ԼԷՈՆԻՏ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Եւ այսպէս, 2016 թուականն արդէն իր իրաւունքների մէջ է:
Օրացուցային տարուայ հետ մէկտեղ աստիճանաբար թափ է առնում եւ քաղաքական տարին: Միանգամայն օրինաչափ է, որ ԼՂՀ արտաքին քաղաքականութեան առանցքային միջաշառաւիղներից մէկը մնում է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումը: Ինչպիսի՞ն են նրա հեռանկարները ներկայ տարում: Հարցն այս, անկասկած, մեր հանրապետութեան քաղաքացիների համար առանձնայատուկ հետաքրքրութիւն է ներկայացնում: Յունուարի
1-ին նախագահութիւնը ԵԱՀԿ-ում հերթափոխութեան կարգով Սերպիայից փոխանցուել է Գերմանիային: Արդեօ՞ք սերպական նախագահութեանը յաջողուեց առաջընթացի հասնել կայուն խաղաղութեան հաստատման համար փոխընդունելի որոշման որոնումներում: 2015-ը մնաց անցեալում, եւ հարցը, թէ ինչը կարելի է սերպական նախագահութեան տուած արդիւնքներում գրանցել, լիովին օրինաչափ է: Ամենակարեւորը, թերեւս, այն է, որ հակամարտութեան գօտում անվտանգութեան խնդրի լուծմանն ուղղուած ԵԱՀԿ ջանքերի շնորհիւ իրավիճակն, ընդհանուր առմամբ, յաջողուեց վերահսկողութեան տակ պահել: Այդուհանդերձ, հարկ է վերապահում անել, որ միջազգային միջնորդութեան ջանքերն ամրապնդւում էին Հայաստանի ու Արցախի զինուած ուժերի գործողութիւններով, որոնք իրենց արդիւնաւէտ հակամիջոցներով զսպեցին Ազրպէյճանի յարձակողապաշտ ոտնձգութիւնները: Իսկ ինչպիսի՞ն են Պերլինի առաջնահերթութիւնները ԵԱՀԿ-ում, մասնաւորապէս` նրա Մինսքի խմբում, որի հովանու ներքոյ անցնում է ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը:
Գերմանական կողմի հաւաստմամբ` Գերմանիայի հիմնական առաջնահերթութիւնը ԵԱՀԿ-ում նախագահութեան ժամանակաշրջանում կը լինեն խաղաղութիւնն ու անվտանգութիւնը: Յունուարի 13-ին գերմանացի արտաքին գործերի նախարարութիւնը տարածեց արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Ֆրանք Վալթեր Շթայնմայերի յայտարարութիւնը, որում մասնաւորապէս ասւում է. «Մենք նոյնպէս կը մասնակցենք Լեռնային Ղարաբաղում, Մերձտնեսթրում եւ Հարաւային Կովկասում հակամարտութիւնների լուծմանը եւ կ՛աշխուժացնենք ԵԱՀԿ առաքելութիւնների աշխատանքը տեղերում»: Ընդսմին, նախարարն ընդգծեց, որ Գերմանիան Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան նախագահի իրաւունքներն է ստանձնում բարդ ժամանակներում, եւ ԵԱՀԿ-ն հարկ է դիտել որպէս հարթակ` երկխօսութեան եւ վստահութեան ստեղծման համար: Խօսելով բարդ ժամանակների մասին` պարոն Շթայնմայերը նկատի ունէր ճգնաժամը Մերձաւոր Արեւելքում եւ հակամարտութիւնը Ուքրանիայի արեւելքում, ահաբեկչութեան սպառնալիքի աճն աշխարհում: Ի հարկէ, նրա հետ չի կարելի չհամաձայնել: Հարկ է նշել սակայն, որ ԵԱՀԿ գերմանական նախագահութեանը բարդութիւններ սպասւում են եւ ղարաբաղեան ուղղութեամբ: Արդեօ՞ք ազրպէյճանաղարաբաղեան հակամարտութեան հանգուցալուծման հարցում Պերլինի դիւանագիտական ջանքերը յաջողութեամբ կը պսակուեն: Կարգաւորման գործընթացի անցած ողջ ժամանակահատուածը լաւատեսութիւն չի ներշնչում: Ինչպէս յայտնի է, վերջին տարիներին լիարժէք բանակցութիւններ չէին անցկացւում, միջնորդների ջանքերը գլխաւորապէս ուղղուած էին հակամարտութեան գօտում խաղաղութեան պահպանմանը, ինչի համար, մասնաւորապէս, կազմակերպւում էին Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների ու արտաքին գործերի նախարարների հանդիպումներ: Յամենայն դէպս, անցած տարում` դեկտեմբերի 19-ին, Զուիցերայի մայրաքաղաք Պերնում, ԵԱՀԿ-ին յաջողուեց անցկացնել Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարների ընդամէնը մէկ հանդիպում, որն էլ Իլհամ Ալիեւն անուանեց ձեւական, «բացարձակապէս անօգուտ եւ անարդիւնք»: Կարծում ենք, հէնց Պերնի հանդիպման նկատմամբ Ալիեւի քամահրալից վերաբերմունքը լիովին բնութագրում է նրա մօտեցումը կարգաւորման գործընթացին` ընդհանրապէս: Քանի որ գաղտնիք չէ, որ բանակցութիւնների «անօգուտ եւ անարդիւնաւէտ» լինելն Ազրպէյճանի «ղարաբաղեան» քաղաքականութեան արտացոլումն է, որը պահանջում է գործնականում անհնարինը` իր ապօրինի իրաւասութեան հաստատումը Լեռնային Ղարաբաղում: Հաշուի առնելով Պաքուի անզիջում դիրքորոշումը` կարելի է չկասկածել, որ ո՜չ Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարների նոր հանդիպումները, ո՜չ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների դիւանագիտական ջանքերը չեն կարող բեկում մտցնել ներկայիս անհեռանկար իրավիճակում: Ի դէպ, ամերիկեան համանախագահ Ճէյմս Ուորլիքն արդէն ազդարարել է, որ ԵԱՀԿ Մինսքի խումբը կ՛աշխատի Ազրպէյճանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպման ուղղութեամբ: Սակայն հարկ է նշել, որ իր «ազդարարութեամբ» հանդէս եկաւ եւ Իլհամ Ալիեւը, ով տարեսկզբին կառավարութեան նիստի ժամանակ յայտարարեց, թէ` «մենք Հայաստանին այսուհետ եւս կը մեկուսացնենք տարածաշրջանում իրականացուող բոլոր նախագծերից, կ՛աւելացնենք մեր ռազմական ուժը»: Միաժամանակ, ռազմատենչ մոլեգնութեան տրուելով, ասաց, որ` «2015 թուականին Ազրպէյճանը լիակատար առաւելութիւն է ապահովել շփման գծում եւ պարտադրել իր կամքը»: Կարծում ենք, Ճէյմս Ուորլիքը եւ Մինսքի խմբի նրա գործընկերները հարկ է, որ նկատի առնէին Ալիեւի այդ յայտնութիւնը, որն ամենայն ակնյայտութեամբ ցուցադրում է` ով է իրականում կրակի դադարեցման դրութեան իսկական խախտողը: Ինչպէս յայտնի է, միջազգային միջնորդները միշտ համարում էին, որ Ազրպէյճանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները ծառայում են զօրքերի շփման գծում լարուածութեան թուլացմանը, կայունացնող ներգործութիւն ունենում իրավիճակի վրայ: Սակայն Ազրպէյճանն իր գործողութիւններով փաստօրէն «ի չիք դարձրեց» նման մտայանգութիւնները: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նման կարգի հանդիպումներից յետոյ ազրպէյճանական կողմի զինուած սադրանքները ոչ միայն չեն դադարում, այլեւ անգամ յաճախակի են դառնում: Ներկայումս իրավիճակը դարձեալ սրուել է, ինչը պայմանաւորուած է ռուս-թուրքական յարաբերութիւնների կտրուկ վատթարացմամբ: Ռուսաստանի համար Հարաւային Կովկասում աւելորդ խնդիրներ ստեղծելու իր ձգտմամբ Թուրքիան նկատելիօրէն աշխուժացել է` Ազրպէյճանին խրախուսելով լարուածութեան սրման: Աւելի՛ն, վարչապետ Տաւութօղլուն հանդէս եկաւ սադրիչ յայտարարութիւններով` խոստանալով անել «հնարաւոր ամէն ինչ, որպէսզի Ազրպէյճանի բռնագրաւուած տարածքներն ազատագրուեն»: Եւ ընդգծեց, որ Անգարան կը շարունակի ուժերի ներածին չափ օգնութիւն ցուցաբերել Պաքուին` նշուած նպատակին հասնելու համար: Այդ յայտարարութեան մէջ անթաքոյց մարտահրաւէր կայ ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Ռուսաստանի ու միջազգային հանրութեանը` ի դէմս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան: Ինչպէ՞ս կը զարգանան իրադարձութիւնները հետագայում: Առայժմ միայն մէկ բան կարելի է վստահ ասել. Ֆրանք Վալթեր Շթայնմայերն իրաւացի է` յայտարարելով, թէ Գերմանիան ԵԱՀԿ-ում իր նախագահութիւնը ստանձնել է բարդ ժամանակներում:
«Ազատ Արցախ»