ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ
Այս անգամ ինձ հնարաւորութիւն է ընձեռնուել գրելու եւս մէկ մոռացուած հերոսի` արցախեան շարժման եւ պատերազմի առաջամարտիկ, Աստղաշէնի ինքնապաշտպանական ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վլատիմիր Ղազարեանի մասին:
Վլատիմիր Ղազարեանը ծնուել է 1958 թուականին, Ասկերանի շրջանի Աստղաշէն գիւղում: Նախնական կրթութիւնը ստացել է հայրենի գիւղի ութամեայ դպրոցում, ուսումը շարունակել Պատարա գիւղի միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ ընդունուել է Ստեփանակերտի գիւղատնտեսական արհեստից վարժարանում: Բարձրագոյն կրթութիւնը ստացել է Երեւանի գիւղատնտեսական համալսարանի հաշուապահութիւն բաժնում: Աւարտելով ուսումը` վերադարձել է հայրենի գիւղ, ամուսնացել:
Համագիւղացի եւ համադասարանցի, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Ռիտա Մնացականեանն այսպէս է բնորոշում Վլատիմիրին. «Եթէ նրան բնութագրէի երկու բառով, ապա կ՛ասէի` սկզբունքային եւ բազմաշնորհ: 10 տարի սովորել ենք միասին, եւ նրան լաւ գիտեմ: Դեռ մանկուց հիանալի գլուխ էր հանում ելեկտրոնիկայից եւ արհեստագիտութիւնից: Հիանալի դաշնամուր էր նուագում, տիրապետում էր ուսողութեան: Վլատիմիրը կարդացել է գիւղի գրադարանի բոլոր գրքերը,- նշում է նա եւ աւելացնում,- արցախեան շարժման տարիներին ես ականատես եղայ նրա` մի ընդունակութեանը եւս` մարդկանց համախմբելու, կազմակերպելու, իր յետեւից տանելու կարողութեանը»:
Արցախում ստեղծուած առաջին ինքնապաշտպանական, կամաւորական ջոկատներից մէկը եղել է Աստղաշէնի ջոկատը, որը հիմնադրել է Վլատիմիր Ղազարեանը: Սկզբնական շրջանում ջոկատը ստեղծուել է քաղաքացիական պաշտպանութեան պատրուակի տակ եւ կոչուել է «առաջին օգնութեան ջոկատ»: Ինքնապաշտպանական ջոկատին սկզբում անդամագրուել են 12, ամիսներ յետոյ` եւս 13 հոգի:
Աստղաշէնը Արցախի հայաբնակ գիւղերից միակը չէր, ուր հեռաւոր նպատակներով բոյն էին դրել թուրքաբարոյ ազերիները: Այդ պատճառով ջոկատի վրայ դրուած էր ոչ միայն դրսի թշնամուց գիւղը պաշտպանելու պարտաւորութիւնը, այլեւ` գիւղում ազգամիջեան ընդհարման սպառնալիքի կանխումը:
1989 թուականին գիւղը վերջապէս ազատագրուեց թուրքերից, սակայն դա չվրիպեց Արցախում շրջող օմօնականների աչքից, ովքեր «անձնագրային ռեժիմի» պատրուակով 1991 թուականի մայիսի 15-ին խուժեցին նաեւ Աստղաշէն եւ Շուշիի բանտ նետեցին 27 երիտասարդ աստղաշէնցիների: Նրանց թւում էր նաեւ Վլատիմիրը:
«Յիշում եմ` բանտարկութեան 28-րդ օրը, երբ մեր մարմինների վրայ առողջ տեղ չէր մնացել, ամբողջութեամբ պատուած էր կապտուկներով, նրանք արգելում էին մեզ նստել, ինչն անհնար էր մեզ ենթարկած տանջանքներից յետոյ, իսկ նստած տեսնելու դէպքում` եւս մի բաժին ծեծն ապահոված էր, այդ պատճառով խուցի ընկերներով հերթով հերթապահում էինք դրան մօտ: Պատարեցի մի տղայի խնդրեցի, որ իմ տեղ հերթապահի: Այդ օրը առաւօտեան ծեծկռտուքից յետոյ գիտակցութիւնս դեռ չէր վերականգնուել, չէի կարողանում կանգնել: Երիտասարդը փոխարինեց ինձ այդ օրը: Օրուան վերջում, սակայն, ինձ օգնութեան հասած երիտասարդին դաժանաբար ծեծեցին: Մեղքի զգացումը խեղդում էր ինձ… Մինչեւ այսօր, երբ յիշում եմ, սիրտս ճմլւում է…»:
Բանտից ազատուելուց վերադարձել է ծանր վնասուածքներով: Վէրքերը դեռ չսպիացած` անցել է կամաւորական ջոկատ հաւաքելու գործին, սակայն բանտից ազատուելուց յետոյ ջոկատի ստեղծումը շատերի համար խենթութիւն էր: «Շատերը վախենում էին, որ նորից կը բռնուեն,- պատմում է Վլատիմիրը,- երկար աշխատանք է պահանջուել` տղաներին համոզելու, որ անհրաժեշտ է ջոկատի ստեղծումը»:
Պատարայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, այնուհետեւ վաշտի հրամանատար Կարէն Արզումանեանի խօսքով` Վլատիմիրի կատարած գործը մեծ դեր է ունեցել Արցախեան պատերազմում:
«Նա Շարժման առաջին իսկ օրուանից նախաձեռնել է գիւղի կամաւորական ջոկատի ստեղծումը եւ նուիրուած իր գործին` ջանք ու եռանդ չի խնայել գիւղացիներին համախմբելու գործում,- նշում է Կ. Արզումանեանը,- նա պահանջկոտ եւ պատասխանատու էր ջոկատի անդամների նկատմամբ, եւ հրամանատարի այդ յատկանիշների շնորհիւ Աստղաշէնի ջոկատն իրեն ըստ արժանւոյն դրսեւորեց պատերազմում»:
Արցախում կամաւորական եւ ֆիտայական ջոկատների հիմքերի վրայ սկսեց ձեւաւորուել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանական բանակը, որում իր ներդրումն են ունեցել նաեւ Աստղաշէնի ջոկատի ազատամարտիկները:
Աստղաշէնի ջոկատի տղաները, Վլատիմիրի գլխաւորութեամբ, մասնակցել են Խոջալու որջի գրաւմանը, իսկ Ղարակեաւի կրակակէտի ոչնչացման առաջին գործողութեանը մասնակցել են միայն Վլատիմիր Ղազարեանն ու նրա եղբայր Եուրի Անտոնեանը, երկրորդ գործողութեան` Վլատիմիրը, Եուրին եւ Արմէնը, իսկ գրաւմանը պատիւ ունեցաւ մասնակցելու ամբողջ ջոկատը:
1993 թուականից Վլատիմիր Ղազարեանը զբաղեցրել է Ասկերանի շրջանի Պաշտպանութեան պետական կոմիտէի նախագահի պաշտօնը:
Պատերազմն աւարտուելուց յետոյ, 1996 թ. աշխատանքի է անցել միացեալ տնտեսութիւնում` որպէս գլխաւոր հաշուապահ:
Համագիւղացի Ռայա Պետրոսեանը Վլատիմիրի հետ չորս տարի աշխատել է գիւղի ակումբում: Նրա խօսքով, Վլատիմիրը գիւղի ամենահամարձակ եւ աշխատանքը սիրող երիտասարդն էր:
Չնայած նրան, որ Վլատիմիրն ակումբում աշխատում էր որպէս շարժապատկեր ցուցադրող, սակայն ակումբի բոլոր գործերն ինքն էր անում: Նա շատ աշխուժ եւ կազմակերպուած անձնաւորութիւն է», նշել է տիկին Ռայեան:
2003 թուականից` աշխատանքի բերումով Վլատիմիրը հաստատուել է Ստեփանակերտում, եւ հանդիսանում է Արցախի կազալցակայանների գլխաւոր մասնագէտը:
Չնայած նրան, որ ներկայ պահին բնակւում է Ստեփանակերտում, բայց ասում է. «Ես գիւղացի մարդ եմ, եւ գիւղը շատ եմ սիրում: Գիւղատնտեսութեան լաւ մասնագէտ եմ: Իմ գործը հող մշակելն է ու ագարակապանութիւնը: Որքան հնարաւոր է` փորձում եմ զբաղուել սիրած գործովս», ասում է նա:
«Մի առիթով վերջերս տղերքի հետ հաւաքուել էինք. որոշեցինք մերդիպուկ կրակելու հնարքները վերյիշել,- շարունակում է նա,- պարզուեց տարիքի հետ տեսողութիւնս սկսել է դաւաճանել ինձ: Յիշում եմ` վերցրի զէնքը եւ փորձեցի կրակել: Սակայն նայելով թիրախին` չէի տեսնում նշանահատիկը, եւ հակառակը` նշանահատիկին նայելով` կորցնում էի թիրախը: Մի միտք կրծեց ուղեղս` միթէ՞ ես այլեւս չեմ կարողանալու պաշտպանել իմ հայրենիքը: Չկարողացայ զսպել ինձ, յուզուեցի…»:
Վլատիմիրը տուն վերադառնալով` պատուիրեց յատուկ` «երկու յարկանի ակնոցներէ, ներքեւինը` 3, վերեւինը` 5 համարի, որի միջոցով տեսնում էր ե՛ւ նշանահատիկը, ե՛ւ թիրախը:
«Երեխաներս կատակով այդ ակնոցները պատերազմի ակնոց են անուանում: Այդ ակնոցն է, որ պէտք եղած դէպքում` նորից հնարաւորութիւն կը տայ ինձ պայքարելու եւ շարունակելու սկսած գործս… Ես չեմ կարող անտարբեր նստել: Մեր հարցը դեռ լուծուած չէ: Ժողովուրդը չի ուզում պատերազմել, բայց առանց պատերազմի խնդիրը չի կարգաւորուի,- ասում է Վլատիմիրը,- ես վստահ եմ, որ այսօրուան սերունդը կ՛անի աւելին, քան մենք ենք արել, սակայն գալիք յաղթանակը իրականութիւն կը դառնայ միայն միասնական պայքարի արդիւնքում: Երիտասարդներին պէտք է գալու ծերուկ հրամանատարների փորձն ու խորհուրդները: Պատերազմն իր օրէնքներն է թելադրում: Եթէ քարով ու մահակով, ունեցած սակաւաթիւ զէնքով կռուել եւ հասել ենք ազատագրուած Արցախին, ապա այս ժամանակների զինատեսակներով, այս մակարդակի առաջընթացով հասած ու հասած ենք»:
«Ապառաժ»