ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Այս անգամ Ազրպէյճան անհանգստութեան պատճառն ամենեւին էլ արցախեան զինուած ուժերի հնարաւոր յարձակումը կամ հակայարձակումը չէ հակամարտ զօրքերի շփման գծում:
Իրօք, դա այն անհանգստութիւնը չէ, որ Պաքուն ապրում էր 1993-ի ամրանը, երբ Արցախի պաշտպանութեան բանակի զօրամասերը, ազատագրելով հայրենի երկրամասի` մէկ տարի առաջ հակառակորդի կողմից զաւթուած տարածքները եւ շարունակելով հակայարձակումը, սրընթաց խորանում էին թշնամու թիկունքը` խուճապի մատնելով ինչպէս ազրպէյճանական զօրքերին, նոյնպէս եւ ողջ ազրպէյճանական հանրութեանը: Այդ օրերին անձամբ լսել եւ յիշում եմ ազրպէյճանական ռատիոյի լուրերի «Սահար», թարգմանաբար` «Առաւօտ» ծրագրի ժամը 7:00-ի թողարկմանը տղամարդ հաղորդավարի մուտքի խօսքը: «Սիրելի՛ հայրենակիցներ,- ասում էր նա,- խնդրում եմ` հանգիստ մնացէք ձեր տներում` հայկական հրասայլերը դեռ Գըզ գալասի չեն հասել»: Գըզ գալասին, նախկին պաքուեցիները հաստատ յիշում են, Ազրպէյճանի մայրաքաղաքում` Կասպից ծովափնեայ Կոյսի աշտարակ կոչուող հին բերդային կառոյցն է: Ասել է, թէ` ազրպէյճանցի հաղորդավարը խուճապահար հայրենակիցներին նախազգուշացնում էր, թէ հայկական զօրքերը դեռեւս Պաքու չեն մտնել, երեւի թէ չգիտակցելով, որ այդպիսով իսկ աւելի է խորացնում համընդհանուր վախն ու սարսափը, հասկացնելով, թէ չի բացառւում նաեւ, որ արցախեան զօրքերը մայրաքաղաք մտնեն:
Դա նաեւ այն անհանգստութիւնը չէ, որ Ազրպէյճանի իշխանութիւններին եւ, մանաւանդ, այդ արհեստածին երկրի լայն հանրութեանը համակել էր անցեալ տարուայ ապրիլեան կարճատեւ պատերազմի արդէն իսկ երկրորդ օրը: Ինչպէս յիշում էք, հերոսաբար դիմակայելով «պլից-քրիկի» սկզբունքով անսպասելի յարձակման անցած ազրպէյճանական զօրքերի ճնշումը, Արցախի Պաշտպանութեան բանակի զօրամասերն արագօրէն վերադասաւորեցին ուժերը եւ անցան հակագրոհի: Արդիւնքում` հակառակորդի անհամեմատ գերակշիռ, սպառազէն ուժերը, զգալի կորուստներ կրելով, ետ շպրտուեցին մէկ օր առաջ գրաւած դիրքերի զգալի մասից: Մարտական գործողութիւնների յարակից շրջաններից դէպի Ազրպէյճանի խորքերը, ընդհուպ մինչեւ Պաքու ձգուող ճանապարհները, խճողուել, պատկերաւոր ասած, խեղդւում էին խուճապահար ամբոխի յորձանքից, ինչպէս նաեւ` մանր եւ խոշոր եղջերաւոր անասունների հոտերից ու նախիրներից: Ազրպէյճանական որոշ լրատուամիջոցներ, առանձնապէս` եւրոպական երկրներում գործող ընդդիմադիր ելեկտրոնային եւ տեսաձայնային աղբիւրները, հետագայում անդրադառնալով այդ օրերին Ազրպէյճանում տիրող խառնաշփոթ իրավիճակին, հաղորդում էին, որ հանրապետութեան մայրաքաղաքը մէկ-երկու օրուայ ընթացքում վերածուել էր անասունների հսկայական փարախի: Ի միջի այլոց նշեմ` տասնամեակների դիտարկումները ցոյց են տալիս, որ պատերազմի տարիներին անասունների առաջնահերթ տարհանումը միշտ էլ հրատապ խնդիր էր մարտական գործողութիւնների վայրերը լքող ազրպէյճանական բնակչութեան համար: Այդպէս էր Խոջալուի (ներկայիս` Իւանեան) պարագայում, երբ Արցախի ինքնապաշտպանութեան ջոկատների օղակում յայտնուած այդ բնակավայրից ուղղաթիռներով, այսպէս ասած, «մեծ երկիր» էին տեղափոխում նախ եւ առաջ բնակիչների անասունները` դրանց տէրերին թողնելով բախտի քմահաճոյքին: Նոյնը կատարւում էր Լաչինի (Քաշաթաղի), Քելբաջարի (Շահումեանի), Աղդամի (Ակնայի), միւս չորս` մերձարաքսեայ շրջանների ազատագրման-յանձնման ժամանակ: Ըստ երեւոյթին, անելանելի վիճակում անգամ` ազրպէյճանական զանգուածը, հաւատարիմ մնալով խաշնարած նախնեաց հոգեբանութեանը, կճղակաւորների անվտանգութիւնը մշտապէս գերադասում է սեփական կեանքի ապահովութեանը:
Պահը, իրօք, Ազրպէյճանի համար անկանխատեսելի հետեւանքներով էր յագեցած, սանձազերծած պատերազմի համար նրա հատուցումը դարձել էր անխուսափելի եւ, հաշուի առնելով արցախեան ուժերի խորքային առաջխաղացման հաւանականութիւնը, Պաքուն ստիպուած էր խնդրանք-աղերսանքով դիմել Մոսկուայի միջամտութեանը: Եւ Քրեմլինը, որ, հաւատարիմ «Բաժանի՛ր, որ տիրես» իր հին աւանդական սկզբունքին, «տոպրօ` բարի» էր ասել Պաքուի նոր յարձակման, ըստ երեւոյթին` նրան իր տրամադրած գերարդիական սպառազինութիւնը եւս մէկ անգամ իրական մարտական պայմաններում փորձարկելու նպատակով, այսպէս ասած` «տիրաբար յորդորեց» Երեւանին, իսկ վերջինիս միջոցով նաեւ Ստեփանակերտին` դադարեցնել հակագրոհը: Քրեմլինի յորդոր-հրահանգի շնորհիւ այն ժամանակ, իրօք, դադարեցուէին լայնածաւալ մարտական գործողութիւնները, եւ ապրիլի 5-ին, ժամը 12-ին հաղորդուեց, որ շտապ կերպով Մոսկուա հրաւիրուած Հայաստանի եւ Ազրպէյճանի զինուած ուժերի գլխաւոր սպայակոյտի պետերը զինադադար են կնքել:
Արդիւնքում` Քրեմլինը հաւաստեց, որ, նախ, զանգուածային ոչնչացման իր նոր զինատեսակները, իրօք, արդիւնաւէտ են գործում, եւ դրանք կարելի է վստահաբար շրջանառել աշխարհում` երաշխաւորելով այլ մեծահարուստ պատուիրատուների: Ապա հակամարտ կողմերին եւս մէկ անգամ մատնանշեց, որ, անկախ վերջին քառորդ դարում տեղի ունեցած աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներից եւ փոփոխութիւններից, ինքն է հարաւկովկասեան տարածաշրջանի անվտանգութեան միակ երաշխաւորն ու անփոփոխ տէրը:
Ինչ վերաբերում է հակամարտ կողմերին, ապա ապրիլեան զինադադարից նրանց, այսպէս կոչուած, շահումները տարբեր են: Երեւանը, նախ, դարձեալ համոզուեց, որ արտակարգ իրավիճակներում հայոց համազգային համախմբումը շատ աւելի զօրեղ զէնք է, քան` հակառակորդի անգամ գերարդիական զինանոցը, եւ ապա Պաքուին յստակ եւ անբեկանելի հասկացրեց, որ հանգիստ մնայ տեղում, կամ, ինչպէս արցախցիներս ենք պատկերաւոր ասում` «տեղը տիտիկ անի», այլապէս, եթէ եւս մէկ անգամ զէնքով ելնի Արցախի դէմ, ապա անմոռաց դաս կը ստանայ:
Իր հերթին` Պաքուն, նախ, խուսափեց նոր, անհամեմատ խորքային տարածքներ կորցնելու վերահաս վտանգից, եւ ապա սեփական հանրութեանն ազդարարեց իր «ապրիլեան յաղթանակի» մասին` որպէս «ապացոյց» մատնացոյց անելով զինադադարի հապշտապ հաստատման շնորհիւ իր զօրքերի վերահսկողութեան տակ մնացած արցախեան մի քանի պաշտպանական դիրքերը: Ի դէպ, նոյնիսկ այս օրերին` ապրիլեան պատերազմից յետոյ անցած գրեթէ մէկուկէս տարի անց, Ազրպէյճանի նախագահը եւ նրա ենթակայ իշխանաւորները, էական չէ` քաղաքացիական, թէ զինուորական, որեւէ աննշան առիթ անգամ չեն կորցնում ծնծղաներ հնչեցնելու ի փառս այդ «յաղթանակի»:
Բայց վերադառնանք այս օրերին: Պարզւում է, որ այս անգամ Ազրպէյճանում տագնապի տեղիք է տալիս Միացեալ Նահանգների ծերակոյտի քննարկմանը ներկայացուած եւ ամենայն հաւանականութեամբ ընդունման ենթակայ օրէնքի նախագիծը, համաձայն որի, նախատեսւում է պատժամիջոցներ սահմանել ռուսաստանեան զէնքի առքուվաճառքի նկատմամբ: Առաջին հայեացքից հնարաւոր է տարօրինակ թուայ Պաքուին համակած այդ ոչ այնքան հաճելի զգացողութիւնը: Ի վերջոյ, նոր պատժամիջոցները կարող են անհանգստութիւն պատճառել հէնց օրինագծի թիրախին` Ռուսաստանին, նոր զինատեսակների արտադրութեամբ ու վաճառքով զբաղուող այդ երկրի ձեռնարկութիւններին եւ առեւտրական ընկերութիւններին: Բայց ստացւում է, որ այդ անցանկալի հեռանկարից Մոսկուան այնքան չէ յուզուած, որքան` Պաքուն: Թէ ինչո՛ւ` կարելի է ճշդել Պաքուի իշխանութիւնների խոսափող haqqin.az ելեկտրոնային կայքի հոկտեմբերի 29-ի հրապարակումից:
Ահա թէ կայքի աշխատակցի հարցազրոյցում ինչ է յայտնել Մոսկովեան «Էքսփորք Վոորուժենիէ», (թարգմանաբար` «Սպառազինութեան արտահանում») հանդէսի գլխաւոր խմբագիր, Ռազմավարութեան եւ արհեստագիտութեան վերլուծութեան կեդրոնի փորձագէտ Անտրէյ Ֆրոլովը: Միացեալ Նահանգների նոր պատժամիջոցները, ասել է նա, խոչընդոտելու են Ազրպէյճանին զէնքի հնարաւոր մատակարարումների հարցում, քանի որ լայն հնարաւորութիւն են տալիս պատժելու բոլոր նրանց, ովքեր առեւտուր են անում այդ ընկերութիւնների հետ: Հրապարակման մէջ, ի հաստատումն ասուածի, յղում է կատարւում մոսկովեան «Նովոսթի» («Նորութիւններ») լրատուական գործակալութեան հաղորդագրութեանն առ այն, որ հակառուսաստանեան նոր պատժամիջոցները կարող են վերաբերուել Մոսկուայի կողմից երրորդ երկրներին բարձր արհեստագիտութեան զինատեսակների վաճառքին, ինչի մասին լրագրողներին յայտարարել է Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան մի բարձրաստիճան պաշտօնեայ:
Այլ կերպ ասած` ընդունուելու պարագայում, օրինագիծը տարածուելու է աշխարհի առանց բացառութեան բոլոր երկրների, այդ թւում` Ազրպէյճանի վրայ: Նշւում է, որ այն սահմանւում է Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական գերատեսչութիւնների, ինչպէս նաեւ դրանց մաս կազմող եւ կամ այդ գերատեսչութիւնների օգտին աշխատող ընկերութիւնների նկատմամբ: Համաձայն արտաքին գործերի նախարարութեան հրապարակած ցանկի, ի շարս մի շարք գերատեսչութիւնների, այնտեղ ներառուած է Ռուսաստանի պաշտպանական-արդիւնաբերական համալիրի 33 կառոյց, որոնց հետ Ազրպէյճանի պաշտպանութեան եւ ռազմական արդիւնաբերութեան նախարարութիւններն ահա տարիներ ի վեր փոխգործակցում են` ինչպէս բանակի սպառազինման, նոյնպէս եւ սեփական զինարտադրութեան կազմակերպման ասպարէզներում: Ռուսաստանցի փորձագէտի հաղորդմամբ. «Իրավիճակն անհամեմատ լուրջ է ու, քանի գնում, ըստ երեւոյթին, աւելի կը վատթարանայ, ընդ որում, դա կարող է երկար տեւել»: Այլ կերպ ասած` Միացեալ Նահանգների դեռեւս քննարկման փուլում գտնուող, բայց, կրկնում եմ, ամենայն հաւանականութեամբ, ընդունման ենթակայ նոր օրէնքն ի զօրու է փակելու Մոսկուայից Պաքու ձգուող այն խողովակը, որն ահա տարիներ շարունակ աշխուժ գործում է Ռուսաստանի փոխվարչապետ, Ռազմարհեստագիտական յանձնաժողովի ղեկավար Տմիթրի Ռոկոզինի եւ Ազրպէյճանի առաջին փոխվարչապետ, կառավարութիւնում ռազմաարդիւնաբերական ոլորտի հարցերի համակարգող Եաղուպ Էյուպովի եռանդուն եւ, անշուշտ, ոչ առանց անձնապէս շահադիտական ջանքերով:
Վերյիշենք Ռոկոզինի յայտարարութիւնը, որ նա արել է «Էխօ Մոսկվի» («Մոսկուայի արձագանգը») ռատիոկայանին տուած հարցազրոյցում, դեռեւս անցեալ տարուայ ապրիլի 12-ին` պատերազմի դադարից օրեր յետոյ. «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակներում, Ազրպէյճանը, ճիշդ է դաշնակից չէ, բայց ռազմավարական գործընկեր է` վճարունակ գործընկեր: Նրանք վճարում են զէնքի համար: Ռուսաստանը նրանց զէնք է վաճառում, իսկ եթէ չվաճառի, կը վաճառեն ուրիշները»: Ի յաւելումն ասուածի` Ռոկոզինը մեծապետական քամահրանքով տարակուսանք է յայտնել. «Ինչո՞ւ է զէնքի վաճառքը հակամարտող կողմերին դժգոհութեան տեղիք տուել` դա ամբոխավարութիւն է, լալկան նվնուոց»: Իր հերթին, Ազրպէյճանի փոխվարչապետը, հանդէս գալով Ռուսաստանի եւ Ազրպէյճանի միջեւ տնտեսական համագործակցութեան հարցերով միջկառավարական յանձնաժողովի` նոյն տարուայ դեկտեմբերի 16-ի նիստում, յայտարարել է, թէ երկու երկրների յարաբերութիւնները հասել են ռազմավարական գործընկերութեան մակարդակի, Ռուսաստանը ոչ միայն տնտեսական գործընկեր է, այլեւ տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւորը: Ազրպէյճանցի բարձրաստիճան պաշտօնեան, ի հարկէ, չբարձրաձայնեց, բայց, դժուար չէ կռահել` «տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւորը» արտայայտութեամբ նիստի մասնակիցներին հասկացրել է, որ իրականում Ռուսաստանն է տարածաշրջանի տէրն ու տնօրէնը, այսինքն, ում հետ կ՛ուզենայ, անվճար բարեկամութիւն կը խաղայ, ում հետ` իրական բարեկամութիւն կ՛անի, ինչո՞ւ չէ, թէկուզ` վճարովի հիմունքներով: Արդեօք, նոյն այդ «վճարովի հիմունքներով իրական բարեկամութեան» արտայայտութի՞ւն չէ, որ Եաղուպ Էյուպովը, ապրիլեան պատերազմից ուղիղ երեք շաբաթ առաջ` մարտի 10-ին, Մոսկուայի Քրեմլինում, նախագահ Վլատիմիր Փութինի ձեռամբ ստացել է Բարեկամութեան շքանշան` Ռուսաստանի եւ Ազրպէյճանի միջեւ բարեկամութեան ու համագործակցութեան ամրապնդման, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման գործում ներդրած մեծ աւանդի համար: Արդեօք հնարաւո՞ր է, որ հէնց այդ շրջանում է հնչել մոսկովեան վճռորոշ «տոպրօ»-ն` «բարի»-ն, որ Ազրպէյճանին օդ ու ջրի պէս պէտք էր Արցախի դէմ լայնածաւալ յարձակում սանձազերծելու եւ հէնց այդ կերպ ետ գրաւելու Արցախին յարակից` տակաւին 90-ականների սկզբի պատերազմում իր տանուլ տուած շրջանների տարածքները, ինչո՞ւ չէ` նաեւ ամբողջ Արցախը:
Ինչեւէ: Դա թող քաղաքական վերլուծաբանիս սոսկ ենթադրութիւն թուայ, եւ համարենք, թէ չի համապատասխանում կամ թէ քիչ է համապատասխանում իրականութեանը: Գուցէ թէ: Բայց այդպէս են եթէ ոչ պնդում, ապա ենթադրում Հայաստանում եւ Արցախում, նաեւ այլ երկրների քաղաքական վերլուծաբաններից շատերը, նրանք, ովքեր տիրապետում են ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան ողջ ընթացքի, ինչպէս նաեւ կարգաւորման բանակցային գործընթացի վերաբերեալ բաց, հասանելի տեղեկատուութեանը: Ի վերջոյ, ինչպէս ասում են, մախաթը պարկում չես թաքցնի:
Ամերիկեան ծերակոյտի օրէնքը, ինչ խօսք, կարող է անդրադառնալ նաեւ Հայաստանի վրայ, որը նոյնպէս պարբերաբար սպառազինութիւն է ստանում Ռուսաստանից: Ի հարկէ` ոչ այն քանակութեամբ, ինչպէս Ազրպէյճանի պարագայում է, այսինքն` անհամեմատ շատ քիչ, բայց, այնուամենայնիւ, ստանում է: Առաւել եւս, որ Հայաստանն այդ զէնքն արտօնեալ պայմաններով, այսինքն համեմատաբար էժան գներով է ձեռք բերում, քան` Ազրպէյճանը: Քանզի ի տարբերութեան Ազրպէյճանի, Հայաստանը, որպէս Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան անդամ, օժտուած է այդ արտօնութեամբ: Բայց ամերիկեան պատժամիջոցները նախատեսուած է տարածել աշխարհի անխտիր բոլոր երկրների վրայ, ուստի հազիւ թէ դրանցից խոյս տալու հնարաւորութիւն ունենան ՀԱՊԿ անդամ դաշնակից երկրները, այդ թւում` Հայաստանը:
Սակայն զինապաշարի այդ քիչ քանակութեամբ մատակարարումն անգամ, ինչպէս յայտնի է, խոր զայրոյթ է պատճառում Ազրպէյճանին: Յատկանշական է, որ ՕԹԱՆ-ի վերջին նստաշրջանում ազրպէյճանական պատուիրակութիւնն այդ կապակցութեամբ հերթական անգամ մեծ աղմուկ էր բարձրացրել` Մոսկուային մեղադրելով, թէ «նա զինում է զաւթիչին»: Այս անգամ բողոքի առիթ էր, ինչպէս կռահում էք, Ռուսաստանի կողմից Հայաստանին վերջերս տրամադրուած 100 միլիոն ամերիկեան տոլարի վարկը` նոյն Ռուսաստանից ժամանակակից սպառազինութիւն եւ ռազմական սարքեր ձեռք բերելու համար: Ահաւասիկ, այսպէս ասած, «մեղադրանքների» մի փունջ, որ այդ առիթով հնչեցնում են ազրպէյճանցի փորձագէտներն ու վերլուծաբանները. «Ժամանակակից զինատեսակներ մատակարարելով Հայաստանին, Ռուսաստանը նպաստում է յարձակապաշտ եւ զաւթիչ երկրի ռազմական ներուժի ամրապնդմանը», «Ռուսաստանը պէտք է աւելի ուշադիր վերաբերուի Հայաստանին սպառազինութիւն մատակարարելու հարցին, քանզի նման քայլը կարող է տարածաշրջանում իրավիճակի լուրջ սրման յանգեցնել», «Ռուսաստանի գործողութիւնները խախտում են չէզոքութեան սկզբունքը, որը նա պարտաւոր է պահպանել իբրեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ»: Եւ այսպէս` շարունակ: Ընդհուպ մինչեւ, ի հեճուկս Ռուսաստանի եւ Հայաստանի, սպառազինութեան ձեռքբերման այլընտրանքային աղբիւրի` Միացեալ Նահանգներին դիմելու սպառնալիք, երեւի թէ մոռանալով, որ Վաշինգտօնն արդէն քանիցս հրաժարուել է զէնք վաճառել Ազրպէյճանին եւ, առհասարակ, հակամարտ կողմերին:
Բացի ամերիկեան պատժամիջոցներից, արդեօք, կա՞յ այլընտրանքային միջոց` օրինական, թէ զարտուղի ճանապարհներով սպառազինուելու Պաքուի հիւանդագին ախորժակը փակելու համար: Պարզւում է, որ, այո՛, կայ այդպիսին: Այդ միջոցը դեռեւս ապրիլեան պատերազմի աւարտից մէկ ամիս անց` անցեալ տարուայ մայիսին, առաջարկել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարեանը: Նրա տեսակէտով, իմաստ ունի վերադառնալ հակամարտութեան բոլոր կողմերին զէնքի մատակարարումների նկատմամբ արգելանք մտցնելու գաղափարին: Փոխարտաքին գործերի նախարարի խօսքով. «Ռուսաստանն ասում է, որ եթէ ինքը զէնք չվաճառի, ապա դա կարող է մէկ ուրիշն անի: Ես կողմնակից եմ, որպէսզի լրիւ արգելանք մտցուի տարածաշրջանում հակամարտութեան բոլոր կողմերին զէնքի վաճառքի նկատմամբ: ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրները (Միացեալ Նահանգներ, Ֆրանսա, Ռուսաստան) կարող են դրան հասնել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, եւ դա ճիշդ կը լինի»:
Կարծում եմ, միանգամայն իրագործելի է բարձրաստիճան հայ դիւանագէտի, ըստ իս, ողջամիտ, իրատեսական առաջարկութիւնը, եւ վաղ թէ ուշ ՄԱԿ-ը պէտք է որ դիմի նման արմատական քայլի, մանաւանդ դա բխում է աշխարհում խաղաղութեան ու կայունութեան պահպանման նրա իսկ կանոնադրական նպատակներից ու խնդիրներից: Այդպիսով, անշուշտ, ոչ միայն որոշակի կը զսպուեն Ազրպէյճանի շարունակաբար սպառազինուելու մոլեռանդ ջանքերը, ոչ միայն կը բացառուեն հակամարտութեան գօտում լարուածութեան սրացմանն ուղղուած նրա շարունակական սադրանքները, այլեւ այդ ամէնի բացառման պարագայում, Պաքուն պարտադրուած կը լինի վերջապէս հանգիստ պահուածքով, առանց անիմաստ «վերուերիների» նստել բանակցային սեղանի շուրջ, ինչպէս սահմանուած, ընդունուած է մնացեալ քաղաքակիրթ աշխարհում:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար