Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17226

Լիբանանը` Երեւանի Պատուհանից. «Ազդակ»-ի Հիւրընկալ Յարկի Տակ (Հատուած Ուղեգրութիւնից)

$
0
0

ԺԻՐԱՅՐ ԴԱՆԻԷԼԵԱՆ

Կրկին Լիբանանում եմ, բայց դեռ թարմ են նախորդ այցելութեանս յուշերը, որոնք տաք ու գունեղ երանգներով թրթռում են իմ երակներում: Այդ այցելութիւնից ծնունդ առաւ «Պատկերներ Լիբանանից» ծաւալուն ուղեգրութիւնս, որն իմ նուէրն է լիբանահայութեանը, նաեւ գրական յուշարձան է մեր անթաղ` շուրջ երկու միլիոն անմեղ զոհերի յիշատակին, որոնք անհետ ու անշիրիմ հեռացան այս աշխարհից…

Պէյրութում լոյս տեսնող «Ազդակ» օրաթերթի նախաձեռնութեամբ դեռ մէկ տարի առաջ էր ծրագրուած կազմակերպել գրքիս շնորհանդէսը: Իրերի բերումով, սակայն, շնորհանդէսը յետաձգուեց: Եւ հիմա, երբ կրկին Լիբանանում եմ, սիրելի բարեկամս` օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը նախաձեռնել է խոստացած շնորհանդէսը իր հիւրընկալ յարկի տակ: Օր առաջ նա առաջարկել էր աւելի վաղ հանդիպել, զրուցել այսօրուայ հրատապ, մեր ժողովրդի համար օրախնդիր հարցերի շուրջ: Առաջարկը սիրով էի ընդունել:

Գանտահարեանի աշխատասենեակում եմ: Խմբագիրը մի կողմ է դնում խմբագրուելիք նիւթերը եւ տպագրութեան պատրաստ էջադրուած թերթը:

– Մամուլից գիտեմ, որ այս տարի լրացաւ ձեր հիւպատոսական գործունէութեան տասնամեակը,- ասում է նա: – Մինչ գրքի շնորհանդէսը` մեր լրագրողը ձեզ հետ կը զրուցի, այդ զրոյցը կը տպագրենք «Ազդակ»-ում: Լաւ կը լինի, որ գրքից զատ` խօսէք Հայաստան-Սերպիա գրական-մշակութային կապերի եւ ձեր հիւպատոսական գործունէութեան մասին, քանի որ լիբանանահայութիւնը, կարելի է ասել, լիարժէքօրէն տեղեակ չէ այդ հարցերին: Մեր ընթերցողին այդ թեմաները համարեա անծանօթ են, բայց վստահ եմ, որ մեծ հետաքրքրութիւն են առաջացնելու, մանաւանդ երբ խօսքը սերպահայ համայնքին է վերաբերում: Ձեզնից աւելի լաւ ոչ ոք չի ներկայացնի այդ թեման:

– Սիրո՛վ,- պատասխանում եմ,- անկեղծ ասած, ուր էլ գնամ, որտեղ էլ շրջագայեմ, մարդկանց հետ զրուցելիս հիմնական թեման հայ-սերպական մշակութային առնչութիւններն են, քանի որ ժողովուրդներն աշխարհին ներկայանում են առաջին հերթին մշակոյթով:

– Երբ լրագրողուհին աւարտի ձեզ հետ զրոյցը, կը շարունակենք խօսել,- ասում է խմբագիրը:

Երիտասարդ լրագրողուհին ինձ հրաւիրեց գրքերով ու տարբեր հրատարակութիւններով լի առանձնասենեակը: Բազմազան էին ինձ ուղղուած հարցերը, բայց հարցաշարում երկու կարեւոր բան էր հետաքրքրում նրան` պատուոյ հիւպատոսի իմ գործունէութիւնը եւ սերպահայ համայնքի անցեալն ու ներկան: Շուրջ մէկ ժամ տեւողութեամբ հարցազրոյցում արծարծուեցին համարեա բոլոր առանցքային հարցերը` սկսած 13-ից 20-րդ դարերում սերպահայ համայնքի ձեւաւորումից մինչեւ պատուոյ հիւպատոսի նշանակումը: Փորձեցի  ներկայացնել սերպահայ համայնքի աւելի քան 750 տարուայ պատմութեան առաւել կարեւոր շերտերը:

– Այնքան հետաքրքրական ու կարեւոր է ձեր խօսքը, որ մէկ հրապարակումով անհնար պիտի ըլլայ ներկայացնել այդ ամէնը,- ասում է լրագրողուհին,- դրանք կարելի է տպագրել յօդուածաշարի տեսքով մը:

– Դուք ձեր գործը լաւ գիտէք,- պատասխանում եմ,- կարծում եմ` հմտօրէն ու սեղմ կը ներկայացնէք ասածներս, իսկ եթէ խօսքը վերաբերում է սերպահայ համայնքին վերաբերող յօդուածաշարին, ապա ես խմբագրի հետ արդէն պայմանաւորուել եմ ինքս յօդուածաշար պատրաստել «Ազդակ»-ի համար, նա սիրով է ընդունել առաջարկս:

Կրկին վերադարձայ Շահան Գանտահարեանի աշխատասենեակը:

– Դէ, ինչպէ՞ս ստացուեց հարցազրոյցը, բարեկա՛մս,- հետաքրքրւում է նա:

– Բովանդակալից ու անմիջական,- պատասխանում եմ: – Լրագրողուհին նշեց, որ պատմածներիցս շատ բան առաջին անգամ էր լսում եւ աւելացրեց, որ այդ ամէնը դժուար է ներկայացնել մի հրապարակումով:

– Մեր լրագրողները բաւականին փորձառու են ու թրծուած, կ՛անեն այնպէս, որ գոհ մնաք,- կէսլուրջ, կէսկատակ ասում է խմբագիրը,- մեր թերթը տասնամեակների աւանդոյթներ ունի եւ մեծ առաքելութիւն է իրականացնում: Մեր նպատակն է մշակոյթի միջոցով հայապահպանութեան սերմեր սփռել ոչ միայն լիբանանահայութեան, այլեւ սփիւռքում բնակուող մեր բոլոր հայրենակիցների մէջ: Ի դէպ, ձեզ, որպէս պատուոյ հիւպատոսի, կը հետաքրքրի, թէ որքանո՛վ է մեր թերթն արտացոլում միջազգային յարաբերութիւններն ու կապերը: Մենք այդ առումով հարուստ փորձ ունենք եւ մեզանում աւանդական դարձած մամլոյ լսարանների հիւրերն են ոչ միայն հայաստանաբնակ մտաւորականները, այլեւ` օտարազգիներ: Մեզ ժամանակ առ ժամանակ այցի են գալիս նաեւ դիւանագէտներ, եւ այդ հանդիպումներն արտացոլւում են «Ազդակ»-ի էջերում: Փորձում ենք նրանց ներկայացնել Հայ դատի, հայոց պահանջատիրութեան, Արցախին վերաբերող հիմնահարցերի մեր հայեցակարգը, որովհետեւ աշխարհն ամէն օր փոխւում է, անշուշտ, փոխւում են նաեւ մարդկային յարաբերութիւնները, տեսակէտները, գնահատականները: Մեր ժողովուրդը դէմ յանդիման բախւում է նոր մարտահրաւէրների, որոնց այդքան էլ հեշտ չէ դիմակայել` հաշուի առնելով մեր ֆիզիքական ներուժը: Լաւ գիտէք, որ ազգային հիմնահարցերին վերաբերող պայքարն այդքան էլ հեշտ չէ, եւ դա զոհողութիւններ է պահանջում:

– Ես լաւ եմ հասկանում ձեր մտահոգութիւնը,- շարունակում եմ խմբագրի խօսքը,- դրա վառ օրինակը Եւրոդատարանին` Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսի` Սսի կաթողիկոսութիւնն իր իսկական տէրերին վերադարձնելու արդար պահանջատիրութիւնն է, որը, ցաւօք, անհիմն մերժուել է: Գերտէրութիւններին չեն հետաքրքրում փոքրաթիւ ժողովուրդների պայքարն ու ճակատագիրը: Եւ եթէ մենք ժամանակ առ ժամանակ յաղթանակներ ենք արձանագրում, ապա այդ ամէնի դիմաց շատ թանկ ենք վճարում, նոյնիսկ` զոհողութիւններով ու մարդկային կորուստներով: Մենք փոքրաթիւ ժողովուրդ ենք, եւ մեր պայքարը շարունակական է, իսկ արդար պահանջատիրութիւնը` խիստ անհրաժեշտութիւն: Սփիւռքում ապրող մեր հայրենակիցներն իրենց մտաւոր ներուժը եւ հեղինակութիւնը ներդնում են` աշխարհին ներկայացնելով մեր շարունակուող պայքարի խորհուրդը եւ դրան վերաբերող ճշմարտութիւնը: Անհնար է պատկերացնել հայկական սփիւռք ունեցող որեւէ երկրի հասարակական կեանքը` առանց հայերի միջամտութեան: Հայերը ներկայ են ամէնուր, նրանք հարստացնում եւ նոր երանգներ են հաղորդում աշխարհի բոլոր երկրներում` պահպանելով, սակայն, իրենց ազգային դիմագիծը: Արեւմուտքում, ցաւօք, աւելի առկայ է ձուլման վտանգը, մինչդեռ Մերձաւոր եւ Միջին Արեւելքի երկրների հայ գաղթավայրերն աւելի աւանդապաշտ ու պահպանողական են: Լիբանանը դրա լաւագոյն դրսեւորումն է: Երբ խօսքն աւանդապաշտութեանն է վերաբերում, ակամայից մտաբերում եմ ձեր հօր` Գէորգ Գանտահարեանի անուան հետ կապուած հիանալի պատմութիւնները, որոնք լսել եմ իմ լիբանանահայ բարեկամներից: Կարդացել եմ նաեւ Երեւանում նրա մասին լոյս տեսած հրաշալի գիրքը, ուր զետեղուած են նրա խոհափիլիսոփակայան մտքերը, որոնցից յառնում է նրա լուսաւոր կերպարը: Իրօք, պայծառ անհատականութիւն է եղել: Նա Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքում աւելի քան կէս դար դասախօսել է, իսկ ներկայիս անուանի շատ հոգեւորականներ ու վարդապետներ նրա սաներն են եղել: Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսը եւս նրա սան է եղել եւ միշտ յարգանքով ու մեծարանքով է խօսել Գէորգ Գանտահարեանի մասին:

Շահանը համեստօրէն ոչինչ չասաց հօր մասին: Գուցէ դրա կարիքը չկար, որովհետեւ Գէորգ Գանտահարեանի մասին Երեւանում լոյս տեսած գիրքն այնքան խօսուն ու յագեցած է, որ մնացած բոլոր պատմութիւններն աւելորդ են: Գիտէի, որ նա ծնուել էր Դամասկոսում, այնուհետեւ մշտական բնակութեան տեղափոխուել Լիբանան, բայց սրտով ու հոգով կապուած էր Մայր Հայաստանին: Երազում էր իր վերջին հանգրուանը գտնել հայրենիքում: Այդպէս էլ եղաւ: Մահուանից յետոյ նրա աճիւնն ամփոփուեց Երեւանում…

– Պարո՛ն Սիմոնեան, կը շարունակենք մեր զրոյցը,- ասում է Շահանը,- իսկ հիմա գնանք, պէտք է սկսել գրքի շնորհանդէսը, մարդիկ արդէն հաւաքուել են: Գրքից զատ` խնդրում եմ անպայման խօսէք Սողոմոն Թեհլիրեանի, Վահան Մինախորեանի եւ Արշալոյս Աստուածատրեանի մասին: Ձեր հրապարակումներից գիտեմ, որ երեքն էլ ապրել են Պելկրատում, որ` բազմիցս հանդիպել էք նրանց հարազատներին ու ազգականներին եւ, անշուշտ, ասելու շատ բան կ՛ունենաք:

– Շա՛տ լաւ,- պատասխանում եմ,- նրանց մասին կարող եմ ժամերով խօսել, քանի որ արժէքաւոր նիւթեր ունեմ, որոնք ինձ են տրամադրել Թեհլիրեանի եւ Աստուածատրեանի ազգականները: Մինախորեանի մասին, ցաւօք, շատ բան ասել չեմ կարող, բայց վերջերս եմ եղել Պելկրատում եւ գտել նրա գերեզմանը:

Փոքրիկ սրահում, ուր պիտի անցկացուէր շնորհանդէսը, հաւաքուել էին լիբանանահայ անուանի մտաւորականներ, կուսակցական ու հասարակական գործիչներ` Երուանդ Փամպուքեանը, Ժիրայր Դանիէլեանը, Արամ Սեփեթճեանը, Գէորգ Սանթուրեանը, նաեւ` շարքային գրքասէրներ: Ցանկանում էին լսել առանձին դրուագներ մասնաւորապէս Սողոմոն Թեհլիրեանի կեանքից, նաեւ` 1983 թուականի մարտի 9-ին Պելկրատում Թուրքիայի դեսպան Ղալիպ Պալքարին ահաբեկած երկու լիբանանահայերի ու նրանց ճակատագրի մասին:

– Դուք կը ճանչնա՞ք Անդրանիկ Պօղոսեանը եւ Րաֆֆի Էլպեքեանը, որոնք Պելկրատի մէջ Թուրքիոյ դեսպանը ահաբեկած են,- հարցնում է ներկաներից մէկը:

– Ճանաչում եմ, անշուշտ,- պատասխանում եմ: – Ես նոյնիսկ անձամբ ճանաչել եմ նրանց դատավարութեանը մասնակից սերպ փաստաբաններ Վելքօ Կուպերինային եւ Փրիեզտա Փոփովիչին, որոնց հետ բազմաթիւ զրոյցներ եմ ունեցել: Դատավարութեան ընթացքում նրանց վերաբերմունքը հայանպաստ էր, քանի որ քաջատեղեակ էին հայոց Մեծ եղեռնի մանրամասնութիւններին: Երկուսն էլ, ցաւօք, հանգուցեալներ են: Պելկրատում վերջերս լոյս տեսած իմ գրքում գրել եմ այդ մասին:

… Զրոյցս դուրս եկաւ գրքի շրջանակներից: Հետաքրքիր դրուագներ պատմեցի հայ-սերպական իմ աւելի քան 40-ամեայ գործունէութիւնից, այն մասին, թէ սերպահայ գաղթօճախին վերաբերող նիւթեր ձեռք բերելու նպատակով ի՛նչ ծաւալուն ուսումնասիրութիւններ եմ կատարել Հայաստանի ու Սերպիայի արխիւներում, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեան միաբանութեան դիւաններում: Տեղեկացրի, որ այդ ուսումնասիրութիւնների արդիւնքում իմ հեղինակութեամբ լոյս կը տեսնի 13-րդ դարից մինչեւ օրերը Սերպիայում ապրած բոլոր ծանօթ եւ անծանօթ սերպահայերին վերաբերող մի աշխատութիւն:

Իմ խօսքից յետոյ հետաքրքիր երկխօսութիւն սկսուեց, եղան հարցեր, որոնք աւելի շատ վերաբերում էին Սողոմոն Թեհլիրեանի կենսագրութեան քիչ ծանօթ էջերին: Լիբանանահայ անուանի մտաւորական, «Կամար» ամսագրի գլխաւոր խմբագիր Ժիրայր Դանիէլեանը ամփոփիչ խօսք ասաց, ջերմօրէն խօսեց «Պատկերներ Լիբանանից» հատորիս մասին, նշեց, որ դրանում ամփոփուած են իմ խոհերն ու մտորումները 2013 թուականին Լիբանան կատարած ուղեւորութիւնից, յաւելեց, որ այդ գիրքը իմ լաւագոյն նուէրն է լիբանանահայութեանը: Նա նաեւ նշեց, որ դիւանագէտի համար շատ կարեւոր է, որ նա գրքի ու գրականութեան մարդ է, եւ միայն այդ դէպքում է նման համատեղումը հրաշալի արդիւնք տալիս: Դրանով չաւարտուեց Ժիրայր Դանիէլեանի ջերմ խօսքը: Նա իմ յուշագրքում այսպիսի գրառում արեց. «Գրել անձի մը մասին` կաշկանդուածութիւն կ՛ենթադրէ: Բայց գրել պայծառ մարդու մը մասին, որ իր մէջ կուտակած է բազմաթիւ ձիրքեր, եւ որ մանաւանդ բարեկամ է ու ընկեր, կաշկանդուածութիւնը կ՛անէանայ եւ գրիչդ հեզասահօրէն կ՛արձանագրէ քու մտածումներդ ու ապրումներդ: Բաբգէնի հետ ծանօթութիւնս շուրջ հինգ տարիներու վրայ կ՛երկարի: Հինգ տարի միայն… կարծես թէ Բաբգէն մարդն ու գրողը, բանաստեղծն ու թարգմանիչը, ուղեգրողն ու դիւանագէտը քեզի ծանօթ է հինգ անգամ հինգ տարիներէ ի վեր… Բաբգէնը շարժուն, շարժական կամուրջ է: Կամուրջ, որ կը կամրջէ Հայաստանը Սերպիոյ, Սերպիան` Հայաստանին, Հայաստանն ու արտասահմանեան բազմաթիւ հայ համայնքներ: Կը սերտացնէ կապը անոնց միջեւ: Կը խանդավառէ, մարդոց մէջ կը սերմանէ բարիին հանդէպ հաւատք, կ՛ոգեւորէ զանոնք հայու անմար խիզախութեամբ ու ապագային հանդէպ անբեկ յոյսով:

Սիրելի՛ Բաբգէն, դուն նուիրեալ ուղեւոր ես եւ քու ուղեւորութիւնդ անկասելի է…

21 նոյեմբեր 2017 թ.
Պուրճ Համուտ,
«Ազդակ»-ի խմբագրատան մէջ»

 

… Այս տաք ու անմիջական գրառումին յաջորդեցին նաեւ այլ մտաւորականների ոգեշնչող խօսքերն ու գնահատականները: Յետոյ խմբուեցինք Գանտահարեանի աշխատասենեակում մի գաւաթ սուրճի շուրջ, շարունակուեց հետաքրքիր զրոյցը, որ նուիրուած էր մեզ բոլորիս յուզող ազգային խնդիրներին եւ, առաջին հերթին, Հայաստանի Ա. Հանրապետութեան` առաջիկայում նշուելիք 100-րդ տարեդարձին: Նրանց տեղեկացրի նաեւ, որ 2018-ին Պելկրատում հիւրընկալուելու է Սարդարապատի Ազգագրական թանգարանը, որի բացառիկ ցուցանմուշները ներկայացուելու են սերպ հասարակայնութեանը, եւ որով մենք ցոյց ենք տալու համաշխարհային մշակոյթում եւ քաղաքակրթութեան մէջ ունեցած մեր հսկայական աւանդն ու դերը:

ԲԱԲԳԷՆ ՍԻՄՈՆԵԱՆ

Նոյեմբեր, 2017 թ.
Երեւան-Պէյրութ-Երեւան


Viewing all articles
Browse latest Browse all 17226

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>