ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Դու եկել ու ղօղանջում ես
Տերեւաթափ իմ աշնանային
Պարտէզում.
Սիրտս է զնգում ու զրընգում
Իմ յուշերի այն թաւշային
Երազում…
…Որ վազում եմ,
Որ քեզ բռնեմ
Հին թթենու շուաքում,
Ու աչքերիդ ցոլքի վրայ
Թափեմ պեծերս ալքրքում…
Երեկոյ է մեղմ, վարդագոյն,
Մթնշաղում դեռ ցոլում են
Լոյսի բեկուող երիզներ,
Բայց պատկերը`
Որ խուսափում
Ու փախչում ես հեւիհեւ,
Որ ուզում ես դեռ բռնեմ քեզ
Մի ոսկեգեղմ թիթեռի պէս,
Դեռ թեւում է իմ աչքերի
Երազում…
Բոյր ու համի ջերմ ու քաղցրով
Իմ շուրթերն են սեղմւում,
Տրոփում է սիրտս… սի՜րտս…
Որ եկել ու ղօղանջում ես
Տերեւաթա՜փ իմ աշնանային
Պարտէզում…
Կլենտէյլ, Քալիֆորնիա