ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Գուցէ լաւ չէ, երբ պետութիւնը, տուեալ դէպքում` արտաքին գործերի նախարարութիւնը, միջամտում է մարզական մի միջոցառման, որի մէջ ներգրաւուած է «Արարատ» ֆութպոլային ակումբը: Սակայն սա այն դէպքն է, երբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնը ճիշդ է վարուել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յորդորել է «Արարատ»-ին` չմեկնել Աբխազիա, որտեղ յունուարի 27-ին պէտք էր կայանար խմբի ընկերական հանդիպումը ռուսական «Վոլկա» ակումբի հետ: «Մենք Աբխազիան որպէս առանձին միաւորում չենք ճանաչում, եւ, հետեւաբար, առարկել ենք, որ տեղի ունենայ ընկերական ֆութպոլային հանդիպումը Սուխումում», Epress.am-ի հետ զրոյցում ասել է արտաքին գործերի նախարարութեան մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:
Աբխազիայի արտաքին գործերի նախարարութիւնը Հայաստանի քայլը համարել էր «ոչ բարեկամական»: «Մեր ժողովուրդների միջեւ վաղեմի պատմական կապեր կան, իսկ Աբխազիայում բնակւում է խոշոր հայկական համայնք, որը Աբխազիայի բազմազգ ժողովրդի անբաժանելի մասն է», յայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը:
«Մենք մեր որոշումներում եւ քայլերում առաջնորդւում ենք միայն մեր ազգային, պետական շահերով», ի պատասխան ասել է Բալայեանը:
Անշուշտ շատ աւելի լաւ կը լինէր, եթէ «Արարատ»-ը պայմանաւորուած չլինէր Աբխազիայում հանդիպում անցկացնելու շուրջ, որպէսզի նաեւ չլինէր աբխազական կողմի հասկանալի դժգոհութիւնը: Այդ դժգոհութիւնը եւս պէտք է հաշուի առնել, քանի որ Աբխազիայում ունենք 50 հազարից աւելի հայութիւն, բազմաթիւ հայկական գիւղեր, հայկական դպրոցներ:
Բայց երբ խօսքը Հայաստան-Վրաստան յարաբերութիւնների մասին է, ապա պէտք է չափազանց նրբանկատ լինել: Վրաստանը Հայաստանի համար ամէնից կարեւոր գործընկերն է ու հարեւանը: Եւ սա հաշուի առնելով` Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը պէտք է հետեւողական լինի եւ հետեւի, որպէսզի տարբեր քայլերով, այդ թւում` մարզական, թիւրըմբռնում եւ անիմաստ լարուածութիւն չառաջանայ երկկողմ յարաբերութիւններում: Օրինակ, ինչպէս եղաւ անցեալ տարի, երբ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակեանը որոշեց, որ պէտք է ընդունի Հարաւային Օսեթիայի խորհրդարանի ղեկավարին, այդպիսով` ստեղծելով հայ-վրացական գայթակղութիւն:
Եթէ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը յորդորում է հայկական ֆութպոլային ակումբին հրաժարուել Սուխումում հանդիպում անցկացնելուց, ինչը արդարացուած քայլ է, որպէսզի դրա պատճառով Երեւան-Թիֆլիս յարաբերութիւնները չտուժեն, ապա նոյնը պէտք է անի այն դէպքում, երբ հայկական ֆութպոլային ակումբները ուսումնամարզական հաւաքներ են անցկացնում Անթալիայում:
Ուղիղ մէկ տարի առաջ այս օրերին Հայաստանի բարձրագոյն խմբի առաջնութեան 8 խմբերից 5-ը ուսումնամարզական հաւաք էին անցկացնում Անթալիայում, այդ թւում` ընկերական հանդիպումներ: Այդ խմբերն են` Երեւանի «Փիւնիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Ալաշկերտը», ինչպէս նաեւ` Գիւմրիի «Շիրակը»:
Թուրքիան այն պետութիւնն է, որ շրջափակման տակ է պահում Հայաստանը, հրաժարւում դիւանագիտական յարաբերութիւններ հաստատել, ժխտում է Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, օժանդակում Ազրպէյճանին ընդդէմ Հայաստանի ու Արցախի: Թուրքիան Հայաստանի հանդէպ վարում է թշնամական քաղաքականութիւն:
Այս գրութիւնը պատրաստելու ընթացքում Հայաստանի մարզական լրատուամիջոցները հաղորդեցին, որ բարձրագոյն խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնող Երեւանի «Ալաշկերտ» խումբը փետրուարի 1-ին կը մեկնի Թուրքիա` Անթալիա, որտեղ տասնօրեայ մարզումներին զուգահեռ, փետրուարի 6-ին եւ 10-ին երկու ստուգողական խաղ կ՛անցկացնի Հունգարիայի երկու` «Սիոֆոկ» եւ «Սորոկսար» ակումբների հետ:
Ուշադրութի՛ւն դարձրէք` հայկական ֆութպոլային առաջատար ակումբը ոչ միայն Անթալիա է մեկնում ուսումնամարզական հաւաքի, այլ ընկերական հանդիպումներ է անցկացնում հունգարական խմբերի հետ: Հայաստանը խզել է դիւանագիտական յարաբերութիւնները Հունգարիայի հետ 2011-ին, երբ Պուտափեշտը Ազրպէյճանին վերադարձեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
Պէտք չէ բացառել, որ Հայաստանի ֆութպոլային այլ ակումբներ եւս այս տարի, ինչպէս նախորդ եւ անցնող տարիներին, ուսումնամարզական հաւաք կ՛անցկացնեն Թուրքիայում: Մինչեւ այժմ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը, գոնէ հրապարակաւ, չի յորդորել, որպէսզի հայկական ակումբները խուսափեն մի երկրում ուսումնամարզական հաւաք անցկացնելուց եւ հազարաւոր տոլարներ գումարներ թողնելուց, երբ այդ երկիրը շարունակում է թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ:
Եթէ Աբխազիա չի կարելի, ապա Թուրքիան պէտք է արգելուի: Կայ մէկ այլ ընտրութիւն` չմիջամտել եւ ընդունել, որ մարմնամարզը չի կարելի խառնել քաղաքականութեանը: Բայց արդեօք մարմնամարզը քաղաքականութիւն չէ՞: Վկան` Հայաստան-Թուրքիա ձախողուած «ֆութպոլային դիւանագիտութիւնը»: