ՐԱՖՖԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Տարիներ շարունակ Թուրքիայի տարբեր շրջաններում հանդիպել եմ բազմաթիւ ծպտեալ հայերի: Նրանցից իւրաքանչիւրի պատմութիւնն առանձնայատուկ է. այդ պատմութիւններից իւրաքանչիւրի շուրջ կարելի է յօդուած կամ գիրք գրել: Որոշ պատմութիւններ կարելի է տարածել, որոշները` ոչ: Որոշ պատմութիւններ ուրախ են, որոշները` տխուր:
Վերջերս բազմաթիւ ծպտեալ հայեր, իմանալով իրենց հայկական ծագման եւ իրենց պապերի` Ցեղասպանութիւնից փրկուելուց յետոյ բռնի իսլամացման, թուրքացման կամ քրդացման ենթարկուելու մասին, որոշեցին վերադառնալ իրենց արմատներին, մշակոյթին ու լեզուին: 2014 թ. եւ 2015 թ. Հայաստանի սփիւռքի նախարարութեան հետ համագործակցելով` նրանցից շատերի համար Թուրքիայից դէպի Հայաստան շրջագայութիւն կազմակերպեցի: Նախորդ յօդուածներում ես ներկայացրել էի որոշ «արդէն ոչ ծպտեալ» հայերի պատմութիւններ: Այս յօդուածում ես կը ներկայացնեմ որոշ պատմութիւններ` «դեռեւս ծպտեալ» հայերի մասին: Անուններ, որոնք չեն յիշատակւում տարբեր պատճառներով:
Թոյլ տուէք ինձ սկսել թուրքական բանակում մեր օրերում տեղի ունեցած մի դէպք յիշելով: Չնայած այդ ժամանակ արդէն ապրում էի Քանատայում, ստիպուած եղայ վերադառնալ` շարունակելու զինուորական պարտադիր ծառայութիւնս թուրքական բանակում, որպէսզի հետագայում կարողանամ յետ գալ Թուրքիա ու խնամել իմ մեծահասակ ծնողներին: Օրուայ ընթացքում շարային վարժութիւններից ու զինուորական այլ վարժութիւններից յետոյ զօրակոչիկները պէտք էր մասնակցէին նաեւ երեկոյեան դասերին: Թեմաներից մէկն էր` «Ովքե՞ր են Թուրքիայի թշնամիները»: Քննարկման արդիւնքում տարանջատւում էին բոլոր «թշնամի» հարեւան երկրների` Խորհրդային Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Պուլկարիայի եւ Յունաստանի կողմից արուած վատ քայլերը, հրահանգիչն անսպասելի կերպով յանգեց այն եզրակացութեանը, որ ամենամեծ թշնամիները հայերն են, քանի որ նրանք կոտորել են թուրքերին 1915 թ. եւ դեռեւս շարունակում են դա` թուրք դիւանագէտների սպաննելով:
Այս դասախօսութիւններից յետոյ մի քանի երիտասարդ զինակոչիկներ` թուրքական ու քրդական անուններով, ովքեր ծագում էին յատկապէս արեւելեան նահանգներից, ինձ մօտ եկան ու պնդեցին, որ իրենց տատերը հայ են եղել, կամ իրենք ապրում են մի տանը, որը լքել են հայերը, կամ, որ իրենց գիւղը մինչեւ 1915 թ. հայկական է եղել, բայց դրանից յետոյ իսլամացուել է:
Երբ ես սկսեցի յօդուած գրել ծպտեալ հայերի եւ Տիգրանակերտում գտնուող Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման ծրագրի մասին, մի հայ տարեց կին Ամերիկայի Միացեալ Նահանգներից կապ հաստատեց ինձ հետ: Նա 1915 թ. որբերից էր, ով հանգրուանել էր Միացեալ Նահանգներում: Նրա եղբայրը ստիպուած էր եղել մնալ Թուրքիայում, ի վերջոյ իսլամացուել էր ու թուրքացուել: Հետագայում նա յաջողութիւնների է հասել ու յաջողակ շինարար դարձել Թուրքիայում. երկրի տարբեր շրջաններում նա ունէր սիմենթի գործարաններ: Թուրքիայում կատարած որոշ հետախուզութիւնից յետոյ ես գտայ նրա թոռնիկին: Նա երեսունն անց երիտասարդ տղամարդ էր, ով շարունակում էր վարել ընտանեկան շինարարական պիզնեսը` կառուցելով շքեղ բազմաբնակարան շէնքեր Պոլսում: Նա տեղեակ էր իր հայկական արմատների մասին, բայց անկարող էր բացայայտ ցոյց տալ դա: Նա վախենում էր, որ կը կորցնի կնոջը, պիզնեսն ու Թուրքիայում ունեցած յաջողակ շինարարարի համբաւը: Սակայն, ի վերջոյ, նա կապ է հաստատում Միացեալ Նահանգներում գտնուող իր պապի հայ քրոջ հետ եւ այցելում նրան: «Երբ ես գնացի Միացեալ Նահանգներ` իմ պապի քրոջը տեսնելու, նա խնդրեց, որ պառկեմ նրա հետ անկողնում, այնպէս, ինչպէս նրանք էին անում մանուկ հասակում, որպէսզի յետոյ կարողանար շնչել իր եղբօր հոտը», ասաց նա ինձ: Նրանք այդպէս էլ արեցին. 85-ամեայ հայ կինը անկողնում գրկած պառկել էր երեսնամեայ մի թուրք շինարարի, որպէսզի յիշի իր վաղուց կորցրած ընտանիքը:
1915 թ. իրենց սիրելիներին կորցրած որբերի մասին բազմաթիւ պատմութիւններ կան: Նրանցից ոմանք տարուել են Ա. Աշխարհամարտից յետոյ յաղթող ուժերի վերահսկողութեան տակ գտնուող որբանոցներ. նրանք ի վերջոյ հանգրուանել են հայկական սփիւռքում կամ Խորհրդային Հայաստանում: Իսկ նրանք, ովքեր տարուել են թուրքական որբանոցներ, դարձել են մուսուլմաններ կամ թուրքեր: Մեր շրջագայութիւնների ընթացքում ականատես ենք եղել մի քանի երջանիկ վերամիաւորումների. ծպտեալ հայերն առաջին անգամ Հայաստանում գտել են իրենց հեռաւոր բարեկամներին: Մենք միացրեցինք Տիգրանակերտից 65-ամեայ ծպտեալ հային իր զարմիկի հետ, ով 70-ամեայ գիւղացի էր Արմաւիրի շրջանի գիւղերից մէկում: Նրանցից մէկը չէր կարողանում խօսել հայերէն, միւսը չէր կարողանում խօսել թուրքերէն, բայց նրանք միմեանց ձեռք էին բռնել ու գրկել էին միմեանց ընթրիքի ընթացքում` 3 ժամ շարունակ:
Համշէնը (Հէմշին) անուն է, որը տրւում է Թուրքիայի Սեւ ծովի արեւելեան ափին բնակեցուած տարածքին: Անժխտելի ապացոյց կայ առ այն, որ նրանք հայեր են, ովքեր գաղթել են այս շրջան 11-րդ դարում` սելճուկեան թուրքերի կողմից Անի քաղաքի գրաւումից յետոյ (Պոնտոսում հայեր են սկսել հաստատուել դեռեւս մեր թուարկութիւնից առաջ, իսկ հայերի առաջին մեծ գաղթը դէպի այս շրջան եղել է 8-րդ դարի վերջերին, «Ակունք»-ի խմբ.). դրան հետագայում յաջորդում է դէպի այդ շրջան գաղթի աւելի ուժեղ ալիք: Աւելի ուշ` 16-րդ դարում, շրջանը գրաւեցին օսմանեան թուրքերը եւ հայերին ի վերջոյ ստիպեցին իսլամանալ: Նրանցից շատերը ենթարկուել են իսլամացման, սակայն բաւականին հետաքրքիր է այն փաստը, որ նրանք պահպանել են հայերէնն ու շարունակում են այն պահել մինչ օրս: Չնայած, որ նրանք դեռեւս խօսում են հայերէնի բարբառներից մէկով, կառավարութեան ուղղակի հրահանգով նրանց ստիպել են հաւատալ, որ նրանց պապերը գաղթել են Կենտրոնական Ասիայից, եւ նրանց լեզուն կենտրոնասիական թուրքերէնի մի ճիւղ է:
Մինչ վերջերս բազմաթիւ համշէնցիներ ուժեղ ազգայնական, նոյնիսկ ցեղապաշտ էին եւ նուիրուած էին Թուրքիային: Համշէնցի մի կնոջ հետ խօսելու ժամանակ ես ապշեցի, երբ նա ասաց` «Ես հայ չեմ, ես թուրք եմ»:
2000-ական թթ. սկզբին համշէնցիներն սկսել են փնտռել իրենց իրական` հայկական արմատները: Ահա մի պատմութիւն, որը պատմում է մի տարեց համշէնցի. դա այն մասին է, թէ ինչպէ՛ս են այս շրջանի բնակիչներն առաջին անգամ յուշում ստանում, որ լեզուն, որով նրանք խօսում են` հայերէն է, ոչ թէ` կենտրոնասիական թուրքերէն: 1982 թ. Հայաստանի ազատագրութեան հայ գաղտնի բանակի (ASALA) կողմից անյաջող յարձակումէ իրականացւում Անգարայի (Էսենպողայի, «Ակունք»-ի խմբ.) օդակայանում: Մարտիկներից բոլորը սպաննւում են` բացի Լեւոն Էքմեքճեանից, ով ձերբակալւում է, կտտանքների ենթարկւում, ապա կանգնեցւում դատարանի առջեւ: Նրա դատավարութիւնն ուղիղ եթերով ցուցադրւում էր թուրքական հեռուստաընկերութեամբ: Էքմեքճեանը ցուցմունքը տալիս էր հայերէնով, որը յետոյ թարգմանւում էր թուրքերէն:
Թուրքիայի ողջ բնակչութիւնը, ներառեալ` համշէնցիները, գամուել էր հեռուստացոյցի առջեւ եւ դիտում էր դատավարութիւնը: Համշէնցիներն ապշում են, երբ իմանում են, որ Լեւոնը խօսում է իրենց լեզուով: Նրանցից շատերը հետաքրքրւում էին` միգուցէ նա համշէնցի էր, եւ ի վերջոյ հասկանում, որ իրենց լեզուն հայերէնն է, ինչպէս` նրանը:
Որպէս յաւելում` նշեմ, որ դատավարութիւնը զուտ ձեւական բնոյթ էր կրում: Էքմեքճեանը մահապատժի է ենթարկուել 1983 թ. յունուարին: Նրա դին թաղուած էր անյայտ գերեզմանում մինչ 2016 թ., երբ ազգութեամբ թուրք հերոս մարդու իրաւունքների պաշտպանութեան գծով իրաւաբան Էրեն Քեսքինին յաջողուեց Լեւոնի աճիւնի մնացորդները տեղափոխել Ֆրանսա` վերամիաւորելու ընտանիքի հետ:
Մի երջանիկ պատմութիւն էլ կայ. մի համշէնցի հայ, ով ինձ հետ ժամանել էր Հայաստան, հանդիպել է Տիգրակերտից մի ծպտեալ հայ կնոջ, եւ նրանք հիմա ամուսնացած են:
1990-ական թթ. կէսերին, որպէս կամաւոր, ես միացայ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերակառուցման ծրագրերին: Այդ ծրագրերից մէկն էլ Սպիտակի եկեղեցու վերականգնումն էր, որը վնասուել էր 1988 թ. երկրաշարժի պատճառով: Այն ֆինանսաւորուել էր զուիցերիական հաշուեհամարից, որը կառավարւում էր իրաւաբանների կողմից: Այդ գումարն ուղարկել էր մի անյայտ անձ: Հետագայում պարզուեց, որ ուղարկողը շատ հարուստ եւ բարձրաշխարհիկ մի թուրքական ընտանիքի ծպտեալ հայ տատիկն էր:
2013 թ. ինձ բախտ վիճակուեց իրականացնել իմ կեանքի կարեւոր գործերից մէկը. բարձրացայ Արարատ լերան գագաթն իմ որդու` Տարօնի հետ միասին: Մեր արշաւը սկսուեց Տողու Պայազետ անունով քաղաքից, որը միջնադարեան Հայաստանի նախկին Դարոյնք բնակավայրն էր: Այնտեղ այժմ բնակւում են հիմնականում քրտեր, բացառութեամբ` թուրքական անվտանգութեան ուժերի: Ճանապարհներից մէկը կառուցուած էր հայկական գերեզմանոցի երկայնքով` հայերէն գրութիւններով գերեզմանաքարերով ու հետքերով, որոնք դեռեւս տեսանելի են ճանապարհից: Լեռ բարձրանալու ժամանակ իմացանք, որ քուրտ ուղեկցորդներից մէկի տատիկը հայ է եղել, նա սիրով յիշում էր, թէ ինչպէս էր իր տատիկը օրական 5 անգամ աղօթել` որպէս մուսուլման, սակայն բարձի տակ պահել` խաչ ու Աստուածաշունչ: Ուղեկցորդն ունէր 18 եղբայր ու քոյր, նրանցից շատերն ամուսնացել էին ուրիշ քրտերի հետ, որոնց տատիկները եւս հայ են եղել: Նրա եղբայրներն ու քոյրերն ունէին նուազագոյնը 5-ական երեխայ: Նա ցանկանում էր, որ իր երեխաները համալսարան յաճախեն Արարատ լերան միւս կողմում` Հայաստանում, թուրքական համալսարանների փոխարէն:
Ծպտեալ հայերն ունեցել են բարդ կեանք, որը լի է եղել զգացմունքային վայրիվերումներով ու հոգեբանական վախերով: Նրանցից խուսափում են մուսուլման քրտերն ու թուրքերը, ինչպէս նաեւ` Պոլսի հայկական համայնքի բազմաթիւ անդամներ ու հայոց պատրիարքարանը:
Երբ բռնի իսլամացուած հայ որբերի թոռներն իրենց մէջ ուժ են գտնում երեւան գալու եւ վերադառնալու իրենց հայկական արմատներին ու ինքնութեանը` չնայած բոլոր ռիսքերին, խտրականութեանն ու վիրաւորանքներին, որ նրանք ստանում են իրենց հարեւաններից, աշխատավայրերից, նոյնիսկ իրենց ընտանիքներից, պէտք է քաջալերուեն, ոչ թէ օտարուեն: Ի հարկէ, կարող է լինեն նաեւ իրավիճակից օգտուողներ` հայկական պնդումներով` իրենց անձնական շահի համար, ովքեր պէտք է հետախուզուեն ու քննուեն, բայց ես յանգել եմ այն եզրակացութեանը, որ ծպտեալ հայերի ցանցով եւ նրանց կապերի միջոցով զարմանալիօրէն հեշտանում է նրանց բացայայտելը:
Օրինակ, երբ մէկը դիմի ոեւէ հոգեւորականի այստեղ` Թորոնթոյում, ու պնդի, որ ինքը տէրսիմցի հայ է, ես կը կարողանամ իմանալ նրա մասին ճշմարտութիւնը Տէրսիմում գտնուող իր գիւղում որոշ հարցումներ ու հետախուզութիւն անցկացնելուց յետոյ: Երբ ես ծպտեալ հայերին բերեցի Հայաստան, եւ նրանցից ոմանք ցանկացան մկրտուել ու դառնալ քրիստոնեայ, հեշտ էր Տիգանակերտում ազգակցական կապերով պարզել` արդեօ՞ք նրանք իրականում ունէին հայկական արմատներ, թէ՞ ոչ: Որոշ հոգեւորականներ խոչընդոտում են նրանց քրիստոնեայ հայ դառնալուն, ինչն անիմաստ է, յատկապէս` այն դէպքում, երբ մի արժանահաւատ հայ կնքահայր երաշխաւոր է դառնում ճշմարտութեան համար:
Հայ ծնուելն ընտրութիւն չէ, իսկ երբ ոեւէ մէկն ընտրում է իր արմատներին վերադարձը այն բանից յետոյ, երբ իմանում է իր հայկական ծագման մասին, ոչ մի հոգեւորական կամ կառավարութիւն պաշտօնապէս իրաւունք չունի խանգարել այդ գործընթացը: Կրօնն ընտրելու իրաւունքը անձը ստանում է աւելի ուշ: Կան բազմաթիւ տարբեր տեսակէտներ այն մասին, թէ ինչպէս կարելի է «հայ դառնալ»: Իհարկէ, կայ մտքի, խօսքի ազատութիւն, բայց եթէ ոեւէ մէկը, ով օժտուած է որոշակի իշխանութեամբ կամ ունի ազդեցութեան լծակներ, որոշումներ է ընդունում, որը խոչընդոտում է միւսի ազատութիւնը, դա պարզապէս անընդունելի է:
https://armenianweekly.com/2018/01/02/hidden-armenians-bedrosyan/
Անգլերէնից թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
«Ակունք»