղթայուածը… իր ինքնութեանը, ինքն` իրեն:

Լեւոն Ներսիսեանի ինքնապատկերացումը աւելի բարձր էր, քան ոեւէ մէկը կարող է կռահել: Նա խուսափում էր «Էքրանից», մամուլում հարցազրոյցներ տալուց, այն ամէնից, ինչ կ՛արձանագրէր նրա գոյութիւնը: Նոյնիսկ` գրելուց: Հազար անգամ ճշմարիտ էր Ներսիսեանի շիրմին ասուած Հենրիկ Էդոյեանի հրաժեշտի խօսքը. «Ժամանակներ կան, երբ հերոսութիւն է գրելը, նոյնքան հերոսութիւն է` նաեւ լռելը»: Յատկանշական է, որ մահից ամիսներ առաջ, հրաժարուելով պետական պարգեւից, մամուլում երեւաց նրա միակ  գրաւոր յայտարարութիւնը. «Ճիշդ է, ես ապրում եմ ողորմածութեամբ, բայց Աստծոյ ողորմածութեամբ»:

Այդ ամէնից խուսափում էր ոչ այն պատճառով, որ յատուկ սկզբունքներ ունէր, չնայած տարիների հետ սկսում էր կարծել, որ դրանք յատուկ սկզբունքներ են: Ինքնայատուկ, հիմնաւորուած: Նա իրեն դասում էր մտածողների այն փաղանգին, որոնց համար խօսքը աւելի արժէքաւոր է, քան գիրը, ուսուցիչ լինելն աւելի բարձր կարգավիճակ է, քան քարոզիչը: Էդուարդ Աթայեանը գրում է, թէ «Ժամանակակիցներն աւելի խելացի են հներից, ինչքան հները իմաստուն են ժամանակակիցներից»: Իմաստունի այդ կերպը Ներսիսեանը նախընտրում էր ժամանակակիցների խելօքութիւնից: Ճիշդ էր, թէ սխալ` ընտրութիւն էր:

Քաղաքակրթական բոլոր պատկերացումներով Ներսիսեանի վարքը դասական եսասիրութիւն կարելի էր համարել: Ըստ Ներսիսեանի քաղաքակրթութիւնը յաղթահարելի է, անձը` յաղթահարելի է: Ինքնատիպութիւնը` յաղթահարելի է: Քրիստոնէութիւնը այլեւս անկառավարելի է Քրիստոսի կողմից: Բոլոր գաղափարները նպատակ ունեն, սակայն բոլոր նպատակները անգաղափար են, քմահաճոյք: Քմահաճոյքը ինչպէս կարող է գաղափար լինել: Ինքը միակ օրինակն է, ինչպէս կարող է միակ օրինակը օրինակ լինել:

Այդ ամէնից նա խուսափում էր, կարծելով, որ դրանք կարող են որսալ ընդամէնը պահը, արձանագրել մի միտք, ձեռքերի շարժում կամ գլխի յանկարծօրէն ետ նետելու ժեսթը, դէմքի միմիկան: Դրանք պահեր էին, որ կ՛արձանագրէին մի միտք, մի շարժում, մի դիմախաղ, ակնթարթը ոչինչ աւելի: Նրա տարերքը տեւականութիւնն էր, խօսքի անվերջութիւնը, ասած միտքը լրումի տանող ջանքը, եւ էքրանին կամ թղթին յանձնուող միտքը չէր կարող այդպիսին ներկայանալ, ուստի, կը լինէր պատահական, իսկ աշխարհում նա ամէն ինչ կարող էր հանդուրժել, բացի պատահականութիւնից: Պատահականութեան հրեշտակը նրան անծանօթ մնաց, հակառակ այն բանի, որ Կէօթէի նման կարող էր հասկանալ ակնթարթի գեղեցկութիւնը, դիպուածի երջանկութիւնը, ի վերջոյ, երջանկութիւնն իսկ նրա համար երջանիկ դիպուած էր, բայց ոչ պատահական: Նրա ողջ կորովը մաշւում էր պատահականութեան դէմ մղուող պայքարում` պատահական մարդիկ, բաժակակիցներ, հարբեցողներ, նկարիչներ, դերասաններ, պարապ աւառաներ… Այդ պատահական մարդկանցից եւ միւսներից նա փորձում էր ձուլել մի տրամաբանութիւն, բանաձեւի արժէք տալ, հետեւանքը արդարացնելով պատճառով, պատճառի հիմքում դնել աւելի մեծ նախապատճառ, ստեղծելով խճանկարին մօտ պատկեր, որտեղ իւրաքանչիւր դրուագ նպատակաւորում էր անհատապէս, անհրաժեշտ էր դառնում` յատկապէս եւ ճակատագիր` թիւրիմացաբար: Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաճշգրիտ ընթերցողն էր. ընթերցում էր ենթաթեքսթերով, ակնարկներով եւ ոչնչացնում էր ենթաթեքսթն ու ակնարկը հէնց այն նոյն թեքսթով, որ քիչ առաջ կարդացել էր: Նրա համար ամէն ինչ նպատակ ունէր, եւ միակ բանը, որ նպատակ չունէր ինքն էր: Անձը անհատ դարձնելու համար նա ջանք չէր թափում: Իր կեանքի սեւագրութիւնները այդպէս էլ յայտնի չեն լինելու, ինչու էր այդպիսի եզրայանգման հասել` ոչ ոք չէր կարող իմանալ. նա հասնում էր դրան` այրելով բոլոր կամուրջները, որոնցով անցել էր այդպէս կարծելու համար, բոլոր այն մեքանիզմները, որոնցով հնարաւոր էր հասնել: Նա կարող էր լինել մեծ դերասան, մեծ գրող, արդէն իսկ մեծ մտածող էր, բայց խուսափեց նաեւ փիլիսոփայ լինելուց: Մահկանացուներիս եւ սովորական քաղքենու համար այդպիսի աննպատակութիւնն անհասկանալի է, որովհետեւ երբեք մտքի ծայրով անգամ չի կարող անցկացնել, թէ ինչ հեշտ բան է մեծ դերասան կամ մեծ գրող լինելը… Հայաստանում:

Երկու բան տանել չէր կարողանում` հարուստներին եւ… աղքատութիւնը: Աղքատութիւնից զզւում էր, հարուստներից` խորշում: Անտաղանդների հանդէպ աւելի ներողամիտ էր, քան հարուստների: Սակայն հարուստների եւ ոչ թէ հարստութեան: Մի անգամ ասաց. «Ինչ դժուար բան է հարուստ լինելը: Կարող եմ իւրաքանչիւրից 1 տոլարով մի 100 հոգի հաւաքել դասախօսութեան… եւ կը հոգամ իմ առօրեայ ծախսերը»:

Այնուամենայնիւ, նրա ամենամեծ խնդիրը, ինձ թւում է, կանայք էին: Նրանցից մէկի ներկայութեամբ նա կերպարանափոխւում էր, տղամարդկանց հանդէպ դառնում ակրեսիւ: Կանայք խնդիր էին, սակայն ոչ այն պատճառով, որ նրանց մէջ առանձնակի խորհուրդ էր տեսնում, գաղտնիք: Ուղղակի նրանք այն կէսն էին, որի կարիքը նա ունէր աւելի, քան ոեւէ մէկը: Դժուար չէ կռահել, որ նա շատ բան գիտէր կանանց բնոյթի մասին, սակայն այդ ամէնը, եթէ անգամ խորհրդածութեան առիթ էին, երբեք տառապանքի կամ ողբերգութիւն ապրելու պատճառ չէին: Նա պարզապէս կանանց կարիքը զգում էր, առանց աւելի բարձր կամ աւելի ցածր մակարդակի վրայ քննարկելու, կինը մի բան է, որ վիճելու առիթ չէ: Առաւել եւս` փիլիսոփայելու: Երեւի այդպիսի զգացողութիւն եւ կարիք մէկ էլ զգացել է Ադամը` մինչեւ Եւային ունենալը կամ բանտից նոր դուրս եկածը. ամէն ինչ գեղեցիկ է, եւ ոչ այն պատճառով, որ գեղեցիկը կը փրկի աշխարհը, այլ որ կնոջ հետ տղամարդը արդէն փրկութեան կարիք չունի: Ի՞նչը ինչի՞ց փրկես: Ինձ թւում է, որ կինը միակ բանն էր, որի համար նա պատրաստ էր անաստուած դառնալ, որովհետեւ կնոջ ներկայութեամբ աւելի անպատկառ բան չկայ, քան հաւատացեալ լինելը: Երկիւղածութիւնը Աստծոյ դէպքում փրկիչ բան է, կնոջ դէպքում կործանարար:

Սեփական անձի մասին մտածելը մարդուն դարձնում է սեփական անձի պատանդ, որի համար չգիտես երբ, ինչքան եւ ինչ պիտի վճարես ամենանախնական, պարզունակ ազատութիւն ձեռք բերելիս: Դժուար է ասել, թէ մարդ որտեղ է ազատ` սեփական պատկերացումներո՞ւմ, յիշողութեան մէ՞ջ, մտքո՞ւմ, թէ՞… Երեւակայութեան մասին չեմ խօսում, որովհետեւ երեւակայութիւնը այն հազուագիւտ բաներից է, որտեղ իսկապէս բանտարկուած ենք, անազատ: Եւ պատկերն ինքնաբերական է` վանդակը եւ վանդակում որեւէ երգեցիկ կամ համր հաւք, ընդ որում` երեւակայութիւնը ոչ թէ թռչունն է վանդակում փակուած, այլ վանդակը` թռչունին շրջանակած: Որովհետեւ թռչունը վանդակում ազատ է, ինչքան ազատ է, սակայն վանդակը ազատ չէ թռչունից, ճիշդ այնպէս, ինչպէս միտք մեր մտքում ազատ է, բայց երբ դուրս է գալիս եւ սկսում է արտայայտուել, ոչնչով չի տարբերւում բոլոր այն մտքերից, որ երբեւէ ասուել են: Վանդակը նախատեսուած է, եւ թռչունը վանդակով դժուար չէ պատկերացնել, սակայն վանդակն առանց թռչունի անհնար է պատկերացնել, պարապութիւնը լցւում է այն նոյն յիշողութիւններով, որոնք կապուած են իրական Լեւոն Ներսիսեանի հետ` նրան անմահացնելով, մեզ հաղորդակից` անմահութեան փշրանքներին:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>