Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Սէրն Ու Համերաշխութիւնն Այս Օրերին

$
0
0

ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ

Սէր նշանակում է սիրել, ոեւէ մէկի հետ հաշտ ու բարեացակամ յարաբերութիւն ունենալ, բարեկամաբար վարուել, համակրել, յարգել եւ…

Համերաշխութիւն նշանակում է հաշտ, համաձայն եւ միաբան լինել, կարծիքների գործելակերպի մէջ համաձայնութիւն ունենալ եւ…

Իսկ յեղափոխութիւն նշանակում է փոփոխութիւն, մի վիճակից ուրիշ վիճակի փոխուել, բարեփոխել, վատից դէպի լաւը գնալ եւ…

Վերջին քանի ամիսների ընթացքում,  Հայաստանում տեղի ունեցած «թաւշեայ յեղափոխութիւն»-ից յետոյ, յաճախ ենք լսում վերոնշեալ բառերը, որոնք այնպէս էլ մնացին միայն բառեր. յատկապէս այս օրերին, հայրենիքում, ոչ մի նշոյլ անգամ չկայ սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից, ինչը, դժբախտաբար, վարչապետի ու նրա խմբակիցների կողմից կատարուած յայտարարութիւնների ու գործելաոճի հետեւանքն է:

Հայաստանում տեղի ունեցած փոփոխութիւնները, սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտից բացի երկրում պէտք էր ամրագրէին ժողովրդավարութիւն ու արդարութիւն, բայց, արի ու տես, որ դա էլ չիրականացաւ:

Ներկայ դրութեամբ, նկատւում են այնպիսի երեւոյթներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում սէր, համերաշխութիւն եւ յեղափոխութիւն բառերի իմաստներին, այլեւ տարանջատում եւ շերտաւորում են հայ ժողովրդին` նրանց «սեւերի ու սպիտակների» եւ «յեղափոխականների ու հակայեղափոխականների» խմբերի բաժանելով:

Այս օրերին Հայաստանը ոչ թէ գնում է դէպի ժողովրդավարութիւն, այլ սլանում է դէպի անբոխավարութիւն, երկրում ոչ թէ փորձեր են կատարւում արդարութեան հաստատման ուղղութեամբ, այլ ջանքեր են գործադրւում հակաօրինականութեամբ իրականացնելու սեփական նպատակները: Դէպի սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտ ժողովրդին առաջնորդելու փոխարէն` նրանց սովորեցնում են պահանջները ներկայացնել անօրինական ճանապարհով եւ ամենագռեհիկ ձեւով չյարգել ցանկացած անհատի` անկախ այն հանգամանքից,  թէ նա կին է, ազգային հերոս, խորհրդարանի պատգամաւոր կամ…

Այսօր իշխանութեան գլուխն անցած անհատները ոչ մի բանով չեն տարբերւում նախորդներից: Նրանք էլ ամէն կերպ ուզում են իշխանութիւնը պահել իրենց բռում, լինի ամբոխավարութեամբ, սահմանադրութեան փոփոխութեամբ կամ հակաօրինական այլ ճանապարհներով: Ցաւօք, այս ամէնը, երկիրը դէպի փայլուն ապագայ տանելու փոխարէն, իջեցնելու է նրա հեղինակութիւնը եւ երկրում հաստատելու է բռնապետութիւն, որն ի վերջոյ հիասթափեցնելու է յեղափոխութեանը հաւատ ընծայած ժողովրդին:

Հարաւային Ափրիկէյի նախագահ Նելսոն Մանտելան, երբ ազատուեց յեղաշրջման մեղադրանքով շուրջ 27 տարուայ բանտարկութիւնից, եւ երկրում յեղափոխութիւն տեղի ունեցաւ, համաներում շնորհեց` համոզուած լինելով, որ վրէժխնդրութեամբ չի կարելի երկրում խաղաղութիւն հաստատել: Նա անգամ նախագահականի աշխատակազմում ոչ մի փոփոխութիւն չիրականացրեց:

Յուսանք, որ մեր երկրի վարչապետը վերջ ի վերջոյ գիտակցելու է, որ ինքը ամենասկզբում երկրի վարչապետ է եւ ոչ թէ յեղափոխութեան առաջնորդ եւ վարչապետի հանգամանքից ելնելով` պէտք է անձամբ առաջին պաշտպանն ու գործադրողը լինի օրէնքի ու սահմանադրութեան եւ չհրահրելով սեփական ժողովրդին` սէր, համերաշխութիւն ու հանդուրժողականութիւն սերմանի նրանց միջեւ. պէտք է իր շուրջ համախմբի բոլորին` յանուն երկրի բարգաւաճման ու անարդարութեան իսպառ վերացման:

Մեր` բոլորիս պարտքն է, որ միմեանց թեւ ու թիկունք հանդիսանալով, աշխատենք մէկ ընտանիքի պէս` յանուն հայ ազգի ու Հայաստանի, որպէսզի յաջողութեամբ պսակուի ժողովրդի յեղափոխութիւնը, երկրում տիրի սէր եւ համերաշխութիւն, հայ ժողովուրդը մի անգամ եւս չհիասթափուի իշխանութիւնից եւ, ամենակարեւորը, կերտուի արդար եւ ժողովրդավար հայրենիք:

6 հոկտեմբեր 2018
Նոր Ջուղա


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>