ԵՐՈՒԱՆԴ ՏԷՐ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ
Սփիւռքահայ լինելը ողբերգութիւն է եւ ճակատագիր է: Ողբերգութիւն է ե՛ւ նրանց համար, որոնք օտար միջավայրում, օտար իրականութեան մէջ ամէն գնով ջանում են պահպանել (եւ պահպանում են) իրենց հայկական կերպարն ու նկարագիրը, ներաշխարհն ու հոգեբանութիւնը, ե՛ւ նրանց համար, ովքեր դիւրութեամբ հեռանում են հայութիւնից ու հայկականութիւնից եւ ձուլւում են օտար գրաւիչ, բարեկեցիկ ու անհոգ կեանքին:
Հայութեան փրկուած խլեակները ցրուեցին աշխարհով մէկ, ապաստան գտան քարտէսի բազմագոյն ու բազմաբղէտ երկրներում եւ ստիպուած եղան յարմարուելու, անցնելու դառն ու ծանրագոյն փորձութիւնների միջով, ճաշակելու տարագիր մարդու ճակատագրի դառնապատիր պտուղը:
Դեռեւս իր ժամանակին, երբ սփիւռքը նոր-նոր էր ձեւաւորւում, Վազգէն Շուշանեանը դառնութեամբ արձանագրել էր, որ սփիւռքի կեանքը հիմնուած է աւազների վրայ: Այսօր, աւաղ, պէտք է ասել, որ` սորուն աւազների…
Տասնամեակներ շարունակ սփիւռքահայ գրականութիւնը ուղղուած է եղել հայապահպանութեան գաղափարին: Արեւմտեան Հայաստանի համեմատաբար խաղաղ ժամանակների կեանքի պատկերումը, Մեծ ողբերգութեան ուղղակի կամ անուղղակի արձանագրումները, հայկական էութեան բանաստեղծական ցոլացումը ուղղուած է եղել միայն մէկ բանի` արտերկրում ապրող հային հայ պահելու, յետ պահելու նրան ուծացումից:
Աշխարհը իրօք բազմագոյն եւ բազմաբղէտ է, նոյնքան բազմագոյն եւ բազմաբղէտ են այն պայմանները, որոնց մէջ ապրում է սփիւռքի մարդը: Հնարաւո՞ր է արդեօք, այն էլ գրականութեամբ` բանաստեղծութեամբ կամ պատմուածքով, նրան խանդավառութիւն ներշնչել, մղել ազգային գիտակցութեան եւ գործունէութեան, եւ, աւա՜ղ, որքա՞ն ժամանակով:
Հէնց այստեղ է եւ այսպէս է, որ սփիւռքահայի ոտքի տակ հողը սկսում է երերալ, հէնց այստեղից են սկսւում սորուն աւազները…
Հայութիւնից եւ հայկականութիւնից սփիւռքահայի նահանջը դեռեւս 1920-30-ական թուականներին արձանագրել են արտերկրի մեր գրեթէ բոլոր լաւագոյն գրողները: Սփիւռքահայութեան նահանջը, դժբախտաբար, շարունակական է եւ թւում է անվախճան: Սփիւռքահայի ֆրոնտիրը միշտ էլ եղել է ետեւում: Դա նահանջի անվերջ տեղաշարժուող սահմանագիծն է, նահանջողների ֆրոնտիրը:
Բայց նահանջի ժամանակը աւարտուած է, շատ երկրներում` բնականօրէն, այլուրեք` պատերազմով եւ ռազմական գործողութիւններով:
Իջնում է սփիւռքահայութեան կեանքի երեկոն, վրայ է հասնում հրաժեշտի ժամանակը: Եւ ընդերքի ահեղ տատանումը առաջինը զգում է բանաստեղծը, նա, որ ստիպուած է արտայայտելու ընդհանուրի, բոլորի, այլո՛ց, ուրիշների՛ տագնապներն ու անկումները, ահն ու սարսափը, տառապելով տառապել այլոց հետ,այլոց փոխարէն: Սա դատապարտուածութիւն է, որովհետեւ երբ ամէն մարդ ապրում է իր առօրեայ կեանքով, չապրելով տագնապ, չանդրադառնալով ոչ մի բանի, թեւածելով եւ ճռուողելով իր բարեկեցիկ կենցաղի պարտէզներում, գալիս է մէկը, որ անտես հոգսերի ու մտատանջութիւնների իր անտանելի բեռը վերածում է չափածոյի: Եւ իբրեւ պարտք եւ պատասխանատուութիւն, իբրեւ սեփական անհատականութեան ազատութիւն` ասում է հրաժեշտի
ու հրաժարումի իր խօսքը եւ տալիս է սրտագին ողջոյն. հրաժեշտ սփիւռքի իրական (ոչ ճառերի ու վերամբարձ ելոյթների մէջ չարչրկուած) կեանքին ու իրական վիճակին, սրտագին ողջոյն` Հայաստանին: Իր նոր պոէմով հրաժեշտի խօսք ասողը եւ դէպի Հայաստանը մղուող բանաստեղծը Յարութիւն Նագուլեանն է, իր գրական նոր խօսքը` «Ռեքվիեմ» պոէմը:
* * *
Յարութիւն Նագուլեանի «Ռեքվիեմ»-ը յանդուգն եւ համարձակ խօսք է` վերնագրից սկսած: Երբ շուրջ բոլորը վերամբարձ ճառեր ու յուզավառ ելոյթներ են, մանաւանդ խորհրդային կեանքի արարողութիւնների ծաղրանկարն ու լաւագոյն դէպքում, ինչպէս ասում էին, ընկերական շարժը ներկայացնող միջոցառումները, երբ բոլորը շողում են մետալ ու շքանշան ստանալու հաճոյքից, ո՞վ համարձակութիւն ունի, իմ խօսքը բարոյական յանդգնութեան մասին է, խօսելու սփիւռքի մայրամուտի մասին:
Յարութիւն Նագուլեանը ասել է այդ խօսքը:
Պոէմը ընդարձակ մենախօսութիւն է, տարագրի ու սփիւռքահայի կեանքի բոլոր ոլորտներին ու վիճակներին քաջածանօթ, սփիւռքահայի կեանքի բոլոր բոլորակներով անցած, մտածող, խորհող, իր կեանքի իմաստն ու բովանդակութիւնը որոնող, իր ժողովրդի պատմութիւնն ու անցեալը, արուեստն ու մշակոյթը գիտցող անձնաւորութեան ներքին մենախօսութիւն:
Սփիւռքի կեանքը միշտ էլ եղել է անղեկ ու անուղեցոյց ընթացք, մեծ նաւաբեկութիւնից հրաշքով փրկուած եւ խարխուլ մակոյկով ովկիանոսի ջրերի վրայ յայտնուած մարդկանց անառագաստ նաւարկութիւն, երբ հորիզոնը սոսկ հորիզոնական գիծ է, երբ շուրջբոլորը ովկիանոսային ամայութիւն է, երբ անյուսութիւնը սպառնում է վերջ դնել ամէն ինչի, բայց նրանք թիավարում են, որովհետեւ թիավարելը, թեկուզեւ` անյոյս, կեանք է, գոյութեան միակ ձեւ եւ կերպ: Հին հռոմէացիները ասում էին նաւարկելը անհրաժեշտ է, ապրելու անհրաժեշտութիւն չկայ (Navigare necesse est, quod non est necesse): Թիավարելը անհրաժեշտութիւն է, եւ ահա նաւազներից մէկը տառապագին լռութեան մէջ ճիչ է արձակում, բարձրաձայնում է այն ճշմարտութիւնը, այն խօսքը, որ միւսներն էլ գիտեն, տեսնում են, ապրում են դա, բայց չեն համարձակւում ասելու եւ բարձրաձայնելու: Այդ խօսքը հաստատում է սփիւռքի կեանքի մայրամուտը:
Պոէմը գրուած է ազատ բանաստեղծութեամբ` վերլիբրով: Իր համադրական-զուգորդական (associatif) մտածողութեամբ, առաջին հայեացքից անսպասելի, անակնկալ պատկերներով եւ բազմիմաստ փոխաբերութիւններով, բանաստեղծական խօսքի կշռութաւոր հոսումով Նագուլեանի բանաստեղծութիւնը մօտ է Կոստան Զարեանի բանաստեղծութեանը, աւելին` թւում է, թէ սկիզբ է առնում-գալիս է հէնց Կոստան Զարեանից, ներքին տրամաթիզմով, վերացարկումներով եւ խօսքի կառուցման պոէտիկայով` թերեւս Թոմաս Էլիոթից:
Պոէմը հարուստ է պատմական, կենսական, գրական ու մշակութային իրակութիւններով, դրանց խաղարկումներով եւ իւրովի իմաստաւորումներով: Շատ հետաքրքրական են գրական ձայնարկութիւնները, ակնարկումները, ուղղակի կամ անուղղակի մատնանշումներն ու հասցէագրումները, ներքին դիմակայութիւնները, հայկական կեանքի եւ իրականութեան բազմաթիւ երեւոյթների իւրովի ընկալումն ու մեկնաբանութիւնը:
Պոէմի պոէտիկան հարուստ է խօսքի թոնայնութեամբ եւ հնչերանգային բովանդակութեամբ. նուրբ հեգնանքն ու սաթիրական շեշտը, յուզիչ զգացմունքայնութիւնն ու էպիկական, տեղ-տեղ նաեւ պաթոսային ոգեշնչուած խօսքը բնականոն ներդաշնակութեամբ ընդելուզւում են իբրեւ պոէմի միասնական հիւսուածք:
Պոէմը սկսւում է «կակտուս» բառով` կակտուսի ծաղիկներ յունուար-փետրուարին…
Սկզբնաբառը ամենեւին էլ պատահական չէ. դատարկ մարդկանց տրաման նոյնն է ամէնուրեք, նոյնն է այն կեանքը, որ մարդկանց դարձնում է դատարկ: Բայց քարը նետուած է, ամբողջական տողը դուրս կը լողայ պոէմի աւարտին:
Պոէմի հերոսը իր ներքին էութեամբ երկփեղկուած անհատ է, երկփեղկուած իր ապրած կեանքի եւ իր ներքին էութեան, օտար միջավայրի եւ ազգային պատկանելութեան գիտակցութեան, յարձակողական իրականութեան եւ իր անհատականութիւնը անվթար պահելու ճիգ ու ջանքի միջեւ: Բանաստեղծութեան ընթացքի հետ ընթերցողի առջեւ բացւում են հերոսի ներաշխարհն ու ներքին տրաման: Հերոսը տարուբերւում է արտաքին առարկայական աշխարհի եւ իր հոգեկան իրականութեան միջեւ` խորութեամբ ապրելով սփիւռքահայ մարդու ողջ տրաման: Նա ձգտում է դուրս գալ, դուրս պրծնել` օտար իրականութիւն միջավայրից, որը չի համապատասխանում իր հոգեկան իրականութեանը: Բանաստեղծը յստակօրէն տեսնում է այդ իրականութեան մայրամուտը, սփիւռքահայ կեանքի եւ իրականութեան մայրամուտը.
մենք դուրս մնացինք
շուրջպար բռնեցինք կակտուսի շուրջը
Եւ ահա երեւաց չարաբաստիկ տողը` սփիւռքահայերին մնում է շուրջպար բռնել կակտուսի շուրջը, որի փուշը վաղուց խրուած է նրանց ճակատագրի մէջ:
Եւ սա արդէն վերջն է, իրիկնամուտի զանգերը հնչել են վաղուց: Բայց սա այն վերջն է, որ դառնում է նոր սկիզբ, նոր դուռ է բացում յուսահատութեան հասածների, կակտուսի շուրջը շուրջպար բռնածների համար.
վերջ գտաւ արդէն
այս ճամբան անել
հիմա Հայաստանի վերածնունդն է
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
բայց
գոնէ հիմա
կեանքի
ապրումի վերածննդեան գեղեցիկ օրն է
օրհնութիւն թող տայ
խնկաբոյր օրհնութիւն
յաջորդ սերունդին եւ սերունդներուն
նոր այբուբենը ըլլայ հայկական
սփիւռքը վերջանայ
եւ
Հայաստանը դառնայ հայրենիք
Պոէմի աւարտին բանաստեղծի խօսքը յուզավառ է, ներշնչուած, երկրի ու հայրենիքի հանդէպ խորունկ հաւատով լեցուն: Հերոսը հասնում է ներքին խաղաղութեան, հոգեկան ջլատումներն ու տրաման վերջ են գտնում, մարդը դառնում է կատարեալ, եթէ միանում է իր երկրի եւ հայրենիքի հետ: Տրաման աւարտւում է, երբ հոգեկան հայրենիքը դառնում է առարկայական իրականութիւն:
Եւ «Ռեքուիեմ»-ը, որն ի վերջոյ հոգեհանգստի խօսք է, վերջին հրաժեշտի խօսք եւ արարողութիւն, անսպասելի աւարտ ունի: Այն աւարտւում է արեւածագից առաջ, anti lucem: Արեւը ծագում է հերոսի հոգեկան տրամայի աւարտին, շատ շուտով տեղատարափ լոյսը սրբագործելու է ամէն բան.
առաւօտեան դէմ արեւը չելած
ռեքուիեմը վերջ գտաւ
Վաղը լուսաւոր եւ պայծառ օր է լինելու, կատարեալ գեղեցկութեան ու հոգեկան խաղաղութեան օր:
* * *
«Վաթսունականներուն» ընդարձակ բանաստեղծութիւնը, որ կարելի է ընկալել իբրեւ բանաստեղծութիւնների շարք, միաւորում է հայաստանեան կեանքի երկու ժամանակը` երեւանեան 1960-ական թուականների եւ Հայաստանի կեանքը 1988-ից յետոյ:
1960-ականները մեր ազգային կեանքի, մեր ազգային գիտակցութեան (եւ ինքնագիտակցութեան) վերելքի ամենաբարձր տարիներն էին, ստեղծագործումի մեր ամենաարգասաւոր ժամանակը: Այդ տարիներին Երեւանը ունէր մտաւորականութեան եւ բարձր նկարագրի տէր իսկական քաղաքացիների մտաւոր-ինտելեկտուալ բարձր միջավայր: Յարութիւն Նագուլեանը աւելի քան ութ տարի եղել է այդ միջավայրում, եղել է այդ միջավայրի գործուն անձերից մէկը:
Ճանաչելի բազմաթիւ անձնաւորութիւնների յիշատակումով, հայկական կեանքի նշանային բազմաթիւ իրադարձութիւնների ու իրականութիւնների յիշատակումներով «Վաթսունականներուն»-ը դառնում է գովք եւ հրաժեշտ հայկական կեանքի իրաւ La Belle epoque-ին, իրաւ գեղեցիկ ժամանակին: Սա գովքն է հայ ստեղծագործ մտքի, հայ մտաւոր ներուժի, հայ գիտակցութեան վերելքի, վերջապէս` գովք է երիտասարդական կեանքի ժամանակի… Առանձին անուանումների ու թուարկումների, իրերի եւ երեւոյթների յիշատակումների, պատկերաւոր խօսքի տողերի միջից անգոյն ծխի պէս աստիճանաբար ելնում եւ առարկայանում է բանաստեղծի սէրը 60-ականների Երեւանի, նրա կեանքի ու մթնոլորտի, փողոցների ու հրապարակների, մարդկանց, բոլորի ու ամէն ինչի հանդէպ:
Եւ այդ սիրոյ կողքին յայտնւում են նոր ժամանակները բնորոշող այլ իրակութիւններ` մռայլ գոյներ, սեւ ստուերներ, դառն ճշմարտութիւններ.
հիմա ազատ է մեր հայրենիքը
արդեօք այդպէս է
հիմա թալանուած հողամաս մըն է
մեր հայրենիքը
արդեօք այդպէս էր մեր հին երազը
Հերթական անգամ հայութեան երազը փշրւում է` զարնուելով դառն իրականութեան կարծր ժայռերին: Հերթական անգամ մեր նաւը մնում է անղեկ եւ անառագաստ.
ստեղծագործել երկիր ու երկինք
Աստուծոյ գործն է
բայց ազգ ստեղծել
հայրենիք կերտել
մեծցնել
փոքրացնել
թագաւորի գործ է
պարզ մահկանացու թագաւորներու
Նորից մէջտեղ է գալիս հայութեան դարաւոր անպատասխան հարցը` ե՞րբ է ծնուելու հայերի Լէ-Կուան Իւն: Եւ ծնուելո՞ւ է նա երբեւիցէ…
Բանաստեղծները, իսկական բանաստեղծները տեսանող են եւ մարգարէ: Բոլորը հարցերը գիտեն, նրանք` պատասխանները: Եւ ամէն մի դժուար հարցի պատասխանը տալիս է գիրը, հայոց գիրը… Թագաւոր, որին հասանելի լինի հայոց գիրը, որ ներշնչուած լինի հայոց գրով…
Բանաստեղծը սպասում է այդ թագաւորին…
* * *
Մեր արդի գրականութիւնը, եւ անշուշտ` նաեւ բանաստեղծութիւնը, գրեթէ կապ չունի մեր հոգեկան եւ ֆիզիքական իրականութեան հետ: Նմանակութեան քամիներին պարզուած համեստ մեր կարողութիւնները աւելի տարուած են ոչ թէ բանաստեղծութեամբ, այլ` բանաստեղծութեան մարմաջով:
Այս առումով Յարութիւն Նագուլեանի «Ռեքուիեմ»-ը շահեկանօրէն առանձնանում է ահազդու թուի ու ծաւալի հասնող այսօրուայ հայկական չափածոյի հրատարակութիւնների մէջ: Ես այս գիրքը համարում եմ երեւոյթ ոչ միայն սփիւռքահայ, այլեւ արդի հայ գրականութեան մէջ ընդհանրապէս: