ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Այս լուսաւոր 21-րդ դարում Հայաստանում մոլեգնում է ծեր ու զառամեալ մի չարիք` գաղափարների, կուսակցութիւնների պատերազմը: Թւում է, թէ բոլորս դէմ ենք այդ պատերազմին` Հայաստանում եւ սփիւռքում, բայց ոչինչ չենք անում, եւ դա ներսից քայքայում է մեզ, թուլացնում մեր վստահութիւնն ու ինքավստահութիւնը: Պարզւում է, որ պետութեան ձեռքերն էլ են թաթախուած այդ մեղքի մէջ, այն պետութեան, որը պիտի պայքարի բռնութեան, մարդկային իրաւունքների ոտնահարման դէմ, հաստատի գաղափարների եւ խօսքի ազատութիւն, այլակարծութիւն, հանդուրժողականութիւն: Ոչ թէ բռնութիւնը, այլ օրէնքը պիտի դառնայ պետութիւն կոչուող հզօր մեքենայի գլխաւոր շարժիչ անիւը:
Խորհրդային բռնութիւնների պայմաններում մեծացած սերունդը, որն այժմ իշխանութեան ամենաբարձր պատուանդանին է, դիւրութեամբ չի կարող ազատուել այդ ախտից: Պատերազմը, նոյնիսկ` վաղուց աւարտուած պատերազմը, դեռ երկար է շարունակւում անգամ այն սերնդի կեանքում, ով չի տեսել այն, չի լսել պայթիւնների որոտը: Շարունակւում է, որովհետեւ այս խիտ բնակեցուած քաղաքակրթութեան
բնօրրանում` Անդրկովկասում, պետութիւնները, իշխանութիւնները, ընչաքաղցութեան մոլուցքով տարուած աղքատ հոգիները թոյլ չեն տալիս որեւէ սերնդի մոռանալ պատերազմը, չլսել նրա որոտը: Պատերազմի յիշեցման «թերթիկը» թարմացւում է ամէն նոր սերնդի համար: Այդ պատճառով էլ շարունակւում եւ խորանում են պատերազմի պայմաններում գործող օրէնքները. յաղթողը միշտ իրաւացի է, պատմութիւնը գրում է յաղթող կողմը, պատերազմում կարող ես սպաննել անգամ իւրայինիդ: Ցաւալին, սակայն, այն է, որ երբ իսկական թշնամու դէմ աւարտում ենք մեր պատերազմը, պատերազմ ենք սկսում իւրայինի դէմ` անխնայ բաժանելու, տիրանալու, գրաւելու նրա ունեցածը, ոչնչացնելու նրան այնպէս, ինչպէս կռուի դաշտում` թշնամուն:
Տեսի՞լք մըն էր այդ, թէ ճըշգրիտ պատկեր…
Մոխրապատ դաշտի մէջ անթիւ ոսկրեր
Կը բարձրանային` դարերով դիզուած
Նըզովքի բուրգի մը պէս` դէպ Աստուած:
… Բայց հազիւ կեանքի վերըստացան շունչ
Այդ հազարդարեան ոսկրերն անշըշունջ
Սկսան իրար պատառել դըժխեմ,
Ամէնքն իրար հետ, զաւակը հօր դէմ…
Երբ քիչ վերջ բոլորն ալ ինկան արդէն.
Խոր հառաչանքով հըծծեցին` «Մարդ են…»
Բայց մի ծերունի` իրենց վըրայէն
Կոխոտեց, անցաւ ու լացաւ` «Հայ են…»:
(Ռուբէն Սեւակ, «Իրե՛նց Պատմութիւնը»)
Ինչի՞ նման են մեր ընտրութիւնները` բոլոր մակարդակների: Պատերազմ` իւրայինի դէմ, որտեղ յաղթում են կեղծիքն ու սուտը:
Պատերազմում բոլորն են զոհեր, անգամ` բռնութիւնն իրականացնողները, որովհետեւ նրանց կեանքն ու գործելակերպն էլ խոշոր հաշուով ինչ-որ բիրտ ուժի հետեւանք են: Ազատ չէ մարդը, ազատ չեն անգամ վախ ու սարսափ տարածող հզօրները, նրանք նոյնպէս երջանիկ չեն, նրանք բոլորն էլ մեծ դժբախտներ են, որոնց այդպիսին դարձնելով` կեանքը նրանց հետ վարուել է նոյնքան դաժան, որքան իրենք իրենց զոհերի հետ:
Այսօր հայերը աշխարհով մէկ թափառում են ոչ թէ որպէս մշակոյթ ու քաղաքակրթութիւն տարածողներ, այլ` որպէս էժան ու որակեալ աշխատուժ: Հայաստանն իր զաւակներին` մարդկային այդ անգին հարստութեանը, քամուն է տալիս, դռնեդուռ գցում, թոյլ տալիս, որ գնացող – եկողը կոխկռտի նրանց, նրանց արհամարհելով` արհամարհի իրենց երկիրը, ազգին, ժողովրդին:
Սովորական, շարքային մարդիկ, եթէ անգամ յանցագործներ են, պակաս մեղաւոր են, քան` այն պետութիւններն ու նրանց ղեկավարները, որտեղ ծաղկում են յանցագործութիւններն ու բռնութիւնները: Մարդը մենակ անզօր է անգամ յանցագործ դառնալ, ուր մնաց թէ կարողանայ կանխել յանցանքը:
Աշխատելու մեկնած եւ ակամայից հասարակաց տներում յայտնուած հայ կանանց ճակատագիրը նոյնպէս մնում է հայ այրերի խղճին: Մարմնավաճառութիւնը ծաղկում է մի երկրում, որտեղ ընտանիքն ու կինը սրբութիւն են, եւ դա պակաս չարիք ու աղէտ չէ, քան պատերազմը: Բոլոր պատերազմներից ու աղէտներից ամենաշատը տուժում են ընտանիքը եւ երեխաները: Այդ մեղքի հատուցումն այսօրուայ հազարաւոր հիւանդ եւ խեղուած հայ մանուկներն են, անընտանիք ընտանիքները, իսկ աւելի սարսափելի հատուցումը` համասեռամոլութեան համաշխարհային յաղթարշաւը, որը սպառնում է մարդկութեան գոյութեանն առհասարակ: Դա պատերազմ է մարդկութեան դէմ:
Միշտ էլ աշխարհի ամենամեծ փողերը վատնուել են մարդկութեանը կործանող չարիքների վրայ` պատերազմ, թմրամոլութիւն, մարմնավաճառութիւն, զէնք, խմիչք, բայց հասարակութեան առողջացման մոլեքիւլը միշտ էլ կենդանի է մնացել, այն իւրաքանչիւր մարդու, ընտանիքի ներսում է, հայրենիքի ու հայրենասիրութեան մէջ, շատ պարզ, հասարակ ու թանկ բաների մէջ:
Ցեղասպանութիւն տեսած ժողովուրդն իրաւունք չունի այսքան անփոյթ լինելու իր արժէքների պահպանման ու փոխանցման ազգային պարտքի հարցում:
Աստուած մեզ ողջ է պահել 1915-ի արհաւիրքի այն օրերին, երբ մեր ողջ մնալը բացառւում էր թուրքական դիւանագիտութեան եղերական ծրագրերի մէջ, եւ ժամանակի հեռաւորութիւնից անգամ մեր յարութիւնը թւում է անհնար:
Աստծոյ առաջ պարտք ունենք եւ հայ ու մարդ մնալով` պիտի հատուցենք մեր պարտքը:
Ի՞նչ էք անում, ո՞ւր էք գնում, ի՛մ թանկ ու սիրելի արիւնակիցներ, մտածենք Աստծոյ պատժի մասին, եթէ մեզ համար չենք վախենում, վախենանք մեր երեխաների համար: Եւ յիշէք, պարտադիր չէ, որ Աստուած մեզնից լուծի իր վրէժը, մտածենք մեր անմեղ երեխաների մասին, թոյլ տանք նրանց մնալու անմեղ եւ նրանց ժառանգութիւն թողնենք ոչ թէ մեր մեղքերի ծանր բեռը, այլ` հզօր հայրենիք ունենալու յոյսն ու հաւատը:
Ի դէպ, երեխաները, հա՛յ երեխաները…
Պատկերացնո՞ւմ էք, այսօր Հայաստանում կան որբ երեխաներ, որոնցից շատերի ծնողները ողջ են, խաղաղ Հայաստանում, երեխայապաշտ հայերի հայրենիքում…
Նորից մտքիս պաստառին գծագրուեց նորվեկացի մեծ մարդասէրի կերպարը, Ծեր Իմաստունի արքետիպիկ կերպարը: 1925-ի յունիսին Ֆրիտեոֆ Նանսենը եկաւ Հայաստան, այցելեց Գիւմրիի մանկատուն` Եղեռնից մազապուրծ հայ որբուկների տաքուկ ու ապահով բոյնը: Նրանց կեանքի պահպանման, նրանց հանդէպ սիրոյ ու գթասրտութեան վեհ գործին մեծագոյն սիրով ու հոգատարութեամբ նուիրուել էին օտարները` Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէի բարեպաշտ ու կարեկից միսիոնարները: Նանսենը եղաւ ամառային ճամբարներից մէկում, ճաշակեց այն նոյն ապուրից, որ մատուցուեց երեխաներին: Իր յայտնի «Խաբուած ժողովուրդ» գրքում այդ օրուայ մասին նա գրեց.
«Մենք տեսանք Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց կոմիտէի բոլոր հիմնարկները Լենինականում: Դրանց մէջ մտնում էին տասնմէկ հազար որբերի մանկատներն ու դպրոցները` հաւանաբար կազմելով աշխարհում ամենամեծ թիւը: Մեզ վրայ խոր տպաւորութիւն թողեց այն փառաւոր գործը, որ արուել էր եւ շարունակւում էր արուել, որպէսզի այդ երեխաներին մեծացնէին ու դարձնէին հասարակութեան պիտանի անդամներ: Յատկապէս պէտք է նշել, որ այդ հազարաւոր առողջ, երջանիկ եւ ուշիմ երեխաներին իրականում խլել էին մահուան ճիրաններից» (Ֆրիտեոֆ Նանսեն, «Խաբուած ժողովուրդ», թարգն. Է. Մակարեան):
Հետագայում այդ որբերից մէկը` Խաչիկ Դաշտենցը, իր «Ֆայտոն Ալեքը» պոէմում պիտի յիշէր.
… Քեզ եմ վերյիշում կարօտով մի պահ,
Հոյակապ, շքեղ, Մեծ Նորվեկացի:
Ինձ էլ վիճակուեց քեզ տեսնել մի օր,
Որբական կեանքիս դառնայուշ շեմին,
Դու վերջին անգամ եկար մեզ այցի
Ու մեռար` Երկրիս արեւը դէմքիդ:
Այդ տղաներն այսօր արդէն չկան կամ ծերունազարդ ու դողդոջուն պապիկներ են: Ողջ են նրանց զաւակներն ու թոռները` աշխարհի բոլոր երկրներուն եւ Հայաստանում:
Ուզում եմ գոռալ`գուցէ անիմաստ, գուցէ անհասցէ, բայց լռել չեմ կարող: Մենք` օտարի գթածութիւնն այդքան խորապէս զգացող ու մեծագոյն երախտագիտութեամբ ու խոնարհումով գնահատող հայ այրերս, մի՞թէ չենք կարողանում այնպէս անել, որ այլեւս հայ որբեր եւ մանկատներ չլինեն Հայաստանում: Ես համոզուած եմ, որ մեր մէջ չի կարող մեռած լինել բարեգութ մարդու, բարեգործ այրի ազնիւ գենը: Չէ՞ր կարող նաեւ այնպէս պատահել, որ մեր հոգեկերտուածքի մէջ սերտաճած լինէր մեր երեխաներին, հա՛յ երեխաներին ընդմիշտ օտարի գթածութեանն ապաւինելու ամօթալի ստրկամտութիւնը: Դա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ երեխայապաշտ հայ մարդու հետ, եւ փառք Աստծոյ, որ տեղի չի ունեցել:
Գիւմրիում այսօր ապրում են հարիւրաւոր որբ հայ մանուկներ, մանկատներ կան Երեւանում, Գաւառում…
Այս տողերը գրելիս ոչ թէ ցաւ, այլ ամօթ ու խղճի խայթ եմ զգում: Եթէ մենք կարողանայինք, ո՛չ, եթէ մենք ցանկանայինք որդեգրել այդ երեխաներին, ընտանիք եւ մանկութիւն պարգեւել նրանց, աշխարհում այլեւս չէր լինի որբ հայ մանուկ… Դա ամենալաւ վրէժն է, որ ես կարող եմ լուծել Աթաթուրքից… Բայց կարո՞ղ եմ…
Կոմիտասին առաջին դաշնամուրը նուիրած Մանթաշովի այսօրուայ սերունդները` հայ մեծահարուստները, մի՞թէ չեն երազում վերջ տալ փոքրիկ Հայաստանում անվերջ մեծացող այս որբութեանը: Դաշնամուր եւ մանուկ: Դրանք այնքան նման են իրար. բաւական է դիպչես դաշնամուրի ստեղներին, եւ կախարդական մեղեդիները կը յորդեն շուրջդ` իբրեւ աստուածային ձայնի կոչնակներ: Իսկ եթէ քաջութիւն ունենաս դիպչել հայ որբուկի հոգու լարերին…
Ո՛չ, չարութիւն, վրէժ, ոխ, ատելութիւն չես գտնի այնտեղ: Միայն աղերսանք ու երկիւղ: Մանկութիւն եւ ընտանիք ունենալու աղերսանքը եւ մեր անտարբերութեան հանդէպ երկիւղը:
Հոգեբանները խորհուրդ են տալիս բոլոր մեծահասակներին, ես` բոլոր մեծահարուստներին, որոնց «մեծ» բառը պարտաւորեցնում է նաեւ լինել մեծահոգի, մանկութիւնը նորից զգալու համար հետեւել աւազի հրապարակում խաղացող իրենց երեխաներին, թոռնիկներին: Այդպէս խաղաղ ու անվրդով, այդպէս կառուցելով ու քանդելով աշխարհը` մեծացել են մանուկների անթիւ-անհամար սերունդներ: Աւազի հրապարակը հոգեբանները դիտում են որպէս հաւաքական անգիտակցականի մանկական երեւոյթը. այն մեզ վերադարձնում է դէպի մանկութիւն եւ աշխուժացնում մեր մէջ մեռած երեխային: Ժամանակակից բժշկութեան ճիւղերից մէկը` աւազաբուժութիւնը, բնութագրւում է շատ պատկերաւոր կերպով` երեխան փրկում է մեծին:
Հոգեբանները վերջին ժամանակներս շատ են խօսում «ներքին երեխայի» մասին, խօսքը ոչ թէ առանձին մարդկանց մասին է, այլ` բոլորի: Մենք բոլորս ենք եղել երեխաներ, եւ ներքին երեխան մեր մանկական փորձն է, մեր մանկութիւնը, որը մենք պահպանում ենք մեր հոգում` մինչեւ խոր ծերութիւն:
Որբ կամ լքուած երեխաները ծնուած օրից զգում են սարսափելի ցաւոտ մի բան, որ իրենք ընտանիքի մաս չեն կազմում, ձուլուած չեն ցեղի հոգուն: Դա նման է անվերջ մերկ զգալու կամ անվերջ մրսելու զգացողութեան: Եւ քանի որ որբերին ընտանեկան շրջանը հասանելի չէ, նրանք իրենց մէջ ժամանակից շուտ զարգացնում են ներքին իրականութիւն, անբնական անկախութիւն` հիմնուած ոչ թէ սրտացաւ մեծի, այլ սեփական թոյլ ու վեհերոտ դատողութիւնների եւ փորձի վրայ: Աւերածութիւնները տեղի են ունենում հէնց այդտեղ, հէնց այդ պատճառով է ընտանիքը պէտք մանկանը: Ամբողջ կեանքում նրանք փնտռուն են փոխարինող ընտանեկան կառոյցներ, որպէսզի զգան մարդկային ամենաառաջին բնազդներից մէկը` ցեղային միութեան բնազդը: Ու եթէ այն կորցրել են մանկութեան տարիներին, այդպէս էլ չեն գտնում:
Երեխայի գերիշխողը ինչ-որ հեռաւոր բան չէ, այլ այն, ինչը միշտ գոյութիւն ունի մեր մէջ: Դա միայն անցեալի հետք չէ, այլ` համակարգ, որը գործում է միշտ: Ուզում եմ յիշել եւ յիշեցնել Քլարիսա Փինքոլա Էսթեսի խօսքերը. «Էկոյի եւ հոգու հակասութիւնների միութիւնը ծնում է ինչ-որ անասելի թանկ բան` հոգեւոր երեխային: Այդ հոգեւոր երեխան հրաշք-երեխայ է, որն օժտուած է հեռաւոր կանչը, հեռաւոր ձայնը լսելու ունակութեամբ, որն ասում է. «Ժամանակն է վերադառնալ, վերադարձի՛ր դէպի քեզ»:
Ինչպէս երգից յիշուող կրկներգ իմ մտքում հնչում է միայն. «ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱ՛Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ԻՆՉԻ՞ ՎՐԱՅ ԵՍ ԴՐԵԼ ՔՈ ՅՈՅՍԸ, Ո՞ՒՄ ՎՐԱՅ»:
Դու կը դիմանա՞ս ժամանակների կործանիչ քամիներին, առանց քո ներսում եղած սիրոյ` դու կը դիմանա՞ս 72 միլիոնի ատելութեանը:
Արթնացի՛ր քնից, շո՛ւրջդ նայիր, վերացրո՛ւ ընչաքաղցութիւնդ եւ յիշի՛ր. միշտ էլ, ամէն ակնթարթի էլ`
Երբ քնում է խիղճը,
Աշխարհի վրայ մահն է արթնանում,
Երբ զանգն է լռում,
Սուտը նստում է սեւ խրախճանքի…
Տեսնում եմ նորից.
Մահը սնկաձեւ իր խայթն է հանում,
Որ վերջին անգամ գրոհի ընդդէմ լոյսի ու կեանքի:
(Վահագն Դաւթեան)
Երեւան