Quantcast
Channel: Յօդուածներ – Aztag Daily –Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
Viewing all articles
Browse latest Browse all 17144

Մեր Բոլորի Սեփականութիւնը

$
0
0

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Առաջին հանրապետութեան ստեղծման 100-ամեակի կապակցութեամբ ստեղծուած պետական յանձնաժողովը կազմում է 2018 թուականին իրականացուելիք միջոցառումների ծրագիրը: Ողջունելի է, որ յանձանժողովն ստեղծուել է յոբելենական տարուանից գրեթէ մէկ տարի առաջ եւ դատելով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումներից` արդէն իսկ ինչ-ինչ նախաձեռնութիւններ հաստատւում եւ նոյնիսկ գործադրման ընթացք են ստանում: Այդ նախաձեռնութիւնների հարցում քաղաքապետարանի եւ պետական յանձնաժողովի գործունէութիւնը որքանո՞վ է փոխկապակցուած, այս դէպքում էական չէ, աւելի կարեւոր է, որ ընդհանուր ծրագրի շրջանակում, տարբեր գերատեսչութիւններ, պետական ու ոչ պետական հաստատութիւններ իրենց իրաւասութիւնների եւ հնարաւորութիւնների շրջանակում որոշակի մասնակցութիւն ունենան ընդհանուր այս գործում: Առհասարակ կարեւոր է, որ ծրագրուելիք միջոցառումները կրեն համաժողովրդական բնոյթ, երկրում ստեղծուի համապատասխան մթնոլորտ, որը կը պահպանուի ողջ տարուայ ընթացքում: Այլապէս հնարաւոր է իրականացնել բազմաթիւ ու բազմաժանր միջոցառումներ, որոնց կը մասնակցեն սահմանափակ թուով մարդիկ, եւ դրանք չեն դառնայ ընդհանուրի սեփականութիւնը: Այնինչ խօսքը աշխարհի բոլոր հայերին ուղղակիօրէն վերաբերող մեծագոյն տօնի մասին է, եւ այս առիթը պէտք է օգտագործել ոչ միայն նորագոյն պատմութեան դժուարին երկունքն ու ազգափրկիչ ծնունդը խորքով բացայայտելու ու հանրայնացնելու համար, այլեւ` առիթն օգտագործել անկախութեան ու պետականութեան գաղափարը մեր արեան ու գիտակցութեան մէջ ամրապնդելու համար:

Խորհրդային ժամանակաշրջանի առանձնայատկութիւններից մէկն այն էր, որ ապրելով սեփական երկրում` մենք ատում էինք պետական կացութաձեւը, համայնավարական իշխանութիւնը, վարչական ու գաղափարական համակարգը, իրականութիւնից հեռու, բայց պարտադրուող կեղծ ճշմարտութիւնները եւ փաստօրէն սեփական երկրում մենք ապրում էինք որպէս այդ մեծ տան խորթ զաւակներ: Խորհրդային-համայնավարական համակարգը դարձաւ պատմութիւն, բայց շատ մտայնութիւններ շարունակեցին գոյատեւել մեր գլուխներում:

Յիշենք, որ Եգիպտոսից իր ժողովրդին դուրս բերած Մովսէսը մինչ նրան հայրենիք բերելը ետեւն արած քառասուն տարի թափառեց, որպէսզի այդ ընթացքում կեանքից հեռանայ որպէս ստրուկ ապրած սերունդը: Մի՞թէ մեզ էլ է քառասուն տարի անհրաժեշտ, որպէսզի տարբերենք երկիրն ու իշխանութիւնը եւ իշխանաւորներին չսիրելով` չասենք, թէ` «էս երկիրը երկիր չի»: Մի՞թէ քառասուն տարի է անհրաժեշտ հասկանալու համար, որ թէկուզ թոյլ, թէկուզ կախումներ ունեցող անկախութիւնը գերադասելի է ուժեղ պետութիւնից, որտեղ դու կամազուրկ ենթակայ ես եւ ոչ` տէր: Մի՞թէ դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թէ ո՛րն է իրական եւ ո՞րն է կեղծուած պատմութիւնը, որ չի կարող լինել այնպէս, որ ազգիդ ընտրանին ու մահապարտները յանկարծ դառնան երկիր ծախող, իսկ սուիններով հայրենիքդ նուաճողը դառնայ ազատարար:

Ինչ որ մէկը կարող է չափազանցուած համարել այս դիտարկումները, բայց արդեօ՞ք մտահոգութիւնը հիմնաւոր չէ, եթէ մենք այսօր էլ աւելի շատ հաւատում ենք խորհրդային պատմաշինութեանը, քան` մեր գործիչների վկայութիւններին, եթէ մենք շարունակում ենք որպէս կուռքեր պահպանել պոլշեւիզմի մանկուրտ հերոսների յուշարձանները եւ քննարկման առարկայ դարձնել` արդեօ՞ք նպատակայարմար է պատմութեան ասպարէզից հեռացած մի ժողովրդի պետականութեան վերականգնումը խորհրդանշող հերոսի յուշարձան դնել-չդնելու հարցը համեմատել Լենինի արձանից հրաժարուելու փաստի հետ: Մենք Հայոց պետականութեան վերականգնման ամէնամեայ տօնին հեռուստատեսութեամբ ցուցադրում ենք այդ պետութեան ծնունդը եւ նրա գործիչներին վարկաբեկող ժապաւէններ, անկախ պետութեան կառավարութեան շէնքը այլանդակում եւ վերածում ենք փիցցայի պանդոկի, մերժում ենք պատմական իրադարձութիւնների հետ կապել այդ ժամանակաշրջանը կերտած, ըստ էութեան միակ գործուն քաղաքական ուժին, եւ եթէ անդրադառնում ենք ինչ-ինչ իրադարձութիւնների եւ գործիչների, ապա խուսափելով դրանք կերտող եւ դրանք ներկայացնող նոյն ուժի անունը տալ:

Հնարաւոր սխալ տպաւորութիւնը ցրելու համար պէտք է արձանագրել , որ պատմութեան առաջ մեղք գործած կը լինենք, եթէ մայիս 28, Սարդարապատ ու Բաշ Ապարան, Արամ Մանուկեան, Դրօ, Նժդեհ, Իսահակեան ու Ահարոնեան, Վարուժան ու Բակունց անունները համարենք մէկ կուսակցութեան սեփականութիւնը: Բոլոր այդ արժէքները պատկանում են հայ ժողովրդին: Բայց փաստենք նաեւ, որ Դաշնակցութիւն կուսակցութիւնը այս բոլորի առանցքում եղել է այն գործիքը, որն ապահովել է ազգի եւ պետականութեան վերածնութեան հնարաւորութիւնը: Համաձայն Նժդեհի հետեւեալ բանաձեւման` «Կուսակցութեանս հետ, բայց ազգիս համար»:

Վերը բերուած օրինակները փաստարկելու համար են, որ մեր անկախ պետականութիւնը մեր միս ու արիւնը չի դարձել, դրա համար էլ շատ հանգիստ, տեղի ու անտեղի հեգնում ենք թէ` «Ի՞նչ անկախ Հայաստան, Փութինն է երկիրը ղեկավարում»: Յետոյ կարող է պարզուել, որ ամերիկացիք են ղեկավարում կամ` եւրոպացիք,  անգամ Ազրպէյճանն է թելադրում իր կամքը, միայն ոչ` անկախ ու ինքնուրոյն Հայաստան, որի անկախութեան միակ երաշխաւորը մենք ենք ու սահման պահող հայորդիները: Եւ երբ յոյսը կապում ենք կամ պատասխանատուութիւնը գցում ենք ուրիշի ուսերին, տեղի է ունենում մեր ներքին դասալքութիւնը: Մեզ լուրջ վերափոխութիւն եւ ճշմարտութիւնների վերարժեւորում է անհրաժեշտ, եւ հէնց այս նպատակին կարող է ծառայել 900-ամեայ անէութիւնից յետոյ անկախ պետականութեան վերակերտման իրողութեան իմաստաւորումն ու փառաբանումը, հայկական աշխարհագրութեան սահմաններում, յոբելենական ողջ տարուայ ընթացքում:

1917 թուականին, երբ խորհրդայնացած Ռուսաստանը հեռացաւ Անդրկովկասից, նրա ետեւից փլուզուեցին պետական կառոյցները: Մեր հարեւանները, բացի Իրանից, ձգտում էին մէջ-մէջ անել դանդաղ մեռնող պատմական Հայաստանի վերջին հողակտորը: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը նոյն թուականի դեկտեմբերին հայոց պետականութիւն վերստեղծելու համար քաոսի երկիր ուղեւորեց ամենաճիշտ մարդուն: Այդ ամենաճիշտ ընտրուած մարդու թիկունքին կանգնեց ամենախելայեղ եւ հայապաշտ զինուորականը: Հետագայ 6 ամիսների ընթացքում նրանք միասնաբար ստեղծեցին անկախ պետականութեան շէնքը, մաքրեցին երկիրը ներքին թշնամուց, բարոյալքուած զանգուածներից կերտեցին մարտունակ, ազգային ազատագրութեան գաղափարով սնուած ժողովուրդ եւ մայիսի վերջին պատմութեան անդունդից դուրս բերեցին ու Արարատի շուքի տակ շունչ հաղորդեցին հայոց պետութեանը:

Կեանքները պատերազմների մէջ մաշած արհեստավարժ զինուորականները չէին հաւատում դիմակայութեան հնարաւորութեանը եւ խորհուրդ էին տալիս քաշուել դէպի երկրի բարձրադիր շրջաններ` հայդուկային կռիւնԵր տանելու համար, իսկ Արամը պնդեց, որ այդ դէպքում հայկական վերջին հողակտորը կ՛արժանանայ Արեւմտահայաստանի ճակատագրին` Երեւանի մատոյցներում պէտք է կռուենք ու յաղթենք` մեզ գետին տապալած դարաւոր ոսոխին:

Հիմա որոշ մարդիկ ասում են` ինչո՞ւ Հանրապետութեան մուտքի մօտ դնենք Արամ Մանուկեանի արձանը: Բա՛, եթէ Արամ Մանուկեանն է լաւագոյնս խորհրդանշում հանրապետութեան ծնունդն ու գոյութիւնը,  որտե՞ղ դնել նրա արձանը, եթէ ոչ` հէնց Հանրապետութեան հրապարակում ,եւ եթէ առհասարակ համաձայն էք, որ վերջապէս այս երկիրն ունենայ իր հիմնադիր գործչին պատշաճ յուշարձանը: Դեռ հերթը չի էլ հասել Արամի գործակից այն գործչի փառաբանմանը ում անունը ցանկացած ազգի ներկայացուցիչ հպարտութեամբ կը յաւերժացնէր, եթէ իհարկէ ունենար իր Դրոն:

Ինչ վերաբերում է Հանրապետութեան հրապարակի պարագային, ապա պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ երբ էլ որոշուի այն ամբողջացնել, պէտք է ամբողջանայ հանրապետութիւնը, պետականակերտման պայքարը եւ յաղթանակը արտայայտող խորհրդանիշներով: Այլապէս եւս մէկ անգամ կը յայտնուենք այն անհեթեթ իրավիճակում, երբ Նժդեհի անուան հրապարակում կանգնեցուած է նրա իսկ հակառակորդ պոլշեւիկեան գործչի արձանը: Ի դէպ, իր հերթին Նժդեհի արձանը կանգնեցուած է բոլորովին այլ վայրում, այն էլ` ծուռ դիրքով: Այսինքն թիկունքով պուրակին, որին մաս է կազմում, եւ` գերիշխող փողոցին: Բայց սա արդէն այլ խօսակցութեան նիւթ է:

Տարուելով ազատ մտքի ընթացքով` մի փոքր էլ երկարացնեմ խօսքս: Ինչքան գործիչների արձաններ կան Հայաստանում, ինչքան հերոսների անուններ կան դասագրքերում, եկէք` մտաբերենք դրանցից մի քանիսին ու մեզ հարց տանք. «իսկ ի՞նչ է արել հայ ժողովրդի համար է: Անուններ կան, որոնք բոլորիս գլխի մէջ ապրում են վաղուց, բայց չվախենալով բարձրաձայն մտածել` խորհենք օրինակ, որ` «Աշխարհում չկայ այդպիսի մի գիւղ, որը տուել է 2 մարաջախտ, 11 զօրավար, Խորհրդային Միութեան 7 հերոս, աւելի քան` 50 գնդապետ»: Այս հերոսները, որ ազատագրեցին Խորհրդային Միութիւնն ու Եւրոպան, գրաւեցին Պերլինը, ոչնչացրին Հունգարիայի անկախութեան շարժումը, մատը-մատին խփեցի՞ն արդեօք, որ իրենց հարազատ գիւղը այսօր չպատկանէր քոչուոր նուաճողներին:

Թող որ նրանց ու նրանց գործերի մասին ուսուցանուի սերունդներին, իսկ քանի՞ հայ է տեղեակ, որ Նիկոլ Դուման անունով հայրենակից է ունեցել, ով 1905-1906 թուականներին ցեղասպանութիւնից փրկեց արեւելահայութեանը եւ կովկասահայութեանը:

Ժամանակը չէ՞ վերադասաւորում կատարելու պատմութեան կաճառում եւ բոլորին դասդասել ըստ «հասակի»:

Անկախ պետականութեան հարիւրամեակի նշումը լաւ առիթ է այս գործընթացի համար, լաւ առիթ է մենք մեզ ներարկելու, որ մեր ամենակարեւոր հարստութիւնը մեր պետականութիւնն է ու մեր ոտքերի տակ գտնուող հողը ու ոչ թէ` երազանքների օտար երկինքները:

Լաւ առիթ չէ՞ մտակաղապար ձուլելու այն գիտակցումից, որ մեր միակ բարեկամը մենք ենք, մնացածի հետ ունենք շահերի համընկնում, ինչն առհասարակ յաւէրժ չի լինում:

Կ՛ուզէի, որ սկսած դպրոցներից, քարոզչամիջոցներից, բոլորս մտածէինք այն շահի մասին, որ կարելի է կորզել համաժողովրդական տօնի վերածելով մեր ինքնութեան յաղթանակի 100-ամեակը, որը երբեք հատուածական սեփականութիւն չէ, այլ պատկանում է բոլոր այն հայերին, ովքեր իրենց տէր կը զգան այդ սեփականութեանը:

«Դրօշակ»


Viewing all articles
Browse latest Browse all 17144

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>