Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17097

Պարտադրուած Հարեւանութիւն. Հայաստան-Վրաստան Յարաբերութիւնները 2015-ին

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul Hagopian11Վրաստանը Հայաստանի համար կարեւորագոյն հարեւանն է ու գործընկերը: Թէեւ Հայաստանը անդամակցել է Եւրասիական տնտեսական միութեանը (ԵՏՄ), իսկ Վրաստանը շարունակում է Եւրոպական Միութեան ու ՕԹԱՆ-ի հետ յարաբերութիւնների խորացումը, Երեւան-Թիֆլիս համագործակցութիւնը հաւասարապէս կարեւոր է երկու հարեւանների համար:

Այդ կարեւորութիւնը առանձնապէս զգում է Հայաստանը, քանի որ Վրաստանի տարածքով` Պաթում եւ Փոթի նաւահանգիստներով ու վրացական երկաթուղով եւ վրաց-ռուսական սահմանային Ստեփանծմինտա-Վերին Լարս ճանապարհով է իրականացւում Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառութեան շուրջ 70 տոկոսը: Իր հերթին, Վրաստանը ձգտում է Հայաստանի տարածքով խորացնել յարաբերութիւնները Իրանի հետ: Խօսք է գնում Հայաստանի տարածքով իրանական կազ գնելու մասին:

Մտահոգութիւններ կային, որ Հայաստանի անդամակցութիւնը ԵՏՄ-ին կը խոչընդոտի ինչպէս հայ-վրացական, այնպէս էլ` հայ-իրանական երկկողմ առեւտրին: Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառութիւնը 2015-ի առաջին 11 ամիսներին կազմեց 165 միլիոն տոլար, որից արտահանումը դէպի Վրաստան 104 միլիոն տոլար, ներմուծումը` 61 միլիոն: Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառութիւնը 2014-ին կազմել էր 156 միլիոն տոլար:

Վերջին տարիներին նկատւում է հայկական ներդրումների հոսք դէպի Վրաստան: 2015 թուականի յունուարի դրութեամբ Վրաստանի աւելի քան 500 ձեռնարկութիւններում կայ հայկական դրամագլուխ: Հայաստանի ներդրումների ծաւալը Վրաստանում վերջին տարիներին տարեկան կազմել է աւելի քան 10 միլիոն տոլար: Գուցէ սա մեծ ծաւալ չէ, սակայն ինքնին փաստը, որ հայկական պիզնեսը փնտռում է աւելի բարենպաստ պայմաններ, յատկանշական է:

Անկախութիւնից ի վեր Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները երբեք համահունչ չեն եղել, աւելի՛ն, առանցքային մի շարք հարցերում հակասել են միմեանց, սակայն երկու մայրաքաղաքներում էլ յաղթանակել է այն գիտակցութիւնն ու համոզումը, որ տարածաշրջանի փխրուն խաղաղութեան ու ժամանակ առ ժամանակ սասանուող կայունութեան համար Երեւան-Թիֆլիս համագործակցութիւնը էական է ու պարտադիր:

Եւ իրօք, հայ-վրացական յարաբերութիւնները վերջին 25 տարիներին դիմացան տարածաշրջանային վայր ի վերումներին: Սակայն, երբ կողմերից մէկը զգայուն հարցերում կորցնում է սթափութիւնը, դա անմիջապէս բերում Երեւան- Թիֆլիս դիւանագիտական առճակատման:

2015-ին գրեթէ գայթակղութեան վերածուած հակասութեան կենտրոնում Հայաստանի Ազգային ժողովի նախագահն էր: Վրաստանից անջատուած Հարաւային Օսեթիայի խորհրդարանի նախագահ  Անաթոլի Պիպիլովը ժամանել էր Լեռնային Ղարաբաղ` մայիսի 3-ին այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրութիւնների առիթով: Տունդարձի ճանապարհին նրան Երեւանում ընդունեց Գալուստ Սահակեանը: Թէեւ Հայաստանը շտապեց յայտարարել, որ հանդիպումը մասնաւոր բնոյթ է կրել, վրացական կողմը մի քանի կոշտ յայտարարութիւններ արեց: Թիֆլիսում Հայաստանի դեսպանը կանչուեց Վրաստանի արտաքին գործերի նախարարութիւն, որտեղ նրան բողոք յայտնուեց: Նոյն օրը հարցի առնչութեամբ հեռախօսազրոյց ունեցան Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները: Վրաստանի արտաքին գործերի նախարարը յայտարարեց, որ վրացական կողմը որոշել է չսրել իրավիճակը, սակայն նման հարցերը Թիֆլիս պահելու է առանձնայատուկ ուշադրութեան տակ:

Տարուայ ընթացքում հայ-վրացական համատեղ տնտեսական խոշոր ծրագրեր չիրականացուեցին: Մոռացութեան մատնուեց Ջաւախքով Երեւանից-Պաթում մայրուղի կառուցելու նպատակով ընկերութիւն ստեղծելու դեռեւս 2008-ին յայտարարուած  մտադրութիւնը:

Հայ-վրացական տնտեսական համագործակցութեան համար կարեւոր է Հայաստանում Հիւսիս-Հարաւ մայրուղու կառուցումը: Այն սկսում է հայ-իրանական սահմանում եւ հասնում հայ-վրացական սահման Պաւրայի հատուածում: Սակայն այդ ծրագիրը չափազանց դանդաղ է ընթանում, իսկ Գիւմրիից Ջաւախք տանող ճանապարհի եւ հայկական, եւ վրացական հատուածները որոշ տեղերում քարուքանդ վիճակում են: Պատշաճ եւ ներկայանալի տեսք չունի նաեւ սահմանի այդ հատուածի հայկական հսկիչ-անցագրային կէտը:

Սպասւում է, որ առաջիկայում շահագործման կը յանձնուի հայ-վրացական սահմանային գլխաւոր անցակէտի` Բագրատաշէն-Սատախլօ, հայկական հսկիչ-անցագրային նոր կէտը եւ  մաքսատունը: Երեւանն ու Թիֆլիս ամենաբարձր մակարդակով համաձայնութիւն են ձեռք բերել եւ նախաստորագրել Բագրատաշէն-Սատախլօ սահմանային` Դեբեդ գետի վրայ «Բարեկամութեան կամրջի» շինարարութեան հարցում:

Նախկին կամուրջը այլեւս չի բաւարարում հայ-վրացական տնտեսական յարաբերութիւնների ծաւալը: Սահմանային այս անցակէտով է հիմնականում իրականացւում նաեւ Վերին Լարսով Հայաստանից Ռուսաստան ցամաքային ապրանքաշրջանառութիւնն ու ուղեւորահոսքը:

Այժմ, երբ Իրանի ապամեկուսացումը դառնում է իրականութիւն, հայ-վրացական հիմնական անցակէտի տարողունակութեան ընդլայնումը կարեւոր է, քանի որ վրաց-իրանական տնտեսական համագործակցութեան ու ապրանքաշրջանառութեան եւ ուղեւորահոսքերի մի մասը կատարւում է Հայաստանի տարածքով:

Հայ-վրացական համագործակցութեան խորացումը կարեւորւում է նաեւ տարածաշրջանային իրողութիւններով: Արեւմուտքը` Միացեալ Նահանգներն ու Եւրոպական Միութիւնը, չեն խրախուսում Հիւսիս-Հարաւ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան միջանցքի ձեւաւորումը, փոխարէնը աջակցում են Արեւմուտք-Արեւելք` Թուրքիա-Վրաստան-Ազրպէյճան առանցքի ամրապնդմանը:

Վրաստանը այն օղակն է, որ միմեանց կապում է թիւրքալեզու երկու երկրներին` Թուրքիային եւ Ազրպէյճանին: Վրաստանի տարածքով են անցնում Կասպեան նաւթա-կազային խողովակաշարերը: Աւարտին է մօտենում Կարս-Ախալքալակ-Թիֆլիս երկաթուղու շինարարութիւնը: Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շահագործումը աւելի մոռացութեան կը տայ Կարս-Գիւմրի երկաթուղու վերագործարկման հնարաւորութիւնը: Թէեւ տարուայ ընթացքում խօսւում էր աբխազական երկաթուղու վերաբացման հնարաւորութիւնների մասին, սակայն այդ ուղղութեամբ գործնական քայլեր չարուեցին:

2015-ին Վրաստան այցելեցին Հայաստանի նախագահն ու վարչապետը: Սերժ Սարգսեանը մասնակցեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գէորգ եկեղեցու վերաբացմանը: Վերանորոգման նպատակով որոշակի գումար յատկացրել էր նաեւ Վրաստանի նախկին վարչապետ, երկրի ստուերային առաջնորդ Պիծինա Իվանիշվիլին, ով ներկայ էր եկեղեցու վերաբացման արարողութեանը:

Փետրուարին պաշտօնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի խորհրդարանի նախագահը: Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի հիմնական միջոցառմանը մասնակցելու նպատակով ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդում էր Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալը: Վրաստանը Կալիփոլիի միջոցառմանը մասնակցեց պաշտպանութեան նախարարի մակարդակով:

Վրաստանի աճարական ծովափները հայ զբօսաշրջիկների համար շարունակում են մնալ նախընտրելի վայր: Հայերը թուրքերի եւ ազրպէյճանցիների հետ դէպի Վրաստան մեկնող զբօսաշրջիկների առաջին եռեակում են: Հակառակը` վրացական զբօսաշրջութիւնը դէպի Հայաստան, աննշան է, ինչպէս նախկին 25 տարիներին: Որոշակի դադարից յետոյ վերականգնուել է Երեւան-Թիֆլիս օդային կապը:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 17097

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>