ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Աւա՜ղ, դա իրողութիւն է, ինչքան էլ դառը եւ ցաւալի հնչի, բայց` անժխտելի ճշմարտութիւն, եւս մէկ ակնառու վկայութիւն, թէ իրականում ի՛նչ աստիճան վայրագ է թշնամին: Վկայութիւն, անշուշտ, ոչ մեզ` հայերիս համար: Մենք սոսկ այս վերջին իրողութեամբ չէ, որ քաջածանօթ ենք ճակատագրի քմահաճոյքով հազիւ մի քանի դար առաջ մեզ «հարեւան» դարձած քոչուոր խաշնարածների ցեղախմբի` ներկայումս ազրպէյճանական յորջորջուող հանրութեան գիշատչական էութեանն ու վարքագծին: Նրա, ում նախածին բնազդային յատկանիշները, անգամ «հոմօ սափիենս»-ի ձեւաւորման ու կայացման համար կարծես թէ բաւարար բարենպաստ պայմաններում, դոյզն իսկ փոփոխութեան չեն ենթարկուել: Նրա, ով, Մեծն Թումանեանի բնորոշմամբ, «Հազար դարում հազիւ դարաւ Մարդասպան» ու «հեռու է մինչեւ Մարդը իր ճամբան»:
Վերյիշենք Մարտունու շրջանի բերդաշէնցի մանկան` 2-րդ դասարանցի Նելսոն Մովսիսեանի վայրենաբարոյ սպանութիւնը 1966-ին, որ ազգային թշնամանքի հողի վրայ առանձնայատուկ խոշտանգումներով իրագործել էր նոյն շրջանի Կուրոպատկինօ ազրպէյճանական բնակավայրի դպրոցի տնօրէն Արշատ Մամետովը` իր յանցակիցների հետ միասին: Անհնար է մոռանալ 1988-1990թթ. հայկական կոտորածները Սումկայիթում, Պաքւում, Գանձակ-Կիրովապատում, Ազրպէյճանի միւս քաղաքներում ու գիւղերում, երբ ազրպէյճանական ջարդարարների ամենահամեղ ուտելիքը դարձել էր մարդկային սրտի խորովածը` հայի սրտի, Արցախի Մարաղայ հայկական գիւղի բնակիչների` անպաշտպան կանանց ու երեխաների, ծերունիների սպանդը 1992թ. ապրիլին` բանական մարդու գիտակցութեանն անհասանելի եւ անյարիր բազմաթիւ սահմռկեցուցիչ դրուագներով հանդերձ: Վերյիշենք հայ սպայ Գուրգէն Մարգարեանի կացնահար սպանութիւնը Պուտափեշտում` ՕԹԱՆ-ի դասընթացներում նրա համադասարանցի, ազրպէյճանցի սպայ Ռամիլ Սաֆարովի կողմից` 2004-ի փետրուարին, 2016թ. ապրիլեան կարճատեւ պատերազմի օրերին ազգութեամբ եզիտի զինուոր Քեարամ Սլոյեանի, վարորդ Հրանտ Ղարիպեանի եւ հազարապետ Հայկ Թորոսեանի գլխատման, Մարտակերտի շրջանի Թալիշ գիւղում մի ընտանիքի երեք տարեց անդամների` ամուսիններ Վալերա եւ Ռազմելա Խալափեանների, ընտանիքի մեծ մօր` 94-ամեայ Մարուսեայի դաժանաբարոյ սպանութեան փաստերը…
Եւ ահա ազրպէյճանական վայրագութեան նորայայտ փաստը, որը 26-ամեայ հնութիւն ունի, եւ որի մասին այս օրերին առանձնակի հպարտութեամբ ու պարծանքով է գրում Պաքուի մամուլը:
Ինչպէս տեղեկացնում է moderator.az լրատուական գործակալութիւնը փետրուարի 2-ի լուրերի իր թողարկման մէջ (http://www.moderator.az/news/210913.html), ներկայումս Թուրքիայում բնակուող մի ոմն պաքուեցի ազրպէյճանուհի Նուրճահան Հուսէյնովան պատերազմի սկզբից եւեթ հայերի դէմ Ժիհատի էր մեկնել Շուշի եւ իր հետ տարել նաեւ 18-ամեայ ուսանող որդուն` Էլխանին: Հանրայայտ է` Շուշիում տեղակայուած ազրպէյճանական զօրքերը 1992թ. յունուարի 26-ի գիշերը լայնածաւալ յարձակում էին ձեռնարկել Քարինտակ հայկական գիւղի վրայ: Ռազմական գործողութիւնը Շուշիից ղեկավարում էր այդ նպատակով Պաքուից յատուկ ժամանած պաշտպանութեան նախարար, զօրավար Նաճմէտտին Մեհթիեւը: Մինչեւ ատամները զինուած աւելի քան 300 ազրպէյճանցի հրոսակների դէմ ինքնապաշտպանութեան էր ելել ընդամէնը 80 քարինտակցի: Յետոյ` մարտի ընթացքում, ճեղքելով ազրպէյճանական զօրքերի օղակը, քարինտակցիներին օգնութեան են հասել մերձակայ մի շարք գիւղերի` Շոշի, Սղնախի, Աւետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գիւղի, ինչպէս նաեւ Ստեփանակերտից` Աշոտ Ղուլեանի (Բեկորի) կամաւորական ջոկատները: Հակառակորդը զգալիօրէն գերազանցում էր ոչ միայն թուաքանակով, այլեւ` զէնք ու զինամթերքով: Ինքնապաշտպանութեան մասնակիցներից մէկի` այն ժամանակ 16-ամեայ Երուանդ Աբրահամեանի վկայութեամբ, ճակատամարտի ընթացքում ազրպէյճանցիներին ժամանակաւոր յաջողուել էր գրաւել «Կարաժ» կոչուող դիրքը: Այդտեղ նրանք կտրել էին իրենց ձեռքն ընկած գիւղի պաշտպաններից մէկի ականջը, հանել սիրտը, կրակ վառել ու պարում էին շուրջը: Այնուամենայնիւ, գիւղի պաշտպանների հմուտ գործողութիւնների եւ անձնազոհ խիզախութեան շնորհիւ` թշնամին ջախջախուեց` ռազմի դաշտում թողնելով 92 զոհ: Ոչնչացուել էր նաեւ ժիհատի ելած ազրպէյճանուհու որդին: Պաքւում հողին յանձնելով որդու դին` գերեզմանի մօտ նա տեղադրում է նաեւ մի ապակէ բղուղ, որի մէջ` գերեվարուած հայ կամաւորականի սիրտը, երեւի թէ նոյն այն գերու, որի մարմինը ծուատել էին նշուած դիրքի մօտ: Սպիրտի մէջ դրուած այդ սիրտը, յայտնում է ազրպէյճանական լրատուամիջոցը, այսօր էլ պահւում է գերեզմանաքարի հարեւանութեամբ` ի տես այցելուների: Որպէս ապացոյց` կայքը հրապարակել է նաեւ լուսանկարներ, որոնցում պատկերուած են թանկարժէք քուրքի մէջ փաթաթուած ազրպէյճանուհին որդու գերեզմանաքարի մօտ, իսկ կողքին ապակէ բղուղն է, որի մէջ հայ ռազմիկի սիրտն է: Յաւելեմ, որ Պաքուի այդ լրատուամիջոցի հրապարակումը դիտել էին համացանցի 8847 ազրպէյճանցի օգտատէրեր, իսկ հրապարակման շարժառիթը կնոջ կերպարանքով այդ հրէշի ծննդեան տարեդարձն էր, ինչի կապակցութեամբ պարբերականի խմբագրութիւնն աճապարել է շնորհաւորել` անուանելով նրան ոչ այլ կերպ, քան` «մեր հերոս մայր»:
Յատկանշական է` նոյն այն սրտաբուխ ջերմութեամբ, ինչպէս Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն է շնորհաւորել Սաֆարովին` համադասարանցի հայ սպային անկողնում կացնահարած ճիւաղին: Նոյն կերպ` ազրպէյճանցի այն զինծառայողներին, ովքեր գլխատել էին մինչեւ վերջին շունչ հերոսաբար մարտնչած Քեարամ Սլոյեանին եւ ապա համացանցում սփռել այդ զարհուրելի տեսարանը, կոչելով նրանց դարձեալ ոչ այլ կերպ, քան` հերոսներ: Ահա այդ է նրանց անփոփոխ ցեղային էութիւնը, այդպիսին է համայն մարդկութեան այդ հատուածի քարանձաւային մտածողութիւնը: Անկախ ներկայիս` արդի քաղաքակիրթ նիստուկացին ու հագուկապին հետզհետէ կարծես թէ համահունչ դարձող նրանց կեցուածքից, դանակ-պատառաքաղից օգտուելու փոքր ի շատէ ձեռք բերած ունակութիւնից, շողոմ ժպտալու աւանդական սովորութիւնից, ժպիտ, որի չարագոյժ լոյսի ներքոյ փայլող ժանիքներն անսպասելի կարող են կրճտալ` դիմացինին, որպէս հերթական զոհի, յօշոտելու բնազդային զգացողութիւնից ու մղումից:
Արդեօք նոյն այդ զգացողութեա՞մբ չէ, որ Ազրպէյճանի ներկայիս նախագահի հայրը` 80-ականների վերջերին քաղաքական ասպարէզից վտարուած Հայտար Ալիեւը, Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի, Պետական անվտանգութեան կոմիտէի իր դրածոներին, խորհրդային իշխանութեան քաղաքական ընդդիմութեան պատմուճաններ հագած եւ Ազրպէյճանի Ժողովրդական ճակատ ազգայնական կուսակցութիւնը հիմնադրած իր կամակատարներին Մոսկուայից հրահանգում էր ազգամիջեան բախումներ հրահրել եւ, ինչքան հնարաւոր է, արիւն թափել ամէնուրեք, առաջին հերթին` հայի արիւն, պատճառ բռնելով, թէ Ղարաբաղի հայութիւնն իբր ապօրինաբար անջատուել է ուզում Ազրպէյճանից ու միանայ Հայաստանին, եւ անպայման պատժել է պէտք նրան:
Բայց, արդեօք, ա՞յդ էր միակ պատճառը: Պարզւում է, որ` ոչ: Ահա թէ ի՛նչ է վկայում ազրպէյճանցի պատմաբան, իրաւապաշտպան Արիֆ Եունուսովը, ով 1992-1993թթ. Ազրպէյճանի այն ժամանակուայ նախագահի աշխատակազմի տեղեկատուական-վերլուծական բաժնի պետն էր եւ ով ներկայումս, որպէս քաղաքական վտարանդի, բնակւում է Հոլանտայում: Եւրոպայում գործող ազրպէյճանական «Օպիեքթիւ» համացանցային հեռուստատեսութեանն օրերս տուած իր հարցազրոյցում նա յայտնում է, որ 1990 թ. Պաքուի հայկական ջարդերն ու Սեւ յունուարը կազմակերպուել են Հայտար Ալիեւի հրահանգով` հետագայում նրա իշխանութեան գալու նպատակով: Եւ բացատրում է, որ 1988-ին իշխանութեան գալուց յետոյ Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի առաջին քարտուղար Ապտուռահման Վէզիրովը, խորհրդային ղեկավար Միխայիլ Կորպաչովի համաձայնութեամբ, Հայտար Ալիեւի դէմ քննութիւն էր նախաձեռնել: Հետաքննւում էր նրա կառավարման ողջ ժամանակահատուածը` 1969-1982 թուականները, նաեւ` աւելի վաղ շրջանների հանգամանքները, երբ նա գլխաւորում էր ազրպէյճանական ՊԱԿ-ը:
Ա. Եունուսովն ասում է. «1989թ. դեկտեմբերին յայտնի դարձաւ, որ ամբողջ ԽՍՀՄ-ից Պաքու են ժամանել երկրի լաւագոյն քննիչները: Նրանք Ազրպէյճան էին եկել Հայտար Ալիեւի գործի քննութիւնն անցկացնելու նպատակով: Իսկ 1990թ. յունուարի 15-ին ԽՍՀՄ գլխաւոր դատախազութիւնը Պաքւում պէտք էր ամփոփէր հետաքննութեան արդիւնքները եւ այդ նիստի ժամանակ որոշէր Հայտար Ալիեւի հետագայ ճակատագիրը: Որոշումը, ի հարկէ, բացասական պէտք էր լինէր Ալիեւի համար: Իսկ 1990թ. յունուարի վերջին պէտք էր տեղի ունենար Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան Կենտկոմի ընդհանուր ժողովը, որի ժամանակ Հայտար Ալիեւն ու նրա խմբակը պէտք էր վտարուէին կուսակցութիւնից եւ հեռանային քաղաքական ասպարէզից»: Եունուսովի հաղորդմամբ, Ալիեւը գիտէր սպասուող բոլոր այդ քայլերի մասին եւ դրանք կանխելու համար Համայնավար կուսակցութեան եւ Ազրպէյճանի ժողովրդական ճակատում իր մարդկանց միջոցով բուռն գործունէութիւն ծաւալեց: Ժողճակատում նրա մարդիկ էին Ապուլֆազ Ալիեւ-էլչիպէյն ու Նեյմաթ Փանահովը, որոնց օգնում էին Ալիեւների յանցատոհմի աշխուժ անդամները` էթիպար Մամետովը, Ֆազայիլ Աղամալին, Պեճան Ֆարզալիեւը:
Իր մարդկանց հետ հանդիպումներից մէկի ժամանակ Հայտար Ալիեւն ասել է. «Մեզ մեծ արիւն է պէտք, շատ արիւն»: Ժամանակին Փանահովը յիմարաբար, միամտօրէն այս մասին ասել է «Մոնիթոր» ամսագրին տուած մի հարցազրոյցում: Հէնց նա` Նեյմաթ Փանահովը, 1989 թուականի դեկտեմբերի 31-ին կազմակերպեց Նախիջեւանով անցնող ԽՍՀՄ պետական սահմանի քանդումը, չնայած այդ ժամանակ Մոսկուան արդէն թոյլ էր տուել սահմանի բացումը, համաձայնագիր էր ստորագրել, եւ պայմանաւորուածութիւն կար, որ ՊԱԿ-ի սահմանապահները կրակ չեն բացելու: Բայց այդ մասին Պաքւում գիտէր միայն Նեյմաթ Փանահովը, ով ազգի հերոս երեւալու համար ի կատար ածեց սահմանի թատերականացուած քանդումը: 1990թ. յունուարի սկզբին Փանահովը դարձաւ հայկական ջարդերի կազմակերպիչը:
Հարցազրոյցում Ա. Եունուսովն ասում է, որ ինքը 1992-ին յատուկ զբաղւում էր Պաքուի յունուարեան ջարդերի հետաքննութեամբ եւ այդ կապակցութեամբ իր մօտ` Ազրպէյճանի նախագահի նստավայր էր հրաւիրել ՊԱԿ-ի գնդապետ Օլեկ Ալիեւին: Եւ վերջինս նրան հաղորդել է, որ այն արիւնալի յունուարեան օրերին հայերի բնակարաններից յափշտակուած արժէքաւոր իրերն ու թանկարժէք զարդերը տեղափոխւում էին Պաքուի հարիւրապետ Շմիտթի անուան գործարանի տարածք` Փանահովի նստավայրը: Հարցազրոյցում Եունուսովը պնդում է, որ հէնց Փանահովն էր հայկական ջարդերի կազմակերպիչը:
Այս ամէնի մասին Մոսկուան տեղեակ էր, բայց չէր կանխում հայկական ջարդերը եւ իրադարձութիւններն օգտագործեց խորհրդային զօրքերը Պաքու մտցնելու համար: «Օլեկ Ալիեւն ինձ բացայայտ ասաց, որ ՊԱԿ-ը լաւ գիտէր, թէ որտեղ է թաքնւում Փանահովը: Բայց ո՛չ Մոսկուան, ո՛չ Ազրպէյճանի ՊԱԿ-ի ղեկավարութիւնը թոյլ չէին տալիս նրան ձեռք տալ: Իսկ Էլչիպէյն ամէն ինչ անում էր Հայտար Ալիեւի հանդէպ հետաքննութիւնը դադարեցնելու եւ նրան իշխանութեան բերելու համար: Եւ, ի վերջոյ, ամէն ինչ այդպէս էլ եղաւ. յունուարին նախատեսուած ԽՍՀՄ գլխաւոր դատախազութեան նիստը, Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան ընդհանուր ժողովը տեղի չունեցան, Հայտար Ալիեւի դէմ հետաքննութիւնը փակուեց, քննիչները մեկնեցին երկրից: Իսկ աւելի ուշ Ալիեւը եկաւ իշխանութեան», ասում է Ա. Եունուսովը:
Նոյնը կամ գրեթէ նոյնը եւ կամ գուցէ աւելին հաստատում է ազրպէյճանցի լրագրող, քաղաքական վտարանդի Զէյնալ Իպրահիմովն իր «35 նամակ որդուս» քաղաքական վիպակում, որը լոյս է տեսել վերջերս` յունուարի 3-ին, եւ որի մէջ հեղինակը նամակների միջոցով ներկայացնում է Հայտար Ալիեւի դերն Ազրպէյճանում 1988-1993թթ. տեղի ունեցած իրադարձութիւններում` սկսած հայ-ազրպէյճանական հակամարտութիւնից մինչեւ նրա իշխանութեան գալը: Այդ աղմկայարոյց վիպակում պատմւում է այն մասին, թէ ինչպէ՛ս Հայտար Ալիեւը փուլ առ փուլ իրեն վերադարձրեց երկիրը` արդիւնքում իշխանութեան գալով 1993-ին: Գրքում նկարագրւում են Պաքւում 1990-ի յունուարի 13-20-ի իրադարձութիւնները, Խոջալուի ողբերգական դէպքերը, որոնք յանգեցրին զգալի թուով խաղաղ բնակիչների մահուան ու բռնատեղահանման: Գրքի նախաբանի հեղինակ, փորձագէտ Ռուբէն Մեհրաբեանի գնահատմամբ, այդ վիպակն այն մթնոլորտի արտացոլանքն է, որը Պաքւում իշխել է խորհրդային, խորհրդային կայսրութեան կործանման, վաղ յետխորհրդային եւ ուշ յետխորհրդային-ներկայ ժամանակաշրջաններում: Գրքում, ասում է նա, յետագծւում է հասարակական գիտակցութեան փուլային փոփոխութիւնը, որը կարեւորագոյն դեր է խաղացել ատելութեան միջավայրի ձեւաւորման գործում, եւ որի թիրախը 1988թ-ից սկսած դարձաւ Ազրպէյճանի հայութիւնը: Պարզաբանելով այլատեացութեան եւ, ի մասնաւորի, հայատեացութեան գաղափարական-քաղաքական հենքը, վիպակի հեղինակը գրում է. «Ատելութիւնը փաստօրէն դարձել է պետական քաղաքականութիւն: Չնայած Ազրպէյճանն ամէնուրեք յայտարարում է իր հանդուրժողականութեան եւ բազմամշակութայնութեան մասին` իրականում երկրում այսօր ֆաշիստական վարչակարգ է: Այդ առումով, այն ֆաշիստական է, քանի որ մանկապարտէզից երեխաների մէջ սերմանում են այդ ատելութիւնը: Ինքը` գրքի հեղինակը, վիպակին կից ծանօթագրութեան մէջ խոստովանում է. «Այս պատումը գրել ինձ դրդել է ամօթը: Այն, ինչ ես տեսել եմ իմ աչքով: Այն, ինչ տեսել եմ երկրում` ֆաշիստական գաղափարախօսութիւնը եւ մարդկային բոլոր արժէքների յետընթացը: Սուտը, որ երեք տասնամեակ շարունակ մատուցւում է աշխարհին: Եւ աշխարհը, որ միլիոնաւոր տակառ նաւթի դիմաց կում առ կում լուռ կուլ է տալիս այդ սուտը… Սուտն ու ատելութիւնը նստած են անգամ այն մարդկանց մէջ, որոնք այս կամ այն պատճառներով հանդէս են գալիս իշխանութիւնների դէմ, քանի որ նրանցից ոչ մէկը չի համարձակուել բացայայտ ընդունել Ազրպէյճանի պատմութեան լիակատար կեղծումը եւ չի համարձակուել վիճարկել Լեռնային Ղարաբաղի պատկանելութիւնն Ազրպէյճանին: Ոչ մի մարդ երկրում վճռակամութիւն չի ունեցել ճանաչելու Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութեան պատմական ճշմարտութիւնը»:
Վիպակի հրատարակութիւնից յետոյ Զ. Իպրահիմովը նաեւ հարցազրոյց է տուել «Ազատութիւն» ռատիոկայանի նախագիծ հանդիսացող «էխօ Կավկազա» («Կովկասի արձագանգը», խմբ.) ելեկտրոնային կայքին, որում խիստ գնահատականներ է տուել Ազրպէյճանի ներքաղաքական իրավիճակին, խօսել Ազրպէյճանում հայերի հանդէպ ատելութեան պատճառների, ղարաբաղեան հակամարտութեան, Հայոց ցեղասպանութեան ճանաչման մասին:
Հարցազրոյցում վիպակի հեղինակը թուարկում է Ազրպէյճանում առկայ, իր իսկ արտայայտութեամբ, «քաղցկեղային ուռուցքները». «Առաջինը` հանրութեան գլուխը մտցրել են, որ Ղարաբաղն իր տարածքն է: Դէ, դա Ազրպէյճանի տարածքը չէ. այդ տարածքն արհեստականօրէն կցուել է Ազրպէյճանին 1921-ին: Երկրորդը` Ազրպէյճանի շատ ցաւոտ ու մոլեգին ձգտումն է կեղծել իր պատմութիւնը եւ երեւալ որպէս մի ժողովուրդ, որն ունի հազարամեակների ծագում: Դա զառանցանք է, դա չի եղել, դա նոյնիսկ, կարծում եմ, նուաստացուցիչ է ժողովրդի համար` նման բան անել սեփական պատմութեան հետ, իրեն վերագրել ինչ-որ առասպելական հերոսների, յօրինել անհեթեթ պատմական փաստեր»: Որպէս նման զաւեշտալի անհեթեթութեան փաստ` Իպրահիմովը յայտնում է, թէ ազրպէյճանական դասագրքերից մէկում գրուած է, թէ իբր Քոլումպոսին ազրպէյճանցի գիտնական է խորհրդատուութիւն տուել, ինչը, նրա գնահատմամբ, արդէն հոգեբուժների ոլորտից է:
Խօսքս աւարտեմ լրահոսում օրերս յայտնուած այն տեղեկատուութեամբ, ըստ որի ազրպէյճանցի վտարանդի լրագրողի հարցազրոյցը յունուարի 21-ին հրապարակուելուց յետոյ, որոշ ժամանակ անց հեռացուել է լրատուամիջոցի կայքից, իսկ զրոյցը վարած լրագրող Քաթերինա Փրոքոֆեւան` հեռացուել աշխատանքից: Հաշուի առնելով, որ «Ազատութիւն» ռատիոկայանը եւ, համապատասխանաբար, նրա նախագիծ հանդիսացող «էխօ Կավկազա» կայքը գործում են Միացեալ Նահանգների քոնկրեսի յատկացումների հաշուին, կարծում եմ, կարելի է ենթադրել, որ այդ իրողութիւնը համայն աշխարհում տարփողուող ամերիկեան ժողովրդավարութեան, այսպէս ասած, «գոհարներից» է կամ աւելի ճիշտ կը լինէր ասել` առանձին երկրներում շրջանառուող կեղծ տոլարներից:
Երեւի թէ նաեւ նման դէպքերում են ֆրանսացիներն ասում` C’est la vie, այսինքն` այսպիսին է կեանքը: Աւա՜ղ…
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար