Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17231

Թուրք Հակահայ Գործիչ. «ՀՀ Սփիւռքի Նախարարութիւնն Ու Հայկական Լոպիստական Կազմակերպութիւններն Ընկած Են Համշէնցիների Յետեւից»

$
0
0

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

«Հայկական անհիմն պնդումների դէմ պայքարի»` ASIMDER-ի նախագահ Կէօքսել Կիւլպէյը, որը վերջերս սկսել է յաճախ թիրախաւորուած ելոյթներ ունենալ Թուրքիայի իսլամացուած եւ ծպտեալ հայութեան մասին, գրեթէ մէկ ամիս առաջ անդրադարձել է նաեւ համշէնահայութեան խնդրին: Ինչպէս հաղորդում է «Ակունք»-ը, թուրքական «Տողան» լրատուական գործակալութեան եւ «Հիւրրիյէթ» օրաթերթի յայտնելով, Կէօքսել Կիւլպէյը յայտարարել է, որ Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը եւ հայկական լոպիստական կազմակերպութիւնների կողմից հովանաւորուող որոշ կառոյցներ ու գիտնականներ, Թուրքիայի սեւծովեան շրջանում ապրող համշէնցիներին օգտագործելով ու պնդելով, որ այս տարածքում կիրառուող համշէներէնը հայերէնի մի բարբառն է, հանդէս են գալու նախ` մայրենի լեզուով կրթութեան, ապա` հողային պահանջով:

ASIMDER-ի նախագահը նաեւ ենթադրել է, թէ հայկական լոպիստական կազմակերպութիւնները, որոնց կեդրոնը գտնւում է Եւրոպայում, Թուրքիայի սեւծովեան շրջանի համշէնցիներին հարկադրելու են «համշէնական սփիւռք» ստեղծել իրենց եւրոպաբնակ ազգականներից, ու նաեւ` ասել. «Հայկական լոպին ձգտում է եւրոպաբնակ համշէնցիներից «համշէնական սփիւռք» ձեւաւորել, որը կը պաշտպանի նրանց վերադարձն այդ հողեր, կարծես թէ նրանց բռնի կերպով են այդտեղից աքսորել: Այդ փորձերի հետ մէկտեղ, սոյն տարածքում գործունէութեան դաշտ որոնող Հայաստանի սփիւռքի նախարարութիւնն իր աջակցութեամբ գործող որոշ կազմակերպութիւնների միջոցով ընկած է կողմնակիցներ հաւաքելու յետեւից, ովքեր Ռիզէի եւ Արդուինի նահանգներում քննարկումներ եւ խորհրդաժողովներ կը կազմակերպեն` համշէնցիների հայ լինելու եւ համշէներէնի` իրականում հայերէն լինելու թեմաներով: Որոշ ուսումնասիրողներ կան, ովքեր գիտնականի անուան տակ զանազան աշխատանքներ են տանում սեւծովեան շրջանում: Այդ ուսումնասիրողներից է իրեն «համշէնահայ» համարող Արդուին նահանգի Խոփա գաւառում ծնուած Հուրիյէ Շահինը, ով ասելով, թէ` «ժողովուրդների լեզուներն եմ ուսումնասիրում», հետազօտութիւն է կատարում տուեալ շրջանի համշէնցիների վերաբերեալ եւ նոր հրատարակած իր գրքից բացի` տպագրում է նաեւ «Համշէցու գոր» ամսագիրը, որը նաեւ տարածում է Հեմշէնում եւ Խոփայում: Նմանատիպ աշխատանքների եւ տարածուող հանդէսների միջոցով նպատակ ունեն մայրենի լեզուի հարցին անդրադառնալով` նոր գիտակցութիւն ձեւաւորել: Շուտով հայկական լոպիստական կազմակերպութիւնների հետ համագործակցող որոշ քաղաքացիական հասարակական կազմակերպութիւններ համշէնցիների անունից հանդէս կը գան պաշտօնական դիմումով` առ այն, որ համշէնցիների բնակավայրերում երեխաների յաճախած դպրոցներում թոյլ տրուի համշէներէնի ուսուցումը, ճիշդ այնպէս, ինչպէս` քրտերէնի դէպքում»:

Կիւլպէյը պնդելով, որ ձգտում կայ Եւրոպայում, Թուրքիայում, Վրաստանում, Ռուսաստանում ու Հայաստանում ապրող համշէնցիներից սփիւռք ձեւաւորել, նաեւ յաւելել է. «Հայաստանում ապրող համշէնցիներից սփիւռք կազմաւորելու առաջին փորձը եղել է «Ձայն համշէնական» ամսաթերթի հրատարակումը: ASIMDER կազմակերպութիւնը, սոյն հարցին հետեւելով, նկատել է, որ Վրաստանի Պաթում քաղաքում եւս առկայ են իսլամացուած համշէնցիների 5 գիւղեր, որոնց բնակչութիւնը Ստալինի ժամանակաշրջանում աքսորուել է Ղազախստան եւ Խըրխըզիստան, իսկ հետագայում` վերադարձել Աբխազիա եւ Վրաստան: Բացի այդ, համշէնցիներ կան նաեւ Միացեալ Նահանգներում եւ Եւրոպայում, ովքեր արդէն փորձում են կազմակերպուել: Մինչեւ 2015 թ. նրանք չէին կարողանում կապեր հաստատել Թուրքիայի համշէնցիների հետ: Շուտով Թուրքիայի սեւծովեան շրջանում Հայաստանի սփիւռքի նախարարութեան եւ Միացեալ Նահանգների ու Եւրոպայի հայկական լոպիստական կազմակերպութիւնների աջակցութեամբ մի ներկայացուցչական «Համշէնցիների խորհրդաժողով» է կազմակերպուելու, որին մասնակիցներ են հրաւիրուելու աշխարհում ապրող բոլոր համշէնցիներից: Այդ համաժողովում մայրենի լեզուով կրթութիւն պահանջելու վերաբերեալ որոշում է կայացուելու, եւ այդկերպ առաջին հիմքն է դրուելու` համշէնական սփիւռքի ձեւաւորման ուղղութեամբ: Մենք, որպէս ASIMDER կազմակերպութեան գլխաւոր կենտրոն, կոչ ենք անում Թուրքիայի Հանրապետութեան ներքին գործերի եւ արտաքին գործերի նախարարութիւններին` միջոցներ ձեռնարկել դրա դէմ»:

ASIMDER-ի անգրագէտ նախագահի այս յայտարարութեան մէջ բնականաբար կան բազմաթիւ սխալներ, որոնցից մէկն այն է, որ Ստալինի հրամանով Ղազախստան եւ Խըրխըզիստան աքսորուած համշէնահայերը հետագայում վերադարձել են Աբխազիա եւ Վրաստան: Իրականում 1944 թ. Ստալինի հրամանով Միջին Ասիա աքսորուած հեմշիլների միայն մի մասն է վերադարձել, այն էլ` ոչ թէ Աբխազիա, այլ` Քրասնոտարի երկրամաս եւ Ռուսաստանի այլ շրջաններ, իսկ Աբխազիայի համշէնական համայնքը ձեւաւորուել է դեռեւս 19-րդ դարից սկսած ու, յատկապէս, Հայոց ցեղասպանութեան տարիներին եւ դրանից անմիջապէս յետոյ, երբ դեռ քրիստոնեայ մնացած համշէնահայերը օսմանեան ծանր լծից, իսլամացումից եւ ստոյգ մահից փրկուելու նպատակով գաղթեցին այդ տարածքներ: Սակայն այստեղ կարեւոր է ոչ թէ հակահայ թուրք գործչի բոլոր սխալների մատնանշումը, այլ` այն փաստը, որ Կէօքսել Կիւլպէյը, անշուշտ` յատուկ ստացուած պատուէրով, փորձում է թիրախաւորել Թուրքիայի համշէնահայերին, այն էլ` արտակարգ դրութեան մէջ գտնուող Թուրքիայի…

ASIMDER-ի նախագահին յիշեցնենք, որ մայրենի լեզուով կրթութեան իրաւունքը մարդու բնական իրաւունքներից է, որն ամրագրուած է Լեզուի մասին շրջանակային հռչակագրում, յատկապէս, որ ներկայում հայոց լեզուի` Համշէնի բարբառը հետզհետէ անհետանում է: UNESCO-ի հրապարակած «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասը» մատնանշել է, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է, եւ համշէնահայերէնը տեղ է գտել «բացայայտ վտանգի տակ գտնուող» լեզուների դասի տակ: Համշէնահայերի նոր սերունդը, ցաւօք, արդէն գրեթէ չի կարողանում հաղորդակցուել հայոց լեզուի` Համշէնի բարբառով: Դրա պատճառները մի քանիսն են. քաղաքայնացումը, համաշխարհայնացումը, ինչպէս նաեւ` զուտ ենթակայական գործօնը, երբ Թուրքիայի շատ համշէնահայ ծնողներ միտումնաւոր կերպով իրենց զաւակների հետ չեն խօսում համշէնահայերէն, որպէսզի նրանք կարողանան «աւելի լաւ իւրացնել պաշտօնական լեզու թուրքերէնը եւ այդպիսով լաւ աշխատանք գտնելու հնարաւորութիւն ունենան»:

«Ակունք»


Viewing all articles
Browse latest Browse all 17231

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>