Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17090

Լաւ Ուղեկից Ունենալու Եւ Կամ Փիլիսոփայ Դառնալու Երկընտրանքի Միջակայքում

$
0
0

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Հայ-ռուսական փոխյարաբերութիւնները, ինչպէս յայտնի է, դարաւոր պատմութիւն ունեն:  Հայոց պատմագրութեան, հրապարակախօսութեան եւ, մանաւանդ, գեղարուեստական գրականութեան մէջ, որպէս հաստատուն ճշմարտութիւն, այն ընդունուած է բնորոշել ոչ այլ կերպ, քան` երկու ժողովուրդների անխախտ բարեկամութիւն, որ քանիցս դիմացել է պատմութեան փորձութիւններին: «Օրհնուի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտաւ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց»: Ահա արդէն գրեթէ երկու դար է, ինչ Խաչատուր Աբովեանի «Վէրք Հայաստանի» վէպից քաղուած այս արտայայտութիւնը  կարծես թէ անփոխարինելի նշանաբան է դարձած ռուս ժողովրդի, ռուսական պետութեան նկատմամբ մեր անսահման երախտագիտութեան, մեր խոր հաւատի, մեր լուսաշող սիրոյ ու յոյսի համար: Հետեւելով հայ մեծ լուսաւորչի օրինակին` մենք այսօր էլ շարունակում  ենք նոյն ռոմանթիք սիրով յարաբերուել մեր «մեծ եղբօր» հետ` աբովեանական  միամտութեամբ չտարբերակելով, նոյնականացնելով ռուս ժողովրդին եւ ռուսական պետութեանը` լինի ցարիզմի օրօք, պոլշեւիկների ժամանակ, թէ յետխորհրդային շրջանի համատարած անկախութեան յաղթարշաւի տասնամեակներում: Ընդ որում, այն աստիճան կոյր ու անվերապահ է այդ սէրը, որ մենք, նախ, չենք էլ նկատում, իսկ գուցէ եւ գիտակցաբար նկատելու չենք տալիս, որ «անխախտ բարեկամութեան» այդ ողջ ժամանակաշրջանում մշտապէս միաձայն է հնչում եղբայրական սիրոյ այդ ձօներգը, այսինքն հնչում է միայն մեր կատարմամբ, իսկ ռուսական կողմն ընդամէնը բաւականութեամբ ծպծպացնում  է շրթունքները: Այն էլ` ստեպ-ստեպ, որոշակի տեւական պարբերականութեամբ, որ ինքներս մեզ մեծահոգաբար բացատրում ենք «մեծ ախպոր մեծ-մեծ» գործերով, այսինքն` ինչպէս վայել է գերտէրութեանը, աշխարհաքաղաքական խնդիրներով նրա զբաղուածութեամբ եւ, բնականաբար, հայերիս հետ սիրային երգեցողութեամբ  զբաղուելու համար հարկ եղած ժամանակի սղութեամբ, եթէ ոչ` առհասարակ բացակայութեամբ:

Մենք չենք էլ մտածում, թէ ինչո՛ւ հայ նոր գրականութեան հիմնադրի «օրհնուին» այդպէս էլ գէթ մէկ անգամ չհնչեց ռուս մեծերի, թէկուզ հէնց Աբովեանի ժամանակակիցների շուրթերից` որպէս հայ ժողովրդի նկատմամբ փոխադարձ սիրոյ արձագանգ: Հնարաւոր է, չէ՞, ասենք` Պուշկինը օրհնէր «էն սհաթը», երբ իր հայրենակիցների եւ անձամբ իր ոտը  մտաւ «Հայոց լիս աշխարհ» եւ երջանիկ առիթն ունեցաւ շփուելու, ճանաչելու  ու նաեւ սիրելու օտար լծի տակ թէկուզ դարեր ի վեր ճնշուած, տառապած, բայց հին ու հարուստ քաղաքակրթութեան տէր եւ իր նախնեաց նման մշտապէս հպարտ հայ ժողովրդին: Է՜հ, Աստուած իր հետ, մենք, այնուամենայնիւ, շարունակում ենք սիրել ռուս ժամանակակից գրականութեան հանճարին` Ալեքսանդր Պուշկինին  ու սերունդներին աւանդած նրա ստեղծագործական գոհարները:

Ինչ որ է: Պարզապէս նշեմ, որ դարերի ընթացքում այդ «փոխադարձ եղբայրական սիրոյ» հեռանկարով յուսավառ մեր ժողովրդի երեւի թէ մէկ սերնդի չէ այն խոր հիասթափութեան ու մտահոգութեան, մեղմ ասած` մտածելու, փիլիսոփայելու տեղիք տալիս: Եւ ահա ազգովի դարեր ի վեր փիլիսոփայում ենք` այդ ինչպէ՞ս պատահեց, ինչո՞ւ, ե՞րբ էր առաջին անգամ: Թէ ե՛րբ էր առաջին անգամ` թողնենք մի կողմ: Կարծում եմ` հարկ չէ աւելորդ անգամ անդրադարձ կատարել պատմութեանը: Քաջատեղեակ ենք բոլորս էլ: Հայեացքներս յառենք ներկային: Իսկ ներկան այդպիսին է:

Նորանկախ Հայաստանը եւ Ռուսաստանը բարեկամական երկրներ են: Աւելի՛ն. ռազմավարական գրծընկերներ`  Անկախ պետութիւնների համագործակցութիւն, Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութիւն,  Եւրասիական տնտեսական միութիւն, հիմնադիր անդամների կարգավիճակով: Այլ կերպ ասած` մէկ  միասնական ընտանիքի ուխտեալ անդամներ: Թւում է, թէ դա այն հզօր ուժն է, որ անդամ երկրներից իւրաքանչիւրի գլխին «դամոկլեան սուր» կախուելու դէպքում ի վիճակի է հաւաքական բռնցքի զօրութեամբ հարուած հասցնել չարակամի գլխին` գոնէ սաստելու միտումով:

Բայց, արդեօք, այդպէ՞ս է իրականում: Պարզւում է` ամենեւին: Ահա, խնդրեմ. մեր ռազմավարական գործընկերը  շարունակաբար զինում է Ազրպէյճանին` Հայաստանի երդուեալ թշնամուն,` պարբերաբար մատակարարելով գերարդիական հարուածային զինատեսակներ: Ըստ էութեան, ազրպէյճանական բանակի յարձակողական սպառազինութեան եւ ռազմական սարքերի զինապաշարը 80-90 տոկոսով համալրուած է խորհրդային-ռուսական արտադրանքով: Ազրպէյճանն այդ ամէնը մշտապէս  կիրառում է ռուս ժողովրդի դարեր ի վեր հաւատարիմ բարեկամ  հայ ժողովրդի դէմ` լինի Հայաստանում, թէ Արցախում, պատճառելով մարդկային ու նիւթական զգալի կորուստներ:  Թէ ինչո՞ւ, պարզւում է` պիզնես է, առեւտուր, առաջարկի եւ պահանջի խնդիր: Եթէ Մոսկուան չվաճառէր, Պաքուն կարող էր նոյն այդ կամ դրանց համարժէք զինատեսակները գնել մէկ այլ երկրից: Փա՛ռք Աստծոյ, նաւթատոլարներ Ազրպէյճանում դեռ կան, իսկ ռուսական զէնքը, ի վերջոյ, ափսոս է թողնել անձրեւի տակ, փչանում է: Յամենայն դէպս, այդպէս լկտիաբար  արդարանում է փոխվարչապետ Տմիթրի Ռոկոզինը`  Ռուսաստանի կառավարութիւնում ռազմաարդիւնաբերական համալիրի գլխաւոր պատասխանատուն:

Այդ` բառիս բուն իմաստով անբարոյական առք ու վաճառքի հետեւանք էր հէնց անցեալ տարուայ ապրիլին, այսպէս ասած, քառօրեայ պատերազմը, որ Ազրպէյճանը սանձազերծել էր Արցախի Հանրապետութեան դէմ եւ, քանի որ Արցախի հայութեան անվտանգութեան միջազգային միակ երաշխաւորը Հայաստանի Հանրապետութիւնն է, հետեւապէս եւ` Հայաստանի դէմ:  Գաղտնիք չէ, որ այդ կարճատեւ պատերազմի օրերին ազրպէյճանական զինուժը կիրառում էր հիմնականում  Ռուսաստանից գնած (ստացած` միեւնոյնն է) հեռահար սպառազինութիւնը, որը Մոսկուան, հնարաւոր է, երկկողմ պայմանաւորուածութեամբ, կարծես թէ փորձարկում էր արցախեան ռազմաճակատում: Աւելի՛ն. մի շարք միջազգային վերլուծաբանների եզրայանգմամբ, Պաքուն հազիւ թէ դիմէր նման արկածախնդրութեան, եթէ նախապէս չստանար տարածաշրջանային տէրութիւնների, մասնաւորապէս` Թուրքիայի եւ, այո, Ռուսաստանի «բարին», այսինքն` թոյլտուութիւնը: Եւ եթէ Թուրքիայի առնչութեամբ դա միանգամայն սպասելի ու հասկանալի է, ապա Ռուսաստանի պարագայում ոչ այլ ինչ է, եթէ ոչ` բարեկամի, հարազատի, եղբօր կամ, միով բանիւ ասած` ռազմավարական գործընկերոջ ուխտադրուժութիւն: Այդ եզրայանգմանը զարմանալի, իսկ գուցէ եւ օրինաչափ, տրամաբանական զուգադիպութեամբ ստացուեց այնպէս, որ խայտառակ ձախողում կրելով իր այդ լայնածաւալ արկածախնդրութեան մէջ եւ փորձելով խուսափել լիակատար պարտութեան հեռանկարից` Պաքուն ստիպուած էր դիմել ոչ թէ Անգարային, այլ` հէնց Մոսկուային, խնդրելով վերջինիս միջամտութիւնը եւ յորդորը Հայաստանին` դադարեցնելու հայկական բանակի սկիզբ առած հուժկու հակայարձակ գործողութիւնը: Մոսկուան, ի հարկէ, չյապաղեց, այսպէս ասած, «մատ թափ տալ» իր մերձաւոր բարեկամի վրայ, եւ Երեւանը ստիպուած էր զսպել զօրքերի առաջխաղացումը: Ի վերջոյ, «աւագ եղբօր» խնդրանք էր, որ ինչ-որ տեղ հաւասարազօր էր հրահանգի: Մանաւանդ  Մոսկուան, ի լրումն իր յորդորանքի, Երեւանին խոստացել էր արագացնել համարժէք ռուսական սպառազինութեան մատակարարման գործընթացը, որը, պարզւում է, «հայկական կողմի մեղքով» մի առ ժամանակ կանգ էր առել, քանի որ պարզւում է` Հայաստանի համապատասխան մարմիններն իբր թէ զլացել են  ժամանակին ներկայացնել ռուսական 200 միլիոն վարկի սահմաններում նոր զինատեսակների առքի վերաբերեալ հարկ եղած փաստաթղթերը, կամ աւելի ճիշդ` փաստաթղթերի այդ փաթեթի ուղեկից նամակը: Թւում է, թէ աննշան մանրուք է, բայց պարզւում է` ահռելի նշանակութիւն ունի Ռուսաստանի պետական կառավարման դիւանակալական խոհանոցում: Կարելի է, ի հարկէ, կատակ համարել ասուածը, եթէ այդքան տխուր, առաւել եւս` եթէ այդ աստիճան ողբերգական  չլինէին հետեւանքները: Իսկ ապրիլեան մարտերի ժամանակ, ինչպէս գիտենք, հայ խիզախ դիրքապահները մեծաւմասամբ զոհուել են հէնց ռուսական արտադրութեան հարուածային զինատեսակների  հեռահար գնդակոծութեան հետեւանքով:

Հայաստանը, ինչ խօսք, ինչպէս խոստացել էր Մոսկուան, արագացուած թափով ստացաւ հարկ եղած սպառազինութիւնը, այդ թւում, առանձնապէս, մարտավարական «Իսքանտեր» հրթիռային կայանքները, որոնց առկայութիւնը հայկական զինուժում խոր տագնապ է առաջ բերել Պաքւում: Բայց դա, իհարկէ,  չի նշանակում, թէ Մոսկուան դադարեցրել է արդիական զինատեսակների վաճառքը Պաքուին: Ինչպէս յայտնի է լրահոսից, վերջերս Ռուսաստանից ռազմական մեքենաների հերթական խմբաքանակ է հասել Ազրպէյճան: Այսինքն Մոսկուան շարունակում է զինել իր ռազմավարական գործընկերոջ` Հայաստանի թշնամուն: Այս անգամ, հետաքրքիր է, ի՞նչ պատճառաբանութեամբ: Պարզւում է, ինչպէս Քրեմլինից են պարզաբանում, նախ` հակամարտ կողմերի միջեւ զինական հաւասարակշռութիւն ստեղծելու համար: Այսինքն` որպէսզի նոր պատերազմի դէպքում  կողմերից ոչ մէկը զինական գերակշռութիւն չունենայ եւ այդ իսկ միջոցով` չյաղթի միւսին: Դարձեալ այսինքն` զէնքը երկուսիդ էլ ինչքան պէտք է, հաւասարաչափ տուել եմ, կռուէք, կոտորէք իրար, որքան կ՛ուզէք, դա ձեր խնդիրն է: Եթէ այդ մասին Քրեմլինից  չեն բարձրաձայնում, քանզի դա վայել չէ ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորմանը կոչուած  ԵԱՀԿ Մինսքի խմբի «արդարադատ» համանախագահ պետութեանը, ապա դա էական չէ:

Կան այլ մերձիշխանական խօսափողեր, որոնք բացայայտ դրան են կոչում հակամարտ կողմերին: Անշուշտ պատահական չէին ռուսաստանցի յայտնի քաղաքական, հասարակական գործիչ, լրագրող եւ հրապարակախօս Ալեքսանտր Պրոխանովի այցը եւ մի շարք հանդիպումները Պաքւում, առանձնապէս, նրա սադրիչ յայտարարութիւնները:  «այդ խնդիրը կարող էր լուծուել 2016թ. ապրիլին, երբ ձեր զօրքերը գրոհի անցան եւ սկսեցին «վերադարձնել տարածքները», Ազրպէյճանը կարող էր «վերադարձնել» Ղարաբաղը: Բայց յետոյ նրանք կանգ առան, ինչպէս ասում են, Մոսկուայի միջամտութեան շնորհիւ: Եւ իրավիճակը մնաց չլուծուած»,- ասել է նա` յաւելելով. «Ազրպէյճանական բանակը հզօր է, այն մարտական ոգի է ձեռք բերել: Բայց խաղաղ գործընթացները շատ երկարատեւ են լինելու»: Այսինքն այդքան երկար սպասելու իմաստ չկայ: Իր հերթին` ռուսաստանցի վերլուծաբան Վեաչեսլաւ Միխայլովը, ինչպէս տեղեկանում ենք Պաքուի haqqin.az իշխանամէտ լրատուական կայքից, իր մի յօդուածում Հայաստանին կոչ է անում դիմել աւելի վճռական քայլերի, առանձնապէս`  ղարաբաղեան հակամարտութեան ռազմական կտրուածքում:

Ազրպէյճանին սպառազինութեան նոր վաճառքը հետապնդում է պարզապէս մարդասիրական նպատակ: Այո՛, հէնց այդպէս էլ ասում են Մոսկուայում: Այսինքն կարելի է այսպէս հասկանալ.  իր տողատակում դա Պաքուի նկատմամբ Մոսկուայի կողմից վերահսկողութիւն հաստատելու եւ այդպիսով իսկ ճնշում գործադրելու խնդիր է պարունակում, որի արդիւնքում Ազրպէյճանը չի համարձակուի զէնք հանել Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ, այսինքն` Հայաստանի վրայ: Արձանագրենք` սա էլ մի հերթական լկտիութիւն է, եթէ ոչ, չխուսափեմ բնորոշումից, փողոցայինի  պահուածք:

Բայց, լա՛ւ, ո՞րն է Մոսկուայի ռազմավարական նպատակն այդ գործարքներում: Փորձագէտների տեսակէտով, տնտեսական կտրուածքում` ազրպէյճանական նաւթը տնօրինելու գայթակղութիւնն է` այդպիսով Պաքուին համաշխարհային ուժանիւթային շուկայում գոյութիւն ունեցող ու սրուող մրցապայքարում չէզոքացնելու համար: Իսկ քաղաքական կտրուածքում` Պաքուի սիրտն այդպիսով իսկ շահելու խնդիրը, որպէսզի նա նոյնպէս անդամագրուի Եւրասիական տնտեսական միութեանը, մանաւանդ որ այդ անդամակցութեանը քիչ է ասել` դէմ չեն, ընդհակառակը, այն ողջունում են այդ կառոյցի հիմնադիր անդամներից առնուազն երկուսը` Պիելոռուսիան եւ Ղազախստանը, որոնք իրենց հերթին ամէն կերպ յորդորում են Իլհամ Ալիեւին` քարը փէշից թափել եւ ընդհանուր տանը սեղան նստել իրենց հետ միասին: Երեւի թէ, անկախ այդ կազմակերպութեան կանոնադրական պահանջներից, նրանց համար այնքան էլ էական չէ Հայաստանի` որպէս հիմնադիր անդամի, դիրքորոշումն այդ հարցում:

Բայց, արդեօք, դա այդպե՞ս է: Արդեօք Երեւանն ի զօրո՞ւ չէ իր վճռական «ոչ»-ն ասել:  Ի վերջոյ, ամէն անգամ, երբ յայտնի է դառնում Ռուսաստանի կողմից Ազրպէյճանին զէնքի հերթական մատակարարման մասին, Հայաստանում աշխուժանում են խօսակցութիւնները, թէ հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւններն իրականում ոչ այլ ինչ են, եթէ ոչ` ցանկալին իրականութեան տեղ մատուցելու փորձ, որի հիմքում, սակայն, ոչ մի շօշափելի փաստարկ ընկած չէ: Անշուշտ կարելի է համաձայնել վերլուծաբանների հետ, որ ինչքան էլ ենթակայական բնոյթ կրեն նման նկատառումները, որոնք կոչուած են սրելու հակառուսական տրամադրութիւնները Հայաստանում, այնուամենայնիւ, ցանկացած դէպքում, Ռուսաստան-Ազրպէյճան ռազմական համագործակցութիւնը չի կարող ցաւոտ չընդունուել, որքան էլ այն կրի քիչ թէ շատ սահմանափակ բնոյթ:

Լա՛ւ, իսկ ի՞նչ են մտածում այդ առնչութեամբ Հայաստանի իշխանական շրջանակները: Կարծում եմ` այս առումով ուշագրաւ է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանի յայտարարութիւնը, որ նա արել է`  արձագանգելով Ռուսաստանի կողմից Պաքուին զէնքի նոր խմբաքանակի վերջին մատակարարմանը, եւ որը, իրօք, բաւական խորքային շերտեր է պարունակում, ուղերձներ` ուղղուած յատկապէս Ռուսաստանին: Փոխնախարարը, ըստ էութեան, բաւական կոշտ է արձագանգել այդ փաստին եւ ասել հետեւեալը. «ելնելով այդ իրողութիւնից` մենք պէտք է կառուցենք մեր արտաքին քաղաքականութիւնը թէ՛ ՌԴ-ի, թէ՛ այլ գործընկերների հետ»: Այլ կերպ ասած` ոչ միայն Ռուսաստան-Հայաստան, այլեւ Հայաստան-աշխարհ հետագայ յարաբերութիւնները պէտք է պայմանաւորել Ռուսաստան-Ազրպէյճան յարաբերութիւնների բնոյթով: Այսինքն`  մի պարագայում, երբ Արեւմուտքն ամէն կերպ փորձում է իրեն մատուցել որպէս Ռուսաստանին իրական այլընտրանք Հայաստանի համար, իսկ Անդրկովկասն էլ Ռուսաստանի համար հետզհետէ սկսում է իւրատեսակ թակարդի վերածուել,  հետեւապէս Հայաստանը ճարահատեալ կարող է այլընտրանքի դիմել: Ի վերջոյ, ի՞նչ է, այնուամենայնիւ, ակնկալում Հայաստանը Ռուսաստանից:

Պարզւում է` ընդամէնը մէկ բան` ազնիւ վերաբերմունք, բաց խաղ, երկակի չափանիշներից հրաժարում ռազմավարական գործընկերութեան մէջ, դադարեցնել երկու աթոռի վրայ միաժամանակ նստելու կամ, այլ կերպ ասած, մէկ ձեռքով երկու ձմերուկ բռնելու  անհեռանկար փորձերը, մի կողմից ընդունելով հայ-ռուսական միացեալ զօրք ստեղծելու մասին համաձայնագիր, միւս կողմից, սակայն, զինելով Ազրպէյճանին: Այլ կերպ ասած` եթէ Ռուսաստանն անկեղծօրէն շահագրգիռ է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցութեան խնդրում, ուրեմն պարտաւոր է հրաժարուել Ազրպէյճանի հետ հակահայկական բնոյթ կրող ծեքծեքումներից. հակառակ պարագայում` սեփական արտաքին քաղաքականութիւնը կառուցելիս Երեւանը չի վարանի այլընտրանքային ուղիներ փնտռել` միեւնոյն ժամանակ չայրելով Ռուսաստանի հետ իր «եղբայրական-դաշնակցային» կամուրջները: Ի վերջոյ, դժուար չէ կռահել, որ  այս ողջ աշխարհաքաղաքական խաղի մէջ հիմնական տուժող կողմ դառնալու է Ռուսաստանը:

Մենք` հայերս,  մեր ազգային ճակատագիրը հիմնականում, եթէ ոչ-բացառապէս, կապել ենք ռուս ժողովրդի եւ ռուսական պետութեան հետ, բայց, աւա՜ղ, ստացուել է այնպէս, ինչպէս նեկայացուած է Սոկրատէսի յայտնի ասոյթում: Եթէ թոյլ տրուի փոքր-ինչ վերափոխել Հին Յունաստանի մեծ մտածողի բացառապէս ամուսնութեան խնդրին վերաբերող այդ ասոյթը, ապա այն կը ստանայ հետեւեալ տեսքը. «Ճամբայ ելիր (ամուսնացիր)` ինչ էլ լինի: Եթէ լաւ ուղեկից (կին) հանդիպի, կը լինես բացառութիւն, իսկ եթէ վատը`  կը դառնաս փիլիսոփայ»:

Արցախ

Յատուկ «Ազդակ»-ի համար


Viewing all articles
Browse latest Browse all 17090

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>