ԶՐՈՒՑԵՑ` ԼԻԱՆԱ ՄԿՐՏՉԵԱՆ
Պասքեթպոլի Ա. լիկայի Հայաստանի առաջնութեան շրջանակներում ընթացող «Ուրարտու»-«Ինժեներ» հանդիպման ընթացքին մեծ ուշադրութեամբ ու կլանուած հետեւում էր Ասիայի պասքեթպոլի ֆետերասիոնի գլխաւոր քարտուղար հայազգի Յակոբ Խաչերեանը: «Vivaronews.am»-ի հետ զրոյցում ՀՄԸՄ-ի պասքեթպոլային խմբի նախկին վաստակաւոր մարզիչը պատմեց, որ չնայած անձնական նպատակներով է ժամանել Հայաստան, բայց մտադիր է օգնել հայկական պասքեթպոլի զարգացմանը եւ արդէն գիտի, թէ ինչպէ՛ս է դա անելու:
ՀԱՐՑՈՒՄ.- Ո՞րն է ձեր այցի նպատակը եւ ինչո՞ւ էք որոշել ներկայ գտնուել այս հանդիպմանը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Անձնական հարցերով եմ Հայաստան ժամանել: Բացի այդ էլ, իմ պարտականութիւնն էի համարում, որպէս հայ եւ պասքեթպոլի աշխարհում դիրք ունեցող մարդ, կապ հաստատել պասքեթպոլի Հայաստանի ֆետերասիոնի հետ եւ հնարաւորնիս օգտակար լինել հայկական պասքեթպոլին: Այս խաղին էլ ներկայ եմ, որպէսզի տեսնեմ, թէ ինչպէս է կազմակերպւում լիկան, խմբերի մակարդակին մօտաւորապէս ծանօթ էի:
Հ.- Ի՞նչ կարծիք էք կազմել առաջնութեան խմբերի եւ պասքեթպոլիստների մասին:
Պ.- Դեռ երիտասարդ են, բայց կլանուած են պասքեթպոլով: Մրցումային մակարդակը, անկեղծ ասած, այն չէ, դեռ աշխատելու տեղ կայ: Ամէն աշխատանք անելիս պէտք է աստիճան առ աստիճան բարձրանալ: Գնահատական չեմ կարող տալ, քանի որ պէտք է տեղեակ լինեմ բոլոր մանրուքներից: Բաւական ճանապարհ կայ կտրելու: Այսօր բոլոր մարզաձեւերը, այդ թւում` պասքեթպոլը, պիզնես են, այսինքն նիւթական միջոցներ են պէտք, երկար աշխատանքներ: Բայց կարեւորը կամքն է, ցանկութիւնը, ու ես ինձ հանդիպած բոլոր մարդկանց մէջ տեսնում եմ կամքը` ինչ-որ բան փոխելու, առաջ շարժուելու: Կը փորձենք հնարաւորինս զարգացնել պասքեթպոլը` ապահովելով լաւագոյն մարզումները, որպէսզի նրանք կարողանան Հայաստանի անունը բարձր պահել միջազգային հարթակներում:
Հ.- Հնարաւո՞ր է, որ զարգացմանը նպաստելու համար ներդրումներ կատարէք:
Պ.- Այսպէս ասեմ` խմբային աշխատանքների մէջ կան առաջատարներ, հրամանատարներ եւ զինուորներ: Այս պարագայում ես ինձ զինուոր եմ համարում, ով Հայաստանի ֆետերասիոնի հրամանատարութեան տակ է գտնւում: Ես կը փորձեմ իմ տրամադրութեան տակ գտնուող մարդկանցով օգուտ բերել նրանց: FIBA-ի գրասենեակում բաւական մեծ թուով հայ պաշտօնեաներ կան, որոնք նոյնպէս կարող են օգնել: Ի հարկէ, որոշակի հարցերով սահմանափակումներ ունենք, սակայն ազգային պարտականութիւն ենք համարում եւ կը փորձենք այդ անձնակազմով մեր հայրենիքին օգտակար լինել:
Հ.- Այդ անձնակազմով ինչպէ՞ս էք պատրաստւում շօշափելիօրէն օգնել հայկական պասքեթպոլին:
Մեզ ընդհանուր ծրագիր է պէտք: Հէնց դրա վրայ պէտք է միասին աշխատենք: Մետիա ներկայացուցիչները եւ համակիրները ցանկանում են արագ արդիւնքներ տեսնել, սակայն դա անհնար է, աստիճանները մէկ առ մէկ պէտք է բարձրանալ: Պէտք է աշխատենք, որ զարգացման գործընթացի ժամանակ, որքան հնարաւոր է, վաղ աճը զգացուի:
Հ.- Պասքեթպոլի առաջնութիւնից սա առաջինն հանդիպո՞ւմն է, որին ներկայ էք, մի գուցէ մտադի՞ր էք եւս մի քանի խաղերի այցելել:
Պ.- Ասեմ, որ ֆետերասիոնի հետ համագործակցելու ենք, արդէն դրա ժամանակն է եկել, պէտք է ծրագրաւորենք մեր համատեղ աշխատանքը, եւ այստեղ բոլորը պատրաստակամ են մեր խորհուրդները լսելու ու օգտագործելու:
Հ.- Հաւանաբար նաեւ հետեւում էք հաւաքականի ելոյթներին: Այդտեղ գործերը բաւական յաջող են ընթանում, երիտասարդներն էլ խոստմնալից են: Արհեստավարժ աչքով կարծիք կը յայտնէ՞ք մեր ընտրանիների մասին, ի՞նչ տպաւորութիւն են թողնում ձեզ վրայ:
Պ.- Այո՛, հետեւում եմ հպարտութեան զգացումով: Բայց անկեղծ ասեմ` մեր հաւաքականներում դրսից բերուած ուժեր են` այստեղ են կամ այնտեղ: Եթէ ցանկանում ենք երկարաշունչ լինել այս մարզաձեւում, երկար ժամանակ ու պարբերաբար մեծ յաջողութիւնների հասնենք, ապա այդ սերմերը պէտք է ծնուեն հայրենիքի մէջ, սփիւռքը միշտ կարող է աջակցել իր մարզիկներով, իր կարողութիւններով, բայց հիմքը այստեղ է: Պէտք է մենք միշտ աշխատենք այստեղ խաղացողների բանակ ստեղծել, դրան կ՛օժանդակեն սփիւռքի տարբեր գաղութներում գտնուող մարզիկները, սակայն բոլորը պէտք է կենդրոնանան Հայաստանի վրայ:
Այդ պատճառով պէտք է ուշադիր հետեւենք դպրոցական մարմնակրթութեան, եթէ նայենք աշխարհի լաւագոյն ակումբներուն, ամենաշատ ողիմպիական մետալներ նուաճած երկրներին, կը տեսնենք, որ նրանց մօտ տարբեր մարզաձեւերը ներդրուած են դպրոցներում: Մարզիկը պէտք է հիմնական քայլերը կատարի դպրոցում, սովորի` ինչպէս պէտք է ոտքը շարժի, ձեռքը շարժի, ինչպէս պէտք է վազի: Այստեղ մարմնակրթութեան նախարարութիւնը եւ Ողիմպիական կոմիտէն պէտք է մշակեն ծրագիր` դպրոցական մարմնակրթութեան զարգացման համար: Մարմնակրթութեան նախարարութիւնը իր վրայ կարող է վերցնել մարզիչների պատրաստումը, կամ էլ այդ հարցով կարող են զբաղուել տարբեր մարզաձեւերի ֆետերասիոնները, սակայն սկզբում պէտք է ընդհանուր հումք պատրաստել, այսինքն` երբ պէտք է որեւէ կերակուր պատրաստել, կարեւոր է, որ ունենաս բոլոր բաղադրիչները, խոհանոցում էլ բոլորը ունեն իրենց պարտականութիւնները, մէկը կտրատում է, մէկը` լուանում ու այդպէս` շարունակ: Այս ամէնը պէտք է համադրուի, որպէսզի լաւ արտադրութիւն լինի: Մարմնակրթութիւնն էլ բացառութիւն չէ, նոյն մօտեցումն է անհրաժեշտ: Եթէ ցանկանում էք տեւական արդիւնքներ գրանցել, պէտք է դա ի կատար ածենք:
Հ.- Մտադի՞ր էք օգնել այդ ծրագրի իրականացման հարցով: Կարելի՞ է ասել, որ պարբերաբար ժամանելու էք Հայաստան, թէ՞ հեռակայ էք օգնելու:
Պ.- Արդէն պարբերաբար կը գամ, այս դէպքում, երբ անհրաժեշտ լինի, կը գամ: Արթուր Նազարեանն (Պասքեթպոլի ֆետերասիոնի գլխաւոր քարտուղար, խմբ.). էլ Լիբանան կը գայ, միասին կը քննարկենք այս հարցերը, տեսնենք, թէ ի՛նչ կարող ենք անել: Մի բան էլ ասեմ, որ պարտադիր է արհեստավարժ մօտեցումը` մարզիկների, մարզիչների, ամենեւին նա չէ արհեստավարժը, ով գումար է աշխատում մարզաձեւի միջոցով: Ամէն ինչ չէ, որ կախուած է պետութիւնից, մարմնակրթութեան նախարարութիւնից եւ Ողիմպիական կոմիտէից: Պէտք է տարբեր գործարարներն էլ օգնեն այս գործում, քանի որ, ինչպէս մարմնակրթութեան մէջ, այնպէս էլ կեանքում ամէն ինչ հիմնուած է խմբային հասկացողութեան վրայ:
Հ.- Լա՛ւ, եթէ թուերով խօսենք, ինչքա՞ն ժամանակ կը պահանջուի շօշափելի արդիւնքների հասնելու համար:
Պ.- Չեմ ցանկանում յուսահատեցնել, եթէ հաշուի առնեմ մեր հայրենիքի կարողութիւնները, ապա` 10-15 տարի: Բայց հնարաւոր է այդ ժամանակը կիսով չափ կրճատել, եթէ սփիւռքից օգնութիւն լինի մարզիկների եւ մարզիչների կողմից: