Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Խմբագրական «ՎԷՄ»-ի. Ո՞Վ Է Հայը

$
0
0

Իրականացրո՜ւ երազանքներդ: Այդ պահը եկել է:
ԿԱՊՐԻԷԼ ԿԱՐՍԻԱ ՄԱՐՔԵՍ

Երկրի զարգացման հետագայ ընթացքը լուսաւորող ընդհանուր համակեցական տեսլականի բացակայութիւնը հայաստանեան արդի հասարակութեան ներսում ինքնութենական ճգնաժամի պատճառ է դարձել:

Հայրենի հողի վրայ հայութեան նպատակների իրականացման համար Հայաստանը պէտք է դառնայ այն գրաւիչ ընկերային միջավայրը, որտեղ մեր ազգային երազանքները համադրւում են առաջադիմութեան մասին մարդկութեան պատկերացումները խտացնող` համամարդկային գաղափարների հետ: Դրանց բացակայութեան պարագայում համախմբման ներազգային աշխատակարգերը կը մնան սոսկ իբրեւ մեր պետական օրկանիզմի հետագայ քայքայումը քողարկող գեղեցիկ կարգախօսներ:

Անցեալի ժառանգութիւն հանդիսացող` ընդհանուր ծագման գիտակցումն ու քրիստոնէական արժեհամակարգը գոյատեւման միասնական կամքով են օժտում հայ հանրոյթին այնքան ժամանակ, քանի դեռ ուրուագծւում է ընդհանուր արտաքին վտանգը եւ դրա դէմ համախմբուելու, բռունցքուելու անհրաժեշտութիւնը: Ցաւօք սրտի, հայոց դիմադրական ոգին, Սասունցի Դաւթին օգնութեան հասնող Քեռի Թորոսի նման, արթնանում է միայն արտաքին վտանգի առարկայացման պահերին: 2016 թուականի ապրիլեան կարճատեւ, բայց արիւնահեղ պատերազմի օրերին մենք նորից դարձանք նման իրողութեան ականատեսը: Սակայն անմիջական ռազմական սպառնալիքի չէզոքացումից յետոյ ստիպուած էինք արձանագրել, որ հայաստանեան հասարակութիւնը նորից իր «մօր փորն ընկաւ»` այդպէս էլ չփորձելով խորանալ տեղի ունեցածի պատճառների մէջ: Դա գալիս է հաստատելու, որ մեր հասարակութիւնը պետական կեցութեան որոշիչների առկայութեան պայմաններում անգամ պահպանել է պետականազուրկ ազգի աւանդական մտածելակերպն ու փիլիսոփայութիւնը: Մինչդեռ ցանկացած հասարակութիւն կենսունակ է այնքանով, որքանով կարողանում է ապագայի որոշակի տեսլականի վրայ հիմնուած ամէնօրեայ նպատակային գործունէութեամբ ամրապնդել իր ներքին ուժի քանակական ու որակական ցուցանիշները:

Հայաստանի անկախացումից յետոյ անցած աւելի քան քառորդդարեայ ժամանակամիջոցում համակեցական ընդհանուր միջավայր ձեւաւորելու նպատակ ունեցող ներքին կամ ընկերային տեսլականի մասին այդպէս էլ լրջօրէն չենք մտածել: Մինչդեռ, երբ ոեւէ հաւաքականութեան մօտ բացակայում է իր համակեցական միջավայրի սեփական ընկալումը, նա կա՛մ դառնում է օտար միջավայրերից բխող արժէքների գերին, կա՛մ էլ հէնց ինքն է ձգտում դէպի այդ միջավայրերն ու արտագաղթում է: Այս պարզ իրողութեան ապացոյցները հայաստանեան ամէնօրեայ կեանքում ու կենցաղում արձանագրւում են հայերի «նորացուած», բայց օտար տեսակների բազմացման, այսինքն` հոգեւոր-բարոյական «արտագաղթի» տեսքով: Աւելի՛ն. նման շեղումների կրողը հանդիսացող խմբերն արդէն շատ արագ նկատում են մէկը միւսին եւ զանազան տգեղ բնորոշումների միջոցով վարկաբեկում են իրար: Դրանցից ամենատարածուածներն են ամբողջովին ամերիկեան վարուելակերպին տրուած` «կրանթակերներ», եւրոպական կենցաղի յոռի կողմերն ընդօրինակած` «կապոյտներ», ռուսական քրէաօլիկարխիայի գռեհիկ կենսակերպի երկրպագու` «ռուսուլմաններ» եւ այլ բնորոշումները:

Հիմնականում` արտաքին աղբիւրներից սնուող նման խմբերի` դրսից արագացուող «բուծման» պայմաններում մեզ` հայաստանցիներիս համար անյայտ է մնում, թէ ով է այդ դէպքում ժամանակակից ըմբռնումով հայը: Մինչդեռ արտաքին ներդրումների ու դրանցով պայմանաւորուած` գոյատեւման աղբիւրների բազմազանեցման հետ կապուած` մեր երկրի ներսում մեզանից օտարացող հայերի թիւը գնալով աճելու է` է՛լ աւելի պառակտելով Հայաստանի հասարակութիւնը: Որովհետեւ եթէ չես ցանկանում կամ չես կարողանում քո երկիրը դարձնել դրախտ, ապա ակամայից փնտռում ես օտար դրախտի բանալիները: Ուստի օտար դրախտ որոնողների միջեւ պայքարի սրումն ահազանգ է` սեփական դրախտի մասին մտածելու համար:

Մինչդեռ Հայաստանում այսօր դրախտն ու դժոխքը կողք կողքի են, որովհետեւ նա դարձել է ծայրայեղօրէն պուրժուական երկիր` իրեն բնորոշ ցցուն հակադրութիւններով, որտեղ աղքատը ցանկանում է օր առաջ հարստանալ, իսկ հարուստը` է՛լ աւելի բարգաւաճել: Եւ օրէնքով սահմանուած խաղի կանոնների փաստացի բացակայութեան պայմաններում Հայաստանում հիմնականում ցանկանում են մնալ նրանք, ովքեր այս կամ այն պատճառով դուրս են մնացել համընդհանուր պուրժուականացման գործընթացից: Բայց աւանդոյթին հաւատարիմ նման պահպանողական շերտերի վրայ հիմնուող հասարակութիւնը չի կարող ունենալ ընդհանուր համակեցական տեսլական, որի կրողները կարող են լինել միայն նրանք, ովքեր նոր յարաբերութիւններն ընկալում են նրանց տինամիզմ հաղորդող յառաջադիմական մեկնակէտից:

Աւելի՛ն. եթէ փորձենք ներկայացնել հայաստանեան արդի հասարակութեան ձգտումների խորքային կառուցուածքը, ապա կը տեսնենք, որ բացի գիւղացիութեան ու մտաւորականութեան որոշ շերտերից եւ զինուորական խաւի մի մասից` այն փաստօրէն ամբողջովին հաճոյապաշտական բնոյթ ունի: Կովկասեան թամատայութիւնները, քէֆերը եւ աւելի արդիական ու սանձարձակ զուարճանքները իբրեւ բարձրագոյն արժէք ընկալող նման հասարակութեան կողմից դաստիարակուող երիտասարդ սերունդը նոյնպէս վարակւում է նոյն ախտերով: Եւ դրանում նա որեւէ մեղք չունի, քանզի անցած քառորդ դարի ընթացքում փոխուել է մեր ժամանակի հերոսը:

Մինչդեռ մեր ազատութեան համար նահատակուած հերոսները զոհուել են ոչ թէ Հայաստանը վայելքների երկրի վերածելու, այլ` հայրենիքի լուսաւոր ապագայի համար: Արդեօ՞ք սա է նրանց երազած Հայաստանը, երբ հայի հաճոյապաշտական նպատակները է՛լ աւելի անսանձ ձեւով հնարաւոր է իրականացնել Հայաստանից դուրս: Բայց քանի որ մեր երկրում նոյնպէս սկսել է գործել Արիստոտելի ժամանակներից յայտնի օրինաչափութիւնը` ցանկացած հասարակութեան ներսում գերակայում են իշխող դասակարգին բնորոշ արժէքները, ապա ստեղծուած կացութեան ախտորոշումը յստակ է` հայաստանեան համակեցական միջավայրի բարեփոխման խնդիրն այսօր բախւում է նորելուկ պուրժուազիայի դիմադրութեանը:

Ուրեմն ինչպէ՞ս դուրս գալ այս լաբիւրինթոսից, երբ այլեւս հնարաւոր չէ հանդուրժել երկրի զարգացման համար բացուող մեծ հնարաւորութիւնների եւ դրանց իրացմանը խոչընդոտող արգելքների զուգահեռ գոյակցութիւնը: Հայաստանն առաջիկայ տարիներին կարող է յիրաւի թռիչքաձեւ զարգացում ապրել, եթէ իրացուեն այդ հնարաւորութիւնները, բայց կարող է նաեւ յայտնուել արտաքին պարտքերի ու անխուսափելի տեֆոլթի դիմաց իր վերջին հարստութիւններն ու անկախութիւնը վաճառելու վտանգի առջեւ: Ուրեմն ո՞րն է այն յենման կէտը, որն առաջիկայում թոյլ կը տայ իրադարձութիւնների զարգացումը հունաւորել առաջին ուղղութեամբ:

Մեր կարծիքով, հայաստանեան արդի հասարակութեանը համակած ինքնութենական ճգնաժամի յաղթահարման առաջին քայլը երկրի համընդհանուր պուրժուականացման հակաթոյնը հանդիսացող աշխատաւորական Հայաստանի ընկերային տեսլականի յստակեցումն է: Որովհետեւ նորելուկ պուրժուազիայի կողմից իրաւազուրկ սպասաւորների, իսկ որոշ դէպքերում պարզապէս ստրուկների վերածուող հայ աշխատաւոր դասակարգի` որպէս մէկ ամբողջութեան, իրաւունքների պաշտպանութեան խնդրի տեղատուութիւնն է հայոց համակեցական միջավայրի ձեւաւորման առաջնային խոչընդոտը: Հայաստանում հող մշակող, տուն կառուցող, երեխաներ կրթող կամ իր համակարգչի վրայ տեղեկատուական հասարակութեան ձեւաւորմանն ուղղուած առաջին քայլերն անող գիւղացին, բանուորը, ուսուցիչը կամ գիտնականը` որպէս աշխատաւորներ, առաջին հերթին բախւում են արդարութեան բացակայութեան փաստին: Նման արդարութիւնը պահանջում է հաւասար հնարաւորութիւնների վրայ հիմնուած ազատ մրցակցութեան դաշտի ապահովումը զուգորդել յաւելեալ արդիւնքի բաշխման այնպիսի մեքանիզմների հետ, որոնք, զսպելով աշխատատուի հաճոյապաշտական ձգտումները, դրանք ուղղորդում են դէպի բանական պահանջմունքների ոլորտ:

Աշխատաւոր մարդու իրաւունքների պաշտպանութիւնը հարկ է տարանջատել նաեւ բարեգործութիւն անելու` աշխատատուի բարի ցանկութիւնից: Նման իրաւունքները պէտք է երաշխաւորուեն պետութեան կողմից, որովհետեւ հասարակութեան ունեւոր խաւն այս կամ այն կերպ ապահովում է յառաջդիմութիւնը (մեր պարագայում` տնտեսութեան քանակական չափորոշիչների աճի տեսքով), բայց վերջինիս համընդհանրացման խնդիրը կարող է լուծուել նրա արդիւնքների իւրացման շրջանակն ընդլայնող ներդաշնակ համակեցական միջավայրում: Այս ներքին նմանակութեան ձեւաւորման գործընթացում է առաջ գալու սեփական ինքնութեան նոր ընկալումը` երկրի տիրոջ զգացողութիւնը, որն ազգային յիշողութիւնը փոխակերպում է այժմէականութեան թրթռացող կենսակշռոյթների: Մենք կանգնած ենք հայրենասէրից քաղաքացու վերածուելու գործընթացի ճիշդ մէջտեղում, ուստի Հայաստանի տնտեսութեան ու դրանից բխող հարստութեան աճի հետեւանքով մեր երկիրը ոչ թէ զարգանում է, այլ` լճանում: Ուրեմն հայաստանեան հասարակութեան պուրժուականացումն աստիճանաբար վերածւում է ազգային ինքնութեան ճգնաժամի, որովհետեւ նորացման գործընթացում բացակայում է յառաջդիմութիւնն «ազգայնացնողը», հայկականութեան իրական կրողը` աշխատաւորը:

Դա է պատճառը, որ մեր աչքերի առջեւ դատարկուող երկրում ձեւաւորուել է մի գերհարուստ խաւ, որն իր զուարճանքի վայրերում արջեր կամ առիւծներ պահելու փոխարէն` շուտով թերեւս անցնելու է փղերի բուծմանը: Եւ այդ անհեթեթութեան ականատես հայաստանեան հասարակութիւնը փոշիանալու է վերը նշուած` ամերիկեան «կրանտակերների», եւրոպական «կապոյտների», գռեհիկ «ռուսուլմանների», թուրքական մեղեդիների հայ երկրպագուների, իսկ շուտով հնարաւոր է` չինացու տեսք ընդունող «եամենիների» բազմութեան մէջ:

Բայց հարկ է նաեւ խոստովանել, որ մեր գերհարուստ խաւն այսօր ուրիշ անելիք էլ չունի, քանի որ նրա «հայրենիքը» փողն է: Քանզի հողի իրական տէրն այն մշակող աշխատաւորն է, որը պէտք է վերականգնի սեփական իրաւունքները:

Խօսքն այստեղ մէկ առանձին երկրում պարփակուած ներամփոփ «հայկական համայնավարութիւն» կառուցելու, կամ էլ հայկականութիւնը օտար ազդեցութիւններից կատարելապէս զտելու մասին չէ: Ողջ հարցն այն է, որ քաղաքական մանուածապատ դեգերումների արդիւնքում օտարուել ենք ինքնութեան հարցի հանրային բանավէճից եւ, հետեւաբար, երազանքներ ձեւակերպելու հմտութիւնից: Ուրեմն ներկայումս հարկաւոր է ոչ թէ «քոչարի պարելու» ունակութեամբ գնահատել դիմացինի հայ լինելու չափը, այլ որոշարկել մեր պետական համակեցութեան ընկերային պայմանները եւ ըստ այդմ` ուրուագծել այն ընդհանուր ապագայի տեսլականը, որում արդէն ձանձրալի դարձող «դհոլ-զուռնային» կը փոխարինի մեր նոր Խաչատրեանների բարձրարժէք երաժշտութիւնը…

Ցայսօր հայ իրականութեան մէջ ինքնութեան հարցը հիմնականում դիտարկուել է մի տեսանկիւնից միայն, այն է` հայկական ինքնութիւնը լոկ պարգեւ է: Թէեւ շատ աւելի կարեւոր է այն գիտակցել իբրեւ առաջադրանք: Ինքնութեան` իբրեւ առաջադրանքի տեսլապաշտ հայեցակերպն է, որը մեզ հնարաւորութիւն պիտի ընձեռի սրբագրել հայի` որպէս սոսկ դիմադրողի կամ արձագանգողի ներկայիս կաղապարը` փորձելով ծնունդ տալ ներսից-դուրս գործունէութիւն ծաւալող քաղաքացուն, որի պետական տեսլականը միաւորելու է մեզ իբրեւ ազգ: Պուրժուազիան նման տեսլական չունի, քանի որ իր խորքային էութեամբ աշխարհաքաղաքացի է: Ուստի երբ նրա այս կամ այն ներկայացուցիչին այսօր պատւում ենք «մեծ հայ» բնորոշմամբ, մոռանում ենք, որ համայնքից արդէն վերածուել ենք պետութեան, որի մեծութիւնը կախուած է երկիրը կառուցողի ու պաշտպանողի պաշտպանուածութիւնից: Պետականութեան պայմաններում մեծ հայը հայ ժողովուրդն է, որի աղքատ զաւակները վերջերս ապացուցեցին այդ իրողութիւնը` հրաշքներ գործելով թշնամու հետ արիւնոտ ռազմաբախումների ընթացքում: Մեծ Հայքի երազանքն անաղարտ պահած ժողովրդի այս անկոտրում ոգին իրական ու առարկայական «Մենք»-ի վերածելու համար անհրաժեշտ ընկերային արդար միջավայրից է ծնուելու մեր ազգային ինքնութեան նոր ընկալումը:

Ուրեմն ներկայ իրավիճակում Հայաստանում ընկերային արդարութեան պահանջն այլեւս սովորական կարգախօս չէ, այլ` համակեցական միջավայրի ձեւաւորման խնդիր, ինչը որպէս ազգային-պետական առաջադրանք` մեր նոր ինքնութեան յստակեցման նախապայմանն է:

Աւելի՛ն. պատերազմի սպառնալիքի ներկայ չէզոքացումը ժամանակային առումով երկարելու դէպքում հայոց աւանդական հերոսականութիւնը նոյնպէս աստիճանաբար մոռացութեան է մատնուելու, եթէ ազգի դիմադրական ոգուն բնորոշ կենսական եռանդը չփոխակերպուի ստեղծագործական վերելքի: Ուստի գիտակցելով, որ ներկայ խաղաղ ընդմիջումն Աստծոյ պարգեւ է` իբրեւ բարենպաստ ժամանակ, հարկաւոր է ամբողջական կերպով օգտագործել այդ հնարաւորութիւնը` հայոց ընկերային կառոյցի փիլիսոփայութեան մշակման եւ դրա հիման վրայ հայաստանեան հասարակութեան ինքնութենական ճգնաժամի յաղթահարման համար:

Ռազմավարական հեռանկարի առումով` ժամանակի միջին տեւողութեան ծիրում, սա նոյնպէս ազգային անվտանգութեան ապահովման հարց է, ինչպէս սահմանների պաշտպանութեան` օրախնդիր առաջադրանքը:


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>