Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17079

Մահիր Օզքան. Համշէնի Լեռներից, Գետերից Եւ Ծովից Լսուող Ձայնը

$
0
0

ՆԱՅԻՐԻԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

mahir_021616

«Համշէնի լեռներուն, կեդերուն (գետերուն – Ա.), ձովերուն հեքիաթներ» Հայաստանի ծեն (ձայն – Ա.) կու գայ, մեր սիրդերնիս, ծեր սիրդերուտ գաբ էլլի…

Համշէնցի Մահիր Օզքանին առաջին անգամ հանդիպել եմ 2008թ. Երեւանում, երբ գործընկերներիս հետ կազմակերպում էի Համշէնի մշակոյթին եւ պատմութեանը նուիրուած շաբաթը Հայաստանում: Այդ ընթացքում ներկայացուեց ցուցահանդէս, կազմակերպուեց գիտաժողով, եւ առաջին անգամ կայացան համշէնական «Վովա» խմբի համերգները:

Հայաստանում առաւել յաճախ սկսեցին խօսել ու քննարկել Համշէն աշխարհի առասպելական գոյութեան, ծպտեալ հայերի, նրանց ծագման ու ինքնութեան հարցերը: Ցաւօք, մեծ մասամբ դրանք պտտուեցին ու կանգ առան` «դուք ձեզ հայ համարո՞ւմ էք, թէ՞ ոչ» հարցի կողքին:

Մահիրը ո՛չ լուսանկարիչ էր, ո՛չ լրագրող, ո՛չ գիտնականների խմբի անդամ, ո՛չ էլ երաժիշտ, բայց լսելով այդ նախագծի մասին` շտապել էր միանալ Հայաստան եկող խմբին, քանի որ այս այցելութիւնը բացառիկ եւ անակնկալ հնարաւորութիւն էր իր համար: Նա եւս, շատերի նման, գալիս էր իրեն ու հայրենակիցներին տարիներ, դարեր շարունակ տանջող հարցի պատասխանը փնտռելու` «Ո՞վ ենք մենք»:

Այս այցելութիւնը ինքնաճանաչման դժուար ու ցաւալի մի ճամբորդութիւն էր, որը, ինչպէս յետոյ Մահրին ասաց, շատ բան փոխեց իր կեանքում: Ես յամառօրէն նրան Մհեր էի անուանում, իսկ նա ժպտում էր եւ ասում` «Այո՛, Մհեր»:

Վերադարձին նա իր հետ, աւանդական յուշանուէրներից բացի, տարաւ հայերէն գրքեր, ձայնագրութիւններ, իսկ որոշ ժամանակ անց իմացայ, որ բարելաւում է իր հայերէնի իմացութիւնը, զբաղւում է Համշէնի բանահիւսութեամբ, հաւաքում եւ փրկում է ժողովրդական հեքիաթներ, մանիներ (խաղիկներ-«Ակունք»-ի խմբ.), օրօրոցային երգեր, ասացուածքներ, որոնք ժամանակ առ ժամանակ սկսեցին տպագրուել «Ակօս» թերթում, հնչել ռատիոկայաններից մէկում եւ Համշէնի մշակոյթը ներկայացնող մի համացանցային պլոկում:

Յետոյ ֆեյսպուքում (դիմատետրի) նրա անուան ներքոյ կարդացի նրա հայկական անունը` Մհեր Պեքարեան: Մհերն այն համշէնցիներից է, ովքեր բացայայտ հաստատում են իրենց հայկական ինքնութիւնը: Նրան վստահաբար կարելի է համարել համշէնական մտաւորականութեան ներկայացուցիչ: Ներկայում զբաղւում է մանկավարժութեամբ, բանահաւաքութեամբ եւ դասաւանդում է դպրոցում: Թուրքական եւ հայկական մամուլում յաճախ են տպագրւում Մահիր Օզքանի հրապարակախօսական յօդուածները, որոնք անդրադառնում են համշէնցիների ինքնութեան խնդիրներին, մշակոյթի եւ լեզուի պահպանութեանը:

«Ես առաջ մա, չգիտեմ թա շատ պիձիգ էի (պստիկ), աշխարհըս գիտէի լազեր կոն (կան), համշէնցիներ կոն, ու ուրիշ մարդ չկո ու համշէնցիներն ալ թուրք ին,- ասում էր Մհերը,- Հիմի գիտիմ` աշխարհս ասման չէ (այսպէս չէ). հոզա (հոս-այստեղ) Քրասնոտարին համշէնցիներին խօսումը (խօսքը, լեզուն) մեր խօսումիս պէս ա, տեսա, անոնց հետ շատ լաւ հասկցանք (իրար Ն. Հ): Հայերէն եօթ օր խօսելով` քիչ մը լաւ աղաւ (եղաւ) ինձի համար»:

Տարիներ առաջ Մհերի այս տպաւորութիւններից մենք զրուցում էինք հայաստանեան մի քանի վայրեր այցելելուց յետոյ: Խումբը եղել էր նաեւ Ծիծեռնակաբերդում: Աշխարհը փոքր էր աւելի, մինչ այդ, եւ սահմանափակւում էր լազեր, համշէնցիներ, քրտեր եւ թուրքեր ծնող մի հսկայ երկրի տարածքում. այդպէս էին սովորեցրել նրանց: Նա խորապէս ազդուել էր Ծիծեռնակաբերդից: Թանգարանում տեսածն ու լսածը խառնուելով կոմիտասեան մեղեդիներին` յաւերժական կրակի մօտ խոնարհել էին նրան` լուռ, ալեկոծ, ականջներում` կրակի տակից լսուող մարդկային ձայները:

«Գիագին դագնան (կրակի տակից) երգիներ կուգար, կիդե՛ս=որդեղէ, անդեղէն ես, միտքես էյեւ (այնտեղից ես մտքումս կամ մտածում էի) գնգդիքը, մարդիկը հողին դագնան (տակից) մեզի ծեն (ձայն) գուդան` գասին «մեք հոզա իք»: Ես անդաղ աս հասկցայ. հեդս աս ալ դանող ում (տանելու եմ) Թուրքիա»:

Մահիր Օզքանին այս անգամ հանդիպեցի Պոլսում: Մի խումբ հայ լրագրողներով «Հրանտ Տինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա լրագրողների երկխօսութիւն» ծրագրի նախաձեռնութեամբ այցելել էինք «Արաս» հրատարակչատուն: Այն Թուրքիայում կարեւոր գործունէութիւն է իրականացնում` թարգմանելով եւ հրատարակելով գրքեր, որոնք արժէքաւոր են փակ դռների տակ դեռեւս պահուող գրականութեամբ, ուստի նաեւ վերոնշեալ երկխօսութեան տեսանկիւնից: Հէնց այստեղ էլ իրականացուել էին վերջերս լոյս տեսած «Համշէնեան պատմուածքներ. համշէցնակ հեքիաներ» գրքի հրատարակչական աշխատանքները, գիրք, որի հեղինակը Մահիր Օզքանն է:

Այս ժողովածուում ընդգրկուած պատմութիւններն ամփոփում են աշխարհից հեռու եւ աշխարհի մէջ թաքնուած համշէնցիների կեանքը, կենցաղը, լեզուամտածողութիւնն ու այս ամէնի մէջ դեռեւս ապրող մշակոյթը: Նա հաւաքել եւ գրել է երկու տասնեակից աւելի հեքիաթներ, պատմուածքներ, որոնց մեծ մասը լսել է համշէնցի մոմիներից (մոմի` համշէնի բարբառով նշանակում է մեծ մայր):

Մահիր Օզքանի հայերէնն այս ընթացքում ակնյայտօրէն լաւացել էր, Համշէնի բարբառի, իր սովորած արեւմտահայերէնի ու արեւելահայերէնի միաձուլումից ստացուած մի իւրայատուկ հայերէնով էլ նա պատասխանում էր հարցերին:

«Համշէնին բարբառը հայերէնէն քիչ մը տարբեր է. ես հիմի խօսելէս արեւելքահայերէնով թա, արեւմտահայերէնով թա, համշէներէնով թա… ես չկիդիմ, բոլորն ալ իրար խաշնուաձ ին: Հայաստան մէկ (մի անգամ) շաբաթ մը գացի, հեդեւ (յետոյ) հինգ օր ալ գացի, անդեղ հայերէն քիչ մը խօսեցայ: Իյէք օր (երեք օր) Պէյրութ գնացի (Պէյրութ կիրքը (գիրքը) ելաւ հեդեւ, կիրքի համար գնացի), անդաղ ալ խօսեցայ, համշէներէնով խօսեցայ անոնց մոդն ալ: Գամաց-գամաց խօսիք նա, իրար հասկիինք գու, բայց շուտ-շուտ խօսիք չէ… (դանդաղ եթէ խօսէք, իրար կը հասկանանք, բայց` ոչ արագ)»:

Ինչպէս պատմեց հեղինակը, իր պատմութիւնները գրելու ամենամեծ խթանը եղել է «Ակօս»-ի այն ժամանակուայ հայերէնի էջերի խմբագիր Սարգիս Սերոբեանի առաջարկը` գրել թերթում տպագրելու համար: Հայաստանում անցկացուած Համշէնի մշակութային շաբաթուայ ընթացքում, հիւրանոցում զրոյցի ժամանակ Ս. Սերոբեանը նրանից լսում է այդ հեքիաթներից մէկն ու անմիջապէս ասում. «Այս պատմութիւնը գրի առ, մենք «Ակօս»-ում կը տպենք»: Հնչում է Մահիրի զարմացած պատասխանը` «Ինչպէ՞ս… ասոնք քիյելու (գրելու) հեքիայ չեն, ասուշի` ասելու հեքիայ ին, խօսելու հեքիայ ինէ: ,դու գրիր, կը լինի»,- ասում է խմբագիրը: Հետագայում այս պատմուածքները, ինչպէս նաեւ բանաւոր մշակոյթի գրառումները ժողովածու կազմելու հիմք հանդիսացան:

«Սա հեքիաթները իմ մայրիգեն, դադիին դադին (տատի տատից) ինձի հասցուած հեքիաներ են եւ իմ աբրած, իմ գեանքան (կեանքից) էգաձ հեքիաներ են»,- ասում է Մհերը: Իսկ երբ առաջին պատմուածք- հեքիաթը տպագրւում է, մէկ շաբաթ անց Ս. Սերոբեանը զանգահարում է Մահիրին եւ ասում, որ նոր պատմութիւն գրի եւ ամէն շաբաթուայ համար,- «անկէ ես ինձի դեսայ` համշէներէնով հեքիայ կրուի գու (գրւում է), գարելի է. առաջ մը կիդէի` համշեներէնը խօսելու լիզու ա, կ’իրուշի` կրելով լիզու չէ»:

Համշէնի պատմութեան ամենահին վկայութիւնները պատկանում են հայ պատմիչներ Ղեւոնդին (Ը. դար), Յովհան Մամիկոնեանին (Է.-Թ. դարեր) եւ Ստեփանոս Տարօնեցի Ասողիկին (Ժ.-ԺԱ. դարեր): Ըստ այդ վկայութիւնների եւ հետագայ ուսումնասիրութիւնների` պատմական Համշէնը գտնւում է ժամանակակից Թուրքիայի հիւսիս-արեւելքում, Սեւ ծովը թափուող Ֆորթունայ գետի ափին, Խաչքար (Քաչքար) լեռան ստորոտում: Ը. դարում, չդիմանալով արաբական տիրապետութեան ճնշումներին, Մեծ Հայքի Վասպուրական եւ Այրարատ նահանգներից շուրջ 12 հազար հայ, հայոց Ամատունեաց տոհմի նախարար Շապուհի եւ նրա որդու` Համամ իշխանի գլխաւորութեամբ, գաղթում են դէպի Բիւզանդիա: Կայսր Կոնստանդին Զ. սիրով է ընդունում հայ իշխաններին, նուիրում Տամբուր քաղաքը, ժողովրդին բնակեցնում բարւոք ու արգաւանդ երկրում` Սեւ ծովի հարաւարեւելեան մասում:

Համամ Ամատունին հետագայում վերականգնում է պատերազմից աւերուած Տամբուր քաղաքը եւ այն իր անունով կոչում Համամաշէն, այսինքն` Համամի շէն` Համամի քաղաք: Աւելի ուշ քաղաքը ստացաւ Համշէն անուանումը, իսկ բնակիչները` համշէնցիներ:

Այսպէս սկիզբ դրուեց Համշէնի հայկական իշխանութեանը, որը պահպանեց իր գոյութիւնը շուրջ 700 տարի: Այն Բիւզանդական, այնուհետեւ Պոնտական կայսրութեան կազմում ունէր կիսանկախ դրութիւն: Պատմաբանների ուսումնասիրութիւնների համաձայն, մինչ Օսմանեան կայսրութեան այստեղ յայտնուելը, Համշէնի բնակիչները քրիստոնեաներ էին եւ Հայ առաքելական եկեղեցու յետնորդներ:

Համամ Ամատունու հիմնադրած իշխանութիւնը կործանուեց 1489թ., երբ Համշէնը գրաւուեց թուրքերի կողմից: Կրօնական եւ ազգային անհանդուրժողականութիւն, իսկ աւելի ուշ` բռնի կրօնափոխութիւն, որն իրականացւում էր ամենադաժան մեթոտներով, ջարդ, գաղթի արիւնոտ ճանապարհներ եւ այլն: Մահուան սպառնալիքի մէջ, փրկութեան ելք որոնելու հետեւանքում էլ ոմանք դարձան (եւ մինչ օրս էլ դառնում են) Յակոբօղլու, Վեզիրօղլու եւ այլն:

Նկատի ունենալով նաեւ Հարվըրտի համալսարանի փրոֆեսէօր Պերթ Վոքսի ուսումնասիրութիւնները` այսօր համշէնահայութիւնը թէ՛ դաւանանքի, թէ՛ բնակութեան վայրի առումով բաժանուած է երեք հիմնական խմբի`

1. Արեւմտեան համշէնցիներ (հեմշիլներ). սիւննի-մահմետական, թրքախօս համշէնցիներ, ովքեր հիմնականում բնակւում են Թուրքիայի Ռիզէ նահանգում` Հեմշին եւ Չամըլհեմշին գաւառներում: Նրանց անուանում են նաեւ պաշ-հեմշիլներ:

2. Արեւելեան համշէնցիներ (հոմշեցիք). սիւննի -մահմետական, հայախօս համշէնցիներ կամ հոփա-համշէնցիներ, ովքեր բնակւում են Թուրքիայի Արդուին նահանգի Խոփա եւ Բորչկա շրջաններում:

3. Հիւսիսային համշէնցիներ. մեր օրերում Վրաստանում, Աբխազիայում եւ Ռուսաստանում` հիմնականում Կրասնոտարում ապրող, օսմանեան շրջանում Համշէնից ստիպուած հեռացած հայախօս, քրիստոնեայ համշէնցիներն են:

Համշէնցիների մի մասը (առաւելապէս` արեւմտեան) այսօր իրեն համարում է թուրք ժողովրդի առանձին ազգային խումբ եւ անուանում թուրք հեմշիլի. նրանք հիմնականում մերժում են իրենց հայկական ինքնութիւնը: Խոփա-համշէնցիներից շատերն ընդունում են իրենց հայկական արմատները, սակայն խուսափում են այդ մասին խօսել, մի մասն էլ` իրենց յայտարում է առանձին ազգային միաւոր` բնորոշ առանձին լեզուով, որին անուանում են «հոմշեցնակ», «համշեցնակ»: Այսօր հայախօս մուսուլման համշէնցիներ կան նաեւ Պոլսում, Անգարայում, Էրզրումում, Պոլսի մօտ գտնուող Սաքարեայ նահանգում, Տրապիզոնում, Խըրխըզըսանում, Գերմանիայում:

«Համշէնցիներու մէջ «մէք (մենք) համշեցի ինք» ասողներ ալ գան, «մէք հայ ինք» ասողներ ալ գան, «թուրք ինք ասողներ» ալ գան. փոլիթիքըլ փրոբլեմ ա: Մարդը էնտերնացիոնալիստ մարդ կ՛ըլլայ, սոցիալիստ կամ կոմունիստ կ’՛ըլլայ, թուրք նացիոնալիստ մարդեր ալ գան համշենցիներու մէջ, մուսուլմաններ ալ գան` «հայ ինք, թուրք ինք ի՞նչ փան ա, մէք մուսուլման ինքէ գասին»,- ասում է Մահիր Օզքանը:

Համշէնի բարբառի ու բանահիւսութեան վերաբերեալ ուսումնասիրութիւնների մեծ պաշար ունի Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային ակադեմիայի հնագիտութեան եւ ազգագրութեան հիմնարկի գիտաշխատող, «Համշէն» հայրենակցական միութեան փոխնախագահ Սերգէյ Վարդանեանը: Տասնեակ տարիների ուսումնասիրութեան արդիւնքում նա նկատում է, որ այս ասպարէզը մեծ իմաստով դուրս է մնացել մասնագէտների հետաքրքրութեան շրջանակից: «Որքան էլ տարօրինակ է, համշէնցիների բանահիւսութիւնը, նոյնիսկ քրիստոնեաների, չի ուսումնասիրուել,- ասում է Ս.Վարդանեանը,- պատկերացրէք, հարիւրաւոր համշէնցիներ ունենք բանասիրական կրթութեամբ, ներառեալ միւսներիս` հայ գիտնականներին, առ այսօր առանձին հատորով չկայ որեւէ ուսումնասիրութիւն հրատարակուած, որպէսզի տարբեր տարածքներում ապրող համշէնահայերի մշակութային ընդհանրութիւնները հեշտ գտնուեն»:

1980-ականներից սկսած` Ս. Վարդանեանը զբաղւում է համշէնահայերի բանահիւսութեամբ, բարբառի եւ երգարուեստի ուսումնասիրութեամբ, հրատարակել է բազմաթիւ յօդուածներ եւ բանահիւսական նիւթեր, որոնց մեծ մասը տպագրուել են իր իսկ կողմից հրատարակուող «Ձայն Համշէնական» թերթում: Այս տարիների ընթացքում նա Ղազախստանում, Ուզպեքիստանում, Խըրխըզիստանում յայտնաբերել է կրօնափոխ համշէնահայերի բնակավայրեր, կազմակերպել փոխադարձ այցելութիւններ:

Վերջին տարիներին ուսումնասիրութիւններ եւ բանահաւաքական աշխատանքներ է կատարել Թուրքիայի Խոփայ եւ Բորչկայ գաւառներում, Էրզրումի եւ Ռիզէի նահանգների համշէնցիների գիւղերում: Համեմատութիւններ կատարելով նաեւ ռուսաստանաբնակ, Աբխազիայի համշէնցիների հետ, միաժամանակ նշելով տարբեր փոխազդեցութիւնները` նա ասում է. «Համշէնցիների բանահիւսութիւնը ընդհանրութիւններ ունի հայաստանցիների, Ղարաբաղի, Ղարատաղի բանահիւսութեան հետ, բայց չի հաւաքուել, չի հրատարակուել… ես հաւաքում եմ, ի հարկէ, բայց դա քիչ է: Հիմնականում մանիները, խաղիկներն են լաւ պահպանուել, եւ դրանցով համեմատութիւններ անելը շատ հեշտ է»:

Այս տեսակէտից չափազանց կարեւոր է Ս. Վարդանեանի «Կրօնափոխ համշէնահայերի բարբառը, բանահիւսութիւնը եւ երգարուեստը» գիրքը, որը հրատարակուել է 2009թ:

Համշէնցիների կողմից սեփական ինքնութիւնը պահպանելու ամենամեծ ջանքերն այսօր արձանագրւում են մայրենի լեզուն, պարերը, ծէսերն ու աւանդոյթները պահպանելու ոլորտում, որը, յատկապէս վերջին տարիներին, արտայայտւում է Համշէնի բարբառով երգերի վերածնման եւ տարածման տեսքով: Այդ արտայայտութիւններից մէկն էլ Մահիր Օզքան-Մհեր Պեքարեանի «Համշէնեան պատմուածքներ. համշէցնակ հեքիաներ» գրքի ծնունդն է: Նա այս ճանապարհով մոռացութիւնից փրկում եւ աւելի հասանելի է դարձնում դարեր շարունակ հեռաւոր գիւղերում, լեռների մէջ մեկուսացած, ծովին, անձրեւին ու քամուն ունկնդրող մարդկանց պատմութիւնները: Երկու մասից բաղկացած գրքի առաջին հատուածում հեղինակը երկու էջին զուգահեռաբար պատմուածքները ներկայացնում է Համշէնի բարբառով` լատինատառ եւ թուրքերէն թարգմանութեամբ: Երկրորդ հատուածում արդէն հայատառ Համշէնի բարբառն է` արեւմտահայերէն շարադրանքով եւ մեկնաբանութեամբ:

«Մէգը թուրքերէն խօսի գու` համշէներէն չքիդա (չգիտի), մեգը համշէներէն խօսի գու, բայց հայ տառեր չքիդա, մեգն ալ` Ռուսիայի, Աբխազիայի քրիստոնեայ համշէնցիներ, հայ տառերով գարթալ գային (կարող են), բայց թուրքերէն չքիդին,- ասում է Մհերը,- Անու ամա (Այդ պատճառով` անոր համար) թուրքերէն խօսողներուն համար` թուրքերէն, լատին տառերով` համշէներէն խօսողներուն համար եւ հայ տառերով համշէներէն (հայերէն կարդացողների համար Ն.Հ.). ասման քիրք մը աղաւ»:

Մահիր Օզքանը «Համշենեան պատմուածքներ. համշէցնակ հեքիաներ» գիրքը նուիրել է իր մօր յիշատակին` «Համշէնցիների մոմի (մեծ մայր)` Արտելեցի Սութիին, որ հարիւրաւոր տարիների իր գանձը ինձ փոխանցելով` օգնեց, որպէսզի ես ե՛ս լինեմ»:

Գրքից բազմաթիւ օրինակներ հեղինակը նուիրել է տարբեր երկրներում ցրուած համշէնցիներին ու այս մշակոյթով հետաքրքրուող մարդկանց:

«Ռուսաստան, Մոսկուա գնաց, համշէնցիներու աբրաձ դաղերն (տեղերը) գնաց` Տրապիզոն, Ռիզէ, Խոփա, Արդուին, Պոլիս, Իզմիր, Անգարա… Մոսկուայի համշէնցիները միութիւն ունին, անոնք ալ ուզեցին, անդեղ էլ գնաց, Սոչի գնաց, Հայաստանի ընգերներին, Աբխազիայի համշէնցիներին ալ ղրգեցա»:

«Ջատուի հեքիաներ` 1.Մոմի, 2. Աղջիկ 3. Հալիւոր», «Արջի հեքիա», «մէկ սունով պատ էլլի չի», «Դադրած», «Հելուա ու հաց», «Սեւ ծովուն անէծքը» եւ այլն: 24 հեքիաթներից եւ պատմուածքներից բաղկացած այս ժողովածուն ասես նախշազարդ գորգ լինի` հիւսուած մորթուած ու յարութիւն առած, խեղուած ու նոր գոյն առած հնագոյն բառերից: Ահա մի գունաւոր կտոր.

«Լեռնուք» (լեռները) վախի հէքիա անկուջ դենուշէ (ականջ դնելը/մտիկ ընելը) շատ սէֆալի կէլլի (հաճելի կ’ըլլայ): Լեռնօուն (լեռներուն) աթմոսֆէրէ վախի հէքիանօուն շատ ումիշ գու գա (հեքիաթներուն շատ յարմար կու գայ): Ալենթիրիք չկօ (չկայ): Թէլէվիզիոն, գոմբութէր չկօ: Անու համա (անոր համար) ալ, լեռինէ մարդիկէ ույնցման (իրենցմէ) հեռու հէքիանիյէ սէյր էնել չին (հեքիաթները չեն դիտեր): Ույինքէ (իրենք) հէքիանօուն մէջէ կ՛էլլին (հէքէաթներուն մէջը կ՛ըլլան): …

Լեռների վրայ վախի հեքիաթ/պատմութիւն լսելը շատ հաճելի է: Լեռների մթնոլորտը վախի հեքիաթներին շատ յարմար է: Էլեկտրականութիւն չկայ, հեռուստացոյց, համակարգիչ չկայ: Դրա համար էլ` լեռների մարդիկ իրենցից հեռու հեքիաթները չեն դիտում, իրենք էլ հեքիաթների մէջ են լինում:

2011թ. ստեղծուեց Թուրքիայում բնակուող համշենցիների «Հատիկ» հայրենակցական միութիւնը: Այստեղ ընդգրկուած անդամները Պոլսից են, Անգարայից, Արդուինից եւ այլն: «Հատիկը» փորձում է համախմբել հասարակական, քաղաքական, կրօնական տարբեր հայեացքներ արտայայտող համշէնցիներին մէկ գաղափարի շուրջ` պահպանել համշէնական մշակոյթը եւ լեզուն անհետացումից: Տարբեր մշակութային ծրագրերից զատ` շուտով կեանքի կոչուեց մէկ այլ նախագիծ` համշէնական «Գոր» ամսագրի հրատարակումը, որտեղ եւս տեղ գտան Մահիր Օզքանի հրապարակախօսական յօդուածներն ու պատմուածքները:

Մեր հանդիպման օրը Մհերն անհանգիստ էր եւ շտապում էր, որքան հնարաւոր է, շուտ հասնել տուն: «Արաս» հրատարակչութեան տնօրէն Ե. Թոմասեանը ասաց, որ նա շուտով սպասում է իր առաջին զաւակի լոյս աշխարհ գալուն:

«Աղջիկդ հայերէն խօսելու՞ է»,- հրաժեշտին հարցնում եմ Մհերին: «Անպայման,- ասում է նա ինքնավստահ ժպիտով,- կինս մակեդոնուհի է, նա դստերս հետ թուրքերէն կը խօսի, իսկ ես սովորեցնելու եմ միայն հայերէն»:

«Հետք»


Viewing all articles
Browse latest Browse all 17079

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>