Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Ինչո՞ւ Մուրճը Մեխի Գլխուն Չենք Իջեցներ

$
0
0

Յ. ՊԱԼԵԱՆ

Երբեմն մենք մեզի հարց կու տա՞նք, թէ ինչո՞ւ չենք յառաջդիմեր, կը ճահճանանք, կը նահանջենք, չենք վերականգնիր ազգովին:

Կացութիւնները պէտք է դիմագրաւել` առանց անձնատուր ըլլալու բառերու եւ բարձրախօսներու աղմուկին:

Իրատեսութեան հետ ե՞րբ պիտի ժամադրուինք կարենալ որոշելու համար, թէ Ռիւպիքոնի ո՞ր ափին պիտի մնանք կամ կը գտնուինք: Երեւակայեցէ՛ք, որ Յուլիոս Կեսար յաւիտենապէս մտածէր իր բանակին հետ գետը անցնելու մասին:

Հայաստան եւ սփիւռք(ներ) չի բաւեր բեմերէն լսել բանաստեղծները, ծափահարել, այլ հարկ է հասկնալ անոնց ապրումները եւ պատգամները: Անոնք կոչուին` Վարուժան, Սիամանթօ, Կոստան Զարեան, Մուշեղ Իշխան, Սիլվա Կապուտիկեան թէ Յովհաննէս Շիրազ:

Բանաստեղծներու խօսքը խրախճանքի աղանդեր չէ: Յաճախ այդպէս ըլլալու կը դատապարտենք զանոնք:

Տարեվերջ է: Կը դիտեմ շուրջբոլորս: Կը կարդամ եւ կը լսեմ բոլոր կարեւոր եւ անկարեւոր լուրերը: Հայութեան եւ Հայաստանի մասին հոգեպարար բաներ կ’ըսուին, երբեմն ալ, որպէս ընթացիկ տեղեկութիւն, օտար լրատուամիջոցները կը խօսին հայերու մասին: Հայ ընտանիք մը Հայաստանէն հասած է Սթրազպուրկ քաղաքը: Կեցութեան թուղթ չունին ընտանիքի անդամները, կը քնանան ինքնաշարժի մէջ, զաւակները այդ պայմաններուն մէջ դպրոց կ’երթան:

Հայկական լրատուամիջոցներն ալ կ’անդրադառնան Ամերիկաներ, Աւստրալիա, Եւրոպա գաղթող հայերու մասին, որոնք չեն գար միայն Հայաստանէն, այլ նաեւ` հայահոծ եւ դեռ ոչ հեռու անցեալին հայրենահանուածներով կազմուած հայկական գաղութներէն: Կը տեսնենք, կը լսենք, կը հաշտուինք կացութեան հետ` առանց մտածելու վաղուան մասին: Չենք վարանիր անգամ գոհունակութեամբ ընդունելու կացութիւնը, երբ հայեր համախումբ կը հասնին այս կամ այն հեռաւոր ափերը, կարծէք` այդ ձեւով Հայկական հարց կը լուծենք:

Յովհաննէս Շիրազ ո՛չ Հայաստանի օլիգարխ էր, ո՛չ ալ սփիւռք(ներ)ի էսթեպլիշմընթ, հայրենիքի եւ ազգի ըմբռնում ունէր: Ինչ որ մեծանուն ղեկավարներ, աշխարհական թէ կրօնական, քաղաքական թէ կուսակցական, չեն բարձրաձայներ, ինք ըսած է.

Միակ ճամբան փրկութեան,

Հայե՛ր, դէպի Հայաստան…

Այս փրկութեան գաղափարը չի ներշնչուիր զանգուածներուն: Անոր բացակայութեան ստեղծած պարապը կը գրաւեն անհատապաշտութիւնը եւ ընչաքաղցութիւնը, որոնց դէմ չեն ցցուիր ազգը առաջնորդելու կոչուած պետութիւնը, դէմքերը եւ կազմակերպութիւնները, եթէ դեռ լքման օրինակ չհանդիսանան:

Բանաստեղծը գիտէ, մենք ալ գիտենք, որ չենք դիմանար որպէս ազգ, պատմութեան բեմին վրայ չենք մնար, եթէ ջլատենք մեր հաւաքական ուժը, որ ոչ թէ խօսքով, այլ ներկայութեամբ միացում է:

Ի՞նչ կ’ըսէր Շիրազ, ի՞նչ չենք ըսեր այսօր, եւ կը տրուինք ամբոխավարական խաբէութեան` խորհելով, որ սփիւռք-հայութիւնը կրնայ տեւել:

Ո՞ւր էք շտապում, ո՛վ խաբուած ջրեր,
                Մեզ ծարաւ թողած` ո՞ւր էք շտապում,
                …………               

                Սեւանն է քաշում ծով կարօտը ձեր`
                Դուք ո՞ւր էք օտար ծովերը թափուում:
                Անուշ է թուում ձեզ կանչող հեռուն,
                Բայց դուք կը կորչէք ծովերում օտար,
                Դարձէք` ծովանայ թող հայոց առուն,
                Մի՞թէ մօր գիրկը նեղ է ձեզ համար…
                Ախ, մի՞թէ նեղ է, որ դուրս էք փախչում,
                Բայց դուք կը կորչէք ծովերում օտար,
                Ձեր կոյր կորուստով իմ յոյսն է կորչում`
                Դառնում ծովասոյզ մի ջաղացաքար:

Սեւանը փոխաբերական պատկերն է հայկական կացութեան: Արդարեւ, եթէ Սեւանը չմատակարարուի ջուրով, ան կը չորնայ, կ’անհետանայ: Երբ մեր համրանքը օտար ծովերը կը թափի, ազգը կը չորնայ: Երբ անմիջական եւ եսական շահերու հետամուտ ըլլալով` ղեկավարութիւններ Շիրազի այս ճշմարտութիւնը չեն ըսեր եւ ըստ այնմ չեն գործեր, ի՞նչ կ’ըլլայ ազգի ապագան: Ի՞նչ կը պատահի այսօր. կը կորչենք ծովերում օտար, մինչդեռ հայոց առուն կը ծովանայ, երբ կը խմբուինք: Այդ խմբուիլը մեր փոխարէն պիտի չընեն ուրիշներ, իսկ եթէ ուրիշներ այդ ընեն մեր փոխարէն, ազգ եւ հայրենիք կը դառնան ծովասոյզ մի ջաղացաքար:

Բանաստեղծը սաւանանման վկայական ունեցողներէ եւ շքանշանակիր ղեկավարութիւններէ աւելին կը տեսնէ, կը զգայ, երբ կ’ըսէ.

Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք,
                Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը,
                Մայր լեզուի կռուում էլ ինչո՞վ յաղթենք,
                Երբ մեծ Մաշտոցի զօրքն է նօսրանում:

Բանաստեղծը կը զգայ, գիտէ, որ գաղթը աւեր է, ազգի նօսրացում է, հակառակը` միացման, մէկութեան: Պարզ է, որ գաղթի աշխարհներուն մէջ կը նօսրանայ նաեւ հայոց ազգակերտ լեզուն, Հայաստանի մէջ նօսրացող ազգն ալ կը հետեւի նոյն ուղիին: Եւ.

Ո՞վ է ձեր խելքը հեռուից գողանում,
                Այս ո՞ւր էք չուում մայր հայրենիքից,
                Մեզ Աւարայրում մենակ էք թողնում,
                Մի՞թէ մայր ազգը սուրբ չէ «ճոխ» կեանքից:

Այսինքն հայրենասիրական ճառերը անիմաստ են, երբ հայրենիքի պաշտպանութիւնը կ’ըլլայ հողին վրայ, մէկուն պարտքը չ’ըլլար այդ պաշտպանութիւնը` միւսին ձգելով ճոխ կեանքի իրաւունքը:

Եւ բանաստեղծը կոչ կ’ընէ հաւաքական ճիգով վերականգնումի.

Այս ո՞ւր էք փախչում, խելագար ջրեր,
                Մեր բուռ հողն էլ ծով ծարաւ թողած,-
                Դարձէք, ետ վազէք, որ դարձնենք անմեռ
                Թէկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց:

Մեզ անտարբեր ձգող Շիրազի ողբը կը շարունակուի: Հարկ է տրուիլ ընթերցման խորհուրդին` ոչ որպէս բաժակաճառի, կամ` հանդէս զարդարող խօսքի, այլ` որպէս ճամբացոյցի: Բանալ քառեակները: Տեսնել ժահրը: Դարմանել ախտը` առանց եսասիրական բացառութիւններու ետին թաքնուելու, ինքնութեան եւ հաւաքականի գիտակցութեամբ եւ դիրքորոշուիլ նաեւ` ներազգային աղէտներու դէմ:

Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում,
                Բայց դառնանում է ծովակն հայրենի,-
                Ո՞ւր էք ձեր ոսկի ջրերը տանում,
                Ո՞ւր էք մեռցնում լեզուն մայրենի:

                Մեր ամենասուրբ կռուից էք փախչում,
                Սուրբ Աւարայրից մեր ամէնօրեայ,
                Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում,
                Վարդանն է ճչում, ես գոչնեմ նրա:

                Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր էք շտապում,
                Մի՞թէ կարօտ են ովկիանները ձեզ,-
                Դարձէք… Սեւանը ձեզ է պապակում,
                Կանչում` Սահարա անապատի պէս:

                Մայրենի լեզուն ինչպէ՞ս կարկաչի,
                Երբ որ չխօսես քո հայոց լեզուով,
                Երբ աղբիւրի պէս` ծովերում կորչի,
                Էլ ո՞վ քեզ կը տայ Մասիսդ, էլ ո՞վ:

                Դուք հայոց ազգի յաւերժն էք թաղում,
                Ձեր օրուայ կեանքում` գրկում օտարի,
                Ահա թէ, հայեր, ինչո՞ւ չի շողում
                Մասիսի ձիւնը` թագս վիթխարի:

Իմ պանդուխտ ջրեր, զուր էք շտապում,
                Դարձէք, տուն վազէք, մեր մուրազ ջրեր,
                Ինչո՞ւ էք օտար կնոջ գիրկ թափում
                Հայ կոյսի բաժին կեանքն ու գանձը ձեր:

                Ինչո՞ւ Քանատա, ի՞նչ Ամերիկա,
                Երբ թէկուզ մի բուռ Հայաստանը կայ,
                Տուն աղաւնացէք, Նոյի ագռաւներ,
                Կը կորչէք, որպէս գայլախեղդ գառներ…

                Մեր ամէնօրեայ կռուի՞ց էք փախչում`
                Սուրբ Աւարայրից մեր ամէնօրեայ,
                Ինչից խռով էք` ինձ էլ է տանջում,
                Գէթ Արարատից խռով մի քմնայ:

Հայրենալքման դէմ եւ հայրենադարձութեան կոչի Ամանորի մաղթանքի գիր են հայրենասէր եւ հայրենատէր բանաստեղծի խօսքերը` ուղղուած բոլոր անոնց, որոնք ունին հայու ականջ եւ անկեղծիք սիրտ:

Շաբաթ, 30 դեկտեմբեր 2017
Նուազի-լը-Կրան


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>